Խոստովանությունը սրտին բերում է ամոքում
«Երբոր ես լուռ կացայ՝ ոսկորներս մաշուեցան իմ ամեն օր հառաչելովը։ Որովհետեւ ցերեկ եւ գիշեր քո ձեռքը ծանրանում էր ինձ վերայ. իմ թացութիւնը ամառուան չորութիւն դառաւ» (Սաղմոս 32։3, 4)։ Հին Իսրայելի Դավիթ թագավորի այս դառը խոսքերը հավանաբար ծնունդ են առել այն խոր ցավից, որ նա ապրել է իր գործած լուրջ հանցանքը քողարկելու և չխոստովանելու հետևանքով։
Դավիթն աչքի ընկնող կարողությունների տեր անձնավորություն էր՝ խիզախ ռազմիկ, հմուտ առաջնորդ, բանաստեղծ ու երաժիշտ։ Սակայն, այդ ամենով հանդերձ, նա ոչ թե հույսը դնում էր իր սեփական ընդունակությունների վրա, այլ ապավինում էր Աստծուն (Ա Թագաւորաց 17։45, 46)։ Նաև նրա մասին խոսվում է որպես մի մարդու, որի սիրտն ուղիղ էր Եհովայի առաջ (Գ Թագաւորաց 11։4)։ Բայց Դավիթը հանցավոր դարձավ մի պարսավելի արարքով, և հավանական է, որ 32–րդ սաղմոսում նա այդ մասին է ակնարկում։ Մեզ համար շատ օգտակար կլինի քննել, թե ինչ հանգամանքներ նպաստեցին նրա այդ քայլին։ Այդպիսով մենք կկարողանանք նշմարել որոշ ծուղակներ, նաև պարզել, թե որքան կարևոր է հանցանքի խոստովանությունը՝ վերականգնելու համար Եհովայի հետ ունեցած լավ փոխհարաբերությունները։
Հավատարիմ թագավորը մեղք գործեց
Իսրայել ազգը դուրս էր եկել Ամմոնի որդիների դեմ պատերազմի, բայց Դավիթը մնացել էր Երուսաղեմ քաղաքում։ Մի երեկո, պալատի վերնահարթակի վրա ճեմելիս, նա հարևան բակում նկատեց մի գեղանի կնոջ, որը լողանում էր։ Չկամենալով սանձել իր սրտում ծառացած կիրքը՝ նա սկսեց փափագել այդ կնոջը։ Երբ պարզեց, որ դա իր բանակի զինվորներից մեկի՝ Ուրիայի կինն էր, անունը՝ Բերսաբե, Դավիթը նրան կանչել տվեց իր մոտ ու անառակություն գործեց նրա հետ։ Որոշ ժամանակից հետո կինը տեղեկություն ուղարկեց այն մասին, որ ինքը երեխայի է սպասում (Բ Թագաւորաց 11։1–5)։
Դավիթն ընկել էր անելանելի դրության մեջ։ Մեղքի բացահայտման դեպքում նրանց երկուսին էլ մահ էր սպառնում (Ղեւտացոց 20։10)։ Եվ ահա նա միտք հղացավ մի ծրագիր. հրամայեց կռվի դաշտից տուն կանչել Բերսաբեի ամուսնուն՝ Ուրիային։ Ապա, պատերազմի անցուդարձի մասին նրանից մանրամասնորեն տեղեկանալուց հետո, տուն ուղարկեց նրան՝ հույս ունենալով դրանով այնպիսի տպավորություն ստեղծել, թե ապագա երեխայի հայրը նա է (Բ Թագաւորաց 11։6–9)։
Սակայն, ի հիասթափություն Դավիթ թագավորի, Ուրիան չգնաց կնոջ մոտ՝ ասելով, որ քանի դեռ զորքը ռազմի դաշտում է՝ դա իր պատկերացումից դուրս է։ Երբ Իսրայելի բանակը ռազմական գործողությունների մեջ էր լինում, տղամարդիկ պետք է սեռային հարաբերություն չունենային նույնիսկ իրենց սեփական կանանց հետ. նրանք մնում էին «սուրբ»՝ մաքուր՝ բառի ծիսակրոնական նշանակությամբ (Ա Թագաւորաց 21։5)։ Արդ, Դավիթը հրավիրեց Ուրիային ճաշկերույթի և այնքան խմիչք հյուրասիրեց, մինչև նա հարբեց, սակայն այդպես էլ չհամաձայնվեց գնալ իր կնոջ մոտ։ Նրա հավատարիմ վարվելակերպը ասես դատապարտություն լիներ Դավիթի համար (Բ Թագաւորաց 11։10–13)։
Իր սեփական ձեռքով լարած թակարդը գնալով ավելի ծանր բեռ էր դառնում Դավիթ թագավորի ուսերին։ Հուսահատության մեջ ընկած՝ նա միայն մի ելք էր տեսնում, որին էլ շուտով դիմեց։ Նա Ուրիային ետ ուղարկեց դարձյալ ռազմի դաշտ՝ հետը մի գաղտնի երկտող, որն ուղղված էր զորքերի հրամանատար Հովաբին։ Հասկանալի պատճառներով՝ այնտեղ ասվում էր. «Ուրիային դրէք սաստիկ պատերազմի դիմացը, եւ դուք ետ քաշուեցէք նորա ետեւից, որ նա զարկուի եւ մեռնէ»։ Հզոր թագավորը գրչի մի հարվածով Ուրիային ուղարկում էր դեպի մահ՝ հույս ունենալով, որ դրանով կկարողանա ծածկել իր սեփական հանցանքը (Բ Թագաւորաց 11։14–17)։
Բերսաբեն սուգ պահեց ամուսնու մահվան առիթով, իսկ երբ լրացան այդ օրերը՝ Դավիթն ամուսնացավ նրա հետ։ Անցավ ժամանակ, լույս աշխարհ եկավ նրանց երեխան։ Այդ ամբողջ ընթացքում Դավիթ թագավորը լռության էր մատնում իր հանցանքները։ Գուցե նա նույնիսկ ջանում էր արդարացնել ինքն իրեն. մի՞թե Ուրիան չէր մահացել զինվորի պատվավոր մահով՝ ինչպես նրա նման շատ–շատերը։ Բացի այդ, չէ՞ որ նա ինքը չհնազանդվեց թագավորի հրամանին ու չգնաց իր կնոջ մոտ։ Քանի որ մարդու սիրտը խորամանկ է, նա կարող է ամեն տեսակի միջոցներ գտնել՝ մեղքն արդարացնելու (Երեմիա17։9; Բ Թագաւորաց 11։25)։
Սխալ քայլեր, որ մեղքի առաջնորդեցին
Ինչպե՞ս կարող էր Դավիթը, արդարասեր լինելով հանդերձ, դիմել այնպիսի ստոր քայլերի, ինչպիսիք են անառակությունն ու սպանությունը։ Նրա մեղքի նախապայմանները, հավանաբար, հասունացել էին շատ ավելի վաղուց։ Քանզի հարց է ծագում, թե ինչու Դավիթը չէր գտնվում իր զինակիցների կողքին ու նրանց հետ միասին չէր պայքարում Եհովայի թշնամիների դեմ։ Փոխարենը՝ նա իր հանգիստն էր վայելում պալատում, որտեղ դժվար թե նրան հաջողվեր այնքան մոտ լինել պատերազմի իրողությանը, որ դա նրան օգներ հաղթահարելու իր մեջ ծնունդ առած սխալ ցանկությունը մի կնոջ հանդեպ, որ պատկանում էր իր հավատարիմ զինվորին։ Ճշմարիտ քրիստոնյայի համար այսօր այդ իմաստով անփոխարինելի է հոգևոր նպատակներ հետապնդելու դերը՝ ժողովներին հաճախելով ու քարոզչական ծառայությանը ակտիվորեն մասնակցելով (Ա Տիմոթէոս 6։12)։
Իսրայելի թագավորներից յուրաքանչյուրը պարտավոր էր իր համար արտագրել Օրենքը և ամեն օր ընթերցել այն։ Աստվածաշնչում ասվում է նաև, թե ինչու. «.... Որպէս զի սովորէ իր Եհովայ Աստուածանից վախենալ, եւ այս օրէնքի բոլոր խօսքերը պահել եւ այս կանոնները զգուշութեամբ կատարել. որ իր սիրտը իր եղբայրների վերայ չ’հպարտանայ, եւ այս պատուիրանքներից աջ ու ձախ չ’խոտորուէ...» (Բ Օրինաց 17։18–20)։ Շատ հնարավոր է, որ այն ժամանակահատվածում, երբ Դավիթը գործեց այդ ծանր հանցանքները, նա թերանում էր հետևել վերոհիշյալ պատգամին։ Մենք ապրում ենք դժվար ժամանակներում, և սխալ քայլ կատարելուց մեզ ետ կպահի Աստծո Խոսքը կանոնավորաբար քննելն ու դրա շուրջ խորհրդածելը (Առակաց 2։10–12)։
Եվս մի կարևոր հանգամանք. տաս պատվիրաններից վերջինում ասվում էր՝ «Մի ցանկանար.... քո դրացու կնոջը» (Ելից 20։17)։ Դավիթն այդ ժամանակ ուներ իր սեփական կանայք ու հարճերը, սակայն դա նրան ետ չպահեց մեկ այլ կնոջով հրապուրվելուց (Բ Թագաւորաց 3։2–5)։ Սա ևս մեկ անգամ մեզ հիշեցնում է, թե որքան լուրջ պետք է վերաբերվել Հիսուսի հետևյալ խոսքերին. «Ամէն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդէն շնացաւ նրա հետ իր սրտում» (Մատթէոս 5։28)։ Փոխանակ տեղ տալու նման սխալ ցանկություններին՝ եկեք շտապենք դուրս վանել դրանք մեր սրտից ու մտքից։
Զղջանք և ներում
Աստվածաշնչում Դավիթ թագավորի մեղքի բացահայտ նկարագրությունները բոլորովին նպատակ չունեն որևէ ձևով բորբոքելու ընթերցողի երևակայությունը։ Այդ տեղեկությունները մեզ հնարավորություն են տալիս պատկերացում կազմել, թե գործնականում ինչպես կարող է դրսևորվել Եհովայի անզուգական հատկություններից մեկը՝ նրա ողորմածությունը (Ելից 34։6, 7)։
Այն բանից հետո, երբ Բերսաբեի որդին ծնվեց, Եհովան ուղարկեց Նաթան մարգարեին՝ երես առ երես խոսելու թագավորի հետ. դա բխում էր Նրա գթասրտությունից։ Եթե Դավիթի հետ նման հանդիպում չկայանար, ու նա շարունակեր քողարկել իր մեղքը, հնարավոր է, որ նրա սիրտը սկսեր կարծրանալ ու հետագայում էլ նա նման սխալներ գործեր (Եբրայեցիս 3։13)։ Բայց լավ է, որ Դավիթն արձագանքեց Աստծո ողորմությանը։ Նաթանի խորաթափանց ու պարզ հարցադրումները իսկույն արթնացրին նրա խղճմտանքը, և նա խոնարհաբար խոստովանեց, որ մեղանչել է Աստծո դեմ։ Ի դեպ, 51–րդ սաղմոսը, որն առնչվում է Բերսաբեի հետ գործած իր մեղքին, Դավիթը գրի է առել զղջալուց ու իր հանցանքը խոստովանելուց հետո։ Մենք էլ, որևէ լուրջ մեղք գործելու դեպքում՝ թող որ չթողնենք մեր սիրտը կարծրանա (Բ Թագաւորաց 12։1–13)։
Դավիթը ներում ստացավ, սակայն նա չէր կարող խուսափել պատժից ու իր մեղքի դառը պտուղներից (Առակաց 6։27)։ Այլ կերպ չէր էլ կարող լինել. եթե Աստված ուղղակի անտեսեր այդ ամենը, դրանով նա անտեսելու էր իր իսկ սահմանած արժեքները։ Նա կնմանվեր անհետևողական անձնավորության, ինչպիսին էր քահանայապետ Հեղին, որը միայն թեթևակի հանդիմանում էր իր չարագործ որդիներին՝ թույլ տալով, որ նրանք շարունակեն իրենց արարքները (Ա Թագաւորաց 2։22–25)։ Բայց, հետևողական լինելով հանդերձ, Եհովան իր գթասրտությունից չի զրկում խոր զղջանք ապրող անհատին։ Նրա ողորմությունը որպես զովացնող ջուր թարմություն է հաղորդում ճանապարհից շեղվածին ու օգնում հաղթահարել իր գործած մեղքի հետևանքները։ Նրան ներելու Աստծո ջերմ պատրաստակամությունն ու հավատակիցների հետ առողջ ընկերակցությունը կօգնեն վերականգնել կորցրածը։ Շնորհիվ Քրիստոսի փրկանքի՝ զղջանք ապրող անհատը հնարավորություն ունի անձամբ «տեսնելու» Աստծո ‘շնորհի մեծության չափը’ (Եփեսացիս 1։7)։
«Մաքուր սիրտ» և «ուղիղ հոգի»
Դավիթն իր հանցանքը խոստովանելուց հետո չընկղմվեց այնպիսի բացասական ապրումների մեջ, ինչպիսին թերարժեքության զգացումն է։ Խոստովանանք արտահայտող նրա սաղմոսները պարունակում են թեթևության զգացում և Աստծուն հավատարմորեն ծառայելու վճռականություն։ Ահա թե ինչ ենք կարդում, օրինակ, 32–րդ սաղմոսի առաջին խոսքում. «Երանի նորան՝ որի անօրէնութիւնը թողուեցաւ, եւ որի մեղքը ծածկուեցաւ»։ Ինչքան էլ ծանր լինի գործած մեղքը՝ ստեղծված իրավիճակից ելք կա, եթե անհատի զղջումն անկեղծ է։ Իսկ դա կերևա, օրինակ, այն բանից, որ նա լիովին ընդունում է իր մեղավորությունը, ինչպես Դավիթը (Բ Թագաւորաց12։13)։ Դավիթը չփորձեց ինքն իրեն արդարացնել Եհովայի առաջ, կամ մեղքը բարդել ուրիշի ուսերին։ Նույն սաղմոսի 5–րդ խոսքում (Արևմտ. Աստ.) կարդում ենք. «Իմ մեղքս քեզի յայտնեցի ու իմ անօրէնութիւնս չծածկեցի։ Ըսի թէ՝ «Տէրոջը պիտի խոստովանիմ յանցանքներս»։ Ու դուն ներեցիր իմ մեղքիս անօրէնութիւնը»։ Անկեղծ զղջումը թեթևացում է բերում, և անհատն այլևս չի շարունակում տանջվել խղճի խայթից՝ նախկինում գործած իր սխալների համար։
Եհովայի ներումն աղերսելուց բացի՝ Դավիթը խնդրում էր. «Ո՛վ Աստուած, իմ մէջս մաքուր սիրտ ստեղծէ՛ եւ իմ ներսիդիս ուղիղ հոգի նորոգէ» (Սաղմոս 51։10, Արևմտ. Աստ.)։ «Մաքուր սիրտ» և «ուղիղ հոգի» խնդրելը վկայում է այն մասին, որ Դավիթը գիտակցում էր իր ներքին բացասական հակվածությունները, և այն, որ իր սիրտը մաքրելու ու նոր կյանք սկսելու համար նա Աստծո օգնության կարիքն ունի։ Փոխանակ խեղճորեն հաշտվելու ստեղծված իրավիճակի հետ՝ նա ձգտում էր Աստծուն մատուցած իր ծառայության մեջ առաջադիմել և խնդրում էր. «Տէր, բաց արա իմ շրթունքները. եւ իմ բերանը կ’պատմէ քո գովութիւնը» (Սաղմոս 51։15)։
Իսկ ինչպե՞ս արձագանքեց Եհովան՝ տեսնելով Դավիթի անկեղծ զղջանքն ու ծառայությունը շարունակելու նրա պատրաստակամությունը։ Նա ջերմությամբ վստահեցրեց. «Իմաստուն կ’անեմ քեզ, եւ կ’սովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որ նորանում պիտի գնաս. կ’խրատեմ քեզ՝ իմ աչքը քեզ վերայ կ’լինի» (Սաղմոս 32։8)։ Այս խոսքերը մեզ հավաստիացնում են այն մասին, թե Եհովան որքան ուշադիր է զղջացող անհատի զգացմունքների ու կարիքների հանդեպ։ Նա պատրաստ էր Դավիթին զինել խորագիտությամբ՝ մի կարողություն, որ նրան կօգներ չխաբվել թվացյալով, այլ ավելի «հեռուն տեսնել»։ Հետագայում, գայթակղության հանդիպելիս, նա արդեն կկարողանար պատկերացնել իր գործողությունների հնարավոր հետևանքները՝ ինչպես անձամբ իր, այնպես էլ մյուսների կյանքում, և դա նրան կօգներ զգուշանալ սխալվելուց։
Դավիթ թագավորի կյանքի այս դրվագը մեծ քաջալերանք կարող է լինել բոլոր նրանց համար, ովքեր ծանր մեղք են գործել։ Հանցանքի խոստովանումն ու անկեղծ զղջումը կնպաստեն, որպեսզի վերահաստատենք մեզ համար այնքա՜ն թանկագին փոխհարաբերությունները Եհովա Աստծո հետ։ Գուցե այդ պահին մեզ համակի ցավի ու ամոթի զգացումը, սակայն դա շատ ավելի նախընտրելի է, քան թե՝ լռել ու անվերջ տանջվել, կամ՝ ոտք դնել կարծրասիրտ մարդու ուղին (Սաղմոս 32։9)։ Դրա փոխարեն՝ մենք հնարավորություն կունենանք մեկ անգամ ևս համոզվելու, թե ինչքան սիրառատ ու ողորմած է Եհովան՝ «գթութեան Հայրը եւ ամէն մխիթարութեան Աստուածը» (Բ Կորնթացիս 1։3, Արևմտ. Աստ.)։
[նկար 31–րդ էջի վրա]
Դավիթը հույս ուներ խուսափել իր մեղքի հետևանքներից՝ մահվան մատնելով Ուրիային