Փնտրեցեք Եհովային՝ նրա բարկության օրը դեռ չեկած
«Խնդրեցէք [«փնտռեցէ՛ք», Արևմտ. Աստ.] Տիրոջը.... որոնեցէք արդարութիւն, որոնեցէք խոնարհութիւն, գուցէ ծածկուած պահուիք Տիրոջ բարկութեան օրը» (Սոփոնիա 2։3)։
1. Ինչպիսի՞ հոգևոր վիճակում էին գտնվում հրեաները, երբ Սոփոնիան սկսեց մարգարեի իր ծառայությունը։
ՍՈՓՈՆԻԱՆ սկսեց մարգարեի իր ծառայությունը Հուդայի համար ճգնաժամային ժամանակներում։ Ժողովրդի հոգևոր վիճակը շատ ցածր մակարդակի վրա էր գտնվում։ Եհովային ապավինելու փոխարեն՝ ժողովուրդը քուրմերի ու աստղագուշակների առաջնորդությունն էր փնտրում։ Բահաղի պաշտամունքը, իր պտղաբերության ծեսերով, մեծ տարածում էր գտել երկրում։ Առաջնորդները՝ իշխանները, ազնվականներն ու դատավորները ճնշում էին բանեցնում հենց նրանց վրա, ում կոչված էին պաշտպանելու (Սոփոնիա 1։9; 3։3)։ Զարմանալի չէ, որ Եհովան որոշել էր ‘մեկնել իր ձեռքը’ Հուդայի և Երուսաղեմի վրա՝ նրանց կործանելու համար (Սոփոնիա 1։4)։
2. Ի՞նչ հույս ունեին Հուդայում ապրող Աստծո հավատարիմ ծառաները։
2 Որքան էլ դրությունը վատ լիներ, այնուամենայնիվ, հույսի շող կար։ Այժմ Ամոնի որդի Հովսիան էր գահին նստած։ Նա անկեղծորեն սիրում էր Եհովային, թեև պատանի էր։ Եթե նոր թագավորը վերականգներ մաքուր պաշտամունքը Հուդայում, ապա դա որքա՜ն կքաջալերեր այն քչերին, որոնք հավատարմորեն ծառայում էին Աստծուն։ Գուցե ուրիշներին էլ դա դրդեր միանալ նրանց ու, այդպիսով, նույնպես փրկվել Եհովայի բարկության օրը։
Ի՞նչ է անհրաժեշտ փրկվելու համար
3, 4. Ի՞նչ երեք պահանջների է հարկավոր բավարարել Եհովայի բարկության օրը փրկվելու համար։
3 Արդյոք փրկվելո՞ւ էին ոմանք Եհովայի բարկության օրը։ Այո՛, եթե բավարարեին Սոփոնիա 2։2, 3–ում նշված երեք պայմաններին։ Կարդալով այս համարները՝ եկեք հատուկ ուշադրություն դարձնենք այդ պահանջների վրա։ Սոփոնիան գրում է. «Դեռ որոշումը չ’ծնած, օրը մղեղի պէս է անցնում, դեռ Տիրոջ բորբոքած բարկութիւնը ձեզ վերայ չ’եկած, դեռ Տիրոջ բարկութեան օրը ձեզ վերայ չ’եկած։ Խնդրեցէք [«փնտռեցէ՛ք», Արևմտ. Աստ.] Տիրոջը, ով երկրի բոլոր խոնարհներ, որ կատարում էք նորա իրաւունքը, որոնեցէք արդարութիւն, որոնեցէք խոնարհութիւն, գուցէ ծածկուած պահուիք Տիրոջ բարկութեան օրը»։
4 Եվ այսպես, փրկվելու համար հարկավոր էր՝ 1) Եհովային փնտրել, 2) արդարություն և 3) խոնարհություն որոնել։ Այս պահանջները պետք է որ մեծ հետաքրքրություն ներկայացնեն մեզ համար այսօր։ Ինչո՞ւ։ Քանի որ ինչպես Հուդայի և Երուսաղեմի հատուցման ժամը վրա հասավ մ.թ.ա. 7–րդ դարում, այնպես էլ քրիստոնեական աշխարհի ժողովուրդները և ընդհանրապես բոլոր ամբարիշտները հաշիվ են տալու Եհովա Աստծուն վերահաս «մեծ նեղության» ժամանակ (Մատթէոս 24։21)։ Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է ‘ծածկված’ մնալ այդ ժամանակ, պետք է վճռական քայլերի դիմի արդեն այսօր։ Ի՞նչ քայլերի. փնտրել Եհովային ու որոնել արդարություն և խոնարհություն, քանի դեռ ուշ չէ։
5. Ի՞նչ է իր մեջ ներառում Եհովային փնտրելն այսօր։
5 Ոմանք կարող են ասել. «Ես Աստծո ծառա եմ՝ նվիրված ու մկրտված, Եհովայի վկա։ Մի՞թե արդեն չեմ համապատասխանում այդ պահանջներին»։ Իրականում ավելին է անհրաժեշտ անել, քան միայն նվիրվել Եհովային։ Իսրայելը նվիրված ազգ էր, բայց Սոփոնիայի օրերում Հուդայի ժողովուրդը չէր ապրում իր նվիրման համաձայն։ Որպես հետևանք՝ ժողովուրդը, վերջիվերջո, մերժվեց Աստծո կողմից։ Այսօր Եհովային փնտրելն իր մեջ ներառում է նրա հետ ջերմ փոխհարաբերություններ զարգացնելն ու դրանք պահպանելը՝ գտնվելով նրա երկրային կազմակերպության մեջ։ Դա նշանակում է՝ իմանալ, թե որն է Աստծո տեսակետը զանազան հարցերի վերաբերյալ և ուշադիր լինել նրա զգացումների հանդեպ։ Մենք փնտրում ենք Եհովային, երբ մանրակրկիտ կերպով ուսումնասիրում ենք նրա Խոսքը, խորհրդածում դրա շուրջ և կյանքում կիրառում նրա խորհուրդները։ Նաև փնտրելով Եհովայի ղեկավարությունը ջերմեռանդ աղոթքների ու նրա սուրբ ոգու առաջնորդությանը հետևելու միջոցով, մենք խորացնում ենք մեր փոխհարաբերությունները նրա հետ ու մղվում ծառայել նրան մեր ‘բոլոր սրտով, հոգով և զորությամբ’ (Բ Օրինաց 6։5; Գաղատացիս 5։22–25; Փիլիպպեցիս 4։6, 7; Յայտնութիւն 4։11)։
6. Ինչպե՞ս ենք ‘որոնում արդարություն’, և ինչո՞ւ դա հնարավոր է անել նույնիսկ այս աշխարհում։
6 Սոփոնիա 2։3–ում նշված երկրորդ պահանջը ‘արդարություն որոնելն’ է։ Մեծամասնությունս կարևոր փոփոխություններ ենք կատարել, որպեսզի համապատասխանենք քրիստոնեական մկրտության չափանիշներին, սակայն Աստծո բարձր չափանիշներով հարկավոր է շարունակել ընթանալ ողջ կյանքում։ Ոմանք իրենց քրիստոնեական ճանապարհը սկսել են հաջողությամբ, սակայն հետագայում թույլ են տվել, որ աշխարհը արատավորի իրենց վարքը։ Հեշտ չէ արդարություն փնտրել, քանզի մեզ շրջապատում են այնպիսի մարդիկ, որոնց համար սեռական անբարոյությունը, ստախոսությունը և այլ մեղքեր նորմալ երևույթներ են համարվում։ Սակայն Եհովային հաճեցնելու մեծ ցանկությունը կարող է կանխել աշխարհին խառնվելու, նրա հավանությանը արժանանալու մեր ցանկացած հակումը։ Հուդան կորցրեց Աստծո բարեհաճությունը այն պատճառով, որ ընդօրինակում էր ոչ աստվածային չափանիշներով ապրող հարևան ժողովուրդներին։ Աշխարհին ընդօրինակելու փոխարեն՝ եկեք ‘նմանվենք Աստծուն’՝ մեր մեջ զարգացնելով «նոր մարդը, որ ստեղծուած է ըստ Աստծու՝ արդարութեամբ եւ ճշմարիտ սրբութեամբ» (Եփեսացիս 4։24; 5։1)։
7. Ինչպե՞ս ենք ‘խոնարհություն որոնում’։
7 Սոփոնիա 2։3–ում նշված երրորդ պահանջն այն է, որ եթե ցանկանում ենք փրկվել Եհովայի բարկության օրը, պետք է ‘որոնենք խոնարհություն’։ Ամեն օր մենք հանդիպում ենք կանանց ու տղամարդկանց, երիտասարդների, որոնք խոնարհություն չեն դրսևորում։ Նրանց համար հեզ լինելը թուլության նշան է։ Հնազանդությունը լուրջ թերություն է համարվում։ Նրանք պահանջկոտ են, եսասեր, ինքնավստահ և կարծում են, որ ցանկացած գնով պետք է հասնեն իրենց «իրավունքների» ու ցանկությունների իրականացմանը։ Որքա՜ն ցավալի կլիներ, եթե նրանց հայացքները փոխանցվեին մեզ։ Հիմա ‘խոնարհություն որոնելու’ ժամանակն է։ Ինչպե՞ս. հնազանդվելով Աստծուն, խոնարհաբար ընդունելով նրա պատվերները և նրա կամքին համաձայն ընթանալով։
Ինչո՞ւ «գուցէ ծածկուած»
8. Ի՞նչ է մատնացույց անում Սոփոնիա 2։3–ում գրված «գուցէ» բառը։
8 Ուշադրություն դարձրեք, որ Սոփոնիա 2։3–ում ասվում է. «Գուցէ ծածկուած պահուիք Տիրոջ բարկութեան օրը»։ Ինչո՞ւ է «գուցէ» բառն օգտագործվում «երկրի խոնարհների» առնչությամբ։ Ճիշտ է, այդ խոնարհ մարդիկ դրական քայլեր էին արել, սակայն նրանք չպետք է ինքնավստահ լինեին։ Նրանք մինչև իրենց կյանքի վերջը պետք է հավատարիմ մնային։ Հասկանալի էր, որ նրանցից ոմանք, հնարավոր է, մեղք գործեին։ Նույնն է նաև մեր պարագայում։ Հիսուսն ասաց. «Ով մինչեւ վերջ համբերեց, նա պիտի փրկուի» (Մատթէոս 24։13)։ Այո՛, Եհովայի բարկության օրը փրկվելու համար հարկավոր է շարունակել անել այն, ինչ որ ճիշտ է նրա աչքին։ Արդյո՞ք հաստատ որոշել եք այդպես վարվել։
9. Ի՞նչ վեհանձն քայլերի դիմեց երիտասարդ թագավոր Հովսիան։
9 Հավանաբար, Սոփոնիայի խոսքերը մղեցին Հովսիա թագավորին փնտրել Եհովային։ Աստվածաշունչն ասում է. «Իր թագաւորութեան ութերորդ տարին, որ ինքը [Հովսիան] դեռ պատանի էր [մոտ 16 տարեկան], սկսեց խնդրել [«փնտռել», Արևմտ. Աստ.] իր հայր Դաւիթի Աստուծուն» (Բ Մնացորդաց 34։3)։ Հովսիան նաև ‘որոնում էր արդարություն’, ինչը երևում է հետևյալ խոսքերից. «Տասնեւերկուերորդ տարին [երբ Հովսիան մոտ 20 տարեկան էր] սկսեց նա մաքրել Յուդան եւ Երուսաղէմը բարձրաւանդակներից, Աստարովթի կուռքերից եւ քանդակած ու ձուլածոյ կուռքերից։ Եւ քանդեցին նորա առաջին Բահաղիմի սեղանները» (Բ Մնացորդաց 34։3, 4)։ Հովսիան ‘որոնեց խոնարհություն’՝ ցանկանալով Եհովային հաճեցնել նրանով, որ երկիրը մաքրեց կռապաշտությունից և այլ կեղծ կրոնական սովորություններից։ Որքա՜ն ուրախ էին մյուս խոնարհ անհատները այդ բարեփոխումների համար։
10. Ի՞նչ պատահեց Հուդային մ.թ.ա. 607–ին, բայց ովքե՞ր փրկվեցին։
10 Շատ հրեաներ Հովսիայի թագավորության ժամանակ ետ դարձան դեպի Եհովան։ Սակայն թագավորի մահից հետո նրանց մեծ մասը վերադարձան իրենց նախկին սովորություններին. սովորություններ, որոնք միանգամայն անընդունելի էին Աստծուն։ Ինչպես և Եհովան վճռել էր, մ.թ.ա. 607–ին բաբելոնացիները ամայացրին Հուդան ու ավերեցին նրա մայրաքաղաք Երուսաղեմը։ Սակայն ամեն ինչ կորած չէր։ Երեմիա մարգարեն, եթովպացի Աբդիմելեքը, Հովնադաբի հետնորդները և ուրիշներ, որոնք հավատարիմ մնացին Աստծուն, ‘ծածկված’ մնացին Եհովայի բարկության օրը (Երեմիա 35։18, 19; 39։11, 12, 15–18)։
Աստծո թշնամիներ, զգուշացե՛ք
11. Ինչո՞ւ է այսօր դժվար հավատարիմ մնալ Աստծուն, բայց ինչի՞ մասին պետք է խորհեն Եհովայի ժողովրդի թշնամիները։
11 Այս ամբարիշտ համակարգի վրա գալիք Եհովայի բարկության օրվան սպասելու ընթացքում մենք ‘տեսակ–տեսակ փորձությունների մեջ ենք ընկնում’ (Յակոբոս 1։2)։ Մի շարք երկրներում, որտեղ, ըստ պնդումների, դավանանքի ազատություն է տիրում, խորամանկ հոգևորականները ազդեցություն են բանեցնում իշխանությունների վրա, որպեսզի վերջիններս Աստծո ժողովրդին խիստ հալածանքի ենթարկեն։ Կան անխիղճ անձնավորություններ, որոնք զրպարտում են Եհովայի վկաներին՝ նրանց պիտակելով «վտանգավոր աղանդ» անունը։ Աստված տեղյակ է այդ մարդկանց գործերից, և նրանք անպատիժ չեն մնա։ Աստծո հակառակորդները լավ կանեն խորհել այն մասին, թե ինչ պատահեց հին փղշտացիներին՝ իր ժողովրդի թշնամիներին։ Սոփոնիայի մարգարեության մեջ կարդում ենք. «Գազան թողուած է լինելու, եւ Ասկաղոնը՝ աւերակ, Ազովտոսին կէսօրին են աքսորելու, եւ Ակկարոնը պիտի վարուի [«արմատէն պիտի խլուի», Արևմտ. Աստ.]»։ Փղշտացիների Գազա, Ասկաղոն, Ազովտոս և Ակկարոն քաղաքները պիտի ամայանային (Սոփոնիա 2։4–7)։
12. Ի՞նչ պատահեց փղշտացիներին, Մովաբին և Ամմոնին։
12 Մարգարեությունում շարունակվում է ասվել. «Լսեցի Մովաբի նախատինքը, եւ Ամմոնի որդկանց հայհոյութիւնները, որով նախատեցին իմ ժողովրդին, եւ գոռոզացան նորանց սահմանի դէմ» (Սոփոնիա 2։8)։ Բաբելոնական զավթիչների ձեռքը հասավ մինչև Եգիպտոս ու Եթովպիա։ Սակայն ի՞նչ դատաստան բաժին ընկավ մովաբացիներին ու ամմոնացիներին. ժողովուրդներ, որոնք սերում էին Աբրահամի եղբորորդի Ղովտից։ Եհովան կանխագուշակել էր. «Մովաբը Սոդոմի պէս պիտի դառնայ, եւ Ամմոնի որդիքը Գոմորի պէս»։ Ի տարբերություն իրենց նախամայրերի՝ Ղովտի երկու աղջիկների, որոնք փրկվեցին Սոդոմի ու Գոմորի կործանումից, հպարտ Մովաբն ու Ամմոնը չէին պրծնելու Աստծո դատաստանից (Սոփոնիա 2։9–12; Ծննդոց 19։16, 23–26, 36–38)։ Որտե՞ղ են այսօր փղշտացիներն ու նրանց քաղաքները։ Ո՞ւր են երբեմնի հպարտ Մովաբն ու Ամմոնը։ Կարող եք փնտրել, բայց չեք գտնի։
13. Ի՞նչ հնագիտական հայտնագործություններ են կատարվել Նինվեում։
13 Սոփոնիայի օրերում Ասորեստանը իր հզորության գագաթնակետին էր հասել։ Հնագետ Օսթին Լեյարդը, նկարագրելով Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի պեղումների ժամանակ հայտնաբերված արքայական պալատի մի հատվածը, գրել է. «Առաստաղը.... բաժանված էր քառակուսաձև մասերի, որոնց վրա պատկերված էին ծաղիկներ ու կենդանիներ։ Դրանց մի մասը փղոսկրից էին՝ ներդրված առաստաղի մեջ. յուրաքանչյուր մաս նրբագեղ եզրադրվագներ ու ծեփածո զարդեր ուներ։ Չորսուները, ինչպես նաև պալատի պատերը, հավանաբար, ոսկեզօծ էին կամ էլ նույնիսկ ոսկու և արծաթի շերտով պատված, իսկ փայտեղեն շինվածքների համար օգտագործված էին հազվագյուտ փայտանյութեր, որոնց մեջ առավել նկատելի էր մայրու փայտի գործածությունը»։ Բայցևայնպես, ինչպես կանխագուշակվել էր Սոփոնիայի մարգարեության մեջ, Ասորեստանը կորստի էր մատնվելու, իսկ մայրաքաղաք Նինվեն ամայի էր դառնալու (Սոփոնիա 2։13)։
14. Ինչպե՞ս Նինվեի վրա իրականացավ Սոփոնիայի մարգարեությունը։
14 Սոփոնիայի այս մարգարեական խոսքերից ընդամենը 15 տարի անց ամենազոր Նինվեն ավերվեց, և նրա արքայական պալատը քարուքանդ արվեց։ Այո՛, այդ գոռոզ քաղաքը հողին հավասարվեց։ Թե ինչ աստիճան էր նա ամայացել, վառ կերպով նկարագրում են հետևյալ խոսքերը. «Հաւալուսն էլ, ոզնին էլ պիտի օթեւանեն նորա [տապալված] խոյակներումը. նորանց ձայնը պիտի հնչէ պատուհաններումը, աւերմունքը շէմքումը պիտի լինի» (Սոփոնիա 2։14, 15)։ Նինվեի փառահեղ կառույցները՝ որպես բնակության վայր, հարմար էին լինելու միայն հավալուսնների ու ոզնիների համար։ Քաղաքի փողոցներում այլևս չէին լսվելու առևտրականների ձայնը, ռազմիկների գոռում–գոչյունը, քրմերի երգասացությունը։ Մի ժամանակ այդ փողոցները լիքն էին մարդկանցով, իսկ հիմա միայն չարագուշակ ձայն էր լսվելու պատուհանների միջից. գուցե դա թռչնի աղիողորմ ճիչ էր լինելու կամ էլ՝ քամու ոռնոց։ Թող որ Աստծո բոլոր թշնամիները այսպիսի վերջ ունենան։
15. Ի՞նչ կարելի է սովորել փղշտացիների, Մովաբի, Ամմոնի և Ասորեստանի հետ պատահածից։
15 Ի՞նչ կարող ենք սովորել այն ամենից, ինչ պատահեց փղշտացիներին, Մովաբին, Ամմոնին և Ասորեստանին։ Ահա թե ինչ. մենք՝ որպես Եհովայի ծառաներ, մեր թշնամիներից վախենալու ոչ մի բան չունենք։ Աստված տեսնում է իր ժողովրդի հակառակորդների գործերը։ Եհովան գործողությունների դիմեց իր թշնամիների դեմ անցյալում և ներկայումս էլ իր դատաստանները ի կատար կածի երկրի բնակիչների դեմ։ Սակայն վերապրողներ են լինելու՝ «մի մեծ բազմութիւն.... բոլոր ազգերից» (Յայտնութիւն 7։9)։ Դուք կարող եք լինել նրանց մեջ, բայց միայն այն դեպքում, եթե շարունակեք Եհովային փնտրել ու արդարություն և խոնարհություն որոնել։
Վա՜յ սնապարծ մեղավորներին
16. Ի՞նչ է ասվում Սոփոնիայի մարգարեության մեջ Հուդայի իշխանների ու կրոնական առաջնորդների մասին, և ինչո՞ւ են այդ խոսքերը համապատասխանում քրիստոնեական աշխարհին։
16 Սոփոնիայի մարգարեությունը կրկին անդրադառնում է Հուդային ու Երուսաղեմին։ Սոփոնիա 3։1, 2–ում ասվում է. «Վա՜յ ապստամբին եւ պիղծին, հարստահարող քաղաքին։ Չ’լսեց ձայնին, խրատ չ’ընդունեց, Տիրոջը չ’ապաւինեց, իր Աստուծուն չ’մօտեցաւ»։ Ինչքա՜ն ցավալի էր, որ Եհովայի ջանքերը՝ ուղղված իր ժողովրդին ճիշտ ուղու բերելուն, ապարդյուն անցան։ Իշխանների, ազնվականների և դատավորների անգթությունը, իրոք, սահման չուներ։ Սոփոնիան դատապարտում է կրոնական առաջնորդների անամոթությունը՝ ասելով. «Նորա մարգարէքը սնապարծ՝ խարդախ մարդիկ են, նորա քահանայքը պղծում են սրբարանը, բռնաբարում են օրէնքը» (Սոփոնիա 3։3, 4)։ Որքա՜ն է համապատասխանում այս նկարագրությունը մերօրյա քրիստոնեական աշխարհի մարգարեներին ու քահանաներին։ Նրանք այնքան սնապարծ են, որ իրենց Աստվածաշնչերից հանել են Աստծո անունը և սովորեցնում են այնպիսի վարդապետություններ, որոնք կեղծ լույսի ներքո են ներկայացնում Նրան, ում, ըստ իրենց, երկրպագում են։
17. Անկախ նրանից՝ մարդիկ լսեն, թե՝ ոչ, ինչո՞ւ պետք է շարունակենք քարոզել բարի լուրը։
17 Եհովան այնքան հոգատար էր իր հինավուրց ժողովրդի հանդեպ, որ նրան նախապես զգուշացնում էր իր կատարելիք գործողությունների մասին։ Նա ուղարկում էր իր ծառաներին՝ մարգարեներին, մասնավորապես Սոփոնիային ու Երեմիային՝ հորդորելու նրանց դարձի գալ։ Այո՛, «Տէրը.... անօրէնութիւն չէ անում, առաւօտ առաւօտ նա ի լոյս է հանում իր իրաւունքը անխոնջ»։ Եվ ի՞նչ պատասխան։ «Բայց անիրաւը ամօթ չ’գիտէ»,— ասում է Սոփոնիան (Սոփոնիա 3։5)։ Նմանատիպ նախազգուշացում է հնչում մեր ժամանակներում։ Եթե դուք բարի լուրի քարոզիչ եք, ուրեմն մասնակցում եք այդ նախազգուշական գործին։ Անխոնջ կերպով հռչակեցե՛ք բարի լուրը։ Մարդիկ լսեն, թե՝ ոչ, ձեր ծառայությունը Աստծո տեսակետից հաջող է ընթանում, քանի դեռ հավատարմորեն կատարում եք այն. ամենևին էլ հարկ չկա ամաչելու, քանի որ Աստծո գործը նախանձախնդրորեն եք կատարում։
18. Ինչպե՞ս է Սոփոնիա 3։6–ը կատարվելու։
18 Աստծո դատաստանը չի սահմանափակվելու միայն քրիստոնեական աշխարհի ամայացմամբ։ Եհովան նաև դատապարտելու է բոլոր ազգերին. «Ազգերը ես բնաջինջ եմ արել, ամայացել են նորանց աշտարակները, անապատացրել եմ նորանց փողոցները, որ անցնող չ’կայ, աւերակ են դառել նորանց քաղաքները» (Սոփոնիա 3։6)։ Եհովան այնքան վստահ է իր այս խոսքերի իրականացման վրա, որ կործանման մասին խոսում է այնպես, կարծես թե այն արդեն տեղի է ունեցել։ Ի՞նչ եղան փղշտացիների, Մովաբի և Ամմոնի քաղաքները։ Իսկ Ասորեստանի մայրաքաղաք Նինվե՞ն։ Նրանց կործանումը նախազգուշացում է հանդիսանում այսօրվա ազգերի համար։ Աստված չի ծաղրվում։
Շարունակեք փնտրել Եհովային
19. Մտածելու տեղիք տվող ի՞նչ հարցեր կարող ենք տալ։
19 Սոփոնիայի օրերում Աստծո բարկությունը թափվեց այն ամբարիշտների վրա, որոնք «իրենց բոլոր գործերը ապականեցին» (Սոփոնիա 3։7, Արևմտ. Աստ.)։ Նույնը տեղի է ունենալու մեր օրերում։ Տեսնո՞ւմ եք արդյոք հորիզոնում, որ Եհովայի բարկության օրը մոտենում է։ Շարունակո՞ւմ եք փնտրել Եհովային՝ կանոնավորաբար, այսինքն՝ ամեն օր կարդալով նրա Խոսքը։ ‘Որոնո՞ւմ եք արդարություն’՝ Աստծո չափանիշներին ներդաշնակ բարոյապես մաքուր կյանք վարելով։ ‘Որոնո՞ւմ եք խոնարհություն’՝ հնազանդություն ցուցաբերելով Աստծո և փրկության համար նախատեսված նրա կարգավորումների հանդեպ։
20. Ի՞նչ հարցեր կքննարկվեն Սոփոնիայի մարգարեությանը վերաբերող հոդվածների շարքից վերջինում։
20 Եթե հավատարմորեն շարունակենք փնտրել Եհովային, որոնենք արդարություն և խոնարհություն, ապա կարող ենք ակնկալել, որ առատ օրհնություններ կվայելենք այսօր, այո՛, նույնիսկ այս վերջին, հավատի փորձություններով լի օրերում (Բ Տիմոթէոս 3։1–5; Առակաց 10։22, Արևմտ. Աստ.)։ Սակայն, հնարավոր է, որ մեր մեջ հարց ծագի. «Ինչպե՞ս են այսօր օրհնվում Եհովայի ներկայիս ծառաները, և ապագա ի՞նչ օրհնություններ է խոստանում Սոփոնիայի մարգարեությունը այն մարդկանց, ովքեր ‘ծածկված’ կլինեն արագորեն մոտեցող Եհովայի բարկության օրը»։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ինչպե՞ս են մարդիկ փնտրում Եհովային։
• Ի՞նչ է իր մեջ ներառում ‘արդարություն որոնելը’։
• Ինչպե՞ս կարող ենք ‘խոնարհություն որոնել’։
• Ինչո՞ւ պետք է շարունակենք փնտրել Եհովային և որոնել արդարություն ու խոնարհություն։
[նկար 18–րդ էջի վրա]
Փնտրո՞ւմ եք արդյոք Եհովային՝ ուսումնասիրելով Աստվածաշունչը և ջերմեռանդորեն աղոթելով
[նկար 21–րդ էջի վրա]
Մի մեծ բազմություն կվերապրի Եհովայի բարկության օրը, քանի որ շարունակում է փնտրել նրան