Գնա անարատության ճանապարհով
«Ես գնում եմ անարատութիւնով» (ՍԱՂՄՈՍ 26։11)։
1, 2. ա) Ինչո՞ւ է մարդու անարատության հարցը Աստծո տիեզերական գերիշխանության հարցի կարևոր մասը կազմում։ բ) Ինչպե՞ս կարող են բանական էակները ցույց տալ, որ Եհովայի գերիշխանության կողմն են բռնել։
ԵԴԵՄԻ պարտեզում ապստամբելով՝ Սատանան տիեզերական հարց բարձրացրեց, թե արդյո՞ք Աստված իրավունք ունի իշխելու իր ստեղծած բոլոր բանական էակների վրա։ Հետագայում նա պնդեց, որ մարդն Աստծուն կծառայի միայն այն դեպքում, եթե դա իրեն օգուտ բերի (Յոբ 1։9–11; 2։4)։ Այսպես՝ մարդու անարատության հարցը դարձավ Եհովայի տիեզերական գերիշխանության հարցի կարևոր մասը։
2 Ճիշտ է, թեև Աստծո գերիշխանությունը կախված չէ նրա բանական էակների անարատությունից, այնուամենայնիվ, մարդիկ և Աստծո ոգեղեն որդիները կարող են ցույց տալ իրենց դիրքորոշումն այս հարցում։ Ինչպե՞ս. գնալով անարատության ճանապարհով կամ մերժելով այն։ Փաստորեն, անձնավորության անարատությունը ծանրակշիռ հիմք է, որով նա կդատվի։
3. ա) Հոբը և Դավիթը ցանկանում էին, որ Եհովան ի՞նչը ստուգեր ու դատեր։ բ) Անարատության հետ կապված ի՞նչ հարցեր են առաջ գալիս։
3 Հոբը վստահությամբ ասաց. «[Եհովան] թող կշռէ ինձ արդարութեան կշռով, եւ իմանայ Աստուած իմ կատարելութիւնը [«անարատությունը», ՆԱ]» (Յոբ 31։6)։ Իսկ հին Իսրայելի Դավիթ թագավորը Եհովային ուղղված աղոթքում խնդրեց ստուգել իր անարատությունը. «Ով Տէր, իրաւունք արա [«դատէ», ԱԱ] ինձ, որովհետեւ ես անարատութիւնով գնացի, եւ Տիրոջը յուսացայ. ես չեմ սասանիլ» (Սաղմոս 26։1)։ Ուրեմն որքա՜ն կարևոր է, որ մենք էլ գնանք անարատության ճանապարհով։ Իսկ ի՞նչ է անարատությունը, և ի՞նչ է նշանակում գնալ անարատության ճանապարհով։ Ի՞նչը մեզ կօգնի, որ մնանք այդ ճանապարհին։
«Ես անարատութիւնով գնացի»
4. Ի՞նչ է անարատությունը։
4 Լինել անարատ նշանակում է լինել ուղղամիտ, անմեղ, արդար և անբիծ։ Սակայն անարատությունն ավելին է, քան ճիշտն անելը։ Անարատությունը բարոյական առումով հաստատակամ լինելն է, Աստծուն ողջ սրտով նվիրված լինելը։ Սատանան հարցականի տակ դրեց Հոբի մղումները՝ ասելով Աստծուն. «Հիմա մեկնիր ձեռքդ եւ դպցրու [Հոբի] ոսկորին եւ նորա մարմնին, և տես թէ որ քո երեսին քեզ չ’հայհոյէ» (Յոբ 2։5)։ Այո, ճիշտ վարվելուց բացի, անարատությունը պահանջում է ճիշտ մղումներ ունենալ։
5. Ինչի՞ց է երևում, որ անարատություն պահելու համար չի պահանջվում կատարյալ լինել։
5 Սակայն անարատություն պահելու համար չի պահանջվում կատարյալ լինել։ Դավիթ թագավորն անկատար էր և իր կյանքի ընթացքում մի քանի լուրջ սխալներ գործեց։ Այդուհանդերձ, Աստվածաշնչում ասվում է, որ նա «անարատ սրտով» (ՆԱ) էր քայլում (Գ Թագաւորաց 9։4)։ Ինչո՞ւ. քանի որ Դավիթը սիրում էր Եհովային ու ողջ սրտով նվիրված էր նրան։ Նա պատրաստակամորեն ընդունում էր իր սխալները, չէր մերժում հանդիմանությունը և շտկում էր իր ճանապարհները։ Այո, Դավիթի անարատությունը երևում է նրանից, որ նա ողջ սրտով նվիրված էր իր Աստծուն՝ Եհովային, ու սիրում էր նրան (Բ Օրինաց 6։5, 6)։
