Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w12 3/15 էջ 7–9
  • Ինչպե՞ս ես խորհուրդ տալիս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս ես խորհուրդ տալիս
  • 2012 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ է կարևոր խորհուրդ հարցնել
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչպես խորհուրդ տալ
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչպես փնտրտուքներ կատարել
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Փնտրտուքների նոր ձեռնարկ
    2014 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2012 Դիտարան
w12 3/15 էջ 7–9

Ինչպե՞ս ես խորհուրդ տալիս

Երբևէ քեզնից խորհուրդ հարցրե՞լ են։ Այսպիսի հարցեր տվե՞լ են. «Ի՞նչ անեմ։ Գնա՞մ այս հավաքույթին։ Ընդունվե՞մ այս աշխատանքին։ Արժե՞ ընկերություն անել այս անհատի հետ ու ամուսնանալ»։

Անկեղծ մարդիկ գուցե խնդրեն քեզ, որ օգնես իրենց որոշումներ կայացնելու, որոշումներ, որոնք կարող են ազդել ընկերների, ընտանիքի անդամների և նույնիսկ Եհովայի հետ ունեցած իրենց փոխհարաբերությունների վրա։ Ինչի՞ վրա կհիմնես պատասխանդ։ Ինչպե՞ս ես խորհուրդ տալիս։ Անկախ նրանից՝ լուրջ հարց է, թե ոչ, «արդարի սիրտը մտածում է, թե ինչ պատասխանի»,— ասվում է Առակներ 15։28-ում։ Տեսնենք, թե հետևյալ հինգ աստվածաշնչյան սկզբունքները ինչպես կօգնեն մեզ խորհուրդ տալիս։

1 Հասկացիր իրական իրավիճակը

«Եթե ինչ-որ մեկը բանը չլսած պատասխան է տալիս, ապա դա հիմարություն է նրա կողմից և նվաստացուցիչ է» (ԱՌԱԿ. 18։13)։

Լավ խորհուրդ տալու համար պետք է հասկանանք օգնության դիմողի հանգամանքներն ու տեսակետը։ Բերենք մի օրինակ. եթե ինչ-որ մեկը զանգահարի քեզ, որ հարցնի, թե ինչպես գա քո տուն, նրան օգնելու համար ի՞նչ պետք է իմանաս։ Եթե նախ չիմանաս, թե որտեղ է նա գտնվում, կարո՞ղ ես խորհուրդ տալ, թե որ ճանապարհով գա։ Իհա՛րկե ոչ։ Նմանապես, ճիշտ առաջնորդություն տալու համար հարկավոր է հասկանալ տվյալ անհատի ներկայիս «գտնվելու վայրը»՝ նրա հանգամանքներն ու տեսակետը։ Գուցե կան հանգամանքներ, որոնք կարող են ազդել մեր պատասխանի վրա։ Առանց լավ իմանալու իրավիճակը՝ թերևս այնպիսի խորհուրդ տանք, որ անհատը ավելի մեծ շփոթության մեջ ընկնի (Ղուկ. 6։39)։

Իմացիր, թե որքան փնտրտուք է արել։ Իմաստուն կլինի խորհուրդ հարցնողին այսպիսի հարցեր տալ. «Քո կարծիքով՝ աստվածաշնչյան ո՞ր խորհուրդները կարելի է կիրառել»։ «Որո՞նք են քո ունեցած տարբերակների առավելություններն ու բացասական կողմերը»։ «Ի՞նչ փնտրտուքներ ես արել»։ «Ինչպե՞ս են քեզ արդեն օգնել ուրիշները՝ ժողովի երեցները, ծնողներդ կամ քեզ հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնողը»։

Նրա պատասխանները կօգնեն քեզ հասկանալու, թե որքան ջանք է նա թափել, որ գտնի պատասխանը։ Նաև խորհուրդ տալիս հաշվի կառնես ուրիշների ասածները։ Բացի այդ, թերևս տեսնես, որ իրականում այդ անհատը փնտրում է այնպիսի խորհրդատու, որը «իր ականջներին հաճելի» բան կասի՝ այնպիսի խորհուրդ կտա, որը նա ցանկանում է լսել (2 Տիմոթ. 4։3)։

2 Խուսափիր շտապ պատասխանելուց

«Ամեն մարդ պետք է արագ լինի լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ» (ՀԱԿ. 1։19)։

Լավ մղումներից ելնելով՝ գուցե շտապես խորհուրդ տալ։ Բայց արդյո՞ք դա իմաստուն քայլ է, հատկապես եթե մանրամասնորեն չես քննել հարցը։ Առակներ 29։20-ում ասվում է. «Տեսե՞լ ես իր խոսքերում շտապող մարդու։ Հիմարից ավելի շատ հույս կա, քան նրանից»։

Ժամանակ հատկացրու համոզվելու համար, որ քո մոտեցումը լիովին ներդաշնակ է աստվածային իմաստությանը։ Հարցրու ինքդ քեզ. ««Աշխարհի ոգին» ու մտածելակերպը չե՞ն ազդել արդյոք իմ մտածելակերպի վրա» (1 Կորնթ. 2։12, 13)։ Հիշիր, որ միայն լավ մղումները բավական չեն։ Այն բանից հետո, երբ Պետրոս առաքյալն իմացավ, թե ինչ փորձությունների միջով պետք է անցնի Հիսուսը, հետևյալ խորհուրդը տվեց նրան. «Բարի՛ եղիր քո հանդեպ, Տե՛ր, այդ բանը քեզ հետ չի պատահի»։ Ի՞նչ ենք սովորում Պետրոսի արձագանքից. նույնիսկ անկեղծ մարդը, եթե զգույշ չլինի, կարող է առաջ տանել «ոչ թե Աստծու մտքերը.... այլ մարդկանց» (Մատթ. 16։21–23)։ Որքա՜ն կարևոր է խոսելուց առաջ մտածել։ Ի վերջո, չէ՞ որ մեր իմաստությունը, համեմատած Աստծու իմաստության հետ, շատ սահմանափակ է (Հոբ 38։1–4; Առակ. 11։2)։

3 Խոնարհաբար կիրառիր Աստծու Խոսքի խորհուրդները

«Ինքս ինձանից ոչինչ չեմ անում, այլ ինչ որ Հայրը սովորեցրեց ինձ, այն եմ խոսում» (ՀՈՎՀ. 8։28)։

Ասո՞ւմ ես. «Քո փոխարեն ես...»։ Նույնիսկ եթե հարցի պատասխանը ակնհայտ է, լավ կլինի՝ հետևես խոնարհության ու համեստության վերաբերյալ Հիսուսի թողած օրինակին։ Թեև նա շատ ավելի մեծ իմաստություն ու փորձ ուներ, քան որևէ այլ մարդ, սակայն ասաց. «Ես ոչ թե ինձանից խոսեցի, այլ.... Հայրը պատվեր տվեց ինձ, թե ինչ պիտի ասեմ և ինչ պիտի խոսեմ» (Հովհ. 12։49, 50)։ Հիսուսի սովորեցրածներն ու խորհուրդները միշտ ներդաշնակ էին իր Հոր կամքին։

Օրինակ՝ Ղուկաս 22։49-ում կարդում ենք, որ երբ Հիսուսին պատրաստվում էին ձերբակալել, նրա աշակերտները հարցրին, թե արդյոք պետք է կռվեն, և աշակերտներից մեկը սուր բարձրացրեց։ Զուգահեռ արձանագրությունից՝ Մատթեոս 26։52–54 համարներից, տեսնում ենք, որ նույնիսկ նման իրավիճակում Հիսուսը ժամանակ հատկացրեց, որ աշակերտների հետ տրամաբանի Եհովայի կամքի շուրջ։ Քաջատեղյակ լինելով այն սկզբունքներին, որ արձանագրված են Ծննդոց 9։6-ում, ինչպես նաև 22-րդ սաղմոսում ու Եսայիա 53-րդ գլխում նշված մարգարեություններին՝ Հիսուսը կարողացավ իմաստուն առաջնորդություն տալ, որն, անկասկած, կյանքեր փրկեց ու հաճեցրեց Եհովային։

4 Օգտագործիր աստվածապետական գրադարանդ

«Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն ծառան, որին իր տերը իր տան անդամների վրա նշանակեց, որպեսզի նրանց կերակուրը տա ճիշտ ժամանակին» (ՄԱՏԹ. 24։45)։

Հիսուսը նշանակել է մի վստահելի ծառա դասակարգ, որպեսզի վերջինս կենսական հոգևոր կերակուր տա։ Երբ կարևոր հարցերի վերաբերյալ խորհուրդ և առաջնորդություն ես տալիս, ժամանակ հատկացնո՞ւմ ես, որ աստվածաշնչյան հրատարակություններում մանրազնին փնտրտուքներ անես։

««Դիտարանի» հրատարակությունների ցանկը» և ««Դիտարանի» գրադարանը»a մեզ տրամադրում են առատ ու հստակ տեղեկություններ։ Ի՜նչ մեծ սխալ կլիներ տեղեկությունների այս գանձարաններն անտեսելը։ Այնտեղ հազարավոր թեմաներով հոդվածներ կան, որոնք կօգնեն խորհուրդ հարցնողին։ Հմտորեն օգնո՞ւմ ես ուրիշներին գտնելու աստվածաշնչյան սկզբունքներ և տրամաբանելու Աստծու Խոսքի շուրջ։ Ինչպես որ գլոբալ տեղորոշման համակարգն է (GPS) օգնում անհատին տեղորոշվելու և առաջնորդում դեպի իր ուզած վայրը, այնպես էլ այս միջոցները կարող են օգնել նրան տեսնելու, թե ինչ ճանապարհի վրա է, և հասկանալու, թե ինչպես պետք է վարվի, որ մնա կյանքի ճանապարհին։

Շատ երեցներ սովորեցրել են քարոզիչներին հոդվածներ փնտրել «Ցանկի» կամ ««Դիտարանի» գրադարանի» միջոցով։ Այդպես վարվելով՝ նրանք օգնել են քույրերին ու եղբայրներին տրամաբանելու Աստվածաշնչի հիման վրա։ Նման աջակցությունը օգնում է նրանց ոչ միայն գտնելու իրենց հուզող հարցերի պատասխանները, այլև սովորություն դարձնելու փնտրտուքներ անելն ու Եհովայի տրամադրած հոգևոր միջոցներին վստահելը։ Այս կերպով նրանք «իրենց ըմբռնողականությունն են գործադրում՝ այն մարզում են ճիշտն ու սխալը զանազանելու համար» (Եբր. 5։14)։

5 Խուսափիր ուրիշների փոխարեն որոշումներ կայացնելուց

«Յուրաքանչյուր մարդ իր բեռն է կրելու» (ԳԱՂ. 6։5)։

Ամեն մարդ ինքը պետք է որոշի, թե որ խորհրդին հետևի։ Եհովան բոլորիս ազատություն է տվել, որպեսզի որոշենք՝ առաջնորդվե՞լ նրա սկզբունքներով, թե՞ ոչ (2 Օրենք 30։19, 20)։ Որոշ իրավիճակներում կիրառելի են մի քանի աստվածաշնչյան սկզբունքներ, և, վերջիվերջո, խորհուրդ հարցնողն ինքը պետք է որոշում կայացնի։ Հաշվի առնելով այն, թե ինչ հարցի վերաբերյալ են մեզանից խորհուրդ հարցնում և թե ինչ տարիքի է մեզ դիմող անհատը, գուցե հարկ լինի ինքներս մեզ հարցնելու. «Ես իրավունք ունե՞մ այս հարցով զբաղվելու»։ Որոշ դեպքերում ամենաճիշտը կլինի խորհուրդ հարցնել երեցներից, կամ, եթե անհատը պատանի է, իր ծնողներից։

[ծանոթագրություն]

a ««Դիտարանի» գրադարանը» կոմպակտ սկավառակի վրա ներկայումս մատչելի է 39 լեզուներով, իսկ ««Դիտարանի» հրատարակությունների ցանկը»՝ ավելի քան 45 լեզուներով։

[շրջանակ/նկար 8-րդ էջի վրա]

Ընտանեկան երկրպագության ծրագիր

Կարող ես փնտրտուքներ անել, որ գտնես այն հարցերի պատասխանները, որոնք վերջերս տվել են քեզ։ Ի՞նչ հոդվածներ ու աստվածաշնչյան սկզբունքներ կարող ես գտնել, որոնք կօգնեն հարցեր տվողին։ Ենթադրենք՝ եղբայրը կամ քույրը ուզում է ամուսնանալ և ժամադրության հետ կապված հարցեր է տալիս քեզ։ «Ցանկը» կամ ««Դիտարանի» գրադարանը» նայելիս առաջին հերթին աչքի անցկացրու այդ հարցի հետ անմիջականորեն կապ ունեցող թեմաները։ Օրինակ՝ «Ցանկում» կարող ես նայել «Ժամադրություն» և «Ամուսնություն» վերնագրերը։ Հետո աչքի անցկացրու ենթաթեմաները, որպեսզի գտնես համապատասխան հոդվածներ։ Գլխավոր վերնագիրը նայելիս ուշադրություն դարձրու, թե արդյոք գրված է «Տե՛ս նաև», ինչը կարող է հղել այնպիսի վերնագրի, որը ավելի շատ կվերաբերի քո փնտրած թեմային։

[շրջանակ 9-րդ էջի վրա]

Իր կազմակերպության միջոցով Եհովան հնարավոր է դարձրել, որ մենք կարողանանք և՛ տալ, և՛ ստանալ լավագույն խորհուրդները։ Ժողովող 12։11-ում ասվում է. «Իմաստունների խոսքերը խթանի պես են, և ասույթներ հավաքողները՝ գամված մեխերի պես. դրանք մեկ հովվի կողմից են տրված»։ Սիրառատ կերպով տրված ողջամիտ խորհուրդը «խթանի» պես (սուր ելուստ, որով խթանում են բեռնակիր կենդանիներին առաջ շարժվելու) առաջնորդում է անկեղծ մարդկանց ճիշտ ուղղությամբ։ «Գամված մեխերի» շնորհիվ կառույցը կայուն ու հաստատուն է դառնում։ Նմանապես, լավ խորհուրդ տալու շնորհիվ կայուն ու հաստատուն արդյունքներ կարող են լինել։ Իմաստունները «հավաքում»՝ անսահման ուրախություն են ստանում, երբ ուշադրություն են դարձնում «ասույթներին», որոնք արտացոլում են իրենց «մեկ հովվի»՝ Եհովայի իմաստությունը։

Խորհուրդ տալիս ընդօրինակիր Հովվին։ Ի՜նչ մեծ առանձնաշնորհում է հնարավորության դեպքում լսող ականջ լինելը և օգտակար խորհուրդ տալը։ Եթե մեր խորհուրդն իսկապես հիմնված է աստվածաշնչյան սկզբունքների վրա, այն ողջամիտ կլինի ու կնպաստի լսողի հարատև բարօրությանը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը