Ընթերցողների հարցերը
Քանի որ հին Իսրայելի Սողոմոն թագավորը ծեր տարիքում Աստծու հանդեպ անհավատարիմ գտնվեց, ապա կարո՞ղ ենք դրանից եզրակացնել, որ նա հարություն չի առնի (Գ Թագաւորաց 11։3–9)։
Թեև Աստվածաշնչում թվարկվում են հավատ ցուցաբերած որոշ տղամարդիկ ու կանայք, որոնք անկասկած հարություն կառնեն, այնտեղ հատուկ ձևով չի նշվում անունով հիշատակված յուրաքանչյուր անհատի հարության հեռանկարի մասին (Եբրայեցիս 11։1–40)։ Ինչ վերաբերում է այն բանին՝ Աստված Սողոմոնին հարություն կտա, թե՝ ոչ, մենք կարող ենք այդ մասին որոշ պատկերացում կազմել՝ համեմատելով Սողոմոնի մահվան մասին արձանագրությունը որոշ հավատարիմների մահվան մասին արձանագրությունների հետ։
Ըստ Գրությունների՝ մահացածներին միայն երկու վիճակ է սպասում՝ ժամանակավոր չգոյություն կամ հավիտենական մահ։ Նրանք, ովքեր անարժան են համարվում հարություն առնելու, գցվում են ‘գեհենը’, կամ՝ ‘կրակի լիճը’ (Մատթէոս 5։22; Մարկոս 9։46, 47; Յայտնութիւն 20։14)։ Այդ անհատների թվում են առաջին մարդիկ՝ Ադամն ու Եվան, դավաճան Հուդա Իսկարիովտացին և աստվածային դատաստանով ոչնչացված որոշ անհատներ, օրինակ՝ Նոյի օրերում ապրողները և Սոդոմի ու Գոմորի բնակիչները։a Հարության արժանի անհատները, մահանալով, գնում են մարդկության համընդհանուր գերեզման, որը, համաձայն Աստվածաշնչի բնագիր լեզուների, կոչվում է շեոլ, կամ՝ հադես։ Նրանց ապագայի մասին Աստվածաշունչն ասում է. «Ծովն իր մէջի մեռելները տուաւ, եւ մահը եւ դժոխքը [հունարեն՝ հադես] իրանց մէջի մեռելները տուին. եւ ամեն մէկն իրանց գործերի համեմատ դատուեցան» (Յայտնութիւն 20։13)։
Փաստորեն, Եբրայեցիս 11–րդ գլխում հիշատակված հավատարիմները շեոլում, կամ՝ հադեսում են գտնվում, և նրանց հարություն է սպասում։ Դրանց թվում են Աստծու նվիրյալ ծառաներ Աբրահամը, Մովսեսը և Դավիթը։ Այժմ քննենք, թե ինչ է Աստվածաշունչն ասում այս անհատների մասին, երբ նրանք մահացան։ «Խաղաղութեամբ քո հայրերի մօտ կ’գնաս. լաւ ծերացած կ’թաղուիս»,— ասաց Եհովան Աբրահամին (Ծննդոց 15։15)։ Իսկ Մովսեսին Աստված ասաց. «Ահա դու քո հայրերի հետ կ’ննջես» (Բ Օրինաց 31։16)։ Սողոմոնի հոր՝ Դավթի մասին Աստվածաշունչն ասում է. «Դաւիթը ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ Դաւիթի քաղաքումը» (Գ Թագաւորաց 2։10)։ Ինչպես տեսնում ենք, ‘ննջել իր հայրերի հետ’ արտահայտությունը ասելու մեկ այլ ձև է, որ անհատը գնաց շեոլ։
Իսկ ի՞նչ պատահեց Սողոմոնին, երբ նա մահացավ։ Աստվածաշունչն ասում է. «Սողոմոնի բոլոր Իսրայէլի վերայ Երուսաղէմումն արած թագաւորութեան ժամանակն էր քառասուն տարի։ Եւ Սողոմոնը ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ իր հայր Դաւիթի քաղաքում» (Գ Թագաւորաց 11։42, 43)։ Հետևաբար, տրամաբանական է թվում եզրակացնել, որ Սողոմոնը շեոլում, կամ՝ հադեսում է գտնվում, որտեղից նա հարություն կառնի։
Այս եզրահանգումը նշանակում է, որ հարության հեռանկար ունեն նաև նրանք, ում մասին Գրություններում կոնկրետ նշվում է, որ ‘նրանք ննջել են իրենց հայրերի հետ’։ Եվ իսկապես, Սողոմոնին հաջորդած շատ թագավորների մասին այսպես է գրված՝ չնայած նրանց անհավատարմությանը։ Սա անտրամաբանական չէ, քանի որ «արդարների եւ մեղաւորների յարութիւն պիտի լինի» (Գործք 24։15)։ Իհարկե, միայն այն բանից հետո, երբ «ամենքը՝ որ գերեզմաններումն են», կյանքի կվերադառնան, մենք հաստատ կիմանանք, թե ովքեր են արժանի եղել հարություն առնելուն (Յովհաննէս 5։28, 29)։ Ուստի հին ժամանակներում ապրած որևէ անհատի հարություն առնելու վերաբերյալ անառարկելի տեսակետ ունենալու փոխարեն՝ մենք սպասում ենք՝ վստահելով Եհովայի կատարյալ որոշմանը։
[ծանոթագրություն]
a Տե՛ս «Դիտարանի» 1988 թ. հունիսի 1–ի համարը, էջ 30, 31, անգլ. (1988 թ., նոյեմբերի 1, էջ 22, 23, ռուս.)։