Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w99 9/1 էջ 28–32
  • Երջանի՛կ եղեք կյանքում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երջանի՛կ եղեք կյանքում
  • 1999 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՛ւ են մեզ անհրաժեշտ Տիրոջ օրենքները
  • ‘Օրերը համրել’
  • Զգուշացե՛ք ամբարիշտներին նախանձելուց
  • Ուշադիր եղեք, թե ո՛ւմ հետ եք ընկերակցում
  • Աստվածաշնչի ընթերցանությունից բխող օրհնությունները
  • Աստծո ճանապարհով քայլելը երջանկություն է պարգևում
  • Պատանիներ, որոնք ուրախացնում են Եհովայի սիրտը
    2003 Դիտարան
  • Ինչպես կարող եք ունենալ հաջողություն
    2007 Դիտարան
  • Պատանինե՛ր, դնո՞ւմ եք հիմք ձեր ապագայի համար
    2004 Դիտարան
  • Ինչպես հաջողություն ունենալ երիտասարդության տարիներին
    2001 Դիտարան
Ավելին
1999 Դիտարան
w99 9/1 էջ 28–32

Երջանի՛կ եղեք կյանքում

«Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մէջ չէ գնում.... Ամեն ինչ որ անում է յաջողվում է նորան» (Սաղմոս 1։1, 3)։

1. ա) Բազմաթիվ երիտասարդներ ինչպե՞ս են պատկերացնում երջանկությունը։ բ) Ինչպե՞ս է Աստվածաշունչը նկարագրում երանելի մարդուն։

Ի՞ՆՉ Է երջանկությունը ձեզ համար։ «Կյանքիս ամենակարևոր նպատակը գործարքներիս մեջ հաջողություն ունենալն է»,— հայտարարում է մի երիտասարդ։ «Ես,— խոստովանում է մի օրիորդ,— երազում եմ երջանիկ ընտանիք ունենալ»։ «Իսկ իմ երազանքը,— վրա է բերում մեկ ուրիշը,— ընդամենը հարմարավետ բնակարան ու գեղեցիկ ավտոմեքենա ունենալն է.... Ես իմ մասին եմ միայն մտածում»։ Սակայն բանն այն է, որ ո՛չ դրամը, ո՛չ ընտանիքը, ո՛չ էլ եկամտաբեր աշխատանքը չեն կարող իսկական երջանկություն պարգևել։ «Երանելի է այն մարդը,— ասվում է Սաղմոս 1։1—3–ում,— որ ամբարիշտների խորհրդի մէջ չէ գնում.... Նորա կամքը Տիրոջ օրէնքի մէջ է.... Ամեն ինչ որ անում է յաջողվում է նորան»։

2. Որտե՞ղ է իսկական երջանկության աղբյուրը, և ինչպե՞ս կարելի է նրան հասնել։

2 Այս խոսքերից երևում է, թե ինչ է խոստանում Աստվածաշունչը՝ այն կարող է անել մի բան, որը վեր է մարդկային ուժերից՝ հաջողության առաջնորդել և իսկական երջանկություն պարգևել։ Սակայն այդպիսի երջանկությունը ոչ մի կապ չունի նյութական ապահովվածության հետ։ Աստծո Խոսքը նախազգուշացնում է, որ «բոլոր չարիքների արմատը փողասիրութիւնն է» (Ա Տիմոթէոս 6։10)։ Իսկական հաջողությունը Աստծուն հաճեցնելն է, որն իր մեջ ընդգրկում է նաև նրա օրենքը կատարելը։ Միայն սա կարող է իսկական բավարարվածություն և երջանկություն բերել։ Թերևս Եհովայի օրենքի տակ գտնվելու և նրա պատգամները կատարելու գաղափարն առաջին հայացքից այնքան էլ հաճելի չթվա, բայց եկեք հիշենք Հիսուսի խոսքերը. «Երանի՜ հոգով աղքատներին [«նրանց, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները», ՆԱ]» (Մատթէոս 5։3)։ Գիտակցում ենք դա, թե՝ ոչ, բոլորս էլ ստեղծված ենք հոգևոր կարիքներով. մեր մեջ խորապես արմատավորված է Աստծուն ճանաչելու և նրա նպատակները հասկանալու կարիքը։ Ուստի, իսկապես երջանիկ լինելու համար հարկավոր է բավարարել այդ կարիքները և հետևել «Տիրոջ օրէնքին»։

Ինչո՛ւ են մեզ անհրաժեշտ Տիրոջ օրենքները

3. Ինչո՞ւ պետք է պատրաստակամորեն թույլ տանք Եհովային ‘ուղղել մեր գնացքը’։

3 Երեմիա մարգարեն գրեց. «Գիտեմ, ով Տէր, որ մարդինը չէ իր ճանապարհը, որ գնացող մարդի բանը չէ, որ ուղղէ իր գնացքը» (Երեմիա 10։23)։ Այս խոսքերը վերաբերում են բոլոր տարիքի մարդկանց՝ լինեն ծեր, թե՝ երիտասարդ։ Հարցը ոչ միայն այն է, որ մենք մեր քայլերն ուղղելու համար բավականաչափ իմաստություն, փորձառություն և գիտություն չունենք, այլև այն, որ պարզապես իրավունք չունենք այդպես վարվելու։ Յայտնութիւն 4։11–ում ասվում է. «Մեր սուրբ Տէ՛ր Աստուած, արժանի ես ընդունելու փառք եւ պատիւ եւ զօրութիւն, որովհետեւ դո՛ւ ստեղծեցիր բոլորը, եւ քո կամենալո՛վ ստեղծուեցին ու գոյութիւն ունեն»։ «Կեանքի աղբիւրը [Եհովայի] մօտ է», քանի որ նա է մեր Արարիչը (Սաղմոս 36։9)։ Եթե այդպես է, ուրեմն նա բոլորից լավ գիտի, թե ինչպես պետք է ապրենք։ Նրա սահմանած օրենքները ոչ թե մեզ ուրախությունից զրկելու, այլ կյանքում երջանկություն գտնելու համար են (Եսայիա 48։17)։ Արհամարհելով այդ օրենքները՝ մենք մեզ մատնում ենք ապերջանկության։

4. Ինչո՞ւ են շատ երիտասարդներ իրենց կյանքը կործանում։

4 Օրինակ՝ երբևիցե մտածե՞լ եք այն մասին, թե ինչո՞ւ են այդքան շատ երիտասարդներ կործանում իրենց կյանքը թմրադեղերով, սեռային այլասերությամբ և այլն։ Սաղմոս 36։1, 2–ը հետևյալ բացատրությունն են տալիս. «Անօրէնութեան խօսքը ամբարշտի համար իմ սրտումը սա է թե Աստուծոյ վախը չ’կայ նորա աչքի առաջին։ Որովհետեւ քաղցր է թւում նա իր աչքումը, որ իր անօրէնութիւնը գտնէ եւ ատելութիւն գործէ»։ Քանի որ շատ երիտասարդներ չունեն «Աստծոյ [առողջ] վախը», նրանց թվում է, թե իրենց վտանգավոր արարքները մնալու են անհետևանք։ Սակայն նրանք, վերջիվերջո, երես առ երես կանգնում են մի անփոփոխ ճշմարտության առջև. «Ինչ որ մարդս սերմանում է, նոյնը եւ կը հնձի. ով սերմանում է իր մարմնի համար, այդ մարմնից էլ կը հնձի ապականութիւն. իսկ ով Հոգու համար է սերմանում, այդ Հոգուց էլ կը հնձի յաւիտենական կեանք» (Գաղատացիս 6։7, 8)։

‘Օրերը համրել’

5, 6. ա) Ինչո՞ւ պետք է երիտասարդները ‘համրեն իրենց օրերը’, և ի՞նչ է դա նշանակում։ բ) Ի՞նչ է նշանակում ‘հիշել մեր Արարչին’։

