Ինչպե՞ս եք վերաբերվում մահվանը
Մահը սպառնում է մեզ ամեն ժամանակ, նույնիսկ առօրյայում՝ անկախ մեր առողջական կամ նյութական վիճակից։ Այն կարող է վրա հասնել ցանկացած պահի՝ փողոցն անցնելիս, թե անկողնում պառկած ժամանակ։ 2001 թ. սեպտեմբերի 11–ին Նյու Յորքում և Վաշինգտոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները և նմանօրինակ այլ աղետներ ստիպում են մեզ ընդունելու այն իրողությունը, որ «վերջին թշնամին»՝ մահը, հաշվի չի նստում իր զոհերի տարիքի կամ հասարակական դիրքի հետ ու երբեմն հազարավոր մարդկանց կյանքեր է խլում հաշված րոպեների ընթացքում (Ա Կորնթացիս 15։26)։
Չնայած դրան՝ մահը, ինչպես երևում է, չափազանց բորբոքում է մարդկանց հետաքրքրությունը։ Ոչ մի նորություն այդքան չի մեծացնում թերթերի պահանջարկը և այդքան շատ մարդ չի հավաքում հեռուստաէկրանների առջև, որքան լուրը մահվան մասին, հատկապես՝ սարսափելի պայմաններում տեղի ունեցած՝ մեծ թվով մարդկանց մահվան։ Մարդկանց, կարծես թե, չեն հոգնեցնում նման լուրերը՝ անկախ այն բանից՝ խոսքը պատերազմի, բնական աղետի, հանցագործության, թե հիվանդության պատճառով վրա հասած մահվան մասին է։ Բայց ամենազարմանալին այն է, թե ինչպիսի հուզմունք է առաջ բերում հասարակական գործիչների և հանրահայտ մարդկանց մահը։
Այս ամենն անհերքելի է։ Մահը շարունակում է բորբոքել մարդկանց հետաքրքրությունը, բայց՝ ուրիշների մահը։ Իսկ սեփական մահվան մասին մարդիկ չեն ցանկանում մտածել։
Տարակուսանքի մեջ՝ մահվա՞ն պատճառով
Սեփական մահվան մասին մտածելն անգամ տհաճ է, և միշտ էլ այդպես է լինելու։ Ինչո՞ւ։ Որովհետև Աստված հավիտյան ապրելու փափագ է դրել մեր մեջ։ «Նա.... յաւիտենականութիւնը դրել է նորանց սրտումը»,— ասվում է Ժողովող 3։11–ում։ Դա է պատճառը, որ մահվան անխուսափելիությունը մարդու մեջ ներքին պայքար է առաջացնում՝ աններդաշնակության մշտական զգացում։ Այդ զգացումը հաղթահարելու, ինչպես նաև մշտապես ապրելու ձգտումը բավարարելու համար մարդիկ տարբեր տեսակի հավատալիքներ են հորինել՝ հոգու անմահության գաղափարից սկսած և վերամարմնավորման ուսմունքով վերջացրած։
Ամեն դեպքում, մահը տանջալից և վհատեցնող երևույթ է, որը ահ է սփռում ամենուր։ Ուստի զարմանալի չէ, որ մարդիկ հիմնականում վախենում են նրանից։ Սակայն մահվան իրողությունը օգնում է հասկանալու, որ անիմաստ է կյանքի նպատակ դարձնել հարստության և իշխանության ձգտումը։
Մենության մե՞ջ դիմավորել մահը
Անցյալում՝ անհուսալիորեն հիվանդ կամ մահացու վիրավորված անհատին սովորաբար թողնում էին, որ մահանա իր տանը՝ ծանոթ ու սիրելի միջավայրում։ Հաճախ այդպես էին վարվում աստվածաշնչյան ժամանակներում։ Որոշ մշակույթներում մինչև հիմա էլ այդպես է (Ծննդոց 49։1, 2, 33)։ Նման դեպքերում ընտանիքի անդամները հավաքվում են մահամերձ անհատի շուրջ, իսկ խոսակցությանը մասնակցում են նույնիսկ երեխաները։ Դա օգնում է, որ ընտանիքի անդամները իրենց մենակ չզգան և մխիթարվեն՝ պատասխանատվությունն ու վիշտը միմյանց հետ կիսելով։
Հակառակ դրան՝ որոշ վայրերում մահվան մասին զրույցները վհատեցնող են համարվում և արգելված են, իսկ երեխաներին հեռու են պահում նման բաներից՝ համարելով, որ դա չափազանց մեծ էմոցիոնալ լարում կլինի նրանց համար։ Այսօր մարդիկ իրենց մահը բոլորովին այլ կերպ են դիմավորում, հաճախ՝ միայնության մեջ։ Ու թեև շատերը կնախընտերին իրենց մահը դիմավորել տանը, հանգիստ միջավայրում, ընտանիքի հոգատար անդամներով շրջապատված, սակայն դաժան իրականությունն այն է, որ նրանք մեռնում են հիվանդանոցում՝ հաճախ մեկուսացած, ցավերի մեջ, անկենդան սարքավորումներով շրջապատված։ Միլիոնավոր մարդիկ էլ դառնում են ցեղասպանության, սովի, ՁԻԱՀ հիվանդության, քաղաքական պատերազմների ու չքավորության անանուն զոհեր։
Խորհրդածելու առարկա
Աստվածաշնչում արգելված չէ մահվան մասին խորհրդածել։ Ընդհակառակը՝ Ժողովող 7։2–ում ասվում է «Լաւ է գնալ սուգի տունը, քան թէ գնալ խնջոյքի տունը, որովհետեւ մահը ամեն մարդի վերջն է»։ Բախվելով մահվան իրողության հետ՝ մենք կտրվում ենք առօրյա հոգսերից և սկսում ենք խորհել կյանքի կարճատևության մասին։ Իսկ դա օգնում է, որ անիմաստ կերպով չվատնենք մեր կյանքը։
Իսկ ինչպե՞ս եք դուք վերաբերվում մահվանը։ Երբևէ վերլուծե՞լ եք ձեր զգացմունքները, հավատալիքները, հույսերն ու տագնապները՝ դրա հետ կապված։
Մարդու ուժերից վեր է բացատրել և ընկալել կյանքի ու մահվան բնույթը։ Միակ անձնավորությունը, որ ի զորու է այդ մասին ճշգրիտ տեղեկություններ հայտնելու, մեր Արարիչն է։ Նրա մոտ է «կեանքի աղբիւրը», և նա է, որ «ազատում է մահից» (Սաղմոս 36։9; 68։20)։ Գուցե զարմանալի թվա, բայց եթե փորձեք մահվան մասին որոշ հայտնի հավատալիքներ ուսումնասիրել Աստվածաշնչի լույսի ներքո, մխիթարություն և քաջալերանք կստանաք։ Նաև կիմանաք, որ անպայման չէ՝ մահով ամեն ինչ վերջանա։
[մեջբերում 4–րդ էջի վրա]
Մահվան իրողությունը մղում է, որ ավելի իմաստալից կյանք վարենք