Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w11 12/1 էջ 23–25
  • «Սիրելու ժամանակ և ատելու ժամանակ»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Սիրելու ժամանակ և ատելու ժամանակ»
  • 2011 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստծու սերը և Աստծու ատելությունը
  • Երբ ատելությունն արդարացված է
  • Հավասարակշռված տեսակետ սիրո և ատելության վերաբերյալ
  • Ատելությունն արմատախիլ անելու միակ միջոցը
    2000 Դիտարան
  • Սերը կօգնի դիմանալ ատելությանը
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչո՞ւ է աշխարհը ողողված ատելությամբ։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
    Այլ նյութեր
  • Ինչպես է առաջանում ատելության շղթան
    2022 Դիտարան (հանրային թողարկում)
Ավելին
2011 Դիտարան
w11 12/1 էջ 23–25

«Սիրելու ժամանակ և ատելու ժամանակ»

«ԱՍՏՎԱԾ սեր է»։ Որոշ երկրներում մարդիկ այս արտահայտությունը փակցնում են իրենց տան պատին։ Այո՛, սա Աստծուն բնորոշող մի գեղեցիկ արտահայտություն է, Աստված, որը սիրո մարմնացումն է։

Բազմաթիվ մարդիկ, սակայն, չգիտեն, որ այս խոսքերը վերցված են Աստվածաշնչից։ Դրանք գրել է Հովհաննես առաքյալը. «Ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, որովհետև Աստված սեր է» (1 Հովհաննես 4։8)։ Հովհաննեսը նաև գրեց այն մասին, թե որքան մեծ է Աստծու սերը. «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։16)։

Ելնելով այս խոսքերից՝ ոմանք գուցե մտածեն, թե Աստված լուրջ ուշադրություն չի դարձնում մարդկանց գործերին։ Բազմաթիվ մարդկանց ապրելակերպից երևում է, որ նրանք այն կարծիքին են, թե ինչ էլ որ անեն, Աստված իրենցից հաշիվ չի պահանջի։ Բայց իրո՞ք դա այդպես է։ Աստված բոլորի՞ն է սիրում՝ և՛ բարիներին, և՛ չարերին։ Իսկ լինո՞ւմ է, որ Աստված ատում է։

Աստծու սերը և Աստծու ատելությունը

Իմաստուն Սողոմոն թագավորը գրեց. «Ամեն ինչ իր ժամանակն ունի, և երկնքի տակ եղող ամեն գործի համար ժամանակ կա.... սիրելու ժամանակ և ատելու ժամանակ» (Ժողովող 3։1, 8)։ Ըստ այս սկզբունքի՝ թեև Աստված սիրառատ է ու բարի, սակայն լինում են ժամանակներ, երբ նա ատում է։

Նախ տեսնենք, թե «ատել» բառը ինչ իմաստով է օգտագործվում Աստվածաշնչում։ Մի աշխատությունում ասվում է. «Սուրբ Գրքում «ատել» բառը ունի մի քանի իմաստ։ Այն կարող է նշանակել «մեծ թշնամություն, երկարատև չարակամություն, որը հաճախ ուղեկցվում է չար դիտավորությամբ»։ Այդպիսի ատելությունը կարող է ամբողջությամբ տիրել մարդուն և դրդել վնաս հասցնելու ատելության օբյեկտին»։ «Ատել» բառը մենք ամենից շատ հասկանում ենք հենց այս իմաստով և տեսնում ենք, թե այդպիսի ատելությունը ինչ հետևանքներ է թողնում ամբողջ աշխարհում։ Այդ նույն աշխատությունում նաև ասվում է. ««Ատելություն» բառը կարող է ունենալ նաև խիստ տհաճության և անբարյացակամության իմաստ, բայց առանց վնաս հասցնելու դիտավորության»։

Մենք կխոսենք հենց այս երկրորդ իմաստի մասին։ Դա խոր զզվանքն է՝ առանց չարամտության և վնասելու ցանկության։ Կարո՞ղ է Աստված այսպիսի ատելություն ունենալ։ Առակներ 6։16–19 համարներում գրված է. «Վեց բան կա, որ Եհովան ատում է, և յոթ բան գարշելի է նրա հոգու համար. գոռոզ աչքեր, ստախոս լեզու, անմեղ արյուն թափող ձեռքեր, չար ծրագրեր հնարող սիրտ, չարիք գործելու համար արագ վազող ոտքեր, ստեր խոսող կեղծ վկա և եղբայրների մեջ վեճ սերմանող»։

Ինչպես տեսնում ենք, կան գործեր, որոնք Աստված ատում է։ Բայց սա չի նշանակում, որ նա անպայման ատում է նման բաներ անողներին։ Նա հաշվի է առնում մեղմացուցիչ հանգամանքները՝ մարմնական թուլությունը, դաստիարակությունը, անտեղյակությունը և այլն (Ծննդոց 8։21; Հռոմեացիներ 5։12)։ Առակներ 3։12-ում ասվում է. «Ում Եհովան սիրում է, նրան հանդիմանում է, ինչպես հայրն է հանդիմանում իր սիրելի որդուն»։ Ծնողը գուցե ատի իր երեխայի անհնազանդությունը, բայց նա շարունակում է սիրել նրան և ամեն ինչ անում է, օրինակ՝ կարող է խրատել կամ պատժել, որ երեխան այլևս վատ բաներ չանի։ Ծնողի այս օրինակը օգնում է մեզ հասկանալու, թե սիրառատ Աստվածը ինչպես է վարվում, երբ մեղավոր մարդուն փրկելու հույս է լինում։

Երբ ատելությունն արդարացված է

Ինչպե՞ս է Աստված վերաբերվում այն մարդուն, ով գիտելիքներ է ձեռք բերում իր կամքի մասին, բայց հրաժարվում է այն կատարել։ Այդպիսի մարդը Աստծու մեջ ոչ թե սեր է առաջացնում, այլ տհաճություն։ Իսկ եթե համառորեն շարունակում է անել այն, ինչ ատում է Եհովան, ապա Նրա մեջ ատելություն է առաջացնում։ Օրինակ՝ Աստվածաշունչն ասում է. «Եհովան քննում է ինչպես արդարին, այնպես էլ ամբարշտին, իսկ բռնություն սիրողին ատում է Նրա հոգին» (Սաղմոս 11։5)։ Պողոս առաքյալի՝ եբրայեցի քրիստոնյաներին գրած նամակից երևում է, որ չզղջացող մարդիկ չեն ներվելու. «Եթե ճշմարտությունը ստույգ իմանալուց հետո հոժար կամքով շարունակում ենք մեղք գործել, ապա մեղքերի համար այլևս զոհ չի մնում, այլ մնում է միայն սպասել ահազդու դատաստանին և կրակոտ խանդին, որը սպառելու է հակառակվողներին» (Եբրայեցիներ 10։26, 27)։ Ինչո՞ւ է սիրո Աստվածը այսպես անելու։

Երբ մարդը շարունակաբար ծանր մեղք է գործում, ապա ի վերջո այնպես է խորանում ամբարշտության մեջ, որ այլևս չի կարողանում դուրս գալ այնտեղից։ Նա կարող է դառնալ այլասերված և անուղղելի։ Աստվածաշունչը այսպիսի մարդուն համեմատում է ընձառյուծի հետ, որը չի կարող փոխել իր մորթու բծերը (Երեմիա 13։23)։ Այդպիսի մարդը ի վիճակի չէ զղջալու, և նա անում է այն, ինչ Սուրբ Գիրքը կոչում է «հավիտենական մեղք», իսկ այսպիսի մեղքի համար ներում չկա (Մարկոս 3։29)։

Ադամի, Եվայի և Հուդա Իսկարիովտացու օրինակը սա է փաստում։ Չնայած Ադամն ու Եվան կատարյալ էին ստեղծված և լիովին հասկացել էին Աստծու՝ իրենց տրված պատվիրանը, ակնհայտ է, որ նրանք գիտակցաբար մեղք գործեցին, հետևաբար արդարացում չունեին։ Աստծու խոսքերից երևում է, որ նա նրանց չէր առաջարկում զղջալ (Ծննդոց 3։16–24)։ Հուդան, անկատար լինելով հանդերձ, հնարավորություն ուներ մոտիկից շփվելու Աստծու միածին Որդու հետ։ Բայց նա, այնուամենայնիվ, դավաճան դուրս եկավ։ Հիսուսն ինքը նրան անվանեց «կործանման որդի» (Հովհաննես 17։12)։ Սատանային՝ ստաժավոր մեղսագործին, նույնպես կործանում է սպասում (1 Հովհաննես 3։8; Հայտնություն 12։12)։ Այս բոլոր անձնավորությունները Աստծու մեջ ատելություն առաջացրին։

Մխիթարական է իմանալ, որ մարդիկ հիմնականում աններելի մեղքեր չեն գործում. նրանք հաճախ մեղանչում են՝ չգիտակցելով դա։ Եհովան ասում է. «Ինձ ոչ թե ամբարշտի մահն է հաճույք պատճառում, այլ այն, որ ամբարիշտը հետ դառնա իր ճանապարհից ու ապրի» (Եզեկիել 33։11)։ Աստված շատ համբերատար է և առաջարկում է զղջալ ու ներում ստանալ։ Կարդում ենք. «Թող ամբարիշտը թողնի իր ճանապարհը, և վնասարար մարդը՝ իր մտքերը։ Թող նա վերադառնա դեպի Եհովան, որը կողորմի նրան, ու դեպի մեր Աստվածը, որովհետև նա մեծահոգաբար կների» (Եսայիա 55։7)։

Հավասարակշռված տեսակետ սիրո և ատելության վերաբերյալ

Հստակ է, որ ճշմարիտ քրիստոնյաները կարիք ունեն պարզելու, թե երբ է «սիրելու ժամանակը» և երբ է «ատելու ժամանակը»։ Զգացմունքայնությունը կարող է խանգարել մարդուն հավասարակշռված կերպով դրսևորել սեր և ողորմություն։ Հուդա աշակերտի խոսքերը կարող են օգնել մեզ հավասարակշռություն պահելու ողորմություն ցույց տալու և մեղքը ատելու միջև։ «Շարունակեք ողորմություն ցուցաբերել մյուսների հանդեպ, և դա արեք զգուշությամբ՝ ատելով նույնիսկ այն հանդերձը, որն աղտոտված է մարմնից» (Հուդա 22, 23)։ Ուստի պետք է ատենք այն, ինչը չար է, և ոչ թե այն մարդուն, ով չարություն է անում։

Բացի այս, քրիստոնյաներին պատվեր է տրված սիրելու իրենց թշնամիներին, այն է՝ բարիք անել նրանց։ «Շարունակեք սիրել ձեր թշնամիներին և աղոթել ձեզ հալածողների համար»,— ասաց Հիսուսը (Մատթեոս 5։44)։ Ահա թե ինչու են Եհովայի վկաները շարունակում քարոզել Աստծու Թագավորության մասին բարի լուրը՝ չնայած մարդկանց անտարբերությանը (Մատթեոս 24։14)։ Իրերին նայելով Աստվածաշնչի տեսանկյունից՝ Վկաները համարում են, որ յուրաքանչյուր մարդ կարող է արժանանալ Եհովայի սիրուն և ողորմածությանը։ Երբ մարդիկ չեն գնահատում նրանց ջանքերը կամ երբ մերժում են նրանց և նույնիսկ հալածում, նրանք կիրառում են Պողոս առաքյալի հետևյալ խորհուրդը. «Օրհնեք ձեզ հալածողներին. օրհնեք և մի անիծեք.... Ոչ մեկին չարի փոխարեն չարով մի հատուցեք» (Հռոմեացիներ 12։14, 17)։ Եհովայի վկաները հիշում են, որ Աստված է որոշում, թե ով է արժանի իր սիրուն և ով է արժանի իր ատելությանը։ Նա է Դատավորը կյանքի ու մահվան հարցում (Եբրայեցիներ 10։30)։

Այո՛, «Աստված սեր է»։ Մենք պետք է երախտագիտություն դրսևորենք նրա սիրո համար և ջանանք իմանալ, թե որն է նրա կամքը, իսկ հետո անենք այն։ Ձեր բնակավայրի Եհովայի վկաները ուրախ կլինեն օգնելու քեզ քո իսկ Աստվածաշնչով իմանալու, թե որն է Աստծու կամքը և ինչպես Աստծու պատվիրանները կիրառել կյանքում։ Եթե այսպես վարվես, Աստված քեզ ոչ թե կատի, այլ կսիրի։

[մեջբերում 23-րդ էջի վրա]

«Վեց բան կա, որ Եհովան ատում է, և յոթ բան գարշելի է նրա հոգու համար. գոռոզ աչքեր, ստախոս լեզու, անմեղ արյուն թափող ձեռքեր, չար ծրագրեր հնարող սիրտ, չարիք գործելու համար արագ վազող ոտքեր, ստեր խոսող կեղծ վկա և եղբայրների մեջ վեճ սերմանող» (ԱՌԱԿՆԵՐ 6։16–19)։

[մեջբերում 24-րդ էջի վրա]

«Եթե ճշմարտությունը ստույգ իմանալուց հետո հոժար կամքով շարունակում ենք մեղք գործել, ապա մեղքերի համար այլևս զոհ չի մնում, այլ մնում է միայն սպասել ահազդու դատաստանին և կրակոտ խանդին, որը սպառելու է հակառակվողներին» (ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐ 10։26, 27)։

[մեջբերում 25-րդ էջի վրա]

«Թող ամբարիշտը թողնի իր ճանապարհը, և վնասարար մարդը՝ իր մտքերը։ Թող նա վերադառնա դեպի Եհովան, որը կողորմի նրան.... մեծահոգաբար կների» (ԵՍԱՅԻԱ 55։7)։

[նկար 24-րդ էջի վրա]

Ցանկանալով օգնել երեխային՝ սիրող ծնողը խրատում է նրան

[նկար 25-րդ էջի վրա]

Շատ բանտարկյալներ օգուտներ են քաղում Աստծու սիրուց և ողորմությունից

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը