Մոտեցեք Աստծուն
Նա հիշում է, որ «հող ենք մենք»
«ԵՍ ՉԷԻ հավատում, որ Եհովան կարող է լիովին ներել ինձ, և մտածում էի, որ այդ բեռը կկրեմ իմ ողջ կյանքում»,— այսպես արտահայտվեց մի քրիստոնյա կին իր նախկին սխալների մասին։ Այո՛, երբ մարդու խիղճը տանջում է, այն իրոք ծանր բեռ է նրա համար։ Սակայն Աստվածաշունչը կարող է մեղմացնել զղջացող մեղավորների ցավը։ Քննենք սաղմոսերգու Դավթի այն խոսքերը, որ գրված են Սաղմոս 103։8–14 համարներում։
Դավիթը գիտեր, որ «Եհովան ողորմած է» և «իր մտքում ընդմիշտ չի պահում մեր սխալները» (համար 8–10)։ Երբ Աստված տեսնում է, որ ողորմած լինելու հիմք կա, ապա ողորմում է լիովին ու անսահմանորեն։ Դավիթը, որ հմուտ բանաստեղծ էր, երեք համեմատությամբ ցույց է տալիս, թե որքան մեծ է Աստծու ողորմությունը մեր հանդեպ։
«Որքան բարձր է երկինքը երկրից, այնքան մեծ է նրա սիրառատ բարությունը իրենից վախեցողների հանդեպ» (համար 11)։ Մենք չենք կարող ըմբռնել այն հսկայական հեռավորությունը, որ կա աստղերի ու երկրագնդի միջև։ Դավթի խոսքերից հասկանում ենք, թե որքան մեծ է Եհովայի ողորմությունը, որը նրա սիրո դրսևորումներից մեկն է։ Եհովան ողորմած է «իրենից վախեցողների հանդեպ»՝ նրանց հանդեպ, ովքեր խոնարհ են և ամբողջ սրտով ընդունում են նրա իշխանությունը։
«Որքան արևելքը հեռու է արևմուտքից, այնքան նա հեռացրել է մեզանից մեր հանցանքները» (համար 12)։ Իսկ որքա՞ն է այդ հեռավորությունը։ Որքան որ կարող ենք պատկերացնել։ Աստվածաշնչյան մի աշխատությունում գրված է. «Դու կարող ես թռչել այնքան հեռու, որքան որ քո երևակայության թևերը կարող են տանել։ Թևերի ամեն մի թափահարում քեզ ավելի կհեռացնի արևմուտքից, եթե տարածության մեջ շարժվես դեպի արևելք»։ Դավիթը 12-րդ համարում ուզում է ասել, որ եթե Աստված ներել է մեր մեղքերը, ուրեմն նա դրանք հեռացրել է մեզնից այնքան, որքան կարող ենք պատկերացնել։
«Ինչպես հայրն է գթում իր որդիներին, այնպես էլ Եհովան է գթում իրենից վախեցողներին» (համար 13)։ Դավիթը, որ ինքն էլ հայր էր, գիտեր, որ սիրող հայրը կարեկցում է իր զավակներին, հատկապես երբ նրանք ցավ են զգում։ Նա հավաստիացնում է, որ մեր սիրառատ երկնային Հայրը ողորմում է իր երկրային զավակներին, հատկապես երբ նրանց զղջացող սրտերը «կոտրված ու փշրված» են մեղքի պատճառով (Սաղմոս 51։17)։
Այնուհետև Դավիթն ասում է, թե ինչու է Եհովան ողորմություն դրսևորում անկատար մարդկանց նկատմամբ. «Նա լավ գիտի մեր կազմությունը, հիշում է, որ հող ենք մենք» (համար 14)։ Եհովան գիտի, որ մենք հողից ենք ստեղծվել, ունենք թերություններ և սահմանափակումներ։ Հաշվի առնելով մեր մեղավոր էությունը՝ նա «պատրաստ է ներելու» մեզ, եթե անկեղծորեն զղջում ենք (Սաղմոս 86։5)։
Անկասկած, այն, ինչ Դավիթն ասաց Եհովայի ողորմության մասին, հուզում է մեզ մինչև սրտի խորքը։ Հոդվածի սկզբում հիշատակված կինը քայլեր ձեռնարկեց, որ ավելի շատ բան իմանա Աստծու՝ ներելու պատրաստակամության մասին։ Նա ասում է. «Զգում եմ, որ կարող եմ մոտենալ Եհովային և որ ինձ ճնշող բեռը ընկել է վրայիցս»a։ Դուք նույնպես հնարավորություն ունեք ավելին իմանալու Աստծու ողորմության մասին և այն մասին, թե ինչպես կարող եք արժանանալ նրա ողորմությանը։ Հավանաբար, դուք էլ ձեզ թեթևացած կզգաք։
Աստվածաշնչի ընթերցանության ծրագիր օգոստոս ամսվա համար
[ծանոթագրություն]
a Տե՛ս «Մոտեցիր Եհովային» գրքի 26-րդ գլուխը՝ «Աստված, որ ‘պատրաստ է ներելու’»։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[մեջբերում 13-րդ էջի վրա]
«Զգում եմ, որ կարող եմ մոտենալ Եհովային և որ ինձ ճնշող բեռը ընկել է վրայիցս»