Ուրախություն, որ բերում է անարատ ընթացքը
«Տէրոջ օրհնութիւնն է, որ հարստութիւն կու տայ ու անոր հետ տրտմութիւն չի խառներ» (ԱՌԱԿԱՑ 10։22, ԱԱ)։
1, 2. Ինչո՞ւ պետք է ապագայի մասին չափից շատ չմտածենք։
«ԱՊԱԳԱՅԻ մասին չափից շատ մտահոգվելը.... խանգարում է մեզ ներկան տեսնել այնպիսին, ինչպիսին այն կա»,— նշում է ամերիկացի մի փիլիսոփա։ Սա ճշմարիտ է, օրինակ, երեխաների պարագայում. նրանց այնքան է գրավում չափահաս լինելու միտքը, որ չեն վայելում մանկության տարիները, որոնք աննկատ անցնում են։
2 Եհովայի երկրպագուները նույնպես զերծ չեն այդպիսի մտածելակերպից։ Նկատի առնենք հետևյալ իրավիճակը։ Մենք անձկագին սպասում ենք Աստծու խոստման իրականացմանը, ըստ որի՝ նա երկրի վրա դրախտ է հաստատելու։ Մենք անհամբերությամբ սպասում ենք այն ժամանակին, երբ այլևս չեն լինի հիվանդություն, ծերություն, ցավ և տառապանք։ Թեև լավ է սպասել նման իրադարձությունների, սակայն հնարավոր է այնքան մտածենք ապագայի ֆիզիկական օրհնությունների մասին, որ չնկատենք այսօրվա հոգևոր օրհնությունները։ Որքա՜ն ցավալի կլինի դա։ Մենք հեշտությամբ կարող ենք ընկճվել ու ‘սրտով հիվանդանալ’, քանի որ մեր հույսերը չեն իրականանում մեր սպասած ժամանակին (Առակաց 13։12)։ Կյանքի խնդիրներն ու դժվարությունները կարող են մեզ գցել վհատության մեջ կամ դրդել, որ խղճահարությամբ լցվենք ինքներս մեր հանդեպ։ Դժվար իրավիճակները հաղթահարելու փոխարեն՝ միգուցե սկսենք տրտնջալ։ Այս ամենից կարելի է խուսափել, եթե երախտագիտությամբ խորհրդածենք մեր այսօրվա օրհնությունների մասին։
3. Ինչի՞ վրա ուշադրություն կդարձնենք այս հոդվածում։
3 Առակաց 10։22–ում (ԱԱ) ասվում է. «Տէրոջ օրհնութիւնն է, որ հարստութիւն կու տայ ու անոր հետ տրտմութիւն չի խառներ»։ Արդյո՞ք Եհովայի ներկայիս ծառաների հոգևոր լավ վիճակը ուրախ լինելու պատճառ չէ։ Եկեք խորհենք որոշ հոգևոր օրհնությունների մասին և տեսնենք, թե դրանք ինչ են նշանակում անձամբ մեզ համար։ Եթե մտածենք այն առատ օրհնությունների մասին, որ Եհովան տալիս է ‘անարատության մեջ քայլող արդարին’, դա կօգնի մեզ, որ վճռականորեն և ուրախությամբ շարունակենք ծառայել մեր երկնային Հորը (Առակաց 20։7, ԱԱ)։
‘Օրհնություններ, որ հարստացնում են մեզ’ այսօր
4, 5. Աստվածաշնչի ո՞ր ուսմունքն ես հատկապես բարձր գնահատում և ինչո՞ւ։
4 Ճշգրիտ գիտելիքներ աստվածաշնչյան ուսմունքների մասին։ Քրիստոնեական աշխարհի կրոնները պնդում են, թե հավատում են Աստվածաշնչին։ Սակայն իրականում նրանք չեն ընդունում Աստվածաշնչի ուսմունքները։ Նույնիսկ միևնույն կրոնի անդամները հաճախ տարբեր տեսակետներ ունեն Աստվածաշնչի ուսմունքների վերաբերյալ։ Որքա՜ն է տարբերվում նրանց իրավիճակը Եհովայի ծառաների իրավիճակից։ Անկախ ազգային, մշակութային կամ էթնիկական ծագումից՝ մենք երկրպագում ենք այն Աստծուն, որի անունը գիտենք։ Նա առեղծվածային եռանձնյա Աստված չէ (Բ Օրինաց 6։4; Սաղմոս 83։18; Մարկոս 12։29)։ Մենք նաև գիտենք, որ Աստծու տիեզերական գերիշխանության հարցը պետք է շուտով լուծվի, և որ մեզանից յուրաքանչյուրը, ով նրա հանդեպ անարատություն է դրսևորում, անձամբ ընդգրկված է այդ հարցի մեջ։ Մենք գիտենք ճշմարտությունը մահացածների մասին և ազատված ենք Աստծու հանդեպ հիվանդագին վախից, որն ունեն այն մարդիկ, ովքեր հավատում են, թե Աստված տանջում է մարդկանց դժոխքում կամ ուղարկում է նրանց քավարան (Ժողովող 9։5, 10)։
5 Դեռ ավելին, ինչպիսի՜ ուրախություն է իմանալ, որ մենք կույր պատահականության արդյունք չենք։ Ընդհակառակը՝ մենք ստեղծված ենք Աստծու կողմից՝ նրա պատկերով (Ծննդոց 1։26; Մաղաքիա 2։10)։ Սաղմոսերգուն երգեց. «Գոհանում եմ քեզանից, որ ահաւոր եւ զարմանալի կերպով ստեղծուեցայ. զարմանալի են քո գործերը, եւ իմ անձը լաւ հասկացել է» (Սաղմոս 139։14)։
6, 7. Կյանքում կատարած ո՞ր փոփոխություններն են օրհնություն եղել քեզ համար կամ այն մարդկանց համար, որոնց ճանաչում ես։
6 Ձերբազատված՝ վնասակար սովորություններից և գործերից։ Լրատվական միջոցները նախազգուշացնում են ծխելու, չափից շատ խմելու և սեռական այլասերվածության վտանգների մասին։ Սովորաբար մարդիկ չեն վարվում այս նախազգուշացումների համաձայն։ Սակայն ի՞նչ է տեղի ունենում, երբ անկեղծ սիրտ ունեցող անհատը սովորում է այն մասին, որ ճշմարիտ Աստված դատապարտում է այդ ամենը, և Նա տխրում է, երբ մարդիկ նման բաներ են գործում։ Այդ անհատի մեջ ցանկություն է առաջանում այլևս չզբաղվել նման գործերով (Եսայիա 63։10; Ա Կորնթացիս 6։9, 10; Բ Կորնթացիս 7։1; Եփեսացիս 4։30)։ Թեև առաջին հերթին նա այդ փոփոխությունները անում է Եհովա Աստծուն հաճեցնելու համար, բայց միևնույն ժամանակ օգուտներ է ստանում, քանի որ արդյունքում ունենում է ավելի լավ առողջություն և մտքի խաղաղություն։
7 Վատ սովորություններից ձերբազատվելը շատերի համար չափազանց դժվար է։ Այնուամենայնիվ, ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ այդպես են վարվում։ Նրանք նվիրում են իրենց անձը Եհովային և ջրում մկրտվում են՝ բոլորի առջև ցույց տալով, որ վերջ են դրել այն սովորություններին, որոնք տհաճ են Աստծուն։ Ինչպիսի՜ քաջալերություն է դա մեզ համար։ Մեղավոր և կործանարար վարքի գերին չդառնալու մեր վճռականությունը ավելի է ամրանում։
8. Աստվածաշնչի վրա հիմնված ո՞ր խորհուրդներն են նպաստում ընտանեկան երջանկությանը։
8 Երջանիկ ընտանեկան կյանք։ Բազմաթիվ երկրներում ընտանեկան կառույցը խարխլվում է։ Շատ ամուսնություններ վերջանում են ապահարզանով, որի պատճառով նրանց երեխաները զգացական խոր ցավ են ապրում։ Որոշ եվրոպական երկրներում ընտանիքների մոտ 20 տոկոսը մեկ ծնող ունեցող ընտանիքներ են։ Ինչպե՞ս է Եհովան օգնում մեզ անարատ լինել այս առումով։ Խնդրում ենք կարդա Եփեսացիս 5։22–6։4 համարները և ուշադրություն դարձրու, թե ինչ լավ խորհուրդներ է տալիս Աստծու Խոսքը ամուսիններին, կանանց և երեխաներին։ Այստեղ և Գրությունների այլ հատվածներում գրի առնված խորհուրդները կիրառելը անշուշտ ամրացնում է ամուսնական միությունը, օգնում է ծնողներին ճիշտ դաստիարակել իրենց երեխաներին և նպաստում է ընտանեկան երջանկությանը։ Արդյո՞ք դա օրհնություն չէ, որի համար կարող ենք ուրախ լինել։
9, 10. Ինչպե՞ս է ապագայի մասին մեր տեսակետը տարբերվում մնացած մարդկանց ունեցած տեսակետից։
9 Հավաստիացում, որ համաշխարհային խնդիրները շուտով լուծում կստանան։ Չնայած գիտական և տեխնիկական առաջընթացին և որոշ ղեկավարների գործադրած մեծ ջանքերին՝ կյանքի լուրջ խնդիրները դեռևս մնում են չլուծված։ Կլաուս Շվաբը՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիրը, վերջերս ասաց, որ «աշխարհում տիրող խնդիրները ավելի են շատանում, իսկ դրանք լուծելու ժամանակը գնալով քչանում է»։ Նա խոսեց «ազգային սահմաններ չճանաչող վտանգների մասին, ինչպիսիք են՝ ահաբեկչությունը, շրջակա միջավայրի աղտոտումը և ֆինանսական անկայուն վիճակը»։ Շվաբը եզրակացնում է. «Այժմ առավել քան երբևէ աշխարհը կանգնած է այնպիսի խնդիրների առաջ, որոնք պահանջում են հավաքական և վճռական ջանքեր»։ Թեև մենք արդեն թևակոխել ենք 21–րդ դար, այնուամենայնիվ մարդկության ապագան շատերի համար դեռ մութ է մնում։
10 Որքա՜ն գոհացուցիչ է իմանալ, որ Եհովան հաստատել է մի կառույց՝ Աստծու Մեսիական Թագավորությունը, որը կարող է լուծել մարդկության բոլոր խնդիրները։ Այդ Թագավորության միջոցով ճշմարիտ Աստված ‘կդադարեցնի պատերազմները’ և «շատ խաղաղութիւն» առաջ կբերի (Սաղմոս 46։9; 72։7)։ Նշանակված Թագավորը՝ Հիսուս Քրիստոսը, ‘կփրկի խեղճին և աղքատին նենգությունից ու բռնությունից’ (Սաղմոս 72։12–14)։ Թագավորության իշխանության ներքո սննդի պակասություն ընդհանրապես չի լինի (Սաղմոս 72։16)։ Եհովան «կ’ջնջէ .... բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն անցան» (Յայտնութիւն 21։4)։ Թագավորությունը արդեն հաստատվել է երկնքում և շուտով անհրաժեշտ միջոցները կձեռնարկի երկրի վրա գոյություն ունեցող բոլոր խնդիրները լուծելու համար (Դանիէլ 2։44; Յայտնութիւն 11։15)։
11, 12. ա) Արդյո՞ք հաճույքներ հետապնդելը տևական երջանկություն է բերում։ Բացատրիր։ բ) Ի՞նչն է իսկական երջանկություն պարգևում։
11 Գիտենք, թե ինչն է երջանկություն պարգևում։ Ի՞նչն է իսկական երջանկություն պարգևում։ Մի հոգեբան ասում է, որ երջանկությունը կազմված է երեք բաղադրիչներից՝ հաճույքից, գործերից (աշխատանքում և ընտանիքում) և նպատակներից (աշխատել մեծ նպատակի հասնելու ուղղությամբ և ոչ թե մեր «ես»–ին գոհացնելու)։ Հաճույքը նա դասում է վերջին տեղում և նշում. «Հետաքրքիր է, որ շատերը իրենց կյանքում կենտրոնանում են հենց հաճույքներ փնտրելու վրա»։ Ո՞րն է Աստվածաշնչի տեսակետը այս առնչությամբ։
12 Հին Իսրայելի Սողոմոն թագավորն ասաց. «Ես սրտումս ասեցի. Մի եկ քեզ փորձեմ ուրախութիւնով, եւ բարիք էլ վայելիր. բայց ահա սա էլ էր ունայն։ Ծիծաղին ասեցի. Դու յիմար ես. եւ ուրախութեանը՝ Դա ի՞նչ ես անում» (Ժողովող 2։1, 2)։ Ըստ Սուրբ Գրությունների՝ այն ուրախությունը, որ ստանում ենք հաճույքներից, միայն ժամանակավոր է։ Իսկ ի՞նչ կարելի է ասել աշխատանքի մասին։ Մենք կատարում ենք ամենաիմաստալից աշխատանքը՝ Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործը (Մատթէոս 24։14; 28։19, 20)։ Աստվածաշնչում գտնվող փրկության պատգամը ուրիշներին պատմելով՝ մենք կատարում ենք մի աշխատանք, որը կփրկի և՛ մեզ, և՛ նրանց, ովքեր լսում են մեզ (Ա Տիմոթէոս 4։16)։ Որպես Աստծու «գործակիցներ»՝ մենք համոզվում ենք, որ «աւելի երանելի է տալը քան թէ առնելը» (Ա Կորնթացիս 3։9; Գործք 20։35)։ Այս գործը ավելի իմաստալից է դարձնում մեր կյանքը, և դրա շնորհիվ Արարիչը կարողանում է պատասխան տալ իրեն անարգողին՝ Բանսարկու Սատանային (Առակաց 27։11)։ Իսկապես, Եհովան մեզ ցույց է տվել, որ Աստծու հանդեպ նվիրվածությունը իսկական և տևական երջանկություն է պարգևում (Ա Տիմոթէոս 4։8)։
13. ա) Ինչպե՞ս է Աստվածապետական ծառայության դպրոցը ուրախություն պատճառում մեզ։ բ) Ի՞նչ օգուտներ ես դու քաղել Աստվածապետական ծառայության դպրոցից։
13 Կարևոր և արդյունավետ կրթական ծրագիր։ Ժերարը ծառայում է որպես երեց Եհովայի վկաների ժողովներից մեկում։ Հիշելով իր մանկությունը՝ նա ասում է. «Պատանեկան հասակում խոսելու հետ կապված մեծ դժվարություններ ունեի։ Երբ ինձ վրա ճնշում էին գործադրում, ես հազիվ էի կարողանում խոսել և սկսում էի կակազել։ Ես ինձ նվաստացած էի զգում և բարդույթավորվում էի (կոմպլեքսավորվել)։ Ծնողներս հոգ տարան, որ ես մասնակցեմ հատուկ դասընթացների, սակայն նրանց ջանքերն իզուր անցան։ Իմ խնդիրը հոգեբանական էր և ոչ թե ֆիզիկական։ Ինձ շատ օգնեց Եհովայի նախատեսած հրաշալի միջոցառումներից մեկը՝ Աստվածապետական ծառայության դպրոցը։ Այդ դպրոցին ցուցակագրվելը ինձ քաջություն տվեց։ Ես իմ ձեռքից եկածն անում էի սովորածս կիրառելու համար։ Եվ արդյունքն ակնհայտ էր։ Սկսեցի ավելի սահուն խոսել, ազատվեցի իմ բարդույթից և ավելի համարձակ դարձա ծառայության մեջ։ Այժմ նույնիսկ հանրային ելույթներ եմ ներկայացնում։ Ես իսկապես երախտապարտ եմ Եհովային, որ նա իմ կյանքը փոխեց այս դպրոցի միջոցով»։ Արդյոք այն, թե ինչպես է Եհովան կրթում մեզ՝ իր գործը կատարելու համար, ուրախ լինելու պատճառ չէ՞։
14, 15. Ծանր իրավիճակներում ի՞նչ օգնություն կարող ենք ստանալ։ Բեր օրինակ։
14 Անձնական փոխհարաբերություններ Եհովայի հետ և աջակցություն համաշխարհային եղբայրության կողմից։ Կատրինը, որն ապրում է Գերմանիայում, շատ էր անհանգստացել՝ լսելով Հարավարևելյան Ասիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի մասին։ Այդ աղետի ժամանակ նրա աղջիկը գտնվում էր Թաիլանդում։ 32 ժամ շարունակ Կատրինը չգիտեր՝ իր աղջիկը կենդանի է, թե գտնվում է այն մահացած մարդկանց մեջ, որոնց թիվը ժամ առ ժամ ավելանում էր։ Նա իրեն շատ թեթևացած զգաց, երբ վերջապես հեռախոսազանգ ստացավ և իմացավ, որ իր աղջիկը կենդանի է։
15 Ի՞նչը օգնեց Կատրինին այդ անհանգիստ ժամերին։ Նա գրում է. «Այդ ամբողջ ժամանակ ես անդադար աղոթում էի Եհովային։ Ես զգում էի, թե որքան ուժ և մտքի խաղաղություն է տալիս ինձ աղոթքը։ Ավելին, սիրառատ հոգևոր եղբայրները այցելում և քաջալերում էին ինձ» (Փիլիպպեցիս 4։6, 7)։ Որքա՜ն ավելի վատ կլիներ նրա վիճակը, եթե նա այդ տանջալից ժամերն անցկացներ՝ առանց Եհովային աղոթելու և չունենար սիրառատ հոգևոր եղբայրության աջակցությունը։ Մեր մտերիմ փոխհարաբերությունները Եհովայի և նրա Որդու հետ, ինչպես նաև քրիստոնյա եղբայրների հետ մեր ընկերակցությունը առանձնահատուկ օրհնություններ են, որոնց չպետք է թեթևամտորեն վերաբերվենք։
16. Բեր օրինակ, որը ցույց է տալիս, թե որքան արժեքավոր է հարության հույսը։
16 Սիրելի մահացածներին կրկին տեսնելու հույս (Յովհաննէս 5։28, 29)։ Մաթիաս անունով մի երիտասարդ մեծացել էր Եհովայի վկաների ընտանիքում։ Չգնահատելով իր ունեցած օրհնությունները՝ պատանեկան հասակում նա հեռացավ քրիստոնեական ժողովից։ Այժմ նա գրում է. «Ես երբեք հորս հետ մտերիմ զրույցներ չեմ ունեցել։ Տարիներ շարունակ մեր միջև տարաձայնություններ են եղել։ Այնուամենայնիվ, հայրս միշտ լավագույնն է ցանկացել ինձ։ Նա ինձ շատ է սիրել, սակայն ես դա չեմ հասկացել։ 1996 թ.–ին, նրա մահճակալի մոտ նստած և ձեռքը բռնած՝ ես դառնագին լաց էի լինում և ասում, որ զղջում եմ իմ արած բոլոր բաների համար, և որ նրան շատ եմ սիրում։ Սակայն նա անգիտակից վիճակում էր և չէր կարող ինձ լսել։ Նա հիվանդ էր և կարճ ժամանակ անց մահացավ։ Եթե կենդանի լինեմ ու հարության ժամանակ տեսնեմ հորս, մենք կլրացնենք մեր բաց թողածը։ Եվ իհարկե, նա ուրախ կլինի իմանալ, որ այժմ ես ծառայում եմ որպես երեց, և որ ես ու կինս ռահվիրաներ ենք»։ Ի՜նչ օրհնություն է մեզ համար հարության հույսը։
«Անոր հետ տրտմութիւն չի խառներ»
17. Եհովայի տված օրհնությունների մասին խորհրդածելը ի՞նչ զգացմունքներ պետք է առաջացնի մեր մեջ։
17 Իր երկնային Հոր մասին Հիսուսն ասաց. «Նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վերայ, եւ անձրեւ է բերում արդարների եւ անիրաւների վերայ» (Մատթէոս 5։45)։ Եթե Եհովա Աստված օրհնություններ է թափում անարդար և ամբարիշտ մարդկանց վրա, ապա որքա՜ն ավելի կօրհնի նրանց, ովքեր անարատությամբ են քայլում։ Սաղմոս 84։11–ում գրված է. «[Եհովան] ոչ մի բարիք չէ խնայում անարատութիւնով գնացողներից»։ Երբ խորհրդածում ենք այն յուրահատուկ հոգատարության մասին, որ Եհովան ցուցաբերում է նրանց հանդեպ, ովքեր սիրում են իրեն, մեր սրտերը լցվում են երախտագիտությամբ և ուրախությամբ։
18. ա) Ինչո՞ւ կարելի է ասել, որ Եհովան ցավ չի խառնում իր օրհնությունների հետ։ բ) Ինչո՞ւ են Աստծուն նվիրված ծառաներից շատերը տառապանքներ կրում։
18 «Տէրոջ օրհնութիւն[ը]» հոգևոր այն բարեկեցիկ վիճակն է, որ Եհովան տվել է իր ժողովրդին։ Եվ մենք համոզված ենք, որ նա «անոր հետ տրտմութիւն չի խառներ» (Առակաց 10։22, ԱԱ)։ Ուրեմն ինչո՞ւ են Աստծուն նվիրված ծառաներից շատերը դժվարություններ ու փորձություններ կրում, որոնք մեծ ցավ ու տառապանք են պատճառում նրանց։ Նեղությունների ու դժվարությունների հիմնական պատճառները երեքն են. 1) մեր մեղավոր հակումները (Ծննդոց 6։5; 8։21; Յակոբոս 1։14, 15), 2) Սատանան և նրա դևերը (Եփեսացիս 6։11, 12), 3) այս չար աշխարհը (Յովհաննէս 15։19)։ Ճիշտ է, Եհովան թույլ է տալիս, որ մեզ հետ վատ բաներ պատահեն, սակայն նա չէ դրանց պատճառը։ Իրականում Եհովան՝ ‘լույսի Հայրը’, մեզ տալիս է «ամեն բարի տուրք, եւ ամեն կատարեալ պարգեւ» (Յակոբոս 1։17)։ Եհովայի օրհնությունը իր հետ ցավ չի բերում։
19. Ի՞նչ է սպասում նրանց, ովքեր շարունակում են անարատությամբ քայլել։
19 Հոգևոր բարեկեցիկ վիճակում լինել նշանակում է նաև մտերմանալ Աստծու հետ։ Երբ մտերիմ փոխհարաբերություններ ենք զարգացնում նրա հետ, ‘մենք մեր անձերի համար [ապագայի] բարի հիմք ենք դնում, որ հավիտենական կյանք ձեռք բերենք’ (Ա Տիմոթէոս 6։12, 17–19)։ Աստծու նոր աշխարհում մենք կունենանք ոչ միայն հոգևոր օրհնություններ, այլև ֆիզիկական։ Այդ ժամանակ բոլոր նրանք, ովքեր այսօր «Եհովայ Աստուծոյ ձայնին լս[ում են]», կվայելեն իսկական կյանքը (Բ Օրինաց 28։2)։ Եկեք վճռականորեն և ուրախությամբ շարունակենք մեր անարատ ընթացքը։
Ի՞նչ սովորեցիք
• Ինչո՞ւ խելամիտ չէ չափից շատ մտածել ապագայի մասին։
• Ի՞նչ օրհնություններ ենք վայելում այսօր։
• Ինչո՞ւ են Աստծուն հավատարիմ անհատները տառապանքներ կրում։