ԳԼՈՒԽ 38
Ի՞նչ ուղի ընտրեմ կյանքում
«Փոքր տարիքում չէի անհանգստանում ապագայի մասին։ Սակայն երբ դպրոցն ավարտելու ժամանակը մոտեցավ, հասկացա, որ մտնում եմ իրական աշխարհ՝ իրական աշխատանքով և իրական հարկերով» (Ալեքս)։
ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ, որ ծրագրում ես ճանապարհորդել տնից շատ կիլոմետրեր հեռու։ Հավանաբար նախևառաջ կդիմես քարտեզի օգնությանը՝ ճիշտ ճանապարհը գտնելու համար։ Նույնն է պարագան նաև ապագան պլանավորելիս։ «Քո առջև ընտրության բազմաթիվ հնարավորություններ կան»,— ասում է Մայքլը, որն այժմ ծառայում է Եհովայի վկաների մասնաճյուղերից մեկում։ Ինչպե՞ս կարող ես կողմնորոշվել, թե ինչ ուղի ընտրես։ Մայքլն ասում է. «Ամբողջ հարցը նպատակներ ունենալու մեջ է»։
Օրինակ՝ պատկերացրու, որ կոնկրետ մի վայր ես ուզում գնալ։ Ամենայն հավանականությամբ դու չես հասնի այդ վայրը, եթե աննպատակ շրջես։ Լավ կլինի, որ քարտեզ ձեռք բերես և գծես քո ճանապարհը։ Այդպիսով դու կհետևես Առակներ 4։26-ում գրված հորդորին. «Հարթիր ոտքիդ ընթացքը»։ Մեկ ուրիշ թարգմանության մեջ ասվում է. «Իմացիր, թե որն է քո նպատակը» (Contemporary English Version)։
Գալիք տարիներին դու բազմաթիվ կարևոր որոշումներ ես ընդունելու երկրպագության, աշխատանքի, ամուսնության, ընտանիքի և այլ կարևոր բաների վերաբերյալ։ Ավելի հեշտ կլինի իմաստուն որոշումներ կայացնել, եթե գիտես, թե ինչ նպատակի ես ձգտում։ Սակայն կյանքի ուղի ընտրելիս կա մի գործոն, որը չպետք է անտեսես։
«Հիշիր քո Մեծ Արարչին»
Եթե ուզում ես իսկապես երջանիկ լինել, պետք է սրտանց ընդունես իմաստուն Սողոմոն թագավորի խոսքերը. «Հիշիր քո Մեծ Արարչին երիտասարդությանդ օրերում» (Ժողովող 12։1)։ Կյանքում որևէ ուղի ընտրելիս պետք է առաջնորդվել Աստծուն հաճեցնելու ցանկությամբ։
Ինչո՞ւ է դա կարևոր։ Հայտնություն 4։11-ում կարդում ենք. «Արժանի՛ ես, Եհո՛վա, Աստվա՛ծ մեր, առնելու փառքը, պատիվը և զորությունը, որովհետև դո՛ւ ստեղծեցիր բոլոր բաները, և քո կամքով նրանք գոյություն ունեն ու ստեղծվեցին»։ Այո՛, երկնքում և երկրի վրա գտնվող բոլոր արարածները պարտավոր են երախտագետ լինել Արարչին։ Շնորհակա՞լ ես, որ նա քեզ տվել է «կյանք, շունչ և ամեն բան» (Գործեր 17։25)։ Չե՞ս մղվում արդյոք որևէ բան տալու Եհովա Աստծուն՝ գնահատանքդ արտահայտելու նրա տված բոլոր բաների համար։
Արարչին հիշելով՝ Եհովայի վկա շատ երիտասարդներ ընտրել են լիաժամ ծառայությունը։ Տես, թե ինչ հրաշալի հնարավորություններ կան քո առաջ։
Ռահվիրայություն։ Ընդհանուր ռահվիրաները իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են բարի լուրը քարոզելով։ Փորձ և գիտելիքներ ձեռք բերելով՝ նրանք դառնում են Աստվածաշնչի հմուտ ուսուցիչներ։
Ծառայություն այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։ Ոմանք տեղափոխվում են ծառայելու այնպիսի տարածքներում, որտեղ քիչ քարոզիչներ կան։ Մյուսներն էլ օտար լեզուներ են սովորում և ծառայում են օտար երկրում կամ օտարախոս ժողովներումa։
Միսիոներական ծառայություն։ Հմուտ լիաժամ քարոզիչները, ովքեր ֆիզիկապես առողջ են և տոկուն, կրթություն են ստանում օտար երկրներում ծառայելու համար։ Միսիոներներն ապրում են հետաքրքիր և բավականություն պատճառող կյանքով։
Բեթելի ծառայություն։ Բեթելի ընտանիքի անդամները ծառայում են Եհովայի վկաների գլխավոր վարչությունում և մասնաճյուղերում։ Որոշ երկրներում նրանք աստվածաշնչյան գրականություն են տպագրում և առաքում։
Միջազգային ծառայություն։ Միջազգային ծառայողները ճանապարհորդում են այլ երկրներ Թագավորության սրահների, համաժողովների սրահների և մասնաճյուղերի շինարարությանը աջակցելու համար։
Թագավորության քարոզիչների դպրոց։ Հմուտ ռահվիրաները հատուկ կրթություն են ստանում իրենց ծառայությունն ընդլայնելու և բարի լուրի ավելի արդյունավետ քարոզիչներ դառնալու համար։ Որոշ շրջանավարտներ ստանում են օտարերկրյա նշանակում։
«Գծիր քո ճանապարհը»
Լիաժամ ծառայությունը վսեմ նպատակ է, և այն անթիվ օրհնություններ է բերում։ Սակայն հարկավոր է այն ծրագրել։ Հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ ունակություններ և հմտություններ ունեմ, որոնք կօգնեն ինձ հոգալու իմ կարիքները լիաժամ ծառայություն կատարելիս»։
Քելլին որոշել էր դառնալ ռահվիրա և սկսեց «գծել իր ճանապարհը» աշխատանքի առնչությամբ։ Նա ասում է. «Ես պետք է ընտրեի մի բան, որը թույլ կտար հոգալ իմ կարիքները և ծառայել Եհովային»։
Բարձր դասարաններում սովորելու ընթացքում նա նաև մասնագիտացավ որպես ատամնաբույժի օգնական։ Դա օգնեց նրան հասնելու իր գլխավոր նպատակին։ Քելլին ասում է. «Ես ուզում էի լիաժամ ծառայել, և մնացած ամեն բան երկրորդական էր ինձ համար»։ Քելլին մինչև հիմա բավականություն է ստանում լիաժամ ծառայությունից։ Նա ասում է. «Կարծում եմ՝ սա լավագույն որոշումն էր, որ կարող էի կայացնել»։
Առաջնորդություն փնտրիր
Եթե ճանապարհորդեիր անծանոթ տարածքով, հավանաբար կցանկանայիր առաջնորդության համար դիմել որևէ մեկին։ Նույնը կարող ես անել, երբ ծրագրում ես քո ապագան։ Ուրիշներից խորհուրդ հարցրու։ Առակներ 20։18-ում գրված է. «Ծրագրերը խորհրդով են հաստատվում»։
Առաջնորդության կարևոր աղբյուրներից մեկը ծնողներդ են։ Խորհուրդներ կարող ես հարցնել նաև հասուն քրիստոնյաներից, որոնք իրենց կյանքում առաջնորդվում են աստվածահաճո իմաստությամբ։ «Ուշադրություն դարձրու քո կամ հարևան ժողովներում ծառայող չափահաս քրիստոնյաների լավ օրինակին»,— խորհուրդ է տալիս 27-ամյա Ռոբերտոն, որը ծառայում է Բեթելում։
Բոլորից առավել Եհովա Աստված է ցանկանում օգնել քեզ կյանքում այնպիսի ընտրություն կատարելու, որը մեծ երջանկություն կպարգևի քեզ։ Ուստի խնդրիր Եհովային, որ օգնի քեզ տեսնելու, «թե որն է իր կամքը» քո ապագայի առնչությամբ (Եփեսացիներ 5։17)։ Կյանքիդ բոլոր ոլորտներում հետևիր Առակներ 3։5, 6-ի խորհրդին. «Ամբողջ սրտովդ Եհովային ապավինիր և քո սեփական հասկացողությանը մի՛ վստահիր։ Քո բոլոր ճանապարհներում հաշվի առ նրան, և նա կուղղի քո շավիղները»։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող ես դիտել «Երիտասարդները հարցնում են. ի՞նչ ուղի ընտրեմ կյանքում» տեսաֆիլմը։ Այն առկա է 30-ից ավելի լեզուներով։
[ծանոթագրություն]
a Տե՛ս 164-րդ էջի շրջանակը։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ
«Ստուգեք ինձ, խնդրեմ,— ասում է Զորքերի Տեր Եհովան,— արդյոք չե՞մ բացի ձեզ համար երկնքի պատուհանները և օրհնություն չե՞մ թափի, մինչև որ էլ տեղ չլինի» (Մաղաքիա 3։10)։
ԱՌԱՋԱՐԿ
Խոսիր նրանց հետ, ովքեր երկար տարիներ ծառայում են լիաժամ։ Հարցրու, թե ինչու են այդպիսի ընտրություն կատարել և ինչ օրհնություններ են ստացել։
ԳԻՏԵԻ՞Ր
Ինչպես որ սարքավորումներն են գործում էլեկտրականության շնորհիվ, այնպես էլ ծառայության մեջ քո հաջողությունը կախված է Աստծու սուրբ ոգուց (Գործեր 1։8)։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ
Ծառայությունից ավելի շատ ուրախություն ստանալու համար կխոսեմ ․․․․․
Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․
Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ
● Ի՞նչ ունակություններ ու հմտություններ ունես։
● Ինչպե՞ս կարող ես դրանք օգտագործել Եհովային փառք բերելու համար։
● Այս գլխում նշված լիաժամ ծառայության ո՞ր ձևն է քեզ հատկապես դուր գալիս։
[մեջբերում 313-րդ էջի վրա]
«Ես հիանում եմ իմ ծնողներով։ Ծառայության մեջ նրանց եռանդը, ֆինանսական դժվարությունները հաղթահարելը և այն, թե ինչպես էին ինձ հորդորում լիաժամ ծառայություն սկսել, ինձ վրա դրական ազդեցություն թողեցին» (Ջեյսոն)։
[շրջանակ 314-րդ էջի վրա]
Վարժություն
Իմ նպատակները
Նշիր, թե ինչ նպատակներ ես ուզում դնել քո առաջ։ Լրացրու բաց թողնված տեղերը։
Ծառայության հետ կապված նպատակներ
□ Ավելացնել ծառայության մեջ իմ մասնակցությունը ամեն ամիս ․․․․․ ժամով։
□ Ամեն ամիս տարածել ․․․․․ ամսագիր։
□ Հավատիս մասին խոսելիս օգտագործել Աստվածաշունչը։
□ Ամեն ամիս կատարել ․․․․․ վերայցելություն։
□ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։
Ուրիշ նպատակներ ․․․․․
Անձնական ուսումնասիրության հետ կապված նպատակներ
□ Աստվածաշնչից ամեն օր կարդալ ․․․․․ էջ։
□ Նախապատրաստվել ժողովի բոլոր հանդիպումներին։
□ Փնտրտուքներ անել հետևյալ հարցերի շուրջ՝ ․․․․․
Ժողովի հետ կապված նպատակներ ․․․․․
□ Ամեն ժողովի հանդիպմանը առնվազն մեկ մեկնաբանություն տալ։
□ Մոտենալ ու զրուցել նրա հետ, ով ինձնից մեծ է։
□ Այցելել հիվանդ կամ տարեց հավատակցի։
Ուրիշ նպատակներ ․․․․․
Այսօրվա ամսաթիվը ․․․․․
Վեց ամսից ստուգիր, թե արդյոք հասել ես նպատակներիդ։ Անհրաժեշտության դեպքում փոփոխություններ արա կամ նոր նպատակներ դիր։
[նկար 312-րդ էջի վրա]
Ճիշտ նպատակներ դիր և էներգիադ իզուր չես ծախսի