«Նա կ’մօտենայ ձեզ»
«[Աստված] հեռու չէ մեր ամեն մէկիցը» (ԳՈՐԾՔ 17։27)։
1, 2. ա) Աստղազարդ երկինքը դիտելիս ի՞նչ հարց գուցե տանք Արարչի վերաբերյալ։ բ) Ինչպե՞ս է Աստվածաշունչը վստահեցնում, որ Եհովան մարդ արարածին աննշան չի համարում։
ՊԱՏԱՀԵ՞Լ է այնպես, որ պարզկա գիշերներին հիանաս աստղազարդ երկնքով։ Անհամար աստղերն ու անծայրածիր տիեզերքը ակնածանք են ներշնչում։ Անսահման այս տիեզերքում Երկիրն ընդամենը մի կետ է։ Արդյո՞ք դա նշանակում է, որ Արարիչը՝ «բոլոր երկրի» Բարձրյալը, այնքան վեհ է, որ դժվար թե մտահոգվի մարդկանցով։ Արդյո՞ք նա չափազանց հեռու է և մեզ համար անմատչելի (Սաղմոս 83։18)։
2 Աստվածաշունչը վստահեցնում է, որ Եհովան մարդ արարածին ամենևին էլ աննշան չի համարում։ Աստծո Խոսքը քաջալերում է փնտրել նրան՝ ասելով. «Ինքը հեռու չէ մեր ամեն մէկիցը» (Գործք 17։27; Ա Մնացորդաց 28։9)։ Իրոք, եթե ձգտենք մոտենալ Աստծուն, նա մեզ կարձագանքի։ Ի՞նչ ձևով։ 2003 թ. տարվա խոսքում տրվում է սիրտ ջերմացնող հետևյալ պատասխանը. «Նա կ’մօտենայ ձեզ» (Յակոբոս 4։8)։ Եկեք քննարկենք մի քանիսն այն օրհնություններից, որ Եհովան շնորհում է իրեն մտերիմ անհատներին։
Նվեր, որ Եհովան տվել է անձամբ քեզ
3. Ի՞նչ պարգև է տալիս Եհովան նրանց, ովքեր մոտենում են իրեն։
3 Նախ՝ Եհովայի ծառաներն ունեն մի թանկագին պարգև, որ նա տվել է իր ժողովրդին։ Այս աշխարհն իր ողջ զորությամբ, հարստությամբ ու կրթական մակարդակով չի կարող ավելի լավ բան առաջարկել։ Դա մի պարգև է, որ Եհովան շնորհում է իր մտերիմներին՝ անհատապես։ Ի՞նչ է դա։ Պատասխանը կարող ենք գտնել Աստծո Խոսքում. «Երբոր.... ձայն տաս հանճարին, եթէ դու նորան որոնես ինչպէս արծաթը, եւ գանձերի նման նորան պտրտես, այն ժամանակ կ’հասկանաս Տիրոջ երկիւղը, եւ Աստուծոյ գիտութիւնը կ’գտնես։ Որովհետեւ Տէրն է տալիս իմաստութիւնը» (Առակաց 2։3–6)։ Պատկերացնո՞ւմ ես. անկատար մարդը կարող է գտնել «Աստուծոյ գիտութիւնը»։ Այդ պարգևը՝ գիտությունը, որ կարելի է գտնել Աստծո Խոսքում, համեմատվում է գանձի հետ։ Ինչո՞ւ։
4, 5. Ինչո՞ւ կարելի է «Աստուծոյ գիտութիւնը» համեմատել գանձերի հետ։ Պարզաբանիր։
4 Աստծո գիտությունը շատ արժեքավոր է։ Նրա բերած ամենամեծ օրհնություններից մեկը հավիտենական կյանքի հեռանկարն է (Յովհաննէս 17։3)։ Բայց որքա՜ն է այդ գիտությունը հարստացնում մեր կյանքը նույնիսկ այսօր։ Աստվածաշնչի մանրակրկիտ ուսումնասիրության շնորհիվ ստացել ենք մի շարք այնպիսի կարևոր հարցերի պատասխաններ, ինչպիսիք են՝ ի՞նչ է Աստծո անունը, ի՞նչ վիճակում են մահացածները, ո՞րն է Աստծո նպատակը երկրի և մարդկության հանդեպ (Սաղմոս 83։18; Ժողովող 9։5, 10; Եսայիա 45։18)։ Նաև իմացել ենք, որ կյանքի լավագույն ուղին Աստվածաշնչի իմաստուն խորհուրդների համաձայն ապրելն է (Եսայիա 30։20, 21; 48։17, 18)։ Այսպիսով՝ մենք ունենք մի հուսալի ուղեցույց, որն օգնում է հաղթահարել խնդիրները և կյանքի այնպիսի ուղի ընտրել, որ իսկական երջանկություն ու բավականություն կպատճառի։ Իսկ որ ամենակարևորն է՝ Աստծո Խոսքի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս ծանոթանալ Եհովայի հրաշալի հատկություններին և մոտենալ նրան։ Ուստի ի՞նչը կարող է ավելի արժեքավոր լինել, քան Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերությունները՝ հիմնված ‘Աստծո գիտության’ վրա։
5 Աստծո մասին գիտությունը նման է ‘գանձի’ նաև մեկ այլ պատճառով։ Թանկագին շատ քարերի նման այն հազվադեպ է հանդիպում։ Երկրագնդի վեց միլիարդ բնակիչներից ընդամենը վեց միլիոնի հասնող Եհովայի երկրպագուներն են գտել «Աստուծոյ գիտութիւնը», այլ կերպ ասած՝ 1 000 հոգուց մեկը։ Տեսնելու համար, թե որքանով է արժեքավոր աստվածաշնչյան ճշմարտությունն իմանալը, քննենք ընդամենը մի հարց. «Ի՞նչ է տեղի ունենում մարդկանց հետ, երբ մահանում են»։ Գրություններից գիտենք, որ հոգին մեռնում է, և որ մահացածները գտնվում են անգիտակից վիճակում (Եզեկիել 18։4)։ Մինչդեռ աշխարհի կրոնական ուղղությունների մեծ մասը ուսուցանում է, որ մարդու մեջ եղող ինչ–որ բան մահից հետո շարունակում է ապրել։ Սա հիմնական ուսմունք է, օրինակ, քրիստոնեական աշխարհի կրոններում։ Բացի այդ, տարածված է բուդդայականության, դաոսիզմի, իսլամի, հնդուականության, հուդայականության, ջայնիզմի, սինտոյականության մեջ, ինչպես նաև սիկհերի կրոնում։ Պատկերացնո՞ւմ ես. այս մեկ ուսմունքն արդեն մոլորության մեջ է գցել միլիարդավոր մարդկանց։
6, 7. ա) Միայն ովքե՞ր կարող են գտնել «Աստուծոյ գիտութիւն[ը]»։ բ) Ինչի՞ց է երևում, որ Եհովան օրհնել է մեզ այնպիսի հասկացողությամբ, որ չունեն շատ ‘իմաստուններ ու գիտուններ’։
6 Իսկ ինչո՞ւ է «Աստուծոյ գիտութիւնը» գտնողների թիվն այդքան քիչ։ Բանն այն է, որ առանց Աստծո օգնության՝ հնարավոր չէ ամբողջովին հասկանալ նրա Խոսքը։ Հիշիր. այս գիտությունը պարգև է։ Եհովան այն տալիս է միայն նրանց, ովքեր ցանկություն ունեն ազնվորեն և խոնարհաբար նրա Խոսքն ուսումնասիրելու։ Նման անհատները գուցե «մարմնի կողմանէ» իմաստուն չեն (Ա Կորնթացիս 1։26)։ Եթե նայենք աշխարհի տեսանկյունից, նրանցից շատերը գուցե նույնիսկ համարվեն «պարզ և անուս» մարդիկ (Գործք 4։13, ԱՆԹ)։ Սակայն կարևորը դա չէ։ Եհովան «Աստուծոյ գիտութիւն[ը]» պարգևում է՝ մեր սրտին նայելով։
7 Քննենք մի օրինակ։ Քրիստոնեական աշխարհի շատ աստվածաբաններ ծավալուն աշխատություններ են գրել Աստվածաշնչի թեմաներով։ Այդ աշխատություններում ներկայացվում են պատմական ինչ–որ փաստեր, բացատրվում են եբրայերեն և հունարեն բառերի իմաստները և այլն։ Սակայն այս ամենն իմանալով հանդերձ՝ արդյոք նրանք գտե՞լ են «Աստուծոյ գիտութիւն[ը]»։ Պարզ հասկանու՞մ են Աստվածաշնչի գլխավոր թեման, որն է՝ Թագավորության միջոցով Եհովայի գերիշխանության արդարացումը։ Գիտե՞ն արդյոք, որ Եհովա Աստված Երրորդության մաս չէ։ Ի տարբերություն նրանց՝ մենք գիտենք այս հարցերի ճշգրիտ պատասխանները։ Ինչո՞ւ։ Որովհետև Եհովան է օժտել մեզ հոգևոր ճշմարտությունները հասկանալու ունակությամբ, ինչից զրկված են ‘իմաստուններն ու գիտունները’ (Մատթէոս 11։25)։ Որքա՜ն է Եհովան օրհնել իր մտերիմներին։
«Տէրը պահում է բոլոր իրան սիրողներին»
8, 9. ա) Ի՞նչ խոսքերով Դավիթը նկարագրեց Եհովայի մտերիմների ունեցած մյուս օրհնությունը։ բ) Ինչո՞ւ ճշմարիտ քրիստոնյաներն ունեն Աստծո պաշտպանության կարիքը։
8 Եհովային մտերիմ անհատները մեկ ուրիշ օրհնություն էլ են վայելում։ Դա Աստծո պաշտպանությունն է։ Սաղմոսերգու Դավիթը, որ շատ դժվարություններ է տեսել, գրել է. «Տէրը մօտիկ է բոլոր դէպի իրան կանչողներին, այն ամենին՝ որ կանչում են նորան ճշմարտութիւնով։ Իրանից վախեցողների կամքը անում է նա. եւ նորանց աղաղակին լսում եւ նորանց փրկում է։ Տէրը պահում է բոլոր իրան սիրողներին» (Սաղմոս 145։18–20)։ Այո՛, Եհովան մոտ է այն մարդկանց, ովքեր սիրում են իրեն, ու հետևաբար արագորեն արձագանքում է օգնության համար նրանց աղաղակներին։
9 Իսկ ինչո՞ւ Աստծո պաշտպանության կարիքն ունենք։ «Չար ժամանակներ[ում]» ապրելուց և դրա պտուղները քաղելուց բացի՝ ճշմարիտ քրիստոնյաները Եհովայի հակառակորդի՝ Բանսարկու Սատանայի գլխավոր թիրախն են (Բ Տիմոթէոս 3։1)։ Այդ նենգ թշնամու ցանկությունն է ամեն կերպ մեզ ‘կուլ տալ’ (Ա Պետրոս 5։8)։ Նա հալածանքների և փորձությունների է ենթարկում մեզ, ճնշում բանեցնում մեզ վրա։ Սատանան նաև փորձում է օգտագործել այս կամ այն բանի հանդեպ մեր տրամադրվածությունը։ Նրա նպատակն է՝ թուլացնել մեր հավատն ու կործանել մեզ՝ հոգևոր առումով (Յայտնութիւն 12։12, 17)։ Մի՞թե մխիթարական չէ իմանալ, որ «Տէրը պահում է բոլոր իրան սիրողներին» այդ հզոր թշնամու դեմ նրանց մղած պայքարում։
10. ա) Ինչպե՞ս է Եհովան պաշտպանում իր ժողովրդին։ բ) Ո՞րն է ամենակարևոր պաշտպանությունը և ինչո՞ւ։
10 Իսկ ինչպե՞ս է Եհովան պաշտպանում իր ժողովրդին։ Մեզ պաշտպանելու նրա խոստումը դեռ երաշխիք չէ այն բանի, որ այս համակարգում կապրենք առանց պրոբլեմների, կամ՝ որ նա պարտավորվում է մեր օգտի համար հրաշքներ գործել։ Այնուամենայնիվ, ամբողջովին վերցրած՝ Եհովան պաշտպանում է իր ժողովրդին ֆիզիկապես։ Նա երբեք թույլ չի տա Սատանային երկրի երեսից վերացնել ճշմարիտ երկրպագուներին (Բ Պետրոս 2։9)։ Բայց առաջին հերթին՝ Եհովան պաշտպանում է մեզ հոգևորապես։ Նա տալիս է այն ամենը, ինչ անհրաժեշտ է փորձությունները դիմագրավելու և նրա հետ մեր հարաբերությունները պահպանելու համար։ Վերջին հաշվով՝ հոգևոր պաշտպանությունը ամենակարևորն է։ Ինչո՞ւ։ Քանի դեռ պահպանում ենք մեր փոխհարաբերությունները Եհովայի հետ, ոչինչ՝ անգամ մահը, չի կարող մնայուն վնաս հասցնել մեզ (Մատթէոս 10։28)։
11. Ի՞նչ միջոցներ է ձեռնարկել Եհովան՝ իր ժողովրդին հոգևորապես պաշտպանելու համար։
11 Եհովան շատ միջոցներ է ձեռնարկել՝ հոգևորապես պաշտպանելու նրանց, ովքեր մոտ են իրեն։ Իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով նա իմաստություն է տալիս, որի օգնությամբ կկարողանանք դիմագրավել տարբեր տեսակի փորձություններ (Յակոբոս 1։2–5)։ Գրություններում տրվող գործնական խորհուրդները կիրառելն արդեն իսկ պաշտպանություն է։ Բացի այդ, Եհովան իր սուրբ ոգին է տալիս այն անհատներին, «որ ուզում են նորանից» (Ղուկաս 11։13)։ Այդ ոգին տիեզերքի ամենահզոր ուժն է և անկասկած կարող է օգնել մեզ հաջողությամբ դիմագրավելու ցանկացած փորձություն ու գայթակղություն։ Քրիստոսի միջոցով Եհովան տալիս է «մարդկանց տեսքով պարգևներ» (Եփեսացիս 4։8, ՆԱ)։ Հոգևորապես պատրաստված այս տղամարդիկ իրենց հավատակիցներին օգնելիս ջանում են լինել Եհովայի նման կարեկից (Յակոբոս 5։14, 15)։
12, 13. ա) Ի՞նչ միջոցներով է Եհովան մեզ ճիշտ ժամանակին հոգևոր սնունդ տրամադրում։ բ) Ի՞նչ ես դու մտածում այն միջոցների մասին, որ Եհովան ձեռնարկել է մեր հոգևոր բարօրության համար։
12 Եհովան մեր պաշտպանության համար մեկ ուրիշ միջոց էլ է տրամադրել. դա ճիշտ ժամանակին տրվող հոգևոր սնունդն է (Մատթէոս 24։45)։ «Դիտարան», «Արթնացե՛ք» պարբերագրերի և այլ հրատարակությունների, ինչպես նաև ժողովի հանդիպումների ու համաժողովների միջոցով Եհովան պետք եղած ժամանակ տրամադրում է այն, ինչի կարիքն ունենք։ Պատահե՞լ է այնպես, որ ժողովի հանդիպմանը կամ համաժողովին այնպիսի մի բան ես լսել, որ հասել է սրտիդ և զորացրել ու մխիթարել է քեզ, կամ՝ հիշատակված պարբերագրերից մեկում ինչ–որ հոդված ես կարդացել ու քեզ թվացել է, թե այն գրված է հենց քեզ համար։
13 Սատանայի ամենաարդյունավետ զենքերից մեկը վհատությունն է, որին բոլորս էլ ենթակա ենք։ Նա գիտի, որ հուսալքության խոր զգացումը կարող է ուժասպառ անել մեզ, նույնիսկ խոցելի դարձնել (Առակաց 24։10)։ Մենք օգնության կարիք ունենք, որովհետև Սատանան փորձում է օգտագործել մեր բացասական զգացմունքները։ «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերում ժամանակ առ ժամանակ տպագրվում են այնպիսի հոդվածներ, որոնք կարող են օգնել մեզ հաղթահարել վհատության զգացումը։ Ահա թե ինչ է ասում մի քույր այդպիսի հոդվածներից մեկի մասին. «Գրեթե ամեն օր արցունքն աչքերիս կարդում եմ այս հոդվածը։ Միշտ դնում եմ այն անկողնուս մոտ, որպեսզի հուսալքության պահերին ձեռքիս տակ լինի։ Երբ նման հոդվածներ եմ կարդում, թվում է, թե Եհովան ինձ իր ապահով գիրկն է առել»։a Երախտապարտ չե՞նք արդյոք Եհովային այն բանի համար, որ նա ճիշտ ժամանակին հոգևոր սնունդ է տալիս մեզ։ Հիշիր՝ հօգուտ մեր հոգևոր բարօրության նրա ձեռնարկած միջոցները վկայությունն են այն բանի, որ նա մոտ է մեզ և իր պաշտպանության տակ է առել։
Աղոթք լսողին մոտենալու հնարավորություն
14, 15. ա) Անձնական ինչպիսի՞ պարգև է տվել Եհովան այն մարդկանց, ովքեր մոտ են իրեն։ բ) Ինչո՞ւ կարելի է մեծ պատիվ համարել այն, որ հնարավորություն ունենք Եհովային ազատորեն աղոթքով դիմելու։
14 Նկատե՞լ ես, որ իշխանություն ձեռք բերելուց հետո մարդիկ հաճախ անմատչելի են դառնում են իրենց ենթակաների համար։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Եհովայի մասին։ Արդյո՞ք Աստված այնքան հեռու է, որ նրան չեն էլ հետաքրքրում մարդ արարածի խնդրանքները։ Ընդհակառա՛կը։ Ուստի աղոթքը մեկ ուրիշ պարգև է, որ Եհովան տվել է նրանց, ովքեր մոտ են իրեն։ Աղոթքներ լսողին ազատորեն դիմելու հնարավորությունը իրոք որ մեծ պատիվ է (Սաղմոս 65։2)։ Ինչո՞ւ։
15 Սա հասկանալու համար խորհենք հետևյալ օրինակի շուրջ. մեծ ընկերության նախագահն ունի շատ պարտականություններ։ Նա որոշում է, թե որ հարցերն է անձամբ ինքը լուծելու, և որոնց լուծումն է հանձնարարելու ուրիշներին։ Տիեզերքի Գերիշխանը նույնպես որոշում է, թե որ խնդիրներն է անձամբ լուծելու, և որն է հանձնարարելու ուրիշներին։ Տեսնենք, թե ինչ է Եհովան հանձնարարել իր սիրելի Որդուն՝ Հիսուսին։ Որդուն տրվել է ‘դատաստան անելու’ իշխանություն (Յովհաննէս 5։27)։ Նրա ենթակայության տակ են անցել հրեշտակները (Ա Պետրոս 3։22)։ Հիսուսի տրամադրության տակ է Եհովայի սուրբ ոգին, որպեսզի նա կարողանա առաջնորդել իր աշակերտներին երկրի վրա (Յովհաննէս 15։26; 16։7)։ Ուստի Հիսուսը կարող էր ասել. «Ամեն իշխանութիւն ինձ տրուեցաւ երկնքումն եւ երկրումս» (Մատթէոս 28։18)։ Ուշագրավ է, սակայն, որ աղոթք լսելը Աստված թողել է իրեն։ Այդ պատճառով էլ Աստվածաշնչում պատվեր է տրվում մեր աղոթքներն ուղղել միայն Եհովային՝ Հիսուս Քրիստոսի միջոցով (Սաղմոս 69։13; Յովհաննէս 14։6, 13)։
16. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եհովան իսկապես լսում է մեր աղոթքները։
16 Արդյո՞ք Եհովան իսկապես լսում է մեր աղոթքները։ Եթե նա անտարբեր լիներ և հոգ չտաներ մեր մասին, ապա երբեք չէր քաջալերի մեզ ‘հարատևել աղոթքում’ կամ մեր հոգսերն ու դժվարություններն իր վրա թողնել (Հռովմայեցիս 12։12; Սաղմոս 55։22; Ա Պետրոս 5։7)։ Հնում ապրած հավատարիմ ծառաները, որոնց մասին խոսվում է Աստվածաշնչում, չէին կասկածում, որ Եհովան լսում է աղոթքը (Ա Յովհաննէս 5։14)։ Սաղմոսերգու Դավիթն, օրինակ, գրում է. «[Եհովան] կ’լսէ իմ ձայնը» (Սաղմոս 55։17)։ Մենք նույնպես պատճառ չունենք կասկածելու, որ Եհովան մոտ է և պատրաստ է լսել մեր բոլոր խոսքերն ու մտահոգությունները։
Եհովան վարձատրում է իր ծառաներին
17, 18. ա) Ինչպե՞ս է Եհովան վերաբերվում իր ստեղծած գիտակից էակների հավատարիմ ծառայությանը։ բ) Ինչպե՞ս է Առակաց 19։17–ից երևում, որ ողորմածություն արտահայտող մեր գործերը աննկատ չեն մնում Եհովայի կողմից։
17 Եհովայի՝ Տիզերքի Գերիշխանի դիրքը պայմանավորված չէ նրանով, թե ինչ կանի կամ չի անի մարդ արարածը։ Այնուամենայնիվ, նա պատրաստ է իր գնահատանքն արտահայտելու։ Աստված բարձր է գնահատում իր կողմից ստեղծված գիտակից էակների հավատարիմ ծառայությունը (Սաղմոս 147։11)։ Սա էլ մեկ ուրիշ օրհնություն է, որ վայելում են Եհովային մտերիմ անհատները. նա վարձատրում է իր ծառաներին (Եբրայեցիս 11։6)։
18 Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ Եհովան գնահատում է այն, ինչ անում են իր երկրպագուները։ Օրինակ՝ մենք կարդում ենք. «Աղքատին ողորմողը Տիրոջն է փոխ տալիս, եւ նա կ’հատուցանէ նորա վարձը» (Առակաց 19։17)։ Այն, որ Եհովան ողորմած և ուշադիր է խոնարհների հանդեպ, երևում է Մովսիսական օրենքից (Ղեւտացոց 14։21; 19։15)։ Ի՞նչ է զգում Եհովան, երբ մենք, նրան ընդօրինակելով, գթասրտորեն ենք վերաբերվում ընկճված անհատներին։ Եթե մենք նման մարդկանց տալիս ենք՝ առանց նրանցից ինչ–որ բան ակնկալելու, Եհովան դա դիտում է իբրև իրեն տրված «պարտք»։ Որպես փոխհատուցում՝ Աստված խոստանում է օրհնել տվյալ անհատին (Առակաց 10։22; Մատթէոս 6։3, 4; Ղուկաս 14։12–14)։ Այո՛, հավատակցի հանդեպ կարեկցանք ցուցաբերելով՝ ջերմացնում ենք Եհովայի սիրտը։ Որքան երախտապարտ ենք, որ ողորմածություն արտահայտող գործերը աննկատ չեն մնում մեր երկնային Հոր կողմից (Մատթէոս 5։7)։
19. ա) Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եհովան գնահատում է այն, ինչ անում ենք՝ ի նպաստ քարոզչական և աշակերտների պատրաստման գործին։ բ) Ինչպե՞ս է Եհովան վարձատրում հօգուտ Թագավորության շահերի մատուցված ծառայությունը։
19 Եհովան հատկապես գնահատում է այն գործը, որ անում ենք ի նպաստ Թագավորության շահերի։ Եթե մոտենում ենք Եհովային, բնական է, որ կցանկանանք մեր ժամանակը, ուժերն ու միջոցները հնարավորին չափ շատ տրամադրել Թագավորության մասին քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործին աջակցելու համար (Մատթէոս 28։19, 20)։ Երբեմն թերևս զգանք, թե քիչ բանի ենք հասել։ Մեր անկատար սիրտը գուցե նույնիսկ դրդի մեզ մտածելու, թե Եհովան գոհ չէ մեր թափած ջանքերից (Ա Յովհաննէս 3։19, 20)։ Բայց Աստված բարձր է գնահատում ցանկացած նվեր՝ մեծ թե փոքր, եթե միայն դա տրվում է սրտանց՝ սիրուց մղված (Մարկոս 12։41–44)։ Աստվածաշունչը վստահեցնում է. «Աստուած անիրաւ չէ որ մոռանայ ձեր գործքը եւ այն սէրի աշխատանքը, որ նորա անունի համար ցոյց տուիք» (Եբրայեցիս 6։10)։ Իրոք, Եհովան հիշում ու պարգևատրում է նույնիսկ ամենափոքր ջանքը, որ ներդրվում է ի նպաստ Թագավորության գործի։ Հոգևոր օրհնություններից բացի, որ ստանում ենք այսօր՝ մենք սպասում ենք ուրախություններով լի այն կյանքին, որ լինելու է նոր աշխարհում, և որտեղ Եհովան բաց է անելու իր ձեռքը՝ առատաձեռնորեն բավարարելով իր բոլոր մտերիմների արդար ցանկությունները (Սաղմոս 145։16; Բ Պետրոս 3։13)։
20. Ինչպե՞ս կարող ենք 2003թ.–ի ընթացքում մտքում պահել տարվա խոսքը, և ի՞նչ արդյունքներ դա կբերի։
20 2003 թ. ընթացքում եկեք պարբերաբար հարցնենք ինքներս մեզ, թե արդյոք միշտ ենք ջանքեր գործադրում՝ մեր երկնային Հորը մոտենալու։ Եթե այո, ապա կարող ենք համոզված լինել, որ նա, իր խոստման համաձայն, անպայման կարձագանքի։ Չէ՞ որ Աստված չի ստում (Տիտոս 1։2)։ Եթե դու մոտենաս նրան, նա էլ քեզ կմոտենա (Յակոբոս 4։8)։ Արդյունքո՞ւմ։ Մենք առատ օրհնություններ կքաղենք արդեն այսօր և կունենանք հիանալի հեռանկար՝ ողջ հավիտենության ընթացքում Եհովային ավելի ու ավելի մոտենալու։
[ծանոթագրություններ]
a Այս խոսքերն ասվել են «Եհովան մեր սրտից ավելի մեծ է» հոդվածի վերաբերյալ. հրատարակված՝ «Դիտարանի» 2000 թ. մայիսի 1–ի համարում (էջ 28–31, ռուս.)։
Հիշո՞ւմ եք
• Ի՞նչ է Եհովան պարգևում այն անհատներին, ովքեր մոտենում են իրեն։
• Ի՞նչ միջոցներ է Աստված ձեռնարկել իր ժողովրդին հոգևորապես պաշտպանելու համար։
• Ինչո՞ւ կարելի է մեծ պատիվ համարել Եհովային ազատորեն դիմելու հնարավորությունը։
• Ինչպե՞ս է Աստվածաշունչը ցույց տալիս, որ Եհովան գնահատում է իր ստեղծած գիտակից էակների հավատարիմ ծառայությունը։
[նկար 15–րդ էջի վրա]
Եհովան օրհնել է մեզ հոգևոր ճշմարտությունները հասկանալու ունակությամբ
[նկարներ 16–րդ և 17–րդ էջերի վրա]
Եհովան պաշտպանում է հոգևորապես
[նկար 18–րդ էջի վրա]
Եհովան մոտ է և պատրաստ լսելու մեր բոլոր աղոթքները