«Գովաբանե՛ք Յահին». ինչո՞ւ
«Գովաբանե՛ք Յահին, մեր Աստծուն սաղմոս երգելը բարի է և հաճելի. նա արժանի է գովաբանության» (ՍԱՂ. 147։1)։
1–3. ա) Ըստ ամենայնի, ե՞րբ է գրվել 147-րդ սաղմոսը։ բ) Ի՞նչ կիմանանք՝ ուսումնասիրելով 147-րդ սաղմոսը։
ԵՐԲ ինչ-որ մեկը լավ է կատարում իրեն հանձնարարված առաջադրանքը կամ քրիստոնեական հատկություն է դրսևորում, նա արժանի է գովասանքի։ Եթե մարդկանց պարագայում դա այդպես է, ապա որքա՜ն ավելի շատ պատճառներ ունենք գովաբանելու Եհովա Աստծուն։ Նա անսահման զորություն ունի, որը երևում է նրա սքանչելի ստեղծագործություններում։ Բացի այդ, նա շատ է սիրում մարդկանց, ինչն ապացուցեց՝ իր Որդուն տալով որպես փրկանք։
2 Նա, ով գրել է 147-րդ սաղմոսը, մղված էր գովաբանելու Եհովային։ Նա ուրիշներին էլ էր մղում իր հետ գովելու Աստծուն (կարդա Սաղմոս 147։1, 7, 12)։
3 Մենք չգիտենք, թե ով է գրել այս սաղմոսը, բայց կարող ենք ասել, որ նա, ըստ երևույթին, ապրել է այն ժամանակ, երբ Եհովան իսրայելացիներին ազատեց բաբելոնյան գերությունից և վերադարձրեց Երուսաղեմ (Սաղ. 147։2)։ Այն, որ Աստծու ժողովուրդը վերադարձավ հայրենիք ու վերականգնեց ճշմարիտ երկրպագությունը, սաղմոսերգուին մղեց գովելու Եհովային։ Սակայն նա Աստծուն փառաբանելու ուրիշ պատճառներ էլ նշեց։ Իսկ դո՞ւ ինչ պատճառներ ունես բացականչելու՝ «Գովաբանե՛ք Յահին» (Սաղ. 147։1)։
ԵՀՈՎԱՆ ԲՈՒԺՈՒՄ Է ՍՐՏՈՎ ԿՈՏՐՎԱԾՆԵՐԻՆ
4. Ի՞նչ էին զգում ազատագրված իսրայելացիները և ինչո՞ւ։
4 Պատկերացրու, թե գերության մեջ հայտնված իսրայելացիները ինչպես էին իրենց զգում Բաբելոնում։ Նրանց գերեվարողները ծաղրանքով ասում էին. «Մեզ համար Սիոնի երգերից երգեք»։ Այդ ժամանակ Երուսաղեմը, որը Եհովայով ուրախանալու նրանց մեծագույն պատճառն էր, ամայացել էր (Սաղ. 137։1–3, 6)։ Հրեաները երգելու տրամադրություն չունեին։ Նրանց սրտերը կոտրված էին. նրանք մխիթարության կարիք ունեին։ Եվ Աստված օգնեց նրանց։ Նրա մարգարեական խոսքի համաձայն՝ պարսից Կյուրոս թագավորը նվաճեց Բաբելոնը, ազատեց իսրայելացիներին և հայտարարեց. «Եհովան.... ինձ հանձնարարել է իր համար տուն կառուցել Երուսաղեմում.... Ձեզնից ով որ Աստծու ժողովրդից է, թող նրա Աստված Եհովան նրա հետ լինի, և թող նա գնա» (2 Տար. 36։23)։ Որքա՜ն մխիթարական էր այս ամենը Բաբելոնում բնակվող իսրայելացիների համար։
5. Սաղմոսերգուի խոսքերից ի՞նչ ենք իմանում Աստծու մասին։
5 Եհովան մխիթարեց ոչ միայն Իսրայել ազգին՝ որպես ամբողջություն, այլև յուրաքանչյուր անհատի։ Նույնը նա անում է այսօր։ Սաղմոսերգուն Աստծու մասին գրեց. «[Նա] բուժում է սրտով կոտրվածներին և կապում է նրանց վերքերը» (Սաղ. 147։3)։ Այո՛, Եհովան հոգ է տանում նրանց մասին, ովքեր ֆիզիկական կամ էմոցիոնալ խնդիրներ ունեն։ Նա ցանկանում է սփոփել մեզ և բուժել մեր էմոցիոնալ վերքերը (Սաղ. 34։18; Ես. 57։15)։ Աստված տալիս է իմաստություն և ուժ, որ կարողանանք հաղթահարել ցանկացած դժվարություն (Հակ. 1։5)։
6. Ինչպե՞ս են մեզ օգնում Սաղմոս 147։4-ում գրված խոսքերը (տես հոդվածի սկզբի նկարը)։
6 Կարող է թվալ, թե հաջորդ համարում սաղմոսերգուն փոխում է թեման. նա իր հայացքն ուղղում է դեպի երկինք ու ասում, որ Եհովան «հաշվում է աստղերի թիվը» և «նրանց բոլորին իրենց անուններով է կանչում» (Սաղ. 147։4)։ Ինչ խոսք, սաղմոսերգուն կարող էր անզեն աչքով տեսնել աստղերը, սակայն պատկերացում անգամ չուներ, թե ինչքան շատ են դրանք։ Այսօր մենք հնարավորություն ունենք անհամեմատ ավելի շատ աստղեր տեսնելու։ Որոշ հաշվարկներով՝ միայն մեր՝ Ծիր Կաթին գալակտիկայում միլիարդավոր աստղեր կան։ Իսկ ողջ տիեզերքում կարող են տրիլիոնավոր գալակտիկաներ լինել։ Մեզ համար աստղերն իրոք որ անթիվ են։ Սակայն Արարիչը նրանց բոլորին անունով է կոչում։ Սա նշանակում է, որ Եհովայի համար յուրաքանչյուր աստղ յուրահատուկ է (1 Կորնթ. 15։41)։ Իսկ ի՞նչ կարող ենք ասել մարդկային արարածների մասին։ Աստված, որը գիտի, թե ամեն պահի որտեղ է գտնվում յուրաքանչյուր աստղ, նաև քե՛զ է ճանաչում որպես անհատի. նա ճշգրտորեն գիտի, թե ամեն պահի որտեղ ես գտնվում, ինչ ես զգում և ինչի կարիք ունես։
7, 8. ա) Եհովան ի՞նչ է հաշվի առնում մեզ օգնելիս։ բ) Բեր օրինակ, որը ցույց է տալիս Եհովայի կարեկցանքը։
7 Եհովան ոչ միայն հետաքրքրված է քեզանով, այլև այնքան զորեղ է ու կարեկից, որ կարող է օգնել քեզ հաղթահարելու կյանքի խնդիրները (կարդա Սաղմոս 147։5, ծնթ.)։ Եթե կարծում ես, որ չափազանց դժվար իրավիճակում ես, և քո բեռը շատ ծանր է, վստահ եղիր, որ Աստված հասկանում է քո սահմանափակումները և «հիշում է, որ հող ես դու» (Սաղ. 103։14)։ Լինելով անկատար՝ մենք նորից ու նորից նույն սխալներն ենք գործում։ Այնքա՜ն ենք զղջում մեր լեզվի սայթաքումների, ժամանակ առ ժամանակ գլուխ բարձրացնող մարմնական ցանկությունների կամ ուրիշներին նախանձելու հակման համար։ Եհովան այսպիսի թերություններ չունի, սակայն հասկանում է մեզ. չէ՞ որ նրա հասկացողությունը անսահման է և անքննելի (Ես. 40։28, ծնթ.)։
8 Հավանաբար արդեն զգացել ես, թե ինչպես է Եհովայի հզոր ձեռքը օգնել քեզ դիմանալու որևէ փորձության (Ես. 41։10, 13)։ Նկատի առնենք Կյոկոյի օրինակը՝ մի ռահվիրա քրոջ, որը շատ հուսահատվեց, երբ նրան ուղարկեցին ծառայելու ուրիշ տարածքում։ Ինչպե՞ս Եհովան ցույց տվեց, որ հասկանում է նրա խնդիրները։ Նոր ժողովում նա շատ մարդկանց հանդիպեց, ովքեր հասկանում էին նրա զգացումները։ Նա այնպիսի զգացողություն ուներ, կարծես Եհովան ասում էր իրեն. «Ես սիրում եմ քեզ, սիրում եմ ոչ թե պարզապես այն պատճառով, որ դու ռահվիրա ես, այլ քանի որ իմ աղջիկն ես ու նվիրված ես ինձ։ Ես ուզում եմ, որ դու՝ որպես իմ Վկա, հաճույք ստանաս քո կյանքից»։ Իսկ քո դեպքում Ամենակարողն ինչպե՞ս է ցույց տվել, որ իր «հասկացողությունը սահման չունի»։
ԵՀՈՎԱՆ ՀՈԳՈՒՄ Է ՄԵՐ ԿԱՐԻՔՆԵՐԸ
9, 10. Եհովան առաջին հերթին ինչի՞ մասին է հոգում։ Բեր օրինակ։
9 Բոլորս էլ ֆիզիկական կարիքներ ունենք։ Ուստի գուցե անհանգստանում ես, որ բավարար ուտելիք չես ունենա։ Սակայն Եհովան է ստեղծել երկիրը և այնպես արել, որ այն բոլորին սննդով ապահովի, նույնիսկ ագռավի ձագերին (կարդա Սաղմոս 147։8, 9)։ Եթե նա շարունակում է կերակրել ագռավներին, ապա վստահ եղիր, որ քո ֆիզիկական կարիքներն էլ կհոգա (Սաղ. 37։25)։
10 Սակայն ամենակարևորն այն է, որ Եհովան բավարարում է մեր հոգևոր կարիքները՝ տալով մեզ իր «խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք» (Փիլիպ. 4։6, 7)։ Օրինակ, երբ 2011 թ.-ին Ճապոնիայում ցունամի եղավ, Մուցուոն և իր կինը տեսան Եհովայի հոգատար ձեռքը։ Բարձրանալով իրենց տան տանիքը՝ նրանք հազիվ փրկվեցին, բայց կորցրին գրեթե ամեն ինչ։ Նրանք մութ ու ցուրտ գիշեր անցկացրին իրենց խարխլված տան երկրորդ հարկի սենյակում։ Առավոտյան ամուսինները հասկացան, որ հոգևորապես քաջալերվելու կարիք ունեն։ Միակ գիրքը, որ կարողացան գտնել, «Եհովայի վկաների 2006 թ. տարեգիրքն» էր։ Անմիջապես Մուցուոյի ուշադրությունը գրավեց մի հատված, որի վերնագիրն էր «Երբևէ գրանցված ամենից մահաբեր ցունամիները»։ Այնտեղ պատմվում էր 2004 թ.-ին Սումատրայում տեղի ունեցած երկրաշարժի մասին, որը առաջացրեց պատմության մեջ գրանցված ամենաավերիչ ցունամիները։ Մուցուոն և իր կինը լաց էին լինում՝ կարդալով գրքում նկարագրված դեպքերը։ Ամուսինները զգացին Աստծու սերը, ջերմությունն ու հոգատարությունը. չէ՞ որ նա քաջալերեց նրանց, երբ դրա կարիքն ունեին։ Եհովան հոգաց նաև նրանց ֆիզիկական կարիքները։ Նրանք օգնություն ստացան իրենց հոգևոր եղբայրներից։ Սակայն նրանց ամենից շատ զորացրեց այն, որ մասնաճյուղի կոմիտեի անդամները այցելեցին իրենց ժողով։ Մուցուոն ասում է. «Զգում էի, որ Եհովան մեզնից յուրաքանչյուրի կողքին է և հոգ է տանում մեր մասին։ Դա այնքա՜ն էր մեզ մխիթարում»։ Այո՛, Աստված առաջին հերթին տալիս է այն, ինչ անհրաժեշտ է մեզ հոգևորապես զորացնելու համար, ապա բավարարում է նաև մեր ֆիզիկական կարիքները։
ԵՀՈՎԱՅԻ ՓՐԿԱՐԱՐ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ
11. Ի՞նչ է անհրաժեշտ, որ մեր կյանքում տեսնենք Աստծու փրկարար զորությունը։
11 Եհովան միշտ պատրաստ է միջամտելու և «նեցուկ կանգնելու հեզերին» (Սաղ. 147։6ա)։ Ի՞նչ կարող ենք անել, որ նա մեզ էլ օգնի։ Մենք պետք է լավ փոխհարաբերություններ ունենանք նրա հետ։ Ուստի պետք է հեզություն զարգացնենք (Սոփ. 2։3)։ Հեզերը ապավինում են Աստծուն՝ սպասելով, մինչև նա վերականգնի արդարությունը և վերջ դնի իրենց տառապանքներին։ Եհովան հավանում է այդպիսի մարդկանց։
12, 13. ա) Ինչի՞ց պետք է խուսափենք, եթե ուզում ենք, որ Աստված օգնի մեզ։ բ) Ո՞ւմ է հավանում Եհովան։
12 Աստված «ամբարիշտներին նվաստացնում է մինչև գետին» (Սաղ. 147։6բ)։ Ի՜նչ ազդեցիկ խոսքեր։ Եթե ուզում ենք զգալ Աստծու նվիրված սերը և խուսափել նրա բարկությունից, պետք է ատենք այն, ինչ նա է ատում (Սաղ. 97։10)։ Օրինակ՝ պետք է ատենք սեռական անբարոյությունը։ Դա նշանակում է, որ պետք է հեռու մնանք այն ամենից, ինչը կարող է նման մեղքի դրդել, այդ թվում՝ պոռնկագրությունից (Սաղ. 119։37; Մատթ. 5։28)։ Դրա համար գուցե հարկավոր լինի կատաղի պայքար մղել, սակայն Եհովայի օրհնության համար արժե ամեն ջանք թափել։
13 Այս պայքարում պետք է ապավինենք Եհովային, ոչ թե մեզ։ Արդյո՞ք կհաճեցնենք նրան, եթե մեր հույսը դնենք «ձիու ուժի» վրա, այսինքն՝ այն ամենի, ինչին ապավինում են մարդիկ։ Իհարկե ոչ։ Բացի այդ, չպետք է մեր հույսը դնենք «մարդու ոտքերի» վրա, ասես թե մենք կամ որևէ մարդ կարող է փրկություն տալ (Սաղ. 147։10)։ Փոխարենը՝ պետք է դիմենք Եհովային և նրանից օգնություն խնդրենք։ Նա մարդկային խորհրդատուների պես չէ. երբեք չի հոգնում մեր աղաչանքները լսելուց, նույնիսկ երբ կրկին ու կրկին օգնություն ենք խնդրում նրանից։ «Եհովան իրենից վախեցողներին է հավանում, որոնք իր սիրառատ բարությանն են սպասում» (Սաղ. 147։11)։ Կարող ենք վստահ լինել, որ սիրով լի ու նվիրված Աստված մեր կողքին կլինի և կօգնի հաղթահարել սխալ ցանկությունները։
14. Ինչո՞ւմ էր վստահ սաղմոսերգուն։
14 Եհովան վստահեցնում է, որ կօգնի մեզ, երբ խնդիրների առաջ կանգնենք։ Խորհրդածելով Երուսաղեմի վերականգնման մասին՝ սաղմոսերգուն Եհովայի մասին ասաց. «Նա պնդացրեց քո դարպասների նիգերը, օրհնեց քո որդիներին քեզանում։ Նա խաղաղություն է տալիս քո սահմաններին» (Սաղ. 147։13, 14)։ Սաղմոսերգուն շատ էր մխիթարվում՝ իմանալով, որ Եհովան կամրացնի քաղաքի դարպասները։ Դա նրան վստահությամբ էր լցնում, որ Աստված կպաշտպանի իր ծառաներին։
Աստծու Խոսքը ինչպե՞ս կարող է օգնել մեզ, երբ տագնապած ենք փորձությունների պատճառով (տես պարբերություն 15–17)
15–17. ա) Հնարավոր է՝ ի՞նչ զգանք փորձությունների բախվելիս, սակայն Եհովան ինչպե՞ս է մեզ օգնում իր Խոսքի միջոցով։ բ) Օրինակով բացատրիր, թե ինչպես է Աստծու խոսքը «արագ վազում»։
15 Հնարավոր է՝ դժվարություններիդ պատճառով անհանգստանում ես։ Սակայն հիշիր, որ Եհովան կարող է քեզ իմաստություն տալ, որ հաղթահարես դրանք։ Սաղմոսերգուն Աստծու մասին ասաց, որ «նա իր պատգամները երկիր է ուղարկում, և արագ վազում է նրա խոսքը»։ Այնուհետև գրեց, որ Եհովան «ձյուն է տալիս», «եղյամ է ցանում» և «սառույց է թափում», ապա հարցրեց. «Ո՞վ կարող է կանգնել նրա ցրտի առաջ»։ Հետո ասաց, որ Եհովան «ուղարկում է իր խոսքն ու հալեցնում դրանց» (Սաղ. 147։15–18)։ Մեր ամենաիմաստուն և ամենազոր Աստված՝ նա, ում իշխանության տակ է կարկուտն ու ձյունը, կարող է քեզ օգնել հաղթահարելու ցանկացած խոչընդոտ։
16 Այսօր Եհովան մեզ առաջնորդում է իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով։ Ի՞նչ իմաստով է «արագ վազում նրա խոսքը»։ Եհովան սիրով հոգևորապես առաջնորդում է մեզ, երբ ունենում ենք դրա կարիքը։ Մտածիր, թե ինչ օգուտներ ես քաղում՝ կարդալով Աստվածաշունչը, ուսումնասիրելով «հավատարիմ և իմաստուն ծառայի» պատրաստած հրատարակությունները, դիտելով մեր հեռուստաալիքը (JW Broadcasting), այցելելով jw.org կայք, զրուցելով երեցների հետ և շփվելով հավատակիցների հետ (Մատթ. 24։45)։ Նկատե՞լ ես, որ Եհովան քեզ առաջնորդություն տալու հարցում արագ է գործում։
17 Սիմոնան տեսել է Աստծու Խոսքի զորությունը։ Նա թերարժեքության այնքան ուժգին զգացում ուներ, որ նույնիսկ կասկածում էր, թե արդյոք Աստված կարող է իր պես մարդուն հավանել։ Այդուհանդերձ, հուսահատության պահերին այդ քույրը շարունակում էր աղոթել Եհովային՝ նրանից օգնություն խնդրելով։ Բացի այդ, նա շարունակում էր Աստվածաշնչի անձնական ուսումնասիրություն անել։ Սիմոնան ասում է. «Չի եղել այնպիսի իրավիճակ, որում զգացած չլինեմ Եհովայի զորությունն ու առաջնորդությունը»։ Սա նրան օգնում է, որքան հնարավոր է, դրական տրամադրվածություն պահպանել։
18. Ի՞նչն է քեզ համոզում, որ Աստված սիրում ու հավանում է քեզ, և ի՞նչ պատճառներ ունես բացականչելու՝ «Գովաբանե՛ք Յահին»։
18 Սաղմոսերգուն գիտեր, թե որքան էր Աստված սիրում իր վաղեմի ժողովրդին։ Իսրայելացիները միակ ազգն էին, ում տրված էր «Աստծու խոսքը» և նրա «կանոններն ու դատավճիռները» (կարդա Սաղմոս 147։19, 20)։ Այսօր մենք առանձնաշնորհում ունենք լինելու միակ ժողովուրդը, որը կոչվում է Աստծու անունով։ Քանի որ ճանաչում ենք Եհովային, և նրա Խոսքը գործում է մեր կյանքում, Աստծու հետ հատուկ փոխհարաբերություններ ենք վայելում։ Այո՛, 147-րդ սաղմոսը գրողի պես՝ մենք էլ շատ պատճառներ ունենք բացականչելու՝ «Գովաբանե՛ք Յահին», և ուրիշներին հորդորելու, որ գովեն Աստծուն։