Մեր ընթերցողները հարցնում են
Կվերապրի՞ արդյոք մեր երկրագունդը
Մեր երկրագունդը չի վերանա ինչ-որ աղետի հետևանքով։ Ինչո՞ւ ենք այսքան համոզված։ Որովհետև Աստված խոստացել է, որ երկրագունդը «տեղիցը չի շարժուի բնաւ եւ յաւիտեան» (Սաղմոս 104։5)։ Չնայած «մի ազգ գնում է, եւ մի ազգ գալիս է,— ասում է Աստվածաշունչը,— բայց երկիրը յաւիտեան կանգնած կայ» (Ժողովող 1։4)։
Սաղմոս 104։5-ում երկրի կայունությունը մատնանշելու վերաբերյալ եբրայերեն բնագրում օգտագործվում է երկու բառ՝ «ohlamʹ», որ նշանակում է «անորոշ ժամանակ» և «adh»՝ «հավիտյան»։ «Ohlamʹ» բառը կարող է թարգմանվել «շատ տարիներ» և «անվերջ»։ Եբրայերեն և քաղդեերեն մի բառարանի համաձայն՝ «adh» բառը նշանակում է «տևողություն, հավիտենականություն, ընդմիշտ» (Harkavy’s Students’ Hebrew and Chaldee Dictionary)։ Եբրայերեն այս երկու բառերը երկրագնդի հարատևության գաղափարը ավելի ուժգնորեն են շեշտում։ Տեսնենք, թե ինչ հիմքեր ունենք ասելու, որ երկիրը հավիտյան է մնալու։
Առաջին՝ Աստված ստեղծել է երկիրը, որպեսզի այն բնակեցվի մարդկանցով և դառնա համաշխարհային դրախտ, այլ ոչ թե անբնակ մի վայր։ Եսայիա 45։18-ը նկարագրում է Եհովային որպես «երկինքն ստեղծողի, նա է Աստուած, որ կազմեց երկիրը, եւ արաւ նորան՝ հաստատեց նորան. նորան չ’ստեղծեց դարտակ, այլ բնակուելու համար ստեղծեց նորան»։
Երկրորդ՝ Եհովան վաղուց խոստացել է, որ հնազանդ մարդիկ հավիտյան կապրեն խաղաղ երկրի վրա։ Միքիա 4։4–ում կարդում ենք նրա խոստումը. «Ամեն մարդ պիտի իր որթի տակին բնակուէ, եւ իր թզենու տակին, եւ վախեցնող պիտի չ’լինի, որովհետեւ Զօրաց Տիրոջ բերանն է ասել»։ Ուստի Աստծու խոստման համաձայն՝ երկիրը ընդմիշտ պետք է մարդկության տուն մնա, հակառակ դեպքում նրա խոստումները իզուր են (Սաղմոս 119։90; Եսայիա 55։11; 1 Հովհաննես 2։17)։
Երրորդ՝ Աստված հանձնարարել է մարդուն հոգ տանել երկրագնդին։ «Երկինքների երկինքը Տիրոջն է, եւ նա երկիրը մարդկանց որդիներին տուաւ»,— ասում է Աստծու Խոսքը (Սաղմոս 115։16)։ Խորհենք. հնարավո՞ր է, որ սիրող հայրը իր երեխային գեղեցիկ նվեր տա և հետո ոչնչացնի այդ նվերը։ Իհարկե ոչ։ Նմանապես, Եհովան այդպես չի վարվի երկրի ու նրա բնակիչների հետ, որովհետև «[նա] սեր է» (1 Հովհաննես 4։8)։
Հիսուս Քրիստոսը իր Հոր խոստումների վերաբերյալ հետևյալ հավաստիացումը տվեց. «Քո խոսքը ճշմարտություն է» (Հովհաննես 17։17)։ Աստված, որը չի կարող ստել, խոստանում է. «Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում» (Սաղմոս 37։29; Տիտոս 1։2)։
[նկար 31–րդ էջի վրա]
Globe: Based on NASA photo