Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w00 8/15 էջ 23–25
  • Ինչպե՞ս ես հարթում տարաձայնությունները

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս ես հարթում տարաձայնությունները
  • 2000 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Մեր վերաբերմունքը
  • Մեր մոտեցումը
  • Բուժիչ խոսքեր
  • Ձգտիր նրանց նայել այնպես, ինչպես Եհովան
    2003 Դիտարան
  • Ողորմության դաս
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Աստվածաշնչի գիրք համար 32. Հովնան
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Նա սովորեց իր սխալներից
    Ընդօրինակեք նրանց հավատը
Ավելին
2000 Դիտարան
w00 8/15 էջ 23–25

Ինչպե՞ս ես հարթում տարաձայնությունները

ԱՄԵՆ օր մենք շփվում ենք տարբեր բնավորության տեր մարդկանց հետ։ Հաճախ դա ուրախություն է բերում և նոր հեռանկարներ է բացում մեր առջև։ Իսկ ժամանակ առ ժամանակ նաև տարաձայնությունների առիթ է դառնում, որոնց մի մասը բավականին լուրջ խնդիրներ են, իսկ մնացածը՝ ընդամենը առօրյա կյանքի մանրուքներ։ Ի՞նչ վերաբերմունք ենք հանդես բերում տարաձայնությունների հանդեպ, որոնք անկախ իրենց բնույթից, մտավոր, զգացական և հոգևոր առումով իրենց ազդեցությունն են թողնում մեզ վրա։

Ջանալով հնարավորության սահմաններում ամեն բան անել նման անհամաձայությունները լուծելու համար՝ կնպաստենք թե՛ մեր առողջական վիճակի պահպանմանը և թե՛ մարդկանց հետ ունեցած ավելի խաղաղ փոխհարաբերություններին։ Մի հին առակ ասում է. «Մարմնին կեանք է մի հանդարտ սիրտը» (Առակաց 14։30)։

Եվ ի հակադրություն դրան, կա ևս մի հանրահայտ ճշմարտություն, ըստ որի՝ «քանդուած անպարիսպ քաղաք է այն մարդը, որ չէ զսպում իր ոգին» (Առակաց 25։28)։ Մեզանից ո՞ր մեկը կցանկանար այնքան թույլ գտնվել, որ ոչ ճիշտ մտքերը, իրեն համակելով, մղեին սխալ քայլերի. քայլեր, որոնք ցավ կպատճառեին թե՛ մյուսներին, թե՛ մեզ։ Զայրույթով լի, անսանձ պոռթկումները հանգեցնում են ճիշտ այսպիսի արդյունքների։ Լեռան քարոզում Հիսուսը խորհուրդ տվեց քննել ուրիշների հետ ունեցած անհամաձայնությունների հանդեպ մեր վերաբերմունքը (Մատթէոս 7։3–5)։ Ուրիշներին քննադատելու փոխարեն՝ հարկավոր է մտածել, թե ինքներս ինչպես կարող ենք բարեկամություն զարգացնել և ամրապնդել տարբեր տեսակետների ու տարբեր ծագում ունեցող մարդկանց հետ։

Մեր վերաբերմունքը

Որպեսզի հարթենք տարաձայնությունները, դրանք լինեն թվացյալ, թե՝ լուրջ հիմք ունեցող, առաջին հերթին հարկավոր է գիտակցել սխալ մտքեր ու վերաբերմունք դրսևորելու մեր հակվածության փաստը։ Գրությունները մեզ հիշեցնում են, որ «բոլորն էլ մեղք գործեցին եւ զրկուեցին Աստծու փառքից» (Հռովմայեցիս 3։23)։ Դեռ ավելին, խորաթափանց հայացք նետելով գուցե ի հայտ բերենք, որ մեր խնդրի սկզբնաղբյուրը դիմացինի մեջ չէ։ Այս առնչությամբ եկեք խորհենք Հովնանի օրինակի շուրջը։

Հովնանը Եհովայի կարգադրությամբ ճանապարհ ընկավ դեպի Նինվե քաղաք՝ այնտեղի բնակիչներին Աստծո մոտալուտ դատաստանի մասին քարոզելու։ Արդյունքները ուրախալի էին, քանի որ նինվեցիները զղջացին ու հավատացին ճշմարիտ Աստծուն (Յովնան 3։5–10)։ Տեսնելով նրանց անկեղծ զղջումը՝ Եհովան գտավ, որ արժանի են ներման, ուստիև՝ խնայեց նրանց։ Իսկ «Յովնանը տրտմեց մեծ տրտմութիւնով եւ զայրացաւ» (Յովնան 4։1)։ Ի՜նչ զարմանալի արձագանք Եհովայի ողորմածության հանդեպ։ Ինչո՞ւ էր Հովնանը դժգոհ Եհովայից։ Ըստ երևույթին, նա չափազանց տարված էր իր անձնական ապրումներով՝ կարծելով, թե ինքը ժողովրդի առաջ խայտառակ է եղել։ Նա դժվարացավ ըստ արժանվույն գնահատել Աստծո գթասրտությունը։ Եհովան պատկերավոր դաս տվեց Հովնանին՝ օգնելով նրան փոխել իր վերաբերմունքն ու հասկանալ Աստծո ողորմածության գերազանց արժեքը (Յովնան 4։7–11)։ Ակնհայտ է, որ վերափոխման կարիք ուներ Հովնանի վերաբերմունքը, և ոչ թե Եհովայի։

Գուցե մեզ և՞ս ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ լինի փոփոխության ենթարկել որևէ հարցի հանդեպ մեր վերաբերմունքը։ Պողոս առաքյալը խրատում է. «Պատիւ տալու մէջ՝ միմեանց գերազանցել» (Հռովմայեցիս 12։10)։ Ի՞նչ է ուզում նա դրանով ասել. մասնավորապես քաջալերում է լինել խելամիտ ու մյուս քրիստոնյաների հետ խոր հարգանքով ու արժանապատվությամբ վարվել։ Սրա մեջ ընդգրկվում է նաև այն փաստի ընդունումը, որ յուրաքանչյուր անհատ ազատ է իր ընտրության մեջ։ Պողոսը նաև հիշեցնում է մեզ. «Իւրաքանչիւր ոք իր բեռն է կրելու» (Գաղատացիս 6։5)։ Ուրեմն՝ որքան իմաստուն կլիներ նախքան հակասությունների ծագելը քննել, թե արդյոք կարիք չկա՞ վերանայել մեր անձնական տեսակետը։ Մեզանից ջանքեր են պահանջվում, որպեսզի արտացոլենք Եհովայի մտածելակերպը և խաղաղություն պահպանենք Աստծուն իսկապես սիրող անձանց հետ (Եսայիա 55։8, 9)։

Մեր մոտեցումը

Պատկերացրու երկու փոքր երեխաների, որոնք իրար ձեռքից քաշքշում են մի խաղալիք։ Յուրաքանչյուրն ավելի ու ավելի ուժեղ քաշելով՝ ցանկանում է այն իրենը դարձնել։ Միգուցե քաշքշուկի ընթացքում լսվում են տգեղ խոսքեր այնքան ժամանակ, մինչև որ վերջապես նրանցից մեկը ցած է գցում ձեռքինը կամ էլ ինչ–որ մեկը միջամտում է նրանց կռվին։

«Ծննդոց» գիրքը հայտնում է Աբրահամի և իր եղբորորդի Ղովտի հովիվների միջև ծագած մի վիճաբանության մասին, որին տեղեկանալով՝ Աբրահամը սեփական նախաձեռնությամբ մոտեցավ Ղովտին ու ասաց. «Թող իմ ու քո մէջ եւ իմ հովիւների ու քո հովիւների մէջ կռիւ չ’լինի, ըստ որում մենք եղբարք ենք»։ Աբրահամը վճռել էր թույլ չտալ, որ որևէ բան վնաս հասցներ իրենց փոխհարաբերություններին։ Իսկ ի՞նչ գնով. նա պատրաստ էր զիջել՝ զոհելով առաջնակարգ ընտրության իր իրավունքը որպես տարիքով ավելի մեծ անձնավորություն։ Աբրահամը թույլ տվեց, որպեսզի Ղովտն ինքը ընտրի, թե որտեղ է ցանկանում տեղափոխվել իր ընտանիքի ու հոտերի հետ միասին։ Եվ երբ Ղովտն ընտրեց Սոդոմի ու Գոմորի կանաչապատ տարածքը, արդյունքում նրանք խաղաղությամբ բաժանվեցին միմյանցից (Ծննդոց 13։5–12)։

Ուրիշների հետ խաղաղ հարաբերություններ պահպանելու համար արդյո՞ք մենք էլ պատրաստ ենք գործել Աբրահամի դրսևորած ոգով։ Տարաձայնությունները հարթելու մեջ մեզ համար հոյակապ օրինակ է աստվածաշնչյան այս դրվագը։ Աբրահամը խնդրեց. «Թող.... կռիւ չ’լինի»։ Նա անկեղծորեն ցանկանում էր հասնել խաղաղ լուծման։ Ինչ խոսք, խաղաղ հարաբերություններ պահպանելու ուղղությամբ նման շահագրգռվածությունը պիտի որ օգներ նրան խուսափել ամեն տեսակ թյուրիմացություններից։ Աբրահամն այսպես եզրափակեց. «Ըստ որում մենք եղբարք ենք»։ Նման թանկագին հարաբերությունները ինչո՞ւ զոհել հանուն անձնական նախապատվությունների կամ՝ տեղիք տալով հպարտությանը։ Նա իր ուշադրությունը լիովին կենտրոնացրեց կարևորի վրա՝ դա անելով արժանապատվության զգացումով ու հարգանքով, միևնույն ժամանակ պատիվ տալով իր եղբորորդուն։

Թեև կարող են ստեղծվել իրավիճակներ, երբ հակասությունները լուծելու համար գուցե միջամտության կարիք զգացվի, սակայն որքան լավ կլիներ, եթե ինքներս կարողանայինք ձեռնարկել խնդրի լուծումը։ Հիսուսը քաջալերում է նախաձեռնող լինել մեր եղբոր հետ խաղաղություն հաստատելու մեջ՝ պատրաստ լինելով անհրաժեշտության դեպքում նրանից ներողություն խնդրելa (Մատթէոս 5։23, 24)։ Դրա համար խոնարհություն է հարկավոր, այսինքն՝ լինել խոնարհամիտ։ Պողոսը գրեց. «Միմեանց հանդէպ խոնարհութիւն ունեցէք, քանի որ «Աստուած հակառակ է ամբարտաւաններին, իսկ խոնարհներին տալիս է շնորհ»» (Ա Պետրոս 5։5)։ Հավատակիցների հանդեպ մեր վերաբերմունքը անմիջականորեն կապված է Աստծո հետ ունեցած մեր փոխհարաբերությունների հետ (Ա Յովհաննէս 4։20)։

Հնարավոր է, որ քրիստոնեական ժողովի ներսում խաղաղություն պահպանելու նպատակով հարկ լինի հրաժարվել սեփական իրավունքները պնդելուց։ Եհովայի վկաների հետ ներկայումս համագործակցողների զգալի մասը Աստծո ճշմարիտ երկրպագուներից բաղկացած ընտանիքին է միացել վերջին հինգ տարիների ընթացքում։ Ի՜նչ ուրախությամբ է դա լցրել մեր սրտերը։ Ժողովում մեր պահելաձևն անկասկած իր ազդեցությունն է ունենում մյուսների վրա, այդ թվում՝ նաև նորեկների։ Սա մեզ զգուշության է մղում, որպեսզի զվարճությունների, սիրած զբաղմունքների, հաճելի ժամանցների և աշխատանքի ընտրության հարցում ի մտի ունենալով այդ փաստը՝ թյուրիմացության առիթ չդառնանք մյուսների համար։ Չլինի այնպես, որ մեր գործերն ու խոսքերը սխալ հասկացվեն և այդպիսով գայթակղության առիթ դառնանք։

Պողոս առաքյալը հիշեցնում է մեզ. «Ամէն ինչ ինձ թոյլատրելի է, բայց ամէն բան չէ, որ օգտակար է. ամէն ինչ ինձ թոյլատրելի է, բայց ամէն ինչ չէ, որ հաւատը հաստատում է։ Ոչ ոք միայն իր օգուտը թող չփնտռի, այլ՝ նաեւ ընկերոջինը» (Ա Կորնթացիս 10։23, 24)։ Որպես քրիստոնյաներ մենք անկեղծորեն ձգտում ենք սեր և միություն հաստատել քրիստոնեական եղբայրության մեջ (Սաղմոս 133։1; Յովհաննէս 13։34, 35)։

Բուժիչ խոսքեր

Շատ մեծ է խոսքի դրական ազդեցությունը։ «Մեղրի խորիսխ է վայելուչ խօսքը, քաղցր է հոգիին, եւ բժշկութիւն՝ ոսկորներին» (Առակաց 16։24)։ Այս առակի ճշմարտացիությունը ակնհայտ է դառնում մի պատմության մեջ, ուր ներկայացվում է, թե Գեդեոնն ինչպես կանխեց Եփրեմյանների հետ հնարավոր ընդհարումը։

Գեդեոնը Մադիամի դեմ ծանր կռվի մեջ մտավ և Եփրեմի ցեղին օգնության կանչեց։ Այնուհանդերձ, ճակատարմարտի ավարտից հետո Եփրեմյանները դիմեցին Գեդեոնին ու չարասրտորեն դժգոհեցին, որ հենց կռվի սկզբից չի կանչել իրենց։ Այդ արձանագրությունը մեզ հայտնում է, որ նրանք «նորա հետ սաստիկ վէճ արին»։ Ի պատասխան՝ Գեդեոնն ասաց. «Ես հիմա ի՞նչ եմ արել ձեզ պէս, մի՞թէ Եփրեմի ճռաքաղութիւնը Աբիեզերի այգեկութիցը լաւագոյն չէ։ Աստուած Մադիամի իշխաններին՝ Օրէբին եւ Զէբին ձեր ձեռքը տուաւ. ես ի՞նչ կարողացայ անել ձեզ պէս» (Դատաւորաց 8։1–3)։ Կշռադատված, մեղմ խոսքերով Գեդեոնը խուսափեց այն բանից, ինչը կարող էր աղետալի, միջցեղային պատերազմի առիթ դառնալ։ Հավանաբար, այդ Եփրեմյանները մեծամիտ էին ու հպարտ։ Այնուամենայնիվ, այս հանգամանքը Գեդեոնին ետ չպահեց խաղաղության հասնելու իր ձգտումից։ Արդյոք մենք էլ ջանո՞ւմ ենք այդպես վարվել։

Բարկությունը երբեմն կարող է համակել որևէ մեկին և դրդել քո հանդեպ թշնամանքի։ Փորձիր հասկանալ նրա զգացումները ու աշխատիր ըմբռնել նրա տեսակետը։ Միգուցե դո՞ւ էլ ինչ–​որ ձևով նպաստել ես այդ զգացումների առաջացմանը։ Եթե այո, ապա հարկ չէ՞ ընդունել սեփական մեղքի բաժինը և կատարվածի վերաբերյալ զղջում արտահայտել։ Ընդամենը մի քանի չափած–​ձևած խոսքերով կարելի է վերականգնել խզված հարաբերությունները (Յակոբոս 3։4)։ Վշտացած մարդը գուցե պարզապես սիրալիր հավաստիացումների կարիք է զգում։ Աստվածաշնչում նշվում է, որ «փայտ չ’լինելիս կրակը հանգչում է» (Առակաց 26։20)։ Այո՛, զգուշորեն ընտրված խոսքերը, որոնք համապատասխան տրամադրվածությամբ են ասվում, կարող են ‘հանգստացնել բարկությունը’ և բուժել մարդուն (Առակաց 15։1)։

Պողոսը խորհուրդ է տալիս. «Ինչ չափով հնարաւոր է ձեզ համար, բոլոր մարդկանց հետ խաղաղութիւն պահեցէ՛ք» (Հռովմայեցիս 12։18)։ Թեև չենք կարող հսկել ուրիշների զգացմունքների վրա, սակայն մեր ուժերի չափով կարող ենք նպաստել ընդհանուր համերաշխությանը։ Մեր կամ ուրիշների անկատարությանը արձագանքելու փոխարեն՝ այսօր իսկ կարող ենք կիրառել աստվածաշնչյան կայուն սկզբունքները։ Տարաձայնությունները հարթելով այնպես, ինչպես որ Եհովան է սովորեցնում, մենք հավիտենական խաղաղություն և երջանկություն կգտնենք (Եսայիա 48։17)։

[ծանոթագրություն]

a Տեսեք «Դիտարան» 1999 թ. նոյեմբեր 1–ի համարի «Սրտանց ներիր» և «Գուցե շահես քո եղբորը» հոդվածները։

[նկար 24–րդ էջի վրա]

Արդյոք համառորեն մեր պնդումնե՞րն ենք առաջ տանում։

[նկար 25–րդ էջի վրա]

Աբրահամը տարաձայնությունները հարթելու մեջ զիջող լինելու հոյակապ օրինակ թողեց։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը