Եհովան պետք է մեր վստահությունը լինի
«Տէրը կ’լինի քո յոյսը» (Առակաց 3։26)։
1. Չնայած շատերն ասում են, թե ապավինում են Աստծուն, բայց ի՞նչն է ցույց տալիս, որ նրանք միշտ չէ, որ այդպես են վարվում։
«ՄԵՆՔ Աստծուն ենք ապավինում»,— այս նշանաբանն է գրված ամերիկյան դրամի՝ դոլլարի վրա։ Բայց արդյո՞ք բոլոր նրանք, ովքեր այս դրամական միավորն օգտագործում են այդ և ուրիշ երկրներում, իսկապես իրենց հույսը դնում են Աստծու վրա, թե՞ ավելի շատ վստահում են հենց դրամին։ Ամենուրեք դրամի նկատմամբ ունեցած այդպիսի հավատը և Ամենակարող սիրո Աստծու նկատմամբ ունեցած հավատն անհամատեղելի են, քանի որ Աստված այն անձն է, ով չի չարաշահում իր զորությունը և բոլորովին էլ ագահ չէ։ Իրականում, նա բացահայտորեն դատապարտում է ագահությունը (Եփեսացիս 5։5)։
2. Ճշմարիտ քրիստոնյաներն ինչպե՞ս են վերաբերվում հարստության զորությանը։
2 Ճշմարիտ քրիստոնյաները վստահում են Աստծուն, և ոչ թե հարստության «պատրանքներին» (Մատթէոս 13։22)։ Նրանք գիտակցում են, որ երջանկություն ապահովելու և կյանքը պաշտպանելու փողի զորությունը շատ սահմանափակ է։ Բոլորովին այլ է պարագան Ամենակարող Աստծու զորության հարցում (Սոփոնիա 1։18)։ Հետևաբար, որքա՜ն իմաստուն է այս հորդորը. «Փողասիրութիւնը թող տեղ չունենայ ձեր մէջ, և ինչ որ ձեռք էք բերել, բաւարար համարեցէք, քանզի ինքն իսկ ասաց. «Քեզ չպիտի թողնեմ և ոչ էլ պիտի լքեմ» (Եբրայեցիս 13։5)։
3. Բ Օրինաց 31։6–ի համատեքստն ինչպե՞ս է լույս սփռում Պողոսի մեջբերած համարի վրա։
3 Վերոհիշյալ խոսքերը եբրայեցի քրիստոնյաներին գրելիս՝ Պողոս առաքյալը մեջբերում էր այն հրահանգները, որոնք Մովսեսը մահից առաջ տվեց իսրայելացիներին. «Ուժովացէք եւ քաջ եղէք, մի վախենաք եւ նորանց երեսիցը մի զարհուրիք. որովհետեւ քո Եհովայ Աստուածն ինքն է քեզ հետ գնում. նա քեզ չի թողիլ եւ քեզ չի ձգիլ» (Բ Օրինաց 31։6)։ Համատեքստը ցույց է տալիս, որ Մովսեսը հորդորում էր Եհովայի նկատմամբ այնպիսի վստահություն ունենալ, որը նրանց նյութական կարիքներն ապահովելուց ավելին էր նշանակում։ Այսինքն՝ ինչպե՞ս։
4. Եհովան ինչպե՞ս ապացուցեց իսրայելացիներին, որ ինքը վստահելի Աստված է։
4 Անապատում անցկացրած քառասուն տարիների ընթացքում Աստված իսրայել ազգին հավատարմորեն ապահովում էր կյանքի համար անհրաժեշտ միջոցներով (Բ Օրինաց 2։7; 29։5)։ Նա նաև առաջնորդություն էր ցույց տալիս նրանց։ Այդ կերպերից էին ցերեկը՝ ամպը, իսկ գիշերը՝ կրակը, որոնք իսրայելացիներին առաջնորդում էին դեպի «կաթ ու մեղր բղխող երկիր» (Ելից 3։8; 40։36—38)։ Երբ հասավ Խոստացյալ երկիր մտնելու ժամանակը, Եհովան Մովսեսի փոխարեն Հեսուին ընտրեց որպես առաջնորդ։ Հնարավոր էր, որ այդ երկրի բնակիչները դիմադրություն ցույց տային իսրայելացիներին։ Բայց Եհովան տասնյակ տարիներ ուղեկցել էր իր ժողովրդին, հետևապես նրանք վախենալու պատճառ չունեին։ Իսրայելացիները բոլոր հիմքերն ունեին ընդունելու, որ Եհովան վստահելի Աստված է։
