Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 2/15 էջ 26–30
  • Քայլենք ծագող լույսի ճանապարհով

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Քայլենք ծագող լույսի ճանապարհով
  • 2006 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Կազմակերպչական բարեփոխումներ
  • Ծագող լույսը նոր բարեփոխումներ է բերում
  • Լույս՝ ուսմունքային հարցերում
  • Շարունակիր քայլել լույսի ճանապարհով
  • Համաքա՛յլ ընթացեք Եհովայի կազմակերպության հետ
    2001 Դիտարան
  • Եհովայի փառքը լուսավորում է իր ժողովրդին
    2002 Դիտարան
  • Աստծո լույսը ցրում է խավարը
    2002 Դիտարան
  • Կազմակերպության կառույցի զարգացումը
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
Ավելին
2006 Դիտարան
w06 2/15 էջ 26–30

Քայլենք ծագող լույսի ճանապարհով

«Արդարների ճանապարհը ծագող լոյսի պէս է. որ գնալով լուսաւորվում է, մինչեւ որ կատարեալ օր է դառնում» (ԱՌԱԿԱՑ 4։18)։

1, 2. Եհովայի կողմից ուղարկվող հոգևոր լույսը ինչպե՞ս է անդրադառնում նրա ժողովրդի վրա։

ԿԱ՞ ՄԵԿԸ, որ ավելի լավ կնկարագրի, թե ինչպես է ծագող արևը ցրում գիշերային խավարը, քան ինքը լույսի Աղբյուրը՝ Եհովա Աստված (Սաղմոս 36։9)։ ‘Երբ արշալույսը բռնում է երկրի ծայրերը, այն փոխվում է, ինչպես կավը՝ կնիքի տակ։ Եվ ամեն բան զգեստ է հագնում’ (Յոբ 38։12–14)։ Արևից ավելի ու ավելի լուսավորվելով՝ երկիրը փոխվում է, քանի որ ամեն ինչ հետզհետե ուրվագծվում է և սկսում է հստակ երևալ։ Դա նման է այն բանին, թե ինչպես է փափուկ կավը փոխվում կնիքի տակ՝ ստանալով նրա դրոշմի ձևը։

2 Եհովան նաև հոգևոր լույսի Աղբյուրն է (Սաղմոս 43։3)։ Ու թեև աշխարհը ընկղմված է անթափանց խավարի մեջ, ճշմարիտ Աստված շարունակում է լուսավորել իր ժողովրդին։ Արդյունքո՞ւմ։ «Արդարների ճանապարհը ծագող լոյսի պէս է. որ գնալով լուսաւորվում է, մինչեւ որ կատարեալ օր է դառնում»,— պատասխանում է Աստվածաշունչը (Առակաց 4։18)։ Եհովայի կողմից ուղարկվող լույսը, որ գնալով ավելի պայծառ է դառնում, շարունակում է լուսավորել Աստծու ժողովրդի ճանապարհը։ Այն օգնում է նրանց բարեփոխվել թե՛ կազմակերպչական, թե՛ ուսմունքային և թե՛ բարոյական հարցերում։

Կազմակերպչական բարեփոխումներ

3. Ի՞նչ խոստում էր տրվել Եսայիա 60։17–ում։

3 Եսայիա մարգարեի միջոցով Եհովան ասել էր. «Պղնձի տեղ ոսկի պիտի բերեմ, եւ երկաթի տեղ պիտի արծաթ բերեմ, եւ փայտերի տեղ, պղինձ, եւ քարերի տեղ՝ երկաթ» (Եսայիա 60։17)։ Ցածրորակ նյութը բարձրորակով փոխարինելը կարելի է անվանել բարեփոխում։ Այդպիսի բարեփոխման ականատես են եղել Եհովայի վկաները կազմակերպչական հարցերում։ Եվ դա տեղի է ունեցել «աշխարհքիս վերջի», կամ՝ վերջին օրերի ողջ ընթացքում (Մատթէոս 24։3; Բ Տիմոթէոս 3։1)։

4. Ի՞նչ նորամուծություն եղավ 1919 թ.–ին, և ինչո՞ւ էր դա օգտակար։

4 Վերջին օրերի սկզբնական շրջանում Եհովայի վկաների (այն ժամանակ՝ Աստվածաշունչ ուսումնասիրողների) ժողովներում երեցներին ու սարկավագներին ընտրում էին ժողովրդավարական եղանակով։ Սակայն որոշ երեցներ ավետարանչի ոգի չէին ցուցաբերում։ Նրանցից ոմանք ոչ միայն չէին ցանկանում մասնակցել քարոզչական ծառայությանը, այլև տարհամոզում էին ուրիշներին։ Այդ պատճառով 1919 թ.–ին մի նորամուծություն եղավ. յուրաքանչյուր ժողովում սկսեցին ծառայողական ղեկավար նշանակել։ Նա ոչ թե ընտրվում էր, այլ նշանակվում աստվածապետական ճանապարհով՝ մասնաճյուղի կողմից։ Ծառայողական ղեկավարի պարտականությունների մեջ էր մտնում քարոզչական գործի կազմակերպումը և տարածքների բաշխումը։ Նա պետք է նաև քաջալերեր ժողովի անդամներին մասնակցելու ծառայությանը։ Այդ բարեփոխումից հետո քարոզչական գործը աննախադեպ վերելք ապրեց։

5. Ի՞նչ բարեփոխում տեղի ունեցավ 1920–ականներին։

5 1922 թ.–ին Սիդար Փոյնթում (Օհայո, ԱՄՆ) տեղի ունեցած համաժողովի ժամանակ մի կոչ արվեց, որը նոր լիցք հաղորդեց Աստծու բոլոր ծառաներին։ Այդ կոչն էր՝ «Հռչակե՛ք, հռչակե՛ք, հռչակե՛ք Թագավորին և նրա թագավորությունը»։ 1927 թ.–ին կիրակի օրը պաշտոնապես հատկացվեց քարոզչական ծառայությանը, քանի որ այն ամենահարմար օրն էր տնետուն քարոզելու համար։ Ինչո՞ւ։ Կիրակի օրը մարդկանց մեծ մասը չէր աշխատում։ Այսօր Եհովայի վկաները նույն ոգին են ցուցաբերում՝ ջանք թափելով մարդկանց այցելել այն ժամանակ, երբ հավանականությունը մեծ է, որ նրանք տանը կլինեն. օրինակ՝ հանգստյան օրերին ու երեկոյան ժամերին։

6. Ի՞նչ բանաձև ընդունվեց 1931 թ.–ին, և ինչպե՞ս դա անդրադարձավ Թագավորության ավետման գործի վրա։

6 Թագավորության ավետման գործի համար շրջադարձային նշանակություն ունեցավ 1931 թ. հուլիսի 26–ը։ Այդ օրը Կոլումբուսում (Օհայո) անցկացվող համաժողովի ժամանակ ընթերցվեց մի բանաձև, որն ուրախությամբ ընդունվեց ինչպես այդ, այնպես էլ հետագայում կայացած բոլոր համաժողովներում։ Բանաձևում մասնավորապես ասվում էր. «Մենք Եհովա Աստծու ծառաներն ենք և ունենք մի հանձնարարություն, որը պետք է կատարենք նրա անվան համար և նրա կարգադրությանը հնազանդվելով։ Մենք պետք է վկայություն տանք Հիսուս Քրիստոսի մասին և մարդկանց հայտնենք, որ Եհովան է ճշմարիտ, Ամենակարող Աստվածը։ Այդ իսկ պատճառով մենք ուրախ ենք ընդունելու և կրելու այն անունը, որը տրվել է մեզ Տեր Աստծու բերանով, և ցանկանում ենք ճանաչվել ու հայտնի լինել որպես Եհովայի վկաներ» (Եսայիա 43։10)։ Այդ անունը ակնհայտորեն ցույց էր տալիս, թե որն է այն կրողների գլխավոր գործը։ Այո՛, Եհովան հանձնարարություն էր տվել, որը պետք է կատարեին նրա բոլոր ծառաները։ Ի՜նչ ոգևորությամբ ընդունվեց այդ բանաձևը։

7. Ի՞նչ նորամուծություն եղավ 1932 թ.–ին և ի՞նչ նպատակով։

7 Բազմաթիվ երեցներ խոնարհաբար սկսեցին մասնակցել ծառայությանը։ Որոշ տեղերում, սակայն, ժողովրդավարական ճանապարհով ընտրված երեցները հակառակվեցին այն մտքին, որ քարոզչական գործին պետք է մասնակցեն ժողովի բոլոր անդամները։ Բայց առջևում նոր բարեփոխումներ էին սպասվում։ 1932 թ.–ին ժողովները «Դիտարան» պարբերագրի միջոցով մի հրահանգ ստացան, համաձայն որի՝ նրանք այլևս չպետք է երեցներ ու սարկավագներ ընտրեին։ Փոխարենը՝ պետք է ընտրվեր Ծառայողական կոմիտե՝ բաղկացած հոգևորապես հասուն տղամարդկանցից, որոնք մասնակցում էին ծառայությանը։ Փաստորեն, ժողովին հոգ տանելու գործը վստահվեց այն անհատներին, ովքեր եռանդուն քարոզիչներ էին։ Շնորհիվ դրա՝ քարոզչական գործունեությունը ավելի մեծ վերելք ապրեց։

