«Հանդարտ ջրերի մօտ՝ տանում է ինձ»
Աստվածաշնչում հիշատակվող երկրների շոգ կլիմայի պատճառով ոչխարները ամեն օր ջուր խմելու պահանջ են զգում։ Ուստի հովվի պարտականության մեջ գլխավոր տեղ է զբաղեցնում հոտին ջրով ապահովելը։ Երբեմն հովիվները հոտին ջուր են տալիս ջրհորից. ջուրը լցնում են տաշտերը, որպեսզի ոչխարները խմեն այնտեղից (Ծննդոց 29։1–3)։ Այդ տեղանքներում հատկապես անձրևների սեզոնին ջրառատ արոտավայրեր են լինում առվակների ու գետերի մոտ (Սաղմոս 23։2)։
Բանիմաց հովիվը պետք է գիտենա, թե որտեղ կարելի է հոտի համար և՛ ջուր, և՛ փարթամ արոտավայր գտնել։ Տեղանքին քաջածանոթ լինելը երաշխիք է հոտի փրկության համար։ Դավիթ թագավորը, որ երկար տարիներ հովվություն էր արել Հուդայի հովիտներում, Աստծո կողմից եկած հոգևոր առաջնորդությունը համեմատեց այն հովվի հետ, որն իր ոչխարներին տանում է դեպի լավ արոտավայրեր ու կենսատու ջրերի աղբյուրներ։ «Հանդարտ ջրերի մօտ՝ տանում է ինձ»,— ասում է Դավիթը (Սաղմոս 23։1–3)։
Տարիներ անց Եհովան նմանատիպ համեմատություն արեց իր Եզեկիել մարգարեի միջոցով։ Նա խոստացավ հավաքել իր ժողովրդին, որ ցրված էր տարբեր երկրներում, ինչպես որ հովիվն է հավաքում իր ոչխարներին։ «Նորանց.... պիտի բերեմ նորանց երկիրը եւ նորանց պիտի արածեցնեմ Իսրայէլի սարերի վերայ, ձորերումը» (Եզեկիէլ 34։13)։
Եհովա Աստված նույնպես մտահոգված է իր ժողովրդին հոգևոր ջրերով ապահովելով։ «Յայտնութիւն» գրքում նկարագրվում է «կենդանի ջրի» մի գետ, որը հոսում է Աստծո աթոռից (Յայտնութիւն 22։1)։ Այդ գետից ջուր խմելու են հրավիրվում բոլոր մարդիկ։ «Նա որ կամենում է՝ թող առնէ կեանքի ջուրը ձրի» (Յայտնութիւն 22։17)։
Այդ սիմվոլիկ կյանքի ջուրը ներկայացնում է հավիտենական կյանքի համար Աստծո ձեռնարկած միջոցները։ ‘Ճանաչելով միակ ճշմարիտ Աստծուն և նրան, որ ուղարկել է Աստված՝ Հիսուս Քրիստոսին’՝ ցանկացած անհատ կարող է խմել այդ ջրից՝ հագեցնելով իր ծարավը (Յովհաննէս 17։3)։