5. Քրիստոնյաների վիճակն այսօր ինչո՞վ է նման մինչև Խոստացյալ երկիր մտնելը իսրայելացիների վիճակին։
5 Ներկայիս քրիստոնյաներն անցնում են ներկա չար աշխարհի «անապատով» դեպի Աստծու նոր աշխարհը։ Նրանցից շատերն ավելի քան քառասուն տարի այդ ընթացքին են հետևում։ Այսօր նրանք կանգնած են Աստծու նոր աշխարհի շեմին։ Սակայն դեռևս թշնամիներ կան կանգնած նրանց ճանապարհին, որոնք փորձում են խանգարել նոր աշխարհը մտնելուն, այն աշխարհը, որն ավելի չքնաղ է լինելու, քան կաթ ու մեղր բխող Խոստացյալ երկիրը։ Ուրեմն, Մովսեսի խոսքերը, որոնք կրկնեց Պողոսը, նույն չափով կիրառելի են նաև ներկայիս քրիստոնյաների համար. «Քեզ չպիտի թողնեմ և ոչ էլ պիտի լքեմ»։ Ամուր մնացող և քաջ անհատները՝ հավատով լի, իրենց հույսը Եհովայի վրա են դնում և վստահ են, որ նրա կողմից կվարձատրվեն։
Վստահությունը հիմնված է գիտելիքների և բարեկամության վրա
6, 7. ա) Ինչպե՞ս փորձվեց Եհովայի նկատմամբ ունեցած Աբրահամի վստահությունը։ բ) Հոգեկան ի՞նչ ապրումներ ունեցավ Աբրահամը, երբ ճանապարհ ընկավ Իսահակին ողջակեզ մատուցելու։
6 Այնպես պատահեց, որ Աբրահամը՝ իսրայելացիների նախահայրը, հրաման ստացավ իր որդի Իսահակին ողջակեզ մատուցել Աստծուն (Ծննդոց 22։2)։ Ինչպե՞ս էր հնարավոր, որ այս սիրող հայրը Եհովայի հանդեպ այսչափ անխախտ վստահություն ունենար ու անմիջապես հնազանդվեր նրան։ Պատասխանը գտնում ենք Եբրայեցիս 11։17—19 խոսքերում. «Հաւատո՛վ է, որ Աբրահամը, իր փորձութեան մէջ, Իսահակին որպէս զոհ մատուցեց. եւ նա, ով խոստումն էր ընդունել, իր միամօրիկ որդուն էր որպէս զոհ մատուցում։ Աբրահամին ասուած էր, թէ՝ «Իսահակո՛վ քեզ սերունդ պիտի տրուի»։ Աբրահամը իր մտքում մտածեց, թէ Աստուած կարո՛ղ է մեռելներից էլ յարութիւն տալ Իսահակին։ Ուստի եւ, որպէս նախօրինակ այդ բանի, նա ետ ստացաւ իր որդուն»։
7 Եթե հիշում եք, երեք օր տևեց, մինչև որ Աբրահամն ու Իսահակը հասան այն տեղը, ուր ողջակեզը պիտի մատուցվեր (Ծննդոց 22։4)։ Աբրահամը բավարար ժամանակ ուներ խորհելու, թե իրենից ի՞նչ էր պահանջվել։ Կարո՞ղ ենք պատկերացնել նրա զգացմունքներն ու հույզերը։ Իսահակի ծնունդը անսպասելի ուրախություն էր պատճառել նրանց։ Աստվածային միջամտության այդ վկայությունը ամրացրել էր Աբրահամի և նրա կնոջ՝ նախկինում ամուլ Սառայի նվիրվածությունն Աստծու հանդեպ։ Դրանից հետո, անկասկած, նրանք ապրում էին այն հույսով, թե ապագան ի՞նչ էր բերելու Իսահակի և նրա ժառանգների համար։ Ուրեմն, նրանց երազանքներին կտրականապես վե՞րջ էր դրվում, ինչպես որ թվում էր Աստծուց ստացած այդ հրամանի պատճառով։
8. Ինչպե՞ս Աբրահամը ցույց տվեց, որ Աստծու հանդեպ իր վստահությունը Իսահակին հարություն տալուց բացի ավելին էր բովանդակում իր մեջ։
8 Սակայն, Աբրահամը վստահություն ուներ, քանի որ լավ էր ճանաչում Աստծուն, ինչպես որևէ մեկը՝ իր մտերիմ ընկերոջը։ «Աստծու բարեկամը» լինելով՝ Աբրահամը «հաւատաց Աստծուն, եւ այդ նրան որպէս արդարութիւն համարուեց» (Յակոբոս 2։23)։ Եհովայի հանդեպ Աբրահամի ունեցած վստահությունն ավելին էր բովանդակում իր մեջ, քան միայն հավատալը, որ Աստված կարող էր հարություն տալ Իսահակին։ Նա միանգամայն համոզված էր, որ այն, ինչը որ Եհովան պահանջում էր իրենից, պատշաճ էր նույնիսկ այն դեպքում, երբ անձամբ տեղյակ չէր բոլոր փաստերին։ Նա նույնիսկ չհարցրեց, թե արդյոք Եհովայի պահանջն արդարացի՞ էր։ Աբրահամի վստահությունն էլ ավելի ամրացավ, երբ Եհովայի հրեշտակը կանգնեցրեց նրան՝ չթողնելով Իսահակին ողջակեզ անել (Ծննդոց 22։9—14)։
9, 10. ա) Այդ դեպքից առաջ ուրիշ ի՞նչ առիթով էր Աբրահամը վստահություն ցուցաբերել Եհովայի նկատմամբ։ բ) Ի՞նչ կարևոր դաս ենք քաղում Աբրահամի օրինակից։
9 Եհովայի արդարության նկատմամբ նման հավատ Աբրահամը ցուցաբերել էր այդ դեպքից մոտավորապես քսանհինգ տարի առաջ։ Երբ Եհովան զգուշացրեց Սոդոմի և Գոմորի կործանման մասին, Աբրահամը մտահոգվեց այնտեղ ապրող ամեն մի արդար մարդու, այդ թվում նաև իր եղբորորդի Ղովտի վիճակով։ Աբրահամը Աստծուն դիմեց հետևյալ խոսքերով. «Քաւ լիցի քեզ այսպիսի բան անելը, որ արդարին ամբարշտի հետ մեռցնես, եւ արդարն ամբարշտի պէս լինի. քաւ լիցի քեզ. մի՞թէ բոլոր երկրի դատաւորը արդարութիւն չի անիլ» (Ծննդոց 18։25)։
10 Աբրահամ նահապետը համոզված էր, որ Եհովան երբեք անարդար չի վարվում։ Իսկ հետագայում սաղմոսերգուն գրեց. «Տէրն արդար է իր բոլոր ճանապարհներումը. եւ ողորմած՝ իր բոլոր գործերումը» (Սաղմոս 145։17)։ Եկեք հարցնենք ինքներս մեզ. «Ինչ փորձություն որ Եհովան թույլ է տալիս, ընդունո՞ւմ եմ արդյոք՝ առանց կասկածելու նրա արդարությանը»։ «Համոզվա՞ծ եմ, թե ինչ փորձություն էլ որ Եհովան թույլ է տալիս, ավարտվելու է ի օգուտ ինձ և նաև ուրիշների»։ Եթե դրականորեն ենք պատասխանում այս հարցերին, ապա կարելի է ասել, որ Աբրահամի օրինակից կարևոր դաս ենք քաղել։
Վստահել Եհովայի արած ընտրություններին
11, 12. Վստահության հարցում ի՞նչ տեսակետ պիտի ունենան Աստծու ծառաները։ բ) Երբեմն ի՞նչ դժվարություն կարող է առաջանալ մեզ համար։
11 Նրանք, ովքեր ապավինում են Եհովային, վստահություն են ցուցաբերում նաև այն մարդկանց հանդեպ, որոնց Եհովան ընտրում է իր նպատակներն առաջ տանելու համար։ Իսրայելացիների համար դա նշանակում էր հավատալ Մովսեսին, իսկ հետագայում՝ նրան փոխարինող Հեսուին։ Առաջին դարի քրիստոնյաների համար դա նշանակում էր վստահություն ցուցաբերել առաքյալների ու Երուսաղեմի ժողովի երեցների հանդեպ։ Իսկ այսօր մեզ համար դա նշանակում է վստահել «հաւատարիմ եւ իմաստուն ծառա» դասակարգին, որը նշանակված է մեր հոգևոր ‘կերակուրը իր ժամին տալու համար’, ինչպես նաև նրանց, ովքեր կազմում են Կառավարիչ մարմինը (Մատթէոս 24։45)։
12 Քրիստոնեական ժողովում առաջնորդություն վերցրած անհատներին վստահելն, ինչ խոսք, մեր օգտի համար է։ Եբրայեցիս 13։17–ում կարդում ենք. «Լսեցէ՛ք ձեր առաջնորդներին և հնազանդուեցէ՛ք նրանց, որովհետեւ նրանք հսկում են ձեր հոգիների համար, քանի որ հաշիւ են տալու ձեր փոխարէն. և նրանք ուրախութեամբ թող անեն այդ բանը և ո՛չ հոգոց հանելով, քանի որ այն ձեր օգտի համար չէ»։
Խուսափենք Եհովայի ընտրածներին քննադատելուց
13. Վստահության ի՞նչ պատճառ ունենք նրանց նկատմամբ, ովքեր նշանակված են առաջնորդության համար։
13 Աստվածաշունչն օգնում է մեզ հավասարակշռված լինել Եհովայի ժողովրդի մեջ առաջնորդություն վերցրած անհատների նկատմամբ վստահություն ցուցաբերելիս։ Հարկավոր է, որ հարց տանք ինքներս մեզ. «Մովսեսը երբևէ սխալներ գործե՞ց. արդյոք առաքյալները միշտ Քրիստոսի նմա՞ն էին մտածում»։ Պատասխաններն ակնհայտ են. իր ժողովրդին առաջնորդելու համար Եհովան նախընտրում էր օգտագործել թեկուզև անկատար, բայց նվիրված ու հավատարիմ մարդկանց։ Հետևաբար, թեև երեցներն այսօր անկատար մարդիկ են, բայց չմոռանանք, որ նրանց «Սուրբ Հոգին [կարգեց] տեսուչներ [լինելու]՝ հովուելու համար Տիրոջ ժողովրդին»։ Նրանք մեր աջակցությանն ու հարգանքին են արժանի (Գործք 20։28)։
14. Ինչո՞ւ է ուշադրության արժանի այն հանգամանքը, որ Եհովան Ահարոնի ու Մարիամի փոխարեն Մովսեսին ընտրեց որպես առաջնորդ։
14 Ահարոնը Մովսեսից երեք տարով էր մեծ, բայց նրանք երկուսն էլ ավելի երիտասարդ էին, քան իրենց քույրը՝ Մարիամը (Ելից 2։3, 4; 7։7)։ Ու թեպետ Ահարոնը Մովսեսից պերճախոս էր, բայց նշանակվեց ծառայել որպես իր եղբոր խոսնակ (Ելից 6։29—7։2)։ Այնուամենայնիվ, իսրայելացիներին առաջնորդելու համար Եհովան չընտրեց տարեց Մարիամին կամ ճարտարախոս Ահարոնին։ Մովսեսին ընտրելիս՝ Եհովան ի նկատի առավ այդ պահին գոյություն ունեցող բոլոր հանգամանքներն ու պահանջները։ Երբ Ահարոնն ու Մարիամը սա լիովին հասկանալու մեջ թերացան, գանգատվեցին. «Մի՞թե Եհովան միայն Մովսէսի ձեռքովը խօսեց. չէ՞ որ մեր ձեռքովն էլ խօսեց»։ Հավանաբար Մարիամն էր հիմնական դրդողը, ու նա պատժվեց Եհովայի ընտրյալի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցույց տալու համար։ Նա և Ահարոնը պիտի ընդունեին, որ Մովսեսը «շատ հեզ էր երկրի վրայ եղած բոլոր մարդկանցից աւելի» (Թուոց 12։1—3, 9—15)։
15, 16. Քաղեբն ինչպե՞ս ապացուցեց, որ վստահում էր Եհովային։
15 Երբ տասներկու լրտեսներն ուղարկվեցին Խոստացյալ երկիր, նրանցից տասը վերադարձան վատ տեղեկությունով։ Նրանք իսրայելացիների սիրտը վախով լցրին՝ ասելով, թե քանանացիները «հսկաներ» են։ Սա իր հերթին պատճառ դարձավ, որ նրանք ‘տրտնջային Մովսեսի և Ահարոնի դեմ’։ Բայց լրտեսներից ոչ բոլորն էին, որ չվստահեցին Եհովային ու Մովսեսին։ Կարդում ենք. «Քաղէբը լռեցրեց ժողովրդին Մովսէսի առաջին, եւ ասեց. Աղէ՝ ելնենք, եւ ժառանգենք այն, որովհետեւ մենք անպատճառ կարող ենք նորան տիրել» (Թուոց 13։2, 26—33, Արևմտահայերեն Աստվածաշունչ; Թուոց 14։2)։ Քաղեբի նման կայուն դիրքում մնաց նրա լրտես ընկերներից Հեսուն։ Նրանք երկուսն էլ Եհովայի հանդեպ իրենց ունեցած վստահությունը ցույց տվեցին, երբ ասացին. «Եթէ Եհովան մեզ վերայ հաճէ, նա մեզ այն երկիրը կ’տանէ եւ այն մեզ կ’տայ, որ կաթ ու մեղր բղխող երկիր է։ Միայն թէ.... այն երկրի ժողովրդիցը մի վախենաք.... Եհովան մեզ հետ է. նորանցից մի վախենաք» (Թուոց 14։6—9)։ Եհովայի նկատմամբ ցուցաբերած նման վստահությունը վարձատրվեց։ Այդ օրերում ապրող իսրայելացիների տարեց սերնդի ներկայացուցիչներից միայն Քաղեբը, Հեսուն և որոշ ղևտացիներ առանձնաշնորհում ստացան մտնելու Խոստացյալ երկիրը։
16 Մի քանի տարի անց Քաղեբն ասաց. «Բայց ես բոլորովին իմ Տէր Աստուծուն հետեւեցի.... Արդ ահա Տէրը ինձ կենդանի է պահել ինչպէս որ խօսել էր այս քառասունեւհինգ տարին, այն ժամանակից ի վեր՝ որ Տէրը այս խօսքը Մովսէսին ասեց. երբոր Իսրայէլը անապատումը ման էր գալիս. եւ ահա ես այսօր ութսունեւհինգ տարեկան եմ. եւ այսօր տակաւին ուժով եմ, ինչպէս որ էի այն օրը երբ Մովսէսն ինձ ուղարկեց. այն ժամանակի զօրությունս ինչպէս էր, այժմեան զօրութիւնս էլ այնպէս է» (Յեսու 14։6—11)։ Ուշադրություն դարձրեք Քաղեբի դրական վերաբերմունքին, նրա հավատարմությանն ու ֆիզիկական ունակություններին։ Այնուամենայնիվ, Եհովան նրան չընտրեց որպես Մովսեսի փոխանորդ. այդ առանձնաշնորհումը հանձնվեց Հեսուին։ Կարող ենք վստահ լինել, որ Եհովան հիմնավոր պատճառներ ուներ նրան ընտրելու համար, և իր կատարած ընտրությունը լավագույնն էր։
17. Ինչո՞ւ կարող է թվալ, թե Պետրոսը չէր համապատասխանում իրեն տրված առանձնաշնորհումներին։
17 Պետրոս առաքյալը երեք անգամ ուրացավ Հիսուսին։ Նա նաև ոգևորությունից արագ կերպով փորձեց իրավիճակի տերը դառնալ և կտրեց քահանայապետի ծառայի ականջը (Մատթէոս 26։47—55, 69—75; Յովհաննէս 18։10, 11)։ Ոմանք գուցե ասեն, թե Պետրոսը վախկոտ, անհավասարակշռված անձնավորություն էր և հատուկ առանձնաշնորհումներ ստանալու արժանի չէր։ Այնուամենայնիվ, ո՞ւմ տրվեցին Թագավորության բանալիները, և ո՞վ ստացավ երեք խմբերի դիմաց երկնային ճանապարհ բացելու մենաշնորհը։ Չէ՞ որ դա հենց ինքը Պետրոսն էր (Գործք 2։1—41; 8։14—17; 10։1—48)։
18. Հուդայի նշած ո՞ր սխալ ընթացքից պետք է խուսափենք։
18 Այս օրինակները ցույց են տալիս, որ մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի մարդկանց միայն արտաքին երևույթով չդատենք։ Եթե ապավինենք Եհովային, չենք կասկածի նրա կատարած ընտրությունների վրա։ Թեև նրա երկրային կազմակերպությունը բաղկացած է անկատար մարդկանցից, որոնք անսխալ չեն, սակայն Եհովան հիանալի կերպով օգտագործում է նրանց։ Հուդան՝ Հիսուսի արյունակից եղբայրը, զգուշացրեց առաջին դարի քրիստոնյաներին ‘տերությունը չանարգել, մեծափառներին չհայհոյել’ (Յուդա 8—10, Արևմտահայերեն թարգմանություն)։ Եկեք երբեք չնմանվենք այդ տիպի մարդկանց։
19. Ինչո՞ւ հիմքեր չունենք քննադատելու Եհովայի կատարած ընտրությունները։
19 Ըստ երևույթին, Եհովան որոշակի պատասխանատվությունների համար ընտրում է այն անձանց, ովքեր բացառիկ հատկություններ ունեն, և որոնք կարող են իր ժողովրդին առաջնորդել այնպես, ինչպես որ ինքն է ցանկանում, որպեսզի վերջինս կարողանա ընթանալ այս յուրահատուկ ժամանակներում։ Պետք է փորձենք ընդունել այս հանգամանքը և չքննադատել Աստծո կատարած ընտրությունները, այլ գոհանանք և խոնարհությամբ ծառայենք այնտեղ, որտեղ որ Եհովան մեզանից յուրաքանչյուրին նշանակել է։ Այսպես վարվելով՝ ցույց կտանք, որ Եհովային մեր ապավենն ենք դարձրել (Եփեսացիս 4։11—16; Փիլիպպեցիս 2։3)։
Վստահենք Եհովայի արդարությանը
20, 21. Ի՞նչ կարող ենք սովորել Մովսեսի հետ Աստծու վերաբերմունքից։
20 Եթե երբեմն հակում ունենք ինքներս մեզ Եհովայից առավել վստահելու, ապա եկեք օրինակ վերցնենք Մովսեսից։ Քառասուն տարեկան հասակում իր իսկ նախաձեռնությամբ նա գնաց Եգիպտոս իսրայելացիներին գերությունից ազատագրելու նպատակով։ Անկասկած, նա լավ միտումներ ուներ, բայց հետևանքը եղավ այն, որ իսրայելացիներն անմիջապես չազատագրվեցին, և ոչ էլ իր վիճակը բարելավվեց։ Իրականում, Մովսեսը ստիպված եղավ փախչել։ Օտար երկրում քառասուն տարի դժվարություններ տեսնելուց հետո էր միայն, որ նա որակելի դարձավ և նշանակվեց կատարելու այն գործը, որը նախկինում ինքնուրույն էր ցանկանում անել։ Հիմա նա կարող էր վստահել Եհովայի աջակցությանը, քանի որ դեպքերն այժմ ընթանում էին Եհովայի վարած կերպով, իր նշանակված ժամկետին համապատասխան ժամանակամիջոցում (Ելից 2։11—3։10)։
21 Հարկավոր է, որ մեզանից յուրաքանչյուրն իրեն հարց տա. «Որոշ հարցերում Եհովայից ու ժողովում նշանակված երեցներից առա՞ջ եմ անցնում՝ փորձելով արագացնել դեպքերի ընթացքը և իրավիճակն իմ ձեռքը վերցնել։ Առանձնաշնորհումներ ստանալու հարցում անտեսված զգալու փոխարեն՝ սրտանց օգտվո՞ւմ եմ այն ժամանակահատվածից, որի ընթացքում Եհովան ինձ սովորեցնում է։ Այլ կերպ ասած՝ կարևոր դասեր քաղե՞լ եմ Մովսեսի օրինակից։
22. Թեև Մովսեսը մեծ առանձնաշնորհում կորցրեց, բայց նա ինչպե՞ս էր տրամադրված Եհովայի հանդեպ։
22 Բացի այդ, Մովսեսից կարող ենք ուրիշ բան էլ սովորել։ Թուոց 20։7—13–ում կարդում ենք Մովսեսի կատարած մի սխալի մասին, որն անհետեվանք չմնաց. նա կորցրեց իսրայելացիներին Խոստացյալ երկիր առաջնորդելու առանձնաշնորհումը։ Նա Եհովայի վարմունքն անարդարացի՞ համարեց այդ հարցում կամ մեկուսացա՞վ՝ Աստծուց նման վերաբերմունք ստանալու պատճառով։ Մի՞թե Մովսեսը կորցրեց Եհովայի արդարության նկատմամբ ունեցած իր վստահությունը։ Այս հարցերի պատասխանները գտնում ենք այն խոսքերում, որոնցով Մովսեսը իր մահից քիչ առաջ դիմեց իսրայելացիներին։ Նա Եհովայի մասին ասաց. «Աստուծոյ գործը կատարեալ է. նորա ամեն ճանապարհները իրաւունք են. Աստուած հաւատարիմ է եւ անիրաւութիւն չ’ունի. Արդար եւ ուղիղ է նա» (Բ Օրինաց 32։4)։ Անկասկած, Մովսեսը Եհովայի նկատմամբ իր վստահությունը պահպանեց մինչև վերջ։ Ի՞նչ կարող ենք ասել մեր մասին։ Անձամբ մենք քայլեր կատարո՞ւմ ենք, որպեսզի ամրացնենք մեր վստահությունը Եհովայի և իր արդարության հանդեպ։ Եկեք տեսնենք, թե ինչպե՞ս կարող ենք դա անել։
Ո՞րն է ձեր պատասխանը
◻ Իսրայելացիները Եհովային ապավինելու ի՞նչ հիմքեր ունեին։
◻ Վստահության վերաբերյալ ի՞նչ կարող ենք սովորել Աբրահամի օրինակից։
◻ Ինչո՞ւ պիտի խուսափենք Եհովայի ընտրածներին քննադատելուց։
[նկար 11–րդ էջի վրա]
Վստահել Եհովային՝ նշանակում է նաև հարգել ժողովում առաջնորդություն ստանձնած անհատներին։