6, 7. Ի՞նչ է ընդգրկում անարատությամբ գնալը։
6 Անարատությունը չի սահմանափակվում որոշակի վարքագծով, օրինակ՝ կրոնական ջերմեռանդությամբ։ Այն հարկավոր է դրսևորել կյանքի բոլոր ասպարեզներում։ Դավիթը «գնում» էր անարատությամբ։ Ինչպես ասվում է մի աշխատությունում, ««գնալ» բայը ակնարկում է անհատի կենսաձևին» («The New Interpreter’s Bible»)։ Սաղմոսերգուն ‘ճանապարհով անմեղների’ մասին երգեց. «Երանելի են [Աստծո] վկայութիւնները պահողները, որ բոլոր սրտով խնդրում [«փնտրում», ՆԱ] են նորան։ Որովհետեւ նորանք անօրէնութիւն չեն գործում, այլ գնում են նորա ճանապարհներովը» (Սաղմոս 119։1–3)։ Անարատ լինելու համար հարկավոր է միշտ փնտրել Աստծուն՝ ձգտել կատարել նրա կամքը, և գնալ նրա ճանապարհով։
7 Անարատությամբ գնալու համար հարկավոր է նվիրված մնալ Աստծուն նույնիսկ անբարենպաստ հանգամանքներում։ Մեր անարատությունն ակնհայտ է դառնում այն ժամանակ, երբ տոկում ենք փորձություններին, ամուր ենք մնում դժվար իրավիճակներում և դիմադրում ենք այս անաստված աշխարհի գայթակղություններին։ Մենք ‘ուրախացնում ենք Եհովայի սիրտը’ այն բանով, որ հիմք ենք ստեղծում նրա համար ‘պատասխան տալու’ իրեն անարգողին (Առակաց 27։11)։ Ուստի մենք հիմնավոր պատճառներ ունենք Հոբի նման հետևյալ վճիռը կայացնելու. «Մինչեւ մեռնելս չեմ ձգելու ինձանից իմ ուղղութիւնը [«անարատությունը», ՆԱ]» (Յոբ 27։5)։ 26–րդ սաղմոսը բացատրում է, թե ինչը մեզ կօգնի անարատությամբ գնալ։
‘Զտիր իմ երիկամները և իմ սիրտը’
8. Ի՞նչ ենք սովորում Դավիթի այն խնդրանքից, որ Եհովան ‘քններ’ նրա երիկամներն ու սիրտը։
8 Դավիթն աղոթեց. «Փորձիր ինձ, Տէր, եւ քննիր ինձ. փորձիր [«զտիր», ՆԱ] իմ երիկամունքները եւ իմ սիրտը» (Սաղմոս 26։2)։ Երիկամները տեղադրված են օրգանիզմի խորին մասերում։ Դրանք խորհրդանշում են անհատի ամենախոր մտքերն ու զգացմունքները։ Իսկ սիրտը պատկերում է անհատի ներքին էությունն ամբողջությամբ՝ նրա մղումները, զգացմունքներն ու բանականությունը։ Դավիթը, աղոթելով Եհովային, որ ‘քննի’ իրեն, խնդրում էր մանրամասնորեն քննել իր ամենախոր մտքերն ու զգացմունքները։
9. Ինչպե՞ս է Եհովան ‘զտում’ մեր այլաբանական երիկամներն ու սիրտը։
9 Դավիթը խնդրում էր Եհովայից, որ ‘զտի’ իր երիկամներն ու սիրտը։ Ինչպե՞ս է Եհովան ‘զտում’ մեր ներքին անձնավորությունը։ Դավիթը երգեց. «Ես կ’օրհնեմ Տիրոջը, որ ինձ խրատ է տալիս. եւ գիշերն էլ իմ երիկամունքները յորդորում [«շտկում», ՆԱ] են ինձ» (Սաղմոս 16։7)։ Ի՞նչ է դա նշանակում։ Աստծո խորհուրդները թափանցում էին Դավիթի հոգու խորքը և այնտեղ բնակվում, շտկում էին նրա խորունկ մտքերն ու զգացմունքները։ Նույնը մեզ հետ կարող է տեղի ունենալ, եթե մենք գնահատանքով խորհրդածենք այն խորհուրդների շուրջ, որ ստանում ենք Աստվածաշնչից, Եհովայի ներկայացուցիչներից ու նրա տեսանելի կազմակերպությունից, ինչպես նաև թույլ ենք տալիս, որ այդ խորհուրդները բնակվեն մեր հոգու խորքում։ Աստծուն կանոնավորաբար աղոթելով, որ այս կերպով ‘զտի’ մեզ՝ կկարողանանք անարատությամբ գնալ։
