ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ
Առակներ 3։5, 6. «Քո հասկացողութեանը մի վստահիր»
«Ամբողջ սրտովդ Եհովային ապավինիր և քո սեփական հասկացողությանը մի՛ վստահիր։ Քո բոլոր ճանապարհներում հաշվի առ նրան, և նա կուղղի քո շավիղները» (Առակներ 3։5, 6, «Նոր աշխարհ թարգմանություն»)։
«Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր: Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները» (Առակներ 3։5, 6, «Արարատ» թարգմանություն)։
Առակներ 3։5, 6-ի նշանակությունը
Կարևոր որոշումներ կայացնելիս մենք պետք է դիմենք Եհովաa Աստծու առաջնորդությանը, այլ ոչ թե վստահենք մեր հասկացողությանը։
«Ամբողջ սրտովդ Եհովային ապավինիր»։ Մենք ցույց կտանք, որ վստահում ենք Աստծուն, եթե նրա կամքի համաձայն վարվենք։ Այդ վստահությունը պետք է լիարժեք լինի՝ լիակատար սրտով։ Աստվածաշնչում «սիրտ» բառը սովորաբար վերաբերում է մարդու ներքին էությանը։ Այն ընդգրկում է նրա զգացմունքները, մղումները, մտածելակերպն ու տրամադրվածությունը։ Աստծուն ամբողջ սրտով վստահելը զգացմունքներից ավելին է ներառում։ Մենք վստահում ենք Աստծուն, քանի որ համոզված ենք, որ մեր Ստեղծիչը գիտի, թե որն է մեզ համար ամենալավը (Հռոմեացիներ 12։1)։
«Քո սեփական հասկացողությանը մի՛ վստահիր»։ Մենք պետք է մեր հույսը դնենք Աստծու վրա, որովհետև չենք կարող վստահել մեր անկատար հասկացողությանը։ Եթե մեր որոշումները հիմնենք միմիայն մեր հասկացողության և զգացմունքների վրա, դրանք սկզբում գուցե լավը թվան, սակայն վերջում ցավալի հետևանքների կհանգեցնեն (Առակներ 14։12; Երեմիա 17։9)։ Աստծու իմաստությունը անսահմանորեն գերազանցում է մեր իմաստությանը (Եսայիա 55։8, 9)։ Եթե առաջնորդվենք նրա իմաստությամբ, հաջողություններ կունենանք (Սաղմոս 1։1–3; Առակներ 2։6–9; 16։20)։
«Քո բոլոր ճանապարհներում հաշվի առ նրան»։ Մենք պետք է իմանանք Աստծու տեսակետը մեր կյանքին առնչվող բոլոր կարևոր հարցերի ու որոշումների վերաբերյալ։ Իսկ դա կիմանանք, եթե աղոթենք նրան առաջնորդության համար և տեսնենք, թե ինչ է նա ասում իր Խոսքում՝ Աստվածաշնչում (Սաղմոս 25։4; 2 Տիմոթեոս 3։16, 17)։
«Նա կուղղի քո շավիղները»։ Աստված ուղղում է մեր շավիղները, երբ օգնում է մեզ իր արդար չափանիշների համաձայն ապրել (Առակներ 11։5)։ Այդպիսով մենք խուսափում ենք անհարկի խնդիրներից և ավելի ուրախ կյանքով ենք ապրում (Սաղմոս 19։7, 8; Եսայիա 48։17, 18)։
Առակներ 3։5, 6-ի համատեքստը
Աստվածաշնչի «Առակներ» գրքում գրված են սկզբունքներ, որոնք կարող են օգնել մեզ երջանիկ լինել և Աստծուն հաճելի կյանքով ապրել։ Առաջին ինը գլուխները ասես հորից որդուն տրված խորհուրդներ լինեն։ 3-րդ գլխում նշվում է, թե ինչ օգուտներ կարող են ստանալ այն մարդիկ, որոնք կարևորում են Աստծու իմաստությունը ու իրենց կյանքում դրսևորում են այն (Առակներ 3։13–26)։
a Եհովան Աստծու անունն է (Սաղմոս 83:18)։