Ուրա՛խ եղեք՝ ունենալով Թագավորության հույսը
ԴԱ ՄԻ ուրախալի իրադարձություն էր, որին մասնակից եղան 5 784 հոգի։ 2001 թ.–ի մարտի 10–ին նրանք հավաքվել էին Նյու Յորք նահանգում գտնվող, Բեթելի մեծ ընտանիքին պատկանող երեք համալիրներում։ Միջոցառումը կազմակերպվել էր «Գաղաադ» միսիոներական դպրոցի 110–րդ դասարանի ավարտականի կապակցությամբ։
Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ Քերի Բարբերը ողջունեց ներկաներին և, բացելով ծրագիրը, ասաց. «Մենք ուրախ ենք, որ «Գաղաադ» դպրոցն արդեն 110 դասարանների շրջանավարտներ է պատրաստել՝ ծառայելու որպես միսիոներներ երկրագնդի ամենատարբեր երկրներում»։
Ինչպես ուրախ մնալ
Եղբայր Բարբերի բացման խոսքից հետո ներկաների առջև, որոնց թվում էին նաև 48 շրջանավարտները, հանդես եկավ Դոն Ադամսը։ Նրա ելույթը՝ «Եհովայի օրհնությունն է մեզ հարստացնում», հիմնված էր Առակաց 10։22–ի վրա։ Նա հիշեցրեց լսարանին, որ Եհովան պաշտպանում և օրհնում է իր ծառաներին այն ժամանակ, երբ նրանք կյանքում առաջին տեղում են դնում Թագավորության շահերը։ Եղբայր Ադամսը հորդորեց ուսանողներին իրենց նոր նշանակումներն ընդունել նույնպիսի պատրաստակամությամբ, ինչպիսին որ ցուցաբերեց Պողոս առաքյալը, երբ նրան խնդրեցին ‘Մակեդոնիա անցնել և օգնել’ (Գործք 16։9)։ Չնայած դժվարություններին՝ այնուամենայնիվ, Պողոսի պատրաստակամությունը՝ քարոզելու այնտեղ, բազմաթիվ ուրախություններ պարգևեց իրեն։
Ուսանողներն ավարտեցին Աստվածաշնչի ուսումնասիրության հնգամսյա դասընթացը և նախապատրաստությունը՝ միսիոներական աշխատանքին։ Այդուհանդերձ, Կառավարիչ մարմնի անդամ Դանիել Սիդլիկը քաջալերեց նրանց շարունակել սովորել։ Հանդես գալով «Եղեք ճշմարիտ աշակերտներ» ելույթով՝ նա նշեց. «Աշակերտ լինել՝ նշանակում է մշտապես հնազանդվել Հիսուսի խոսքերին։ Դրա մեջ մտնում է նաև նրա խոսքերին և ուսուցումներին միշտ ականջ դնելու մեր պատրաստակամությունը»։ Նա ընդգծեց, որ Քրիստոսի աշակերտները, առանց իրենց Տիրոջ ձայնը լսելու, որոշումներ չեն կայացնում. Աստծո իմաստությունը հստակորեն արտացոլված է Քրիստոսի կյանքում (Կողոսացիս 2։3)։ Մեզանից ոչ մեկը չի կարող, մեկ անգամ լսելով Հիսուսի խոսքերը, եզրակացնել, որ ամեն ինչ գիտի նրա մասին։ Ուստի, եղբայր Սիդլիկը խրախուսեց շրջանավարտներին շարունակել սովորել, կիրառել և սովորեցնել ազատություն բերող քրիստոնեական ճշմարտությունը (Յովհաննէս 8։31, 32)։
Աստծո ծառայության մեջ ուրախ մնալու համար մարդը պետք է պատրաստ լինի ընդունելու խրատն ու հանդիմանությունը։ «Կսովորեցնե՞ն ձեզ ձեր երիկամունքները». այսպիսի հարցադրումով հանդես եկավ «Գաղաադի» ուսուցիչ Լորենս Բոուենը։ Նա ցույց տվեց, որ Աստվածաշնչում փոխաբերական երիկամները խորհրդանշում են մարդու խորին զգացումներն ու մտքերը։ «Երիկամները» կարող են ուղղել անհատին, եթե Աստծո ներշնչյալ Խոսքի խրատը թափանցում է նրա սրտի խորքերը (Սաղմոս 16։7, Արևմտ. Աստ.; Երեմիա 17։10)։ Մարդու հավատարմությունը կարող է նույնիսկ անչափ հուզել Եհովային։ Առակաց 23։15, 16 խոսքերը կարդալուց հետո ելույթ ունեցողը հարցրեց. «Կսովորեցնե՞ն ձեզ ձեր երիկամունքները։— Ապա ավելացրեց.— Մենք աղոթում ենք, որ սովորեցնեն, և դրանով դուք Եհովային մեծ հաճույք կպատճառեք։ Դուք նրա սրտի խորքերը կհասնեք։ Այո՛, հավատարիմ մնալով ձեր նշանակումներին՝ դուք այնպես կանեք, որ Աստծո երիկամունքները ցնծան»։
Ծրագրի այս մասը եզրափակեց Մարկ Նումարը, որը նախքան «Գաղաադի» ուսուցիչ դառնալը Քենիայում ծառայում էր որպես միսիոներ։ Նա իր՝ «Լավ է աչքով տեսնել» ելույթում շեշտեց բավարարվածություն զարգացնելու կարևորությունը։ Ժողովող 6։9–ին համահունչ՝ եղբայր Նումարը խորհուրդ տվեց. «Իրականությունն ընդունեք՝ ինչպես որ կա։ Դա է «աչքով տեսնելը»։ Կենտրոնացեք նրա՛ վրա, ինչը կարող եք լավագույնս անել ձեր ներկա հանգամանքներում, փոխարեն երազելու այն, ինչը ուզում եք անել, բայց չեք կարող։ Երազների գրկում գտնվելը, անիրական ակնկալիքներ ունենալը կամ ձեր նշանակման բացասական կողմերի վրա կենտրոնանալը ձեզ միայն դժգոհություն և անբավարարվածություն կպատճառի»։ Այո՛, անկախ նրանից, թե որտեղ կլինենք կամ ինչպիսին կլինեն մեր հանգամանքները, եկեք միշտ գոհություն արտահայտենք, որը հիմնված է Մեծ Արարչի հետ ունեցած հարաբերությունների վրա։ Այդժամ մենք ուրախ կլինենք նրան ծառայելիս։
Ուրախալի դեպքեր Թագավորական ծառայության մեջ և քաջալերիչ հիշողություններ «Գաղաադից»
Այսպիսի գործնական խորհուրդներ պարունակող ելույթներից հետո ուսանողները պատմեցին մի քանի դեպքեր, որոնք պատահել էին իրենց հետ ծառայության ժամանակ ուսման հինգ ամիսների ընթացքում։ «Գաղաադ» դպրոցի քարտուղար Ուոլաս Լիվերանսի հարցերին պատասխանելով՝ շրջանավարտները պատմեցին, թե ինչպես են իրենց ներկայացրել որպես Աստծո ծառաներ (Բ Կորնթացիս 4։2, Արևմտ. Աստ.)։ Նրանք կարողացել էին արթնացնել ոմանց խիղճը. զգացում, որն Աստծուց է տրված։ Ուսանողները պատմեցին, թե ինչպես են Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացրել այն անկեղծ անհատների հետ, որոնց հանդիպել էին փողոցում, տնետուն ծառայության ժամանակ և այլ իրավիճակներում։ Մյուս դեպքերում հետաքրքրված մարդիկ ասել էին, որ Եհովայի կազմակերպության՝ Աստվածաշնչի վրա հիմնված հրատարակությունները ճշմարտություն են պարունակում իրենց մեջ։ Մի տնային տնտեսուհի շատ դրականորեն էր արտահայտվել աստվածաշնչյան համարներից մեկի վերաբերյալ։ Նա այժմ Եհովայի վկաների հետ Աստվածաշունչ է ուսումնասիրում։
Այնուհետև Ջոել Ադամսը հարցազրույց անցկացրեց «Գաղաադի» նախկին շրջանավարտների հետ։ Նրա թեման էր՝ «Երբեք չդադարեք սովորելուց, երբեք չդադարեք Եհովային ծառայելուց»։ Հարցազրույցի մասնակիցները ժամանակահարմար խորհուրդներ տվեցին նոր միսիոներներին։ Հարրի Ջոնսոնը, հիշելով «Գաղաադի» 26–րդ դասարանում իր ուսման ամիսները, ասաց. «Մենք սովորեցինք, որ Եհովան միշտ առաջնորդել է և կառաջնորդի իր ժողովրդին։ Այս միտքը տարիներ շարունակ քաջալերանքի աղբյուր է եղել»։ «Գաղաադի» 53–րդ դասարանի շրջանավարտ Վիլյամ Նոնկիսը խորհուրդ տվեց. «Ամենից կարևորն այն է, որ միշտ հիշեք աստվածաշնչյան սկզբունքները և դրանց հիման վրա որոշումներ կայացնեք հիմա և ընդմիշտ։ Արդյունքում՝ դուք կառչած կմնաք ձեր նշանակմանը, իսկ Եհովան առատորեն կօրհնի ձեզ»։
Հաջորդ ելույթը, որը ներկայացրեց Ռիչարդ Ռայենը, կոչվում էր՝ «Զինված՝ կատարելու Եհովայի կամքը»։ Նա հարցազրույց ունեցավ, ի թիվս այլոց, «Գաղաադի» 30–րդ դասարանի շրջանավարտ Ջոն Կուրցի հետ, որն ավելի քան 41 տարի որպես միսիոներ ծառայել է Իսպանիայում։ Երբ հարց տրվեց «Գաղաադի» դասընթացների մասին, եղբայր Կուրցը պատասխանեց. «Հիմնական ձեռնարկը Աստվածաշունչն է։ Նաև Աստվածաշունչ ուսումնասիրելու օժանդակ ձեռնարկներ ունենք, որոնք օգնում են մեզ հասկանալ Սուրբ գրությունները։ Դրանք մատչելի են բոլորին։ «Գաղաադում» գաղտնի ինֆորմացիա չկա։ Ես միշտ ընդգծել եմ սա, քանի որ բոլորն էլ կարող են տեղյակ լինել այն ամենին, ինչ ուսուցանվում է այս դպրոցում»։
Այս հոգևոր ծրագրի ավարտին ելույթ ունեցավ Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ Գերիտ Լյոշը՝ «Եհովայի թևերի վրա և տակ» թեմայով։ Նա բացատրեց, թե Աստվածաշնչում ինչպես է արծվի թևերով ներկայացվում Աստծո՝ իր հավատարիմ ծառաներին պաշտպանելն ու աջակցելը (Բ Օրինաց 32։11, 12; Սաղմոս 91։4)։ Չափահաս արծիվը երբեմն ժամերով տարածում է իր թևերը, որպեսզի ծածկի իր ձագերին։ Պատահում է, որ մայր–արծիվը նույնիսկ թևերի մեջ է առնում իր ձագերին՝ պաշտպանելով նրանց սառը քամուց։ Նմանապես, իր նպատակներին համաձայն, Եհովան կարող է օգնության հասնել իր հավատարիմ ծառաներին՝ հատկապես, երբ նրանք հոգևոր փորձությունների մեջ են։ Եհովան թույլ չի տալիս իր ծառաներին ուժից վեր փորձության ենթարկվել, այլ դրա հետ ելք էլ է ցույց տալիս, որպեսզի նրանք կարողանան դիմանալ (Ա Կորնթացիս 10։13, ԱԹ)։ Եղբայր Լյոշը ելույթը եզրափակեց հետևյալ խոսքերով. «Որպեսզի հոգևորապես պաշտպանված լինենք, մենք պետք է մնանք Եհովայի թևերի տակ։ Սա նշանակում է, որ չպետք է անկախության ոգի զարգացնենք։ Եկեք միշտ մոտ մնանք Եհովային և նրա մայրանման կազմակերպությանը՝ ընդունելով նրանց առաջնորդությունն ու սիրառատ խորհուրդները»։
Այնուհետև նախագահողն ընթերցեց երկրագնդի բոլոր կողմերից ուղարկված սիրով լի հեռագրերն ու ողջույնները, որից հետո հանձնվեցին դիպլոմները։ Երբ «Գաղաադ» դպրոցը հիմնադրվեց, այն նախատեսված էր միայն հինգ տարիների ընթացքում սահմանափակ թվով դասարաններ կրթելու համար։ Բայց ահա 58 տարի է, ինչ Եհովան այս դպրոցի դռները բաց է պահում։ Ինչպես եղբայր Բարբերն ասաց բացման խոսքում, «իսկապես, ի՜նչ հիանալի նվաճումների են հասել «Գաղաադի» շրջանավարտները 1943 թ.–ից սկսած, ինչ բացվել է այս դպրոցը։ Նրանց միացյալ ջանքերի արդյունքում բառացիորեն հարյուր հազարավոր խոնարհ անհատներ են միացել Եհովայի փառապանծ կազմակերպությանը»։ Այո՛, այս միսիոներական դպրոցը նպաստել է, որ միլիոնավոր մարդիկ ուրախանան՝ ունենալով Թագավորության հույսը։
[շրջանակ 24–րդ էջի վրա]
ԴԱՍԱՐԱՆԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Ներկայացված երկրների թիվը՝ 8
Նշանակման երկրները՝ 18
Ուսանողների թիվը՝ 48
Միջին տարիքը՝ 34
Ճշմարտության մեջ տարիների միջինը՝ 18
Լիաժամ ծառայության մեջ տարիների միջինը՝ 13
[նկար 25–րդ էջի վրա]
Դիտարանի աստվածաշնչյան Գաղաադ դպրոցի 110–րդ դասարանի շրջանավարտները
Հետևյալ ցուցակում շարքերի թվարկումը սկսվում է ներքևից վերև, իսկ անուններինը՝ ըստ շարքերի՝ ձախից աջ.
1) Վասեք Է., Մադլեն Լ., Էվանս Գ., Վաթանաբի Ք., 2) Թրեֆորդ Փ., Թուրֆա Ջ., Վիլսոն Փ., Վիլյամս Ռ., Վեյբեր Է., 3) Ջոնսոն Թ., Հանաու Կ., Մորլու Ֆ., Շարփոնթյեյ Ֆ., Փեքեմ Ռ., Էնդրոսոֆ Փ., 4) Սիգերս Թ., Սիգերս Դ., Բեյլի Փ., Բեյլի Մ., Մադլեն Ք., Լիփոուլդ Է., Լիփոուլդ Թ., 5) Էվանս Ն., Գոլդ Ռ., Բոուլմեն Ի., Վասեք Ռ., Ունջիեն Ջ., Վիլսոն Ն., 6) Թուրֆա Ջ., Զուդիմա Լ., Զուդիմա Ռ., Բեյնգթսոն Ք., Բեյնգթսոն Յ., Գլանոու Մ., Գլանոու Լ., 7) Փեքեմ Թ., Մորլու Ժ., Շարփոնթյեյ Ք., Գոլդ Մ., Բոուլմեն Ռ., Ունջիեն Ֆ., 8) Վեյբեր Ռ., Ջոնսոն Բ., Հանաու Դ., Վաթանաբի Յ., Վիլյամս Ռ., Թրեֆորդ Գ., Էնդրոսոֆ Թ.։