‘Քո ողորմությունն իմ առաջին է’
10. Ի՞նչը օգնեց Դավիթին քայլելու Աստծո ճշմարտությամբ։
10 «Քո ողորմութիւնն իմ աչքի առաջին է,— շարունակեց աղոթել Դավիթը,— եւ ես քո ճշմարտութիւնումն եմ գնում» (Սաղմոս 26։3)։ Դավիթը լավ գիտեր Աստծո՝ ողորմությամբ լի գործերը և երախտագիտությամբ էր խորհում դրանց շուրջ։ Նա երգեց. «Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը, եւ մի մոռանար նորա բոլոր բարիքները»։ Աստծո ‘բարիքներից’ մեկը հիշելով՝ Դավիթն ավելացրեց. «Արդարութիւն է անում Տէրը, եւ իրաւունք բոլոր զրկեալներին։ Նա իմաց արաւ իր ճանապարհները Մովսէսին, Իսրայէլի որդկանցն՝ իր գործերը» (Սաղմոս 103։2, 6, 7)։ ‘Զրկյալներ’ ասելով Դավիթը, հավանաբար, ի նկատի ուներ Մովսեսի օրերում ապրող իսրայելացիներին, որոնք շահագործվում էին եգիպտացիների կողմից։ Խորհրդածությունն այն մասին, թե ինչպես Եհովան հայտնեց Մովսեսին իսրայելացիներին ազատագրելու «իր ճանապարհները», պետք է որ հուզեր Դավիթի սիրտը և նրան լցներ է՛լ ավելի մեծ վճռականությամբ քայլելու Աստծո ճշմարտությամբ։
11. Ի՞նչը կարող է մեզ օգնել գնալու անարատության ճանապարհով։
11 Աստծո Խոսքը կանոնավորաբար ուսումնասիրելն ու կարդացածի շուրջ խորհելը մեզ նույնպես կօգնի անարատության ճանապարհով գնալ։ Օրինակ՝ հիշելով, թե ինչպես Հովսեփը մերժեց Պետափրեսի կնոջ անբարո առաջարկները և փախավ՝ մենք անշուշտ կլցվենք վճռականությամբ «փախչելու» նման առաջարկություններից՝ լինեն դրանք մեր աշխատավայրում, դպրոցում թե մեկ այլ վայրում (Ծննդոց 39։7–12)։ Իսկ ինչպե՞ս վարվել, երբ նյութապես հարստանալու, այս աշխարհում ճանաչում գտնելու և իշխանություն ձեռք բերելու գայթակղիչ հնարավորություններ են բացվում մեր առջև։ Մեզ համար լավ օրինակ կարող է լինել Մովսեսը, որը հրաժարվեց Եգիպտոսի «գանձերից» (Եբրայեցիս 11։24–26)։ Միշտ հիշելով Հոբի տոկունությունը՝ մենք անկասկած կամրացնենք Եհովային նվիրված մնալու մեր վճռականությունը՝ չնայած հիվանդություններին ու դժբախտություններին (Յակոբոս 5։11)։ Իսկ եթե հալածանքի զոհ ենք դառնո՞ւմ։ Այդ դեպքում կարող ենք արիությամբ լցվել՝ հիշելով Դանիելի հետ տեղի ունեցած դեպքը, երբ նրան նետեցին առյուծների գուբը (Դանիէլ 6։16–22)։
«Ես ունայն մարդկանց հետ չեմ նստում»
12, 13. Ինչպիսի՞ ընկերակցություններից պետք է խուսափենք։
12 Դավիթը, հիշատակելով մեկ այլ գործոն, որն ամրացնում էր անարատությամբ գնալու իր վճռականությունը, ասաց. «Ես ունայն մարդկանց հետ չեմ նստում, եւ կեղծաւորների հետ չեմ գնում։ Ես ատում եմ չարերի ժողովքը. եւ ամբարիշտների հետ չեմ նստում» (Սաղմոս 26։4, 5)։ Դավիթը պարզապես ‘չէր նստի’ չար մարդկանց հետ։ Նա ատում էր վատ ընկերակցությունները։
13 Ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Խուսափո՞ւմ ենք ‘նստել ունայն մարդկանց’ հետ հեռուստահաղորդումների, զանազան ֆիլմերի, Ինտերնետի և այլնի միջոցով։ Զգուշանո՞ւմ ենք ‘կեղծավորներից’, որոնք թաքցնում են իրենց իսկական դեմքը։ Դպրոցում կամ աշխատավայրում ոմանք գուցե մեզ ընկեր ձևանան իրենց խարդախ նպատակներին հասնելու համար։ Մի՞թե ցանկանում ենք մոտ հարաբերություններ զարգացնել նրանց հետ, ովքեր Աստծո ճշմարտությամբ չեն գնում։ Հավատուրացները, անկեղծ ձևանալով, կարող են թաքցնել իրենց մտադրությունը, որն է՝ շեղել մեզ Եհովայի ծառայությունից։ Իսկ եթե քրիստոնեական ժողովի որոշ անդամներ երկակի կյանք են վարո՞ւմ։ Նրանք նույնպես թաքցնում են իրենց իսկական դեմքը։ Ջեյսոնը, որն այժմ ծառայող օգնական է, պատանեկան տարիներին այդպիսի ընկերներ ուներ։ Ահա թե նա ինչ է պատմում. «Մի օր նրանցից մեկն ինձ ասաց. «Նշանակություն չունի, թե մենք այժմ ինչպես ենք ապրում, որովհետև երբ նոր համակարգը գա, մենք, միևնույն է, մահացած կլինենք։ Մենք չենք իմանա, թե ինչ–որ բանից զրկվեցինք»։ Այդ խոսքերն ինձ համար ահազանգ եղան։ Ես ուզում եմ կենդանի լինել, երբ նոր համակարգը հաստատվի»։ Ջեյսոնը, իմաստություն դրսևորելով, խզեց իր հարաբերություններն այդ ընկերների հետ։ «Մի խաբուիք,— նախազգուշացրեց Պողոս առաքյալը.— չար ընկերակցութիւններն ապականում են բարի վարքերը» (Ա Կորնթացիս 15։33)։ Ուրեմն որքա՜ն կարևոր է խուսափել վատ ընկերակցություններից։
‘Քո ամեն սքանչելիքները կպատմեմ’
14, 15. Ինչպե՞ս կարող ենք Եհովայի ‘սեղանի չորս կողմով պտույտ տալ’։
14 Դավիթը շարունակեց. «Լուանում եմ ձեռքերս անմեղութիւնով. եւ քո սեղանի չորս կողմովը պտոյտ եմ տալիս, ով Տէր»։ Ինչո՞ւ։ «Որ օրհնութեան ձայնը հնչեցնեմ. եւ քո ամեն սքանչելիքները պատմեմ» (Սաղմոս 26։6, 7)։ Դավիթը ցանկանում էր բարոյապես մաքուր մնալ, որպեսզի կարողանար երկրպագել Եհովային ու փաստել իր նվիրվածությունը նրա հանդեպ։
15 Խորանում, իսկ ավելի ուշ տաճարում մատուցվող երկրպագության հետ կապված ամեն ինչ ‘երկնավոր բաների օրինակը և շուքն էր’ (Եբրայեցիս 8։5; 9։23)։ Զոհասեղանը պատկերում էր Եհովայի կամքը՝ ընդունելու Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը՝ մարդկությանը փրկելու համար (Եբրայեցիս 10։5–10)։ Հավատ ցուցաբերելով այդ զոհաբերության նկատմամբ՝ մենք ‘լվանում ենք մեր ձեռքերն անմեղությամբ’ ու Եհովայի ‘սեղանի չորս կողմով պտույտ ենք տալիս’ (Յովհաննէս 3։16–18)։
16. Ի՞նչ օգուտներ ենք ստանում՝ մարդկանց պատմելով Աստծո սքանչելի գործերի մասին։
16 Մի՞թե մեր սրտերը երախտագիտությամբ չեն լցվում Եհովայի ու նրա միածին Որդու նկատմամբ, երբ խորհում ենք այն ամենի շուրջ, ինչը հնարավոր է դարձել փրկանքի շնորհիվ։ Սրտում նման զգացում ունենալով՝ եկեք մարդկանց պատմենք Աստծո ‘սքանչելիքների’՝ սքանչելի գործերի մասին՝ Եդեմի պարտեզում մարդու արարումից մինչև Աստծո նոր աշխարհում ամեն բան վերականգնելը (Ծննդոց 2։7; Գործք 3։21)։ Իսկ ինչպիսի՜ հոգևոր պաշտպանություն է մեզ համար Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործը (Մատթէոս 24։14; 28։19, 20)։ Այդ գործում զբաղված մնալով՝ մենք կկարողանանք վառ պահել ապագայի մեր հույսը, միշտ ամուր հավատ ունենալ Աստծո խոստումների նկատմամբ և կենդանի պահել մեր սերը ինչպես Եհովայի, այնպես էլ մեր դրացու հանդեպ։
«Ես սիրում եմ քո տան բնակութիւնը»
17, 18. Ինչպիսի՞ վերաբերմունք պետք է ունենանք քրիստոնեական հանդիպումների նկատմամբ։
17 Խորանը՝ զոհասեղանով հանդերձ, Եհովայի երկրպագության կենտրոնն էր Իսրայելում։ Արտահայտելով իր հիացմունքն այդ վայրի նկատմամբ՝ Դավիթն աղոթեց. «Ով Տէր, ես սիրում եմ քո տան բնակութիւնը. եւ քո փառքի բնակուելու տեղը» (Սաղմոս 26։8)։
18 Սիրո՞վ ենք գալիս այնտեղ, որտեղ սովորում ենք Եհովայի մասին։ Յուրաքանչյուր Թագավորության սրահ, որտեղ կանոնավորաբար հոգևոր կրթական ծրագիր է անցկացվում, ծառայում է որպես ճշմարիտ երկրպագության կենտրոն։ Բացի այդ, ամեն տարի անցկացվում են մարզային, շրջանային և մեկօրյա հատուկ համաժողովներ։ Այդ հանդիպումների ժամանակ քննարկվում են Եհովայի «հիշեցումները» (ՆԱ)։ Եթե սովորենք ‘շատ սիրել դրանք’, ապա մեծ ցանկություն կունենանք հաճախելու այդ հանդիպումներին և ուշադրությամբ կլսենք ծրագիրը (Սաղմոս 119։167)։ Որքա՜ն ենք թարմանում՝ գտնվելով մեր հավատակիցների կողքին, որոնք հետաքրքրված են մեր բարօրությամբ և օգնում են մեզ մնալ անարատության ճանապարհին (Եբրայեցիս 10։24, 25)։
‘Մի կորցրու իմ կյանքը’
19. Ո՞ր մեղքերի համար Դավիթը չէր ցանկանում մեղադրելի լինել։
19 Ամբողջությամբ գիտակցելով, թե Աստծո ճշմարտության ճանապարհից շեղվելը ինչ հետևանքներ կբերի՝ Դավիթն աղաչեց. «Մի կորցնիր իմ անձը մեղաւորների հետ. եւ իմ կեանքն արիւն թափող մարդկանց հետ. որ նորանց ձեռքումն անիրաւութիւն կայ, եւ նորանց աջը լցուած է կաշառքով» (Սաղմոս 26։9, 10)։ Դավիթը չէր ցանկանում լինել այն մարդկանց թվում, ովքեր մեղադրելի էին անիրավության, մասնավորապես անառակ վարք ունենալու, և կաշառակերության համար։
20, 21. Ի՞նչը կարող է մեզ տանել դեպի ամբարիշտների ճանապարհը։
20 Այսօրվա աշխարհը ողողված է անբարոյությամբ։ Հեռուստահաղորդումները, պարբերագրերն ու ֆիլմերը «անառակ վարք» (ՆԱ) են խրախուսում (Գաղատացիս 5։19)։ Ոմանք պոռնկագրության գերին են դառնում, որը հաճախ անբարո արարքների է առաջնորդում։ Նման ազդեցության հեշտությամբ են ենթարկվում հատկապես երիտասարդները։ Որոշ երկրներում ժամադրվելը սովորական բան է, և անչափահասները ճնշման տակ սկսում են մտածել, թե իրենք պե՛տք է դա անեն։ Շատ դեռահասներ սկսում են ժամադրվել, չնայած որ չափազանց երիտասարդ են ամուսնանալու համար։ Իրենց մեջ բորբոքված սեռական ցանկությունները բավարարելու նպատակով նրանք շուտով սկսում են անբարո վարք դրսևորել, մինչև անգամ պոռնկություն գործել։
21 Չափահաս մարդիկ նույնպես պաշտպանված չեն վատ ազդեցություններից։ Անազնվությունն աշխատանքում, ինչպես նաև եսասիրությունը որոշումներ կայացնելիս անարատության պակասի ցուցանիշներ են։ Միանշանակ է. այս աշխարհի ճանապարհներով ընթանալը մեզ կհեռացնի Եհովայից։ Ուստի եկեք ‘ատենք չարությունը և սիրենք բարին’՝ շարունակելով գնալ անարատության ճանապարհով (Ամովս 5։15)։
«Փրկի՜ր ինձ եւ ողորմի՜ր ինձ»
22–24. ա) Ի՞նչ քաջալերական միտք ես հայտնաբերում 26–րդ սաղմոսի եզրափակիչ խոսքերում։ բ) Ի՞նչ ծուղակի մասին կքննարկվի հաջորդ հոդվածում։
22 Դավիթն իր աղոթքն ավարտեց հետևյալ խոսքերով. «Բայց ես գնում եմ անարատութիւնով, փրկի՜ր ինձ եւ ողորմի՜ր ինձ։ Իմ ոտը կանգնած է ուղղութիւնում, եւ կ’օրհնեմ Տիրոջը ժողովուրդների մէջ» (Սաղմոս 26։11, 12)։ Դավիթն իր անարատություն պահելու վճռականությունը կապում է փրկության մասին իր խնդրանքի հետ։ Որքա՜ն քաջալերական է այս միտքը։ Չնայած մեր մեղավոր վիճակին՝ Եհովան մեզ էլ կօգնի, եթե վճռել ենք գնալ անարատության ճանապարհով։
23 Եկեք կյանքի բոլոր բնագավառներում մեր ապրելակերպով ցույց տանք, որ հարգում ու բարձր ենք գնահատում Աստծո գերիշխանությունը։ Մեզնից յուրաքանչյուրը կարող է աղոթքով խնդրել Եհովային, որ նա քննի և զտի իր ամենախոր մտքերն ու զգացմունքները։ Մենք կարող ենք նրա ճշմարտությունը միշտ մեր աչքի առջև ունենալ՝ ջանասիրաբար նրա Խոսքն ուսումնասիրելով։ Եկեք ամեն ինչ անենք՝ խուսափելու վատ ընկերակցություններից, և օրհնելու Եհովային «ժողովուրդների մէջ»։ Եկեք ողջ եռանդով մասնակցենք Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործին ու երբեք թույլ չտանք, որ այս աշխարհը վտանգի տակ դնի մեր անգին փոխհարաբերություններն Աստծո հետ։ Ջանք չխնայելով անարատության ճանապարհով գնալու համար՝ կարող ենք վստահ լինել, որ Եհովան ‘ողորմություն’ ցույց կտա մեզ։
24 Քանի որ անարատությունն ընդգրկում է մեր կյանքի բոլոր բնագավառները, մենք պետք է զգուշանանք մի խիստ վտանգավոր ծուղակից՝ ալկոհոլի չարաշահումից։ Այս մասին կքննարկվի հաջորդ հոդվածում։
Հիշո՞ւմ եք
• Ինչո՞ւ կարելի է ասել, որ բանական էակները կարող են դատվել իրենց անարատության հիման վրա։
• Ի՞նչ է անարատությունը, և ի՞նչ է նշանակում գնալ այդ ճանապարհով։
• Ի՞նչը մեզ կօգնի գնալ անարատության ճանապարհով։
• Անարատություն պահելու համար ո՞ր վտանգներից պետք է տեղյակ լինենք և խուսափենք դրանցից։
[նկար 14–րդ էջի վրա]
Կանոնավորաբար խնդրո՞ւմ ես Եհովային ‘քննել’ քո ամենախոր մտքերը
[նկար 14–րդ էջի վրա]
Եհովայի՝ ողորմությամբ լի գործերը պահո՞ւմ ես աչքիդ առջև
[նկարներ 15–րդ էջի վրա]
Փորձությունների ժամանակ անարատություն պահելով՝ ուրախացնում ենք Եհովայի սիրտը
[նկարներ 17–րդ էջի վրա]
Օգուտներ քաղո՞ւմ ես Եհովայի միջոցառումներից, որոնք կօգնեն քեզ գնալ անարատության ճանապարհով