Հաճույք ստացիր Աստծո Խոսքի անձնական ուսումնասիրությունից
«Բոլոր գործերուդ վրայ պիտի խորհիմ ու քու ըրածներուդ վրայ պիտի մտածեմ» (ՍԱՂՄՈՍ 77։12, Արևմտ. Աստ.)։
1, 2. ա) Ի՞նչու պետք է ժամանակ հատկացնենք խորհրդածելուն։ բ) Ի՞նչ նշանակություն ունեն «խորհրդածել» և «խորհել» բառերը։
ՄԵԶ համար՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտների, շատ կարևոր պետք է լինեն Աստծո հետ մեր փոխհարաբերություններն ու նրան ծառայելու մղումները։ Այսօր մարդիկ այնքան զբաղված են, որ չեն կարողանում ժամանակ գտնել խորհրդածելու համար։ Նյութապաշտական նպատակներն ու հաճույքներ վայելելու ձգտումը ամբողջովին կլանել են նրանց։ Ինչպե՞ս կարող ենք խուսափել այդպիսի ապարդյուն ձգտումներից։ Հարկավոր է ամեն օր ժամանակ տրամադրել Եհովայի գործերի շուրջ խորհրդածելուն, ինչպես որ տրամադրում ենք ուտելուն, քնելուն և մեր կենսագործունեության համար անհրաժեշտ այլ բաներին (Բ Օրինաց 8։3; Մատթէոս 4։4)։
2 Երբևէ եղե՞լ է, որ դադարեք խորհրդածելուց։ Իսկ ի՞նչ է նշանակում «խորհրդածել»։ Այն նշանակում է՝ կենտրոնանալ ինչ–որ բանի վրա. խոկալ, խորհել։ Իսկ «խորհել» նշանակում է՝ կշռադատել.... մտածել կամ մտքում դատել՝ առանձնահատուկ լրջությամբ, լռությամբ և խորությամբ։ Ի՞նչ նշանակություն ունի դա մեզ համար։
3. Ի՞նչի հետ է ուղղակիորեն կապված հոգևոր առաջադիմությունը։
3 Սա մեզ հիշեցնում է Պողոս առաքյալի խոսքերը՝ ուղղված իր ծառայակից Տիմոթեոսին։ Նա գրել էր. «Մինչեւ որ գամ՝ միտք դիր կարդալուն, յորդորմունքին եւ վարդապետութեանը.... Սորանք մտածիր [«Ատոնց վրայ խորհէ», Արևմտ. Աստ.], սորանցում կաց, որ քո յառաջադիմութիւնը ամենին յայտնի լինի»։ Այո՛, ակնկալվում էր, որ Տիմոթեոսը պետք է հոգևորապես առաջադիմի։ Պողոսի այս խոսքերից երևում է, որ ուղիղ կապ գոյություն ունի հոգևոր բաների մասին խորհելու և առաջադիմելու միջև։ Նույնը և այսօր. հոգևոր առաջադիմությունից ուրախություն ստանալու համար պետք է ‘խորհենք’ այն ամենի շուրջ, ինչը կապ ունի Աստծո Խոսքի հետ, և ‘դրանում մնանք’ (Ա Տիմոթէոս 4։13–15)։
4. Ի՞նչ միջոցներ կան, որ կարող են օգնել քեզ կանոնավորաբար խորհրդածել Եհովայի Խոսքի շուրջ։
4 Ձեր և ձեր ընտանիքի օրվա ռեժիմից է կախված, թե որն է խորհրդածելու լավագույն ժամանակը։ Շատերը վաղ առավոտից են սկսում խորհել որևէ աստվածաշնչյան համարի շուրջ և դա անում են «Գրությունները քննենք ամեն օր» գրքույկի օգնությամբ։ Բեթելի ծառայողները, որոնց թիվն ամբողջ աշխարհում հասնում է 20 000–ի, իրենց օրը սկսում են տվյալ օրվա համար նախատեսված աստվածաշնչյան համարի 15 րոպեանոց քննարկումով։ Ու թեև մեկնաբանություն տվողները մի քանիսն են, ասվող և ընթերցվող մտքերի շուրջ խորհրդածում է ողջ ընտանիքը։ Եհովայի մյուս ծառաները խորհում են նրա Խոսքի շուրջ, օրինակ, աշխատանքի գնալիս՝ Աստվածաշնչի կամ «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի ձայնագրությունները լսելով (առկա են մի քանի լեզուներով)։ Շատ տնային տնտեսուհիներ էլ լսում են այդ ձայնագրությունները տանը գործ անելիս։ Այդպես նրանք բոլորն էլ ընդօրինակում են սաղմոսերգու Ասափին, որը գրել է. «Տէրոջը գործերը պիտի յիշեմ՝ յիրաւի քու հին օրերու հրաշքներդ պիտի յիշեմ։ Բոլոր գործերուդ վրայ պիտի խորհիմ ու քու ըրածներուդ վրայ պիտի մտածեմ» (Սաղմոս 77։11, 12, Արևմտ. Աստ.)։
Ճիշտ տրամադրվածությունը լավ արդյունքներ է բերում
5. Ինչո՞ւ պետք է կարևորություն տանք անձնական ուսումնասիրությանը։
5 Հեռուստատեսության և համակարգչային այս դարում ընթերցանությունը զգալի չափով ետին պլան է մղվել. մարդիկ սկել են քիչ կարդալ։ Եհովայի վկաներն, անշուշտ, այդպես չպետք է վարվեն։ Չէ՞ որ կարդալով Աստվածաշունչը՝ ասես փրկարար պարանով կապվում ենք Եհովայի հետ։ Օրինակ՝ հազարավոր տարիներ առաջ, երբ Մովսեսի փոխարեն Իսրայելի առաջնորդ դարձավ Հեսուն, Աստծո օրհնությունը ստանալու համար վերջինս պետք է կարդար նրա Խոսքը (Յեսու 1։8; Սաղմոս 1։1, 2)։ Նույնը պահանջվում է նաև այսօր։ Ոմանք, սակայն, դժվարանում են կարդալ սահմանափակ կրթություն ունենալու պատճառով կամ էլ ուղղակի ցանկություն չունեն կարդալու։ Ի՞նչը կնպաստի, որ մեր մեջ Աստծո Խոսքը կարդալու և ուսումնասիրելու ցանկություն առաջանա։ Պատասխանը կարող ենք գտնել Առակաց 2։1–6 խոսքերում, որ գրվել են Սողոմոն թագավորի կողմից։ Բացիր քո Աստվածաշունչը և ընթերցիր այդ համարները։ Հետո միասին կքննարկենք դրանք։
6. Ինչպիսի՞ն պետք է լինի մեր վերաբերմունքը Աստծո մասին գիտելիքներ ձեռք բերելու հանդեպ։
6 Ահա թե քաջալերական ինչպիսի խոսքեր են ասվում առաջին երկու համարներում. «Որդեակս, եթէ իմ խօսքերն ընդունես, եւ իմ պատուէրները պահես քեզ մօտ. որ ականջ դնես իմաստութեանը, եւ սիրտդ ուղղես հանճարին... » (Առակաց 2։1, 2)։ Ի՞նչ կարող ենք սովորել այս խոսքերից։ Աստծո Խոսքն ուսումնասիրելը յուրաքանչյուրիս պարտականությունն է։ Ուշադրություն դարձնենք այս համարների պայմանական երանգին՝ «եթէ իմ խօսքերն ընդունես»։ «Եթէ» բառը շեշտվում է այն պատճառով, որ այսօր մարդիկ մեծամասամբ ուշադրություն չեն դարձնում Աստծո Խոսքին։ Որպեսզի Աստվածաշնչի ուսումնասիրությունը ուրախություն պատճառի, մենք պետք է կամենանք Եհովայից ստանալ իր «խօսքերը» և վերաբերվել դրանց որպես գանձերի, որ չէինք ցանկանա կորցնել։ Մենք երբեք չպետք է թույլ տանք, որ զբաղվածության պատճառով անտարբերությամբ կամ նույնիսկ կասկածանքով սկսենք վերաբերվել Աստծո Խոսքին (Հռովմայեցիս 3։3, 4)։
7. Ինչո՞ւ պետք է ձգտենք միշտ ներկա լինել քրիստոնեական հանդիպումներին և ուշադրությամբ լսել ծրագիրը։
7 Արդյո՞ք իսկապես ‘ականջ ենք դնում’ և ուշադրությամբ ենք լսում Աստծո Խոսքի այն մեկնաբանությունները, որ տրվում են քրիստոնեական հանդիպումների ընթացքում (Եփեսացիս 4։20, 21)։ ‘Ուղղո՞ւմ ենք մեր սիրտն’ այնպես, որ «հանճար», այսինքն՝ խորաթափանցություն ձեռք բերենք։ Գուցե բեմից ելույթ ունեցողն այնքան էլ փորձառու չէ, բայց, միևնույն է, արժե ուշադրությամբ լսել, քանի որ նա ներկայացնում է Աստծո Խոսքը։ Եհովայի իմաստությանը ‘ականջ դնելու’ համար, ինչ խոսք, հարկավոր է ձգտել միշտ ներկա գտնվել քրիստոնեական հանդիպումներին (Առակաց 18։1, Արևմտ. Աստ., տե՛ս ծան.)։ Պատկերացնո՞ւմ ես, թե որքան պետք է ափսոսար այն անհատը, որը բաց էր թողել մ.թ. 33–ի Պենտեկոստեին Երուսաղեմում կայացած հանդիպումը։ Թեև մեր հանդիպումների ժամանակ նման զարմանահրաշ բաներ տեղի չեն ունենում, սակայն դրանց ընթացքում քննարկվում է Աստվածաշունչը՝ մեր գլխավոր դասագիրքը։ Եթե լինենք ուշադիր ու մեր Աստվածաշնչով հետևենք ընթերցվող համարներին, օգուտ կքաղենք յուրաքանչյուր հանդիպումից (Գործք 2։1–4; Եբրայեցիս 10։24, 25)։
8, 9. ա) Անձնական ուսումնասիրություն կատարելու համար ի՞նչ է պահանջվում մեզանից։ բ) Համեմատեք ոսկու արժեքը Աստծո մասին գիտություն ունենալու արժեքի հետ։
8 Ահա իմաստուն թագավորի հաջորդ խոսքերը. «Երբոր հասկացողութիւնը կանչես, եւ ձայն տաս հանճարին...» (Առակաց 2։3)։ Ի՞նչ անելու են մղում մեզ այս խոսքերը։ Մենք պետք է ձգտենք հասկանալ Եհովայի Խոսքը և պատրաստակամորեն ուսումնասիրել այն՝ խորաթափանցություն ձեռք բերելու, Եհովայի կամքն ըմբռնելու նպատակով։ Դա, ինչ խոսք, ջանքեր է պահանջում։ Այս միտքը կապվում է Սողոմոնի հաջորդ խոսքերի հետ, որտեղ նա մի համեմատություն է բերում (Եփեսացիս 5։15–17)։
9 Նա շարունակում է. «Եթէ դու նորան [հասկացողությանը] որոնես ինչպէս արծաթը, եւ գանձերի նման նորան պտրտես...» (Առակաց 2։4)։ Այս համարը հիշեցնում է մեզ, թե դարեր շարունակ ինչեր են արել մարդիկ՝ գտնելու համար, այսպես կոչված, ազնիվ մետաղներ՝ ոսկի և արծաթ։ Ոսկու համար նրանք սպանել են իրար։ Շատերն իրենց ողջ կյանքն են նվիրել ոսկի փնտրելուն։ Սակայն իրականում ի՞նչ արժեք ունի այն. եթե անապատում մոլորված և ծարավից մեռնելիս լինեիր, ի՞նչ կնախընտրեիր՝ ոսկու կտո՞ր, թե՞ մի բաժակ ջուր։ Բայց ի՜նչ եռանդով են մարդիկ այն որոնում։ Եթե մի բան, որ փոփոխական և արհեստականորեն սահմանված արժեք ունի,a այդպիսի ջերմեռանդությամբ է փնտրվում, ապա որքան ավելի մեծ եռանդով պետք է որոնենք իմաստություն և խորաթափանցություն, ձգտենք ճանաչել Աստծուն ու հասկանալ նրա նպատակները։ Իսկ ի՞նչ օգուտ կքաղենք նման փնտրտուքներից (Սաղմոս 19։7–10; Առակաց 3։13–18)։
10. Աստծո Խոսքն ուսումնասիրելով՝ ի՞նչ կարող ենք գտնել։
10 Սողոմոնը շարունակում է իր խոսքը. «Այն ժամանակ կ’հասկանաս Տիրոջ երկիւղը, եւ Աստուծոյ գիտութիւնը կ’գտնես» (Առակաց 2։5)։ Ինչպիսի՜ միտք։ Մենք, անկատար լինելով հանդերձ, կարող ենք գտնել ‘Տեր Եհովայի’՝ Տիեզերքի Գերիշխանի «գիտութիւնը» (Սաղմոս 73։28, Արևմտ. Աստ.; Գործք 4։24)։ Փիլիսոփաներն ու այս աշխարհի «իմաստունները» դարեր շարունակ փորձել են հասկանալ կյանքի ու տիեզերքի գաղտնիքները։ Բայց նրանք չեն կարողացել գտնել «Աստուծոյ գիտութիւնը»։ Ինչո՞ւ։ Թեև «Աստուծոյ գիտութիւնը» միշտ էլ մատչելի է եղել, քանի որ ներկայացված է եղել Աստծո Խոսքում՝ Աստվածաշնչում, նրանք մերժել են այն՝ չափազանց պարզունակ համարելով, և հետևաբար զրկվել են այն հասկանալու հնարավորությունից (Ա Կորնթացիս 1։18–21)։
11. Ինչպիսի՞ օգուտներ կարող ենք քաղել անձնական ուսումնասիրությունից։
11 Սողոմոնը նշում է ևս մեկ պատճառ, թե ինչու պետք է ուսումնասիրենք Աստծո Խոսքը. «Տէրն է տալիս իմաստութիւնը, նորա բերանիցն է գիտութիւնն ու հանճարը» (Առակաց 2։6)։ Եհովան առատորեն տալիս է իմաստություն, գիտություն և խորաթափանցություն այն մարդկանց, ովքեր ցանկանում են գտնել դրանք։ Ինչ խոսք, մենք բոլոր հիմքերն ունենք բարձր գնահատելու Աստծո Խոսքի ուսումնասիրությունը, նույնիսկ եթե դա անելու համար ջանքեր, զոհողություններ և կարգապահություն է պահանջվում։ Ի վերջո, մենք Աստվածաշունչն արտագրելու կարիք չունենք, ինչպես հնում, քանի որ այսօր կա նրա տպագիր տեքստը... (Բ Օրինաց 17։18, 19)։
‘Գնանք’ Եհովային արժանի կերպով
12. Ի՞նչը պետք է մղի մեզ որոնել Աստծո գիտությունը։
12 Իսկ ի՞նչը պետք է մղի մեզ անձնական ուսումնասիրություն կատարել։ Ուրիշներից ավելի լավը թվալու ցանկությո՞ւնը։ Մյուսներից շատ գիտելիքներ ունենալու ձգտո՞ւմը։ «Քայլող հանրագիտարան» դառնալու տե՞նչը։ Ո՛չ։ Մեր նպատակն է լինել «քայլող քրիստոնյա»՝ միշտ պատրաստ օգնելու մարդկանց՝ Քրիստոսի թարմացնող ոգին ցուցաբերելով (Մատթէոս 11։28–30)։ Պողոս առաքյալը նախազգուշացրել է. «Գիտութիւնը հպարտացնում է, բայց սերը շինում» (Ա Կորնթացիս 8։1)։ Ուստի մենք պետք է նույնպիսի խոնարհություն ցուցաբերենք, ինչպիսին որ ցուցաբերեց Մովսեսը, երբ Եհովային ասաց. «Խնդրեմ ինձ իմացրու քո ճանապարհները՝ որ ճանաչեմ քեզ, որ քո առաջին շնորհք գտնեմ» (Ելից 33։13)։ Այո՛, գիտություն պետք է ձեռք բերենք Աստծուն հաճեցնելու և ոչ թե մարդկանց տպավորելու նպատակով։ Մենք ուզում ենք լինել Աստծուն արժանի խոնարհ ծառաներ։ Ինչպե՞ս կարող ենք հասնել այս նպատակին։
13. Ի՞նչ է հարկավոր անել Աստծուն արժանի ծառա դառնալու համար։
13 Խոսելով այն մասին, թե ինչպես հաճեցնել Աստծուն՝ Պողոսը Տիմոթեոսին հետևյալ խորհուրդը տվեց. «Ջանք արա որ քո անձն ընտիր կանգնեցնես Աստուծոյ առաջին իբր մի մշակ առանց ամօթի, որ ճշմարտութեան խօսքն ուղիղ մատակարարես» (Բ Տիմոթէոս 2։15)։ «Ուղիղ մատակարարե[լ]» արտահայտությունը, որ թարգմանվել է հունարենից, սկզբնապես նշանակել է «ուղիղ կտրել» («Kingdom Interlinear»)։ Ըստ որոշ վերլուծաբանների՝ այն փոխանցում է կտոր ձևելու, ակոսներ անելու և նման մտքեր։ Դերձակը կամ հողագործը պետք է ճիշտ՝ ուղիղ անեն իրենց գործը։ Դա նշանակում է, որ Աստծո հավանությունն ունենալու և նրան արժանի լինելու համար Տիմոթեոսը պետք է ‘ջանք աներ’, որ իր վարքը և ուսուցումները համապատասխանեին ‘ճշմարտության խոսքին’ (Ա Տիմոթէոս 4։16)։
14. Ինչպե՞ս պետք է Աստվածաշնչի անձնական ուսումնասիրությունն ազդեցություն գործի մեր խոսքերի ու գործերի վրա։
14 Նույն միտքը Պողոսը հայտնեց նաև կողոսացի քրիստոնյաներին՝ քաջալերելով «գնա[լ] ինչպէս արժանի է Տիրոջը, ամեն բանի մէջ հաճոյ լինելով նորան» (Կողոսացիս 1։10)։ Եհովային արժանի կերպով գնալը Պողոսը կապում է ‘ամեն բարի գործում պտղաբեր լինելու’, ինչպես նաև ‘Աստծո գիտության մեջ աճելու’ հետ։ Այլ կերպ ասած՝ Եհովայի համար կարևոր է ոչ միայն մեր գնահատանքը Աստծո գիտության հանդեպ, այլև այն, թե որքանով են մեր խոսքերն ու գործերը համապատասխանում Աստծո Խոսքին (Հռովմայեցիս 2։21, 22)։ Եթե ցանկանում ենք հաճելի լինել Աստծուն, պետք է թույլ տանք, որ Աստվածաշնչի անձնական ուսումնասիրությունը ազդեցություն գործի մեր մտածելակերպի ու գործելակերպի վրա։
15. Ինչպե՞ս կարող ենք պաշտպանել ու հսկել մեր միտքը։
15 Սատանան լի է մեր հոգևորը քայքայելու վճռականությամբ, և նա անում է դա՝ մեր մեջ տեղի ունեցող պայքարն է՛լ ավելի սաստկացնելով (Հռովմայեցիս 7։14–25)։ Եհովային արժանի լինելու համար հարկավոր է պաշտպանել և հսկել մեր միտքը։ Զենքը, որ ունենք, ‘Աստծո գիտությունն’ է։ Այն կարող է ‘գերի բռնել ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար’։ Իսկ դա ևս մեկ պատճառ է՝ Աստծո Խոսքն ամեն օր ուսումնասիրելու։ Եթե ցանկանում ենք ազատվել եսասիրական, մարմնավոր մտքերից, պետք է այդպես վարվենք (Բ Կորնթացիս 10։5)։
Միջոցներ՝ Աստվածաշունչը հասկանալու համար
16. Ինչպե՞ս կարող ենք օգուտներ քաղել Եհովայի տված ուսուցումից։
16 Եհովայի տված ուսուցումը թե՛ հոգևոր և թե՛ ֆիզիկական օգուտներ է բերում։ Դա ձանձրալի ու վերացական աստվածաբանական թեորիա չէ։ «Ես եմ քո Աստուածը, որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհումը» (Եսայիա 48։17)։ Ինչպե՞ս է Եհովան առաջնորդում մեզ ‘գնալու ճանապարհում’, որ մեր օգտի համար է։ Նախ՝ մենք ունենք Աստծո Սուրբ Խոսքը՝ Աստվածաշունչը, որ գրվել է նրա ներշնչմամբ։ Աստվածաշունչը մեր ուղեցույցն է, որին մենք միշտ կարող ենք դիմել։ Ահա թե ինչու լավ կլինի քրիստոնեական հանդիպումների ժամանակ բեմից հնչող մտքերին հետևել Աստվածաշնչի միջոցով։ Թե ինչ լավ արդյունքներ կարող է դա բերել, երևում է եթովպացի ներքինու օրինակից։ Այդ մասին գրված է Գործք Առաքելոց 8–րդ գլխում։
17. Ի՞նչ տեղի ունեցավ եթովպացի ներքինու հետ, և ի՞նչ ենք սովորում այդ դեպքից։
17 Եթովպացի ներքինին, որ ընդունել էր հուդայականությունը, անկեղծորեն հավատում էր Աստծուն և ուսումնասիրում էր Գրությունները։ Մի անգամ կառքով գնալիս, երբ կարդում էր Եսայիայի գիրքը, Փիլիպպոս առաքյալը մոտ վազեց ու հարցրեց. «Հասկանո՞ւմ ես արդեօք կարդացածդ»։ Ի՞նչ պատասխանեց ներքինին։ «Ի՞նչպէս կ’կարողանամ, եթէ մէկը չ’առաջնորդէ ինձ», — ասաց նա ու «Փիլիպպոսին աղաչեց, որ վեր ելնէ նստէ նորա հետ»։ Հետո Փիլիպպոսը սուրբ ոգու առաջնորդությամբ օգնեց ներքինուն հասկանալ Եսայիայի մարգարեությունը (Գործք 8։27–35)։ Ի՞նչ ենք սովորում այս օրինակից։ Բավական չէ պարզապես կարդալ Աստվածաշունչը։ Եհովան, գործի դնելով իր սուրբ ոգին, օգնում է մեզ ճիշտ ժամանակին հասկանալ իր Խոսքը հավատարիմ և իմաստուն ծառայի միջոցով։ Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում (Մատթէոս 24։45–47; Ղուկաս 12։42)։
18. Ի՞նչ օգնություն է ցույց տալիս մեզ հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգը։
18 Ծառա դասակարգին Հիսուսն անվանեց ‘հավատարիմ և իմաստուն’, բայց ոչ՝ անսխալական։ Հավատարիմ օծյալ եղբայրների այս խումբը բաղկացած է անկատար քրիստոնյաներից։ Լավագույն մտադրություններ ունենալով հանդերձ՝ նրանք կարող են սխալվել, ինչպես դա երբեմն պատահում էր առաջին դարում (Գործք 10։9–15; Գաղատացիս 2։8, 11–14)։ Սակայն նրանք գործում են ճիշտ մղումների թելադրանքով, ու Եհովան նրանց միջոցով է տալիս Աստվածաշունչն ուսումնասիրելու համար նախատեսված միջոցները, որպեսզի ամրանա մեր հավատը իր Խոսքի ու խոստումների հանդեպ։ Հիմնական միջոցը, որ ծառան տվել է մեզ անձնական ուսումնասիրություն կատարելու համար, «Սուրբ Գրությունների Նոր աշխարհ թարգմանությունն» է։ Մասամբ թե ամբողջովին՝ այս թարգմանությունն այժմ մատչելի է 42 լեզվով։ Առ այսօր տպագրվել է 114 մլն օրինակ՝ մի քանի հրատարակություններով։ Ինչպե՞ս կարող ենք արդյունավետ կերպով օգտվել դրանից անձնական ուսումնասիրություն կատարելիս (Բ Տիմոթէոս 3։14–17)։
19. Ի՞նչ հատկանշական կողմեր ունի «Սուրբ Գրությունների Նոր աշխարհ թարգմանության» ծանոթագրություններով հրատարակությունը, և ինչպե՞ս կարելի է դրա օգնությամբ արդյունավետ կերպով անձնական ուսումնասիրություն կատարել։
19 Վերցնենք, օրինակ, «Սուրբ Գրությունների Նոր աշխարհ թարգմանության» ծանոթագրություններով հրատարակությունը։ Այս աղբյուրը պարունակում է զուգահեռ հղումներ, ծանոթագրություններ, աստվածաշնչյան բառերի համառոտ համաբարբառ, ծանոթագրություններում գրված բառերի ցանկ և մի ծավալուն հավելված, որտեղ լուսաբանվում են 43 տարբեր թեմաներ, այդ թվում նաև՝ քարտեզների ու աղյուսակների օգնությամբ։ Գրքում կա նաև առաջաբան, որում խոսվում է այն բազում աղբյուրների մասին, որ օգտագործվել են Աստվածաշնչի այս բացառիկ թարգմանության մեջ։ Եթե այս գիրքը մատչելի է քեզ, հանգամանորեն ծանոթացիր նրա այս յուրահատկություններին և աշխատիր օգտվել դրանցից։ Ամեն դեպքում, անձնական ուսումնասիրություն կատարելիս առաջին հերթին պետք է օգտվենք Աստվածաշնչից։ Իսկ «Նոր աշխարհը» մի թարգմանություն է, որը միանգամայն տեղին շեշտում է Աստծո անունը և լույս սփռում Աստծո Թագավորության վրա (Սաղմոս 149։1–9; Դանիէլ 2։44; Մատթէոս 6։9, 10)։
20. Անձնական ուսումնասիրության վերաբերյալ ո՞ր հարցերն ունեն պատասխանի կարիք։
20 Սակայն գուցե հարցնենք. «Ուրիշ ի՞նչը կարող է օգնել մեզ հասկանալ Աստվածաշունչը։ Ինչպե՞ս կարող ենք ժամանակ գտնել անձնական ուսումնասիրության համար։ Ինչպե՞ս ավելի արդյունավետ դարձնենք մեր ուսումնասիրությունը։ Ինչպե՞ս պետք է մեր ուսումնասիրությունը անդրադառնա ուրիշների վրա»։ Քրիստոնյայի հոգևոր առաջադիմությանը վերաբերող այս կարևոր հարցերը կքննարկվեն հաջորդ հոդվածում։
[ծանոթագրություն]
a Սկսած 1979 թ.–ից՝ ոսկու գինը (31 գ–ի դիմաց) տատանվել է 850 ամերիկյան դոլարից (1980 թ.) մինչև 252,80 դոլար (1999 թ.)։
Հիշո՞ւմ եք
• Ի՞նչ նշանակություն ունեն «խորհրդածել» և «խորհել» բառերը։
• Ինչպե՞ս պետք է վերաբերվենք Աստծո Խոսքի ուսումնասիրությանը։
• Ի՞նչը պետք է մեզ մղի անձնական ուսումնասիրություն կատարել։
• Ի՞նչ օժանդակ միջոցներ ունենք Աստվածաշունչը հասկանալու համար։
[նկար 15–րդ էջի վրա]
Ինչպես ասում են Բեթելի ընտանիքի անդամները, օրը աստվածաշնչյան խոսքի քննարկումով սկսելը հոգևորապես ամրացնում է
[նկարներ 15–րդ էջի վրա]
Ճանապարհին աստվածաշնչյան թեմաներով ձայնագրություններ լսելով՝ խնայում ենք թանկագին ժամանակը
[նկար 16–րդ էջի վրա]
Մարդիկ մեծ ճիգեր են գործադրել ոսկի գտնելու նպատակով. իսկ որքա՞ն ջանք եք թափում դուք՝ Աստծո Խոսքն ուսումնասիրելու համար
[թույլտվությամբ]
Courtesy of California State Parks, 2002
[նկարներ 17–րդ էջի վրա]
Աստվածաշունչը մի գանձ է, որ կարող է առաջնորդել դեպի հավիտենական կյանք