Իսկապես գնահատո՞ւմ ես օրհնություններդ
ՀՐԱՇՔՈՎ ազատագրվելով եգիպտական ստրկությունից՝ Իսրայելի որդիները սկզբում ուրախ էին, որ կարող են ազատորեն երկրպագել Եհովային (Ելք 14։29–15։1, 20, 21)։ Սակայն կարճ ժամանակ անց նրանց տրամադրվածությունը փոխվեց։ Իսրայելացիները սկսեցին գանգատվել այն իրավիճակից, որում հայտնվել էին։ Ինչո՞ւ։ Քանի որ այլևս չէին կենտրոնանում այն բաների վրա, ինչ Եհովան արել էր իրենց համար։ Նրանք կենտրոնանում էին անապատային կյանքի անհարմարությունների վրա։ Ժողովուրդն ասաց Մովսեսին. «Ինչո՞ւ մեզ հանեցիք Եգիպտոսից, որ անապատում մեռնե՞նք։ Այստեղ ո՛չ հաց կա, ո՛չ էլ ջուր, և մեր հոգին զզվել է այդ նողկալի հացից [մանանայից]» (Թվեր 21։5)։
Դարեր անց հին Իսրայելի Դավիթ թագավորը երգեց. «Ես քո սիրառատ բարությանն եմ ապավինում, թող իմ սիրտը քո տված փրկությամբ ցնծա։ Եհովային եմ գովերգելու, որովհետև նա ինձ բարիով վարձատրեց» (Սաղ. 13։5, 6)։ Դավիթը չէր մոռանում այն գործերը, որոնք Եհովան սիրառատ բարությամբ արել էր իր համար։ Ընդհակառակը՝ նա կանոնավորաբար ժամանակ էր հատկացնում, որ խորհի դրանց շուրջ (Սաղ. 103։2)։ Եհովան մեզ էլ է վարձատրել, և լավ կլինի, որ սովորական բան չհամարենք այն, ինչ արել է մեզ համար։ Ուստի եկեք քննենք նրա տված օրհնություններից մի քանիսը, որոնք վայելում ենք այսօր։
«Եհովայի հետ մտերմություն»
Սաղմոսերգուն երգեց. «Եհովայի հետ մտերմությունը նրանից վախեցողներինն է» (Սաղ. 25։14)։ Ի՜նչ մեծ առանձնաշնորհում է անկատար մարդկանց համար մտերիմ փոխհարաբերություններ ունենալ Եհովայի հետ։ Սակայն պատկերացրու, թե այնքան ենք տարվել առօրյա գործերով, որ քիչ ժամանակ ենք տրամադրում աղոթքին։ Մտածիր՝ կունենա՞նք արդյոք այդ ժամանակ լավ փոխհարաբերություններ Եհովայի հետ։ Որպես մեր Ընկեր՝ Եհովան ակնկալում է մեզանից, որ կվստահենք իրեն ու մեր սիրտը աղոթքում կբացենք իր առաջ՝ հայտնելով մեր մտավախությունների, ցանկությունների ու անհանգստությունների մասին (Առակ. 3։5, 6; Փիլիպ. 4։6, 7)։ Ուստի չպե՞տք է արդյոք ուշադրություն դարձնենք մեր աղոթքների որակին։
Երբ Փոլ անունով մի երիտասարդ Վկա մտածեց իր աղոթքների մասին, հասկացավ, որ պետք է բարելավի դրանքa։ Նա ասաց. «Եհովային աղոթելիս նույն բառերն էի կրկնում»։ Երբ Փոլը ««Դիտարանի» հրատարակությունների ցանկում» փնտրտուքներ արեց այդ հարցի վերաբերյալ, իմացավ, որ Աստվածաշնչում մոտ 180 աղոթք կա։ Դրանցում հին ժամանակներում ապրող Եհովայի ծառաներն արտահայտում էին իրենց ամենախոր զգացմունքները։ Եղբայրն ասաց. «Աստվածաշնչյան այդ օրինակների շուրջ խորհելով՝ սովորեցի կոնկրետ բաների մասին աղոթել։ Դա օգնեց ինձ բացելու սիրտս Եհովայի առաջ։ Այժմ ինձ շատ հաճելի է աղոթել ու այդպիսով մոտենալ նրան»։
«Ճիշտ ժամանակին» տրված կերակուր
Մեկ այլ օրհնություն, որ ստացել ենք Եհովայից, աստվածաշնչյան բազում ճշմարտություններն են։ Ունենալով առատ և հարուստ հոգևոր սնունդ՝ մենք «սրտի բերկրանքից ուրախ բացականչելու» պատճառ ունենք (Ես. 65։13, 14)։ Սակայն պետք է զգույշ լինենք, որ չենթարկվենք վատ ազդեցություններին և այդպիսով կորցնենք ճշմարտության հանդեպ մեր նախանձախնդրությունը։ Օրինակ՝ հավատուրացների պրոպագանդային ուշադրություն դարձնելը կարող է մթագնել մեր միտքը և կուրացնել մեզ, որ չգնահատենք Եհովայի տված հոգևոր կերակուրը, որը «ճիշտ ժամանակին» ստանում ենք «հավատարիմ և իմաստուն ծառայի» միջոցով (Մատթ. 24։45–47)։
Անդրեն, որը տարիներ շարունակ ծառայել էր Եհովային, հավատուրաց մտածելակերպի պատճառով մի որոշ ժամանակ հեռացավ քրիստոնեական ժողովից։ Նրա կարծիքով՝ ոչ մի վտանգավոր բան չկար հավատուրաց վեբ կայքին մի հայացք գցելու մեջ։ Նա հիշում է. «Սկզբում ինձ հրապուրում էին այսպես կոչված ճշմարտությունները, որոնց մասին խոսում էին հավատուրացները։ Որքան շատ էի քննում նրանց ասածները, այնքան շատ էի սկսում մտածել, որ Եհովայի կազմակերպությունը թողնելու արդարացի պատճառներ ունեմ։ Սակայն ավելի ուշ, երբ որոշ փնտրտուքներ կատարեցի Եհովայի վկաների դեմ բերած հավատուրացների փաստարկների վերաբերյալ, հասկացա, թե որքան խորամանկ են կեղծ ուսուցիչները։ Մեր դեմ ունեցած նրանց «ուժեղ ապացույցը» համատեքստից վերցված ինֆորմացիան էր։ Ուստի որոշեցի կրկին կարդալ մեր հրատարակությունները և հաճախել ժողովի հանդիպումներին։ Շուտով հասկացա, թե որքան բան եմ բաց թողել»։ Ուրախալի է, որ Անդրեն վերադարձավ ժողով։
«Ողջ եղբայրությունը»
Մեր սիրառատ, միասնական եղբայրությունը Եհովայի տված օրհնություններից մեկն է (Սաղ. 133։1)։ Հիմնավոր պատճառներ ունենալով՝ Պետրոս առաքյալը գրեց. «Սիրեք ողջ եղբայրությունը» (1 Պետ. 2։17)։ Լինելով քրիստոնեական եղբայրության մի մասը՝ մենք վայելում ենք հոգևոր հայրերի, մայրերի, եղբայրների ու քույրերի ջերմ աջակցությունը (Մարկ. 10։29, 30)։
Այդուհանդերձ, տարբեր հանգամանքների պատճառով երբեմն գուցե լարվածություն առաջանա եղբայրների ու քույրերի հետ ունեցած մեր փոխհարաբերություններում։ Օրինակ՝ ուրիշի թերությունների պատճառով հեշտ է բարկանալ և քննադատաբար վերաբերվել նրան։ Եթե այդպիսի բան պատահի, պետք է հիշենք, որ Եհովան սիրում է իր ծառաներին՝ չնայած նրանց թերություններին։ Չմոռանանք նաև, որ «եթե ասում ենք, թե՝ «ոչ մի մեղք չունենք», ապա ինքներս մեզ խաբում ենք, և ճշմարտություն չկա մեր մեջ» (1 Հովհ. 1։8)։ Ուրեմն մի՞թե չպետք է ձգտենք «շարունակել համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց» (Կող. 3։13)։
Աննա անունով մի երիտասարդ աղջիկ հասկացավ քրիստոնեական եղբայրության արժեքը դառը փորձով։ Հիսուսի առակի անառակ որդու պես վարվելով՝ նա հեռացավ քրիստոնեական ժողովից, բայց հետագայում սթափվեց ու վերադարձավ ժողով (Ղուկ. 15։11–24)։ Ի՞նչ սովորեց Աննան իր փորձից։ Նա պատմում է. «Հիմա, երբ վերադարձել եմ Եհովայի կազմակերպություն, գնահատում եմ իմ բոլոր քույրերին ու եղբայրներին, թեև տեսնում են նրանց թերությունները։ Անցյալում արագ քննադատում էի նրանց։ Սակայն հիմա վճռել եմ թույլ չտալ, որ ինչ-որ բան զրկի ինձ այն օրհնություններից, որոնք վայելում եմ հավատակիցներիս շրջապատում։ Այնտեղ՝ աշխարհում, ոչ մի բան չկա, որի համար արժե թողնել մեր հոգևոր դրախտը»։
Միշտ երախտագետ եղիր օրհնություններիդ համար
Մեր հույսը, որ Աստծու Թագավորությունը լուծելու է մարդկության բոլոր խնդիրները, անգին գանձ է։ Երբ առաջին անգամ իմացանք այդ հույսի մասին, մեր սրտերը լցվեցին գնահատանքով։ Մենք զգացինք այն, ինչ զգաց Հիսուսի առակի վաճառականը, որը «վաճառեց իր ողջ ունեցվածքը», որպեսզի «մի թանկարժեք մարգարիտ» գնի (Մատթ. 13։45, 46)։ Հիսուսը չասաց, որ եկավ մի պահ, երբ վաճառականը այլևս չգնահատեց մարգարիտը։ Նմանապես, եկեք երբեք չկորցնենք գնահատանքը մեր հրաշալի հույսի հանդեպ (1 Թեսաղ. 5։8; Եբր. 6։19)։
Օրինակ՝ Ջինը, որը ավելի քան 60 տարի ծառայում է Եհովային, ասում է. «Ուրիշներին Աստծու Թագավորության մասին պատմելն է օգնել ինձ մտքումս վառ պահելու այն։ Ինձ վրա դրական ազդեցություն է թողնում, երբ տեսնում եմ, թե ինչպես են մարդկանց աչքերը սկսում փայլել, երբ հասկանում են, թե ինչ է Թագավորությունը։ Տեսնելով, թե ինչ փոփոխություն է մտցնում ճշմարտությունը Աստվածաշունչ ուսումնասիրողի կյանքում՝ մտածում եմ. «Ի՜նչ հրաշալի ճշմարտությունների մասին եմ պատմում նրանց»»։
Մենք հիմնավոր պատճառներ ունենք երախտագետ լինելու այն բազում հոգևոր օրհնությունների համար, որ վայելում ենք։ Թեև գուցե բախվում ենք այնպիսի փորձությունների, ինչպիսիք են հակառակությունը, հիվանդությունը, ծերությունը, դեպրեսիան, մտերիմ մարդու ծանր կորուստը և տնտեսական դժվարությունները, գիտենք, որ դրանք ժամանակավոր են։ Աստծու Թագավորության ներքո մեր հոգևոր օրհնություններին կավելանան ֆիզիկական օրհնությունները։ Նոր համակարգում անցյալի գիրկը կանցնեն այն բոլոր տառապանքները, որ կրում ենք այսօր (Հայտն. 21։4)։
Եկեք հաշվենք մեր հոգևոր օրհնությունները և դրսևորենք այն նույն գնահատանքը, որը դրսևորեց սաղմոսերգուն՝ երգելով. «Շատ են քո զարմանահրաշ գործերը, որ արել ես մեզ համար, ո՛վ Եհովա, իմ Աստվա՛ծ, և շատ են մեր մասին քո մտածմունքները։ Չկա մեկը, որ քեզ հետ համեմատվի։ Կպատմեմ ու կխոսեմ դրանց մասին, սակայն դրանք այնքան շատ են, որ չեմ կարող հաշվել» (Սաղ. 40։5)։
[ծանոթագրություն]
a Անունները փոխված են։
[նկար 18-րդ էջի վրա]
Հոգևոր աջակցությունը, որ ստանում ենք փորձությունների ժամանակ, օրհնություն է