Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • kl գլ. 13 էջ 118–129
  • Ինչու է բարեպաշտությունը նպաստում երջանկությանը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչու է բարեպաշտությունը նպաստում երջանկությանը
  • Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ազնվությունը նպաստում է երջանկությանը
  • Առատաձեռնությունը երջանկություն է բերում
  • Երջանկությանը նպաստող ուրիշ գործոններ
  • Երջանկություն ամուսնութան մեջ
  • «Աշխարհքիցը չեն»
  • Տարեդարձեր
  • Աշխատանքն ու ժամանցի ձևերը
  • Հարգանք կյանքի և արյան հանդեպ
  • Հոգ տարեք, որ ձեր ընտանիքը հուսալի ապագա ունենա
    Ընտանեկան երջանկության գաղտնիքը
  • Համբերությամբ ձեռք բեր աստվածապաշտություն
    2002 Դիտարան
  • Ինչպե՞ս լինել երջանիկ
    2010 Դիտարան
  • Աստծու պես՝ կյանքը թանկ համարո՞ւմ ես
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
Ավելին
Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
kl գլ. 13 էջ 118–129

Գլուխ 13

Ինչու է բարեպաշտությունը նպաստում երջանկությանը

1. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Եհովայի ճանապարհով քայլելը երջանկություն է բերում։

ԵՀՈՎԱՆ երջանիկ Աստված է և ցանկանում է, որ դուք էլ ուրախություն ստանաք կյանքից (Ա Տիմոթէոս 1։11)։ Եթե քայլեք նրա ճանապարհով, օգուտներ կքաղեք և լիակատար խաղաղություն կվայելեք՝ գետի պես մշտահոս։ Աստծո ճանապարհով քայլելը կարող է մղել նաև արդար գործերի՝ անվերջանալի, ինչպես ‘ծովի ալիքները’։ Դա իսկական երջանկություն է բերում (Եսայիա 48։17, 18)։

2. Ինչպե՞ս կարող են քրիստոնյաները երջանիկ լինել, նույնիսկ երբ իրենց հետ երբեմն վատ են վարվում։

2 Ոմանք գուցե առարկեն՝ ասելով, թե մարդիկ երբեմն արդարություն գործելու համար են տառապում։ Ճիշտ է, և հենց դա էլ տեղի ունեցավ Հիսուսի առաքյալների հետ։ Սակայն հալածանքների ենթարկվելով հանդերձ՝ նրանք ուրախ էին և շարունակում էին ‘ավետարանել Հիսուս Քրիստոսին’ (Գործք 5։40–42)։ Այս դեպքից կարևոր դասեր ենք քաղում։ Օրինակ՝ բարեպաշտ կյանքով ապրելը երաշխիք չէ այն բանի, որ մեզ հետ միշտ լավ կվարվեն։ Պողոս առաքյալը գրում է. «Ամենը որ կամենում են աստուածպաշտութեամբ ապրիլ Քրիստոս Յիսուսումը, հալածանք պիտի կրեն» (Բ Տիմոթէոս 3։12)։ Պատճառն այն է, որ Սատանան ու նրա աշխարհը ընդդիմանում են այն մարդկանց, ովքեր ապրում են աստվածահաճ կյանքով (Յովհաննէս 15։18, 19; Ա Պետրոս 5։8)։ Սակայն իսկական երջանկությունը կախված չէ արտաքին հանգամանքներից, այլ բխում է այն համոզվածությունից, որ մենք ճիշտ ենք վարվում, ուստիև՝ ունենք Աստծո հավանությունը (Մատթէոս 5։10–12; Յակոբոս 1։2, 3; Ա Պետրոս 4։13, 14)։

3. Եհովային մատուցվող երկրպագությունը ինչպե՞ս պետք է անդրադառնա անհատի կյանքի վրա։

3 Ոմանք կարծում են, թե Աստծո հավանությանն արժանանալու համար բավական է միայն երբեմն բարեպաշտություն ցուցաբերել, իսկ մնացած ժամանակ կարելի է նույնիսկ չհիշել նրան։ Սակայն Եհովա Աստծուն մատուցվող ճշմարիտ երկրպագությունը այդպիսին չէ։ Այն անդրադառնում է մարդու վարքի վրա նրա գիտակցական կյանքի ողջ ընթացքում՝ օրեր, տարիներ շարունակ։ Հենց դա է պատճառը, որ այն կոչվում է նաև «ճանապարհ» (Գործք 19։9; Եսայիա 30։21)։ Դա աստվածահաճ կյանքի ճանապարհն է, որը մղում է մեզ խոսելու և գործելու Աստծո Խոսքին ներդաշնակ։

4. Ինչո՞ւ օգտակար կլինի փոփոխություններ կատարել Աստծո ճանապարհներին համեմատ ապրելու համար։

4 Տեսնելով, որ Եհովային հաճեցնելու համար հարկավոր է որոշակի փոփոխություններ կատարել՝ Աստվածաշնչի սկսնակ ուսումնասիրողները գուցե իրենք իրենց հարցնեն, թե արժե արդյոք բարեպաշտ կյանք վարել։ Կարող եք վստահ լինել, որ արժե։ Ինչո՞ւ։ Որովհետև «Աստուած սէր է», և հետևաբար նրա ճանապարհները մեր օգտի համար են (Ա Յովհաննէս 4։8)։ Աստված նաև իմաստուն է և գիտի, թե որն է մեզ համար լավագույնը։ Քանի որ Եհովան ամենակարող է, նա ի վիճակի է զորացնել մեզ, որպեսզի կարողանանք ապրել նրան գոհացնելու մեր ցանկության համեմատ և վերջ դնենք ցանկացած վատ սովորության (Փիլիպպեցիս 4։13, ԱԱ)։ Եկեք քննենք բարեպաշտ կյանք վարելու մի քանի սկզբունքներ և տեսնենք, թե ինչպես է դրանց կիրառությունը նպաստում երջանկությանը։

Ազնվությունը նպաստում է երջանկությանը

5. Ի՞նչ է ասում Աստվածաշունչը ստախոսության և գողության մասին։

5 Եհովան ‘ճշմարտության Աստուած’ է (Սաղմոս 31։5, ԱԱ)։ Դուք, անկասկած, ցանկանում եք հետևել նրա օրինակին և ճանաչվել որպես ճշմարտասեր անձնավորություն։ Ազնվությունը նպաստում է ինքնահարգանք ունենալուն և բավականության զգացում է պատճառում։ Բայց քանի որ մեղքով լի այս աշխարհում անազնվությունը սովորական բնույթ է կրում, քրիստոնյաները հետևյալ հիշեցման կարիքն ունեն. «Խօսեցէք ճշմարտութիւնն ամեն մարդ իր ընկերի հետ.... Նա որ գողանում էր, թող էլ չ’գողանայ,....որ ունենայ տալու՝ պէտք ունեցողին» (Եփեսացիս 4։25, 28)։ Օրվա ընթացքում քրիստոնյան բարեխղճորեն է աշխատում։ Առանց իր ղեկավարի թույլտվության՝ նա իրեն չպատկանող իրեր չի վերցնում։ Եհովայի երկրպագուն պետք է ‘ուղիղ գործի’ ամենուր՝ լինի դա աշխատանքի վայրում, դպրոցում թե տանը (Եբրայեցիս 13։18, ԱՆԹ)։ Ստելու կամ գողանալու սովորություն ունեցող ոչ մի մարդ չի կարող արժանանալ Աստծո հավանությանը (Բ Օրինաց 5։19; Յայտնութիւն 21։8)։

6. Ինչպե՞ս կարող է պատահել, որ բարեպաշտ անհատի ազնիվ վարքը փառք բերի Եհովային։

6 Ազնվությունը շատ օրհնություններ է բերում։ Ահա մի օրինակ. Սելինան, որ ապրում է Աֆրիկայում, կարիքավոր այրի կին է։ Նա սիրում է Եհովա Աստծուն ու նրա արդար սկզբունքները։ Մի անգամ Սելինան մի պայուսակ գտավ, որի մեջ կար բանկային գրքույկ և բավական մեծ գումար։ Հեռախոսագրքով նա գտավ տիրոջը։ Վերջինս մի խանութպան էր, որին կողոպտել էին։ Սելինան, չնայած իր վատ առողջությանը, գնաց նրա մոտ ու վերադարձրեց պայուսակը՝ իր ողջ պարունակությամբ։ Խանութպանը չէր հավատում իր աչքերին։ «Նման ազնվությունը պետք է վարձատրվի»,— ասաց նա ու որոշակի գումար տվեց կնոջը։ Իսկ որն ավելի կարևոր է՝ այդ մարդը գովեց Սելինայի հավատը։ Այո՛, ազնիվ գործերը զարդարում են աստվածաշնչյան ուսմունքը, փառավորում են Եհովա Աստծուն ու երջանկություն բերում նրա ազնիվ երկրպագուներին (Տիտոս 2։10; Ա Պետրոս 2։12)։

Առատաձեռնությունը երջանկություն է բերում

7. Ինչո՞ւ է մոլեխաղը սխալ։

7 Առատաձեռն լինելը նպաստում է երջանկությանը, մինչդեռ ագահ անհատները «Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ» (Ա Կորնթացիս 6։10)։ Ագահության տարածված ձևերից է մոլեխաղը։ Դա, ըստ էության, ուրիշների կորցրածի հաշվին փող ձեռք բերելու փորձ է։ Եհովան հավանություն չի տալիս շահամոլ մարդկանց (Ա Տիմոթէոս 3։8)։ Եթե նույնիսկ տվյալ վայրում մոլեխաղերը օրինականացված են, ու մարդը խաղում է հաճույքի համար, նա կարող է կախվածության մեջ ընկնել՝ դառնալ մոլի և զարգացնել մի սովորություն, որը խորտակում է շատերի կյանքը։ Մոլեխաղը հաճախ դժվարությունների առջև է կանգնեցնում դրանով տարված մարդու ընտանիքի անդամներին. նրանք գուցե բավականաչափ գումար չունենան նույնիսկ այնպիսի անհրաժեշտ բաներ գնելու համար, ինչպիսիք են սնունդն ու հագուստը (Ա Տիմոթէոս 6։10)։