5 Ինչպե՞ս կարող եք և՛ երջանիկ լինել կյանքում, և՛ ‘հավիտենական կյանք հնձել’։ Մովսեսը գրեց. «Մեր տարիների օրերը եօթանասուն տարի են, եւ եթէ զօրութիւնով ութսուն տարի էլ լինեն.... շուտով է անց կենում, եւ մենք թռչում ենք» (Սաղմոս 90։10)։ Եթե դեռ երիտասարդ եք, ապա հազիվ թե երբևիցե մտածած լինեք մահվան մասին։ Եվ իրոք, շատ երիտասարդներ իրենց այնպես են պահում, կարծես թե կյանքում նրանց ոչ մի վտանգ չի սպառնալու։ Սակայն Մովսեսը մեզ հիշեցնում է մի դաժան իրականության մասին՝ կյանքը կարճ է։ Մենք ոչ մի երաշխիք չունենք, որ կարող ենք ապրել յոթանասուն կամ ութսուն տարի։ «Ժամանակը եւ դիպուածը» մեկ ակնթարթում կարող են վերջ դնել նույնիսկ երիտասարդ ու առողջ մարդկանց կյանքին (Ժողովող 9։11)։ Ուրեմն, ինչպե՞ս կարող եք օգտվել ձեզ բաժին հասած կյանքից։ Մովսեսն Աստծուն ուղղված իր աղոթքում ասաց. «Սովորեցրու մեզ, որ այնպէս համարենք մեր օրերը, որ իմաստուն սիրտ ընդունենք» (Սաղմոս 90։12)։

6 Ի՞նչ է նշանակում օրերը համրել։ Դա չի նշանակում, թե մեզ պետք է չափազանց մտահոգի մեր կյանքի կարճ տևողությունը։ Մովսեսը խնդրում էր Եհովային, որպեսզի նա սովորեցնի իր ժողովրդին այնպես օգտագործել կյանքի մնացած օրերը, որ դա փառք բերի Աստծուն։ Արդյոք համրո՞ւմ ես կյանքիդ օրերը՝ յուրաքանչյուր նոր բացված օր համարելով Աստծո փառքի համար օգտագործվելու հոյակապ մի հնարավորություն։ Աստվածաշունչը հետևյալ հորդորն է տալիս երիտասարդներին. «Տրտմութիւնը հեռացրու սրտիցդ, եւ դէն արա չարութիւնը մարմնիցդ. որովհետեւ մանկութիւնը եւ երիտասարդութիւնը ունայն է։ Եւ յիշիր քո ստեղծողին [«Արարչին», ԷԹ] քո երիտասարդութեան օրերումը» (Ժողովող 11։10—12։1)։ Արարչին հիշելը չի սահմանափակվում միայն նրանով, որ հիշում ենք նրա գոյության մասին։ Երբ այն հանցագործը աղերսեց Հիսուսին, թե՝ «Յիշի՛ր ինձ, Տէ՛ր, երբ գաս քո թագաւորութեամբ», նա չէր ուզում ասել, որ Հիսուսը պարզապես հիշի իր անունը, այլ ցանկանում էր, որ Հիսուսը որոշակի քայլեր ձեռնարկի, ավելի ճիշտ՝ հարություն տա իրեն (Ղուկաս 23։42; համեմատեք Ծննդոց 40։14, 23; Յոբ 14։13)։ Եթե զուգահեռ անցկացնենք, հիշել Եհովային նշանակում է գործել, այսինքն՝ կատարել այն, ինչը հաճելի է իրեն։ Իսկ դու ի՞նչ ես կարծում՝ հիշո՞ւմ ես արդյոք Եհովային։

Զգուշացե՛ք ամբարիշտներին նախանձելուց

7. Ինչո՞ւ են որոշ երիտասարդներ մոռանում իրենց Արարչին։ Բերե՛ք օրինակ։

7 Շատ երիտասարդներ թողնում են Եհովային, քանի որ նրանց կարծիքով Վկա լինելը սահմանափակում է իրենց ազատությունը։ Իսպանիայից մի եղբայր պատմում է երիտասարդության տարիներին իր ապրած զգացումների մասին. «Ինձ ձգում էր աշխարհը, որովհետև ճշմարտությունը թվում էր շատ «չոր ու ցամաք»։ Պետք էր նստել, ուսումնասիրել, գնալ ժողովի հանդիպումներին, փողկապ կապել. իսկ այդ ամենն ինձ բոլորովին դուր չէր գալիս»։ Երբեմն ձեզ այնպես չի՞ թվում, թե Աստծուն ծառայելու պատճառով ինչ–​որ բան կորցնում եք։ Թերևս զարմանաք՝ իմանալով, որ Աստվածաշնչի գրողներից մեկը ժամանակին միևնույն զգացումներն է ունեցել։ Հաճեցեք բացել ձեր Աստվածաշունչը և կարդալ 73–րդ սաղմոսը։

8. Ասափն ինչո՞ւ էր նախանձում հպարտներին։

8 Եկեք մանրամասն ուսումնասիրենք այդ սաղմոսը։ Երկրորդ և երրորդ համարներում կարդում ենք. «Քիչ էր մնացել որ ոտներս ծռուէին, եւ բան չէր մնացել որ գնացքս սահէր։ Որովհետեւ նախանձով լցուեցայ հպարտների վերայ՝ ամբարիշտների խաղաղութիւնը տեսնելիս»։ Ըստ նախաբանում տրված տեղեկության՝ սաղմոսը պատկանում է Ասափին։ Վերջինս ղևտացի երաժիշտ էր և Դավիթ թագավորի ժամանակակիցը (Ա Մնացորդաց 25։1, 2; Բ Մնացորդաց 29։30)։ Աստծո տաճարում ծառայելու առանձնաշնորհում ունենալով հանդերձ՝ նա ‘նախանձով էր լցվել’ իրենց անօրինություններով պարծեցող մարդկանց հանդեպ, որոնց աչքին ամեն բան լավ էր երևում, և, ինչպես իրենք էին կարծում, խաղաղություն և ապահովություն էին վայելում։ Նրանց թվացյալ հաջողությունները «իրանց սրտի խորհուրդների պէս [էին] կենցաղավարվում» (5–րդ և 7–րդ համարներ)։ Այդ մարդիկ «բարձրից [էին] խօսում» իրենց սխրագործությունների մասին, այսինքն՝ գոռոզաբար (8–րդ համար)։ «Իրանց բերանը երկնքումն [էին] դնում. բայց նորանց լեզուն երկրի մէջ [էր] ման գալիս». սա նշանակում է, որ հարգանքի նշույլ անգամ ոչ ոքի հանդեպ չէին ցուցաբերում՝ ո՛չ երկնքում եղողի, ո՛չ երկրի վրա բնակվողների (9–րդ համար)։

9. Ի՞նչ պատճառներով քրիստոնյա երիտասարդներից ոմանք կարող են Ասափի նման մտածել։

9 Նույնը, գուցե, վերաբերվում է նաև քո համադասարանցիներին։ Հավանաբար լսած կլինես, թե ինչպես են նրանք անամոթաբար պարծենում իրենց սիրային արկածներով, վայրագ խնջույքներով և ալկոհոլի ու թմրադեղերի գործածությամբ։ Միգուցե նրանց «հաճույքները» համեմատում ես այն «նեղ ճանապարհի» հետ, որով ընթանում ես որպես քրիստոնյա, և երբեմն ‘նախանձով ես լցվում հպարտների հանդեպ’ (Մատթէոս 7։13, 14)։ Ասափն իր մտքերով շատ հեռուն էր գնացել, այնքան հեռու, որ բացականչեց. «Իրաւի որ իմ սիրտն զուր տեղն եմ սրբում եւ իմ ձեռքերը սրբութիւնով լուանում։ Եւ ամեն օր տանջվում եմ» (13–րդ, 14–րդ համարներ)։ Այո՛, նա սկսել էր կասկածել, թե արժե՞ արդյոք ծառայել Աստծուն և արդար կյանք վարել։

10, 11. ա) Ի՞նչն էր պատճառը, որ Ասափը փոխեց իր մտածելակերպը։ բ) Ի՞նչ իմաստով են ամբարիշտները «հեշտ սահելու տեղում» կանգնած։ Բերե՛ք օրինակ։

10 Բարեբախտաբար, Ասափը երկար չմնաց այդպիսի հուսահատ վիճակում։ Շուտով նա գիտակցեց, որ ամբարիշտների թվացյալ խաղաղությունն ընդամենը պատրանք է, այն էլ ժամանակավոր պատրանք։ Դա են ապացուցում նրա խոսքերը. «Իրաւի որ դու նորանց հեշտ սահելու տեղ ես դնում, կործանուելու մէջ ես գցում նորանց։ Ի՜նչպէս յանկարծակի փչանում՝ սատակվում՝ կորչում են զարհուրանքով» (18–րդ, 19–րդ համարներ)։ Հասակակիցներիցդ շատերը նույնպես «հեշտ սահելու տեղում» են կանգնած։ Վաղ թե ուշ նրանց անաստված ապրելակերպը ուշքի կբերի նրանց՝ ավարտվելով, թերևս, ոչ ցանկալի հղիությամբ, սեռային ճանապարհով փոխանցված հիվանդությամբ, հնարավոր է նույնիսկ բանտարկությամբ կամ մահով։ Ու այս բոլորի հետ մեկտեղ նրանք հեռանում են Աստծուց (Յակոբոս 4։4)։

11 Մի երիտասարդ իսպանուհի, որն այժմ Եհովայի վկա է, սեփական փորձից էր համոզվել այս ամենի ճշմարտացիության մեջ։ Պատանեկան տարիքում երկու կյանք էր վարել՝ ընկերակցելով Աստծուն չընդունող երիտասարդների խմբի հետ։ Այդ ընթացքում սիրահարվել էր թմրադեղեր օգտագործող մի երիտասարդի։ Թեև ինքն անձամբ թմրամոլ չէր, սակայն դրանք ձեռք բերելու գործում ինքն էլ էր մասնակցություն ունեցել։ «Պատահել է, որ նույնիսկ օգնել եմ ասեղը մարմինը մտցնել»,— խոստովանում է նա։ Բարեբախտաբար, այդ քույրը ժամանակին գլխի է ընկել, թե ինչ է անում և իր մեջ ուժ է գտել շուտով վերականգնել իր հոգևոր վիճակը։ Եվ նրա համար ամենասարսափելին այն է եղել, որ դրանից որոշ ժամանակ անց այդ ընկերը մահացել է ՁԻԱՀ–ից (ՍՊԻԴ)։ Այո՛, ինչպես ասել է սաղմոսերգուն, անաստված մարդիկ «հեշտ սահելու տեղում» են կանգնած։ Ոմանք իրենց անփույթ ապրելակերպի զոհն են դառնում, իսկ մնացածները, եթե չշտկեն իրենց ճանապարհները, մոտ ապագայում երես առ երես կկանգնեն ‘Տեր Հիսուսի հայտնության’ առաջ, երբ նա կգա «երկնքից՝ իր հրեշտակների զօրքով՝ կրակի վրէժ լուծելու համար նրանցից, որոնք չեն ճանաչում Աստծուն եւ չեն հնազանդւում մեր Տէր Յիսուս Քրիստոսի Աւետարանին» (Բ Թեսաղոնիկեցիս 1։7, 8)։

12. Ինչպե՞ս էր մի ճապոնացի երիտասարդ համոզվել, որ ամբարիշտներին նախանձելն անմտություն է։

12 Հետևաբար, ինչպիսի՜ անմտություն է նախանձել նրանց, «որոնք չեն ճանաչում Աստծուն»։ Իրականում նախանձելի են այն մարդիկ, ովքեր ճանաչում են Եհովային և հավիտյան ապրելու հույսն ունեն։ Ճապոնացի մի երիտասարդ եղբայր ժամանակին հենց այդ եզրակացությանը եկավ։ Պատանեկան տարիքում նա էլ էր «առավել ազատության ձգտում»։ «Ինձ անընդհատ թվում էր, թե ինչ–​որ բան եմ կորցնում։ Հետագայում սկսեցի պատկերացնել, թե ինչպիսի՛ն կլինի կյանքս առանց ճշմարտության. կապրեմ յոթանասուն, ութսուն տարի ու հետո կմահանամ։ Բայց Եհովան հավիտենական կյանքի հո՛ւյսն է տալիս։ Գիտակցելով դա՝ սկսեցի իսկապես գնահատել ունեցածս»,— պատմում է նա։ Դա լավ է, սակայն, շրջապատված լինելով այնպիսի մարդկանցով, որոնք չեն ընդունում Աստծո օրենքները, դժվար է հավատարիմ մնալ։ Ինչպե՞ս կարող եք հակառակվել նրանց ճնշմանը։

Ուշադիր եղեք, թե ո՛ւմ հետ եք ընկերակցում

13, 14. Ինչո՞ւ է անհրաժեշտ ընտրել ընկերակցությունները։

13 Եկեք մեկ անգամ ևս անդրադառնանք Սաղմոս 1։1—3–ում տրված երանելի մարդու նկարագրին. «Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մէջ չէ գնում, եւ մեղաւորների ճանապարհի մէջ չէ կանգնում, եւ ծաղր անողների աթոռի վերայ չէ նստում։ Այլ նորա կամքը Տիրոջ օրէնքի մէջ է, եւ ցերեկ ու գիշեր նորա օրէնքի վերայ է մտածում։ Եւ նա ջրերի գնացքումը տնկուած ծառերի պէս է, որ իր պտուղը տալիս է իրան ժամանակին, եւ նորա տերեւը չէ թափվում, եւ ամեն ինչ որ անում է յաջողվում է նորան»։

14 Առաջին հերթին նկատի առեք այն հանգամանքը, որ ընկերակցությունները մեծ դեր են խաղում այս հարցում։ Առակաց 13։20–ն ասում է. «Իմաստունների հետ վարուողը իմաստուն կ’դառնայ. բայց տխմարների հետ ընկերակցողը կ’չարանայ»։ Սա չի նշանակում չոր, անբարյացակամ կամ սառը վերաբերվել այն երիտասարդների նկատմամբ, որոնք Եհովայի վկաներ չեն։ Աստվածաշունչը հորդորում է մեզ սիրել մեր դրացիներին և ‘բոլոր մարդկանց հետ խաղաղություն պահել’ (Հռովմայեցիս 12։18; Մատթէոս 22։39)։ Սակայն, եթե սկսես սերտորեն ընկերակցել նրանց հետ, ապա Աստվածաշնչի չափանիշներով չառաջնորդվողների «խորհրդի մէջ» կհայտնվես։

Աստվածաշնչի ընթերցանությունից բխող օրհնությունները

15. Ինչպե՞ս կարող են երիտասարդները «փափագել» Աստվածաշնչի ընթերցանությանը։

15 Սաղմոսերգուն եկել է նաև այն եզրակացության, որ երջանիկ մարդը նա է, ով «ցերեկ ու գիշեր» հաճույքով ընթերցում է Աստծո օրենքը (Սաղմոս 1։1, 2)։ Բանն այն է, որ Աստվածաշունչը գեղարվեստական գրականություն չէ, և նրանում գրված «կան ինչ–​ինչ դժուարիմաց բաներ» (Բ Պետրոս 3։16)։ Այնուհանդերձ, պետք չէ գիրքը չկամությամբ ընթերցել։ Հնարավոր է ‘մի՛շտ փափագել [Աստծո Խոսքի] բանական և անխարդախ կաթին’ (Ա Պետրոս 2։2)։ Փորձեք օրական կարճ հատվածներ ընթերցել։ Եթե հանդիպում եք անհասկանալի կետերի, լավ ըմբռնելու համար աշխատեք փոքր–​ինչ ավելի խորանալ։ Այնուհետև, խորհեցեք ձեր կարդացածի շուրջը (Սաղմոս 77։11, 12)։ Եթե դժվարանում եք կենտրոնանալ, փորձեք կարդալ բարձրաձայն։ Եվ վստահ եղեք, որ ժամանակի ընթացքում ձեր սերը դեպի Աստվածաշնչի ընթերցանությունը ավելի ու ավելի կաճի։ Բրազիլացի մի երիտասարդ քույր հիշում է. «Եհովան ինձ համար միշտ չափազանց հեռու էր թվում։ Սակայն այժմ, երբ սկսել եմ ուշադրություն դարձնել անձնական ուսումնասիրությանս ու Աստվածաշնչի ընթերցանությանս վրա, զգում եմ, որ ավելի է ամրացել Եհովայի հետ ունեցած իմ փոխհարաբերությունը։ Հիմա նա ինձ համար արդեն իրական անձնավորություն է դարձել»։

16. Ինչպե՞ս կարելի է ժողովի հանդիպումներին ներկա գտնվելիս ավելի մեծ արդյունքների հասնել։

16 Ժողովի հանդիպումներին հաճախելը ևս կարևոր է քո հոգևոր աճի համար։ Եթե ուշադիր հետևես, ‘թե ինչպես ես լսում’, մեծ քաջալերություն կստանաս (Ղուկաս 8։18)։ Քեզ երբեմն թվում է, թե հանդիպումներն այնքա՞ն էլ հետաքրքիր չեն անցնում։ Եթե այո, այդ դեպքում փորձիր պատասխանել. «Ի՞նչ եմ ես անձամբ անում, որպեսզի դրանք ավելի հետաքրքրական դառնան։ Ուշադի՞ր եմ, նախօրոք պատրաստվո՞ւմ եմ, մեկնաբանություններ տալի՞ս եմ»։ Եվ վերջապես, Աստվածաշունչը խրախուսում է, որ «հոգ տանենք միմեանց՝ սիրոյ և բարի գործերի յորդորելով.... խրախուսենք միմեանց» (Եբրայեցիս 10։24, 25)։ Դրա համար պետք է մասնակցել այդ հանդիպումներին։ Իսկ որպեսզի կարողանաս մասնակցել, պետք է նախօրոք պատրաստվել։ Հենց այս կարծիքին է մի երիտասարդ քույր. «Հեշտ է մասնակցել հանդիպումներին, եթե պատրաստված ես գալիս»։

Աստծո ճանապարհով քայլելը երջանկություն է պարգևում

17. Ի՞նչ իմաստով է Աստվածաշնչի ջանասեր ընթերցողը «ջրերի գնացքումը տնկուած ծառերի պէս»։

17 Սաղմոսերգուն շարունակում է նկարագրել երանելի մարդուն հետևյալ խոսքերով. «Նա ջրերի գնացքումը տնկուած ծառերի պէս է»։ «Ջրերի գնացքը», ամենայն հավանականությամբ, վերաբերում է ոռոգման վտակներին, որոնցով այգիների ծառերն էին ջրում (Եսայիա 44։4)։ Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությունը կարելի է համեմատել նման կենսատու ու զովացուցիչ աղբյուրի հետ (Երեմիա 17։8)։ Ամեն օր ընթերցելով Աստվածաշունչը՝ անհրաժեշտ զորություն կստանաս փորձություններին և դժվարություններին դիմանալու համար։ Եվ սովորելով մտածել ինչպես Եհովան՝ ճիշտ որոշումներ կայացնելու համար հարկ եղած իմաստությունը ձեռք կբերես։

18. Ի՞նչը կօգնի երիտասարդներին հաջողությամբ ծառայել Եհովային։

18 Երբեմն կարող է Եհովային ծառայելը դժվար լինի, սակայն մի՛ կարծիր, թե դա քո ուժերից վեր է (Բ Օրինաց 30։11, ԷԹ)։ Աստվածաշունչը խոստանում է, որ, քանի դեռ ձգտում ես հաճեցնել Եհովային և նրա սիրտն ուրախացնել, քո ճանապարհի վրա ‘ամեն բան, ինչ որ անես կհաջողվի’ (Առակաց 27։11)։ Եվ հիշիր՝ դու մենակ չես այդ ճանապարհին. քեզ հետ են Եհովան և Հիսուս Քրիստոսը (Մատթէոս 28։20; Եբրայեցիս 13։5)։ Նրանք գիտեն, թե ինչ դժվարությունների հետ ես բախվում, և երբեք չեն լքի քեզ (Սաղմոս 55։22)։ Քո թիկունքին են կանգնած նաև ողջ «եղբայրութիւնը» և ծնողներդ, եթե նրանք էլ աստվածավախ մարդիկ են (Ա Պետրոս 2։17)։ Այսպիսի աջակցության, ինչպես նաև քո վճռականության և ջանքերի շնորհիվ՝ կկարողանաս երջանիկ կյանք վայելել ոչ միայն մի կարճ ժամանակահատված, այլև՝ հավիտյան։

Կրկնողության հարցեր

◻ Ի՞նչ է իսկական երջանկությունը։

◻ Ինչո՞ւ կարիք ունենք, որ Եհովան ‘ուղղի մեր գնացքը’։

◻ Ինչպե՞ս պետք է երիտասարդները ‘համրեն իրենց օրերը’։

◻ Ինչո՞ւ է անմտություն ամբարիշտներին նախանձելը։

◻ Ինչպե՞ս կարող է Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությունը և ժողովի հանդիպումներին կանոնավորաբար հաճախելը օգնել երիտասարդներին՝ կյանքում երջանկություն գտնելու։

[նկար 30–րդ էջի վրա]

Քանի որ շատ երիտասարդների մեջ բացակայում է առողջ վախն առ Աստված, նրանք հաճախ կործանարար գործերի մասնակից են դառնում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը