Հիմնավոր պատճառաբանություննե՞ր, թե՞ լոկ արդարացումներ
«ԱՅՆ կինը, որ ինձ տվեցիր, նա՛ տվեց ինձ պտուղը, ու ես կերա»,— ասաց մարդը։ «Օձը... Նա խաբեց ինձ, ու ես կերա»,— պատասխանեց կինը։ Այս խոսքերով, որոնք ասացին Աստծուն մեր նախածնողները՝ Ադամն ու Եվան, սկիզբ դրվեց արդարացումներ բերելու երկարատև պատմությանը (Ծննդ. 3։12, 13)։
Եհովան պատժեց Ադամին ու Եվային գիտակցաբար անհնազանդ գտնվելու համար, և դա ցույց տվեց, որ նրանց պատճառաբանություններն ընդունելի չեն (Ծննդ. 3։16–19)։ Ուրեմն պե՞տք է եզրակացնենք, որ ամեն անգամ, երբ պատճառաբանություններ ենք բերում, Եհովան համարում է, որ մենք պարզապես արդարանում ենք։ Թե՞ նա որոշ պատճառաբանություններ հիմնավոր է համարում։ Ո՞ր դեպքում է մեր բերած փաստարկը հիմնավոր պատճառաբանություն և ո՞ր դեպքում՝ լոկ արդարացում։ Այս հարցերին պատասխանելու համար նախ տեսնենք, թե ինչ է արդարացումը։
Մարդը սովորաբար արդարանում է, երբ սխալ բան է անում, չի կարողանում անել այն, ինչ ակնկալվում էր իրենից, կամ չի ցանկանում որևէ բան անել։ Արդարացումը տարբերվում է ինչ-որ հարցում թերանալու համար բերվող հիմնավոր պատճառաբանությունից կամ անկեղծորեն ներում խնդրելուց, որը կարող է հիմք հանդիսանալ, որ դիմացինը հանդուրժողականություն և ներողամտություն դրսևորի անհատի հանդեպ։ Սակայն ինչպես Ադամի ու Եվայի պարագայում էր, որոշ մարդիկ արդարացումներ են բերում, որ թաքցնեն իրենց իսկական մղումները։ Այդ պատճառով արդարացումները սովորաբար կասկածի տեղիք են տալիս։
Անշուշտ, մենք չենք ցանկանում արդարացումներ բերել, հատկապես երբ խոսքը վերաբերում է Աստծուն ծառայելուն, և պետք է «ինքներս մեզ չխաբեք սխալ դատողությամբ» (Հակ. 1։22)։ Ուստի եկեք քննենք աստվածաշնչյան որոշ օրինակներ և սկզբունքներ, որոնք կօգնեն մեզ «շարունակելու հավաստիանալ, թե ինչն է ընդունելի Տիրոջը» (Եփես. 5։10)։
Ինչ է Աստված ակնկալում մեզանից
Աստծու Խոսքում կան հստակ պատվերներ, որոնց մենք՝ Եհովայի ժողովուրդս, պետք է հնազանդվենք։ Օրինակ՝ Քրիստոսի հանձնարարությունը՝ «գնալ և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստել», դեռևս ուժի մեջ է, և նրա բոլոր հետևորդները պետք է հնազանդվեն դրան (Մատթ. 28։19, 20)։ Իրականում, այդ պատվերը այնքան կարևոր է, որ Պողոս առաքյալն ասաց. «Վա՛յ ինձ, եթե չհռչակեմ բարի լուրը» (1 Կորնթ. 9։16)։
Այնուհանդերձ, որոշ մարդիկ, որոնց հետ երկար ժամանակ Աստվածաշունչ ենք ուսումնասիրել, գուցե վարանեն քարոզել Թագավորության բարի լուրը (Մատթ. 24։14)։ Իսկ ուրիշները, ովքեր ժամանակին մասնակցել են քարոզչությանը, այլևս չեն քարոզում։ Ի՞նչ պատճառներ են նրանք երբեմն բերում։ Ինչպե՞ս էր Եհովան վերաբերվում այն մարդկանց, ովքեր անցյալում վարանել են հնազանդվել նրա տված հստակ հրահանգներին։
