Ընդօրինակենք նրանց հավատը
Ողորմության դաս
ՀՈՎՆԱՆԸ բավական ժամանակ ուներ մտածելու համար։ Նա պետք է անցներ ավելի քան 800 կիլոմետր։ Այդ ճանապարհորդությունը գուցե մեկ ամսից էլ շատ տևեր։ Հովնանը երկու տարբերակ ուներ՝ գնալ կարճ, սակայն վտանգավոր ճանապարհով կամ ընտրել երկար, բայց ապահով ուղին։ Նա պետք է անցներ դաշտերի ու լեռների միջով, շրջանցեր հսկա Ասորական անապատը, կտրեր Եփրատ գետը ու գիշերեր Ասորիքի, Միջագետքի ու Ասորեստանի քաղաքներում և գյուղերում՝ անծանոթների տներում։ Օրերն անցնում էին... ամեն մի քայլով նա ավելի ու ավելի էր մոտենում այն քաղաքին, որը սարսափ էր ներշնչում իրեն։
Սակայն մի բան պարզ էր Հովնանի համար. անհնար է փախչել այդ հանձնարարությունից, քանի որ մի անգամ արդեն փորձել էր։ Երբ առաջին անգամ Եհովան պատվիրեց իրեն դատաստանական պատգամ հաղորդել Ասորեստանի ժողովրդին, նա արագորեն նավ նստեց ու գնաց հակառակ ուղղությամբ։ Սակայն Եհովան մի կատաղի փոթորիկ բարձրացրեց ծովի վրա, ու Հովնանը հասկացավ, որ իր պատճառով նավաստիները կմահանան։ Ուստի նրանց ասաց, որ իրեն ծովը գցեն։ Եվ քանի որ այլ ելք չունեին, նրանք այդպես էլ վարվեցին։ Հովնանը հասկանում էր, որ մահն անխուսափելի է։ Բայց Աստված մի մեծ ձկան հրամայեց կուլ տալ մարգարեին։ Երեք օր հետո ձուկը նրան փսխեց ցամաքի վրաa (Յովնան գլուխներ 1, 2)։
Երբ Եհովան նորից կրկնեց իր պատվերը, այս անգամ արդեն մարգարեն հնազանդվեց ու ճանապարհ ընկավ (Յովնան 3։1–3)։ Սակայն արդյո՞ք նա թույլ էր տվել, որ իր հետ պատահած դեպքը փոխի իրեն ամբողջությամբ։ Եհովան ողորմել էր իրեն. փրկել էր խեղդվելուց, չէր պատժել անհնազանդ լինելու համար և երկրորդ անգամ էր հնարավորություն տվել կատարելու իր հանձնարարությունը։ Այս ամենից հետո Հովնանը ողորմություն դրսևորե՞ց մարդկանց հանդեպ։ Ինչ խոսք, անկատար մարդու համար ողորմություն սովորելը դժվար է։ Այնուամենայնիվ, եկեք տեսնենք, թե ինչ դաս կարող ենք քաղել Հովնանի հետ պատահածից։
Դատաստանական պատգամ և անսպասելի արձագանք
Նինվեի մասին Հովնանը չուներ այն տեսակետը, որն ուներ Եհովան։ Յովնան 3։3–ում կարդում ենք. «Նինուէն մեծ քաղաք էր Աստուածոյ համար»։ «Նինուէ մեծ քաղաք» արտահայտությունը գրքում հանդիպում է երեք անգամ (Յովնան 1։2; 3։2; 4։11)։ Իսկ ինչո՞ւ էր Եհովան քաղաքը մեծ՝ կարևոր համարում։
Նինվեն այն հին քաղաքներից մեկն էր, որը ջրհեղեղից հետո հիմնել էր Նեբրովթը։ Դա քաղաքների մի համալիր էր։ Նրա մի ծայրից մյուսը հասնելու համար անհրաժեշտ էր երեք օրվա ճանապարհ անցնել (Ծննդոց 10։11; Յովնան 3։3)։ Նինվեն, ակներևաբար, շքեղ քաղաք էր։ Այնտեղ կային մեծ տաճարներ, հսկայական պարիսպներ և այլ շինություններ։ Սակայն Եհովան բոլորովին այլ պատճառով էր քաղաքը կարևոր համարում։ Նա թանկ էր գնահատում այնտեղ ապրող մարդկանց։ Չնայած իրենց չար գործերին՝ Եհովան մտահոգված էր նրանցով։ Նա տեսնում էր, որ յուրաքանչյուրը կարող է զղջալ ու անել այն, ինչ ճիշտ է։
Երբ ի վերջո Հովնանը մտավ Նինվե, հավանաբար ավելի վախեցավ՝ տեսնելով այդքան շատ մարդկանց (ավելի քան 120 000 հոգու)b։ Նա մեկ օր շարունակ շրջեց քաղաքում, որպեսզի հարմար տեղ գտնի իր պատգամը հաղորդելու համար։ Բայց ինչպե՞ս էր հաղորդակցվելու այդ մարդկանց հետ, գիտե՞ր ասորերեն, թե՞ Եհովան հրաշքով այդ լեզվով խոսելու կարողություն տվեց նրան։ Հաստատ չենք կարող ասել։ Գուցե մարգարեն իր պատգամը թարգմանչի միջոցով է հայտնել։ Ինչևէ։ Հովնանի խոսքերը պարզ էին, բայց դժվար թե մարդիկ դրական արձագանքեին նրա պատգամին։ Նա ազդարարում էր. «Դեռ քառասուն օր կայ, եւ Նինուէն պիտի կործանուի» (Յովնան 3։4)։ Հովնանը համարձակորեն կրկնում էր իր խոսքերը։ Իսկապես, նա հավատ ու քաջություն դրսևորեց. հատկություններ, որոնք այսօր յուրաքանչյուր քրիստոնյա պիտի ունենա։
Անկասկած, Հովնանը մտածում էր, որ նինվեցիները իրեն թշնամաբար կընդունեն ու դաժանորեն կվարվեն իր հետ։ Բայց, ա՜յ քեզ զարմանք։ Մարդիկ դրական արձագանք տվեցին։ Նրա պատգամը կրակի պես տարածվեց։ Ամբողջ քաղաքը խոսում էր Հովնանի դատաստանական պատգամի մասին։ Արձանագրության մեջ կարդում ենք. «Նինուէի մարդիկը հաւատացին Աստուծուն, եւ ծոմ հրատարակեցին եւ քուրձեր հագան մեծերից մինչեւ պզտիկները» (Յովնան 3։5)։ Հարուստ թե աղքատ, ուժեղ թե թույլ, մեծ թե փոքր՝ բոլորը զղջացին։ Շուտով այս լուրը հասավ թագավորին։
Թագավորը նույնպես վախով լցվեց ու զղջաց։ Նա վեր կացավ գահից, հանեց իր արքայական հանդերձը, իր ժողովրդի նման քուրձ հագավ ու «նստեց մոխրի վերայ»։ «Մեծամեծների» հետ նա հրաման արձակեց, որ բոլորը՝ այդ թվում նաև ընտանի կենդանիները ծոմ պահեն ու քուրձ հագնենc։ Նա խոնարհաբար ընդունեց, որ իր ժողովուրդը մեղավոր է։ Թագավորը հույս հայտնեց, որ ճշմարիտ Աստվածը ողորմություն կդրսևորի իրենց նկատմամբ, երբ տեսնի, որ զղջում են։ Նա ասաց. «Գուցե Աստուած.... ետ դառնայ իր սաստիկ բարկութիւիցը ու մենք չ’կորչենք» (Յովնան 3։6–9)։
Որոշ քննադատներ կասկածանքով են վերաբերվում այն փաստին, որ նինվեցիները կարող էին այսքան արագ փոխվել։ Իսկ աստվածաշնչագետները նշում են, որ նման փոփոխությունը բնորոշ է հնում ապրած այսպիսի սնոտիապաշտ և դաժանաբարո մարդկանց։ Ինչևէ, տարիներ անց Հիսուս Քրիստոսը մի առիթով նշեց, որ նինվեցիները իսկապես զղջացին, քանի որ իր մինչմարդկային կյանքի ընթացքում ականատես էր եղել այդ իրադարձություններին (Մատթեոս 12։41; Հովհաննես 8։57, 58)։ Հետաքրքիր է, սակայն, թե ինչպես Եհովան վերաբերվեց նրանց զղջմանը։
Աստված ողորմած է, իսկ մարդի՞կ...
Հետագայում Հովնանը գրեց. «Աստուած տեսաւ նորանց գործերը, որ ետ դառան իրանց չար ճանապարհիցը, եւ Աստուած զղջաց այն չարեաց մասին, որ ասել էր թէ պիտի անէ նորանց, եւ չ’արաւ» (Յովնան 3։10)։
Մի՞թե Եհովան սխալ դատավճիռ էր կայացրել։ Անշուշտ ո՛չ։ Աստվածաշունչն ասում է. «Աստուծոյ գործը կատարեալ է. որովհետեւ նորա ամեն ճանապարհները իրաւունք են. Աստուած հաւատարիմ է եւ անիրաւութիւն չ’ունի» (Բ Օրինաց 32։4)։ Պարզապես Եհովան դադարեց բարկանալուց։ Նա տեսավ, որ այդ մարդիկ իրոք փոխվեցին, հետևաբար ճիշտ չէր լինի պատժել նրանց։ Ուստի Աստված ողորմություն դրսևորեց նրանց նկատմամբ։
Եհովան դաժան ու կոպիտ Աստված չէ, ինչպես որ հաճախ ներկայացնում են նրան կրոնական առաջնորդները։ Նա խոհեմ է, ողորմած, կարողանում է հարմարվել իրավիճակին, օրինակ՝ փոխում է իր մտադրությունը։ Երբ որոշում է կործանել չարերին, նախևառաջ իր ծառաների միջոցով զգուշացնում է այդ մարդկանց իր մտադրության մասին, քանի որ ուզում է, որ նրանք զղջան ու փոխվեն (Եզեկիէլ 33։11)։ Եհովան իր մարգարե Երեմիային ասաց. «Ամեն անգամ որ խօսում եմ մէկ ազգի կամ մէկ թագաւորութեան դէմ, նորան քանդելու, փուլ ածելու եւ կորցնելու համար, եթէ այն ազգը դարձ է գալիս իր չարութիւնիցը, որի մասին ես խօսել էի, այն ժամանակ ես էլ զղջում եմ այն չարիքի համար, որ խորհել էի նորան անելու համար» (Երեմիա 18։7, 8)։
Ուրեմն Հովնանն իզո՞ւր մարգարեացավ։ Ո՛չ։ Մարգարեությունը ծառայեց իր նպատակին. նինվեցիներին նախազգուշացում տրվեց, և նրանք զղջացին։ Իսկ եթե ժողովուրդը դարձի չգար, Եհովան իր դատաստանը կբերեր նրանց վրա։ Ի դեպ, հետագայում հենց այդպես էլ եղավ (Սոփոնիա 2։13–15)։
Ինչպե՞ս արձագանքեց Հովնանը, երբ իմացավ, որ Նինվեն չի կործանվելու։ «Յովնանը տրտմեց մեծ տրտմութիւնով եւ զայրացաւ» (Յովնան 4։1)։ Մարգարեն նույնիսկ իր աղոթքում մեղադրեց Ամենակալին՝ ասելով, թե լավ կլիներ, որ մնար իր երկրում, իր տանը, քանի որ գիտեր՝ Եհովան չէր կործանելու Նինվեն։ Նա անգամ արդարացավ, որ այդ պատճառով էր ուզում Թարսիս փախչել։ Հովնանն այնքան էր ընկճվել, որ մահ խնդրեց Աստծուց. «Ով Տէր, աղաչում եմ առ իմ հոգիս ինձանից. որովհետեւ մեռնելս ապրելուցս լաւ է» (Յովնան 4։2, 3)։
Ի՞նչն էր իրականում անհանգստացնում Հովնանին։ Գուցե մարգարեն վախենում էր ծաղրի ենթարկվելուց, կեղծ մարգարեի համբավ ձեռք բերելուց։ Միանշանակ չենք կարող իմանալ, թե ինչ կար նրա մտքում։ Գիտենք միայն, որ նա ազդարարել էր Նինվեի կործանման մասին, և մարդիկ հավատացել էին իր խոսքերին։ Ամեն դեպքում, նա ուրախ չէր, որ նինվեցիները զղջացել են, ու Եհովան նրանց հանդեպ ողորմություն է դրսևորել։ Նա ավելի ու ավելի էր դառնանում, իր հանդեպ խղճահարությամբ էր լցվում՝ մտածելով, որ մարգարեի իր անունն արատավորվել է։ Սակայն Հովնանի ողորմած Աստվածը իր վհատված ծառայի մեջ շարունակում էր լավը տեսնել։ Նրան պատժելու փոխարեն՝ Եհովան մեղմորեն հարցրեց. «Մի՞թէ լաւ է որ բարկացել ես» (Յովնան 4։4)։ Պատասխան տվե՞ց Հովնանը։ Չգիտենք։
Ողորմության դաս
Վհատված՝ մարգարեն դուրս եկավ Նինվեից և նստեց քաղաքի արևելյան կողմում։ Նա մի տաղավար շինեց, որ նստի ստվերում ու տեսնի, թե քաղաքին ինչ է լինելու։ Հավանաբար դեռ հույս ուներ, որ քաղաքը կկործանվի։ Ինչպե՞ս էր Եհովան այս համառ մարդուն սովորեցնելու լինել ողորմած։
Մի գիշերվա մեջ Աստված դդմենի աճեցրեց։ Հովնանը շատ ուրախացավ, երբ արթնացավ ու տեսավ փարթամ, կանաչ դդմենին, որի լայն տերևներն ավելի լավ էին պաշտպանում արևից, քան իր սարքած տաղավարը։ Մարգարեն մտածեց, թե հրաշքով աճած այդ բույսը Աստծու հավանության նշանն է։ Սակայն Եհովայի նպատակը Հովնանին արևից պաշտպանելը չէր։ Իրականում Աստված ուզում էր հասնել Հովնանի սրտին։ Ուստի այնպես արեց, որ մի որդ փչացնի դդմենին։ Այն աստիճանաբար չորացավ։ Այնուհետև Եհովան «արևելյան խորշակահար քամի» ուղարկեց, և արևն այնպես հարվածեց Հովնանին, որ քիչ էր մնում ուշագնաց լիներ։ Մարգարեն նորից վհատության գիրկն ընկավ և ուզեց մեռնել (Յովնան 4։6–8)։
Եհովան կրկին հարցրեց Հովնանին, թե արդյոք նա ճի՞շտ է վարվում, որ բարկանում է դդմենու համար։ Փոխանակ զղջալու՝ մարգարեն արդարացրեց ինքն իրեն՝ ասելով. «Լաւ է, որ բարկացել եմ մինչեւ մահ»։ Ժամանակն էր Հովնանին խրատելու (Յովնան 4։9)։
Եհովան փորձեց մղել Հովնանին տրամաբանելու՝ ասելով. «Դու ափսոսում ես դդմենու մասին, որի վերայ աշխատութիւն չ’քաշեցիր, եւ որին չ’մեծացրիր, որն որ մէկ գիշերուայ մէջ փչացաւ»։ Այնուհետև հարցրեց նրան. «Իսկ ես չ’ափսոսա՞մ Նինուէ մեծ քաղաքի մասին, որի մէջ կան հարիւր քսան հազար մարդից աւելի, որոնք չեն հասկանում իրանց աջ ու ձախ ձեռքը, եւ շատ անասուն» (Յովնան 4։10, 11)d։
Ի՜նչ հրաշալի օրինակ։ Հովնանը ոչինչ չէր արել դդմենու համար, մինչդեռ Եհովան կյանք էր պարգևել նինվեցիներին, ու նրանք թանկ էին իր համար։ Փաստորեն, Հովնանը սովորական բույսն ավելի շատ էր արժևորում, քան 120 000 հոգու կյանքը։ Մի՞թե պատճառը եսասեր մտածելակերպը չէր. նա ափսոսաց դդմենու համար, քանի որ այն պաշտպանում էր իրեն արևից։ Ուստի կարելի է ասել, որ Հովնանը բարկացել էր նինվեցիների դեմ, քանի որ կենտրոնացել էր իր վրա. նա չէր ուզում ամոթով մնալ։
Արդյոք նա հասկացա՞վ իր սխալը, ընդունե՞ց Եհովայի խրատը։ Այստեղ պատմությունն ավարտվում է։ Դա է պատճառը, որ քննադատներից ոմանք ասում են, թե մարգարեն այդպես էլ չպատասխանեց։ Իրականում, սակայն, Հովնանի պատասխանը հենց իր գրած գիրքն է։ Պատկերացրու՝ մարգարեն նստած է տանը և գրի է առնում իր պատմությունը։ Նա ծերացել է, ավելի իմաստուն ու ավելի խոնարհ է դարձել։ Այժմ երբ գրում է սեփական սխալների մասին, տարուբերում է գլուխը՝ հիշելով իր ըմբոստ ու համառ վարքը։ Այո՛, Հովնանը ընդունեց Եհովայի խրատը։ Նա սովորեց ողորմության դասը։ Իսկ մե՞նք...
[ծանոթագրություններ]
a Տե՛ս «Դիտարանի» 2009 թ. հունվարի 1–ի համարում «Ընդօրինակեք նրանց հավատը. նա սովորեց իր սխալներից» վերնագրով հոդվածը։
b Ըստ հաշվարկների՝ Հովնանի օրերում Իսրայելի մայրաքաղաք Սամարիան ունեցել է 20 000–ից 30 000 բնակչություն՝ Նինվեից չորս անգամ քիչ։ Իր բարգավաճ տարիներին Նինվեն համարվել է հին աշխարհի ամենամեծ քաղաքը։
c Գուցե այս տեղեկությունը տարօրինակ թվա, սակայն հնում այդպես վարվել են։ Օրինակ՝ հույն պատմաբան Հերոդոտոսը նշում է, որ մի անգամ, երբ պարսիկների հայտնի զորապետը մահացավ, նրանք, նինվեցիների պես, իրենց կենդանիներին չկերակրեցին՝ որպես սգի նշան։
d «Աջ ու ձախ ձեռքը» չհասկանալ արտահայտությունը նշանակում էր, որ նրանք պարզապես անտեսում էին Աստծու չափանիշները։
[Մեջբերում 16–րդ էջի վրա]
Աստված ուզում է, որ չարերը, ինչպես նինվեցիները, զղջան ու փոխվեն
[Մեջբերում 17–րդ էջի վրա]
Դդմենու միջոցով Եհովան ողորմության դաս տվեց Հովնանին