Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 8/15 էջ 12–16
  • Պատվիր Եհովային արժանավայել կերպով

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պատվիր Եհովային արժանավայել կերպով
  • 2008 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ կարող ենք արժանավայել կերպով վարվել
  • Եհովայի արժանապատվության ու շքեղության դրսևորումները
  • Ինչպե՞ս է մեզ վրա անդրադառնում Եհովայի փառավոր մեծությունը
  • Հիսուսը կատարելապես արտացոլեց Եհովայի արժանապատիվ վերաբերմունքը
  • Արժանավայել երկրպագություն
  • Շարունակիր արժանավայել կերպով երկրպագել Աստծուն
  • Արժանապատվություն բոլորի հանդեպ
    2006 Դիտարան
  • Արժանապատվություն. իրավունք, որը հաճախ ոտնահարվում է
    2006 Դիտարան
  • Եհովայի մեծությունն անքննելի է
    2004 Դիտարան
  • Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե քահանաները ինչ հագուստ էին կրում
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2020)
Ավելին
2008 Դիտարան
w08 8/15 էջ 12–16

Պատվիր Եհովային արժանավայել կերպով

«Փառք եւ գեղեցկութիւն [«Արժանապատվություն և շքեղություն», ՆԱ] են [Եհովայի] գործերը» (ՍԱՂ. 111։3)։

1, 2. ա) Ինչպե՞ս կսահմանես «արժանապատիվ» բառը։ բ) Ի՞նչ հարցեր կքննարկվեն այս հոդվածում։

ԵՐԲ տասնամյա Մեդիսոնին հարցրին, թե ինչ է հասկանում «արժանավայել» ասելով, նա անմիջապես պատասխանեց. «Կոկիկ և գեղեցիկ հագնված»։ Այդ աղջնակը հավանաբար չգիտեր, որ Աստվածաշունչն ասում է, որ Աստված «փառք [«արժանապատվություն», ՆԱ] է հագած» (Սաղ. 104։1)։ Մարդկանց համար արժանապատվություն ունենալ երբեմն նշանակում է կոկիկ ու գեղեցիկ հագնված լինել։ Օրինակ՝ Պողոս առաքյալը ցանկացավ, որ քրիստոնյա կանայք «իրենց զարդարեն վայելուչ հագուստով՝ համեստությամբ և ողջամտությամբ, ոչ թե մազերի այլազան հյուսվածքներով, ոսկով կամ մարգարիտներով կամ էլ շատ թանկարժեք զգեստներով» (1 Տիմոթ. 2։9)։ Սակայն արժանավայել վարքը, որն արտացոլում է Եհովայի «արժանապատվությունն ու շքեղությունը», ավելին է ներառում (Սաղ. 111։3, ՆԱ)։

2 Աստվածաշնչի բնագրի եբրայերեն բառը, որ թարգմանվել է «փառք», կարող է նաև թարգմանվել «արժանապատվություն», «գեղեցկություն», «շքեղություն», «մեծություն», «պատիվ», «վեհություն»։ Ըստ մի բառարանի՝ «արժանապատիվ» բառը սահմանվում է՝ «պատվի, հարգանքի արժանի»։ Ոչ ոք առավել պատվի ու հարգանքի արժանի չէ, որքան Եհովան։ Քանի որ մենք Եհովայի նվիրված ծառաներն ենք, մեր խոսքերն ու գործերը պետք է արժանավայել լինեն։ Իսկ ինչո՞ւ մարդիկ կարող են արժանավայել կերպով վարվել։ Ինչպե՞ս են դրսևորվում Եհովայի արժանապատվությունն ու շքեղությունը։ Ինչպե՞ս է մեզ վրա անդրադառնում այն, որ Եհովան արժանապատվություն ունի։ Ի՞նչ կարող ենք սովորել Հիսուս Քրիստոսից արժանավայել վերաբերմունքի մասին։ Ինչպե՞ս կարող ենք արժանավայել կերպով երկրպագել Աստծուն։

Ինչո՞ւ կարող ենք արժանավայել կերպով վարվել

3, 4. ա) Քանի որ Եհովան մեզ օժտել է արժանապատվության զգացումով, ինչպե՞ս պետք է մեզ դրսևորենք։ բ) Սաղմոս 8։5–9 համարները ո՞ւմ են մարգարեաբար մատնանշում (տե՛ս ծանոթագրությունը)։ գ) Ո՞ւմ է Եհովան պատվի արժանացրել անցյալում։

3 Բոլոր մարդիկ կարող են արժանավայել կերպով վարվել, քանի որ Աստծու պատկերով են ստեղծված։ Եհովան առաջին մարդուն պատվի արժանացրեց՝ երկիրը նրա խնամքին հանձնելով (Ծննդ. 1։26, 27)։ Նույնիսկ այն բանից հետո, երբ մարդը դարձավ անկատար, Աստված չզրկեց նրան երկիրը խնամելու պատասխանատվությունից։ Նա մինչև օրս մարդուն «պսակում» է պատվով (կարդա՛ Սաղմոս 8։5–9)a։ Քանի որ Եհովան մեզ օժտել է արժանապատվության զգացումով, մենք պետք է արժանավայել վերաբերմունք ցույց տանք նրան, այսինքն՝ ակնածանքով և արժանավայել կերպով գովաբանենք նրա վեհ անունը։

4 Եհովան պատվի է արժանացնում հատկապես նրանց, ովքեր սրբազան ծառայություն են մատուցում իրեն։ Աստված պատիվ տվեց Աբելին՝ ընդունելով նրա ընծան, բայց նրա եղբայր Կայենինը՝ մերժեց (Ծննդ. 4։4, 5)։ Մովսեսը պատվեր ստացավ իր «փառքից դնել» Հեսուի վրա, որը նրանից հետո լինելու էր իսրայելացիների առաջնորդը (Թուոց 27։20)։ Իսկ Դավթի որդի Սողոմոնի մասին կարդում ենք. «Տէրը մեծացրեց Սողոմոնին շատ բարձր բոլոր Իսրայէլի աչքի առաջին, եւ նորա վերայ մի թագաւորութեան փառք դրաւ, որ նորանից առաջ Իսրայէլի վերայ եղող ոչ մի թագաւոր չէր ունեցել» (Ա Մնաց. 29։25)։ Աստված բացառիկ պատվի կարժանացնի հարություն առած օծյալ քրիստոնյաներին, ովքեր հավատարմորեն հռչակել են «նորա թագաւորութեան փառաւոր մեծութիւնը» (Սաղ. 145։11–13)։ Հիսուսի «ուրիշ ոչխարները» նույնպես, որոնք գնալով շատանում են, հրաշալի և պատվավոր դեր են կատարում՝ նրանց պես փառաբանելով Եհովային (Հովհ. 10։16)։

Եհովայի արժանապատվության ու շքեղության դրսևորումները

5. Որքա՞ն փառահեղ է Եհովան։

5 Դավիթը իր սաղմոսներից մեկում Աստծու մեծությունը հակադրում է մարդու փոքրության հետ։ Նա երգում է. «Ով [Եհովա]՝ մեր Տէրը, ինչ հրաշալի է քո անունը բոլոր երկրի վերայ, որ քո փառաւորութիւնը բարձրացնում ես երկնքից վեր» (Սաղ. 8։1)։ Վաղնջական ժամանակներից ի վեր՝ նախքան «երկնքի և երկրի» արարումը, մինչև այն ժամանակը, երբ Աստված իրականացրած կլինի երկիրը դրախտ դարձնելու և մարդուն կատարելության հասցնելու իր մեծ նպատակը, և դրանից հետո էլ, այո՛, հավիտենությունից մինչև հավիտենություն, Եհովան տիեզերքի ամենափառահեղ և ամենապատվարժան Անձնավորությունն է (Ծննդ. 1։1; 1 Կորնթ. 15։24–28; Հայտն. 21։1–5)։

6. Ինչո՞ւ է սաղմոսերգուն ասում, որ Եհովան հագել է գեղեցկություն և փառք։

6 Աստվածավախ սաղմոսերգուն որքա՜ն պետք է որ տպավորված լիներ՝ նայելով գիշերային աստղազարդ երկնքի անդորրավետ փառահեղությանը, երկինք, որը պատված էր փայլփլուն «գոհարներով»։ Հիանալով, թե ինչպես է Աստված «երկինքը վարագույրի պես տարածել», և զմայլվելով նրա արարչագործական չքնաղ կարողությամբ՝ սաղմոսերգուն ասում է, որ Եհովան հագել է «գեղեցկություն և փառք [«վեհություն և շքեղություն», ՆԱ]» (կարդա՛ Սաղմոս 104։1, 2)։ Անտեսանելի, ամենակարող Արարչի փառքն ու գեղեցկությունը երևում են նրա տեսանելի գործերից։

7, 8. Երկինքը ինչպե՞ս է վկայում Եհովայի մեծությունը և փառավորությունը։

7 Օրինակ՝ մեր Ծիր կաթին գալակտիկան։ Աստղերի, մոլորակների և արեգակնային համակարգերի անծայրածիր օվկիանոսում Երկիր մոլորակը՝ իր աննշան չափերով, ընդամենը լայնարձակ ծովափում եղող մի ավազահատիկ է։ Ապշեցուցիչ է, բայց միայն այս գալակտիկայում կա ավելի քան 100 միլիարդ աստղ։ Եթե ամեն օր՝ 24 ժամ, մեկ վայրկյանում հաշվեինք մեկ աստղ, ապա 100 միլիարդ աստղ հաշվելու համար մեզնից կպահանջվեր ավելի քան 3 000 տարի։

8 Եթե միայն Ծիր կաթինն է պարունակում 100 միլիարդ աստղ, ապա ի՞նչ կարելի է ասել տիեզերքի մնացած մասի վերաբերյալ։ Աստղագետների հաշվարկներով՝ ամբողջ տիեզերքում կա 50–125 միլիարդ գալակտիկա, և Ծիր կաթինը ընդամենը մեկն է դրանցից։ Այդ դեպքում որքա՞ն է աստղերի թիվը։ Մեր ուղեղը պարզապես կարող է մթագնել այդ թվի մեծությունից։ Բայց ահա Եհովան «համարում է աստղերի թիւը, եւ կանչում՝ նորանց ամենը անուններովը» (Սաղ. 147։4)։ Հասկանալով, թե որքան փառահեղ է Եհովան՝ մի՞թե չենք մղվում պանծացնելու նրա մեծ անունը։

9, 10. Ինչպե՞ս է հացը «գովաբանում» մեր Արարչի իմաստությունը։

9 Այժմ մեր հայացքը վեհասքանչ երկնքից իջեցնենք ու նայենք մի սովորական բանի՝ հացին։ Եհովան ոչ միայն ստեղծել է «երկինքն ու երկիրը», այլև «հաց է տալիս սովածներին» (Սաղ. 146։6, 7)։ Աստծու «փառքն ու գեղեցկությունը» արտացոլված են նրա մեծ գործերում, այդ թվում նաև բույսերում, որոնցից մարդիկ հաց են պատրաստում (կարդա՛ Սաղմոս 111։1–5)։ Հիսուսն իր հետևորդներին սովորեցրեց աղոթել. «Տո՛ւր մեզ այսօր մեր այս օրվա հացը» (Մատթ. 6։11)։ Հին ժողովուրդների, այդ թվում նաև իսրայելացիների հիմնական սննդամթերքը հացն էր։ Թեև հացը պարզ կերակուր է համարվում, քիմիական ռեակցիաները, որոնց շնորհիվ մի քանի հիմնական բաղադրամասերը վերածվում են համեղ հացի, ամենևին էլ պարզ չեն։

10 Աստվածաշնչի գրվելու ժամանակներում իսրայելացիները հաց պատրաստելու համար օգտագործում էին ջուր և ցորենի կամ գարու ալյուր։ Հաց պատրաստելիս երբեմն թթխմոր, կամ՝ խմորիչ էին գործածում։ Այս պարզ բաղադրիչներից ապշեցուցիչ քիմիական միացություններ են ստացվում, որոնք սերտորեն կապված են իրար։ Այն, թե ինչպես են դրանք փոխկապակցված, մինչև վերջ պարզ չէ։ Իսկ այն, թե ինչպես է հացը մարսվում օրգանիզմում, մեկ այլ պրոցես է, որը մեզ մեծ զարմանք է պատճառում։ Զարմանալի չէ, որ սաղմոսերգուն երգեց. «Ո՜րքան մեծ են քո գործերը, ով Տէր. նորանց բոլորն իմաստութիւնով ես արել» (Սաղ. 104։24)։ Քո սիրտն է՞լ է մղում քեզ փառաբանելու Եհովային։

Ինչպե՞ս է մեզ վրա անդրադառնում Եհովայի փառավոր մեծությունը

11, 12. Աստծու ստեղծագործությունների շուրջ խորհրդածելն ինչպե՞ս է անդրադառնում մեզ վրա։

11 Գիշերային երկնքով հիանալու և հացը վայելելու համար կարիք չկա լինելու աստղագետ և քիմիկոս։ Մեր Արարչի մեծությունն ու փառքը հասկանալու և գնահատելու համար մենք պետք է ժամանակ հատկացնենք նրա ձեռքի գործերի շուրջ խորհրդածելուն։ Ի՞նչ կլինի նման խորհրդածության արդյունքում։ Արդյունքը նույնը կլինի, ինչ որ այն դեպքում, երբ խորհրդածում ենք Եհովայի մյուս գործերի շուրջ։

12 Եհովայի՝ Իր ժողովրդի համար արած մեծ գործերի մասին Դավիթը երգեց. «Քո փառաւոր մեծութեան գեղեցկութեան վերայ, եւ քո հրաշալի գործերի վերայ կ’մտածեմ» (Սաղ. 145։5)։ Մենք ցույց ենք տալիս, որ մտածում ենք Աստծու գործերի մասին՝ ուսումնասիրելով Աստվածաշունչը և խորհելով ընթերցածի շուրջ։ Արդյունքում մեր գնահատանքը Աստծու փառավոր մեծության ու գեղեցկության հանդեպ կմեծանա։ Այդ դեպքում մենք կցանկանանք Դավթի պես պատվել Եհովային ու ասել. «Ես քո մեծութիւնը կը պատմեմ» (Սաղ. 145։6)։ Աստծու չքնաղ գործերի շուրջ խորհրդածելը կամրացնի մեր ու նրա փոխհարաբերությունները և կմղի մեզ խանդավառությամբ ու վճռականորեն պատմելու մարդկանց նրա մասին։ Իսկ դու եռանդորեն հռչակո՞ւմ ես բարի լուրը և օգնո՞ւմ ես մարդկանց հասկանալու և գնահատելու Եհովա Աստծու մեծությունը, փառահեղությունը և վեհությունը։

Հիսուսը կատարելապես արտացոլեց Եհովայի արժանապատիվ վերաբերմունքը

13. ա) Համաձայն Դանիէլ 7։13, 14–ի՝ Եհովան ինչի՞ է արժանացրել իր Որդուն։ բ) Որպես Թագավոր՝ Հիսուսն ինչպե՞ս է վերաբերվում իր հպատակներին։

13 Աստծու Որդին՝ Հիսուս Քրիստոսը, եռանդորեն հռչակեց բարի լուրը և պատվեց իր փառավոր երկնային Հորը։ Եհովան իր միածին Որդուն առանձնահատուկ պատվի արժանացրեց՝ տալով նրան «իշխանութիւն.... ու թագաւորութիւն» (կարդա՛ Դանիէլ 7։13, 14)։ Բայց Հիսուսը հպարտ, սառը և անմատչելի անձնավորություն չէ։ Ընդհակառակը՝ նա կարեկից Կառավարիչ է, ով հաշվի է առնում իր հպատակների կարողությունների սահմանափակ լինելը և հարգանքով է վերաբերվում նրանց։ Քննենք մեկ օրինակ, թե Հիսուսը՝ ապագա Թագավորը, ինչպես էր վերաբերվում մարդկանց, հատկապես նրանց, ովքեր ընդունված ու սիրված չէին հասարակության կողմից։

14. Ինչպե՞ս էին հին Իսրայելում վերաբերվում բորոտներին։

14 Հին ժամանակներում բորոտ մարդիկ մահանում էին դանդաղ ու տառապալից մահով։ Հիվանդությունը աստիճանաբար տարածվում էր մարմնի տարբեր մասերով։ Բորոտին բուժելն այն աստիճան անհնար էր համարվում, որ համեմատվում էր մահացածների միջից հարություն տալու հետ (Թուոց 12։12; Դ Թագ. 5։7, 14)։ Բորոտները հայտարարվում էին անմաքուր. մարդիկ գարշում էին նրանցից ու վտարում էին իրենց միջից։ Մարդկանց մոտենալիս բորոտը պետք է բղավելով նախազգուշացներ. «Անմաքուր, անմաքուր» (Ղեւտ. 13։43–46)։ Բորոտը նման էր մահացածի։ Ռաբունական արձանագրությունների համաձայն՝ նա 1,7 մետրից ավելի իրավունք չուներ մոտենալու որևէ մեկին։ Ասվում է, որ մի կրոնական առաջնորդ, երբ տեսնում էր բորոտի, որը անգամ մոտ չէր իրեն, քարեր էր նետում նրա կողմը, որպեսզի հեռացնի նրան։

15. Ինչպե՞ս Հիսուսը վարվեց մի բորոտի հետ։

15 Սակայն ուշադրության է արժանի այն, թե ինչպես Հիսուսը վերաբերվեց մի բորոտի, որը մոտեցավ նրան ու աղերսեց բուժել իրեն (կարդա՛ Մարկոս 1։40–42)։ Բորոտին հեռացնելու փոխարեն՝ Հիսուսը այդ մերժված մարդու հանդեպ կարեկցանք ու հարգանք ցուցաբերեց։ Նա իր առջև տեսնում էր մի խեղճ մարդու, որն օգնության կարիք ուներ։ Հիսուսի գութը շարժվեց, և կարեկցանքից մղված՝ նա անմիջապես գործի անցավ։ Հիսուսը մեկնեց ձեռքը, դիպավ բորոտին և բուժեց նրան։

16. Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե ինչպես էր Հիսուսը վերաբերվում մարդկանց։

16 Լինելով Հիսուսի հետևորդներ՝ ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան, ով արտացոլում էր իր Հոր արժանապատիվ վերաբերմունքը։ Մենք, օրինակ, կարող ենք ընդունել, որ բոլոր մարդիկ, անկախ դիրքից, առողջական վիճակից և տարիքից, արժանի են պատվի ու հարգանքի (1 Պետ. 2։17)։ Հատկապես նրանք, ովքեր իշխանություն ունեն՝ ամուսինները, ծնողները և քրիստոնյա երեցները, պետք է պատվի արժանացնեն իրենց հոգածության տակ գտնվողներին և օգնեն նրանց պահպանելու ինքնահարգանքը։ Շեշտելով, որ սա պահանջ է բոլոր քրիստոնյաների համար՝ Աստվածաշունչն ասում է. «Եղբայրասիրության մեջ գորովա՛նք ունեցեք իրար հանդեպ։ Միմյանց պատիվ տալու մեջ առաջի՛նը եղեք» (Հռոմ. 12։10)։

Արժանավայել երկրպագություն

17. Ի՞նչ կարող ենք սովորել Աստվածաշնչից Եհովային արժանավայել կերպով երկրպագություն մատուցելու մասին։

17 Մենք առանձնապես պետք է ուշադիր լինենք, որ արժանավայել կերպով երկրպագենք Եհովային։ «Զգոյշ եղիր ոտքիդ համար, երբոր գնաս Աստուծոյ տունը»,— ասվում է Ժողովող 5։1–ում։ Թե՛ Մովսեսը, թե՛ Հեսուն պատվեր էին ստացել հանելու իրենց կոշիկները սուրբ վայրում (Ելից 3։5; Յեսու 5։15)։ Նրանք պետք է այդպես անեին՝ ի նշան հարգանքի և ակնածանքի։ Իսրայելացի քահանաները պետք է կտավե վարտիքներ հագնեին «մարմնի մերկութիւնը ծածկելու համար» (Ելից 28։42, 43)։ Դրա շնորհիվ քահանաների մերկությունը անպատշաճ կերպով չէր բացվի զոհասեղանի մոտ ծառայություն մատուցելիս։ Քահանայական ընտանիքի բոլոր անդամները պետք է հետևեին Աստծուն երկրպագություն մատուցելու վեհ չափանիշներին։

18. Ինչպե՞ս ենք արժանավայել կերպով երկրպագում Եհովային։

18 Ուստի արժանավայել երկրպագությունը կապ ունի պատվի ու հարգանքի հետ։ Որպեսզի արժանի լինենք պատվի ու հարգանքի, պետք է ինքներս հարգանք դրսևորենք։ Արժանավայել վերաբերմունքը չպետք է լինի ձևական։ Նման վերաբերմունքը ավելին է, քան այն, ինչ տեսնում են մարդիկ։ Այն պետք է սրտից բխի, սիրտ, որն Աստված տեսնում է (Ա Թագ. 16։7; Առակ. 21։2)։ Մեր ամեն ինչը պետք է արտահայտի արժանապատվություն և վեհություն՝ մեր վարքը, մտածելակերպը, ուրիշների հետ փոխհարաբերությունները և նույնիսկ այն, թե ինչ կարծիք ունենք մեր մասին։ Այո՛, մեր արժանապատվությունը պետք է ակնհայտ լինի ամեն ժամանակ և արտացոլվի մեր խոսքերում ու գործերում։ Վարքի ու հագուկապի առումով միշտ պետք է հիշենք Պողոս առաքյալի խոսքերը. «Ոչ մի ձևով մենք գայթակղության որևէ առիթ չենք տալիս, որպեսզի մեր ծառայությունը չպախարակվի, այլ բոլոր առումներով ինքներս մեզ երաշխավորում ենք որպես Աստծու ծառայողների» (2 Կորնթ. 6։3, 4)։ Մենք «ամեն բանում զարդարում ենք մեր Փրկչի՝ Աստծու ուսմունքը» (Տիտոս 2։10)։

Շարունակիր արժանավայել կերպով երկրպագել Աստծուն

19, 20. ա) Ո՞րն է մարդկանց պատվելու հրաշալի կերպերից մեկը։ բ) Ի՞նչ պետք է վճռենք անել։

19 Օծյալ քրիստոնյաները, ովքեր «Քրիստոսին փոխարինող դեսպաններ են», արժանավայել կերպով են երկրպագում Եհովային (2 Կորնթ. 5։20)։ «Ուրիշ ոչխարները», որոնք հավատարմորեն աջակցում են նրանց, Մեսիական Թագավորության արժանավոր դեսպանորդներ են։ Դեսպանը կամ դեսպանորդը իր երկրի անունից խոսում է համարձակորեն և արժանապատվությամբ։ Ուստի մենք պետք է համարձակորեն և արժանապատվությամբ խոսենք՝ թիկունք կանգնելով Աստծու կառավարությանը՝ Թագավորությանը (Եփես. 6։19, 20)։ Եվ երբ մարդկանց «բարիք ենք ավետում», մի՞թե պատվի չենք արժանացնում նրանց (Ես. 52։7)։

20 Մենք պետք է վճռական լինենք փառաբանելու Աստծուն՝ նրան վայել վարք դրսևորելով (1 Պետ. 2։12)։ Եկեք միշտ խոր հարգանք ցույց տանք նրա, նրա երկրպագության և մեր հավատակիցների հանդեպ։ Թող որ Եհովային, ով արժանապատվություն և շքեղություն է հագած, հաճելի լինի մեր կողմից արժանավայել կերպով իրեն մատուցվող երկրպագությունը։

[ծանոթագրություն]

a Դավթի խոսքերը, որ գրված են 8–րդ սաղմոսում, նաև մարգարեաբար մատնանշում են կատարյալ մարդ Հիսուս Քրիստոսին (Եբր. 2։5–9)։

Ինչպե՞ս կպատասխանեք

• Եհովայի փառավոր մեծությունը հասկանալն ու գնահատելը ինչպե՞ս է անդրադառնում մեզ վրա։

• Արժանավայել վերաբերմունքի մասին ի՞նչ ենք սովորում այն բանից, թե ինչպես Հիսուսը վարվեց մի բորոտի հետ։

• Ինչպե՞ս կարող ենք պատվել Եհովային արժանավայել կերպով։

[նկար 12–րդ էջի վրա]

Ինչպե՞ս Եհովան պատվեց Աբելին

[նկար 14–րդ էջի վրա]

Նույնիսկ սովորական հացն է վկայում Եհովայի մեծությունը

[նկար 15–րդ էջի վրա]

Արժանավայել վերաբերմունքի մասին ի՞նչ սովորեցիր այն բանից, թե ինչպես Հիսուսը վարվեց մի բորոտի հետ

[նկար 16–րդ էջի վրա]

Արժանավայել կերպով երկրպագելու մեջ մտնում է Եհովային պատվելը

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը