-
Ինչպե՞ս կարող ես լավագույնս օգուտ քաղել ԱստվածաշնչիցՎայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
-
-
ԴԱՍ 11
Ինչպե՞ս կարող ես լավագույնս օգուտ քաղել Աստվածաշնչից
Ցանկացե՞լ ես մեծ նախագիծ ձեռնարկել, սակայն տեսնելով դրա ծավալը՝ վարանել ես։ Բայց հետո գուցե որոշել ես գործդ հեշտացնելու համար այն բաժանել ավելի փոքր մասերի։ Նույնն է պարագան Աստվածաշնչի ընթերցանության դեպքում։ Թերևս մտածում ես՝ որտեղի՞ց սկսեմ։ Այս դասում կքննարկենք մի քանի առաջարկներ, որոնք կօգնեն քեզ հաճույք ստանալ Աստվածաշնչի ընթերցանությունից և ուսումնասիրությունից։
1. Ինչո՞ւ պետք է կանոնավոր կարդանք Աստվածաշունչը
Այն մարդը, որը կանոնավոր կարդում է Աստվածաշունչը‵ «Եհովայի օրենքը», կլինի երջանիկ և հաջողության կհասնի (կարդա Սաղմոս 1։1–3)։ Սկսիր օրը մի քանի րոպեից։ Որքան շատ ծանոթանաս Աստծու Խոսքին, այնքան մեծ հաճույքով կկարդաս այն։
2. Ի՞նչ կարող ես անել, որ ընթերցանությունդ արդյունավետ լինի
Աստվածաշնչից լավագույնս օգուտ քաղելու համար մենք պետք է ընթերցանության ժամանակ դադարներ տանք և մտածենք մեր կարդացածի շուրջ։ Մենք պետք է և՛ կարդանք, և՛ «խորհրդածենք» (Հեսու 1։8, ծանոթագրություն)։ Ընթերցելիս այսպիսի հարցեր տուր ինքդ քեզ. «Այս հատվածից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։ Ինչպե՞ս կարող եմ կիրառել սա իմ կյանքում։ Ինչպե՞ս կարող եմ այս համարներն օգտագործել ուրիշներին օգնելու համար»։
3. Ինչպե՞ս կարող ես ժամանակ գտնել ընթերցանության համար
Դժվարանո՞ւմ ես ժամանակ գտնել Աստվածաշունչ կարդալու համար։ Իրականում շատերիս համար է դա խնդիր։ Պարզապես պետք է փորձես «գնել հարմար ժամանակը» (Եփեսացիներ 5։16)։ Դա կարող ես անել՝ գրաֆիկիդ մեջ կոնկրետ ժամանակ հատկացնելով, որ ամեն օր ընթերցես Աստվածաշունչը։ Ոմանք իրենց ընթերցանությունն անում են վաղ առավոտյան, ուրիշներն էլ դա անում են ավելի ուշ, օրինակ՝ իրենց ընդմիջման ժամին։ Շատ մարդիկ էլ Աստվածաշունչը երեկոյան են կարդում՝ քնելուց առաջ։ Իսկ ո՞րն է լավագույն ժամը քեզ համար։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Իմացիր, թե ինչպես կարող ես Աստվածաշնչի ընթերցանությունը ավելի հետաքրքիր դարձնել։ Տես, թե ինչպես կարող ես լավ նախապատրաստվել, որ քեզ համար Աստվածաշնչի ուսումնասիրությունը արդյունավետ լինի։
Ճիշտ ինչպես կարող ենք սովորել նոր կերակրատեսակներ սիրել, նույն կերպով էլ կարող ենք սովորել բավականություն ստանալ Աստվածաշնչի ընթերցանությունից
4. Սովորիր հաճույք ստանալ Աստվածաշնչի ընթերցանությունից
Գուցե դժվար լինի սկսել Աստվածաշնչի ընթերցանությունը, սակայն կարող ես «փափագ զարգացնել» այն կարդալու համար։ Դա նման է նոր կերակրատեսակ ճաշակելուն, որը ժամանակի ընթացքում սկսում ես սիրել։ Կարդացեք 1 Պետրոս 2։2, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։
Քո կարծիքով, եթե ամեն օր կարդաս Աստվածաշունչը, կսկսե՞ս հաճույք ստանալ դրանից և հաճույքով սպասել հաջորդ ընթերցանությանը։
Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և տեսեք, թե ոմանք ինչպես սկսեցին բավականություն ստանալ Աստվածաշնչի ընթերցանությունից։ Այնուհետև քննարկեք հաջորդող հարցերը։
Պատանիներն ի՞նչ դժվարություններ հաղթահարեցին։
Ի՞նչն օգնեց նրանց կառչած մնալ Աստվածաշնչի ընթերցանության իրենց գրաֆիկին։
Նրանք ինչպե՞ս են Աստվածաշնչի ընթերցանությունը հետաքրքիր դարձրել։
Օգտակար խորհուրդներ
Ընտրիր ճշգրիտ և ժամանակակից թարգմանություն։ Ընթերցիր «Նոր աշխարհ թարգմանությունը», եթե այն առկա է քո լեզվով։
Սկսիր այն մասերից, որոնք քեզ ամենաշատն են հետաքրքրում։ «Սկսիր կարդալ Աստվածաշունչը» ցանկը կօգնի քեզ այդ հարցում։
Նշիր, թե որ մասերն ես կարդացել։ Ընթերցանությանդ կարող ես հետևել այս ձեռնարկի՝ «Աստվածաշնչի ընթերցանության քո առաջընթացը» աղյուսակի միջոցով։
Օգտվիր JW Library® հավելվածից։ Դրա միջոցով կարող ես ցանկացած վայրում Աստվածաշունչը սմարթֆոնով կարդալ ու լսել դրա ձայնագրությունը։
Օգտվիր «Նոր աշխարհ թարգմանության» մեջ տեղ գտած հավելվածներից։ Դրանք ընդգրկում են քարտեզներ, աղյուսակներ և բառարան, որոնց շնորհիվ ընթերցանությունդ ավելի հետաքրքիր կդառնա։
5. Նախապատրաստվիր Աստվածաշնչի ուսումնասիրությանդ
Կարդացեք Սաղմոս 119։34, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։
Ինչո՞ւ լավ կլինի, որ աղոթես նախքան Աստվածաշունչը կարդալը և Աստվածաշնչի ուսումնասիրությանը նախապատրաստվելը։
Ինչպե՞ս կարող ես լավագույնս օգուտ քաղել յուրաքանչյուր դասից։ Ամեն անգամ դասին պատրաստվելիս օգտվիր հետևյալ մեթոդից։
Ա) Կարդա դասի սկզբի պարբերությունները։
Բ) Բացիր և կարդա աստվածաշնչյան համարները ու փորձիր հասկանալ, թե դրանք ինչպես են առնչվում նյութին։
Գ) Ընդգծիր այն գլխավոր բառերն ու արտահայտությունները, որոնք պատասխանում են հարցին։ Այդպես կկարողանաս ուսուցչիդ հետ քննարկել դասը։
Գիտեի՞ր
Եհովայի վկաներն օգտվել են Աստվածաշնչի մի քանի թարգմանություններից։ Սակայն նրանք նախընտրում են «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը», քանի որ այն ճշգրիտ է, պարզ և ընդգրկում է Աստծու անունը։ Տես «Եհովայի վկաները իրենց Աստվածաշո՞ւնչն ունեն» վեբ հոդվածը։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Աստվածաշունչ ուսումնասիրելը բարդ գործ է։ Ես ո՛չ այդքան ժամանակ ունեմ, ո՛չ էներգիա»։
Իսկ դու ի՞նչ ես կարծում։
ԱՄՓՈՓՈՒՄ
Աստծու Խոսքից առավելագույն օգուտներ քաղելու համար ժամանակ հատկացրու, որ այն կարդաս, աղոթես ընթերցածդ հասկանալու համար և պատրաստվես Աստվածաշնչի ուսումնասիրությանը։
Վերհիշենք
Ի՞նչը կօգնի, որ լավագույնս օգուտ քաղես Աստվածաշնչից։
Ե՞րբ կարող ես ժամանակ հատկացնել Աստվածաշնչի ընթերցանությանը և ուսումնասիրությանը։
Ինչո՞ւ լավ կլինի, որ նախօրոք պատրաստվես Աստվածաշնչի ուսումնասիրությանը։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Քննիր մի քանի առաջարկներ, որոնք կարող են օգնել քեզ ավելի արդյունավետ դարձնել Աստվածաշնչի ուսումնասիրությունդ։
«Ինչպես օգուտ քաղել Աստվածաշնչի ընթերցանությունից» («Դիտարան» № 1, 2017)
Իմացիր, թե ինչ 3 կերպերով կարող ես ընթերցել Աստվածաշունչը։
«Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչը օգնել ինձ։ Մաս 1. ուսումնասիրիր Աստվածաշունչը» (վեբ հոդված)
Տես, թե ինչպես կարող ես բավականություն ստանալ Աստվածաշնչի ընթերցանությունից։
Մի քանի խորհուրդներ երկար տարիների Աստվածաշունչ ընթերցողներից։
-
-
Շարունակիր առաջադիմելՎայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
-
-
4. Միշտ հաղորդակցվիր քո լավագույն Ընկերոջ հետ
Աղոթքի և Աստվածաշնչի ընթերցանության շնորհիվ դու մտերմացել ես Եհովայի հետ։ Իսկ դրանք ինչպե՞ս կարող են օգնել քեզ խորացնելու նրա հետ քո ընկերությունը։
Կարդացեք Սաղմոս 62։8 և քննարկեք հետևյալ հարցը։
Ինչպե՞ս կարող ես բարելավել աղոթքներդ, որ ավելի մտերմանաս Եհովայի հետ։
Կարդացեք Սաղմոս 1։2 և ծանոթագրությունը, այնուհետև քննարկեք այս հարցը։
Ինչպե՞ս կարող ես բարելավել Աստվածաշնչի ընթերցանությունդ, որ ավելի մտերմանաս Եհովայի հետ։
Ինչպե՞ս կարող ես անձնական ուսումնասիրությունդ ավելի արդյունավետ դարձնել։ Մի քանի առաջարկներ տեսնելու համար դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հաջորդող հարցը։
Այս առաջարկներից որո՞նք կարող ես կիրառել։
Ո՞ր թեմաների մասին կցանկանայիր ուսումնասիրություն անել։
-