Ապրել՝ հավատ ընծայելով Աստծո խոստումներին
«Ես եմ Աստուած, եւ ուրիշը չ’կայ աստուած. եւ ինձ պէս մի ջոկը չ’կայ. Որ պատմում եմ առաջուց վերջինը, եւ վաղուց՝ այն որ չէ եղած» (Եսայիա 46։9, 10)։
1, 2. Ինչպիսի՞ տարբեր կարծիքներ կան այն մասին, որ Աստված միջամտում է երկրի գործերին։
ԱՍՏՎԱԾ ինչ–որ ձևով առնչվո՞ւմ է երկրի գործերին. կարծիքները տարբեր են։ Դրանցից մեկն այն է, որ Աստված բոլորովին չի միջամտում մարդկանց գործերին, այսինքն՝ ամեն բան ստեղծելուց հետո Աստված կա՛մ չի կամենում, կա՛մ էլ ի վիճակի չէ հօգուտ մեզ գործելու։ Այլ կերպ ասած՝ Աստված նման է մի ծնողի, որն իր որդուն նստեցնում է նոր հեծանիվի վրա ու առաջ հրում, ապա թողնում է նրան և հեռանում։ Որդին սկսում է ինքնուրույն վարել. նա կարող է ընկնել կամ չընկնել հեծանիվից։ Ամեն դեպքում, հայրը նրան օգնության ձեռք չի կարող մեկնել։
2 Հաջորդ տեսակետն այն է, թե Աստված ղեկավարում է մարդու կյանքի յուրաքանչյուր քայլը և իր ստեղծած աշխարհում տեղի ունեցող ամեն մի իրադարձություն։ Եթե դա այդպես է, ապա ոմանք կարող են եզրակացնել, որ Աստված ոչ միայն տեղի ունեցող լավ բաների, այլ նաև մարդկանց նկատմամբ կատարված հանցագործությունների ու նրանց հասած ողբերգությունների սկզբնապատճառն է։ Տեղեկանալով Աստծո վարվելակերպի մասին ճշմարտությանը՝ մենք արդեն կկողմնորոշվենք, թե ինչ կարելի է ակնկալել նրանից։ Այդ ճշմարտությունը նաև կամրացնի մեր հավատն այն բանում, որ նրա խոստումները հաստատ կատարվելու են (Եբրայեցիս 11։1)։
3. ա) Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան նպատակի տեր Աստված է։ բ) Ինչո՞ւ է Եհովայի մասին ասվում, որ նա իր նպատակների ‘ձևավորողն’ ու ‘հաստատողն’ է։
3 Մարդկանց գործերին Աստծո միջամտության հարցում կարևոր է այն փաստը, որ Եհովան նպատակի տեր Աստված է։ Հենց այդ մասին է վկայում իր անվան նշանակությունը։ «Եհովա» բառը նշանակում է «Դարձնում է»։ Ժամանակի ընթացքում Եհովան իրագործում է իր խոստումները՝ դառնալով դրանց Կատարողը։ Հետևաբար, Եհովայի մասին ասվում է, որ նա «կազմավորեց» ապագա իրադարձությունների ու ծրագրերի հետ կապված իր նպատակները (Դ Թագաւորաց 19։25; Եսայիա 46։11, )։ Այսպես կարելի է փոխանցել եբրայերեն «յաթսար» բառը, որն իր իմաստով մոտ է «բրուտ» բառի նշանակությանը (Երեմիա 18։4)։ Ինչպես որ հմուտ բրուտը կարող է կավից գեղեցիկ մի վազ կերտել, այնպես էլ Եհովան, որպեսզի կատարվի իր կամքը, կարող է «կերտել» կամ հմտորեն ղեկավարել իրադարձությունները (Եփեսացիս 1։11)։
4. Աստված ինչպե՞ս նախապատրաստեց երկիրը մարդկանց բնակության համար։
4 Օրինակ՝ Աստծո նպատակն էր երկիրը հնազանդ, կատարյալ մարդկանցով լի, չքնաղ մի վայրի վերածել (Եսայիա 45։18)։ Նախքան առաջին տղամարդուն ու կնոջը ստեղծելը Եհովան նրանց համար սիրալիր նախապատրաստություններ տեսավ։ «Ծննդոց» գրքի առաջին գլուխներում նկարագրվում է, թե ինչպես է Եհովան հաստատել գիշերն ու ցերեկը, ստեղծել ցամաքն ու ծովը, իսկ ավելի ուշ՝ բուսականությունն ու կենդանական աշխարհը։ Երկիրը մարդկանցով բնակեցնելու այս նախապատրաստությունը հազարավոր տարիներ տևեց։ Աստված իր ծրագիրը հաջողությամբ ավարտեց։ Առաջին մարդկային զույգն իր կյանքը սկսեց Եդեմում՝ մի չքնաղ դրախտում, որն ամբողջությամբ պատրաստված էր կյանքը վայելելու համար (Ծննդոց 1։31)։ Այս ձևով Եհովան ուղղակիորեն իր ձեռքն առավ երկրի գործերը՝ քայլ առ քայլ իրագործելով իր վսեմ նպատակը։ Իսկ մարդկային ընտանիքի բազմացումը փոփոխություն մտցրե՞ց այս հարցում։
Եհովան չի միջամտում մարդկանց բոլոր գործերին
5, 6. Աստված ինչո՞ւ է սահմանափակում մարդկանց գործերի մեջ իր միջամտությունը։
5 Եհովան չի ղեկավարում կամ չի հսկում մարդկանց գործունեությունների ամեն մի մանրամասնություն, թեպետ ի զորու է այդպես վարվելու։ Սա իր պատճառներն ունի։ Դրանցից մեկն այն է, որ մարդիկ ստեղծված են Աստծո պատկերով, ունեն ազատ կամք և ընտրության ազատություն։ Եհովան չի բռնանում մեզ վրա, որպեսզի իր հրամանները կատարենք, ոչ էլ մենք ենք խաղատիկնիկներ նրա ձեռքում (Բ Օրինաց 30։19, 20; Յեսու 24։15)։ Չնայած մեր արարքների համար նրա առաջ պատասխան ենք տալիս, բայց Աստված մեզ սիրով մեծ ազատություն է տվել, որ ինքներս որոշենք, թե ինչպես վարենք մեր կյանքը (Հռովմայեցիս 14։12, Եբրայեցիս 4։13)։
6 Հաջորդ պատճառը, թե ինչու Աստված չի ղեկավարում ամեն մի իրադարձություն, կապված է Եդեմում Սատանայի բարձրացրած վիճելի հարցի հետ։ Սատանան ըմբոստացավ Աստծո գերիշխանության դեմ։ Նա Եվային առաջարկեց այն, ինչը առաջին հայացքից անկախություն ձեռք բերելու հնարավորություն թվաց. առաջարկություն, որն ընդունեց Եվան, իսկ ավելի ուշ այն ընդունվեց նրա ամուսնու՝ Ադամի կողմից (Ծննդոց 3։1—6)։ Որպես պատասխան՝ Աստված, ապացուցելու համար Սատանայի հայտարարության արդարացի կամ անարդարացի լինելը, թույլ տվեց, որպեսզի մարդիկ որոշ ժամանակահատված ինքնուրույն կառավարեն երկիրը։ Այդ է պատճառը, որ այսօր իր գործած սխալ արարքների համար մարդկությունը չի կարող մեղադրել Աստծուն։ Ըմբոստ մարդկանց մասին Մովսեսը գրեց. «Ապականուեցան նորա դէմ. նորա [Աստծո] որդիքը չեն. իրանցն է արատը» (Բ Օրինաց 32։5)։
7. Ո՞րն է Եհովայի նպատակը երկրի և մարդկության նկատմամբ։
7 Թեև Աստված թույլ է տվել մարդկանց ազատ ընտրություն կատարել և փորձել ինքնուրույն ղեկավարել, այնուամենայնիվ, ինչ վերաբերվում է երկրի գործերին, Եհովան մի կողմ չի քաշվել՝ թողնելով մեզ անհույս վիճակում։ Թեպետ Ադամն ու Եվան ըմբոստացան Աստծո գերիշխանության դեմ, Եհովան չփոխեց երկրի և մարդկության հանդեպ ունեցած իր սիրալիր նպատակը։ Նա անկասկած երկիրը կատարյալ, հնազանդ ու երջանիկ մարդկանցով բնակեցված դրախտի է վերածելու (Սաղմոս 37։29)։ Աստվածաշնչում՝ Ծննդոցից մինչև Յայտնութիւն, նկարագրվում է, թե Եհովան ինչպես է քայլեր ձեռք առնում՝ իրագործելու իր այս նպատակը։
Իր կամքն իրագործելու համար Աստված գործի է անցնում
8. Ի՞նչ էր պահանջվում իսրայելացիներին Ավետյաց երկիր առաջնորդելու համար։
8 Իր նպատակը իրագործելու համար Եհովայի պատրաստակամությունը երևում է Իսրայել ազգի հետ ունեցած իր վարվելակերպից։ Օրինակ՝ Եհովան վստահեցրեց Մովսեսին, որ իսրայելացիներին կազատագրի Եգիպտոսից ու կառաջնորդի կաթ ու մեղր բխող Ավետյաց երկիրը (Ելից 3։8)։ Սա մեծ կարևորություն ունեցող ու մխիթարիչ խոստում էր։ Խոսքը վերաբերվում էր այն իսրայելացիներին, ովքեր իրենց ուղեկցողների հետ միասին՝ թվով երեք միլիոն մարդ, ազատագրվեցին հզոր եգիպտացիների ձեռքից, որոնք կտրականապես դեմ էին նրանց հեռանալուն (Ելից 3։19)։ Երկիրը, ուր որ պիտի գնային իսրայելացիները, բնակեցված էր զորեղ ազգերով և նրանց սպասվում էր ուժեղ ընդդիմություն (Բ Օրինաց 7։1)։ Ավետյաց երկրից իսրայելացիներին բաժանում էր անապատը, որտեղ նրանք սննդի ու ջրի կարիք էին ունենալու։ Դա մի իրավիճակ էր, որը Եհովան թույլ տվեց իր անգերազանցելի զորությունն ու աստվածությունը դրսևորելու համար (Ղեւտացոց 25։38)։
9, 10. ա) Հեսուն ինչո՞ւ կարող էր վկայել, որ Աստծո խոստումները վստահելի են։ բ) Ինչո՞ւ կարևոր է հավատալ, որ Աստված կվարձատրի իրեն հավատարիմ անհատներին։
9 Աստված իսրայելացիներին Եգիպտոսից հանեց՝ մի շարք հզոր գործեր կատարելով։ Նախ՝ նա տասը ավերիչ պատուհասներ բերեց եգիպտացիների վրա։ Այնուհետև Կարմիր ծովի ջրերը հրաշքով իրարից բաժանեց՝ հնարավորություն տալով իսրայելացիներին Եգիպտոսից դուրս գալու, մինչդեռ նրանց հետապնդող եգիպտական բանակը կործանվեց (Սաղմոս 78։12, 13; 43—51)։ Իսրայելացիներին ազատագրելուց հետո Եհովան 40 տարի շարունակ հոգում էր նրանց կարիքներն անապատում՝ կերակրելով մանանայով, ջրով ապահովելով, այնպես, որ այդ ժամանակամիջոցում նույնիսկ նրանց «հագուստները չմաշվեցին, ու նրանց ոտքերը չայտուցվեցին» (Բ Օրինաց 8։3, 4)։ Ավետյաց երկիրը մտնելուց հետո Եհովայի առաջնորդությամբ նրանք մի շարք հաղթանակներ տարան իրենց թշնամիների դեմ։ Հեսուն, որն ամուր հավատ ուներ Եհովայի խոստումների հանդեպ, դարձավ այդ բոլոր դեպքերի ականատեսը։ Ուստի նա կարող էր իր հետ գտնվող երեցներին հետևյալ խոսքերն ուղղել. «Դուք ձեր բոլոր սրտովը եւ բոլոր հոգիովը գիտէք, որ ձեր Տէր Աստուածը ձեզ համար որչափ բարի խօսքեր որ ասել էր, նորանցից մի բան չ’պակասեց, ամենն էլ ձեզ վերայ կատարուեցաւ» (Յեսու 23։14)։
10 Այսօր էլ քրիստոնյաները Հեսուի նման լիովին վստահ են, որ Աստված ցանկանում է և ի վիճակի է գործելու հօգուտ բոլոր նրանց, ովքեր իրեն են ծառայում։ Այս համոզմունքը մեր հավատի էական մասն է կազմում։ Պողոս առաքյալը գրեց. «Առանց հաւատի անհնար է հաճելի լինել Աստծուն, քանի որ նա, ով մօտենում է Աստծուն, պէտք է հաւատայ, որ նա.... վարձահատոյց է լինում նրանց, ովքեր փնտռում են իրեն» (Եբրայեցիս 11։6)։
Աստված տեսնում է ապագան
11. Ի՞նչ բաների շնորհիվ է Աստված իրականացնում իր նպատակները։
11 Այսպիսով՝ մենք տեսանք, որ թեև Աստված մարդկանց ազատ կամք է տալիս և թույլատրում է մարդկային անկախ իշխանությունների գոյությունը, նա ի վիճակի է և ցանկանում էլ է գործելու, որպեսզի իրականացնի իր նպատակը։ Բացի այդ, Եհովային բնորոշ է նաև մեկ այլ առանձնահատկություն ևս, որը նպաստում է նրա որոշակի նպատակների իրականացմանը։ Աստված կարողանում է տեսնել ապագան (Եսայիա 42։9)։ Իր մարգարեներից մեկի միջոցով Եհովան հայտնեց. «Յիշեցէք առաջինները ի’յաւիտենից, որովհետեւ ես եմ Աստուած, եւ ուրիշը չ’կայ աստուած. եւ ինձ պէս մի ջոկը չ’կայ. Որ պատմում եմ առաջուց վերջինը, եւ վաղուց՝ այն որ չէ եղած. որ ասում եմ, թէ իմ խորհուրդը պիտի հաստատուի, եւ անում եմ իմ բոլոր ուզածը» (Եսայիա 46։9, 10)։ Հմուտ գյուղատնտեսը գիտի, թե երբ և որտեղ աճեցնել սերմը, սակայն վստահ չէ, թե ինչպիսին կլինի բերքը։ Իսկ «յաւիտենութեան Թագաւորը» նախօրոք ստույգ կերպով գիտի, թե երբ և որտեղ պիտի գործի իր նպատակն իրականացնելու համար (Ա Տիմոթէոս 1։17)։
12. Եհովան ինչպե՞ս կանխագիտություն հանդես բերեց Նոյի օրերում։
12 Եկեք տեսնենք, թե ինչպե՞ս Աստված կանխագիտություն հանդես բերեց Նոյի օրերում։ Երկրի վրա իշխող համընդհանուր չարության պատճառով նա որոշեց բնաջինջ անել անհնազանդ մարդկանց և նույնիսկ նշեց իր դատավճիռն իրականացնելու ժամանակը՝ 120 տարի հետո (Ծննդոց 6։3)։ Չար մարդկանց գոյությունը հանդուրժելով այդքան երկար՝ Եհովան, ամբարիշտ մարդկանց կործանելու մտադրությունից բացի (մի բան, որը կարող էր անել ցանկացած պահին) մեկ ուրիշ բան էլ էր ծրագրել. Եհովայի ժամանակացուցակի մեջ էր մտնում նաև արդար մարդկանց փրկությունը (համեմատեք Ծննդոց 5։29)։ Իր իմաստության շնորհիվ Աստված գիտեր, թե երբ պետք է հանձնարարեր այդ աշխատանքը իր նպատակին հասնելու համար։ Նա մանրակրկիտ տեղեկություններ տվեց Նոյին։ Նոյը պետք է կառուցեր մի տապան «իր ընտանիքի փրկութեան համար», իսկ ամբարիշտները վերանալու էին աշխարհածավալ ջրհեղեղով (Եբրայեցիս 11։7, Ծննդոց 6։13, 14, 18, 19)։
Հսկայական շինարարական նախագիծ
13, 14 Տապանի շինարարությունն ինչո՞ւ էր դժվար հանձնարարություն։
13 Մի պահ պատկերացրեք Նոյին այս հանձնարարությունը կատարելիս։ Քանի որ Նոյը Աստծո մարդ էր, նա գիտեր, որ Եհովան ի վիճակի է վերացնելու անաստված մարդկանց։ Այնուհանդերձ, նախքան նրանց կործանելը գործ պիտի արվեր, աշխատանք, որը հավատ էր պահանջում։ Տապանի շինարարության նախագիծը հսկայական էր։ Աստված ճշգրտորեն նշել էր այդ նախագծի չափերը։ Տապանի երկարությունն ավելի մեծ պիտի լիներ, քան ժամանակակից որոշ մարզադաշտերինը, իսկ բարձրությունը՝ հինգհարկանի շենքի բարձրության չափ (Ծննդոց 6։15)։ Շինարարներն անփորձ էին ու թվով քիչ, բացի այդ չունեին ժամանակակից աշխատանքային գործիքներն ու սարքավորումները։ Դեռ ավելին, քանի որ Նոյը չէր կարող Եհովայի նման ապագան տեսնել, ուստի նա ոչ մի կերպ չէր կարող իմանալ, թե հետագա տարիների ընթացքում ի՞նչ իրադարձություններ էին զարգանալու, որոնք կա՛մ կնպաստեին, կա՛մ կխանգարեին շինարարության ծրագրի իրականացմանը։ Հավանաբար, Նոյին այսպիսի հարցեր էին հուզում. ինչպե՞ս նախօրոք պատրաստել շինարարական նյութերը, հավաքել կենդանիներին, որքա՞ն սնունդ է անհրաժեշտ լինելու նրանց, ե՞րբ է նախագուշակված ջրհեղեղի սկսվելու ստույգ ժամանակը։
14 Այն օրերին մարդիկ ծանր կյանքով էին ապրում. չարությունը գնալով աճում էր։ Հզոր նեֆիլիմները՝ չար հրեշտակների ու կանանց խաչասերումից առաջացած սերունդը, երկիրը բռնությամբ էին լցրել (Ծննդոց 6։1—4, 13)։ Բացի այդ, տապանի շինարարությունը գաղտնի կերպով իրագործվելիք ծրագիր չէր լինելու։ Մարդիկ պետք է իմանային, թե ինչու էր Նոյը տապան կառուցում, իսկ վերջինս պիտի պատմեր նրանց գալիք կործանման մասին (Բ Պետրոս 2։5)։ Արդյոք նրա խոսքերը լսողների կողմից հավանության պիտի արժանանայի՞ն։ Հազիվ թե։ Այդ օրերից տարիներ առաջ ամբարիշտների կործանման մասին ազդարարել էր նաև հավատարիմ Ենովքը։ Սակայն նրա հայտնած լուրը ժողովրդի կողմից չընդունվեց, ուստի Աստված «առաւ նրան» կամ նրա կյանքը կրճատեց, որպեսզի իր թշնամիների զոհը չդառնա (Ծննդոց 5։24; Եբրայեցիս 11։5, Յուդա 14, 15)։ Նոյը ոչ միայն ազդարարում էր ժողովրդի կողմից չընդունվող լուրը, այլ նաև դրան զուգընթաց տապանն էր կառուցում։ Երբ տապանի կառուցումն ավարտվեր, այն դառնալու էր Նոյի հավատարմության վառ վկայությունը՝ ի հակադրություն նրա օրերում ապրող անհավատ մարդկանց։
15. Ինչո՞ւ էր Նոյը վստահ, որ կարող էր կատարել իր հանձնարարությունը։
15 Նոյը գիտեր, որ Ամենակարող Աստված պաշտպանելու ու օրհնելու էր տապանի կառուցումը։ Չէ՞ որ Եհովան ինքն էր հանձնարարել այդ աշխատանքը։ Եհովան տեղեկացրեց Նոյին, որ նա իր ընտանիքի անդամների հետ պետք է մտներ կառուցված տապանի մեջ և վերապրեր աշխարհածավալ ջրհեղեղից։ Աստված անգամ հանդիսավոր կերպով Նոյի հետ ուխտ կնքեց՝ ավելորդ չհամարելով նշել այդ իրադարձության վստահելի լինելու մասին (Ծննդոց 6։18, 19)։ Ըստ երևույթին, Նոյը հասկացել էր, որ Եհովան այդ հանձնարարությունը տալուց առաջ նախօրոք թե՛ կանխատեսել էր, և թե՛ կանխորոշել էր ամեն բան։ Դեռ ավելին, Նոյին քաջ հայտնի էր, որ անհրաժեշտության դեպքում Եհովան, իրեն օգնելու նպատակով, զորություն ուներ միջամտելու։ Այսպիսով՝ Նոյի հավատը մղեց նրան գործելու։ Իր հետնորդի՝ Աբրահամի նման Նոյն էլ «հաստատապէս համոզուեց իր մտքում, «թէ [Աստված], որ խոստացաւ, կատարելու կարո՛ղ է» (Հռովմայեցիս 4։21)։
16. Մինչ տապանի շինարարությունն առաջ էր ընթանում, ինչպե՞ս էր ամրանում Նոյի հավատը։
16 Մինչ տարիներն անցնում էին, և տապանը կառուցվում էր, Նոյի հավատը գնալով ամրանում էր։ Շինարարության և շինանյութերի հետ կապված պրոբլեմները լուծվում էին։ Փորձությունները հաղթահարվում էին։ Ոչ մի հակառակություն չէր կարող դադարեցնել աշխատանքը։ Նոյի ընտանիքի անդամները զգում էին Աստծո օգնությունն ու աջակցությունը։ Արտաքին ճնշման տակ Նոյի ‘հավատի փորձը համբերություն էր առաջ բերում’ (Յակոբոս 1։2—4)։ Վերջիվերջո, տապանի շինարարությունն ավարտվեց, ջրհեղեղը սկսվեց, իսկ Նոյն ու իր ընտանիքի անդամները փրկվեցին։ Նոյը դարձավ Աստծո խոստումների ականատեսը, ինչպես որ հետագայում՝ Հեսուն։ Նրա հավատը վարձատրվեց։
Եհովան թիկունք է կանգնում աշխատանքին
17. Մեր օրերը ինչո՞վ են նման Նոյի օրերին։
17 Հիսուսը մարգարեացավ, որ մեր օրերը նման են լինելու Նոյի օրերին։ Աստված որոշել է նորից բնաջնջել ամբարիշտներին և դա իրագործելու համար ժամանակ է սահմանել (Մատթէոս 24։36—39)։ Իսկ ինչ վերաբերվում է արդարների փրկությանը, ապա նա կրկին նախապատրաստություններ է տեսել։ Նոյից պահանջվում էր տապանը կառուցել, իսկ այսօր Աստծո ծառաներից պահանջվում է ազդարարել Եհովայի խոստումների մասին, մարդկանց սովորեցնել նրա Խոսքը և քրիստոնյա աշակերտներ պատրաստել (Մատթէոս 28։19)։
18, 19. Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան աջակցում է բարի լուրի քարոզչության գործին։
18 Եթե Եհովան Նոյին չպաշտպաներ ու չաջակցեր, ինչ խոսք, որ տապանը չէր կառուցվի (համեմատեք Սաղմոս 127։1)։ Այսօր էլ, առանց Եհովայի աջակցության, ճշմարիտ քրիստոնյաները դժվար թե ողջ մնային և, եթե ողջ էլ մնային, հազիվ թե առաջընթաց ունենային։ Այս բանը հասկացավ առաջին դարում ապրող հարգարժան մի փարիսեցի՝ Գամաղիելը, որը նաև Մովսիսական օրենքի ուսուցիչ էր։ Երբ Հրեական ատյանը որոշեց պատժել աշակերտներին, նա զգուշացրեց դատարանին. «Հեռո՛ւ մնացէք այդ մարդկանցից եւ բա՛ց թողէք նրանց, որովհետեւ եթէ այդ խորհուրդը կամ այդ գործը մարդկանցից է, կը քանդուի. իսկ եթէ Աստծուց է, չէք կարող դրանք ձախողեցնել» (Գործք 5։38, 39)։
19 Թե՛ առաջին դարում, և թե՛ այսօր քարոզչական գործունեության մեջ նկատվող հաջողությունները վկայում են այն մասին, որ այդ գործը Աստծուց է, ոչ թե մարդկանցից։ Հաջորդ հոդվածում կքննարկվեն մի շարք հետաքրքիր հանգամանքներ և դեպքեր, որոնք օգնում են այս աշխատանքը համաշխարհային մասշտաբով առաջ տանելուն։
Երբեք ետ չկանգնե՛ք
20. Ովքե՞ր են մեզ օգնում բարի լուրը քարոզելիս։
20 Ապրելով «վերջին օրերի չար ժամանակներում»՝ կարող ենք վստահ լինել, որ Եհովան ամբողջովին ղեկավարում է գործերի ընթացքը։ Նա պաշտպանում և թիկունք է կանգնում իր ժողովրդին, որոնք ամեն կերպ աշխատում են ավարտել բարի լուրի քարոզչությունը նախքան Աստծո նշանակած ժամին իրերի այս չար համակարգի կործանման վրա հասնելը (Բ Տիմոթէոս 3։1; Մատթէոս 24։14)։ Եհովան հրավիրում է մեզ իր «գործակիցը» դառնալ (Ա Կորնթացիս 3։9)։ Վստահ ենք, որ այս գործում մեզ հետ են նաև Հիսուս Քրիստոսը և հրեշտակները, ուստի կարող ենք ապավինել նրանց օգնությանն ու առաջնորդությանը (Մատթէոս 28։20; Յայտնութիւն 14։6)։
21. Ո՞ր համոզմունքից երբեք ետ չպիտի կանգնենք։
21 Ինչպես որ Եհովայի խոստումներին հավատալու շնորհիվ Նոյն ու իր ընտանիքի անդամները փրկվեցին ջրհեղեղից, այնպես էլ, դրան զուգահեռ, մեր օրերում համանման հավատ դրսևորող անհատները կվերապրեն գալիք «մեծ նեղութիւնից» (Յայտնութիւն 7։14, ԱԹ)։ Իրոք որ հուզումնալից օրերում ենք ապրում։ Առջևում փոթորկալի դեպքեր են սպասվում։ Աստված շուտով կմիջամտի երկրի գործերին, որպեսզի հաստատի չքնաղ «նոր երկինքն ու նոր երկիրը», որոնցում միայն արդարներն են բնակվելու (Բ Պետրոս 3։13)։ Երբե՛ք ու երբե՛ք ետ չկանգնեք ձեր համոզմունքից, որ այն, ինչ Աստված խոստանում է, կարող է նաև իրագործել (Հռովմայեցիս 4։21)։
Հիշո՞ւմ եք
◻ Ինչո՞ւ Եհովան չի ղեկավարում մարդկանց յուրաքանչյուր քայլը։
◻ Իսրայել ազգի հետ իր վարվելակերպով Եհովան ինչպե՞ս ցույց տվեց իր նպատակներն իրականացնելու կարողությունը։
◻ Եհովայի՝ ապագան տեսնելու կարողությունն ինչպե՞ս երևաց Նոյի օրերում։
◻ Ի՞նչ վստահություն կարող ենք ունենալ Աստծո խոստումների հանդեպ։