8. Առատաձեռնության ինչպիսի՞ օրինակ է թողել Հիսուսը, և ինչպե՞ս կարող ենք մենք էլ առատաձեռն լինել։

8 Սիրուց թելադրված իրենց առատաձեռնության շնորհիվ քրիստոնյաները ուրախություն են ստանում ուրիշներին և հատկապես կարիքի մեջ գտնվող իրենց հավատակիցներին օգնելուց (Յակոբոս 2։15, 16)։ Նախքան երկիր գալը Հիսուսը տեսել էր, թե որքան առատաձեռն է Աստված մարդկության նկատմամբ (Գործք 14։15, 16)։ Հիսուսն ինքը իր ժամանակը, ունակությունները և նույնիսկ կյանքը նվիրաբերեց հօգուտ մարդկանց։ Ուստի նա իր սեփական փորձից կարող էր ասել. «Աւելի երանելի է տալը քան թէ առնելը» (Գործք 20։35)։ Հիսուսը նաև գովասանքով արտահայտվեց աղքատ այրու մասին, որը տաճարի գանձանակի մեջ երկու լումա գցելով՝ առատաձեռնություն ցուցաբերեց, քանի որ տվեց իր «բոլոր ապրուստը» (Մարկոս 12։41–44)։ Հնում ապրած իսրայելացիները, ինչպես նաև առաջին դարի քրիստոնյաները օրինակ են թողել ուրախությամբ առատաձեռնություն ցուցաբերելու հարցում՝ ժողովին ու Թագավորության գործին նյութապես աջակցելով (Ա Մնացորդաց 29։9; Բ Կորնթացիս 9։11–14)։ Այդ նպատակներով տրվող նյութական նվիրատվություններից բացի՝ մեր օրերում ապրող քրիստոնյաները ուրախությամբ փառաբանում են Եհովային և իրենց կյանքը նվիրում նրան ծառայելուն (Հռովմայեցիս 12։1; Եբրայեցիս 13։15)։ Եհովան օրհնում է նրանց այն բանի համար, որ իրենց ժամանակը, ուժերն ու միջոցները (այդ թվում նաև ֆինանսական) տրամադրում են ի նպաստ ճշմարիտ երկրպագության և այդպիսով աջակցում Թագավորության բարի լուրի քարոզման համաշխարհային գործին (Առակաց 3։9, 10)։

Երջանկությանը նպաստող ուրիշ գործոններ

9. Ինչո՞ւ է սխալ ալկոհոլային խմիչքների չարաշահումը։

9 Երջանիկ լինելու համար քրիստոնյաները պետք է նաև «խոհեմութիւն պահե[ն]» (Առակաց 5։1, 2)։ Դա անելու համար նրանք պիտի ընթերցեն Աստծո Խոսքն ու աստվածաշնչյան գրականությունը և խորհրդածեն իրենց կարդացածի շուրջ։ Բայց կան բաներ, որոնցից հարկավոր է խուսափել։ Օրինակ՝ ալկոհոլային խմիչքների չարաշահումը կարող է հանգեցնել այն բանին, որ անհատը ի վիճակի չլինի իրեն տիրապետելու։ Այդ վիճակում շատ մարդիկ անբարոյականություն են գործում, բռնի արարքներ կատարում և մահաբեր դժբախտ պատահարների պատճառ դառնում։ Ուստի զարմանալի չէ Աստվածաշնչի այն հայտարարությունը, համաձայն որի՝ հարբեցողները Աստծո Թագավորությունը չե՛ն ժառանգի (Ա Կորնթացիս 6։10)։ Խոհեմ լինելու վճռականությամբ լի՝ ճշմարիտ քրիստոնյաները խուսափում են հարբեցողությունից։ Իսկ դա նպաստում է նրանց երջանկությանը (Տիտոս 2։2–6)։

10. ա) Ինչո՞ւ քրիստոնյաները ծխախոտ չեն օգտագործում։ բ) Ի՞նչ օգուտներ կարելի է ստանալ՝ հրաժարվելով կախվածության մեջ գցող սովորություններից։

10 Մարմնի մաքրությունը նույնպես նպաստում է երջանկությանը։ Սակայն շատերը կախվածություն են ձեռք բերում վնասակար նյութերից։ Վերցնենք ծխախոտի գործածությունը։ Համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալներով՝ ծխելը «տարեկան երեք միլիոն մարդու կյանք է խլում»։ Չնայած ետ սովորելու ժամանակավոր նշանների պատճառով գուցե դժվար լինի հրաժարվել ծխելու սովորությունից, սակայն այդ քայլին դիմած շատ անհատներ նկատել են, որ իրենց առողջությունը լավացել է։ Բացի դրանից, նրանք կարողացել են ավելի շատ գումար խնայել իրենց ընտանիքի կարիքները հոգալու համար։ Այո՛, ծխախոտի կամ վնասակար ուրիշ նյութերի հանդեպ կախվածությունը հաղթահարելով՝ ձեռք կբերենք մարմնի ու խղճի մաքրություն, ինչպես նաև իսկական երջանկություն (Բ Կորնթացիս 7։1)։

Երջանկություն ամուսնութան մեջ

11. Ի՞նչ է հարկավոր անել, որպեսզի ամուսնությունը լինի օրինական, մշտատև և պատվական։

11 Համատեղ ապրող կինն ու տղամարդը պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի իրենց միությունը հարկ եղած ձևով գրանցվի քաղաքացիական իշխանությունների կողմից (Մարկոս 12։17)։ Նրանք պետք է նաև լրջորեն վերաբերվեն ամուսնությանը և պատասխանատվությամբ մոտենան դրան։ Ճիշտ է, լինում են դեպքեր, երբ անհրաժեշտություն է առաջանում, որ կողակիցներն անջատ ապրեն. օրինակ՝ երբ նրանցից որևէ մեկը հրաժարվում է հոգալ ընտանիքի կարիքները, ծայրաստիճան բռնի է, կամ նրա արարքների հետևանքով իրական վտանգ է սպառնում իր կողակցի հոգևորին (Ա Տիմոթէոս 5։8; Գաղատացիս 5։19–21)։ Սակայն Ա Կորնթացիս 7։10–17-ում Պողոս առաքյալը խորհուրդ է տալիս ամուսիններին չհեռանալ իրարից։ Իսկական երջանկության հասնելու համար նրանք, անշուշտ, պետք է իրար հավատարիմ լինեն։ Պողոսը գրում է. «Ամուսնութիւնը ամեն կողմանէ պատուական է եւ անկողինը սուրբ. բայց շնացողներին եւ պոռնիկներին Աստուած կ’դատէ» (Եբրայեցիս 13։4)։ Այստեղ գործածված «անկողին» բառը մատնանշում է օրինական ամուսնությամբ միացած տղամարդու ու կնոջ միջև սեռական հարաբերությունները։ Ուրիշ ոչ մի դեպքում (օրինակ՝ մեկից ավելի կին ունենալու) այդ հարաբերությունները չեն կարող կոչվել «ամեն կողմանէ պատուական»։ Աստվածաշունչը դատապարտում է նաև մինչամուսնական սեռական հարաբերություններն ու համասեռամոլությունը (Հռովմայեցիս 1։26, 27; Ա Կորնթացիս 6։18)։

12. Ի՞նչ դառը հետևանքներ կարող է բերել պոռնկությունը։

12 Պոռնկությունը գուցե կարճատև ֆիզիկական հաճույք պատճառի, բայց իսկական երջանկություն չի պարգևի։ Դա հաճելի չէ Աստծուն և, բացի այդ, կարող է վնասել մարդու խիղճը (Ա Թեսաղոնիկեցիս 4։3–5)։ Անօրինական սեռական հարաբերությունների տխուր հետևանքներից են ՁԻԱՀ–ը և սեռական ճանապարհով փոխանցվող ուրիշ հիվանդություններ։ Բժշկական մի հաղորդագրության համաձայն՝ «ամեն տարի աշխարհում գոնոռեայով հիվանդանում է ավելի քան 250 միլիոն մարդ, իսկ սիֆիլիսով՝ մոտ 50 միլիոն»։ Նաև գոյություն ունի անցանկալի հղիության խնդիրը։ Մի ֆեդերացիայի տվյալների համաձայն՝ ամեն տարի հղիանում են 15–19 տարեկան ավելի քան 15 միլիոն աղջիկներ, և նրանց մեկ երրորդը դիմում է արհեստական վիժման («The International Planned Parenthood Federation»)։ Մի հետազոտության արդյունքներով՝ աֆրիկյան երկրներից մեկում դեռահաս աղջիկների շրջանում մահացությունների 72 տոկոսը հետևանք է վիժումից առաջացած բարդությունների։ Պոռնկություն գործողներից ոմանց գուցե հաջողվի խուսափել հիվանդանալուց կամ հղիությունից, սակայն նրանք չեն կարողանա խուսափել էմոցիոնալ վերքերից։ Նրանցից շատերը կորցնում են ինքնահարգանքը և նույնիսկ ատելությամբ լցվում սեփական անձի հանդեպ։

13. Ուրիշ ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ շնության հետևանքով, և ի՞նչ է սպասում նրանց, ովքեր շարունակում են շնանալ ու զբաղվել պոռնկությամբ։

13 Թեև շնություն (կողակցի հանդեպ անհավատարմություն) գործած անհատին կարելի է ներել, սակայն անմեղ կողակցի համար դա ամուսնալուծվելու սուրբգրային հիմնավոր պատճառ է (Մատթէոս 5։32; համեմատի՛ր Ովսէէ 3։1–5)։ Նման անբարո արարքի հետևանքով ամուսնական կապի խզումը կարող է էմոցիոնալ խոր վերք պատճառել ինչպես անմեղ կողակցին, այնպես էլ երեխաներին։ Ընտանիքի բարօրության համար Աստվածաշունչն ասում է, որ Աստված խստորեն դատելու է չզղջացող պոռնիկներին ու շնացողներին։ Ավելին՝ այնտեղ պարզ ցույց է տրվում, որ սեռական անբարոյությամբ զբաղվողները «Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ» (Գաղատացիս 5։19, 21)։

«Աշխարհքիցը չեն»

14. ա) Կռապաշտության ինչպիսի՞ ձևերից պետք է խուսափի բարեպաշտ անհատը։ բ) Ի՞նչ ենք սովորում Յովհաննէս 17։14 ու Եսայիա 2։4 խոսքերից։

14 Նրանք, ովքեր ցանկանում են հաճեցնել Եհովային ու վայելել Թագավորության բերած օրհնությունները, խուսափում են կռապաշտության բոլոր ձևերից։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ սխալ է պատկերներ պատրաստելը (այդ թվում նաև Քրիստոսի և նրա մոր՝ Մարիամի) ու դրանց երկրպագելը (Ելից 20։4, 5; Ա Յովհաննէս 5։21)։ Ուստի ճշմարիտ քրիստոնյաները սրբապատկերներ, խաչեր ու այլ առարկաներ չեն պաշտում։ Նրանք խուսափում են նաև կռապաշտության քողարկված ձևերից, ինչպիսիք են օրինակ՝ դրոշի մեծարումը կամ տվյալ ազգին փառաբանող երգեր երգելը։ Երբ նրանց վրա նման քայլեր կատարելու ճնշում է գործադրվում, այդ քրիստոնյաները հիշում են Սատանային ասված Հիսուսի հետևյալ խոսքերը. «Տիրոջը՝ քո Աստուծուն երկրպագիր եւ միայն նորան պաշտիր» (Մատթէոս 4։8–10)։ Հիսուսն ասել էր, որ իր հետևորդները «աշխարհքիցը չեն» (Յովհաննէս 17։14)։ Դա նշանակում է, որ քաղաքական հարցերում նրանք չեզոք դիրք են բռնում և ապրում են համերաշխ՝ հետևելով Եսայիա 2։4–ում արձանագրված խոսքերին. «Նա [Եհովա Աստված] պիտի դատէ հեթանոսների մէջ, եւ խրատէ շատ ազգերին. եւ նորանք կ’ձուլեն իրանց սուրերը խոփեր, եւ իրանց նիզակները՝ յօտոցներ. ազգ ազգի վերայ սուր չի բարձրացնիլ, եւ այլեւս պատերազմի չեն վարժուիլ»։

15. Ի՞նչ է Մեծ Բաբելոնը, և ի՞նչ են անում Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսած շատ մարդիկ՝ նրանից դուրս գալու համար։

15 ‘Աշխարհի մաս չլինել’ նշանակում է նաև խզել բոլոր կապերը «Մեծ Բաբիլոն[ի]»՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրության հետ։ Անմաքուր երկրպագությունը տարածվեց հին Բաբելոնից, որն, ի վերջո, հոգևոր առումով իր վնասակար ազդեցությանը ենթարկեց մարդկանց ողջ աշխարհում։ Մեծ Բաբելոնն իր մեջ ընդգրկում է այն բոլոր կրոնները, որոնց ուսուցումներն ու սովորույթները ներդաշնակ չեն Աստծո գիտությանը (Յայտնութիւն 17։1, 5, 15)։ Եհովայի հավատարիմ երկրպագուներից և ոչ մեկը չի մասնակցի միջդավանային որևէ գործողության՝ տարբեր կրոնների հետ միասին երկրպագություն մատուցելով կամ Մեծ Բաբելոնի մաս կազմող որևէ խմբի հետ հոգևորապես ընկերակցելով (Թուոց 25։1–9; Բ Կորնթացիս 6։14)։ Այդ պատճառով Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսած անհատներից շատերը հրաժարական նամակ են ներկայացնում և դուրս են գալիս կրոնական այն կազմակերպություններից, որոնց անդամակցել են։ Դրա շնորհիվ նրանք ավելի են մոտենում ճշմարիտ Աստծուն, ինչը համապատասխանում է հետևյալ խոստմանը. «Նորանց միջիցը դուրս գնացէք եւ բաժանուեցէք, ասում է Տէրը, եւ պիղծ բաների մի դպչիք։ Եւ ես կ’ընդունեմ ձեզ» (Բ Կորնթացիս 6։17, 18 ա; Յայտնութիւն 18։4, 5)։ Մի՞թե չեք փափագում, որ մեր երկնային Հայրը նման ձևով ընդունի ձեզ։

Տարեդարձեր

16. Ինչո՞ւ ճշմարիտ քրիստոնյաները չեն նշում Սուրբ Ծնունդը։

16 Բարեպաշտությունը ազատում է աշխարհիկ շատ տոներից, որ հաճախ բեռ են դառնում մարդու համար։ Օրինակ՝ Աստվածաշնչում չի նշվում, թե կոնկրետ որ օրն է ծնվել Հիսուսը։ «Ես կարծում էի, թե Հիսուսը ծնվել է դեկտեմբերի 25–ին»,— գուցե ասեն ոմանք։ Դա անհնար է. Հիսուսը մահացել է մ.թ. 33 թ.–ի գարնանը երեսուներեք ու կես տարեկան հասակում։ Դեռ ավելին՝ այն ժամանակ, երբ նա ծնվեց, «բացօթեայ բնակուող հովիւներ կային, որոնք իրենց հօտերի գիշերային պահպանութիւնն էին անում» (Ղուկաս 2։8, ԷԹ)։ Դեկտեմբերի վերջին Իսրայելում եղանակը ցուրտ է և անձրևային։ Ուստի տրամաբանական է, որ այդ ժամանակ ոչխարներին գիշերը ծածկի տակ կպահեին ձմեռվա ցրտից պաշտպանելու համար։ Իրականում, դեկտեմբերի 25–ը նշելը եկել է հռոմեացիներից։ Նրանք նշել են այն՝ որպես արևի աստծո ծննդյան օր։ Հիսուսի՝ երկրի վրա եղած ժամանակվանից դարեր անց հավատուրաց քրիստոնյաները որդեգրել են այդ տոնը՝ վերածելով Հիսուսի ծննդյան օրվան։ Այդ պատճառով ճշմարիտ քրիստոնյաները չեն նշում Սուրբ Ծնունդը, ինչպես նաև ցանկացած այնպիսի տոն, որի հիմքում ընկած են կեղծ կրոնական հավատալիքներ։ Քանի որ նրանք բացարձակ նվիրվածություն են ցուցաբերում Եհովայի հանդեպ, չեն նշում նաև այնպիսի տոներ, որոնց ժամանակ աստվածացվում են անկատար մարդիկ կամ ազգեր։

17. Ինչո՞ւ բարեպաշտ մարդիկ ծննդյան օրեր չեն նշում, և ինչո՞ւ են քրիստոնյա երեխաները, այնուամենայնիվ, երջանիկ։

17 Աստվածաշնչում հիշատակվում է ծննդյան տարեդարձ նշելու միայն երկու դեպք. երկու դեպքում էլ դրանք տոնվել են Աստծուն չծառայող մարդկանց կողմից (Ծննդոց 40։20–22; Մատթէոս 14։6–11)։ Բացի դրանից, եթե Գրություններում ոչինչ չի ասվում կատարյալ մարդ Հիսուս Քրիստոսի ծննդյան օրվա մասին, ինչո՞ւ մենք պետք է հատուկ ուշադրության արժանացնենք անկատար մարդկանց ծննդյան օրերը (Ժողովող 7։1)։ Իր երեխայի հանդեպ սեր ցուցաբերելու համար բարեպաշտ ծնողը հատուկ օրվա չի սպասի։ Ահա թե ինչ է ասում 13–​ամյա մի քրիստոնյա աղջիկ. «Մեր ընտանիքում ուրախանալու առիթներ շատ են լինում։ ....Ես ծնողներիս հետ շատ մտերիմ եմ։ Երբ մյուս երեխաները հարցնում են, թե ինչու տոներ չեմ նշում, պատասխանում եմ, որ ինձ համար ամեն օր էլ տոն է»։ Իսկ 17 տարեկան քրիստոնյա մի պատանի ասում է. «Մեր ընտանիքի անդամները ամբողջ տարի են իրար նվերներ տալիս»։ Իրականում, անսպասելի նվերը ավելի մեծ ուրախություն է պատճառում։

18. Հիսուսի պատվերով՝ ո՞ր իրադարձությունը տարին մեկ պետք է նշեին իր հետևորդները, և ինչի՞ մասին է այն մեզ հիշեցնում։

18 Բարեպաշտության ուղին բռնած անհատների համար տարվա մեջ գոյություն ունի մեկ հիշարժան օր։ Դա Տերունական ընթրիքն է, որ հաճախ կոչվում է Հիսուսի մահվան Հիշատակի երեկո։ Այդ կապակցությամբ Հիսուսն իր աշակերտներին հետևյալ պատվերն էր տվել. «Այս արէք իմ յիշատակի համար» (Ղուկաս 22։19, 20; Ա Կորնթացիս 11։23–25)։ Մ.թ. 33 թ. նիսան ամսվա 14–ին այդ ընթրիքը հաստատելիս Հիսուսն օգտագործեց անթթխմոր հաց և կարմիր գինի՝ որպես իր կատարյալ մարմնի ու արյան խորհրդանիշներ (Մատթէոս 26։26–29)։ Այս խորհրդանիշներից օգտվում են Աստծո սուրբ ոգով օծված քրիստոնյաները, որոնք նոր ուխտի, ինչպես նաև Թագավորության ուխտի մեջ են և ունեն երկինք գնալու հույս (Ղուկաս 12։32; 22։20, 28–30; Հռովմայեցիս 8։16, 17; Յայտնութիւն 14։1–5)։ Սակայն այդ երեկոյից, որը համընկնում է հին հրեական օրացույցի նիսան ամսվա 14–րդ օրվան, օգուտներ են քաղում բոլոր ներկաները։ Այդ մարդիկ առիթ են ունենում հիշելու Եհովա Աստծո և Հիսուս Քրիստոսի սիրո մասին, որը նրանք ցուցաբերեցին քավիչ զոհաբերության միջոցով, ինչի շնորհիվ էլ հավիտենական կյանքի ճանապարհ բացվեց Աստծո հավանությունն ունեցող մարդկանց առջև (Մատթէոս 20։28; Յովհաննէս 3։16)։

Աշխատանքն ու ժամանցի ձևերը

19. Ի՞նչ դժվարության կարող են բախվել քրիստոնյաները՝ ապրուստի միջոցներ հայթայթելու հետ կապված։

19 Ջանադրաբար աշխատելն ու իր կարիքները հոգալը ճշմարիտ քրիստոնյայի պարտականությունն է։ Այդպես վարվելով՝ ընտանիքի գլուխը բավականություն կստանա (Ա Թեսաղոնիկեցիս 4։11)։ Քրիստոնյան կկորցնի իր ուրախությունը, եթե այնպիսի աշխատանք կատարի, որը հակասում է Աստվածաշնչին։ Մյուս կողմից՝ երբեմն դժվար է լինում գտնել աստվածաշնչյան սկզբունքներին համապատասխանող աշխատանք։ Օրինակ՝ աշխատողից գուցե պահանջվի խաբել գնորդներին։ Պետք է նշել, սակայն, որ շատ ղեկավարներ պատրաստ են լինում հաշվի առնել ազնիվ աշխատողի խիղճը՝ չցանկանալով կորցնել վստահելի մարդու։ Բոլոր դեպքերում կարող եք համոզված լինել, որ Աստված կօրհնի ձեր ջանքերը՝ այնպիսի աշխատանք գտնելու, որը կկատարեք մաքուր խղճով (Բ Կորնթացիս 4։2)։

20. Ինչո՞ւ է հարկավոր ընտրողաբար մոտենալ ժամանցի ձևերին։

20 Աստված ցանկանում է, որ իր ծառաները լինեն երջանիկ։ Ուստի մենք պետք է հավասարակշռված լինենք և աշխատելուց բացի՝ ժամանակ հատկացնենք հանգստանալուն ու թարմանալուն (Մարկոս 6։31; Ժողովող 3։12, 13)։ Սատանայի աշխարհը խրախուսում է ժամանցի այնպիսի ձևեր, որոնք հաճելի չեն Աստծուն։ Ուստի Եհովային գոհացնելու համար մենք պետք է ընտրողական լինենք այն հարցում, թե ինչ գրքեր ենք կարդում, ինչ ռադիոհաղորդումներ կամ երաժշտություն ենք լսում և ինչ համերգներ, ֆիլմեր, ներկայացումներ կամ հեռուստահաղորդումներ դիտում։ Եթե նախկինում ժամանցի այնպիսի ձևեր ենք նախընտրել, որոնք հակասում են Բ Օրինաց 18։10–12-ում, Սաղմոս 11։5–ում կամ Եփեսացիս 5։3–5-ում ներկայացված աստվածաշնչյան սկզբունքներին, ապա փոփոխություններ կատարելով՝ ուրախություն կպատճառենք Եհովային և ինքներս ավելի երջանիկ կլինենք։

Հարգանք կյանքի և արյան հանդեպ

21. Կյանքի նկատմամբ հարգանքը ինչպե՞ս պետք է անդրադառնա արհեստական վիժման հանդեպ մեր վերաբերմունքի, ինչպես նաև մեր սովորությունների ու վարքի վրա։

21 Իսկական երջանկության հասնելու համար մարդու կյանքը պետք է համարենք սուրբ, ինչպես Եհովան է համարում։ Աստծո Խոսքն արգելում է սպանությունը (Մատթէոս 19։16–18)։ Իսրայելին տրված Աստծո օրենքից պարզ է դառնում, որ նրա տեսանկյունից թանկ է նաև դեռ չծնված երեխայի կյանքը, և այն չի կարելի ոչնչացնել (Ելից 21։22, 23)։ Ուստի մենք չպետք է գնահատանքի պակաս ցուցաբերենք կյանքի հանդեպ՝ անտեղի ռիսկի ենթարկելով այն, ինչպես նաև ծխախոտ ու թմրադեղեր օգտագործելով կամ ալկոհոլը չարաշահելով։ Նաև չպիտի զբաղվենք կյանքի համար սպառնալիք հանդիսացող բաներով։ Բացի այդ, չպետք է անտեսենք անվտանգության կանոնները, ինչի հետևանքով կարող ենք արյունապարտ դառնալ (Բ Օրինաց 22։8)։

22. ա) Ինչպիսի՞ն է Աստծո տեսակետը արյան ու դրա գործածության վերաբերյալ։ բ) Միայն ո՞ւմ արյունն է հանդիսանում փրկության իսկական միջոց։

22 Նոյին ու նրա ընտանիքին Եհովան ասել էր, որ արյունը հոգու, կամ՝ կյանքի խորհրդանիշն է։ Այդ պատճառով Աստված նրանց արգելեց արյունը գործածել որպես կերակուր (Ծննդոց 9։3, 4)։ Քանի որ մենք նրանց հետնորդներն ենք, այդ օրենքը տարածվում է բոլորիս վրա։ Իսրայելացիներին Եհովան պատվիրել էր արյունը թափել գետնին և չօգտագործել այն իրենց սեփական նպատակների համար (Բ Օրինաց 12։15, 16)։ Արյան վերաբերյալ Աստծո օրենքը նորից շեշտվեց, երբ առաջին դարի քրիստոնյաներին տրվեց հետևյալ պատվերը. «Հեռու [մնացեք].... արիւնից» (Գործք 15։28, 29)։ Կյանքի սրբության հանդեպ հարգանքից մղված՝ բարեպաշտ մարդիկ հրաժարվում են արյան փոխներարկումից, նույնիսկ երբ ուրիշները պնդում են, թե դա է կյանքի փրկության միջոցը։ Եհովայի վկաները համաձայն են ընդունել արյանը փոխարինող տարբեր նյութեր, որ գոյություն ունեն բժշկության մեջ։ Փաստերը ցույց են տալիս, որ դրանք շատ արդյունավետ են և օգնում են խուսափել արյան փոխներարկման հետ կապված վտանգներից։ Քրիստոնյաները գիտեն, որ միայն Հիսուսի թափած արյունն է կյանքի փրկության իսկական միջոց հանդիսանում։ Հավատ ընծայելով դրան՝ կարող ենք մեղքերի թողություն ստանալ և հավիտենական կյանքի հույս ունենալ (Եփեսացիս 1։7)։

23. Ի՞նչ օրհնություններ է բերում բարեպաշտ կյանքը։

23 Պարզ է, որ բարեպաշտ կյանք վարելու համար ջանքեր են հարկավոր։ Ընտանիքի անդամները կամ ծանոթները գուցե ծաղրեն ձեզ դրա համար (Մատթէոս 10։32–39; Ա Պետրոս 4։4)։ Սակայն օրհնությունները անհամեմատ ավելի շատ են, քան դժվարությունները։ Նման ձևով ապրելու շնորհիվ մաքուր խիղճ ձեռք կբերեք և առողջ ընկերակցություն կվայելեք Եհովայի մյուս երկրպագուների հետ (Մատթէոս 19։27, 29)։ Բացի այդ, փորձեք պատկերացնել հավիտենական կյանքը Աստծո խաղաղ նոր աշխարհում (Եսայիա 65։17, 18)։ Իսկ ինչպիսի՜ երջանկություն է Աստվածաշնչի խորհրդին հետևելը ու այդպիսով Եհովայի սիրտն ուրախացնելը (Առակաց 27։11)։ Անկասկած, ուրեմն, բարեպաշտ կյանքը նպաստո՛ւմ է երջանկությանը (Սաղմոս 128։1, 2 ԱԱ)։

ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ

• Ի՞նչ հիմքեր ունենք ասելու, որ բարեպաշտությունը նպաստում է երջանկությանը։

• Ի՞նչ փոփոխություններ թերևս անհրաժեշտ լինի կատարել բարեպաշտությամբ ապրելու համար։

• Ինչո՞ւ եք դուք ցանկանում բարեպաշտ կյանք վարել։

[Նկար 125–րդ էջի վրա]

Հոգևոր գործունեության հետ մեկտեղ հանգստին ժամանակ տրամադրելը նպաստում է բարեպաշտ անհատների երջանկությանը

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը