Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • kl գլ. 19 էջ 181–191
  • Երբ Աստծո գիտությունը լցնի երկիրը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երբ Աստծո գիտությունը լցնի երկիրը
  • Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Արմագեդոնից հետո՝ դրախտ–​երկիր
  • Մարդկությունը՝ վերափոխված
  • Ցնծություն բերող հարություն
  • Վերջապես կատարելություն
  • Ի՞նչ կանեք դուք
  • Աստծու նպատակը շուտով կիրականանա
    2006 Դիտարան
  • Աստված ի՞նչ նպատակ ունի երկրի առնչությամբ
    Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից
  • Դուք կարող եք ունենալ երջանիկ ապագա
    Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
  • Հիսուսը ավարտում է այն ամենը, ինչ Աստված պատվիրել էր
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
Ավելին
Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
kl գլ. 19 էջ 181–191

Գլուխ 19

Երբ Աստծո գիտությունը լցնի երկիրը

1, 2. Ինչպե՞ս վնասվեց Եհովայի ստեղծագործությունը։

ՄԵԾ նկարիչը ավարտին է հասցնում մի հրաշալի նկար՝ մի իսկական գլուխգործոց։ Բայց գիշերը նախանձ թշնամին վնաս է հասցնում կտավին։ Ինչ խոսք, նկարչին դա մեծ ցավ է պատճառում։ Որքա՜ն է նա ցանկանում, որ այդ բարբարոսը բանտարկվի, և որքա՜ն է փափագում վերականգնել իր ստեղծագործության նախկին գեղեցկությունը...

2 Այդ նկարչի նման՝ Եհովան ստեղծել էր մի գլուխգործոց՝ երկիրը ու մարդկանց։ Տղամարդուն և կնոջը արարելուց հետո նա իր երկրային ստեղծագործության մասին ասել էր՝ ‘շատ բարի է’ (Ծննդոց 1։31)։ Ադամն ու Եվան Աստծո զավակներն էին. նա սիրում էր նրանց։ Եհովան նրանց համար երջանիկ ու փառավոր ապագա էր նախատեսել։ Ու թեպետ Սատանան մարդկանց ըմբոստության դրդեց, բայց Աստծո հրաշալի ստեղծագործությունը անհուսալիորեն չէր վնասվել (Ծննդոց 3։23, 24; 6։11, 12)։

3. Ի՞նչ է «ճշմարիտ կյանքը»։

3 Աստված որոշել է շտկել իրավիճակը՝ սրտանց ցանկանալով, որ մենք ապրենք այնպես, ինչպես նա ի սկզբանե մտադրվել էր։ Կարճ ու դժվարություններով լի մեր գոյությունը «ճշմարիտ կյանքը» (ԱՆԹ) չէ, քանի որ նույնիսկ չի կարող համեմատվել այն բանի հետ, ինչ նախատեսել էր Եհովան։ «Ճշմարիտ կյանքը», որ Աստված ցանկանում է տալ մեզ, ‘հավիտենական կյանքն’ է կատարյալ պայմաններում (Ա Տիմոթէոս 6։12, 19)։

4, 5. ա) Ինչպե՞ս կիրականանա դրախտում ապրելու հույսը։ բ) Ինչո՞ւ պետք է խորհրդածենք ապագայի հանդեպ մեր հույսի մասին։

4 Աստծո գիտությունը Եհովայի առջև պատասխանատվություն է բերում (Յակոբոս 4։17)։ Սակայն մի պահ փորձեք խորհել այն օրհնությունների մասին, որոնք պիտի վայելեք՝ այդ գիտությունը կիրառելով և ձգտելով հասնել հավիտենական կյանքի։ Իր Խոսքում՝ Աստվածաշնչում, Եհովա Աստված գեղեցիկ գույներով նկարագրել է այդ կյանքը, որը մոտ ապագայում կհաստատվի դրախտի վերածված երկրի վրա։ Իհարկե, Եհովայի ժողովուրդը չի ծառայում նրան՝ զուտ այդ վարձատրությունը ստանալու ցանկությունից մղված։ Սերն է մղում մեզ դա անելու (Մարկոս 12։29, 30)։ Բացի դրանից, Եհովային ծառայելով՝ մենք հավիտենական կյանք չենք վաստակում։ Դա Աստծո պարգևն է (Հռովմայեցիս 6։23, ԱԱ)։ Օգտակար կլինի խորհրդածել այդ կյանքի մասին, քանի որ դրախտի հեռանկարը կհիշեցնի մեզ, թե ինչպիսի Աստված է Եհովան, որը սիրով ‘վարձահատույց է լինում’ ջանադրաբար իրեն փնտրողներին (Եբրայեցիս 11։6)։ Եթե մեր մտքում ու սրտում վառ պահենք այդ հույսը, ապա կկարողանանք դիմանալ Սատանայի աշխարհից եկող դժվարություններին (Երեմիա 23։20)։

5 Եկեք այժմ խոսենք Աստվածաշնչի վրա հիմնված այդ հույսի՝ ապագա երկրային դրախտում հավիտյան ապրելու հեռանկարի մասին։ Ինչպիսի՞ն կլինի այդ կյանքը, երբ Աստծո գիտությունը լցնի երկիրը։

Արմագեդոնից հետո՝ դրախտ–​երկիր

6. Ի՞նչ է Արմագեդոնը և ի՞նչ նշանակություն կունենա մարդկության համար։

6 Ինչպես արդեն իմացանք, Եհովա Աստված շուտով ոչնչացնելու է ներկայիս չար համակարգը։ Արագորեն մոտենում է այն իրադարձությունը, որն Աստվածաշունչը անվանում է «Արմագեդոն»։ Այդ բառը լսելով՝ ոմանք գուցե մտածեն աղետաբեր միջուկային պատերազմի մասին։ Սակայն Արմագեդոնը բոլորովին այլ բան է։ Ըստ Յայտնութիւն 16։14–16-ի՝ Արմագեդոնը «Ամենակարող Աստուծոյ այն մեծ օրուայ պատերազմ[ն]» է, որի մեջ ներգրավվելու են «ամբողջ աշխարհի թագավորներ[ը] » (ԷԹ), կամ՝ ազգերը։ Եհովա Աստծո Որդին՝ նրա կողմից նշանակված Թագավորը, շուտով դուրս է գալու պատերազմի։ Ելքը միանգամայն պարզ է։ Աստծո Թագավորության բոլոր հակառակորդները և բոլոր նրանք, ովքեր Սատանայի չար համակարգի մաս են կազմում, կկործանվեն։ Կփրկվեն միայն Եհովային հավատարիմ անհատները (Յայտնութիւն 7։9, 14; 19։11–21)։

7. Որտե՞ղ կլինեն Սատանան ու նրա դևերը Քրիստոսի Հազարամյա Թագավորության ընթացքում, և ի՞նչ օգուտներ կբերի դա մարդկությանը։

7 Պատկերացրեք, թե դուք փրկվել եք այդ համընդհանուր կործանումից։ Ինչպիսի՞ն կլինի Աստծո խոստացած նոր աշխարհը (Բ Պետրոս 3։13)։ Կարիք չկա ենթադրություններ անելու. Աստվածաշունչը տալիս է պատասխանը, և այն, ինչ նկարագրվում է այնտեղ, միայն ոգևորություն է պատճառում։ Մենք տեղեկանում ենք, որ Հիսուսի Հազարամյա Թագավորության ընթացքում Սատանան ու նրա դևերը կզրկվեն որևէ ձևով գործելու հնարավորությունից և անգործության անդունդը նետվելով՝ կբանտարկվեն։ Երբեք այլևս չար ու նենգամիտ այդ էակները, վարագույրի ետևից գործելով, դժբախտություն չեն պատճառի ու չեն դրդի մեզ Աստծո հանդեպ անհավատարմության։ Ինչպիսի՜ թեթևացում (Յայտնութիւն 20։1–3)։

8, 9. Նոր աշխարհում ի՞նչ տեղի կունենա դժբախտության, հիվանդության ու ծերության հետ։

8 Ժամանակի ընթացքում կվերանան բոլոր տեսակի հիվանդությունները (Եսայիա 33։24)։ Կաղը կկանգնի, կքայլի, կվազի ու կպարի արդեն առողջ և ամուր իր ոտքերի վրա։ Լռության իր աշխարհում տարիներ շարունակ ապրելուց հետո խուլը կսկսի լսել շրջապատի զմայլելի ձայները։ Իսկ կույրը ապշահար կլինի, երբ իր առջև բացվի գույների ու ձևերի հարուստ աշխարհը (Եսայիա 35։5, 6)։ Վերջապե՜ս նա կտեսնի իր հարազատների դեմքերը։ Թերևս մի պահ նրա աչքերը մշուշվեն... երջանկության արցունքներից։

9 Միայն պատկերացրեք. այլևս չեն լինի ակնոցներ, անթացուպեր, ձեռնափայտեր, դեղամիջոցներ, ատամնաբուժարաններ ու հիվանդանոցներ։ Էմոցիոնալ հիվանդություններն ու դեպրեսիան մարդկանց այլևս չեն զրկի ուրախությունից։ Հիվանդությունները չեն դառնացնի և ոչ մի երեխայի մանկություն։ Ծերացման քայքայիչ պրոցեսը հակառակ ընթացք կստանա (Յոբ 33։25)։ Մենք կդառնանք ավելի առողջ և ուժեղ։ Ամեն առավոտ գիշերվա թարմացնող քնից արթնանալով, նոր լիցք ստացած ու եռանդով լեցուն՝ անհամբերությամբ կսպասենք հերթական օրվա եռուն կյանքին և կանցնենք բավականություն պատճառող մեր աշխատանքին։

10. Ի՞նչ աշխատանք է հանձնարարվելու Արմագեդոնից փրկվածներին։

10 Արմագեդոնից փրկվածները ուրախություն պատճառող բավականաչափ աշխատանք կունենան։ Նրանք կզբաղվեն երկիրը դրախտի վերածելու գործով։ Ապականված հին աշխարհի բոլոր հետքերը կվերանան։ Կեղտոտ, խարխուլ թաղամասերի ու ավերակների տեղում կաճեն այգիներ և պարտեզներ։ Բոլորը կունենան հարմարավետ ու գեղեցիկ բնակարաններ (Եսայիա 65։21)։ Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի շատ վայրեր դրախտի տեսք կստանան և, ի վերջո, ողջ երկիրը կհամապատասխանի գեղեցկության այն չափանիշին, որ սահմանել էր Արարիչը Եդեմի պարտեզում։ Որքա՜ն հաճելի կլինի մասնակցել վերականգնման այդ աշխատանքներին։

11. Ապագայում մարդկությունը ինչպե՞ս կվերաբերվի շրջակա միջավայրին ու կենդանական աշխարհին։

11 Այս ամենը կկատարվի Աստծո առաջնորդությամբ, այնպես որ շրջակա միջավայրին վնաս չի հասցվի։ Մարդկանց ու կենդանիների միջև խաղաղություն կտիրի։ Կենդանիներին անտեղի վերացնելու փոխարեն՝ մարդը, որ նորից կսկսի խելամտորեն ղեկավարել երկիրը, խնամքով հոգ կտանի նրանց։ Պատկերացրեք. գայլն ու գառը, առյուծն ու հորթը մեկտեղ են սնվում, ընտանի կենդանիներին ոչ մի վտանգ չի սպառնում։ Նույնիսկ փոքր երեխան պատճառ չի ունենա վայրի գազաններից վախենալու։ Իսկ դաժան ու վայրագ մարդիկ չեն խախտի նոր աշխարհի անդորրը (Եսայիա 11։6–8)։ Ինչպիսի՜ խաղաղություն կտիրի ամենուրեք։

Մարդկությունը՝ վերափոխված

12. Ինչպե՞ս է Եսայիա 11։9–ը իրականանում այսօր և ինչպե՞ս է իրականանալու դրախտում։

12 Թե ինչու երկրի վրա որևէ չարագործություն չի կատարվելու, բացատրվում է Եսայիա 11։9–ում։ Ահա թե ինչ է ասվում այնտեղ. «Երկիրը լիքն է լինելու Տիրոջ գիտութիւնովը, ինչպէս որ ջուրերը ծածկում են ծովը»։ Սա, իհարկե, վերաբերում է մարդկանց. կենդանիները չեն կարող ստանալ ‘Տիրոջ գիտությունը’, քանի որ առաջնորդվում են բնազդով։ Արարչի մասին գիտությունը վերափոխում է մարդուն։ Աստծո գիտությունը կյանքում կիրառելու շնորհիվ դուք, անկասկած, արդեն որոշ փոփոխություններ կատարել եք։ Նման ձևով են վարվել միլիոնավոր անհատներ։ Հետևաբար՝ այս մարգարեությունը սկսել է կատարվել Եհովայի ծառաների վրա։ Բայց մարգարեության մեջ մատնանշվում է նաև այն ժամանակը, երբ մարդիկ ողջ աշխարհում կազատվեն իրենց գազանային, վայրագ հատկություններից՝ մեկընդմիշտ դառնալով խաղաղասեր։

13. Կրթական ի՞նչ ծրագիր է անցկացվելու երկրի վրա։

13 Որքա՜ն հրաշալի կլինի, երբ Աստծո գիտությունը լցնի երկիրը։ Հիսուս Քրիստոսի ու նրա 144 000 թագավորակիցների առաջնորդությամբ լայնածավալ կրթական ծրագիր կանցկացվի։ Գործածության մեջ կդրվեն նոր ‘գրքեր’։ Ըստ երևույթին, դրանք կլինեն Աստծո կողմից տրված գրավոր հրահանգներ՝ երկրի բնակիչներին կրթելու նպատակով (Յայտնութիւն 20։12)։ Մարդկությունը վարժվելու է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության։ Կորստաբեր բոլոր զենքերը ընդմիշտ կվերանան (Սաղմոս 46։9)։ Նոր աշխարհի բնակիչները կսովորեն մերձավորի հետ վարվել սիրով, հարգանքով ու արժանապատվությամբ։

14. Ինչպե՞ս կվերափոխվի աշխարհը, երբ մարդկությունը դառնա մեկ միասնական ընտանիք։

14 Մարդկությունը կդառնա մեկ միասնական ընտանիք։ Ոչինչ չի խոչընդոտի միաբանությանն ու եղբայրությանը (Սաղմոս 133։1–3)։ Ոչ ոք ստիպված չի լինի կողպել իր տան դուռը՝ գողերից պաշտպանվելու համար։ Ամեն սրտում, ամեն տան մեջ, երկրի բոլոր ծայրերում խաղաղություն կտիրի (Միքիա 4։4)։

Ցնծություն բերող հարություն

15. Ի՞նչ երկու խմբեր հարություն կառնեն երկրի վրա ապրելու համար։

15 Հազարամյակի ընթացքում տեղի կունենա հարություն։ Այն մարդիկ, ովքեր հոժարակամորեն մեղք են գործել Աստծո սուրբ ոգու՝ գործուն ուժի դեմ և առանց զղջալու հակառակվել են նրա առաջնորդությանը, հարություն չեն ստանա (Մատթէոս 23։15, 33; Եբրայեցիս 6։4–6)։ Ինչ խոսք, Աստված է որոշողը, թե ով է այդպիսի մեղք գործել։ Սակայն հարություն կառնեն մարդկանց երկու խմբեր՝ ‘արդարներն ու մեղավորները’ (Գործք 24։15)։ Քանի որ դա տեղի կունենա որոշակի կարգով, տեղին է եզրակացնել, որ առաջին հերթին կդիմավորենք նորից կյանքի կոչված արդարներին՝ Եհովային հավատարմորեն ծառայած անհատներին (Եբրայեցիս 11։35–39)։

16. ա) Ովքե՞ր կլինեն երկրի վրա հարություն առած ‘արդարների’ թվում։ բ) Հնում ապրած հավատարիմ մարդկանցից հատկապես որի հետ կցանկանայիք հանդիպել և ինչո՞ւ։

16 Պատերազմի, աղետի ու մարդկանց մահվան մասին լուրերի փոխարեն՝ Եհովայի ծառաները ուրախալի լուրեր կստանան հարություն առածների վերաբերյալ։ Որքան հրաշալի կլինի լսել այնպիսի հավատարիմ մարդկանց վերադարձի մասին, ինչպիսիք են՝ Աբելը, Ենովքը, Նոյը, Աբրահամը, Սառան, Հոբը, Մովսեսը, Ռախաբը, Հռութը, Դավիթը, Եղիսեն, Եսթերը... Ոգևորություն պատճառող ինչպիսի՜ պատմական փաստեր կներկայացնեն նրանք՝ պատմելով Աստվածաշնչում արձանագրված շատ դեպքերի մանրամասներ։ Անկասկած, թե՛ նրանք և թե՛ ոչ այնքան վաղուց մահացած մյուս հավատարիմ մարդիկ նույն ոգևորությամբ կփափագեն իմանալ, թե ինչպես կործանվեց Սատանայի համակարգը, ինչպես Եհովան սրբացրեց իր անունը և ինչպես արդարացրեց իր գերիշխանությունը։

17. Ինչպիսի՞ օգնություն կցուցաբերեն հավատարիմ անհատները հարություն առած մարդկանց։

17 Ինչպիսի՜ օգնություն կցուցաբերեն այս հավատարիմ անհատները հարության հաջորդ փուլի ընթացքում, երբ մահվան կապանքներից կազատագրվեն թվով միլիարդների հասնող ‘մեղավորները’։ Մարդկանց մեծամասնությունը երբեք չի ունեցել Եհովային ճանաչելու հնարավորություն։ Սատանան կուրացրել էր նրանց սրտերը (Բ Կորնթացիս 4։4)։ Բայց նրա պատճառած վնասները ամբողջովին կփոխհատուցվեն։ Կյանքի կոչվելով՝ մեղավորները կապրեն գեղեցիկ ու խաղաղ աշխարհում։ Նրանց կդիմավորի մի ժողովուրդ, որը պատրաստված կլինի Եհովայի և իշխանության գլուխ անցած իր Որդու մասին նրանց սովորեցնելու։ Շնորհիվ այն բանի, որ հարություն առած միլիարդավոր մարդիկ կսկսեն ճանաչել ու սիրել իրենց Արարչին, Եհովայի գիտությունը կլցնի երկիրը աննախադեպ կերպով։

18. Ի՞նչ եք կարծում, ի՞նչ զգացումներ կունենաք, երբ դիմավորեք հարություն առած ձեր հարազատին։

18 Ինչպիսի՜ ցնծություն կպատճառի մեզ հարությունը։ Ո՞վ չի տառապել մահվան՝ մեր թշնամու պատճառով։ Ո՞վ իրեն փշրված չի զգացել, երբ հիվանդության, ծերության, դժբախտ պատահարի կամ բռնության հետևանքով կորցրել է հարազատ մարդու, ինչը խզել է սիրո և բարեկամության իրենց կապը։ Պատկերացնո՞ւմ եք, ուրեմն, թե ինչ ուրախություն կտիրի դրախտում, երբ բոլորը վերամիավորվեն։ Ծնողներն ու երեխաները, քույրերն ու եղբայրները, ընկերներն ու բարեկամները կգրկախառնվեն՝ ծիծաղելով և արտասվելով ուրախությունից։

Վերջապես կատարելություն

19. Ի՞նչ հրաշք տեղի կունենա Հազարամյակի ընթացքում։

19 Հազարամյակի ընթացքում հիանալի հրաշք տեղի կունենա։ Թերևս դա Հիսուսի Հազարամյա Թագավորության ամենաապշեցուցիչ բանը լինի մարդկության համար։ Եհովայի առաջնորդությամբ Որդին կկիրառի իր քավիչ զոհաբերության օգուտները հավատարիմ ու հնազանդ յուրաքանչյուր մարդու նկատմամբ։ Դրա շնորհիվ մեղքը կվերանա ու մարդկությունը կհասնի կատարելության (Ա Յովհաննէս 2։2; Յայտնութիւն 21։1–4)։

20. ա) Ի՞նչ է նշանակում լինել կատարյալ։ բ) Արմագեդոնից փրկվածներն ու հարություն առածները ե՞րբ կկենդանանան լիակատար իմաստով։

20 Կատարելությո՛ւն։ Ի՞նչ է դա նշանակում. վերադարձ այն կյանքին, որ վայելում էին Ադամն ու Եվան Աստծո դեմ մեղք գործելուց առաջ։ Ֆիզիկապես, բարոյապես, հոգևորապես, մտավոր, էմոցիոնալ, ինչպես նաև բոլոր հնարավոր առումներով կատարյալ մարդիկ ամբողջովին կհամապատասխանեն Աստծո չափանիշներին։ Արդյո՞ք դա նշանակում է, թե նրանք իրար նման կլինեն։ Ամենևի՛ն։ Եհովայի ստեղծագործությունները՝ ծառերը, ծաղիկները, կենդանիները և այլն, ցույց են տալիս, որ նա բազմազանություն է սիրում։ Կատարյալ մարդիկ բնավորությամբ տարբեր կլինեն ու կունենան տարբեր ունակություններ։ Նրանցից յուրաքանչյուրը կվայելի կյանքը, ինչպես որ Աստված էր նախատեսել։ Յայտնութիւն 20։5–ում ասվում է. «Մեռելների մնացեալները չ’կենդանացան, մինչեւ որ հազար տարին լրանայ»։ Ինչպես Արմագեդոնից փրկված մեծ բազմությունը, այնպես էլ հարություն առածները լիակատար կկենդանանան այն ժամանակ, երբ ազատվեն մեղքից ու հասնեն կատարելության։

21. ա) Ի՞նչ է լինելու Քրիստոսի Հազարամյա Թագավորության վերջում։ բ) Ի վերջո, ի՞նչ տեղի կունենա Սատանայի ու նրա բոլոր կողմնակիցների հետ։

21 Կատարյալ մարդիկ ենթարկվելու են վերջնական փորձության։ Հազարամյակի վերջում Սատանան ու նրա դևերը կարճ ժամանակով ազատ կարձակվեն անդունդից։ Նրանց հնարավորություն կտրվի վերջին անգամ փորձել մարդկանց՝ Եհովայից հեռացնելու նպատակ հետապնդելով։ Կլինեն անհատներ, ովքեր իրենց սխալ ցանկությունները Աստծո հանդեպ սիրուց ավելի բարձր կդասեն։ Այդ ըմբոստությունը, սակայն, երկար չի տևի։ Եհովան կկործանի եսասեր մարդկանց Սատանայի ու դևերի հետ միասին։ Բոլոր չարագործները առհավետ կվերանան (Յայտնութիւն 20։7–10)։

Ի՞նչ կանեք դուք

22. Ինչո՞վ եք դուք պատրաստվում զբաղվել դրախտում։

22 Հավիտենությունն իր դռները կբացի Եհովային սիրող այն անհատների առջև, ովքեր կմնան դրախտ–​երկրի վրա։ Մենք հազիվ թե կարողանանք պատկերացնել այդ մարդկանց ուրախությունը։ Նրանց թվում կարող եք լինել նաև դուք։ Կատարյալ մարդկանց ձեռքբերումները՝ երաժշտության, արվեստի, արհեստների բնագավառում կգերազանցեն այս հին աշխարհի մեծագույն վարպետների գործերը։ Ի վերջո, մարդիկ կատարյալ կլինեն և անսահման ժամանակ կունենան իրենց առջև։ Պատկերացրեք, թե կատարյալ մարդ դառնալով՝ ինչե՜ր կկարողանաք անել։ Խորհեք նաև, թե ինչե՜ր կսովորենք Եհովայի ստեղծագործությունների մասին՝ սկսած միլիարդավոր գալակտիկաներից և վերջացրած փոքրագույն ներատոմային մասնիկներով։ Այդ ժամանակ մարդկության բոլոր նվաճումները կուրախացնեն մեր սիրառատ երկնային Հոր՝ Եհովայի սիրտը (Սաղմոս 150։1–6)։

23. Ինչո՞ւ կյանքը դրախտում երբեք ձանձրալի չի լինի։

23 Կյանքն այդ ժամանակ ձանձրալի չի լինի։ Այն գնալով ավելի ու ավելի հետաքրքիր կդառնա։ Բանն այն է, որ Աստծո գիտությունը վերջ չունի (Հռովմայեցիս 11։33)։ Հավերժության ընթացքում միշտ էլ սովորելու բան կլինի, և մեր առջև կբացվեն նորանոր հորիզոններ (Ժողովող 3։11)։ Շարունակելով գիտելիքներ ստանալ Եհովա Աստծո մասին՝ դուք կապրեք ոչ թե ընդամենը մի քանի տարի, այլ հավիտյա՛ն (Սաղմոս 22։26)։

24, 25. Ինչո՞ւ պետք է հիմա արդեն ապրեք Աստծո գիտությանը ներդաշնակ։

24 Մի՞թե չարժե ջանք թափել ու գնալ ցանկացած զոհողության՝ դրախտ–​երկրի վրա այսպիսի սքանչելի ապագա ստանալու համար։ Իհա՛րկե արժե։ Եհովան տալիս է ձեզ այդ հրաշալի ապագայի բանալին։ Այդ բանալին Աստծո գիտությունն է։ Կգործածե՞ք այն։

25 Եթե սիրում եք Եհովային, ապա նրա կամքը կատարելուց ուրախություն կստանաք (Ա Յովհաննէս 5։3)։ Ինչպիսի՜ օրհնություններ կունենաք այդ ուղին բռնելու շնորհիվ։ Աստծո գիտությունը կիրառելով՝ երջանիկ կապրեք նույնիսկ խնդիրներով լի այս աշխարհում։ Իսկ ապագա օրհնություններին չափ չի լինի, քանզի սա այն գիտությունն է, որ առաջնորդում է հավիտենակա՛ն կյանքի։ Հիմա՛ է գործելու նպաստավոր ժամանակը։ Որոշում կայացրեք ապրել Աստծո գիտությանը ներդաշնակ։ Ցույց տվեք ձեր սերը Եհովայի հանդեպ։ Փառավորեք նրա սուրբ անունը և ապացուցեք, որ Սատանան ստախոս է։ Այդպես վարվելով՝ կուրախացնեք իմաստության և գիտության Աղբյուր Եհովա Աստծո մեծ ու սիրառատ սիրտը, և նա կսիրի ձեզ հավիտենական սիրով (Երեմիա 31։3; Սոփոնիա 3։17)։

ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ

• Ի՞նչ է «ճշմարիտ կյանքը»։

• Ի՞նչ տեղի կունենա երկրի վրա Արմագեդոնից հետո։

• Ովքե՞ր հարություն կառնեն երկրի վրա ապրելու համար։

• Մարդկությունը ինչպե՞ս կհասնի կատարելության և ինչպե՞ս կենթարկվի վերջնական փորձության։

• Դրախտի հետ կապված՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք դուք։

[Նկար 188–րդ և 189–րդ էջերի վրա]

Հույս ունե՞ք ապրել դրախտում, երբ Աստծո գիտությունը լցնի երկիրը

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը