Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 9/1 էջ 13–էջ 16 պարբ. 11
  • Ուշագրավ մտքեր «Սաղմոսներից» (գիրք 5)

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ուշագրավ մտքեր «Սաղմոսներից» (գիրք 5)
  • 2006 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԵՐՋԱՆԻԿ՝ ԵՀՈՎԱՅԻ ՍԻՐԱՌԱՏ ԲԱՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ
  • (Սաղմոս 107։1–119։176)
  • ԵՐՋԱՆԻԿ՝ ՉՆԱՅԱԾ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
  • (Սաղմոս 120։1–145։21)
  • Օրհնեցեք Յահին
  • Աստվածաշնչի գիրք համար 19. Սաղմոսներ
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Ուշագրավ մտքեր «Սաղմոսներից» (գիրք 1)
    2006 Դիտարան
  • Ուշագրավ մտքեր «Սաղմոսներից» (գիրք 3 և 4)
    2006 Դիտարան
  • Ուշագրավ մտքեր «Սաղմոսներից» (գիրք 2)
    2006 Դիտարան
Ավելին
2006 Դիտարան
w06 9/1 էջ 13–էջ 16 պարբ. 11

Եհովայի Խոսքը կենդանի է

Ուշագրավ մտքեր «Սաղմոսներից» (գիրք 5)

ՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ գուցե ասեն. «Մեր որդիքը մեծան[ում են] տղայութիւնից ինչպէս նորատունկ ծառեր, եւ մեր աղջիկներն՝ ինչպէս անկիւնի սիւներ՝ պալատների ձեւով քանդակուած։ ....Մեր շտեմարանները լիք[ն են].... մեր ոչխարները հազարներ [են]»։ Դեռ ավելին, ունևոր մարդիկ գուցե բացականչեն. «Երանի այն ժողովրդին, որ նորա վիճակը այսպէս է»։ Սակայն սաղմոսերգուն ասում է. «Երանի այն ժողովրդին, որ նորա Աստուածը Եհովան է» (Սաղմոս 144։12–15)։ Մի՞թե կարող է այլ կերպ լինել։ Եհովան երջանիկ Աստված է, և երջանկությունը բնորոշ է նաև նրա երկրպագուներին (Ա Տիմոթէոս 1։11, ՆԱ)։ Այս ճշմարտությունը պարզ երևում է ներշնչված երգերի վերջին ժողովածուից, որի մեջ մտնում են 107–150 սաղմոսները։

«Սաղմոսների» հինգերորդ գիրքը նաև ընդգծում է Եհովայի անզուգական հատկությունները՝ սիրառատ բարությունը, ճշմարտացիությունը և բարությունը։ Որքան ավելի շատ ենք գիտելիքներ ձեռք բերում Աստծու անձնավորության մասին, այնքան ավելի ենք նրան սիրում և աստվածավախությամբ լցվում նրա հանդեպ։ Դա նպաստում է մեր երջանկությանը։ Որքա՜ն արժեքավոր է «Սաղմոսների» հինգերորդ գրքի պատգամը (Եբրայեցիս 4։12)։

ԵՐՋԱՆԻԿ՝ ԵՀՈՎԱՅԻ ՍԻՐԱՌԱՏ ԲԱՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ

(Սաղմոս 107։1–119։176)

«Թող գոհանան Տէրիցը նորա ողորմութեան համար, եւ նորա հրաշքների համար որ արաւ մարդկանց որդիներին»,— երգում են բաբելոնյան գերությունից վերադարձած հրեաները (Սաղմոս 107։8, 15, 21, 31)։ Փառաբանելով Աստծուն՝ Դավիթը երգում է. «Քո ճշմարտութիւնը՝ [հասնում է] մինչեւ ամպերը» (Սաղմոս 108։4)։ Հաջորդ սաղմոսում նա աղոթում է. «Օգնիր ինձ, Տէր՝ իմ Աստուած. փրկիր ինձ քո ողորմութեան [«սիրառատ բարության», ՆԱ] պէս» (Սաղմոս 109։18, 19, 26)։ 110–րդ սաղմոսում գրված է մարգարեություն Մեսիայի իշխանության մասին։ «Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է»,— կարդում ենք Սաղմոս 111։10–ում։ Իսկ հաջորդ սաղմոսի համաձայն՝ «երանելի է այն մարդը որ Տէրիցը վախենում է» (Սաղմոս 112։1)։

113–118 սաղմոսները, որտեղ հաճախ է հանդիպում «Ալէլուիա» բառը, կոչ են անում փառաբանել Եհովային (Սաղմոս 113։1–9)։ Միշնայի՝ երրորդ դարի մի աշխատության համաձայն, որտեղ արձանագրվել են բանավոր ավանդություններ՝ այդ երգերը երգել են Պասեքի և հրեաների տարեկան երեք տոների ժամանակ։ Բոլոր սաղմոսներից և Աստվածաշնչի գլուխներից ամենաերկարը 119–րդ սաղմոսն է, որում փառաբանվում է Եհովայի խոսքը, կամ՝ պատգամը։

Սուրբգրային հարցեր և պատասխաններ

109։23 — Ի՞նչ նկատի ուներ Դավիթը՝ ասելով. «Ես անց եմ կենում ինչպէս երկարացած շուք [«անհետացող ստվեր», ՆԱ]»։ Դավիթը ուզում էր բանաստեղծական կերպով ասել, որ իր մահը շատ մոտ է (Սաղմոս 102։11)։

110։1, 2 — Ի՞նչ էր անում ‘Դավթի Տերը’՝ Հիսուս Քրիստոսը, մինչ նստած էր Աստծու աջ կողմում։ Հարությունից հետո Հիսուսը բարձրացավ երկինք և Աստծու աջ կողմում սպասեց մինչև 1914 թվականը, երբ սկսեց կառավարել իբրև Թագավոր։ Այդ ժամանակահատվածում Հիսուսը ղեկավարեց իր օծյալ հետևորդներին՝ առաջնորդություն տալով քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործում, ինչպես նաև նրանց նախապատրաստելով, որ լինեն իր իշխանակիցները իր Թագավորության մեջ (Մատթէոս 24։14; 28։18–20; Ղուկաս 22։28–30)։

110։4 — Ո՞ւմ ‘երդում արեց Եհովան՝ առանց զղջալու’։ Այդ երդումը այն ուխտն է, որ Եհովան հաստատեց Հիսուս Քրիստոսի հետ այն մասին, որ վերջինս ծառայելու էր որպես Թագավոր և Քահանայապետ (Ղուկաս 22։29)։

113։3 — Ինչպե՞ս է Եհովայի անունը օրհնվում, կամ՝ գովաբանվում, «արեւելքից մինչեւ արեւմուտքը»։ Այդ գովաբանությունը ավելին է նշանակում, քան պարզապես այն, որ մարդկանց մի խումբ ամեն օր երկրպագում է Աստծուն։ Արեգակի ճառագայթները լուսավորում են ամբողջ երկրագունդը՝ արևելքից մինչև արևմուտք։ Նման կերպով, Եհովան պետք է փառաբանվի ամբողջ աշխարհով մեկ։ Այդ փառաբանությունը չի կարող իրագործվել առանց կազմակերպված ջանքերի։ Լինելով Եհովայի վկաներ՝ մենք մեծ պատիվ ունենք գովաբանելու Աստծուն և եռանդորեն մասնակցելու Թագավորության քարոզչության գործին։

116։15 — Որքա՞ն «պատուական է Տիրոջ առաջին նորա սուրբերի [«նրան նվիրվածների», ՆԱ] մահը»։ Եհովայի երկրպագուներն այնքան մեծ արժեք ունեն նրա համար, որ նա թույլ չի տա, որ իր բոլոր ծառաները՝ որպես խումբ, մահանան, քանի որ դա Եհովայի համար կնշանակեր շատ մեծ գին վճարել։ Եթե Եհովան դա թույլ տար, ապա կնշանակեր, որ իր թշնամիները իրենից զորավոր են։ Բացի այդ, ոչ ոք չէր մնա երկրի վրա՝ նոր աշխարհի հիմք կազմելու համար։

119։71 — Ի՞նչ լավ բան կարող է լինել ‘վշտանալու’ (ԱԱ) մեջ։ Նեղությունները կարող են սովորեցնել մեզ ավելի շատ ապավինել Եհովային, ավելի ջերմեռանդորեն աղոթել նրան, ավելի ջանասիրաբար ուսումնասիրել Աստվածաշունչը և կիրառել նրա խորհուրդը։ Բացի դրանից, այն թե ինչպես ենք վարվում փորձության ժամանակ, կարող է բացահայտել մեր թերությունները, որոնք հարկավոր է ուղղել։ Տառապանքի պատճառով մենք չենք դառնանա, եթե թույլ տանք, որ այն կատարելագործի մեզ։

119։96 — Ի՞նչ է նշանակում «ամեն կատարեալ բանի վերջը»։ Սաղմոսերգուն կատարելության մասին մարդկային տեսանկյունից էր խոսում։ Հավանաբար, նա նկատի ուներ այն, որ մարդը սահմանափակ ըմբռնում ունի կատարելության վերաբերյալ։ Սակայն Աստծու «պատուիրանքը շատ լայնարձակ է»։ Այն առաջնորդություն է տալիս կյանքի բոլոր բնագավառների համար։

119։164 — Ի՞նչ է նշանակում Աստծուն «օրը եօթն անգամ» փառաբանել։ Յոթ թիվը հաճախ նշանակում է ավարտվածություն։ Ուստի, ինչպես ասում է սաղմոսերգուն, Եհովան արժանի է ամենայն փառքի։

Դասեր մեզ համար

107։27–31. Աշխարհի իմաստությունը ‘կկորչի’, երբ սկսվի Արմագեդոնը (Յայտնութիւն 16։14, 16)։ Այդ իմաստությունը կործանումից չի կարող փրկել և ոչ մեկի։ Կփրկվեն միմիայն նրանք, ովքեր ապավինում են Եհովայի փրկությանը, և այդ մարդիկ «[կ]գոհանան Տէրիցը նորա ողորմութեան [կամ՝ սիրառատ բարության] համար»։

109։30, 31; 110։5. Զինվորի աջ կողմը սովորաբար պաշտպանված չէր, քանի որ նա աջ ձեռքով բռնում էր սուրը, իսկ ձախով՝ վահանը։ Փոխաբերական առումով՝ Եհովան իր ծառաների «աջ կողմին» է, որպեսզի մարտնչի հանուն նրանց։ Այսպես նա պաշտպանում և օգնում է նրանց։ Մենք բոլոր հիմքերն ունենք ‘շատ գոհանալու’ նրանից։

113։4–9. Եհովան այնքան բարձր է, որ նույնիսկ ‘երկինքը տեսնելու’ համար նա պետք է խոնարհվի։ Բայցևայնպես, նա կարեկից է աղքատի, խեղճի և ամուլ կնոջ հանդեպ։ Գերիշխան Տեր Եհովան խոնարհ է, ուստի նա ցանկանում է, որ իր երկրպագուները խոնարհաբար վարվեն այդպիսի մարդկանց հետ (Յակոբոս 4։6)։

114։3–7. Իմանալը, թե հանուն իր ժողովրդի ինչ հրաշալի գործեր է արել Եհովան Կարմիր ծովի, Հորդանան գետի և Սինա լեռան մոտ, պետք է ազդի մեր մտքի ու սրտի վրա։ «Երկիրը»՝ մարդկությունը, պետք է ‘սարսափի’, այսինքն՝ ակնածի Տերից։

119։97–101. Աստծու Խոսքից ստանալով իմաստություն, խորաթափանցություն և հասկացողություն՝ մենք պաշտպանված կլինենք հոգևոր վնասներից։

119։105. Աստծու Խոսքը ճրագ է մեր ոտքերի համար այն իմաստով, որ կարող է օգնել մեզ հաղթահարել ամենօրյա խնդիրները։ Այն լույս է մեր ճանապարհի համար, որովհետև հայտնում է Աստծու նպատակը ապագայի վերաբերյալ։

ԵՐՋԱՆԻԿ՝ ՉՆԱՅԱԾ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

(Սաղմոս 120։1–145։21)

Ինչպե՞ս կարող ենք դիմագրավել դժվարին իրավիճակները։ 120–134 սաղմոսները այս հարցին հստակ պատասխան են տալիս։ Մենք կարող ենք հաղթահարել դժվարությունները և պահպանել մեր ուրախությունը Եհովայի օգնությամբ։ Այդ սաղմոսները, որ կոչվում են «Աստիճանների երգեր», հավանաբար երգվում էին այն ժամանակ, երբ իսրայելացիները ճանապարհորդում էին Երուսաղեմ՝ տարեկան տոները նշելու։

135–րդ և 136–րդ սաղմոսները ընդգծում են այն միտքը, որ Եհովան իրագործում է այն ամենը, ինչ կամենում է։ Նույնը ամենևին չի կարելի ասել անզոր կուռքերի մասին։ Սաղմոս 136–ը կազմված է այնպես, որ յուրաքանչյուր համարի վերջին մասը երգվում է՝ ի պատասխան առաջինի։ Հաջորդ սաղմոսը անդրադառնում է Բաբելոնում գտնվող սրտաբեկ հրեաներին, որոնք ցանկանում են Եհովային երկրպագել Սիոնում։ 138–145 սաղմոսները գրել է Դավիթը։ Նա ցանկանում է ‘բոլոր սրտով գոհանալ Եհովայից’։ Ինչո՞ւ։ Նա ասում է. «Ահաւոր եւ զարմանալի կերպով ստեղծուեցայ» (Սաղմոս 138։1; 139։14)։ Մյուս հինգ սաղմոսներում Դավիթը աղոթում է չար մարդկանցից պաշտպանվելու, արդարացի հանդիմանություն ստանալու, հալածիչներից ազատվելու և վարքի հարցում առաջնորդություն ունենալու համար։ Նա շեշտում է Եհովայի ժողովրդի երջանկությունը (Սաղմոս 144։15)։ Աստծու մեծությունն ու բարությունը քննելուց հետո Դավիթը բացականչում է. «Իմ բերանը Տիրոջ օրհնութիւնը կը խօսի, եւ ամեն մարմին նորա սուրբ անունը կ’օրհնէ յաւիտեանս յաւիտենից» (Սաղմոս 145։21)։

Սուրբգրային հարցեր և պատասխաններ

122։3 — Ինչպե՞ս էր Երուսաղեմն «ինքն իրան հետ միաւորուած»։ Հին ժամանակներում քաղաքներում սովորաբար տները կառուցում էին իրար շատ մոտ։ Այդպես էր նաև Երուսաղեմում։ Ուստի քաղաքը հեշտ էր պաշտպանել։ Բացի դրանից, տների մերձավորությունը բնակիչներին հնարավորություն էր տալիս միմյանց օգնելու և պաշտպանելու։ Այս արտահայտությունը խորհրդանշում է Իսրայելի 12 ցեղերի հոգևոր միասնությունը, երբ նրանք մեկտեղ էին հավաքվում երկրպագելու նպատակով։

123։2 — Ի՞նչ է նշանակում այն, որ ծառաների աչքերը նայում են իրենց տերերի ձեռքին։ Ծառաներն ու աղախինները նայում են իրենց տերերի և տիկինների ձեռքերին, որպեսզի առաջին՝ իմանային նրա ցանկությունը և երկրորդ՝ ստանային պաշտպանություն և կյանքի համար անհրաժեշտ բաներ։ Նմանապես, մենք նայում ենք Եհովային, որպեսզի հասկանանք նրա կամքը և արժանանանք նրա բարեհաճությանը։

131։1–3 — Ինչպե՞ս Դավիթը իր անձը, կամ՝ հոգին, ‘հանդարտեցրեց և հանգստացրեց մոր կաթից կտրվածի պես’։ Ինչպես որ կաթից կտրված երեխան է սովորում մխիթարություն և բավարարվածություն զգալ մոր գրկում, այնպես էլ Դավիթը սովորեց «մօր կաթից կտրուածի պէս» հանդարտեցնել և հանգստացնել իր հոգին։ Ինչպե՞ս։ Նա թույլ չէր տալիս, որ իր սիրտը գոռոզանա, աչքերը ‘բարձրանան’, և որ ինքը մեծամեծ բաների ետևից գնա։ Հռչակի ձգտելու փոխարեն՝ Դավիթը սովորաբար գիտակցում էր, որ իր հնարավորությունները սահմանափակ են, և խոնարհություն էր ցուցաբերում։ Մենք իմաստուն կլինենք, եթե ընդօրինակենք նրա մտայնությունը, մասնավորապես երբ ժողովում ձգտում ենք առանձնաշնորհումների։

Դասեր մեզ համար

120։1, 2, 6, 7. Զրպարտչական և կծու խոսքերը կարող են անտանելի ցավ պատճառել։ Մեր լեզուն հսկելով՝ կփաստենք, որ «խաղաղութեան մարդ» ենք։

120։3, 4. Եթե ստիպված ենք համբերել մեկին, ով «նենգաւոր լեզու» ունի, ապա կարող ենք մխիթարվել այն բանի իմացությամբ, որ Եհովան համապատասխան ժամանակին ամեն ինչ կկարգավորի։ Զրպարտիչները կհանդիպեն չարիքի՝ «զօրաւոր մարդի» կողմից։ Անշուշտ, նրանք կարժանանան Եհովայի կրակոտ դատաստանին, որը խորհրդանշվում է «գիհիների կայծերով»։

127։1, 2. Մեր բոլոր գործերում առաջնորդության համար պետք է դիմենք Եհովային։

133։1–3. Այն, որ մենք՝ որպես Եհովայի ժողովուրդ, միասնական ենք, մեզ հանգստություն է պատճառում, կերտում է և թարմացնում։ Մենք չպետք է խախտենք այդ միասնությունը՝ սխալներ փնտրելով, վիճաբանելով և գանգատվելով։

137։1, 5, 6. Եհովայի երկրպագուները, որ գտնվում էին գերության մեջ, ջերմ զգացմունքներ ունեին Սիոնի հանդեպ, որը ներկայացնում էր Աստծու կազմակերպությունը։ Իսկ ի՞նչ զգացումներ ունենք մենք։ Մշակե՞լ ենք մեր մեջ ջերմ կապվածություն այն կազմակերպության հանդեպ, որին Եհովան այսօր օգտագործում է։

138։2. Եհովան ‘իր խոսքը մեծացնում է իր անունից էլ վեր’ այն իմաստով, որ այն ամենի կատարումը, ինչ նա խոստացել է իր անունով, անսահման կգերազանցի մեր բոլոր ակնկալիքները։ Իրոք որ մեր առջև մեծ հեռանկարներ կան։

139։1–6, 15, 16. Եհովան գիտի մեր գործերը, մտքերը և նույնիսկ այն խոսքերը, որ դեռ չենք ասել։ Նա գիտի մեզ այն օրվանից, երբ դեռ նոր էինք սաղմ դարձել մայրական արգանդում, երբ դեռ մեր մարմնի մասերը չէին ձևավորված։ Մեզ համար դժվար է ըմբռնել այն, որ Աստված գիտի մեզանից յուրաքանչյուրին։ Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ Եհովան ոչ միայն տեսնում է մեր ծանր իրավիճակը, այլև հասկանում է, թե ինչ ազդեցություն է այն թողնում մեզ վրա։

139։7–12. Եհովայի համար «հեռավոր վայր» հասկացություն գոյություն չունի։ Ուր էլ որ լինենք, նա ի վիճակի է մեզ զորացնել։

139։17, 18. Հաճելի՞ են արդյոք մեզ Եհովայի մասին գիտելիքները (Առակաց 2։10)։ Եթե այո, ուրեմն գտել ենք ուրախության անսպառ աղբյուր։ Եհովայի մտքերը «աւազիցը շատ են»։ Մենք միշտ էլ նրա մասին սովորելու բան կունենանք։

139։23, 24. Մենք պետք է ցանկանանք, որ Եհովան քննի մեր ներքին անձնավորությունը՝ տեսնելու, թե չկան արդյոք մեր մեջ ‘չար ճանապարհներ’՝ սխալ մտքեր, ցանկություններ և հակումներ, և օգնի մեզ դրանք արմատախիլ անել։

143։4–7. Ինչպե՞ս կարող ենք դիմանալ անգամ դաժան փորձություններին։ Սաղմոսերգուի խոսքերից տեսնում ենք, որ պետք է խորհրդածենք Եհովայի գործերի շուրջ և աղոթքով նրանից օգնություն խնդրենք։

Օրհնեցեք Յահին

«Սաղմոսների» առաջին չորս ժողովածուներից յուրաքանչյուրն ավարտվում է Եհովային ուղղված փառաբանական արտահայտությամբ (Սաղմոս 41։13; 72։19, 20; 89։52; 106։48)։ Վերջին ժողովածուն բացառություն չէ։ Սաղմոս 150։6–ում գրված է. «Ամեն շունչ ունեցողը թող օրհնէ Տիրոջը։ Ալէլուիա [այսինքն՝ Օրհնեցեք Յահին]»։ Այս խոսքերը իրականություն կդառնան Աստծու նոր աշխարհում։

Բաղձանքով սպասելով այդ ժամանակներին՝ մենք բազմաթիվ հիմքեր ունենք փառաբանելու ճշմարիտ Աստծուն և գովաբանելու նրա անունը։ Մի՞թե մեր երախտապարտ սրտերը չեն մղվում փառաբանելու նրան, երբ խորհրդածում ենք, թե ինչքան երջանիկ ենք, որ ճանաչում ենք Եհովային և նրա հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենք։

[նկար 15-րդ էջի վրա]

Եհովայի չքնաղ գործերը ակնածանք են ներշնչում

[նկար 16-րդ էջի վրա]

Եհովայի մտքերը «աւազիցը շատ են»

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը