«Մաքուր լեզվով» վա՞րժ ես խոսում
«Ժողովուրդների շրթունքները մաքուր շրթունքներ պիտի դարձնեմ [«Ժողովուրդներին մաքուր լեզու կտամ», ՆԱ], որ ամենքը կանչեն Տիրոջ անունը» (ՍՈՓ. 3։9)։
1. Ի՞նչ հրաշալի պարգև է Եհովան տվել մեզ։
ԽՈՍԵԼՈՒ կարողությունը մարդու ձեռքբերումը չէ։ Այն պարգև է Արարչի՝ Եհովա Աստծու կողմից (Ելից 4։11, 12)։ Նա առաջին մարդուն՝ Ադամին, օժտեց ոչ միայն խոսելու, այլև նոր բառեր հորինելու ունակությամբ։ Այդպիսով նրա բառապաշարը կհարստանար (Ծննդ. 2։19, 20, 23)։ Ի՜նչ հրաշք պարգև է լեզուն։ Այն անգամ հնարավորություն է տալիս մարդկանց հաղորդակցվելու իրենց երկնային Հոր հետ և գովաբանելու նրա փառավոր անունը։
2. Ինչո՞ւ մարդիկ այլևս մեկ լեզվով չեն խոսում։
2 Մարդկության պատմության առաջին 17 դարերի ընթացքում բոլորը խոսում էին միայն մեկ լեզվով՝ ունենալով «մէկ խօսուածք», այսինքն՝ մեկ բառապաշար (Ծննդ. 11։1)։ Հետո Նեբրովթի օրերում ապստամբություն տեղի ունեցավ։ Եհովայի պատվերին հակառակ՝ անհնազանդ մարդիկ հավաքվեցին մի վայրում, որը հետագայում կոչվեց Բաբելոն։ Նրանք որոշեցին ապրել մեկ տեղում։ Այդ մարդիկ սկսեցին կառուցել մի հսկայական աշտարակ, սակայն ոչ թե Եհովային փառք տալու, այլ «անուն ստանալու», այլ խոսքով՝ անվանի դառնալու համար։ Ուստի Եհովան խառնեց ապստամբների լեզուն, և նրանք սկսեցին խոսել տարբեր լեզուներով։ Այսպես նրանք ցրվեցին ամբողջ երկրով մեկ (կարդա՛ Ծննդոց 11։4–8)։
3. Ի՞նչ պատահեց, երբ Եհովան խառնեց Բաբելոնի ապստամբների լեզուն։
3 Այսօր աշխարհում խոսում են բառացիորեն հազարավոր լեզուներով. ոմանց հաշվարկներով՝ դրանք 6 800–ից ավելի են։ Այդ լեզուներից յուրաքանչյուրը պահանջում է ուրույն մտածելակերպ։ Ըստ ամենայնի, Եհովա Աստված, երբ հնում խառնեց ապստամբների լեզուն, նրանց հիշողությունից ջնջեց այն լեզուն, որով խոսում էին։ Նա ոչ միայն նոր և տարբեր բառապաշարներ դրեց նրանց մտքում, այլև փոխեց նրանց մտածելակերպը և ներմուծեց նոր քերականություններ։ Զարմանալի չէ, որ այն վայրը, որտեղ գտնվում էր աշտարակը, կոչվեց «Խառնակություն», կամ՝ «Բաբելոն» (Ծննդ. 11։9, ԱԱ, ծնթ.)։ Հետաքրքիր է, որ միայն Աստվածաշունչն է գոհացուցիչ պատասխան տալիս այն հարցին, թե ինչու են այսօր լեզուները բազմազան։
Մի նոր՝ մաքուր լեզու
4. Ի՞նչ էր տեղի ունենալու մեր օրերում՝ ըստ Եհովայի կանխագուշակման։
4 Որքան էլ որ հետաքրքիր լինի այն, թե ինչպես Աստված Բաբելոնում խառնեց լեզուները, մեր օրերում ավելի հետաքրքիր և կարևոր մի բան է տեղի ունենում։ Իր մարգարե Սոփոնիայի միջոցով Եհովան կանխագուշակեց. «Այն ժամանակ ժողովուրդների շրթունքները մաքուր շրթունքներ պիտի դարձնեմ [«ժողովուրդներին մաքուր լեզու կտամ», ՆԱ], որ ամենքը կանչեն Տիրոջ անունը նորան համամտաբար ծառայելու համար» (Սոփ. 3։9)։ Ո՞րն է այդ «մաքուր լեզուն», և ինչպե՞ս կարող ենք սովորել վարժ խոսել այդ լեզվով։
5. Ի՞նչ է մաքուր լեզուն, և ինչի՞ն է այն նպաստում։
5 Մաքուր լեզուն ճշմարտությունն է Եհովա Աստծու և նրա նպատակների մասին՝ գրված նրա Խոսքում՝ Աստվածաշնչում։ Այդ «լեզուն» ներառում է Աստծու Թագավորության մասին ճշմարտությունը ճիշտ հասկանալը, նաև այն, թե ինչպես է այդ Թագավորությունը սրբացնելու Եհովայի անունը, արդարացնելու նրա գերիշխանությունը և հավիտենական օրհնություններ բերելու հավատարիմ մարդկանց։ Ի՞նչ է լինում, երբ մարդիկ սովորում են այդ լեզուն։ Ինչպես նշվեց վերևում, նրանք «կկանչեն Եհովայի անունը» և կծառայեն նրան «համամտաբար», կամ՝ «ուս ուսի» (ՆԱ)։ Ի տարբերություն բաբելոնյան դեպքերի՝ նոր լեզուն նպաստում է Եհովայի անվան փառաբանմանը և նրա ժողովրդի միասնությանը։
Սովորենք մաքուր լեզուն
6, 7. ա) Ի՞նչ է ներառում նոր լեզու սովորելը, և ինչպե՞ս է սա առնչվում մաքուր լեզուն սովորելուն։ բ) Ի՞նչ կքննենք այժմ։
6 Երբ ինչ–որ մեկը որոշում է օտար լեզու սովորել, նա պետք է ավելին անի, քան պարզապես նոր բառեր հիշելը։ Լեզվին տիրապետելու համար հարկավոր է սովորել նորովի մտածել, նոր մտածելակերպ ձեռք բերել։ Տրամաբանությունն ու հումորը տարբեր լեզուներում կարող են տարբեր լինել։ Նոր հնչյունների արտասանությունը պահանջում է խոսքի գործարանների, օրինակ՝ լեզվի այլ կերպով գործածություն։ Նույնը վերաբերում է այն դեպքին, երբ սովորում ենք սուրբգրային ճշմարտության մաքուր լեզուն։ Ավելին է հարկավոր, քան պարզապես Աստվածաշնչի մի քանի հիմնական ուսմունքներ սովորելը։ Այս նոր լեզվին տիրապետելը ներառում է մտածելակերպը փոխելը (կարդա՛ Հռոմեացիներ 12։2; Եփեսացիներ 4։23)։
7 Ի՞նչը կօգնի մեզ ոչ միայն հասկանալու այդ մաքուր լեզուն, այլև վարժ խոսելու դրանով։ Ինչպես ցանկացած լեզվի դեպքում է, Աստվածաշնչի ճշմարտության լեզվով լավ խոսելու համար կան մի քանի հիմնական միջոցներ։ Քննենք օտար լեզու սովորելու այդ քայլերից մի քանիսը և տեսնենք, թե դրանք ինչպես կարող են օգնել մեզ տիրապետելու մաքուր լեզվին։
Վարժ խոսենք մաքուր լեզվով
8, 9. Ի՞նչ պետք է անենք, եթե ցանկանում ենք սովորել մաքուր լեզուն, և ինչո՞ւ է դա կարևոր։
8 Լսիր ուշադիր։ Նոր լեզուն կարող է բացարձակապես անծանոթ թվալ առաջին անգամ լսողին (Ես. 33։19)։ Բայց երբ նա կենտրոնանում է իր լսածի վրա, սկսում է ճանաչել առանձին բառեր և կրկնվող արտահայտություններ։ Նույն ձևով էլ մեզ հորդոր է տրվում. «Անհրաժեշտ է, որ մենք սովորականից առավել ուշադրություն դարձնենք այն ամենին, որ լսեցինք, որպեսզի մի կողմ չտարվենք» (Եբր. 2։1)։ Հիսուսը իր հետևորդներին բազմիցս կոչ արեց. «Ով որ ականջ ունի, թող լսի» (Մատթ. 11։15; 13։43; Մարկ. 4։23; Ղուկ. 14։35)։ Այո՛, մենք պետք է «լսենք և հասկանանք իմաստը» մեր լսածի, որպեսզի մաքուր լեզուն ըմբռնելու մեջ առաջադիմենք (Մատթ. 15։10; Մարկ. 7։14)։
9 Լսելու համար անհրաժեշտ է կենտրոնացնել ուշադրությունը։ Սա հեշտ չէ, բայց արժե ջանքեր թափել (Ղուկ. 8։18)։ Քրիստոնեական հանդիպումների ժամանակ մեր միտքը կենտրոնացա՞ծ է բացատրվող նյութի վրա, թե՞ թափառում է։ Շատ կարևոր է ջանք թափել կենտրոնանալու համար, այլապես մեր լսողությունը գուցե բթանա (Եբր. 5։11)։
10, 11. ա) Ուշադիր լսելուց բացի՝ ուրիշ ի՞նչ է անհրաժեշտ նոր լեզու սովորելու համար։ բ) Ինչպե՞ս է դա կիրառվում մաքուր լեզուն սովորելու առնչությամբ։
10 Ընդօրինակիր վարժ խոսողներին։ Նոր լեզու սովորողներին խրախուսում են ոչ միայն ուշադիր լսել, այլև փորձել ընդօրինակել վարժ խոսողների արտասանությունն ու խոսելու ձևը։ Սա օգնում է սովորողներին խուսափելու ընդգծված սխալ առոգանությունից, որը կարող է հետագայում խանգարել հաղորդակցվելուն։ Նմանապես, մենք պետք է սովորենք նրանցից, ովքեր տիրապետում են մաքուր լեզուն «սովորեցնելու արվեստին» (2 Տիմոթ. 4։2)։ Օգնություն խնդրիր։ Պատրաստ եղիր խորհուրդներ ստանալու, երբ սխալվում ես (կարդա՛ Եբրայեցիներ 12։5, 6, 11)։
11 Մաքուր լեզվով խոսելու մեջ մտնում է ոչ միայն ճշմարտությանը հավատալը և այն ուրիշներին սովորեցնելը, այլ նաև մեր վարքը Աստծու օրենքներին և սկզբունքներին համապատասխանեցնելը։ Ուստի պետք է հետևենք մյուսների լավ օրինակին, որի մեջ մտնում է նրանց հավատն ու եռանդը։ Մենք պետք է ընդօրինակենք նաև Հիսուսի ամբողջ կյանքը (1 Կորնթ. 11։1; Եբր. 12։2; 13։7)։ Եթե շարունակաբար այսպես վարվենք, ապա կնպաստենք Աստծու ժողովրդի միասնությանը, ինչը թույլ կտա, որ բոլորս խոսենք նույն «առոգանությամբ» (1 Կորնթ. 4։16, 17)։
12. Ինչպե՞ս կարող է մտապահելու ունակությունը օգնել նոր լեզու սովորելու հարցում։
12 Մտապահիր։ Լեզու սովորողները շատ բաներ պետք է անգիր անեն։ Սա ներառում է նոր բառեր և արտահայտություններ սովորելը։ Մտապահելը քրիստոնյաներին մեծապես կօգնի մաքուր լեզվին տիրապետելու հարցում։ Անշուշտ, լավ կլինի անգիր հիշել Աստվածաշնչի գրքերի անուններն ու դրանց հերթականությունը։ Ոմանք նպատակ են դրել բառ առ բառ հիշելու մի շարք աստվածաշնչյան խոսքեր կամ էլ անգիր հիշելու որոշ խոսքերի համարները, որոնք վերաբերում են ինչ–որ կոնկրետ հարցի։ Մյուսները օգտակար են համարում անգիր իմանալ Թագավորության երգեր, Իսրայելի ցեղերի և 12 առաքյալների անունները, ինչպես նաև ոգու պտղի երեսակները։ Հին ժամանակներում շատ իսրայելացիներ սաղմոսներ էին անգիր անում։ Մեր ժամանակներում մի տղա վեց տարեկանում անգիր գիտեր ավելի քան 80 սուրբգրային համար։ Կարո՞ղ ենք այս արժեքավոր մեթոդը ավելի շատ գործածել։
13. Ինչո՞ւ է կրկնությունը շատ կարևոր։
13 Կրկնությունը նպաստում է հիշելուն։ Կրկնվող հիշեցումները մեր քրիստոնեական կրթության մեջ շատ կարևոր են։ Պետրոս առաքյալը ասաց. «Ես մտադիր եմ միշտ հիշեցնել ձեզ այս բաների մասին, թեև դուք գիտեք դրանք և ամուր հաստատված եք ճշմարտության մեջ, որը կա ձեզանում» (2 Պետ. 1։12)։ Ինչո՞ւ հիշեցումների կարիք ունենք։ Դրանք խորացնում են մեր հասկացողությունը, օգնում են ավելի լայն տեսանկյունից նայելու ինչ–որ հարցի և մեզ ավելի են լցնում հոգևոր ճանապարհի վրա մնալու վճռականությամբ (Սաղ. 119։129)։ Աստծու չափանիշների ու սկզբունքների մասին մշտական հիշեցումները օգնում են, որ մանրակրկիտ ինքնաքննություն կատարենք և մոռացկոտ լսող» լինելու հակման դեմ պայքարենք (Հակ. 1։22–25)։ Եթե շարունակ մեզ չենք հիշեցնում ճշմարտությունը, ապա մեր սրտի վրա կազդեն այլ բաներ, և գուցե այլևս ի վիճակի չլինենք վարժ խոսելու մաքուր լեզվով։
14. Ի՞նչը կօգնի մաքուր լեզուն սովորելու հարցում։
14 Կարդա բարձրաձայն (Հայտն. 1։3)։ Ոմանք փորձում են նոր լեզուն լուռ սովորել։ Սա չի տալիս լավագույն արդյունքները։ Մաքուր լեզուն սովորելիս երբեմն գուցե կարիք լինի, որ կենտրոնանալու նպատակով կարդանք «կիսաձայն» (կարդա՛ Սաղմոս 1։1, 2,a)։ Սա նպաստում է, որ ընթերցվող նյութը դաջվի մեր մտքում։ Եբրայերենում «կիսաձայն կարդալ» արտահայտությունը սերտորեն կապված է խորհրդածելու գաղափարի հետ։ Ճիշտ ինչպես որ մարսողության շնորհիվ օրգանիզմը առավելագույն օգուտ է ստանում սննդից, այնպես էլ խորհրդածության շնորհիվ անհատը լավ է յուրացնում կարդացածը։ Բավականաչափ ժամանակ տրամադրո՞ւմ ենք ուսումնասիրության նյութի շուրջ խորհրդածելուն։ Երբ Աստվածաշնչից կարդում ենք ինչ–որ հատված, այնուհետև պետք է խորությամբ մտածենք ընթերցածի շուրջ։
15. Ինչպե՞ս կարող ենք ուսումնասիրել մաքուր լեզվի «քերականությունը»։
15 Վերլուծիր քերականությունը։ Նոր լեզու սովորելիս գալիս է մի պահ, երբ անհրաժեշտ է ուսումնասիրել այդ լեզվի քերականությունը, այսինքն՝ խոսքի կառուցման կանոնները։ Դա հնարավորություն է տալիս հասկանալու լեզվի կառուցվածքը և, այդպիսով, ճիշտ խոսելու։ Ինչպես որ լեզուն ունի քերականություն, այնպես էլ սուրբգրային ճշմարտության մաքուր լեզուն ունի «քերականություն», կամ՝ «առողջ խոսքերի օրինակը» (2 Տիմոթ. 1։13)։ Մենք պետք է սովորենք վարժ «խոսել» ըստ այդ «օրինակի»։
16. Ի՞նչ հակում պետք է հաղթահարենք և ինչպե՞ս։
16 Շարունակիր առաջադիմել։ Երբ անհատը արդեն կարողանում է պարզ զրույց վարել օտար լեզվով, նա գուցե այլևս չշարունակի առաջադիմել։ Նման բան կարող է տեղի ունենալ մաքուր լեզվով խոսողների հետ (կարդա՛ Եբրայեցիներ 5։11–14)։ Ի՞նչը կօգնի հաղթահարելու այս հակումը։ Ջանք արա, այսպես ասած, բառապաշարդ ընդարձակելու։ «Քրիստոսի մասին սկզբնական ուսմունքները թողած լինելով՝ եկեք շտապենք դեպի հասունություն՝ կրկին չդնելով հիմքը, այսինքն՝ մեռած գործերի համար զղջալը և Աստծու հանդեպ հավատը, մկրտությունների, ձեռքերը դնելու, մահացածների հարության և հավիտենական դատաստանի մասին ուսմունքները» (Եբր. 6։1, 2)։
17. Կանոնավորաբար ուսումնասիրելու սովորությունն ինչո՞ւ է կարևոր։ Բացատրիր օրինակով։
17 Ուսումնասիրության կոնկրետ ժամեր ունեցիր։ Ավելի լավ է ուսումնասիրությանը տրամադրես համեմատաբար կարճ ժամանակահատված, բայց դա անես կանոնավորաբար, քան երկար ուսումնասիրություն կատարես, բայց հազվադեպ։ Ուսումնասիրիր այն ժամանակ, երբ միտքդ պայծառ է և իսկույն չի շեղվում։ Նոր լեզու սովորելը նման է ջունգլիում արահետ բացելուն։ Որքան հաճախ ես անցնում այդ արահետով, այնքան ավելի է հեշտանում անցնելը։ Եթե որոշ ժամանակ արահետը չի օգտագործվում, այն նորից անանցանելի է դառնում։ Այս օրինակից տեսնում ենք, որ հաստատակամությունը և հարատևությունը շատ կարևոր են (Դան. 6։16, ՆԱ, 20)։ Աղոթքի միջոցով «արթո՛ւն մնա ամեն հարատևությամբ», որպեսզի կարողանաս խոսել Աստվածաշնչի ճշմարտության մաքուր լեզվով (Եփես. 6։18)։
18. Ինչո՞ւ պետք է մաքուր լեզվով խոսենք ամեն առիթի դեպքում։
18 Խոսի՛ր, խոսի՛ր և դարձյալ խոսի՛ր։ Նոր լեզու սովորողներից ոմանք գուցե վարանեն խոսել, որովհետև ամաչում են կամ վախենում են սխալ անելուց։ Դա կխանգարի նրանց առաջադիմությանը։ Սակայն խոսելը շատ կարևոր է։ Սովորողը որքան շատ խոսի նոր լեզվով, այնքան հանգիստ ու անկաշկանդ կզգա իրեն։ Մենք նույնպես պետք է ամեն առիթի դեպքում խոսենք մաքուր լեզվով։ «Մարդը սրտով հավատում է արդարության համար, բայց բերանով հրապարակորեն հռչակում է փրկության համար» (Հռոմ. 10։10)։ Մեր կողմից «հրապարակային հռչակում» արվում է ոչ միայն մեր մկրտության ժամանակ, այլև երբ Եհովայի մասին խոսում ենք ամեն հնարավոր առիթով, այդ թվում նաև ծառայության ընթացքում (Մատթ. 28։19, 20; Եբր. 13։15)։ Մեր քրիստոնեական հանդիպումները հնարավորություն են տալիս մեզ մաքուր լեզվով պարզ, դիպուկ և հակիրճ խոսելու (կարդա՛ Եբրայեցիներ 10։23–25)։
Մաքուր լեզվով միասնաբար փառաբանենք Եհովային
19, 20. ա) Ի՞նչ ապշեցուցիչ բան են անում այսօր Եհովայի վկաները։ բ) Ի՞նչ ես վճռել անել։
19 Մ.թ. 33–ին՝ հրեական սիվան ամսվա 6–ին՝ կիրակի առավոտյան, երբ դեռ ժամը ինը չկար, Երուսաղեմում մի հրաշք տեղի ունեցավ։ Քաղաքի վերնատներից մեկում հավաքված մարդիկ «սկսեցին տարբեր լեզուներով խոսել»։ Որքա՜ն տպավորիչ պետք է որ դա լիներ (Գործ. 2։4)։ Այսօր Աստծու ծառաներին այլևս լեզուներով խոսելու պարգև չի տրվում (1 Կորնթ. 13։8)։ Այդուհանդերձ, Եհովայի վկաները Թագավորության բարի լուրը հռչակում են ավելի քան 430 լեզվով։
20 Որքա՜ն ուրախ ենք, որ անկախ նրանից, թե որն է մեր մայրենի լեզուն՝ մենք բոլորս խոսում ենք Աստվածաշնչի ճշմարտության մաքուր լեզվով, և դա մեզ միավորում է։ Ինչ–որ իմաստով՝ սա Բաբելոնում տեղի ունեցածի ճիշտ հակառակն է։ Եհովայի ժողովուրդը, կարծես խոսելով մեկ լեզվով, փառք է բերում նրա անվանը (1 Կորնթ. 1։10)։ Թող որ վճռենք շարունակել մեր համաշխարհային եղբայրության հետ «ուս ուսի» ծառայել, մինչ շարունակում ենք սովորել այդ մեկ լեզվով է՛լ ավելի վարժ խոսել՝ ի փառս մեր երկնային Հոր՝ Եհովայի (կարդա՛ Սաղմոս 150։1–6)։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Ի՞նչ է մաքուր լեզուն։
• Ի՞նչ է ներառում մաքուր լեզվով խոսելը։
• Ի՞նչը կօգնի մեզ՝ վարժ խոսելու մաքուր լեզվով։
[շրջանակ 23–րդ էջի վրա]
Բարելավիր մաքուր լեզվով վարժ խոսելու ունակությունդ՝
◆ լսելով ուշադիր
◆ ընդօրինակելով վարժ խոսողներին
◆ մտապահելով և կրկնելով
◆ կարդալով բարձրաձայն
(Սաղ. 1։1, 2 ՆԱ; Հայտն. 1։3),
◆ վերլուծելով «քերականությունը»
◆ շարունակելով առաջադիմել
◆ ունենալով ուսումնասիրության կոնկրետ ժամեր
◆ խոսելով այդ լեզվով
[նկար 24–րդ էջի վրա]
Եհովայի ժողովուրդը միասնաբար խոսում է մաքուր լեզվով
[ծանոթագրություն]
a Սաղմոս 1։1, 2. «Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մէջ չէ գնում, եւ մեղաւորների ճանապարհի մէջ չէ կանգնում, եւ ծաղր անողների աթոռի վերայ չէ նստում. այլ նորա կամքը Տիրոջ օրէնքի մէջ է, եւ ցերեկ ու գիշեր նորա օրէնքի վերայ է մտածում [«նրա օրենքը կիսաձայն կարդում է», ՆԱ]»։