Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 7/1 էջ 13–16
  • «Յանդիմանութիւն պահողը խելացի է»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Յանդիմանութիւն պահողը խելացի է»
  • 2006 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչը «կ’հանգստացնէ բարկութիւնը»
  • Իմաստունների լեզուն բարիք է գործում
  • Խրատ ստանալը և ‘գիտություն տարածելը’
  • ‘Սուրբ վարք’
  • Լավատեսություն
  • Աստվածավախությունը «իմաստութեան խրատն է»
    2006 Դիտարան
  • «Ամեն խորագէտ իմաստութիւնով կ’գործէ»
    2004 Դիտարան
  • Աստվածաշնչի գիրք համար 20. Առակներ
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • ‘Ճշմարտախոս շրթունքները հավիտյան կմնան’
    2003 Դիտարան
Ավելին
2006 Դիտարան
w06 7/1 էջ 13–16

«Յանդիմանութիւն պահողը խելացի է»

«ՍԻՐՏԴ տուր խրատի, եւ ականջներդ՝ գիտութեան խօսքերի»,— ասվում է Առակաց 23։12–ում։ Այս համարում «խրատ» ասելով հասկացվում է բարոյական դաստիարակություն, որը ներառում է թե՛ ինքն իրեն կրթելու և թե՛ ուրիշներից հանդիմանություն ստանալու իմաստ։ Այդպիսի դաստիարակությունը պահանջում է իմացություն այն բանի մասին, թե ինչը ուղղման կարիք ունի, և դա ինչպես անել։ Հետևաբար, ‘գիտության խոսքերը’, որոնք բխում են հուսալի աղբյուրից, կենսական են խրատելու և կրթելու հարցում։

Աստվածաշնչի «Առակաց» գիրքը իմաստուն խոսքերի անզուգական աղբյուր է։ Այնտեղ զետեղված առակները նախատեսված են «իմաստութիւն եւ խրատ գիտենալու համար.... իմաստութեան խրատն ընդունելու համար, այսինքն արդարութիւն, իրաւունք եւ ուղղութիւն» (Առակաց 1։1–3)։ Մենք իմաստություն կցուցաբերենք, եթե ‘ականջ տանք’ այդ խոսքերին։ Առակաց 15–րդ գլխում հուսալի առաջնորդություն է տրվում բարկությունը զսպելու, լեզուն օգտագործելու և գիտելիքներ հաղորդելու մասին։ Եկեք քննենք մի քանի համարներ այդ գլխից։

Ի՞նչը «կ’հանգստացնէ բարկութիւնը»

Նշելով, թե խոսքն ինչպես է առնչվում բարկությանը՝ հին Իսրայելի թագավոր Սողոմոնն ասում է. «Մեղմ պատասխանը կ’հանգստացնէ բարկութիւնը, բայց վիրաւորիչ խօսքը բարկութիւն կ’գրգռէ» (Առակաց 15։1)։ «Բարկություն» բառն արտահայտում է մեծ տհաճություն մի բանի հանդեպ։ Ինչպե՞ս կարող է այս առակն օգնել մեզ, որ ճիշտ քայլեր անենք, եթե ինչ–​որ մեկը կամ մենք ինքներս բարկանում ենք։

Կոպիտ, վիրավորական խոսքերը կարող են տհաճ իրավիճակն ավելի սրել։ Եվ հակառակը՝ մեղմ պատասխանը հաճախ հանգստացնող ազդեցություն է ունենում։ Բայցևայնպես, զայրացած մարդուն մեղմ պատասխան տալը միշտ չէ, որ հեշտ է։ Այնուամենայնիվ, հեշտ կլինի այդպես պատասխանել, եթե փորձենք հասկանալ, թե որն է նրա բարկության պատճառը։ Աստվածաշունչն ասում է. «Մարդիս իմաստութիւնը նորան երկայնամիտ կ’անէ [«անոր բարկութիւնը կը զսպէ», ԱԱ], եւ նորա փառքը յանցանք ներելն է» (Առակաց 19։11)։ Հնարավոր է՝ մարդը բարկանում է այն պատճառով, որ իրեն անվստահ կամ անտեսված է զգում. նրա բարկությունը թերևս կապ չունի մեր խոսքերի կամ գործերի հետ։ Մեր քրիստոնեական ծառայության ժամանակ մարդիկ մեզ բարկությամբ են պատասխանում հաճախ այն պատճառով, որ սխալ տեղեկություններ են ստանում մեր հավատալիքների վերաբերյալ, կամ էլ կանխակալ կարծիք ունեն։ Պե՞տք է արդյոք դա համարենք անձամբ մեր դեմ ուղղված բան և կոպիտ պատասխանենք։ Նույնիսկ եթե անհատի բարկության պատճառը այնքան էլ պարզ չէ, եթե վիրավորական խոսքերով նրան պատասխանենք, դա կնշանակի, որ մենք թերացել ենք ինքներս մեզ կրթելու և խրատելու հարցում։ Մենք չպետք է այդպես վարվենք։

Մեղմ պատասխան տալու մասին խորհուրդը շատ արժեքավոր է նաև այն դեպքում, երբ ինքներս ենք բարկացած։ Այդ խորհրդին հետևած կլինենք, եթե սովորենք մեր զգացմունքներն արտահայտել այնպես, որ մարդիկ չվիրավորվեն։ Ընտանիքի անդամների հետ չպետք է կոշտ ու կոպիտ խոսենք կամ նվաստացուցիչ բառեր ասենք, այլ մեր զգացմունքները պետք է հանգիստ արտահայտենք։ Վիրավորական խոսքերը սովորաբար դրդում են անհատին նույն ձևով պատասխանել։ Եթե մեր հույզերը հանդարտորեն արտահայտենք, ապա դա պակաս մեղադրական կհնչի և գուցե մղի դիմացինին ներողություն խնդրել։

Իմաստունների լեզուն բարիք է գործում

Ինքն իրեն կրթելն ու խրատելը դեր է խաղում այն բանում, թե անհատն ինչպես կխոսի և ինչ կասի։ «Իմաստունների լեզուն գիտութիւն է ճարտարախօսում [«գիտելիքը գործադրում է ի բարին», ՆԱ],— ասում է Սողոմոնը,— բայց յիմարների բերանը տխմարութիւն է բղխում» (Առակաց 15։2)։ Երբ մեր մեջ ուրիշներին օգնելու ցանկություն ենք մշակում և նրանց հետ խոսում ենք Աստծու նպատակի և չքնաղ գործերի մասին, ապա մի՞թե դրանով ‘գիտելիքը չենք գործադրում ի բարին’։ Հիմար մարդը այդպես չի վարվում, որովհետև նա չունի գիտելիք։

Այնուհետև Սողոմոնը, մի պահ դադարելով խոսել լեզվի օգտագործման մասին, մի սթափեցնող միտք է ասում. «Տիրոջ աչքերը ամեն տեղ են, քննում են չարերին եւ բարիներին» (Առակաց 15։3)։ Մենք կարող ենք ուրախ լինել դրա համար, քանի որ մեզ հավաստիացում է տրվում. «Տիրոջ աչքերը դիտում են բոլոր երկիրը, որ զօրացնէ նորանց, որոնց սիրտը ուղիղ է նորա հետ» (Բ Մնացորդաց 16։9)։ Աստված տեսնում է մեր բարի գործերը։ Նա նաև տեսնում է նրանց, ովքեր չարիք են գործում, և հաշիվ է պահանջում նրանցից։

Սողոմոնը ընդգծում է փափուկ լեզու ունենալու կարևորությունը՝ ասելով. «Բուժող լեզուն [«Լեզվի հանդարտությունը», ՆԱ] կենաց ծառ է. բայց լեզուի վերայի նենգութիւնը հոգիի վերք է» (Առակաց 15։4)։ «Կենաց ծառ» արտահայտությունը ենթադրում է բուժիչ և սնուցիչ հատկություններ (Յայտնութիւն 22։2)։ Իմաստուն անձնավորության հանդարտ խոսքը թարմացնում է լսողի ‘հոգին։’ Այն մղում է վերջինիս դրսևորել իր լավ հատկությունները։ Եվ հակառակը՝ խաբեբա և փչացած լեզուն կոտրում է մարդու ‘հոգին’։

Խրատ ստանալը և ‘գիտություն տարածելը’

«Յիմարը կ’անարգէ իր հօր խրատը,— շարունակում է իմաստուն թագավորը,— բայց յանդիմանութիւն պահողը խելացի է» (Առակաց 15։5)։ Ինչպե՞ս կարող է անհատը ‘պահել հանդիմանությունը’, եթե նախ այն չստանա։ Այս համարը ցույց է տալիս, որ անհրաժեշտության դեպքում հարկավոր է ուղղիչ խրատ տալ։ Ծնողների՝ մասնավորապես հոր պատասխանատվությունն է խրատել երեխային, իսկ երեխան պարտավոր է ընդունել խրատը (Եփեսացիս 6։1–3)։ Եհովայի բոլոր ծառաները այս կամ այն ձևով խրատ են ստանում։ Եբրայեցիս 12։6–ում ասվում է. «Տէրը իրան սիրածին խրատում է. նա ծեծում է ամեն որդի որ ընդունում է»։ Ստացած խրատին մեր տված արձագանքից երևում է՝ իմաստո՞ւն ենք, թե՞ հիմար։

Ներկայացնելով մեկ ուրիշ հակադրություն՝ Սողոմոնն ասում է. «Իմաստունների շրթունքները գիտութիւն են տարածում, բայց յիմարների սիրտը այսպէս չէ» (Առակաց 15։7)։ Գիտություն տարածելը սերմ ցանելու պես է։ Հին ժամանակներում հողագործը ամբողջ սերմը չէր ցանում մեկ տեղում։ Նա սերմը քիչ–​քիչ շաղ էր տալիս ամբողջ դաշտով մեկ։ Նույնը տեղի է ունենում գիտելիք տարածելու հետ։ Օրինակ՝ ծառայության ժամանակ իմաստուն չի լինի Աստվածաշնչի մեր բոլոր գիտելիքներով հեղեղել անհատին։ Իմաստուն անհատը գիտի ինչպես և ինչ խոսել։ Նա գիտությունը «տարածում» է՝ ամեն անգամ քննելով մեկ աստվածաշնչային ճշմարտություն և հաշվի առնելով դիմացինի տեսակետը։ Մեր Օրինակը՝ Հիսուս Քրիստոսը, այդպես վարվեց սամարացի կնոջ հետ խոսելիս (Յովհաննէս 4։7–26)։

Գիտելիքներ հաղորդելու մեջ մտնում է ուսանելի և օգտակար բաներ ասելը։ Բովանդակալից և քաջալերական մտքեր արտահայտելու համար հարկավոր է մտածել։ Ուստի «արդարի սիրտը մտածում է թէ ինչ պատասխանէ» (Առակաց 15։28)։ Որքա՜ն կարևոր է, որ մեր խոսքերը լինեն բարակ անձրևի նման, որը ներծծվում է հողի մեջ և այդպիսով օգուտ տալիս, և ոչ թե անցանկալի հեղեղի պես, որն իր ճանապարհին ամեն ինչ քշում–​տանում է։

‘Սուրբ վարք’

Անշուշտ, իմաստություն է Եհովայի ու նրա նպատակի մասին գիտություն տարածելը և նրան, որպես «գովաբանության զոհ» (ՆԱ)՝ «շրթունքների պտուղ» մատուցելը (Եբրայեցիս 13։15)։ Սակայն որպեսզի այդպիսի զոհն ընդունելի լինի Եհովային, մենք պետք է ‘սուրբ լինենք մեր բոլոր վարքում’ (Ա Պետրոս 1։14–16)։ Սողոմոնն այս կարևոր ճշմարտությունը մեր ուշադրությանն է հանձնում հետևյալ երկու առակներում. «Անզգամների զոհը զզուանք է Տիրոջ համար, բայց ուղիղների աղօթքը նորան հաճելի է։ Զզուելի է Տիրոջ համար ամբարշտի ճանապարհը, բայց արդարութեան հետեւողին սիրում է նա» (Առակաց 15։8, 9)։

Կյանքի ճանապարհից հեռացողներն ինչպե՞ս են դիտում հանդիմանությունը, և ի՞նչ է նրանց սպասում (Մատթէոս 7։13, 14)։ «Չար պատիժ կայ ճանապարհից ծռուողի համար, յանդիմանութիւն ատողը կ’մեռնի» (Առակաց 15։10)։ Փոխանակ ընդունելու քրիստոնեական ժողովի պատասխանատու անդամներից եկող ուղղիչ խրատը և իսկապես զղջալու՝ որոշ անձնավորություններ, որոնք սխալ ընթացքի մեջ են, որոշում են թողնել արդարության ճանապարհը։ Ինչպիսի՜ անմտություն։

Իսկ ի՞նչ, եթե անհատը ցույց է տալիս, որ ընդունում է հանդիմանությունը, բայց իրականում ատում է այն։ Դա նույնպես անխոհեմություն է։ «Դժոխքն ու կորուստը Տիրոջ առաջին են,— ասում է Իսրայելի թագավորը.— էլ ո՞ւր մնաց որ մարդկանց որդիների սիրտերը» (Առակաց 15։11)։ Այլաբանական իմաստով՝ կենդանի Աստծուց ոչինչ այնքան հեռու չի կարող լինել, ինչպես «դժոխքը», այսինքն՝ գերեզմանը, որտեղ գտնվում են մահացածները։ Այդուհանդերձ, այն նրա «առաջին» է։ Նա ամեն մանրամասնություններով հիշում է գերեզմանում գտնվող բոլոր մարդկանց և նրանց հարություն տալու կարողություն ունի (Սաղմոս 139։8; Յովհաննէս 5։28, 29)։ Եհովայի համար շատ հեշտ է իմանալ, թե ինչ կա մարդկանց սրտերում։ «Ամենն էլ մերկ եւ բաց է նորա աչքերի առաջին որի հետ է մեր բանը»,— գրեց Պողոս առաքյալը (Եբրայեցիս 4։13)։ Երկերեսանիությամբ կարելի է խաբել մարդկանց, բայց ոչ՝ Աստծուն։

Խրատը մերժող անհատը ոչ միայն ատում է հանդիմանությունը, այլև արհամարհում է այն տվողներին։ «Ծաղր անողը չի սիրիլ իր յանդիմանիչին»,— ասում է Սողոմոնը։ Այս միտքը շեշտելու համար թագավորն այնուհետև ավելացնում է. «Նա չի գնալ իմաստունների մօտ» (Առակաց 15։12)։ Անխոս, քիչ հույս կա, որ այդպիսի մարդը կուղղի իր ճանապարհները։

Լավատեսություն

Հաջորդ երեք առակներում հանդիպում է «սիրտ» բառը։ Նկարագրելով հույզերի արտացոլումը մարդու դեմքին՝ իմաստուն թագավորն ասում է. «Ուրախ սիրտը կ’զուարթացնէ երեսը, բայց սիրտը վշտանալիս հոգին կ’ճնշուի» (Առակաց 15։13)։

Ի՞նչը կարող է վշտացնել սիրտը, կամ՝ ցավ պատճառել նրան։ «Մարդիս սրտին վիշտը կ’ճնշէ նորան»,— ասում է Աստվածաշունչը (Առակաց 12։25)։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի կյանքի դառնությունները չկոտրեն մեր «հոգին»։ Մենք չպետք է մշտապես մտահոգված լինենք այնպիսի բաներով, որոնց վրա քիչ ազդեցություն կարող ենք ունենալ, այլ դրա փոխարեն կարող ենք խորհրդածել այն հարուստ հոգևոր օրհնությունների շուրջ, որոնք Եհովան մեզ տալիս է այժմ և կտա ապագայում։ Այդպիսով մենք է՛լ ավելի կմոտենանք նրան։ Այո՛, «երջանիկ» (ՆԱ) Աստծուն մոտենալը անպայման կուրախացնի մեր տխուր սիրտը (Ա Տիմոթէոս 1։11)։

Բացի այդ, Աստվածաշնչի պատգամը մխիթարության և երջանկության գերազանց աղբյուր է։ Սաղմոսերգուն երջանիկ է համարում այն մարդուն, որի «հաճութիւնը Աստուծոյ օրէնքին մէջ է, եւ ցորեկ ու գիշեր անոր օրէնքին վրայ կը մտածէ [«նրա օրենքը կիսաձայն կարդում է», ՆԱ]» (Սաղմոս 1։1, 2 ԱԱ)։ Նույնիսկ եթե մեր սիրտը վշտացել է, Աստվածաշունչ կարդալը և ընթերցածի շուրջ խորհրդածելը կքաջալերի մեզ։ Ուրախության աղբյուր է նաև այն ծառայությունը, որ ստացել ենք Աստծուց։ Մեզ հավաստիացում է տրվում, որ «արտասուքով ցանողները ցնծութիւնով կ’հնձեն» (Սաղմոս 126։5)։

«Խոհեմ սիրտը գիտութիւն կ’որոնէ,— ասում է Սողոմոնը,— բայց յիմարների բերանը յիմարութիւնով է սնանում» (Առակաց 15։14)։ Այս առակը ցայտուն հակադրություն է ստեղծում իմաստուն մարդու տված խորհրդի և հիմար մարդու տված խորհրդի միջև։ Անհատը, որ ունի «խոհեմ», կամ՝ հասկացող սիրտ, խորհուրդ տալուց առաջ գիտություն է որոնում։ Նա լսում է ուշադիր և ձեռք է բերում բավականաչափ փաստեր։ Փնտրտուքներ է կատարում Սուրբ Գրություններում՝ գտնելու համար օրենքներ և սկզբունքներ, որոնք կապ ունեն տվյալ իրավիճակի հետ։ Նրա խորհուրդը լիովին հիմնված է Աստծու Խոսքի վրա։ Այնինչ հիմար մարդը չի էլ մտահոգվում, որ փաստեր որոնի այդ իրավիճակի վերաբերյալ, և խոսում է այն, ինչ անցնում է իր մտքով։ Երբ խորհուրդ ենք փնտրում, խելացի կլինի գնալ բանիմաց, հասուն անձնավորության մոտ և ոչ թե նրա մոտ, ով գուցե հակված է մեզ ասելու այն, ինչ մենք ենք ցանկանում լսել։ Որքա՜ն լավ է, որ քրիստոնեական ժողովում կան «մարդկանց [«տեսքով», ՆԱ] պարգեւներ», որոնք նախքան խորհուրդ տալը ‘գիտություն են որոնում’ (Եփեսացիս 4։8)։

Հաջորդ առակում շեշտվում է լավատես լինելու օգուտը։ Իսրայելի թագավորն ասում է. «Թշուառի բոլոր օրերը վատ են, բայց ուրախ սիրտը մշտական խնջոյք է» (Առակաց 15։15)։ Կյանքում լինում է և՛ ուրախություն, և՛ տխրություն, և՛ ծիծաղ, և՛ արցունք։ Եթե կենտրոնանանք միայն բացասականի վրա, վիշտն ու դառնությունը կպատեն մեր միտքը, և մեր բոլոր օրերը մռայլ կլինեն։ Սակայն եթե թույլ տանք, որ մեր մտքում իշխեն մեր ունեցած օրհնությունները և աստվածատուր հույսը, ապա կյանքի տխրությունները երկրորդ պլան կմղվեն, և մեր սիրտը կլցվի ուրախությամբ։ Լավատեսությունը կօգնի, որ «մշտական խնջոյք» վայելենք։

Ուրեմն՝ եկեք բարձր գնահատենք խրատ ստանալու և կրթվելու հնարավորությունը։ Թող որ խրատը ազդի ոչ միայն մեր զգացմունքների, խոսքերի և գործողությունների, այլև մեր մտածողության վրա։

[նկար 13-րդ էջի վրա]

«Մեղմ պատասխանը կ’հանգստացնէ բարկութիւնը»

[նկար 15-րդ էջի վրա]

Երեխային խրատելը ծնողների պատասխանատվությունն է

[նկար 15-րդ էջի վրա]

«Իմաստունների շրթունքները գիտութիւն են տարածում»

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը