Ընթերցողների հարցերը
Ինչո՞ւ է Աստվածաշնչի «Նոր աշխարհ թարգմանության» մեջ Բ Օրինաց 31։2–ում ասվում, որ Մովսեսը՝ որպես Իսրայելի առաջնորդ, այլևս դուրս գալու և մտնելու թույլտվություն չուներ, այն դեպքում երբ մյուս թարգմանություններում ասվում է, որ նա այլևս դա անելու կարողություն չուներ։
Մեզ հետաքրքրող եբրայերեն բառը կարող է թարգմանվել երկու ձևով՝ «թույլտվություն» կամ «կարողություն»։ Հայերեն Աստվածաշնչերում այն թարգմանված է որպես «կարողություն» և հաղորդում է այն միտքը, որ Մովսեսն իր կյանքի վերջում տկարացել էր և անկարող էր ժողովրդին առաջնորդելու։ Օրինակ՝ «Արարատ» թարգմանության համաձայն՝ Մովսեսն ասում է. «Ես այսօր հարիւր քսան տարեկան եմ, այլ եւս դուրս գալու եւ մտնելու կարողութիւն չ’ունեմ»։ Արևմտահայերեն Աստվածաշնչում նույն միտքն է արտահայտված. «Ա՛լ ելլելու ու մտնելու կարողութիւն չունիմ»։
Սակայն Բ Օրինաց 34։7–ը ցույց է տալիս, որ թեև Մովսեսն արդեն տարեց էր, սակայն ֆիզիկապես տկար չէր։ Համարում կարդում ենք. «Մովսէսը հարիւր քսան տարեկան էր մեռնելիս, նորա աչքը չ’տկարացաւ, եւ նորա ոյժը չ’գնաց»։ Հետևաբար, Մովսեսը կարողություն ուներ առաջնորդելու ժողովրդին, սակայն Եհովան չէր կամենում, որ նա շարունակեր այդ գործը կատարել։ Դա երևում է Մովսեսի խոսքերից. «Եհովան ինձ ասեց. Դու այս Յորդանանովը անց չես կենալ»։ Մովսեսին այս խոսքերն ասելով՝ Եհովան, ըստ երևույթին, կրկնեց Մերիբայի ջրերի մոտ իր կայացրած վճիռը (Թուոց 20։9–12)։
Մովսեսի երկար ու հետաքրքիր կյանքը կարելի է բաժանել երեք ժամանակահատվածի։ 40 տարի նա ապրեց Եգիպտոսում, որտեղ «վարժուեցաւ Եգիպտացիների բոլոր իմաստութիւնովը» և «զօրաւոր էր խօսքերով եւ գործերով» (Գործք 7։20–22)։ Հաջորդ 40 տարիներին Մովսեսն ապրեց Մադիամում։ Այնտեղ նա հոգևոր հատկություններ ձեռք բերեց, որոնք անհրաժեշտ էին Եհովայի ժողովրդին առաջնորդելու համար։ Ապա 40 տարի նա առաջնորդեց ու ղեկավարեց իսրայելացիներին։ Սակայն Եհովան որոշեց, որ Մովսեսի փոխարեն Հեսուն պետք է ժողովրդին տանի Ավետյաց երկիր՝ Հորդանանից այն կողմ (Բ Օրինաց 31։3)։
Այսպիսով՝ Աստվածաշնչի «Նոր աշխարհ թարգմանության» մեջ եբրայերեն բնագրի Բ Օրինաց 31։2 համարի միտքը ճիշտ է թարգմանված։ Մովսեսը Իսրայել ազգին չէր կարող առաջնորդել ոչ թե այն պատճառով, որ ֆիզիկապես տկար էր, այլ որ Եհովան նրան թույլ չտվեց դա անելու։