Ծագող լույսը նոր բարեփոխումներ է բերում

8. Ի՞նչ բարեփոխում եղավ 1938 թ.–ին։

8 Լույսը ավելի ու ավելի պայծառ էր դառնում։ 1938 թ.–ին ժողովներում ընտրություններն ընդհանրապես դադարեցվեցին։ Բոլոր պատասխանատու եղբայրները պետք է նշանակվեին աստվածապետական ճանապարհով՝ ‘հավատարիմ և իմաստուն ծառայի’ վերահսկմամբ (Մատթէոս 24։45–47)։ Այդ նորամուծությունը պատրաստակամորեն ընդունեցին Եհովայի վկաների գրեթե բոլոր ժողովները։ Արդյունքում քարոզչական գործը շարունակեց պտուղներ բերել։

9. Ի՞նչ նորամուծություն եղավ 1972 թ.–ին, և ինչո՞ւ կարելի է ասել, որ դա բարեփոխում էր։

9 1972 թ. հոկտեմբերի 1–ին ժողովի վերահսկման համակարգում մեկ ուրիշ փոփոխություն մտցվեց։ Վկաների ժողովների վերահսկումը պետք է իրականացվեր երեցների խորհուրդների, և ոչ թե մի վերակացուի՝ ժողովի ծառայողի կողմից, ինչպես նախկինում էր։ Այս նորամուծությունը քաջալերեց հոգևորապես հասուն տղամարդկանց համապատասխանելու այն պահանջներին, որոնք անհրաժեշտ են ժողովի վերակացու դառնալու համար (Ա Տիմոթէոս 3։1–7)։ Արդյունքում՝ պատասխանատու եղբայրների թիվը շատացավ։ Ի՜նչ արժեքավոր օգնություն ցույց տվեցին նրանք՝ հովվելով բազում նոր անհատներին, որոնք ընդունեցին ճշմարտությունը։

10. Ի՞նչ փոփոխություն եղավ 1976 թ.–ին։

10 Որոշ ժամանակ անց Կառավարիչ մարմնի անդամներն ընդգրկվեցին վեց կոմիտեներում, ու 1976 թ. հունվարի 1–ից կազմակերպության և բոլոր ժողովների գործունեությունը հանձնվեց դրանց վերահսկողությանը։ Փաստորեն, աստվածապետական գործունեության բոլոր ոլորտների կազմակերպումը սկսեց իրականացվել ‘խորհրդականների շատությամբ’։ Շնորհիվ դրա՝ Թագավորության գործը վերելք ապրեց (Առակաց 15։22; 24։6)։

11. Ի՞նչ բարեփոխում եղավ 1992 թ.–ին և ո՞ր նպատակով։

11 1992 թ.–ին մի նոր բարեփոխում եղավ, որը նման էր այն բանին, թե ինչ տեղի ունեցավ իսրայելացիների և նրանց միացած մարդկանց հետ Բաբելոնի գերությունից հետո։ Այն ժամանակ ղևտացիները քիչ էին և ի վիճակի չէին կատարել տաճարի համար անհրաժեշտ բոլոր գործերը։ Ուստի նրանց օգնելու նպատակով ավելի շատ հանձնարարություններ տրվեցին նաթանայիմներին, որոնք ծագումով իսրայելացիներ չէին։ Նմանապես, 1992 թ.–ին լրացուցիչ պատասխանատվություններ տրվեցին ‘ուրիշ ոչխարներից’ ոմանց, որպեսզի նրանք օգնեն հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգին կատարելու օրեցօր շատացող իր պարտականությունները։ Ուրիշ ոչխարները սկսեցին աջակցել Կառավարիչ մարմնի կոմիտեներին (Յովհաննէս 10։16)։

12. Եհովան ինչպե՞ս է խաղաղությունը դարձրել մեր «վերակացուն»։

12 Ի՞նչ արդյունք բերեց այս ամենը։ «Քո վերակացուներդ պիտի շինեմ խաղաղութիւնը, եւ քո ոստիկաններդ [«իշխաններդ», ԱԱ]՝ արդարութիւնը»,— ասում է Եհովան (Եսայիա 60։17)։ Եհովայի ծառաների մեջ այսօր ‘խաղաղություն’ է տիրում։ Իսկ ‘արդարության’ հանդեպ սերը դարձել է նրանց ‘իշխանը’, այսինքն՝ այն ուժը, որը մղում է ծառայել Աստծուն։ Եհովայի ժողովուրդը լավ է կազմակերպված Թագավորության լուրը քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործը կատարելու համար (Մատթէոս 24։14; 28։19, 20)։

Լույս՝ ուսմունքային հարցերում

13. 1920–ականներին Եհովան ուսմունքային ո՞ր հարցերում լուսավորեց իր ժողովրդի ճանապարհը։

13 Եհովան աստիճանաբար լուսավորել է իր ժողովրդի ճանապարհը նաև ուսմունքային հարցերում։ Ահա մի օրինակ՝ կապված Յայտնութիւն 12։1–9 համարների հետ։ Այնտեղ հիշատակվում են երեք խորհրդանշական կերպարներ՝ մի հղի «կին», որը ծննդաբերում է, «վիշապ» և կնոջ ‘արու զավակը’։ Գիտե՞ք, թե ինչ է խորհրդանշում նրանցից յուրաքանչյուրը։ Այդ ամենը լուսաբանվեց «Ազգի ծնունդը» հոդվածում, որը տպագրվեց «Դիտարանի» 1925 թ. մարտի 1–ի համարում։ Շնորհիվ դրա՝ Աստծու ժողովուրդն ավելի լավ հասկացավ այն մարգարեությունները, որոնք վերաբերում են Թագավորության ծնունդին։ Պարզ դարձավ, որ գոյություն ունի երկու կազմակերպություն՝ Եհովայի ու Սատանայի։ Ավելի ուշ՝ 1927–1928 թթ.–ին, Եհովայի ծառաները հասկացան, որ սուրբգրային հիմքեր կան չտոնելու Սուրբ Ծնունդը և ծննդյան օրերը, ուստիև դադարեցին նշել դրանք։

14. Ո՞ր ճշմարտությունները բացահայտվեցին 1930–ականներին։

14 1930 թ.–ին լույս սփռվեց ևս երեք ուսմունքային հարցերի վրա։ Աստվածաշունչ ուսումնասիրողները տարիներ շարունակ հավատում էին, որ Յայտնութիւն 7։9–17-ում հիշատակվող ‘մեծ բազմությունը’ (ԱԱ) տարբերվում է 144 000–ից, որոնք Քրիստոսի հետ կառավարելու են որպես թագավորներ ու քահանաներ (Յայտնութիւն 5։9, 10; 14։1–5)։ Սակայն երկար ժամանակ անհայտ էր, թե կոնկրետ ո՞ւմ է խորհրդանշում մեծ բազմությունը։ Ինչպես որ ծագող լույսն է օգնում նշմարել առարկաները և տարբերել դրանց գույնը, այնպես էլ հոգևոր լույսը 1935 թ.–ին օգնեց հասկանալու, որ մեծ բազմությունը խորհրդանշում է նրանց, ովքեր փրկվելու են ‘մեծ նեղությունից’ և հավիտյան ապրելու են երկրի վրա։ Նույն թվին պարզ դարձավ մեկ ուրիշ բան, որը վերաբերում էր Եհովայի վկաների դպրոցահասակ երեխաներին։ Ազգայնամոլության տենդով տառապող այս աշխարհում Վկաները հասկացան, որ դրոշին պատիվ տալը զուտ ձևական բնույթ կրող բան չէ։ Հաջորդ տարի բացահայտվեց ևս մի ճշմարտություն՝ այն, որ Քրիստոսը մահացել էր փայտի վրա և ոչ թե խաչի (Գործք 10։39)։

15. Ե՞րբ և ինչպե՞ս առաջ քաշվեց արյան սրբության հարցը։

15 Երկրորդ աշխարհամարտից անմիջապես հետո հոգևոր լույս սփռվեց նաև արյան սրբությանը վերաբերող ճշմարտության վրա, մինչդեռ պատերազմի ժամանակ լայն տարածում էր ստացել արյան փոխներարկման մեթոդը, որը կիրառում էին վիրավոր զինվորներին բուժելիս։ 1945 թ. հուլիսի 1–ի «Դիտարանում» (անգլ.) այսպիսի հորդոր էր տրվում. «Եհովայի բոլոր երկրպագուները, որոնք փափագում են հավիտենական կյանք ստանալ նրա արդար նոր աշխարհում, արյունը պետք է սուրբ համարեն և անչափ կարևոր այդ հարցում վարվեն Աստծու արդար կարգադրությունների համաձայն»։

16. Ե՞րբ լույս տեսավ «Նոր աշխարհ թարգմանությունը», և որո՞նք են նրա առանձնահատկություններից երկուսը։

16 1946 թ.–ին ակնհայտ դարձավ, որ կարիք կա Աստվածաշնչի նոր թարգմանություն կատարելու, որտեղ հաշվի կառնվեն աստվածաշնչագետների վերջին աշխատանքները, և որն աղավաղված չի լինի քրիստոնեական աշխարհի դոգմաներով։ Այդ գործը սկսվեց 1947 թ. դեկտեմբերին, և 1950 թ.–ին անգլերեն լեզվով լույս տեսավ «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը»։ Եբրայերեն Գրությունների անգլերեն թարգմանությունը լույս տեսավ աստիճանաբար՝ հինգ հատորով՝ սկսած 1953 թ.–ից։ Վերջին հատորը հրատարակվեց 1960 թ.–ին՝ մոտ 12 տարի անց այն ժամանակվանից, երբ սկսվեցին Աստվածաշնչի թարգմանության աշխատանքները։ «Սուրբ Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» ամբողջությամբ՝ մեկ հատորով, լույս տեսավ 1961 թ.–ին։ Ներկայումս այն առկա է բազմաթիվ լեզուներով։ Այս թարգմանությունը մի շարք հիանալի առանձնահատկություններ ունի։ Այնտեղ վերականգնված է Աստծու «Եհովա» անունը։ Ավելին, քանի որ թարգմանիչները աշխատել են հնարավորին չափ պահպանել բնագիր լեզվի բառերը, դա օգնել է Եհովայի ծառաներին շարունակաբար բարելավվել սուրբգրային ճշմարտությունը հասկանալու հարցում։

17. Ո՞ր ճշմարտության վրա լույս սփռվեց 1962 թ.–ին։

17 1962 թ.–ին ճշտվեց, թե ում են ներկայացնում Հռովմայեցիս 13։1–ում հիշատակվող ‘բարձր իշխանությունները’, և ինչ չափով քրիստոնյան պետք է հնազանդվի նրանց։ «Հռովմայեցիս» գրքի 13–րդ գլխի, ինչպես նաև Տիտոս 3։1, 2, Ա Պետրոս 2։13, 17 և նման այլ համարների մանրակրկիտ ուսումնասիրության շնորհիվ պարզ դարձավ, որ ‘բարձր իշխանությունները’ ներկայացնում են ոչ թե Եհովա Աստծուն ու Հիսուս Քրիստոսին, այլ մարդակերտ պետական իշխանություններին։

18. Ո՞ր ճշմարտությունները պարզ դարձան 1980–ականներին։

18 Արդարների ճանապարհն ավելի ու ավելի էր լուսավորվում։ 1985 թ.–ին բացատրվեց, թե ինչ է նշանակում արդար հայտարարվել «կեանքի» համար և արդար համարվել որպես Աստծու բարեկամ (Հռովմայեցիս 5։18; Յակոբոս 2։23)։ 1987 թ.–ին մանրամասնորեն մեկնաբանվեց քրիստոնեական Հոբելյանի իմաստը։

19. Վերջին տարիներին Եհովան ինչպե՞ս է ավելի վառ լույս սփռել իր ժողովրդի վրա։

19 1995 թ.–ին ճշգրտվեց ‘ոչխարների’ և ‘այծերի’ մասին առակը։ 1998–ին հանգամանորեն բացատրվեց տաճարի վերաբերյալ Եզեկիելի տեսիլքը, որ արդեն կատարվում է։ 1999 թ.–ին ճշտվեց, թե երբ և ինչպես է ‘ավերածի պղծությունը կանգնելու սրբության տեղում’ (Մատթէոս 24։15, 16; 25։32)։ Իսկ 2002 թ.–ին ավելի հասկանալի դարձավ, թե ինչ է նշանակում երկրպագել Աստծուն ոգով և ճշմարտությամբ (Յովհաննէս 4։24, ՆԱ)։

20. Ո՞ր ասպարեզում է Աստծու ժողովուրդը բարեփոխումների ականատես եղել։

20 Բարեփոխումներ տեղի ունեցան ոչ միայն կազմակերպչական և ուսմունքային հարցերում, այլև քրիստոնեական վարքի վերաբերյալ մեր պատկերացումներում։ Օրինակ՝ 1973 թ.–ին պարզ դարձավ, որ ծխախոտի օգտագործումը ‘մարմնի պղծություն’ է և լուրջ մեղք (Բ Կորնթացիս 7։1)։ Տասը տարի անց 1983 թ. հուլիսի 15–ի «Դիտարանում» ճշգրտվեց մեր տեսակետը հրազենի օգտագործման վերաբերյալ։ Բոլոր այս փաստերն ընդամենը մի քանի օրինակներ են այն բանի, թե ինչպես է հոգևոր լույսը ավելի պայծառ դարձել մեր օրերում։

Շարունակիր քայլել լույսի ճանապարհով

21. Ի՞նչը կօգնի, որ շարունակենք քայլել լույսի ճանապարհով։

21 «Հնարավոր է դժվար լինի ընդունել նորամուծությունը և ջանք թափել դրան համապատասխանելու»,— ասում է երկար տարիների փորձ ունեցող մի երեց։ Ի՞նչն է օգնել նրան ընդունելու այն բազմաթիվ բարեփոխումները, որոնց ականատես է եղել ճշմարտության մեջ իր անցկացրած 48 տարիների ընթացքում։ «Առաջին հերթին հարկավոր է ճիշտ վերաբերմունք ունենալ դրա հանդեպ,— պատասխանում է նա։— Մերժել բարեփոխումը նշանակում է ետ մնալ կազմակերպությունից, որն առաջ է ընթանում։ Երբ զգում եմ, որ դժվարանում եմ ընդունել նորամուծությունը, սկսում եմ խորհել այն խոսքերի շուրջ, որոնք Պետրոսն ասել էր Հիսուսին. «Տէր, ո՞ւմ մօտ գնանք. յաւիտենական կեանքի խօսքեր ունիս դու»։ Ապա հարցնում եմ ինքս ինձ. «Ո՞ւր եմ ես գնալու. խավարի մեջ կորած այս աշխա՞րհը»։ Դա օգնում է ինձ մնալ Աստծու կազմակերպության մեջ և չսասանվել» (Յովհաննէս 6։69)։

22. Ի՞նչ օգուտ ենք քաղում լույսի ճանապարհով քայլելուց։

22 Ակնհայտ է, որ աշխարհը թաղված է խավարի մեջ։ Եվ քանի որ Եհովան անընդհատ լույս է սփռում իր ժողովրդի վրա, Աստծու ծառաների և աշխարհի միջև եղած անդունդն է՛լ ավելի է մեծանում։ Իսկ ի՞նչ օգուտներ է տալիս մեզ այդ լույսը։ Եթե լույս ուղղենք մութ ճանապարհին եղող փոսի վրա, այն, իհարկե, չի լցվի։ Նմանապես. Աստծու Խոսքից ճառագող հոգևոր լույսը չի հեռացնում մեր առջև դրված ծուղակները։ Բայց այն օգնում է շրջանցել դրանք, որպեսզի կարողանանք շարունակաբար քայլել լույսի ճանապարհով։ Ուրեմն եկեք մեր ուշադրությունը միշտ պահենք Եհովայի մարգարեական խոսքի վրա, «ինչպէս մի ճրագի որ լոյս է տալիս մութ տեղը» (Բ Պետրոս 1։19)։

Հիշո՞ւմ եք

• Ի՞նչ բարեփոխումներ մտցրեց Եհովան կազմակերպչական հարցերում։

• Եհովան ո՞ր ճշմարտությունների վրա լույս սփռեց։

• Ո՞ր նորամուծություններին ես ականատես եղել անձամբ դու, և ի՞նչն է քեզ օգնել ընդունելու դրանք։

• Ինչո՞ւ ես ցանկանում քայլել լույսի ճանապարհով։

[նկար 26-րդ էջի վրա. թույլտվությամբ]

© 2003 BiblePlaces.com

[նկարներ 27-րդ էջի վրա]

1922 թ.–ին Սիդար Փոյնթում տեղի ունեցած համաժողովը լիցք հաղորդեց Աստվածաշունչ ուսումնասիրողներին՝ մղելով կատարելու Աստծու գործը

[նկար 29-րդ էջի վրա]

«Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը», որի լույսընծայման մասին հայտարարեց Ն. Նորը 1950 թ.–ին

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը