Քայլիր ‘ուղիղ ճանապարհով’
«Արդարին.... բանը լաւ է,— հայտարարել է Եսայիա մարգարեն,— որովհետեւ իրանց գործերի պտուղն են ուտելու»։ Եսայիան նաև ասել է. «Արդարի ճանապարհը ուղիղ է» (Եսայիա 3։10; 26։7)։ Պարզ է՝ եթե ուզում ենք, որ մեր գործերը բարի պտուղ բերեն, պետք է անենք այն, ինչ ուղիղ է Աստծո աչքին։
Սակայն ինչպե՞ս կարող ենք քայլել ուղիղ ճանապարհով։ Ի՞նչ օրհնություններ կարող ենք ակնկալել այդ ուղիով ընթանալուց։ Եվ ի՞նչ օգուտներ կստանան ուրիշները, եթե մենք Աստծո արդար չափանիշների համաձայն ապրենք։ Այս հարցերին պատասխանում է հին Իսրայելի Սողոմոն թագավորը՝ հակադրելով արդարին ամբարշտի հետ, որը կարող ենք կարդալ Աստվածաշնչի «Առակաց» գրքի 10–րդ գլխում։ Այստեղ նա 13 անգամ օգտագործում է «արդար[ներ]» բառը։ Դրանցից ինը հանդիպում են 15–32 համարներում։ Այդ համարները քննելը կարող է քաջալերական լինել մեզ համար։a
Ամուր պահիր խրատը
Սողոմոնը ցույց է տալիս, թե որքան կարևոր դեր է խաղում արդարությունը։ Նա ասում է. «Հարուստի ճոխութիւնն իր զօրութեան քաղաքն է, իսկ աղքատների չքաւորութիւնն իրանց կործանումն է։ Արդարի գործողութիւնը կեանքի համար է. ամբարշտի արդիւնքը մեղքի համար» (Առակաց 10։15, 16)։
Երբ մարդու կյանքում անսպասելի դեպքեր են տեղի ունենում, հարստությունը կարող է որպես պաշտպանություն ծառայել, ինչպես ամուր քաղաքն է որոշ չափով ապահովություն տալիս իր բնակիչներին, մինչդեռ աղքատությունը կարող է դեպի կործանում տանել (Ժողովող 7։12)։ Սակայն, հնարավոր է նաև, որ իմաստուն թագավորը ակնարկում է և՛ հարստությունից, և՛ աղքատությունից եկող վտանգը։ Հարուստ մարդը կարող է հակված լինել ապավինելու իր հարստությանը՝ կարծելով, թե իր ստացվածքը «բարձր պարսպի նման է» (Առակաց 18։11)։ Իսկ աղքատ մարդը կարող է սխալվել՝ կարծելով, թե իր աղքատությունը իրեն անհուսալի վիճակի մեջ է գցում։ Այսպիսով՝ երկուսին էլ չի հաջողվում Աստծո մոտ բարի անուն ձեռք բերել։
Մյուս կողմից էլ, արդար մարդու՝ լինի նա հարուստ թե աղքատ, արդար գործերը կյանքի են առաջնորդում։ Ինչպե՞ս։ Նա բավարարվում է իր ունեցածով։ Թույլ չի տալիս, որ իր ֆինանսական վիճակը խանգարի իրեն Աստծո առջև հաճելի կեցվածք ունենալ։ Հարուստ թե աղքատ՝ արդարի ապրելակերպը երջանկություն է բերում նրան, իսկ ապագայի համար՝ հավիտենական կյանքի հույս (Յոբ 42։10–13)։ Մինչդեռ ամբարիշտը օգուտ չի քաղում նույնիսկ իր հարստությունից։ Փոխանակ գնահատելու հարստության պաշտպանիչ դերը և ապրելու Աստծո կամքին համաձայն, նա իր ունեցվածքն օգտագործում է մեղավոր կյանքով ապրելու համար։
«Խրատ պահելը ճանապարհ է դէպի կեանք,— շարունակում է Իսրայելի թագավորը,— բայց յանդիմանութիւնը ձգողը մոլորում է» (Առակաց 10։17)։ Մի աստվածաշնչագետ այն կարծիքն է հայտնում, որ այս խոսքերը կարելի է երկու ձևով հասկանալ։ Առաջինը՝ որ խրատ լսող և արդարության հետևող մարդը կյանքի տանող ճանապարհի վրա է, մինչդեռ հանդիմանությունը զանց անողը շեղվել է այդ ճանապարհից։ Երկրորդ նշանակությունն այն է, որ «նա, ով ուշադիր է խրատին, ցույց է տալիս կյանքի ճանապարհը [ուրիշներին, որովհետև նրա բարի օրինակը լավ է ներգործում նրանց վրա], բայց նա, ով արհամարհում է հանդիմանությունը, ուրիշներին մոլորության է մատնում» (Առակաց 10։17, New International Version)։ Երկու դեպքում էլ անչափ կարևոր է ամուր պահել խրատը և չարհամարհել հանդիմանությունը։
Ատելությունը փոխարինիր սիրով
Այնուհետև Սողոմոնը մի առակ է ներկայացնում՝ երկու մասից բաղկացած, որն իր մեջ համանման միտք է պարունակում, ընդ որում երկրորդ մասը ավելի է շեշտում առաջինի միտքը։ Առակը սկսվում է այս խոսքերով. «Ատելութիւն ծածկողը ստախօս է»։ Երբ մարդն իր սրտում ատում է մեկին և թաքցնում է դա իր քաղցր խոսքերով կամ շողոքորթությամբ, ապա նա խաբեբա է՝ «ստախոս»։ Այնուհետև իմաստուն թագավորն ավելացնում է. «Բամբասանք հնարողը անմիտ է» (Առակաց 10։18)։ Ոմանք էլ, իրենց ատելությունը թաքցնելու փոխարեն, սուտ մեղադրանքներ են տարածում կամ արհամարհանքով են խոսում նրա մասին, ում հանդեպ ատելությամբ են լցված։ Սա անմիտ արարք է, քանի որ զրպարտիչ խոսքերը իրականում չեն կարող փոխել այն անձնավորությանը, ում դեմ որ դրանք ուղղված են։ Իսկ խորաթափանց մարդը, որը լսում է այդ խոսքերը, կտեսնի զրպարտողի չարակամությունը, և վերջինս կկորցնի իր հանդեպ նրա հարգանքը։ Ուստի նա, ով բամբասանքով է զբաղվում, ինքն իրեն է վնասում։
Արդար վարքագծում տեղ չունեն ոչ խաբեբայությունը, ոչ էլ բամբասանքը։ Աստված պատվիրեց իսրայելացիներին. «Քո եղբօրը սրտումդ չ’ատես» (Ղեւտացոց 19։17)։ Իսկ Հիսուսը այս խորհուրդը տվեց իր ունկնդիրներին. «Սիրեցէ՛ք [նույնիսկ] ձեր թշնամիներին.... եւ աղօթեցէ՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում, որպէսզի որդիները լինէք ձեր Հօր, որ երկնքում է» (Մատթէոս 5։44, 45)։ Որքա՜ն ավելի լավ է մեր սրտերը լցնել սիրով և ոչ թե ատելությամբ։
‘Շրթունքներդ զսպիր’
Ընդգծելով լեզուն կառավարելու անհրաժեշտությունը՝ իմաստուն թագավորն ասում է. «Շատախօսութեան մէջ յանցանք պակաս չի լինիլ, բայց իր շրթունքները զսպողը խելացի է» (Առակաց 10։19)։
«Յիմարը կ’շատացնէ խօսքերը» (Ժողովող 10։14)։ Նրա բերանը «տխմարութիւն է բղխում» (Առակաց 15։2)։ Սա չի նշանակում, որ ամեն զրուցասեր մարդ հիմար է։ Բայց նա, ով չափից շատ է խոսում, հեշտությամբ կարող է դառնալ բամբասող և ասեկոսներ տարածող։ Հիմար խոսքերը հաճախ կարող են հեղինակազրկել մարդուն, զգացմունքներ վիրավորել, հարաբերություններ սրել և նույնիսկ ֆիզիկական վերքերի հասցնել։ «Շատ խօսքերու մէջ յանցանք պակաս չէ» (Առակաց 10։19, Արևմտ. Աստ.)։ Դեռ ավելին, տեղի–անտեղի խոսող մարդու ներկայությունը զայրույթ է առաջ բերում։ Ուրեմն՝ եկեք խոսելու մեջ չափավոր լինենք։
Ստախոսությունից խուսափելուց բացի, իր շրթունքները զսպողը խոհեմ է։ Խոսելուց առաջ նա նախ մտածում է։ Եհովայի սկզբունքների հանդեպ սիրուց և իր ընկերոջն օգնելու անկեղծ ցանկությունից դրդված՝ նա զգուշությամբ է իր խոսքերն ընտրում, հաշվի է առնում, թե արդյոք դրանք ինչպես կազդեն ուրիշների վրա։ Իր խոսքերում նա սիրալիր է և բարեհամբույր. մտածում է, թե ինչպես հաղորդի իր ասելիքը, որպեսզի այն հաճելի և օգտակար լինի։ Նրա բառերն ասես «ոսկի խնձորներ են արծաթի զարդերի մէջ»՝ միշտ խնամքով ընտրված և դիմացինի արժանապատվության զգացումը հաշվի առնելով ասված (Առակաց 25։11)։
‘Առաջնորդիր շատերին’
«Ընտիր արծաթ է արդարի լեզուն,— իր խոսքն է շարունակում Սողոմոնը,— իսկ ամբարիշտների սիրտը չնչին բանի պես է» (Առակաց 10։20)։ Այն, ինչ որ ասում է արդարը, մաքուր է, ինչպես ընտիր արծաթը՝ զտված և մաքրված։ Այս խոսքերը կարելի է վերագրել Եհովայի ծառաներին, քանի որ նրանք ուրիշներին տալիս են կյանքեր փրկող Աստծո Խոսքի գիտությունը։ Նրանց Մեծ Խրատողը՝ Եհովա Աստված, նրանց կրթել և ‘ուսումնավարժ լեզու է տվել, որ գիտենան վաստակածին օգնել խոսքով’ (Եսայիա 30։20, ՆԱ; 50։4)։ Նրանց լեզուն ընտիր արծաթի է նման, քանի որ այն աստվածաշնչյան ճշմարտության մասին է պատմում։ Նրանց ասածները որքա՜ն ավելի արժեքավոր են ազնվասիրտ մարդկանց համար, քան ամբարիշտների մտադրությունները։ Եկեք խանդավառությամբ խոսենք Աստծո Թագավորության և նրա հրաշալի գործերի մասին։
Արդարը օրհնություն է իր շրջապատի մարդկանց համար։ «Արդարի շրթունքները շատերին են առաջնորդում,— շարունակում է Սողոմոնը,— բայց յիմարները մեռնում են պակասամտութեան մէջ» (Առակաց 10։21)։
Ինչպե՞ս է արդարը ‘շատերին առաջնորդում’։ Այստեղ «առաջնորդել» թարգմանված եբրայերեն բառը «հովվելու» միտքն է հաղորդում, նաև սնուցանելու, կամ արածեցնելու իմաստն է կրում, այն, ինչ հովիվն էր անում իր ոչխարներին հոգ տանելու համար (Ա Թագաւորաց 16։11; Սաղմոս 23։1–3; Երգ Երգոց 1։7)։ Արդարը առաջնորդում է իրեն լսողներին դեպի ուղիղ ճանապարհները՝ իր խոսքով «սնուցանելով» նրանց։ Արդյունքում՝ վերջիններս ավելի երջանիկ ու բավականություն պատճառող կյանքով են ապրում, և նույնիսկ հավիտյան ապրելու հնարավորությունն են ունենում։
Իսկ հիմա՞րը։ Պակասամիտ լինելով՝ նա զուրկ է բարի շարժառիթներից, և իրեն չի մտահոգում, թե ինչի կհանգեցնեն իր արարքները։ Նա անում է ճիշտ այն, ինչ որ կամենում է՝ մոռանալով հետևանքների մասին։ Ուստի, նա կրում է իր պատիժը։ Մինչ արդարը օգնում է ուրիշներին ապրել, պակասամիտը նույնիսկ չի կարողանում իր կյանքը պահպանել։
Զգուշացիր անառակ վարքից
Մարդու անհատականությունը հաճախ երևում է նրա հակումներից։ Նշելով այս փաստը՝ Իսրայելի թագավորն ասում է. «Յիմարի համար չարութիւն անելը [«անառակ վարքը», ՆԱ] զբօսանքի պէս է, բայց իմաստութիւնը՝ հանճարեղ [«խորաթափանց», ՆԱ] մարդինը» (Առակաց 10։23)։
Ոմանք անառակությանը նայում են որպես ժամանց և զբաղվում են դրանով պարզապես զվարճանալու համար։ Այդպիսինները չեն նկատում Աստծուն որպես մեկին, որին ամեն մարդ պետք է հաշիվ տա, և աչք են փակում իրենց բռնած սխալ ընթացքի առաջ (Հռովմայեցիս 14։12)։ Նրանք սխալմամբ ենթադրում են, թե Աստված չի տեսնում իրենց վատ վարքը։ Իրականում, իրենց գործերով նրանք ասում են. «Աստուած չ’կայ» (Սաղմոս 14։1–3; Եսայիա 29։15, 16)։ Ի՜նչ անմտություն։
Սակայն խորաթափանց մարդը գիտակցում է, որ անառակ վարքը զվարճանք չէ։ Նա գիտե, որ դա տհաճություն է պատճառում Աստծուն և կարող է խորտակել նրա հետ ունեցած մարդու հարաբերությունները։ Նման վարմունքը անմտություն է, այն խլում է ինքնահարգանքի զգացումը, ամուսիններին բաժանում իրարից, ապականում մարդու միտքն ու մարմինը և հոգևորապես կործանում նրան։ Իմաստուն է անառակ վարքից զգուշանալը և իմաստության հանդեպ սեր զարգացնելը՝ ընդունելով նրան որպես սիրելի քույր (Առակաց 7։4)։
Ճիշտ հիմքի վրա կառուցիր
Ցույց տալով կյանքը ճիշտ հիմքի վրա կառուցելու կարևորությունը՝ Սողոմոնը գրում է. «Չար մարդի վախեցած բանը գալիս է նորա վերայ. բայց արդարների փափաքը տրվում է։ Երբոր մրրիկը անց է կենում, ամբարիշտը բնաջինջ է լինում, բայց արդարը յաւիտեան հաստատահիմն է» (Առակաց 10։24, 25)։
Չար մարդը կարող է վախ պատճառել ուրիշներին։ Վերջում, սակայն, ինչից որ նա սարսափում է, իր վրա է շուռ գալիս։ Նա, ով չի ապրում արդար չափանիշներով, նման է առանց հիմքի մի կառույցի, որին փուլ է տալիս մրրիկը։ Ճնշման տակ նա հանձնվում է։ Մինչդեռ արդարը նման է այն մարդուն, որը կատարում է Հիսուսի խոսքերը։ Նա նման է «իմաստուն մարդու, որ իր տունը շինեց ժայռի վրայ»։ «Անձրեւները թափուեցին,— ասաց Հիսուսը,— եւ գետերը յորդեցին, հողմերը փչեցին եւ զարկեցին այդ տանը, բայց չկործանուեց, որովհետեւ ժայռի վրայ էր հաստատուած» (Մատթէոս 7։24, 25)։ Այսպիսի մարդը հաստատուն է, նրա մտքերն ու գործերը ամուր կերպով հիմնավորված են Աստծո չափանիշների վրա։
Մինչ իմաստուն թագավորը շարունակում է հակադրել արդարին ամբարշտի հետ, նա համառոտ, բայց կարևոր զգուշացում է տալիս։ Նա ասում է. «Ինչպէս քացախն է ատամներին. եւ ծուխն աչքերին. նոյնպէս է ծոյլը իր ուղարկողի համար» (Առակաց 10։26)։ Քացախը ատամի համար վնասակար է։ Նրա մեջ պարունակվող քացախաթթուն բերանում թթվություն է առաջացնում և կարող է գրգռել ատամները։ Ծուխը աչքերը ծակում և մրմռացնում է։ Նմանապես այն անձը, ով ծույլ մարդ է վարձում կամ իր գործերը նրան վստահում, չի խուսափի հոգսերից և կորուստներ կունենա։
«Զօրութիւն է Տիրոջ ճանապարհը»
Իսրայելի թագավորը շարունակում է. «Տիրոջ երկիւղը կ’աւելացնէ օրերը, եւ ամբարիշտների օրերը կ’կարճանան։ Արդարների յոյսն ուրախութիւն է, բայց ամբարիշտների ակնկալութիւնը կ’կորչի» (Առակաց 10։27, 28)։
Արդարը առաջնորդվում է աստվածավախությամբ և ձգտում է մտքով, խոսքով ու գործով հաճեցնել Եհովային։ Աստված հոգ է տանում նրա մասին և իրագործում նրա արդար ակնկալիքները։ Սակայն ամբարիշտը անաստված կյանքով է ապրում։ Երբեմն կարող է թվալ, թե նրա հույսերն իրականանում են, բայց դա շատ կարճ է տևում, քանի որ նրա օրերը հաճախ կարճացնում է կա՛մ բռնությունը, կա՛մ էլ իր վարած կյանքի հետևանքով առաջ եկած հիվանդությունը։ Նրա մահվան օրը նրա բոլոր հույսերը խորտակվում են (Առակաց 11։7)։
«Զօրութիւն է Տիրոջ ճանապարհը կատարեալի համար,— ասում է Սողոմոնը,— բայց կործանում՝ անօրէնութիւն գործողների համար» (Առակաց 10։29)։ Այստեղ տիրոջ ճանապարհը վերաբերում է ոչ թե կյանքի ուղուն, որով մենք պետք է ընթանանք, այլ մարդկանց հետ Աստծո վարվելակերպին։ «Աստուծոյ գործը կատարեալ է,— ասաց Մովսեսը,— որովհետեւ նորա ամեն ճանապարհները իրաւունք են» (Բ Օրինաց 32։4)։ Աստծո արդար ճանապարհները արդարի համար ապահովություն են, իսկ ամբարշտի համար՝ կործանում։
Ինչպիսի՜ զորություն է Եհովան իր ժողովրդի համար։ «Արդարը յաւիտեան չի սասանիլ, բայց անզգամները չեն բնակուիլ երկրի վերայ։ Արդարի բերանը իմաստութիւն է բղխում, բայց նենգաւոր լեզուն պիտի կտրուի։ Արդարի շրթունքը գիտեն հաճելի բանը, բայց ամբարիշտների բերանը՝ նենգութիւն» (Առակաց 10։30–32)։
Արդարը գոհացուցիչ կյանքով է ապրում և օրհնվում է, որովհետև արդարության ճանապարհով է քայլում։ Իրոք որ «Տէրոջ օրհնութիւնն է, որ հարստութիւն կու տայ ու անոր հետ տրտմութիւն չի խառներ» (Առակաց 10։22, Արևմտ. Աստ.)։ Ուրեմն, եկեք միշտ հոգ տանենք, որ աստվածային չափանիշների համաձայն ապրենք։ Եկեք նաև մեր շրթունքները զսպենք և մեր լեզուն օգտագործենք ուրիշներին Աստծո Խոսքի փրկարար ճշմարտությամբ «սնուցանելու» ու նրանց դեպի ուղիղ ճանապարհներն առաջնորդելու համար։
[ծանոթագրություն]
a Առակաց 10։1–14 խոսքերի մանրամասն քննարկումը կարող եք գտնել «Դիտարան» պարբերագրի հուլիսի 15, 2001 համարում, էջ 24–27։
[նկար 26–րդ էջի վրա]
Լեզուն կարող է լինել ինչպես «ընտիր արծաթ»