Աստծուն անընդունելի արդարացումներ
«Շատ դժվար է»։ Հատկապես ամաչկոտ մարդկանց համար քարոզչության գործին մասնակցելը գուցե շատ դժվար լինի։ Տեսնենք, թե այս առնչությամբ ինչ կարող ենք սովորել Հովնանի օրինակից։ Նա մի հանձնարարություն ստացավ, որը իրեն չափազանց դժվար թվաց. Եհովան պատվիրեց նրան հռչակել Նինվեի մոտալուտ կործանման մասին։ Դժվար չէ նկատել, թե ինչու Հովնանը վախեցավ այս հանձնարարությունը կատարելուց։ Նինվեն Ասորեստանի մայրաքաղաքն էր, իսկ ասորեստանցիները հայտնի էին իրենց դաժանությամբ։ Հովնանը հավանաբար մտածեց. «Ի՞նչ է լինելու ինձ հետ։ Ի՞նչ կանեն նրանք ինձ»։ Ու նա փախավ։ Սակայն Եհովայի համար մարգարեի վախը արդարացում չէր։ Ընդհակառակը՝ Աստված կրկին անգամ նրան պատվիրեց քարոզել նինվեցիներին։ Այս անգամ, սակայն, Հովնանը խիզախորեն կատարեց իր հանձնարարությունը, և Եհովան օրհնեց նրա ջանքերը (Հովն. 1։1–3; 3։3, 4, 10)։
Եթե կարծում ես, թե քարոզչական գործը շատ դժվար է քեզ համար, հիշիր, որ «Աստծու համար ամեն բան հնարավոր է» (Մարկ. 10։27)։ Վստահ եղիր, որ Եհովան կզորացնի քեզ, եթե շարունակ խնդրես օգնության համար, և կօրհնի, եթե ջանք թափես քաջությամբ կատարելու քո ծառայությունը (Ղուկ. 11։9–13)։
«Ես չեմ ուզում»։ Ի՞նչ կարող ես անել, եթե ցանկություն չունես կատարելու ծառայությունդ։ Հիշիր, որ Եհովան կարող է «գործել» քո մեջ և ազդել ցանկություններիդ վրա։ Պողոսը նշեց. «Աստված հանուն այն բանի, ինչ հաճելի է իրեն, գործում է ձեր մեջ, որպեսզի դուք և՛ կամենաք, և՛ գործեք» (Փիլիպ. 2։13)։ Հետևաբար, կարող ես խնդրել Եհովային, որ քո մեջ ցանկություն առաջացնի կատարելու իր կամքը։ Դավիթ թագավորը հենց այդպես վարվեց։ Նա աղերսեց Եհովային. «Քայլեցրո՛ւ ինձ քո ճշմարտության մեջ» (Սաղ. 25։4, 5)։ Դու նույնպես կարող ես թախանձագին աղոթել Եհովային, որ մղի քեզ ցանկանալու անել այն, ինչ հաճելի է իրեն։
Պարզ է, որ երբեմն, երբ հոգնած կամ վհատված ենք, գուցե ստիպենք մեզ ժողովի հանդիպման կամ ծառայության գնալ։ Եթե նման իրավիճակում հայտնվենք, պե՞տք է արդյոք եզրակացնենք, որ անկեղծորեն չենք սիրում Եհովային։ Իհա՛րկե ոչ։ Աստծու հավատարիմ ծառաները անցյալում նույնպես պետք է ջանքեր թափեին իր կամքը կատարելու համար։ Օրինակ՝ Պողոսն ասաց, որ «իր մարմնին է հարվածում», որպեսզի հնազանդվի Աստծու հրահանգներին (1 Կորնթ. 9։26, 27)։ Ուստի եթե նույնիսկ պետք է ստիպենք մեզ կատարելու մեր ծառայությունը, կարող ենք վստահ լինել, որ Եհովան կօրհնի մեզ։ Ինչո՞ւ։ Քանի որ ստիպում ենք մեզ կատարելու Աստծու կամքը՝ ելնելով ճիշտ մղումներից՝ Եհովայի հանդեպ սիրուց մղված։ Այսպես վարվելով՝ պատասխան կտանք Սատանայի այն պնդումներին, որ Աստծու ծառաները կուրանան նրան, եթե փորձվեն (Հոբ 2։4)։
«Ես շատ զբաղված եմ»։ Եթե չես մասնակցում քարոզչական գործին, քանի որ շատ զբաղված ես, անչափ կարևոր է, որ վերանայես, թե ինչ առաջնահերթություններ ես դնում։ Հիսուսն ասաց. «Ուրեմն շարունակեք նախ թագավորությունը.... փնտրել» (Մատթ. 6։33)։ Որպեսզի հետևես այս առաջնորդող սկզբունքին, պետք է պարզեցնես կյանքդ կամ պակասեցնես զվարճություններին տրամադրվող ժամանակը և այն հատկացնես քարոզչությանը։ Անշուշտ, զվարճությունն ու անձնական գործերը իրենց տեղն ունեն մեր կյանքում, սակայն դրանք հիմնավոր պատճառներ չեն, որ աչքաթող անենք մեր ծառայությունը։ Աստծու ծառան Թագավորության շահերը առաջին տեղում է դնում իր կյանքում։
«Ես համապատասխան ունակություններ չունեմ»։ Գուցե մտածես, որ չես կարող քարոզիչ դառնալ։ Աստվածաշնչյան ժամանակներում Աստծու որոշ հավատարիմ ծառաներ զգում էին, որ չունեն համապատասխան ունակություններ՝ նրա հանձնարարությունները կատարելու համար։ Նկատի առ Մովսեսի օրինակը։ Երբ նա Եհովայից հատուկ պատվեր ստացավ, ասաց. «Ներիր ինձ, Եհո՛վա, բայց ես երբեք վարժ չեմ խոսել՝ ո՛չ երեկ, ո՛չ դրանից առաջ, ո՛չ էլ ծառայիդ հետ խոսելուցդ հետո վարժ կխոսեմ, քանի որ ես ծանրախոս ու ծանրալեզու եմ»։ Թեև Եհովան վստահեցրեց Մովսեսին, որ նա կարող է դա անել, այնուհանդերձ, վերջինս պատասխանեց. «Ների՛ր ինձ, Եհո՛վա, բայց խնդրում եմ, ուղարկիր մեկ ուրիշին, ում որ ուզում ես» (Ելք 4։10–13)։ Ինչպե՞ս արձագանքեց Եհովան։
Նա չազատեց Մովսեսին այդ նշանակումը կատարելուց։ Սակայն նշանակեց Ահարոնին, որ օգնի նրան կատարելու այդ առաջադրանքը (Ելք 4։14–17)։ Ավելին, հետագա տարիներին Եհովան աջակցեց Մովսեսին և տվեց այն, ինչի կարիքը նա ուներ, որ հաջողությամբ կատարի իր աստվածատուր նշանակումները։ Այսօր էլ դու կարող ես վստահ լինել, որ Եհովան կմղի փորձառու հավատակիցներիդ օգնելու քեզ կատարելու ծառայությունդ։ Եվ վերջապես, Աստծու Խոսքը վստահեցնում է, որ Եհովան հմուտ կդարձնի մեզ, որպեսզի կատարենք նրա հրահանգները (2 Կորնթ. 3։5; տե՛ս «Կյանքիս ամենաերջանիկ տարիները» շրջանակը)։
«Ինձ նեղացրել են»։ Ոմանք դադարում են ծառայությանը մասնակցելուց կամ ժողովի հանդիպումներին հաճախելուց այն պատճառով, որ ինչ-որ մեկը նեղացրել է իրենց։ Նրանք մտածում են, որ Եհովան վստահաբար կընդունի ծառայությունը դադարեցնելու համար իրենց բերած արդարացումը։ Թեև հասկանալի է, որ մենք տխրում ենք, երբ մեզ նեղացնում են, սակայն մի՞թե դա հիմնավոր պատճառաբանություն է, որ այլևս չզբաղվենք քրիստոնեական գործունեությամբ։ Պողոսի ու իր հավատակից Բառնաբասի զգացմունքները հավանաբար վիրավորվել էին վիճաբանության արդյունքում, որը հանգեցրեց «բարկության ուժեղ պոռթկման» (Գործ. 15։39)։ Սակայն մի՞թե այդ պատճառով երկուսը դադարեցրին իրենց ծառայությունը։ Բոլորովի՛ն։
Նմանապես, եթե հավատակիցդ նեղացրել է քեզ, հիշիր, որ թշնամիդ ոչ թե քո անկատար քրիստոնյա եղբայրն է, այլ Սատանան, որն ուզում է կուլ տալ քեզ։ Այնուհանդերձ, Բանսարկուն հաջողության չի հասնի, եթե «ամուր հավատով դեմ կանգնես նրան» (1 Պետ. 5։8, 9; Գաղ. 5։15)։ Եթե ունես այդպիսի հավատ, ոչ մի դեպքում «չես հիասթափվի» (Հռոմ. 9։33)։
Երբ ի վիճակի չենք ավելին անելու
Այս մի քանի օրինակներից պարզ է դառնում, որ աստվածաշնչյան հիմք ունեցող ոչ մի հիմնավոր պատճառաբանություն չունենք, որ չկատարենք Եհովայի հստակ պատվիրանները, այդ թվում նաև բարի լուրը քարոզելու հանձնարարությունը։ Այնուամենայնիվ, գուցե հիմնավոր պատճառներ ունենք, թե ինչու ի վիճակի չենք ծառայության մեջ ավելին անելու։ Աստվածաշնչի վրա հիմնված մեր այլ պարտականությունների պատճառով թերևս ավելի քիչ ժամանակ հատկացնենք քարոզչական գործին։ Երբեմն էլ գուցե իսկապես շատ հոգնած կամ հիվանդ լինենք ու չկարողանանք այնքան ծառայել Եհովային, որքան կցանկանայինք։ Սակայն Աստծու Խոսքը վստահեցնում է, որ Եհովան գիտի մեր սրտի ցանկությունը և հաշվի է առնում մեր սահմանափակ կարողություններն ու հնարավորությունները (Սաղ. 103։14; 2 Կորնթ. 8։12)։
Պետք է զգույշ լինենք, որ այս հարցերում խիստ չդատենք ինքներս մեզ կամ ուրիշներին։ Պողոս առաքյալը գրեց. «Ո՞վ ես դու, որ դատում ես ուրիշի ծառային։ Իր իսկ տիրոջ համար է նա կանգնում կամ ընկնում» (Հռոմ. 14։4)։ Մեր իրավիճակը ուրիշների իրավիճակի հետ համեմատելու փոխարեն՝ պետք է հիշենք, որ «մեզանից յուրաքանչյուրը իր անձի համար պիտի հաշիվ տա Աստծուն» (Հռոմ. 14։12; Գաղ. 6։4, 5)։ Երբ աղոթում ենք Եհովային և հայտնում մեր պատճառաբանությունները, յուրաքանչյուրս ցանկանում է «մաքուր խղճով» դա անել (Եբր. 13։18)։
Ինչու է Եհովային ծառայելը ուրախություն պատճառում մեզ
Բոլորս կարող ենք ծառայել Եհովային սրտանց և ուրախությամբ, քանի որ նրա պահանջները, անկախ մեր հանգամանքներից, միշտ ողջամիտ են և մեր ուժերից վեր չեն։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։
Աստծու Խոսքն ասում է. «Բարություն անելը մի՛ խնայիր նրանցից, ովքեր դրա կարիքն ունեն, երբ ձեռքդ ի զորու է դա անելու» (Առակ. 3։27)։ Ի՞նչ նկատեցիր այս առակում Աստծու պահանջների մասին։ Եհովան չի պատվիրում քեզ հավասարապես ունենալ այն զորությունը, որ կա եղբորդ ձեռքում, այլ ուզում է, որ ծառայես իրեն այնքան, որքան քո ձեռքն է ի զորու անելու։ Այո՛, յուրաքանչյուրս, անկախ նրանից՝ որքան թույլ կամ ուժեղ է մեր ձեռքի ուժը, կարող է ամբողջ սրտով ծառայել Եհովային (Ղուկ. 10։27; Կող. 3։23)։
[շրջանակ/նկար 14-րդ էջի վրա]
«Կյանքիս ամենաերջանիկ տարիները»
Նույնիսկ եթե լուրջ ֆիզիկական կամ էմոցիոնալ խնդիր ունենք, չպետք է հապճեպորեն եզրակացնենք, որ այն կխանգարի մեզ լիարժեքորեն մասնակցելու ծառայությանը։ Դա է ապացուցում եղբայր Էռնեստի օրինակը (Կանադա)։
Էռնեստը խոսքի արատ ուներ և շատ ամաչկոտ էր։ Այն բանից հետո, երբ իր մեջքը լուրջ վնասվեց, նա ստիպված էր թողնելու շինարարի իր աշխատանքը։ Թեև հաշմանդամ էր դարձել, սակայն նոր հանգամանքները թույլ տվեցին իրեն ավելի շատ ժամանակ տրամադրելու ծառայությանը։ Երբ ժողովի հանդիպումների ժամանակ խրախուսվեց ծառայել որպես ենթառահվիրա, նրա մեջ մեծ ցանկություն առաջացավ կատարելու այդ ծառայությունը։ Սակայն Էռնեստը կարծում էր, որ դա իր համար չէ։
Որպեսզի ապացուցի ինքնիրեն, թե ենթառահվիրայությունն իր ուժերից վեր է, Էռնեստը դիմում լրացրեց, որ մեկ ամիս ծառայի որպես ենթառահվիրա։ Ի զարմանս իրեն՝ նա հաջողությամբ կատարեց իր ծառայությունը։ Հետո մտածեց. «Գիտեմ՝ նորից չեմ կարողանա ծառայել»։ Այս անգամ էլ իրեն դա ապացուցելու համար նա երկրորդ անգամ լրացրեց դիմումը և նորից հաջողության հասավ։
Մեկ տարի ենթառահվիրա ծառայելուց հետո Էռնեստն ասաց. «Վստահ եմ, որ երբեք չեմ կարողանա ռահվիրա ծառայել»։ Եվ կրկին դրանում համոզվելու համար նա ռահվիրայության դիմում լրացրեց։ Նա զարմացավ, երբ առաջին տարին կարողացավ կատարել իր ծառայությունը։ Էռնեստը որոշեց շարունակել ռահվիրայությունը և օրհնվեց՝ երկու տարի ծառայելով որպես ռահվիրա, մինչև որ հիվանդության բարդանալու հետևանքով մահացավ։ Սակայն իր մահից առաջ արցունքներն աչքերին՝ նա այցելուներին հաճախ ասում էր. «Ռահվիրայական ծառայության տարիները կյանքիս ամենաերջանիկ տարիներն էին»։
[նկար 13-րդ էջի վրա]
Մենք ի զորու ենք հաղթահարելու ցանկացած խոչընդոտ, որը կխանգարի մեր ծառայությանը
[նկար 15-րդ էջի վրա]
Եհովային հաճելի է, երբ ծառայում ենք իրեն ամբողջ հոգով՝ անելով այնքան, որքան թույլ են տալիս մեր հանգամանքները