Երիտասարդներ, որ սիրում են ճշմարտությունը
«Երիտասարդը ինչո՞վ մաքրէ իր ճամբան». ահա այսպիսի հարց է բարձրացրել մի հրեա սաղմոսերգու (Սաղմոս 119։9, Արևմտ. Աստ.)։ Ու թեև այն առաջ է քաշվել հազարավոր տարիներ առաջ, այսօր էլ հրատապ է, քանզի երիտասարդները աշխարհում բախվում են բազում խնդիրների հետ։ Խառնակ սեռային կյանք վարելով՝ շատ երիտասարդներ վարակվել են ՁԻԱՀ հիվանդությամբ (այդ ահավոր հիվանդությամբ տառապողների գրեթե կեսը վարակվել է 15–24 տարեկան հասակում)։ Թմրադեղերի օգտագործումը նույնպես շատ խնդիրներ է առաջ բերում՝ պատճառ հանդիսանալով որոշ երիտասարդների վաղաժամ մահվան։ Ցածրակարգ երաժշտությունը, բռնի և անբարո ֆիլմերը, հեռուստաշոուներն ու տեսաֆիլմերը, ինտերնետի պոռնկագրական էջերը վնասակար ազդեցություն են գործում պատանիների վրա։ Ուստի սաղմոսերգուի բարձրացրած հարցը այսօր լուրջ մտահոգություն է պատճառում շատ ծնողների ու երիտասարդների։
Իր այդ հարցի պատասխանը տալիս է հենց նույն սաղմոսերգուն։ Նա ասում է. «Քու խօսքիդ համեմատ անոր զգուշութիւն ընելով»։ Այո՛, Աստծո Խոսքն իսկապես լավ առաջնորդություն կարող է հանդիսանալ երիտասարդների համար։ Հետևելով այնտեղ տրվող խորհուրդներին՝ շատ երիտասարդներ արդեն իսկ հաջողության են հասել (Սաղմոս 119։105)։ Եկեք քննենք մի քանի պատանիների օրինակներ, ովքեր սիրում են Եհովային ու ջանում են հոգևորապես ամուր մնալ այս հեշտասեր ու նյութապաշտ աշխարհում։
Երախտապարտ՝ ծնողների դաստիարակության համար
Հակոբ Էմմանուելը Եհովայի վկաների՝ Մեքսիկայի մասնաճյուղում ծառայության անցնելուց առաջ մի քանի տարի եղել էր լիաժամ ռահվիրա։ Հիշելով, թե ինչն է նպաստել, որ նրա մեջ սեր առաջանա ծառայության հանդեպ՝ նա լցվում է երախտագիտության զգացումով։ Ահա թե ինչ է պատմում Հակոբը. «Այդ հարցում մեծ դեր են խաղացել հիմնականում ծնողներս, թեև ինձ հետ ընկերակցող մի քանի հոգևորապես հասուն փորձառու եղբայրներ նույնպես նպաստել են դրան։ Նրանք մղել են ինձ սիրել քարոզչական ծառայությունը։ Իսկ ճիշտ ճանապարհը ցույց են տվել զգուշորեն։ Երբեք չեմ զգացել, որ ինձ վրա ճնշում բանեցվի»։
Դավիթը, որն արդեն մի քանի տարի է, ինչ գտնվում է լիաժամ ծառայության մեջ, հիշում է, թե ինչպես էր նրան տպավորել, որ իր ծնողները հատուկ ռահվիրայական ծառայություն էին սկսել, երբ ինքն ու եղբայրը դեռ փոքր էին։ Նրա մայրը շարունակեց ծառայել որպես հատուկ ռահվիրա նույնիսկ ամուսնու մահից հետո։ Բարի լուրը քարոզելուց բացի, նա հոգ էր տանում նաև երեխաների մասին։ Դավիթը պատմում է. «Նրանք երբեք չեն ստիպել ինձ, որ ռահվիրա դառնամ. ուղղակի լիաժամ ծառայության շնորհիվ մեր ընտանիքում այնպիսի ուրախ և ընկերական մթնոլորտ էր տիրում, որ դա մղեց ինձ այդ քայլը կատարելու»։ Իսկ իր ծնողների ցուցաբերած ուշադրության և նրանց կողմից տրված ճիշտ առաջնորդության վերաբերյալ Դավիթն ասում է. «Ամեն երեկո մայրիկը մեզ պատմություններ էր կարդում «Կորցված դրախտից՝ վերականգնված դրախտը»a գրքից։ Նա այնպես կարողացավ մատուցել դրանք, որ օգնեց մեզ սեր զարգացնել հոգևոր կերակուրի հանդեպ»։
Գնահատել հանդիպումները
Որոշ երիտասարդների համար դժվար է գնահատանք ցուցաբերել քրիստոնեական ժողովների հանդեպ։ Այդ երիտասարդները ժողովների են հաճախում այն պատճառով, որ ծնողներն են տանում նրանց այնտեղ։ Սակայն եթե նրանք շարունակեն այցելել, ժամանակի ընթացքում գուցե սկսեն հասկանալ միասին հավաքվելու արժեքը։ Քննենք Ալֆրեդոյի օրինակը, որը լիաժամ ծառայություն սկսեց 11 տարեկան հասակից։ Նա պատմում է, որ հինգ տարեկանում խուսափում էր ժողով գնալուց, քանի որ այնտեղ նրա քունը տանում էր։ Բայց ծնողները թույլ չէին տալիս, որ նա հանդիպումների ժամանակ քնի։ Ալֆրեդոն ասում է. «Որքան ավելի էի մեծանում, այնքան ավելի հետաքրքիր էին դառնում հանդիպումները, հատկապես՝ երբ գրել–կարդալ սովորեցի, քանի որ դրանից հետո կարողացա իմ խոսքերով մեկնաբանություններ տալ»։
Սինտիան՝ 17–ամյա մի լիաժամ ռահվիրա, պատմում է, թե իր մեջ ծառայության հանդեպ սեր զարգացնելու հարցում ինչ մեծ դեր է խաղացել լավ ընկերակցությունը։ Նա ասում է. «Եղբայրների հետ շփվելը և ժողովներին կանոնավորապես ներկա լինելը օգնեց, որ չզգամ աշխարհիկ ընկերներիս կարիքը, ինչպես նաև չձգտեմ մասնակցել երիտասարդների շրջանում տարածված զվարճություններին, օրինակ՝ գիշերային ակումբներ այցելելուն։ Ժողովների ժամանակ տրվող մեկնաբանություններն ու քննարկվող դեպքերը իմ մեջ ցանկություն առաջացրեցին Եհովային տալ այն ամենը, ինչ ունեմ. կարծում եմ՝ լավագույն բանը երիտասարդությունս է։ Ուստի որոշեցի ողջ ուժերս նվիրել ծառայությանը»։
Բայց Սինտիան խոստովանում է հետևյալը. «Մի ժամանակ, երբ դեռ մկրտված չէի, հեշտությամբ պատրվակներ էի գտնում ժողովի չգնալու համար. սովորաբար ասում էի, թե շատ տնային աշխատանք ունեմ կատարելու, կամ՝ ինչ–որ գործեր ունեմ դպրոցում։ Այդպես բաց թողեցի մի քանի հանդիպում, և դա բացասաբար անդրադարձավ իմ հոգևորի վրա։ Ես սկսեցի ընկերություն անել մի տղայի հետ, որը Աստվածաշունչ չէր ուսումնասիրում։ Եհովայի օգնությամբ, սակայն, ամեն ինչ ժամանակի՛ն շտկեցի»։
Անձնական որոշում
Երբ Պաբլոյին (Եհովային լիաժամ ծառայող մեկ ուրիշ երիտասարդ) հարցրին, թե ինչն է իր կարծիքով նպաստել, որ նրա մեջ սեր զարգանա աստվածաշնչյան ճշմարտության հանդեպ, նա ասաց. «Կարծում եմ, երկու բան՝ կանոնավոր անձնական ուսումնասիրությունը և եռանդը քարոզչական ծառայության մեջ։ Եհովայի մասին ինձ սովորեցրել են ծնողներս, ինչի համար ես շատ երախտապարտ եմ. դրանից ավելի լավ բան նրանք չէին կարող տալ։ Սակայն հարկավոր էր, որ անձամբ համոզվեի, թե ինչու պետք է սիրեմ Եհովային։ Իսկ այդ անելու համար նախ անհրաժեշտ էր հասկանալ աստվածաշնչյան ճշմարտության «լայնութիւնը եւ երկայնութիւնը»։ Միայն դա է օգնում ձգտել դեպի Եհովայի Խոսքը, որը ‘վառված կրակի պես’ մղում է ուրիշների հետ այդ մասին խոսելու։ Քարոզչական ծառայության մեջ եռանդուն լինելով՝ կպահպանենք մեր գնահատանքը ճշմարտության հանդեպ» (Եփեսացիս 3։18; Երեմիա 20։9)։
Վերը հիշատակված Հակոբ Էմմանուելը նույնպես խոսում է Եհովային ծառայելու հարցում անձնական որոշում կայացնելու կարևորության մասին։ Նա պատմում է, որ իր ծնողները երբեք չեն ստիպել նրան մկրտվել։ «Համոզված եմ, որ դա ամենաճիշտ ձևն է, քանզի տեսնում եմ դրա արդյունքները։ Ինձ հետ ընկերակցող մի քանի երիտասարդներ որոշեցին միասին մկրտվել։ Թեև դա հաճելի էր, սակայն, ինչպես նկատեցի, նրանցից ոմանք այդ քայլը կատարեցին զուտ զգացմունքների հիման վրա։ Կարճ ժամանակ անց նրանք կորցրին Թագավորության գործի մեջ իրենց եռանդը։ Ծնողներս ոչ մի անգամ չեն ստիպել ինձ, որ նվիրվեմ Եհովային։ Ես անձամբ եմ կայացրել այդ որոշումը»։
Ժողովի դերը
Որոշ երիտասարդներ, սակայն, ծնողներից չէ, որ իմացել են աստվածաշնչյան ճշմարտությունը։ Ինչ խոսք, նման պարագաներում դժվար է սովորել ճիշտն անել և շարունակել այդպես վարվել։
Նոյին պատմում է, թե որքան օգնեց նրան ճշմարտությունը։ Նա մանկուց տաքարյուն էր ու բռնի։ Երբ 14 տարեկան հասակում սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը, նրա բնավորությունը սկսեց փոխվել, ինչի համար իր ծնողները, որ այդ ժամանակ Աստվածաշնչի հանդեպ հետաքրքրություն չէին ցուցաբերում, շատ երախտապարտ էին։ Հոգևորապես աճելով՝ Նոյին ցանկացավ իր կյանքը ավելի լիարժեք կերպով նվիրել ծառայությանը։ Այժմ նա գտնվում է լիաժամ ծառայության մեջ։
Ալեխանդրոն նույնպես վաղ տարիքից սկսեց հետաքրքրվել ճշմարտությամբ, թեև նրա ծնողներին այն չէր հետաքրքրում։ Արտահայտելով ճշմարտության հանդեպ իր գնահատանքը՝ նա ասում է. «Չնայած որ մեծացել էի կաթոլիկ ընտանիքում՝ ավելի ու ավելի շատ էի սկսում հավանություն տալ կոմունիստների աթեիստական գաղափարներին։ Բանն այն է, որ եկեղեցին չէր կարողանում տալ դեռևս մանկուց ինձ հուզող հարցերի պատասխանները։ Եհովայի կազմակերպությունը օգնեց ձեռք բերել Աստծո մասին գիտությունը։ Դա բառիս բուն իմաստով փրկեց իմ կյանքը, քանի որ եթե Աստվածաշունչ չուսումնասիրեի, ըստ երևույթին, կա՛մ անբարոյականությամբ էի զբաղվելու, կա՛մ հարբեցողությամբ, կա՛մ թմրամոլությամբ, կա՛մ էլ դառնալու էի հեղափոխական ինչ–որ խմբի անդամ՝ հետագայում ճաշակելով իմ կատարած ընտրության դառը պտուղները»։
Ինչպե՞ս կարող են երիտասարդները շարունակել փնտրել ճշմարտությունը և ամուր կառչել նրանից՝ առանց ծնողների աջակցության։ Նրանց համար մեծ օգնություն կարող են հանդիսանալ երեցները, ինչպես նաև ժողովի մնացած անդամները։ Նոյին հիշում է. «Ես ինձ երբեք մենակ չէի զգում, քանի որ Եհովան միշտ կողքիս էր։ Բացի այդ, ինձ սիրով աջակցում էին բազում քույրեր ու եղբայրներ, որոնք դարձան իմ հոգևոր հայրերը, մայրերը, եղբայրները»։ Այժմ Նոյին Բեթելի ընտանիքի անդամ է և իր ժամանակն օգտագործում է ի նպաստ ծառայության։ Նմանապես՝ Ալեխանդրոն պատմում է. «Ես միշտ երախտապարտ կլինեմ այն բանի համար, որ իմ ժողովի երեցները սիրով հետաքրքրություն էին ցուցաբերում իմ հանդեպ՝ անհատապես։ Եվ դա հատկապես գնահատելի է այն պատճառով, որ 16 տարեկանում, երբ սկսեցի ուսումնասիրել Աստվածաշունչը, անհանգիստ բնավորություն ունեի՝ իմ տարիքի շատ պատանիների նման։ Մեր ժողովում ընտանիքով ծառայող Եհովայի վկաները նույնպես ինձ առանց ուշադրության չէին թողնում։ Միշտ էլ կար ինչ–որ մեկը, որը սրտաբաց ընդունում էր ինձ՝ պատրաստ լինելով կիսել ոչ միայն իր կացարանն ու հացը, այլև իր սիրտը»։ Ալեխանդրոն ավելի քան 13 տարի է, ինչ գտնվում է լիաժամ ծառայության մեջ։
Ոմանք կարծում են, թե կրոնը միայն մեծահասակների համար է։ Սակայն աստվածաշնչյան ճշմարտությունը սովորողների թվում կան շատ երիտասարդներ, որոնք վաղ տարիքից սկսում են սիրել Եհովային և վճռում են պահպանել իրենց հավատարմությունը նրա նկատմամբ։ Այդ երիտասարդների հետ կապված՝ կարելի է հիշել սաղմոսերգու Դավիթի խոսքերը, որ գրված են Սաղմոս 110։3–ում (Արևմտ. Աստ.). «Ժողովուրդդ քու զօրութեանդ օրը յօժարակամ պիտի ըլլայ սրբութեան զարդարանքներով. քու երիտասարդներդ արշալոյսին արգանդի ցօղէն՝ աւելի պիտի ըլլան քեզի»։
Ճշմարտությունը սովորելն ու նրանից կառչած մնալը երիտասարդներից ջանքեր և վճռականություն է պահանջում։ Ինչպիսի՜ երջանկություն է տեսնել, որ Եհովայի կազմակերպությանը մոտ մնալով, քրիստոնեական հանդիպումներին կանոնավորապես հաճախելով և Աստվածաշունչը ջանասիրաբար ուսումնասիրելով՝ շատերը կարողացել են սեր զարգացնել Աստծո Խոսքի ու սուրբ ծառայության հանդեպ (Սաղմոս 119։15, 16)։
[ծանոթագրություն]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից 1958 թ.։ Այժմ չի տպագրվում։