Զսպիր բարկությունդ
ԱՎԵԼԻ քան 2000 տարի առաջ հույն փիլիսոփա Արիստոտելը օգտագործեց «կատարսիս» բառը՝ նկարագրելու համար էմոցիոնալ լարվածության «թոթափումը» կամ դրանից ազատումը, որ կարող է լինել ողբերգական ներկայացում դիտելուց հետո։ Միտքն այն էր, որ լարվածությունից ազատվելուց հետո անհատը թարմության զգացում է ունենում։
Անցած դարում ավստրիացի հոգեբույժ և նևրոպաթոլոգ Զիգմունդ Ֆրեյդը նման տեսակետ առաջ քաշեց։ Նա պնդում էր, որ եթե անհատը կուտակում է կամ չի կարողանում արտահայտել իր բացասական էմոցիաները, ապա հետագայում ձեռք կբերի նևրոզ, օրինակ՝ հիստերիա։ Հետևաբար, Ֆրեյդը պնդում էր, որ պետք է ոչ թե զսպել, այլ արտահայտել բարկությունը։
Վերջին տարիներին հետազոտողները, ովքեր 70-ականներին և 80-ականներին փորձել են «կատարսիս» թեորիան, շատ քիչ բան են գտել կամ ընդհանրապես ոչ մի բան չեն գտել այս տեսությանը թիկունք կանգնելու համար։ Այս ուսումնասիրությունները հոգեբան Քարոլ Թավրիսին մղել են գրելու հետևյալը. «Արդեն ժամանակն է մեկընդմիշտ վերջ դնելու այն հիպոթեզին, թե «կատարսիսի» մեթոդը օգտակար է։ Այն տեսակետը, ըստ որի՝ բռնություն դիտելը (կամ «մեր զգացմունքները օդափոխելը») զուրկ է թշնամական վերաբերմունքից, երբեք չի արդարացվել հետազոտությունների արդյունքում»։
Իսկ հոգեբան Գերի Հանկինսը ասել է. «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ողջ բարկությունը «կատարսիսի» մեթոդի համաձայն դուրս թափելը հաճախ ավելի է նյարդայնացնում ու կատաղեցնում անհատին»։ Ինչ խոսք, «կատարսիսի» հարցում մասնագետները գուցե երբեք համաձայնության չգան։ Սակայն շատերը մեծ օգուտներ են ստացել իմաստության մեկ այլ աղբյուրից՝ Աստվածաշնչից։
«Զսպի՛ր բարկությունդ»
Բարկությունը վերահսկելու գաղափարը գեղեցիկ կերպով շարադրել է սաղմոսերգու Դավիթը։ Նա գրել է. «Զսպի՛ր բարկությունդ և զայրույթդ հեռո՛ւ վանիր, Մի՛ բորբոքվիր, որպեսզի դու էլ չարիք չգործես» (Սաղմոս 37։8)։ Եթե հենց սկզբից խուսափենք «բորբոքվելուց», չենք ասի կամ չենք անի այնպիսի բաներ, որոնց համար հետո գուցե ափսոսանք։ Ինչ խոսք, ավելի հեշտ է ասել, քան անել։ Բայց հնարավո՛ր է անել։ Տեսնենք, թե ինչ երեք կերպերով կարելի է զսպել բարկությունը։
Մեղմի՛ր բարկությունդ
Որպեսզի մեղմես բարկությունը, հանդարտվիր ու հանգստացիր։ Փորձիր խուսափել մտքիդ եկածն անմիջապես ասելուց։ Եթե զգում ես, որ սկսում ես ավելի բարկանալ և ուր որ է կկորցնես ինքնատիրապետումդ, կիրառիր աստվածաշնչյան հետևյալ խորհուրդը. «Կռվի սկիզբը ջրերի արձակման պես է, ուստի նախքան վեճի բռնկվելը, հեռացիր» (Առակներ 17։14)։
Հենց այս խորհուրդը Ջեք անունով մի տղամարդու օգնեց տիրապետելու իր բռնի բնավորությանը։ Ջեքի հայրը հարբեցող և բռնի անձնավորություն է եղել։ Եվ Ջեքը նույնպես դարձավ այդպիսի մարդ։ Նա ասում է. «Երբ բարկանում էի, ինձ թվում էր, թե ես կրակի վրա եմ։ Բարկությունս արտահայտում էի թե՛ խոսքերով, թե՛ բռունցքներով»։
Սակայն ամեն բան փոխվեց, երբ Ջեքը սկսեց Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նա հասկացավ, որ Աստծու զորությամբ կարող է փոխվել, և սովորեց զսպել իր բարկությունը։ Դա իրոք մեծ նվաճում էր։ Ջեքը պատմում է, թե ինչպես արձագանքեց, երբ իր գործընկերը բարկացած հայհոյեց իրեն. «Զգացի, որ բարկության մի մեծ ալիք է բարձրանում իմ մեջ։ Ուզում էի բռնել նրան ու մի կողմ շպրտել»։
Ի՞նչը օգնեց Ջեքին հանդարտվելու։ Նա բացատրում է. «Աղոթեցի. «Խնդրում եմ, Եհովա, օգնիր ինձ խաղաղվելու»։ Առաջին անգամ զգացի, որ ներսս խաղաղությամբ է լցվում, հետո կարողացա հեռանալ»։ Ջեքը շարունակեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Ի վերջո բազում աղոթքներից և աստվածաշնչյան համարների, օրինակ, Առակներ 26։20-ի շուրջ խորհրդածելուց հետո նրան հաջողվեց վերահսկել իր բարկությունը։ Այս համարում գրված է. «Փայտ չլինելիս կրակը հանգչում է»։
Սովորիր հանդարտվել
«Հանդարտ սիրտը կյանք է մարմնի համար» (Առակներ 14։30)։ Աստվածաշնչյան այս ճշմարտությունը կարող է բարելավել անհատի էմոցիոնալ, ֆիզիկական և հոգևոր առողջությունը։ Սովորիր հանդարտվելու պարզ մեթոդներ, որոնք կօգնեն քեզ մեղմելու բարկությունդ։ Այս առնչությամբ արդյունավետ են համարվում հետևյալ մեթոդները։
● Խոր շունչ քաշելը բարկությունը մեղմելու ամենալավ և ամենաարագ կերպերից մեկն է։
● Միաժամանակ կրկնիր մի բառ կամ արտահայտություն, որը կհանգստացնի քեզ, օրինակ՝ «հանդարտվիր», «սրտիդ մոտ մի ընդունիր», «թեթև տար»։
● Զբաղվիր այնպիսի գործով, որը քեզ դուր է գալիս. ընթերցիր, երաժշտություն լսիր, այգում որևէ գործ արա կամ մեկ այլ բան, որը քեզ կհանգստացնի։
● Կանոնավորաբար մարմնամարզություն արա և առողջ սննդակարգ ունեցիր։
Փոխիր մտածելակերպդ
Գուցե չկարողանաս լիովին խուսափել այնպիսի մարդկանցից կամ իրավիճակներից, որոնք քեզ նյարդայնացնում են, սակայն կարող ես սովորել վերահսկել քեզ և այլ կերպ արձագանքել։ Իսկ դրա համար հարկավոր է փոխել մտածելակերպը։
Նրանք, ովքեր մեծ սպասելիքներ ունեն, ավելի շատ խնդիրներ են ունենում։ Ինչո՞ւ։ Քանի որ երբ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան չի համապատասխանում իրենց բարձր չափանիշներին, անմիջապես գլուխ են բարձրացնում հիասթափությունն ու բարկությունը։ Այս անիրական մտածելակերպը արմատախիլ անելու համար լավ կլինի հիշել, որ «արդար մարդ չկա, նույնիսկ մեկը չկա.... բոլորը խոտորվեցին, բոլորը միասին» (Հռոմեացիներ 3։10, 12)։ Հետևաբար եթե մտածում ենք, որ մենք կամ ուրիշները կարող են կատարյալ լինել, չարաչար սխալվում ենք։
Իմաստուն կլինի չափից շատ մեծ ակնկալիքներ չունենալ մեզնից կամ ուրիշներից։ Աստվածաշունչն ասում է. «Բոլորս էլ հաճախ ենք սխալվում։ Եթե մեկը խոսքի մեջ չի սայթաքում, նա կատարյալ մարդ է» (Հակոբոս 3։2)։ Այո՛, «երկրի վրա ոչ մի արդար մարդ չկա, որ միայն բարիք անի ու մեղք չգործի» (Ժողովող 7։20)։ Ուստի եթե ներկայացնում ենք մեզ այնպիսին, ինչպիսին իրականում չենք, այսինքն՝ կատարյալ, ապա մեր կյանքը խոր հիասթափությամբ և բարկությամբ լի կլինի։
Ինչ խոսք, լինելով անկատար՝ բոլորս էլ ժամանակ առ ժամանակ բարկանում ենք։ Բայց թե ինչպես կարտահայտենք մեր բարկությունը, մենք ենք որոշում։ Պողոս առաքյալը զգուշացրեց իր հավատակիցներին. «Եթե զայրանաք, մեղք մի՛ գործեք։ Թող արևը մայր չմտնի, քանի դեռ զայրացած եք» (Եփեսացիներ 4։26)։ Այո՛, հսկելով մեր բարկությունը՝ մենք կարող ենք մեր զգացմունքները արտահայտել դրական կերպով, ինչը լավ ազդեցություն կթողնի բոլորի վրա։
[շրջանակ/նկարներ 8 և 9-րդ էջերի վրա]
ՍՈՎՈՐԻՐ ՀԱՆԴԱՐՏՎԵԼ
Խոր շունչ քաշիր
Քեզ համար հաճելի գործով զբաղվիր
Կանոնավոր մարմնամարզություն արա