Հիշո՞ւմ եք
Հավանաբար մեծ բավականություն ես ստացել «Դիտարանի» վերջին համարներն ընթերցելուց։ Այժմ փորձիր ստուգել, թե կկարողանաս պատասխանել ստորև բերված հարցերին։
• Ի՞նչ հարստություն է տալիս Աստված։
Անցյալում Եհովան նյութական հարստություն է պարգևել ոմանց, ինչպես օրինակ՝ Աբրահամին, Սողոմոնին և այլն։ Սակայն քրիստոնյաները գլխավորաբար այլ «հարստության» կարիք ունեն՝ հավատի, ուրախության, խաղաղության և բավարարվածության զգացումի։ Հենց այդպիսի հարստություն է տալիս Աստված (9.1, էջ 3–7)։
• Ի՞նչ դաս կարող ենք քաղել այն դեպքից, երբ Հիսուսը փրկեց Պետրոսին (Մատթ. 14։28–31)։
Եթե տեսնենք, որ մեր եղբոր կամ քրոջ հավատը թուլանում է, «կմեկնենք մեր ձեռքը» և կօգնենք նրան ամրանալու հավատի մեջ (9.15, էջ 8)։
• Ի՞նչ է արել Եհովան մեզ փրկելու համար։
Եհովան ստիպված եղավ տեսնել Հիսուսի տանջանքն ու մահը։ Եվ ինչպես որ հնում Աբրահամը պատրաստակամորեն զոհասեղանին դրեց իր որդուն, այնպես էլ Աստված թույլ տվեց, որ իր Որդուն մահապատժի ենթարկեն իբրև ոճրագործի (9.15, էջ 28, 29)։
• Ինչո՞ւ է Վատիկանյան ձեռագիրը գանձ համարվում։
Այդ հունարեն կրկնօրինակն արվել է Աստվածաշնչի ավարտից ընդամենը 300 տարի անց։ Այն գրեթե ամբողջությամբ պարունակում է Եբրայերեն Գրությունների տեքստը, ինչպես նաև Հունարեն Գրությունները։ Վատիկանյան ձեռագիրը շատ արժեքավոր աղբյուր է գիտնականների համար, քանի որ օգնում է նրանց պարզելու, թե ինչ է գրված եղել Աստվածաշնչի բնագիր տեքստում (10.1, էջ 18–20)։
• Ի՞նչ խորհուրդ է տալիս Առակաց 24։27–ը ընտանիք կազմելու վերաբերյալ։
Ամուսնանալու մտադրություն ունեցող տղամարդը պետք է լրջորեն նախապատրաստվի այդ պատասխանատու քայլին։ Նա պետք է կարողանա հոգ տանել իր ընտանիքի նյութական և հոգևոր կարիքների մասին (10.15, էջ 12)։
• Ինչո՞ւ ճիշտ չի լինի Եհովայի վկաներին բողոքական կրոն անվանել։
Բողոքականությունն ի հայտ է եկել Եվրոպայում 16–րդ դարում։ Կրոնական այդ շարժման նպատակն էր բարեփոխել Հռոմի կաթոլիկ եկեղեցին։ Բողոքական են համարվում բոլոր այն կրոնները, որոնք պաշտպանում են Ռեֆորմացիայի գաղափարները։ Եհովայի վկաները նույնպես չեն ընդունում Հռոմի պապի տիեզերական իշխանությունը և նախապատվություն են տալիս Աստվածաշնչին։ Սակայն նրանք մերժում են նաև բողոքական կրոններում ընդունված ոչ սուրբգրային ուսմունքներն ու սովորույթները (11.1, էջ 19)։
• Արդյո՞ք Աստվածաշունչը հասկանալու համար անհրաժեշտ է սովորել եբրայերեն և հունարեն։
Ո՛չ։ Այդ լեզուների իմացությունն ինքնին երաշխիք չէ այն բանի, որ տվյալ անհատը կհասկանա Աստվածաշնչի պատգամը։ Եբրայերեն և հունարեն իմացող մարդիկ, միևնույն է, օգտվում են բառարաններից ու քերականական գրքերից։ Այս ամենից բացի, հիշենք, որ Աստված իր մեծագույն Ծառայի խոսքերը պահպանել է միայն թարգմանություններում։ Սա նշանակում է, որ մարդը կարող է ճշմարտությունը սերտել նաև Աստվածաշնչի թարգմանություններից, որ կան իր լեզվով (11.1, էջ 20–23)։
• Եհովան և Հիսուսը քաղաքավարության ի՞նչ օրինակ են թողել։
Չնայած իր բարձր դիրքին՝ Եհովան մարդկանց հետ վարվում է բարությամբ ու հարգանքով։ Օրինակ՝ Աբրահամի ու Մովսեսի հետ զրուցելիս նա եբրայերեն այնպիսի բառ է օգտագործել, որը հաճախ թարգմանվում է «խնդրեմ» կամ «խնդրում եմ» (Ծննդ. 13։14; Ելից 4։6, ՆԱ)։ Աստված ուշադրությամբ լսում է մարդկանց (Ծննդ. 18։23–32)։ Նույնն էր անում նաև Հիսուսը։ Նա պատրաստակամորեն օգնում էր ուրիշներին և մարդկանց դիմում էր անունով (11.15, էջ 25)։
• Ինչո՞ւ քրիստոնյաները չեն նշում լուսնային Նոր տարին։
Լուսնային Նոր տարին կարևոր տոն է Արևելյան օրացույցում։ Մարդիկ այն սովորաբար նշում են բախտավոր դառնալու և հոգիներին պատվելու նպատակով։ Թեպետ ճշմարիտ քրիստոնյաները հարգում ու պատվում են իրենց ծնողներին, սակայն չեն մասնակցում այնպիսի խնջույքների, որոնք կապ ունեն մահացած նախնիների պաշտպանությունը ստանալու կամ էլ տան հովանավոր աստվածներին հաճեցնելու հետ (12.1, էջ 20–23)։