Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 12/1 էջ 8–էջ 11 պարբ. 13
  • Ուշագրավ մտքեր «Եսայիա» գրքից (մաս 1)

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ուշագրավ մտքեր «Եսայիա» գրքից (մաս 1)
  • 2006 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «ՄՆԱՑՈՐԴԸ ՊԻՏԻ ԴԱՌՆԱՅ»
  • (Եսայիա 1։1–12։6)
  • «ՏԷՐԸ ՈՂՈՐՄԵԼՈՒ Է ՅԱԿՈԲԻՆ»
  • (Եսայիա 13։1–35։10)
  • Եսայիայի մարգարեությունը ամրացնում է մեր վստահությունը Աստծու Խոսքի հանդեպ
  • Աստվածաշնչի գիրք համար 23. Եսայիա
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Եսայիա
    Աստվածաշնչի ըմբռնում
  • Ուշագրավ մտքեր «Եսայիա» գրքից (մաս 2)
    2007 Դիտարան
  • Փրկվելու են նրանք, ովքեր ընտրում են լույսը
    2001 Դիտարան
2006 Դիտարան
w06 12/1 էջ 8–էջ 11 պարբ. 13

Եհովայի Խոսքը կենդանի է

Ուշագրավ մտքեր «Եսայիա» գրքից (մաս 1)

«ՈՐԻ՞Ն ուղարկեմ, եւ ո՞վ կ’գնայ մեզ համար»։ Եհովա Աստծու տված այս հրավերին Ամովսի որդի Եսայիան պատասխանում է. «Ահա ես, ինձ ուղարկիր» (Եսայիա 1։1; 6։8)։ Այդ ժամանակ նա նշանակվում է որպես մարգարե։ Եսայիայի մարգարեական գործունեությունն արձանագրված է Աստվածաշնչի այն գրքում, որը կրում է նրա անունը։

Գիրքը գրել է հենց ինքը՝ Եսայիան։ Այնտեղ նշված դեպքերը տեղի են ունեցել 46 տարվա ժամանակամիջոցում՝ սկսած մ.թ.ա. 778–ից մինչև մ.թ.ա. 732–ը։ Թեև գրքում նկարագրվում են Աստծու դատական վճիռները Հուդայի, Իսրայելի և շրջակա ազգերի դեմ, այնուամենայնիվ գլխավոր թեման դատաստանը չէ։ Գրքի հիմնական միտքը Եհովա Աստծու տված փրկությունն է (Եսայիա 25։9)։ Հենց «Եսայիա» անունը նշանակում է «փրկություն՝ Եհովայից»։ Այս հոդվածում կքննարկվեն Եսայիա 1–35 գլուխները։

«ՄՆԱՑՈՐԴԸ ՊԻՏԻ ԴԱՌՆԱՅ»

(Եսայիա 1։1–12։6)

Աստվածաշնչում չի նշվում, թե արդյոք Եսայիան արդեն նշանակվել էր որպես մարգարե, երբ գրեց գրքի առաջին հինգ գլուխները (Եսայիա 6։6–9)։ Սակայն պարզ է մի բան. Հուդան և Երուսաղեմը «ոտքի թաթից մինչեւ գլուխը» գտնվում են հոգևորապես հիվանդ վիճակում (Եսայիա 1։6)։ Ամենուրեք կռապաշտություն է։ Առաջնորդները կաշառակերությամբ են զբաղվում։ Կանայք դարձել են ամբարտավան։ Մարդիկ չեն ծառայում ճշմարիտ Աստծուն ընդունելի կերպով։ Եսայիան առաջադրանք է ստանում գնալ և կրկին ու կրկին Եհովայի պատգամը հայտնել այն մարդկանց, ովքեր չեն հասկանում և չեն ուզում գիտելիքներ ձեռք բերել։

Իսրայելի և Ասորիքի միացյալ ուժերը պատրաստվում են ներխուժել Հուդա։ Եսայիային ու նրա երեխաներին օգտագործելով որպես «նշաններ եւ սքանչելիքներ [«հրաշքներ», ԷԹ]»՝ Եհովան վստահեցնում է Հուդային, որ իսրայելա–ասորական զորքերը հաջողության չեն հասնի (Եսայիա 8։18)։ Մշտատև խաղաղություն, սակայն, կարող է հաստատվել միմիայն ‘Խաղաղության իշխանի’ շնորհիվ (Եսայիա 9։6, 7)։ Եհովան պատասխանատվության է կանչելու նաև Ասորեստանին, որին նա օգտագործում է որպես իր ‘բարկության գավազան’։ Հուդան վերջիվերջո գերության է տարվելու, բայց «մնացորդը պիտի [վերադառնա]» (Եսայիա 10։5, 21, 22)։ Ճշմարիտ արդարադատությունը լինելու է «Յեսսէի բունիցը» դուրս եկած այլաբանական ‘շառավղի’ իշխանության ժամանակ (Եսայիա 11։1)։

Սուրբգրային հարցեր և պատասխաններ

1։8, 9 — Ի՞նչ է նշանակում այն, որ Սիոնի աղջիկը «մնացել է այգիի միջի մի խրճիթի պէս, եւ ինչպէս մի հիւղ վարունգի արտում»։ Դա նշանակում է, որ ասորեստանյան արշավանքի ժամանակ Երուսաղեմը չափազանց անպաշտպան է թվալու, ինչպես մի խրճիթ՝ խաղողի այգում, կամ մի հեշտ քանդվող հյուղակ՝ վարունգի արտում։ Բայց Եհովան նրան օգնության է հասնելու և թույլ չի տալու, որ նա Սոդոմի ու Գոմորի պես դառնա։

1։18 — Ի՞նչ են նշանակում «հիմա եկէք ու վիճաբանենք» խոսքերը։ Դա քննարկում անելու և փոխզիջումների միջոցով համաձայնության գալու հրավեր չէ։ Այս համարը վերաբերում է դատական նիստի, որտեղ արդար Դատավորը՝ Եհովան, Իսրայելին փոխվելու և մաքրվելու հնարավորություն է տալիս։

6։8ա — Ինչո՞ւ է այս համարում նախ խոսվում առաջին դեմքով և եզակի թվով, իսկ այնուհետև օգտագործվում «մեզ» դերանունը։ «Ուղարկեմ» բառն ասում է Եհովա Աստված։ Իսկ «մեզ» դերանունը՝ հոգնակի թվով, ցույց է տալիս, որ Եհովայից բացի կա ևս մեկ անձնավորություն։ Դա, իհարկե, նրա ‘միածին Որդին է’ (Յովհաննէս 1։14; 3։16)։

6։11 — Ի՞նչ նկատի ուներ Եսայիան՝ ասելով. «Մինչեւ ե՞րբ, Տէր իմ»։ Եսայիան չէր հարցնում այն մասին, թե մինչև երբ է ինքը Եհովայի պատգամը հայտնելու անտարբեր մարդկանց։ Նա ցանկանում էր իմանալ, թե մինչև երբ է ժողովրդի հոգևորապես հիվանդ վիճակը շարունակելու անարգանք բերել Աստծու անվանը։

7։3, 4 — Ինչո՞ւ Եհովան փրկեց չար Աքազ թագավորին։ Ասորիքի և Իսրայելի թագավորները պլանավորում էին գահընկեց անել Հուդայի Աքազ թագավորին և նրա փոխարեն մարիոնետային կառավարիչ նշանակել Տաբեելի որդուն, մի մարդու, որը Դավթի ժառանգը չէր։ Այս դիվային մտադրության նպատակն էր խաթարել Դավթի հետ հաստատված Թագավորության ուխտը։ Եհովան փրկություն շնորհեց Աքազին, որպեսզի պահպանի այն շառավիղը, որից գալու էր խոստացյալ ‘Խաղաղության իշխանը’ (Եսայիա 9։6)։

7։8 — Ինչպե՞ս Եփրեմը ‘ջնջվեց’ վաթսունհինգ տարվա ընթացքում։ Տասցեղ թագավորությունից ժողովրդի արտաքսումը ու երկրի բնակեցումը օտարերկրացիներով սկսվեց «Իսրայէլի թագաւոր Փակէէի օրերումն»՝ այս մարգարեական խոսքերը Եսայիայի կողմից ասվելուց կարճ ժամանակ հետո (Դ Թագաւորաց 15։29)։ Դա շարունակվեց մինչև Ասորեստանի թագավոր Ասարհադոնի օրերը, որը Սենեքերիմի որդին ու հաջորդն էր (Դ Թագաւորաց 17։6; Եզրաս 4։1, 2; Եսայիա 37։37, 38)։ Ասորեստանցիների ձեռնարկած այդ շարունակական վերաբնակեցումը, երբ մարդկանց Սամարիայից տեղահան էին անում, իսկ նրանց փոխարեն ուրիշներին բնակեցնում, համապատասխանում է 65 տարիների ժամանակահատվածին, որոնք հիշատակվում են Եսայիա 7։8–ում։

11։1, 10 — Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսը լինել և՛ «մի շառավիղ», կամ՝ ընձյուղ, որ դուրս է գալիս «Յեսսէի բունիցը», և՛ «Յեսսէի արմատը» (Հռովմայեցիս 15։12)։ Հիսուսը ‘Հեսսեի բնից’ էր, քանի որ, ըստ Դավթի տոհմաբանության, Հեսսեի հետնորդն էր (Մատթէոս 1։1–6; Ղուկաս 3։23–32)։ Այնուհանդերձ, Հիսուսը թագավորական իշխանություն է ստացել, և դա անդրադառնում է այն հարաբերության վրա, որ գոյություն ունի նրա ու նրա նախնիների միջև։ Ստանալով զորություն և հնազանդ մարդկությանը երկրային դրախտում հավիտենական կյանք պարգևելու իշխանություն՝ Հիսուսը դառնում է նրանց Հավիտենական Հայրը (Եսայիա 9։6, ՆԱ)։ Հետևաբար, նա նաև իր նախնիների, այդ թվում նաև Հեսսեի ‘արմատն’ է։

Դասեր մեզ համար

1։3. Չցանկանալ ապրել մեր Ստեղծիչի պահանջներով՝ նշանակում է ավելի քիչ իմանալ, քան եզը կամ էշը։ Սակայն, եթե երախտագիտություն զարգացնենք այն ամենի համար, ինչ Եհովան արել է մեզ համար, ապա չմտածված քայլեր չենք անի և Եհովային չենք լքի։

1։11–13. Կրոնական կեղծավոր արարողությունները և ձևական աղոթքները անտանելի են Եհովայի համար։ Մեր գործերն ու աղոթքները պետք է բխեն սրտի ճիշտ մղումներից։

1։25–27; 2։2; 4։2, 3. Հուդայի բնակիչների գերեվարումը և նրա ամայացումը վերջանալու էին, երբ ժողովրդի զղջամիտ մնացորդը վերադառնար Երուսաղեմ, և ճշմարիտ երկրպագությունը վերականգնվեր։ Եհովան ողորմած է զղջացող մեղավորների հանդեպ։

2։2–4. Թագավորության բարի լուրը քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործում եռանդ դրսևորելով՝ մենք կօգնենք բազմաթիվ ազգերի մարդկանց սովորել խաղաղության ճանապարհները և խաղաղ հարաբերություններ պահպանել միմյանց հետ։

4։4. Եհովան ‘կլվանա’, կամ՝ կվերացնի բարոյական աղտոտվածությունը և արյունապարտությունը։

5։11–13. Զվարճության հարցում զսպված և հավասարակշռված չլինել՝ նշանակում է վարվել տգիտությամբ (Հռովմայեցիս 13։13)։

5։21–23. Քրիստոնյա երեցները, կամ՝ վերակացուները, չպետք է «իրանց աչքին իմաստուն» լինեն։ Նրանք նաև պետք է չափավոր լինեն ‘գինի խմելու’ հարցում և զգուշանան, որ կողմնապահություն չանեն։

11։3ա. Հիսուսի օրինակը և ուսմունքները ցույց են տալիս, որ Եհովայի հանդեպ վախը ուրախություն է բերում։

«ՏԷՐԸ ՈՂՈՐՄԵԼՈՒ Է ՅԱԿՈԲԻՆ»

(Եսայիա 13։1–35։10)

13–23-րդ գլուխներում նկարագրվում են Եհովայի դատավճիռները ազգերի դեմ։ Սակայն «Տէրը ողորմելու է Յակոբին»՝ թույլ տալով, որ Իսրայելի բոլոր ցեղերը հայրենիք վերադառնան (Եսայիա 14։1)։ 24–27-րդ գլուխներում խոսվում է Հուդայի ամայացման մասին, ինչպես նաև տրվում է վերականգնման խոստում։ Եհովան արտահայտում է իր զայրույթը «Եփրեմի [Իսրայելի] արբեցողների» վրա՝ Ասորիքի հետ դաշնակցելու համար, ինչպես նաև Հուդայի ‘քահանայի ու մարգարեի’ վրա՝ Ասորեստանի հետ դաշնակցություն փնտրելու համար (Եսայիա 28։1, 7)։ «Վայ Արիէլին [Երուսաղեմին]», որ նրա բնակիչները «գնում են իջնում Եգիպտոս»՝ պաշտպանություն փնտրելու նպատակով (Եսայիա 29։1; 30։1, 2)։ Սակայն, համաձայն մարգարեության, ովքեր հավատ են ցուցաբերում Եհովայի հանդեպ, փրկվելու են։

Ինչպես որ ‘առյուծի կորյունն է մռնչում իր որսի համար’, այնպես էլ Եհովան պահպանելու է ‘Սիոն սարը’ (Եսայիա 31։4)։ Եհովան մեկ ուրիշ խոստում էլ է տալիս. «Ահա մի թագաւոր արդարութեամբ է թագաւորելու» (Եսայիա 32։1)։ Ասորեստանը սպառնում է Հուդային, և նույնիսկ ‘խաղաղության դեսպաններն’ են դառնապես լաց լինում, բայց Եհովան խոստանում է, որ իր ժողովուրդը բժշկվելու է, և «նորա անօրէնութիւնը թողուած» է լինելու (Եսայիա 33։7, 22–24)։ «Տիրոջ բարկութիւնը բոլոր ազգերի վերայ է, եւ սրտմտութիւնը՝ նորանց բոլոր զօրքերի վերայ» (Եսայիա 34։2)։ Հուդան ամայացած չի մնալու։ «Անապատն ու չոր երկիրը կ’ուրախանան, եւ կ’ցնծայ ամային ու կ’ծաղկի շուշանի պէս» (Եսայիա 35։1)։

Սուրբգրային հարցեր և պատասխաններ

13։17 — Ի՞նչ իմաստով մարերը «արծաթը մի բան չեն համարում, եւ ոսկիին չեն հաւանում»։ Մարերն ու պարսիկները հաղթանակի փառքը պատերազմական ավարից բարձր էին դասում։ Դրա մասին է վկայում այն, որ Կյուրոսը գերությունից վերադարձող իսրայելացիներին տվեց արծաթե և ոսկե այն պիտույքները, որոնք Նաբուգոդոնոսորը տարել էր Եհովայի տաճարից։

14։1, 2 — Ինչպե՞ս Եհովայի ծառաները ‘գերի արեցին իրենց գերեվարներին և տիրեցին իրենց վրա բռնացողներին’։ Այս խոսքերը կատարվեցին Դանիելի վրա, որը բարձր պաշտոն զբաղեցրեց Բաբելոնում մարերի և պարսիկների օրոք, Եսթերի վրա, որը դարձավ պարսից թագուհի, և Մուրթքեի վրա, որը պարսկական կայսրության մեջ վարչապետ նշանակվեց։

20։2–5 — Իսկապե՞ս Եսայիան երեք տարի շարունակ լրիվ մերկ էր «շրջում»։ Հավանաբար, Եսայիան հանեց միայն վերնազգեստը և «շրջում էր» թեթևակի հագնված։ «Մերկ» թարգմանված եբրայերեն բառը կարող է նաև մատնանշել, որ անհատը մասամբ է հագնված (Բ Թագավորաց 6։14, 20)։

21։1 — Ո՞ր տարածքն է կոչվում ‘ծովի անապատ’։ Թեև Բաբելոնը մոտ չէր ոչ մի ծովի, այնուամենայնիվ խոսքը հենց նրա մասին է։ Ինչո՞ւ։ Որովհետև ամեն տարի Եփրատ և Տիգրիս գետերը, վարարելով, հեղեղում էին այդ տարածքը՝ առաջացնելով ճահճոտ «ծով»։

24։13–16 — Ինչպե՞ս էին հրեաները դառնալու «ժողովուրդների միջումը.... ինչպէս թափած ձիթենին, ինչպէս ճռաքաղ այգեկութը վերջանալուց յետոյ»։ Մի քանի պտուղների պես, որոնք բերքահավաքից հետո մնում են ծառի կամ խաղողի որթի վրա, շատ քչերն էին վերապրելու Երուսաղեմի և Հուդայի ոչնչացումից։ Որտեղ էլ որ բնակվեին՝ «արեւելքումը [Բաբելոնում]» թե «[Միջերկրական] ծովի կղզիներումը», նրանք փառաբանելու էին Եհովային։

24։21 — Ովքե՞ր են ‘բարձանց զորքերը’ և ‘երկրի թագավորները’։ ‘Բարձանց զորքեր’ արտահայտությունը կարող է վերաբերել չար ոգեղեն ուժերին։ Իսկ ‘երկրի թագավորները’ երկրային կառավարիչներն են, որոնց վրա դևերը զորեղ ազդեցություն են գործում (Ա Յովհաննէս 5։19)։

25։7 — Ի՞նչ է «ծածկոցը, որ ծածկում է բոլոր ժողովուրդներին, եւ այն վարագոյրը որ վարագուրուած է բոլոր ազգերի վերայ»։ Այս համեմատությունը վերաբերում է մարդկության երկու մեծ թշնամիներին՝ մեղքին ու մահվանը։

Դասեր մեզ համար

13։20–22; 14։22, 23; 21։1–9. Եհովայի մարգարեական խոսքը միշտ կատարվում է, ինչպես որ եղավ Բաբելոնի դեպքում։

17։7, 8. Թեև իսրայելացիների մեծամասնությունը ականջ չդրեց Եհովայից եկած պատգամին, այնուամենայնիվ առանձին անհատներ իրենց հայացքն ուղղեցին դեպի Եհովան։ Նմանապես՝ քրիստոնեական աշխարհի ներկայացուցիչներից ոմանք արձագանքում են Թագավորության պատգամին։

28։1–6. Ասորեստանցիները կործանելու են իսրայելացիներին, սակայն Եհովան հոգ է տանելու, որ հավատարիմ անհատները փրկվեն։ Եհովայի դատաստանների ժամանակ արդարները միշտ էլ փրկության հույս ունեն։

28։23–29. Եհովան ուղղում է անկեղծ անհատներին՝ ելնելով նրանց առանձնահատուկ կարիքներից ու հանգամանքներից։

30։15. Եհովայից փրկություն ստանալու համար մենք պետք է հավատ դրսևորենք՝ «հանդարտ կենալով», այսինքն՝ փրկություն չորոնելով մարդկային կառույցներում։ Մենք նաև մեր «հանդարտութեամբ», այսինքն՝ անվախությամբ, ցույց ենք տալիս, որ վստահում ենք Եհովայի փրկելու կարողությանը։

30։20 ՆԱ, 21. Մենք ‘տեսնում’ ենք Եհովային և ‘լսում’ նրա՝ փրկության տանող ձայնը՝ ականջ դնելով այն ամենին, ինչ նա ասում է իր ներշնչյալ Խոսքի՝ Աստվածաշնչի, ու «հավատարիմ և իմաստուն ծառայի» միջոցով (Մատթէոս 24։45)։

Եսայիայի մարգարեությունը ամրացնում է մեր վստահությունը Աստծու Խոսքի հանդեպ

Որքա՜ն շնորհակալ կարող ենք լինել այն ամենի համար, որ Աստված ասում է «Եսայիա» գրքում։ Կատարված մարգարեություններն էլ ավելի են մեզ լցնում վստահությամբ, որ Եհովայի ‘բերանից դուրս եկած խոսքը պարապ ետ չի դառնա իր մոտ’ (Եսայիա 55։11)։

Իսկ ի՞նչ կարելի է ասել Մեսիային վերաբերող մարգարեությունների, օրինակ, Եսայիա 9։7–ում և 11։1–5, 10–ում գրվածների մասին։ Մի՞թե չեն զորացնում դրանք մեր հավատն այն բանի նկատմամբ, որ Եհովան կարող է միջոցներ ձեռնարկել մեր փրկության համար։ Գիրքը պարունակում է նաև մարգարեություններ, որոնք ավելի մեծ մասշտաբով կատարվում են մեր օրերում կամ դեռ կկատարվեն (Եսայիա 2։2–4; 11։6–9; 25։6–8; 32։1, 2)։ Այո՛, «Եսայիա» գիրքը ևս փաստում է, որ «Աստուծոյ խօսքը կենդանի է» (Եբրայեցիս 4։12)։

[նկար 8-րդ էջի վրա]

Եսայիան և նրա երեխաները «նշաններ եւ հրաշքներ» էին Իսրայելում

[նկար 9-րդ էջի վրա]

Երուսաղեմը դառնալու էր «այգիի միջի մի խրճիթի պէս»

[նկար 10-րդ էջի վրա]

Ինչպե՞ս են բոլոր ազգերի մարդիկ օգնություն ստանում, որ «իրանց սուրերը խոփեր» դարձնեն

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը