Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Ի՞նչը կօգնի, որ շարունակես ուսումնասիրել Աստվածաշունչը
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
    • Դաս 12. Մայրը իր երկու երեխաների հետ Եհովայի վկաների օգնությամբ ուսումնասիրում է Աստվածաշունչը

      ԴԱՍ 12

      Ի՞նչը կօգնի, որ շարունակես ուսումնասիրել Աստվածաշունչը

      Ճիշտ է, Աստվածաշունչ ուսումնասիրելը վարձահատույց գործ է, բայց երբեմն դժվար է։ Ժամանակ առ ժամանակ գուցե մտածես, թե արդյոք կկարողանաս շարունակել ուսումնասիրությունդ։ Սակայն ինչո՞ւ արժե ջանքեր թափել։ Ի՞նչը կօգնի, որ չնայած դժվարություններին՝ չհանձնվես։

      1. Ինչպե՞ս կարող է Աստվածաշնչի ուսումնասիրությունն օգնել քեզ

      «Աստծու խոսքը կենդանի է ու զորեղ» (Եբրայեցիներ 4։12)։ Աստվածաշունչը շատ արժեքավոր գիրք է։ Այն բացահայտում է, թե Աստված ինչ է մտածում քո մասին և ինչ զգացմունքներ ունի քո հանդեպ։ Դրա շնորհիվ դու ոչ միայն գիտելիքներ, այլև իսկական իմաստություն և հույս ձեռք կբերես։ Եվ, որ ամենակարևորն է, այն կօգնի քեզ դառնալ Եհովայի ընկերը։ Երբ ուսումնասիրում ես Աստվածաշունչը, թույլ ես տալիս, որ այն իր զորությամբ փոխի քո կյանքը։

      2. Ինչո՞ւ է հարկավոր գիտակցել աստվածաշնչյան ճշմարտությունների արժեքը

      Աստվածաշնչյան ճշմարտությունները նման են թանկարժեք գանձերի։ Դրա համար Աստվածաշունչն ասում է. «Ճշմարտությունը գնիր և մի՛ վաճառիր» (Առակներ 23։23)։ Եթե մտքում վառ պահենք աստվածաշնչյան ճշմարտությունների արժեքը, ջանք չենք խնայի, որ շարունակենք մեր ուսումնասիրությունը նույնիսկ դժվարությունների ժամանակ (կարդա Առակներ 2։4, 5)։

      3. Ինչպե՞ս կարող է Եհովան օգնել քեզ, որ շարունակես ուսումնասիրությունդ

      Եհովան ամենակարող Ստեղծիչն է, նաև քո ընկերը, ուստի ուզում է օգնել քեզ, որ ճանաչես իրեն։ Նա կարող է օգնել քեզ, որ «և՛ կամենաս, և՛ գործես» (կարդա Փիլիպպեցիներ 2։13)։ Ուստի եթե ուսումնասիրելու և սովորածդ կիրառելու մեծ ցանկություն չունես, Եհովան կարող է օգնության հասնել քեզ։ Եթե խոչընդոտներն ու հակառակությունները դիմագրավելու համար աջակցության կարիք ունենաս, նա քո կողքին կլինի։ Միշտ աղոթիր Եհովային, որ օգնի քեզ շարունակել Աստվածաշնչի ուսումնասիրությունը (1 Թեսաղոնիկեցիներ 5։17)։

      ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

      Իմացիր, թե ինչպես կարող ես շարունակել Աստվածաշնչի ուսումնասիրությունդ՝ չնայած զբաղված գրաֆիկին կամ հակառակությանը։ Տես, թե Եհովան ինչպես կարող է օգնել քեզ այս հարցում։

      4. Աստվածաշնչի ուսումնասիրությունը առաջնահերթ դարձրու

      Երբեմն կյանքի արագ ռիթմի պատճառով գուցե թվա, որ Աստվածաշունչ ուսումնասիրելու ժամանակ չունենք։ Ի՞նչը կարող է օգնել մեզ այդ հարցում։ Կարդացեք Փիլիպպեցիներ 1։10 և քննարկեք հետևյալ հարցերը։

      • Ըստ քեզ՝ որո՞նք են կյանքում «ավելի կարևոր» բաները։

      • Ինչպե՞ս կարող ես Աստվածաշնչի ուսումնասիրությունն առաջնահերթ դարձնել։

      Ա. Կոլաժ։ Նկարներ, որոնցում պատկերված են դույլը՝ լցված քարերով ու ավազով։ 1. Ավազի կույտ և մեծ քարերի կույտ։ 2. Ավազը լցված է դույլի մեջ։ 3. Մեծ քարերը ավազի վրա են լցված, մի մասն էլ չի տեղավորվել և գետնի վրա է Բ. Կոլաժ։ 1. Մեծ քարերի ու ավազի նույն կույտերը։ 2. Մեծ քարերը լցված են նույն դույլի մեջ։ 3. Ավազը լցվել է քարերի արանքը, և դույլը մինչև ծայրը լցված է։ Սակայն մի քիչ ավազ չի տեղավորվել
      1. Ա) Եթե դույլի մեջ սկզբում ավազը լցնես, հետո՝ քարերը, ապա մի քանի քար չի տեղավորվի

      2. Բ) Եթե սկզբում քարերը դնես, ապա ավազի մեծ մասը կտեղավորվի։ Նմանապես, եթե «ավելի կարևոր» բաներին առաջնահերթություն տաս, ապա դրանք ավարտին կհասցնես և այլ բաներ անելու ժամանակ էլ կունենաս

      Աստվածաշունչն ուսումնասիրելով՝ մենք բավարարում ենք Աստծուն ճանաչելու և նրան երկրպագելու մեր հոգևոր կարիքը։ Կարդացեք Մատթեոս 5։3, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։

      • Աստվածաշնչի ուսումնասիրությունն առաջնահերթ դարձնելը ինչո՞վ կարող է օգտակար լինել մեզ համար։

      5. Վճռականորեն դիմադրիր հակառակությանը

      Երբեմն ոմանք գուցե փորձեն համոզել քեզ, որ դադարեցնես Աստվածաշնչի ուսումնասիրությունը։ Տես, թե ինչերի բախվեց Ֆրանչեսկոն։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։

      ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վճռականությունը բերեց իր պտուղները» (5։22)

      «Վճռականությունը բերեց իր պտուղները» տեսանյութից նկար։ Ֆրանչեսկոն իր ընկերներին ասել է, որ այլևս չի ցանկանում շփվել նրանց հետ, և հեռանում է նրանցից
      • Ինչպե՞ս էին արձագանքում Ֆրանչեսկոյի ընտանիքի անդամներն ու ընկերները, երբ նա պատմում էր իր սովորածի մասին։

      • Նրա վճռականությունն ի՞նչ արդյունքներ բերեց։

      Կարդացեք 2 Տիմոթեոս 2։24, 25, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։

      • Ինչպե՞ս են ընտանիքիդ անդամներն ու ընկերներդ վերաբերվում ուսումնասիրությանդ։

      • Ըստ այս համարների՝ ինչպե՞ս պետք է արձագանքես, երբ ինչ-որ մեկը դեմ է Աստվածաշնչի քո ուսումնասիրությանը։ Ինչո՞ւ։

      6. Եհովան կօգնի քեզ

      Որքան շատ ենք մտերմանում Եհովայի հետ, այնքան ավելի շատ ենք ցանկանում հաճեցնել նրան։ Սակայն գուցե մեզ համար դժվար լինի փոփոխություններ անել և նրա չափանիշների համաձայն ապրել։ Եթե քեզ համար էլ է դժվար, մի՛ հանձնվիր. Եհովան կօգնի։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։

      ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եհովան օգնում է մեզ, որ փոփոխություններ անենք» (3։56)

      • Եհովային հաճեցնելու համար ի՞նչ փոփոխություններ արեց Ջիմը։

      • Ջիմի օրինակն ինչո՞վ է տպավորիչ քեզ համար։

      Կարդացեք Եբրայեցիներ 11։6 և քննարկեք հետևյալ հարցերը։

      • Ի՞նչ կանի Եհովան նրանց համար, ովքեր «ջանադրաբար փնտրում են իրեն», այսինքն՝ նրանց, ովքեր ջանք չեն խնայում, որ ճանաչեն և հաճեցնեն իրեն։

      • Ըստ այս համարի՝ Եհովան ի՞նչ է զգում, երբ տեսնում է, որ ջանքեր ես գործադրում Աստվածաշնչի ուսումնասիրությունդ շարունակելու համար։

      ՈՄԱՆՔ ԳՈՒՑԵ ՀԱՐՑՆԵՆ. «Ինչո՞ւ ես ուսումնասիրում Աստվածաշունչը»։

      • Ի՞նչ կպատասխանեիր այս հարցին։

      ԱՄՓՈՓՈՒՄ

      Թեև Աստվածաշունչ ուսումնասիրելը երբեմն դժվար է, բայց դրա շնորհիվ կվայելես կյանքը հավիտյան։ Շարունակիր ապավինել Եհովային, և նա կվարձատրի քեզ։

      Վերհիշենք

      • Ինչո՞ւ են աստվածաշնչյան ճշմարտությունները թանկ քեզ համար։

      • Ինչպե՞ս կարող ես հավաստիանալ, «թե ինչն է ավելի կարևոր»։

      • Ինչո՞ւ պետք է խնդրես Եհովային, որ օգնի քեզ շարունակել Աստվածաշնչի ուսումնասիրությունդ։

      Նպատակ դիր

      ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

      Տես, թե ժամանակը խելամտորեն տնօրինելու հարցում շատերին ինչ չորս մեթոդներ են օգնել։

      «Ինչպես իմաստնորեն օգտագործել ժամանակը» («Արթնացե՛ք», 2014 թ. փետրվար)

      Տես, թե Եհովան ինչպես օգնեց մի կնոջ, ում ամուսինը չէր հասկանում, թե նա ինչու է այդքան ջանք թափում Աստծուն հաճեցնելու համար։

      «Եհովան ուժ է տալիս, որ կրենք մեր բեռը» (5։05)

      Տես, թե մի կնոջ հաստատակամությունն ինչպես օգնեց իր ամուսնուն։

      «Ես ճշմարտությունը տակից վրա քննեցի» (6։30)

      Եհովայի վկաներին երբեմն մեղադրում են ընտանիքներ քանդելու մեջ։ Արդյո՞ք այս մեղադրանքն արդարացի է։

      «Եհովայի վկաները քայքայո՞ւմ են ընտանիքը, թե՞ ամրապնդում են այն» (վեբ հոդված)

  • Ինչպես կայացնել ճիշտ որոշումներ
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
    • Դաս 35. Ամուսինը կայքում գովազդվող մեքենաներն է նայում, իսկ նրա կողքին նստած են կինը և երեխաները

      ԴԱՍ 35

      Ինչպես կայացնել ճիշտ որոշումներ

      Մենք բոլորս որոշումներ ենք կայացնում։ Դրանցից շատերը կարող են մեծ ազդեցություն ունենալ ինչպես մեզ, այնպես էլ Եհովայի հետ ունեցած մեր մտերմության վրա։ Օրինակ՝ երբեմն հարկավոր է որոշել, թե որտեղ ենք ապրելու, ինչպես ենք հոգալու մեր կարիքները կամ ամուսնանալու ենք, թե ոչ։ Երբ ճիշտ որոշումներ ենք կայացնում, երջանիկ ենք լինում և հաճեցնում ենք Եհովային։

      1. Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչն օգնել քեզ ճիշտ որոշումներ կայացնել

      Նախքան որոշում կայացնելը Եհովայից աղոթքով օգնություն խնդրիր և քննիր Աստվածաշունչը, որ տեսնես, թե նա ինչ տեսակետ ունի այդ հարցի վերաբերյալ (կարդա Առակներ 2։3–6)։ Որոշ հարցերի վերաբերյալ Եհովան հստակ հրահանգներ է տալիս։ Այդպիսի դեպքերում հնազանդվելն ամենաճիշտ որոշումը կլինի։

      Իսկ ինչպե՞ս վարվել, եթե Աստվածաշնչում հստակ գրված չէ, թե ինչ է պետք անել։ Այդ դեպքում նույնպես Եհովան կառաջնորդի քեզ «այն ճանապարհով, որով դու պիտի գնաս» (Եսայիա 48։17)։ Ինչպե՞ս։ Աստծու Խոսքում կարող ես գտնել սկզբունքներ, որոնք կառաջնորդեն քեզ։ Աստվածաշնչյան սկզբունքները հիմնարար ճշմարտություններ են, որոնք արտացոլում են Աստծու մտքերն ու զգացմունքները։ Հաճախ մենք հասկանում ենք տվյալ հարցի առնչությամբ Աստծու տեսակետը, երբ կարդում ենք աստվածաշնչյան որևէ պատմություն։ Եհովայի տեսակետը հասկանալուց հետո մենք կկարողանանք նրան հաճելի որոշում կայացնել։

      2. Ի՞նչ գործոններ պետք է հաշվի առնես նախքան որոշում կայացնելը

      Աստվածաշնչում ասվում է. «Խորագետը կշռադատում է իր քայլերը» (Առակներ 14։15)։ Դա նշանակում է՝ որոշում կայացնելիս չպետք է շտապենք։ Ծանրութեթև արա բոլոր տարբերակները և հարցրու ինքդ քեզ. «Ո՞ր աստվածաշնչյան սկզբունքն է առնչվում այս հարցին։ Ո՞ր որոշումը կտա ինձ մտքի խաղաղություն։ Որոշումս ինչպե՞ս կազդի ուրիշների վրա։ Ամենակարևորը՝ Եհովային հաճելի կլինի՞ այն» (2 Օրենք 32։29)։

      Եհովան իրավունք ունի ասելու մեզ, թե ինչն է ճիշտ, և ինչն է սխալ։ Երբ սովորում ենք նրա օրենքներն ու սկզբունքները և վճռում ենք հետևել դրանց, այդպիսով մարզում ենք մեր խիղճը։ Խիղճը ճշտի ու սխալի մեր ներքին զգացողությունն է (Հռոմեացիներ 2։14, 15)։ Մարզված խիղճը կօգնի, որ ճիշտ որոշումներ կայացնենք։

      ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

      Ուշադրություն դարձրու, թե աստվածաշնչյան չափանիշները և խիղճը ինչպես են օգնում ճիշտ որոշումներ կայացնել։

      3. Թույլ տուր, որ Աստվածաշունչն առաջնորդի քեզ

      Ինչպե՞ս կարող են աստվածաշնչյան սկզբունքները օգնել որոշումներ կայացնելիս։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հաջորդող հարցը։

      ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Թող Աստվածաշնչի սկզբունքներն առաջնորդեն քեզ» (5։54)

      • Ի՞նչ է ազատ կամքը։

      • Ինչո՞ւ է Եհովան մեզ ազատ կամք տվել։

      • Որպեսզի լավագույնս օգտագործենք մեր ազատ կամքը, ինչե՞ր է նա մեզ տվել։

      Աստվածաշնչյան մի սկզբունք տեսնելու համար կարդացեք Եփեսացիներ 5։15, 16։ Այնուհետև քննարկեք, թե ինչպես կարող ես «գնել հարմար ժամանակը», որպեսզի՝

      • կանոնավոր ընթերցես Աստվածաշունչը

      • դառնաս ավելի լավ կողակից, ծնող, որդի կամ դուստր

      • հաճախես ժողովի հանդիպումներին

      4. Մարզիր խիղճդ, որ ճիշտ որոշումներ կայացնես

      Երբ հստակ աստվածաշնչյան պատվեր կա մեզ հուզող հարցի վերաբերյալ, հեշտ է հասկանալ, թե որն է ճիշտը։ Իսկ ի՞նչ անել, եթե չկա։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցը։

      ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մաքուր խիղճ ունեցեք» (5։13)

      • Քույրն ի՞նչ քայլեր ձեռնարկեց, որպեսզի մարզի իր խիղճը և Եհովային հաճելի որոշում կայացնի։

      Ինչո՞ւ չպետք է ուրիշներին խնդրենք մեր փոխարեն որոշում կայացնել։ Կարդացեք Եբրայեցիներ 5։14 և քննարկեք հետևյալ հարցերը։

      • Թեպետ թվում է՝ ավելի հեշտ է ուրիշներին խնդրել մեր փոխարեն որոշում կայացնել, սակայն մենք ի՞նչ պետք է կարողանանք անել։

      • Ի՞նչը կարող է քեզ օգնել մարզել խիղճդ և ճիշտ որոշումներ կայացնել։

      Մի մարդ մեքենա է վարում։ GPS համակարգը վարորդին օգնում է ճիշտ ճանապարհով ընթանալ

      Մեր խիղճը քարտեզի պես ուղղություն է տալիս մեզ

      5. Հարգիր ուրիշների խիղճը

      Նույն հարցի վերաբերյալ տարբեր մարդիկ կարող են տարբեր որոշումներ կայացնել։ Ինչպե՞ս կարող ենք հարգել ուրիշների խիղճը։ Քննենք երկու իրավիճակ։

      Իրավիճակ 1։ Մի քույր, ով սիրում է շպարվել, տեղափոխվում է այնպիսի ժողով, որտեղ շատերի համար դա անընդունելի է։

      Կարդացեք Հռոմեացիներ 15։1 և 1 Կորնթացիներ 10։23, 24 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։

      • Հաշվի առնելով այս համարները՝ գուցե ի՞նչ որոշում կայացնի այդ քույրը։ Ինչպե՞ս կվարվես, եթե քո խիղճը թույլ տա անել մի բան, ինչը դիմացինիդ խիղճն արգելում է։

      Իրավիճակ 2։ Եղբայրը գիտի, որ Աստվածաշունչը չի արգելում ալկոհոլի չափավոր օգտագործումը, սակայն որոշում է կայացրել ընդհանրապես չխմել։ Նրան հավաքույթի են հրավիրել։ Այնտեղ նա տեսնում է, որ եղբայրներն ալկոհոլային խմիչք են օգտագործում։

      Կարդացեք Ժողովող 7։16 և Հռոմեացիներ 14։1, 10 համարները ու քննարկեք հետևյալ հարցերը։

      • Հաշվի առնելով այս համարները՝ եղբայրը գուցե ի՞նչ որոշում կայացնի։ Ինչպե՞ս կվարվես, երբ տեսնես, որ ինչ-որ մեկն այնպիսի բան է անում, որը քո խիղճը դատապարտում է։

      Ո՞ր քայլերը կօգնեն ճիշտ որոշումներ կայացնել

      Մի կին աղոթում է.

      1. Եհովային խնդրիր, որ քեզ օգնի ճիշտ որոշում կայացնել (Հակոբոս 1։5)։

      Նույն կինը Աստվածաշնչով, աստվածաշնչյան հրատարակություններով և համակարգչով փնտրտուքներ է անում

      2. Փնտրտուքներ արա Աստվածաշնչում և աստվածաշնչյան հրատարակություններում, որպեսզի քո հարցին առնչվող սկզբունքներ գտնես։ Նաև կարող ես խորհրդակցել փորձառու քրիստոնյաների հետ։

      Նույն կինը մտածում է

      3. Մտածիր, թե ինչ ազդեցություն կունենա որոշումդ քո և ուրիշների խղճի վրա։

      ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Արա այն, ինչ ուզում ես։ Կարևոր չէ, թե ուրիշներն ինչ են մտածում»։

      • Ինչո՞ւ պետք է հաշվի առնենք թե՛ Աստծու, թե՛ մարդկանց զգացմունքները։

      ԱՄՓՈՓՈՒՄ

      Մենք կկարողանանք ճիշտ որոշումներ կայացնել, երբ հասկանանք տվյալ հարցի վերաբերյալ Աստծու տեսակետը, ինչպես նաև մտածենք՝ մեր արարքները ուրիշների համար օգտակար կլինեն, թե վնասակար։

      Վերհիշենք

      • Ինչպե՞ս կարող ես այնպիսի որոշումներ կայացնել, որոնք հաճելի կլինեն Եհովային։

      • Ինչպե՞ս կարող ես մարզել խիղճդ։

      • Ինչպե՞ս կարող ես հարգել ուրիշների խիղճը։

      Նպատակ դիր

      ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

      Ինչպե՞ս կարող ես այնպիսի որոշումներ կայացնել, որոնք կամրացնեն Եհովայի հետ քո ընկերությունը։

      «Թող քո որոշումները փառք բերեն Աստծուն» («Դիտարան», 2011 թ. ապրիլի 15)

      Ավելին իմացիր այն մասին, թե Եհովան ինչպես է մեզ խորհուրդներ տալիս։

      «Եհովան առաջնորդում է իր ժողովրդին» (9։50)

      Մի մարդ կանգնած էր բարդ խնդրի առաջ։ Տես, թե ինչն օգնեց նրան որոշում կայացնել։

      «Եհովան երաշխավորում է, որ միշտ հոգ կտանի մեր մասին» (5։46)

      Ավելին իմացիր, թե ինչպես կարող ես հաճեցնել Աստծուն, եթե տվյալ հարցի կապակցությամբ նա հստակ առաջնորդություն չի տվել։

      «Արդյո՞ք ամեն պարագայում ունեք աստվածաշնչյան օրենքի կարիք» («Դիտարան», 2003 թ. դեկտեմբերի 1)

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը