Բարի լուր բոլոր ազգերի մարդկանց համար
«Իմ վկաները կ’լինիք.... մինչեւ երկրի ծայրերը» (ԳՈՐԾՔ 1։8)։
1. Որպես Աստվածաշնչի ուսուցիչներ՝ ինչի՞ վրա ենք մենք ուշադրություն դարձնում և ինչո՞ւ։
ՀՄՈՒՏ ուսուցիչներն ուշադրություն են դարձնում ոչ միայն այն բանին, թե ինչ են սովորեցնում, այլև թե ինչպես են սովորեցնում։ Լինելով աստվածաշնչյան ճշմարտության ուսուցիչներ՝ մենք նույն կերպ ենք վարվում՝ ուշադրություն ենք դարձնում և՛ մեր քարոզած պատգամին, և՛ ուսուցանելու մեթոդներին։ Մեր պատգամը՝ Աստծու Թագավորության բարի լուրը, չի փոխվում, սակայն մեթոդները փոխվում են, քանի որ մենք հարմարեցնում ենք դրանք մարդկանց հանգամանքներին։ Ինչո՞ւ։ Որպեսզի կարողանանք քարոզել որքան հնարավոր է շատ անհատների։
2. Քարոզչության մեր մեթոդները հարմարեցնելով մարդկանց հանգամանքներին՝ ո՞ւմ ենք ընդօրինակում։
2 Քարոզելու մեր մեթոդները մարդկանց հանգամանքներին հարմարեցնելով՝ մենք ընդօրինակում ենք Աստծու վաղեմի ծառաներին, օրինակ՝ Պողոս առաքյալին։ Նա ասաց. «Հրէաներին Հրէայի պէս եղայ.... օրէնք չ’ունեցողներին օրէնք չ’ունեցողի պէս եղայ.... տկարներին տկարի պէս եղայ, որ տկարներին շահեմ. ամենին ամեն բան եղայ, որ ինչ եւ իցէ մի քանիսին ապրեցնեմ» (Ա Կորնթացիս 9։19–23)։ Ճկուն մոտեցում ցուցաբերելով՝ Պողոսը հաջողությունների էր հասնում։ Մենք նույնպես հաջողությունների կհասնենք, եթե հարմարեցնենք մեր մատուցումները այն մարդկանց հանգամանքներին, ում քարոզում ենք։
Մինչև «երկրի բոլոր ծայրերը»
3. ա) Ո՞րն է քարոզչական ծառայության հետ կապված դժվարություններից մեկը։ բ) Ինչպե՞ս են այսօր կատարվում Եսայիա 45։22–ում արձանագրված խոսքերը։
3 Գլխավոր դժվարություններից մեկը, որ պետք է հաղթահարեն բարի լուրի քարոզիչները, վիթխարի տարածությունն է՝ ‘բովանդակ աշխարհը’ (Մատթէոս 24։14, ԱԱ)։ Անցյալ դարում Եհովայի բազմաթիվ ծառաներ մեծ ջանքեր են գործադրել բարի լուրը նոր երկրներ հասցնելու ուղղությամբ։ Ի՞նչ արդյունքով։ Այսօր զարմանալի աճ է նկատվում ողջ աշխարհում։ Եթե 20–րդ դարի արշալույսին քարոզչական ծառայության հաշվետվություններ էին ուղարկվում ընդամենը մի քանի երկրներից, ներկայումս Եհովայի վկաները ակտիվորեն գործում են 235 երկրներում։ Իսկապես, Թագավորության բարի լուրը հռչակվում է մինչև «երկրի բոլոր ծայրերը» (Եսայիա 45։22)։
4, 5. ա) Ովքե՞ր են մեծ դեր խաղում բարի լուրը տարածելու գործում։ բ) Ի՞նչ են որոշ մասնաճյուղեր ասում նրանց մասին, ովքեր եկել են ծառայելու այդ մասնաճյուղերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։
4 Ինչո՞ւ է նման աճ տեղի ունենում։ Պատճառները շատ են։ Այս գործում մեծ դեր են խաղացել, օրինակ, «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցում կրթված միսիոներները, իսկ համեմատաբար վերջերս նաև Ծառայության կատարելագործման դպրոցի ավելի քան 20 000 շրջանավարտները։ Նույնը կարելի է ասել այն բազմաթիվ Վկաների մասին, ովքեր իրենց միջոցներով տեղափոխվել են այնպիսի երկրներ, որտեղ Թագավորության քարոզիչների մեծ կարիք է զգացվում։ Այդ անձնազոհ քրիստոնյաները՝ տղամարդ թե կին, երիտասարդ թե ծեր, ամուսնացած թե ամուրի, մեծ ներդրում ունեն Թագավորության պատգամը երկրագնդով մեկ տարածելու գործում (Սաղմոս 110։3; Հռովմայեցիս 10։18)։ Նրանց ջանքերը բարձր են գնահատվում։ Ահա թե որոշ մասնաճյուղեր ինչ են գրում այն քարոզիչների մասին, ովքեր արտասահմանից տեղափոխվել են այդ մասնաճյուղերի վերահսկողության տակ գտնվող տարածքները, որտեղ քարոզիչների կարիքը մեծ է։
5 «Այս թանկագին Վկաները նախաձեռնություն են վերցնում քարոզելու հեռավոր տարածքներում, օգնում են կազմավորել նոր ժողովներ և նպաստում են տեղի եղբայրների ու քույրերի հոգևոր աճին» (Էկվադոր)։ «Եթե այստեղ ծառայող հարյուրավոր օտարերկրացիները հեռանան, դա կանդրադառնա ժողովների ամրության վրա։ Նրանք մեզ համար մեծ օրհնություն են» (Դոմինիկյան Հանրապետություն)։ «Մեր ժողովները հիմնականում բաղկացած են քույրերից։ Երբեմն նրանք կազմում են ժողովի 70 տոկոսը (Սաղմոս 68։11, ՆԱ)։ Նրանցից շատերը նոր են ճշմարտության մեջ։ Ուստի օտար երկրներից եկած ամուրի ռահվիրա քույրերը անգնահատելի օգնություն են ցույց տալիս՝ շատ բաներ սովորեցնելով նորեկներին։ Արտասահմանից եկած այս քույրերը իսկական պարգև են մեզ համար» (արևելաեվրոպական մի երկիր)։ Երբևէ մտածե՞լ ես օտար երկրում ծառայելու մասինa (Գործք 16։9, 10)։
«Ամեն լեզուներից տասը մարդ»
6. Զաքարիա 8։23 համարն ինչպե՞ս է ցույց տալիս, որ մեր քարոզչական գործում լեզվի հետ կապված դժվարություններ էին լինելու։
6 Մեկ ուրիշ դժվարություն է լեզուների բազմազանությունը։ Աստծու Խոսքում կանխագուշակվել էր. «Այն օրերը կ’բռնեն ազգերի ամեն լեզուներից տասը մարդ, այսինքն կ’բռնեն մի Հրէայ մարդի քղանցքը, ասելով. Գնանք ձեզ հետ, որովհետեւ լսել ենք որ Աստուած ձեզ հետ է» (Զաքարիա 8։23)։ Այս մարգարեության ժամանակակից կատարման մեջ տասը մարդիկ ներկայացնում են մեծ բազմությանը, որի մասին կանխագուշակվել էր Յայտնութիւն 7։9–ում։ Սակայն ուշադրություն դարձնենք, որ ըստ Զաքարիայի մարգարեության՝ «տասը մարդ[իկ]» գալու էին ոչ միայն բոլոր ազգերից, այլև «ազգերի ամեն լեզուներից»։ Տեսնո՞ւմ ենք արդյոք մարգարեության այս կարևոր առանձնահատկության կատարումը։ Այո՛։
7. Ո՞ր տվյալներն են ցույց տալիս, որ բարի լուրը մատչելի է ‘ամեն լեզուների’ մարդկանց։
7 Քննարկենք որոշ վիճակագրական տվյալներ։ 50 տարի առաջ մեր գրականությունը լույս էր տեսնում 90 լեզուներով։ Այսօր այդ թիվն անցնում է 400–ից։ «Հաւատարիմ եւ իմաստուն ծառան» ոչ մի ջանք չի խնայել գրականություն հրատարակելու նույնիսկ այն լեզուներով, որոնցով համեմատաբար քչերն են խոսում (Մատթէոս 24։45)։ Օրինակ՝ աստվածաշնչյան գրականությունը այժմ մատչելի է գրենլանդերեն (47 000 մարդ), պալաու (15 000 մարդ) և յապ (գրեթե 7 000 մարդ) լեզուներով։
Գործունեության ‘մեծ դուռ’
8, 9. Ինչի՞ շնորհիվ է մեր առջև ‘մեծ դուռ’ բացվել, և ինչպե՞ս են հազարավոր Վկաներ արձագանքել դրան։
8 Այսօր, սակայն, բարի լուրը օտարալեզու մարդկանց քարոզելու համար արտասահման գնալու կարիք չկա։ Վերջին տարիներին օտար երկրներից գաղթած միլիոնավոր անհատներ բազմաթիվ համայնքներ են կազմել տնտեսապես զարգացած երկրներում։ Օրինակ՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում խոսում են մոտ 100 լեզվով, Տորոնտոյում (Կանադա)՝ 125, Լոնդոնում (Անգլիա)՝ ավելի քան 300։ Օտար երկրներից եկած այս մարդկանց ներկայությունը գործունեության ‘մեծ դուռ’ է բացում շատ ժողովների առջև՝ հնարավորություն տալով բարի լուրը քարոզել բոլոր ազգերի ներկայացուցիչներին (Ա Կորնթացիս 16։9)։
9 Արձագանքելով դրան՝ հազարավոր Վկաներ օտար լեզուներ են սովորում։ Շատերի համար դա հեշտ չէ, սակայն նրանց ջանքերը վարձատրվում են. այդ քարոզիչները մեծ ուրախություն են ստանում՝ օգնելով օտար երկրներից գաղթած անհատներին սովորել Աստծու Խոսքի ճշմարտությունը։ Օրինակ՝ նախանցյալ տարի Արևմտյան Եվրոպայի երկրներից մեկում մարզային համաժողովների ժամանակ մկրտվածների մոտավորապես 40 տոկոսը օտարերկրացիներ էին։
10. Ինչպե՞ս ես ծառայության մեջ օգտագործում «Բարի լուր բոլոր ազգերի մարդկանց համար» գրքույկը (տե՛ս ««Բարի լուր բոլոր ազգերի մարդկանց համար» գրքույկի առանձնահատկությունները» շրջանակը, էջ 26)։
10 Իհարկե, մեզանից շատերի հանգամանքները թույլ չեն տալիս օտար լեզու սովորել։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք օգնել ներգաղթյալներին՝ արդյունավետորեն օգտագործելով «Բարի լուր բոլոր ազգերի մարդկանց համար» նոր գրքույկը,b որը հետաքրքիր պատգամ է բովանդակում բազմաթիվ լեզուներով (Յովհաննէս 4։37)։ Ծառայության մեջ օգտվո՞ւմ ես այս գրքույկից։
Երբ մարդիկ չեն արձագանքում
11. Ինչպիսի՞ դժվարության ենք բախվում որոշ տարածքներում։
11 Քանի որ աշխարհում Սատանայի ազդեցությունը մեծանում է, մենք գնալով ավելի հաճախ ենք բախվում մեկ ուրիշ դժվարության. որոշ վայրերում քչերն են արձագանքում մեր լուրին։ Իհարկե, այս իրավիճակը մեզ չի զարմացնում, քանի որ Հիսուսը նման բան կանխագուշակել էր։ Խոսելով մեր օրերի մասին՝ նա ասել էր. «Շատերի սէրը կ’սառչի» (Մատթէոս 24։12)։ Իրականում ավելի ու ավելի շատ մարդիկ են կորցնում իրենց հավատը Աստծու հանդեպ և հարգանքը Աստվածաշնչի հանդեպ (Բ Պետրոս 3։3, 4)։ Հետևաբար աշխարհի որոշ մասերում համեմատաբար քչերն են դառնում Քրիստոսի աշակերտներ։ Սակայն դա չի նշանակում, որ մեր սիրելի քրիստոնյա եղբայրներն ու քույրերը, որոնք հավատարմորեն քարոզում են նման տարածքներում, իզուր են ջանքեր գործադրում (Եբրայեցիս 6։10)։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Նկատի առնենք հետևյալը։
12. Ի՞նչ երկու նպատակի է ծառայում մեր քարոզչական գործը։
12 Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ մեր քարոզչական գործունեությունը ծառայում է երկու հիմնական նպատակի։ Առաջին՝ մենք աշակերտներ ենք պատրաստում «բոլոր ազգեր[ից]» (Մատթէոս 28։19)։ Երկրորդ՝ Թագավորության պատգամը «վկայութիւն» է մարդկանց համար (Մատթէոս 24։14)։ Երկու նպատակներն էլ կարևոր են, սակայն վերջինը առանձնահատուկ նշանակություն ունի։ Ինչո՞ւ։
13, 14. ա) Ո՞րն է Քրիստոսի ներկայության նշանի գլխավոր առանձնահատկություններից մեկը։ բ) Ի՞նչ պետք է հիշենք, հատկապես երբ քարոզում ենք այնպիսի տարածքներում, որտեղ քչերն են արձագանքում բարի լուրին։
13 Մատթեոսը՝ Աստվածաշունչն արձանագրողներից մեկը, հայտնում է, որ մի անգամ առաքյալները Հիսուսին հարցրին. «Ի՞նչ կ’լինի քո գալստեան եւ աշխարհքիս վերջի նշանը» (Մատթէոս 24։3)։ Ի պատասխան՝ Հիսուսն ասաց, որ այդ նշանի առանձնահատկություններից մեկը կլինի համաշխարհային քարոզչական գործը։ Արդյո՞ք նա խոսեց աշակերտներ պատրաստելու մասին։ Ո՛չ։ Նա ասաց. «Արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կ’քարոզուի ամեն հեթանոսներին [«բոլոր ազգերուն», ԱԱ] վկայութիւն լինելու համար» (Մատթէոս 24։14)։ Այդպիսով Հիսուսը ցույց տվեց, որ Թագավորությունը քարոզելու գործն էր լինելու այդ նշանի կարևոր մասը։
14 Ուստի Թագավորության բարի լուրը քարոզելիս կարող ենք հիշել, որ նույնիսկ եթե աշակերտներ պատրաստելու հնարավորություն միշտ չենք ունենում, մենք, միևնույն է, «վկայութիւն» ենք տալիս։ Մենք մեր լուման ենք ներդնում Հիսուսի մարգարեության իրականացման մեջ՝ անկախ մարդկանց արձագանքից, քանի որ նրանք գիտեն, թե ինչ գործ ենք կատարում (Եսայիա 52։7; Յայտնութիւն 14։6, 7)։ Ջորդին՝ Արևմըտյան Եվրոպայում ապրող մի երիտասարդ Վկա, ասում է. «Ես մեծ ուրախություն եմ ստանում այն բանի գիտակցումից, որ Եհովան ինձ օգտագործում է Մատթէոս 24։14–ի մարգարեության իրականացման մեջ» (Բ Կորնթացիս 2։15–17)։ Անշուշտ, դուք նույն զգացումներն ունեք։
Երբ մեր պատգամին հակառակվում են
15. ա) Ինչի՞ մասին էր նախազգուշացրել Հիսուսն իր հետևորդներին։ բ) Ի՞նչն է մեզ օգնում քարոզել՝ չնայած հակառակությանը։
15 Թագավորության լուրի քարոզչությանը խոչընդոտող մեկ այլ դժվարություն է թշնամական վերաբերմունքը։ Հիսուսն իր հետևորդներին զգուշացրել էր. «Իմ անունի համար ամեն ազգերից ատուած կ’լինիք» (Մատթէոս 24։9)։ Հիսուսի ներկայիս հետևորդները բախվում են ատելության, հակառակության ու հալածանքի, ինչպես որ առաջին դարի քրիստոնյաները (Գործք 5։17, 18, 40; Բ Տիմոթէոս 3։12; Յայտնութիւն 12։12, 17)։ Որոշ երկրներում նրանց գործունեությունը պաշտոնապես արգելված է։ Այնուամենայնիվ, հնազանդվելով Աստծուն, ճշմարիտ քրիստոնյաները շարունակում են այդ երկրներում քարոզել Թագավորության բարի լուրը (Ամովս 3։8; Գործք 5։29; Ա Պետրոս 2։21)։ Ի՞նչն է օգնում նրանց, ինչպես նաև ամբողջ աշխարհում ապրող Վկաներին։ Նրանց զորացնում է Եհովան իր սուրբ ոգու միջոցով (Զաքարիա 4։6; Եփեսացիս 3։16; Բ Տիմոթէոս 4։17)։
16. Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց քարոզչության և Աստծու ոգու միջև եղած կապը։
16 Հիսուսը ցույց տվեց Աստծու ոգու և քարոզչության միջև եղած սերտ կապը՝ ասելով. «Դուք զօրութիւն կ’առնէք՝ երբոր Հոգին ձեր վերայ կ’գայ, եւ իմ վկաները կ’լինիք .... մինչեւ երկրի ծայրերը» (Գործք 1։8; Յայտնութիւն 22։17)։ Ուշադրության է արժանի, թե ինչ հերթականությամբ են ներկայացված այս համարում նկարագրվող դեպքերը։ Սկզբում աշակերտները պետք է ստանային սուրբ ոգին, այնուհետև աշխարհով մեկ քարոզչական գործունեություն ծավալեին։ Միայն Աստծու ոգու օգնությամբ նրանք ուժ կունենային շարունակելու «բոլոր ազգերուն վկայութիւն» տալու գործը (Մատթէոս 24։13, 14 ԱԱ; Եսայիա 61։1, 2)։ Ուստի տեղին է, որ Հիսուսը սուրբ ոգին օգնական անվանեց (Յովհաննէս 15։26, ՆԱ)։ Նա ասաց, որ Աստծու ոգին սովորեցնելու և առաջնորդելու էր իր աշակերտներին (Յովհաննէս 14։16, 26; 16։13)։
17. Ինչպե՞ս է Աստծու ոգին մեզ օգնում, երբ բախվում ենք ուժեղ հակառակության։
17 Ի՞նչ կերպերով է Աստծու ոգին այսօր օգնում մեզ, երբ բարի լուրը քարոզելիս բախվում ենք ուժեղ հակառակության։ Եհովայի ոգին զորացնում է մեզ և հակառակվում մեզ հալածողներին։ Սա պատկերացնելու համար եկեք քննենք մի դրվագ Սավուղ թագավորի կյանքից։
Սուրբ ոգին հակառակվում է նրանց
18. ա) Ի՞նչ վատ փոփոխություն տեղի ունեցավ Սավուղի հետ։ բ) Ինչպե՞ս Սավուղը սկսեց հալածել Դավթին։
18 Իսրայելի առաջին թագավոր Սավուղը իր գահակալության սկզբում բարեպաշտ անձնավորություն էր, սակայն հետագայում նա անհնազանդություն դրսևորեց Եհովայի հանդեպ (Ա Թագաւորաց 10։1, 24; 11։14, 15; 15։17–23)։ Արդյունքում Աստծու ոգին այլևս չօգնեց թագավորին։ Սավուղը շատ խիստ բարկացավ Դավթի վրա, որն այդ ժամանակ արդեն օծվել էր որպես Իսրայելի հաջորդ թագավոր և վայելում էր Աստծու ոգու աջակցությունը (Ա Թագաւորաց 16։1, 13, 14)։ Դավիթն այնքա՜ն խոցելի էր թվում։ Չէ՞ որ նրա ձեռքին ընդամենը քնար կար, մինչդեռ Սավուղի ձեռքին՝ նիզակ։ Մի օր, երբ Դավիթը նվագում էր, «Սաւուղը նիզակը շպռտեց՝ ասելով. Դաւիթին զարկեմ՝ պատին բևեռեմ. բայց Դաւիթը նորա երեսիցը երկու անգամ խոյս տուաւ» (Ա Թագաւորաց 18։10, 11)։ Հետո Սավուղը լսեց իր որդի Հովնաթանին, որը Դավթի ընկերն էր, և այսպիսի երդում տվեց. «Տէրը կենդանի է որ [Դավիթը] պիտի չ’մեռցնուի»։ Որոշ ժամանակ անց, սակայն, թագավորը կրկին «ուզեց որ Դաւիթին նիզակով զարկէ՝ պատին բեւեռէ. բայց նա Սաւուղի երեսիցն իրան շուռ տուաւ, եւ նիզակը պատին զարկ[վ]եց»։ Դավիթը փախուստի դիմեց։ Սավուղը սկսեց հետապնդել նրան։ Դավթի համար ծանր այդ շրջանում Աստծու ոգին դարձավ Սավուղի հակառակորդը։ Ինչպե՞ս (Ա Թագաւորաց 19։6, 10)։
19. Աստծու ոգին ինչպե՞ս պաշտպանեց Դավթին։
19 Դավիթը փախավ Սամուել մարգարեի մոտ, բայց Սավուղը մարդիկ ուղարկեց, որ բռնեն նրան։ Երբ վերջիններս հասան այն վայրը, որտեղ թաքնվում էր Դավիթը, «Աստուծոյ Հոգին Սաւուղի ուղարկած մարդկանց վերայ եկաւ, եւ նորանք.... մարգարէութիւն արին»։ Աստծու ոգու ազդեցության տակ նրանք բոլորովին մոռացան իրենց գալու նպատակը։ Սավուղը ևս երկու անգամ մարդիկ ուղարկեց Դավթի ետևից, բայց նրանց հետ նույն բանը պատահեց։ Ի վերջո, Սավուղ թագավորն ինքը գնաց Դավթի մոտ, սակայն նա նույնպես չկարողացավ հակառակվել Աստծու ոգուն։ Իրողությունն այն է, որ սուրբ ոգին զրկեց նրան շարժվելու կարողությունից «այն բոլոր օրը եւ բոլոր գիշերը», ինչի շնորհիվ Դավիթը բավականաչափ ժամանակ ունեցավ փախուստի դիմելու (Ա Թագաւորաց 19։20–24)։
20. Ի՞նչ դաս կարող ենք սովորել Դավթի հալածանքների մասին պատմությունից։
20 Սավուղի և Դավթի մասին այս արձանագրությունը հավատ ամրացնող դաս է մեզ համար։ Աստծու ծառաներին հալածողները չեն կարող հաջողության հասնել, քանի որ սուրբ ոգին հակառակվում է նրանց (Սաղմոս 46։11; 125։2)։ Եհովան նպատակ էր դրել, որ Դավիթը դառնար Իսրայելի թագավոր, և ոչ ոք չէր կարող խանգարել այդ նպատակի իրականացումը։ Նմանապես, Եհովան որոշել է, որ մեր օրերում «արքայութեան այս աւետարանը պիտի քարոզուի»։ Ոչ ոք չի կարող խոչընդոտել դրան (Գործք 5։40, 42)։
21. ա) Ինչպե՞ս են այսօր վարվում մեր հակառակորդներից ոմանք։ բ) Ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել։
21 Որոշ կրոնական և քաղաքական առաջնորդներ, փորձելով խոչընդոտել մեր գործունեությունը, ստեր են տարածում մեր մասին և նույնիսկ դիմում են բռնության։ Սակայն ինչպես Եհովան հոգևոր պաշտպանություն տվեց Դավթին, այնպես էլ այսօր կպաշտպանի իր ժողովրդին (Մաղաքիա 3։6)։ Ուստի, Դավթի նման, մենք կարող ենք վստահությամբ ասել. «Ես Աստուծուն եմ յուսացած՝ չեմ վախենալ. ի՞նչ կ’անէ ինձ մարդը» (Սաղմոս 56։11; 121։1–8; Հռովմայեցիս 8։31)։ Եկեք, ուրեմն, Եհովայի օգնությամբ շարունակենք հաղթահարել բոլոր այն դժվարությունները, որոնց բախվում ենք Աստծու հանձնարարությունը կատարելիս՝ բարի լուրը բոլոր ազգերի մարդկանց քարոզելիս։
[ծանոթագրություններ]
a Տե՛ս «Խորը բավականություն» շրջանակը, էջ 22։
b Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
Կարո՞ղ եք հիշել
• Ինչո՞ւ ենք մեր քարոզչական մեթոդները հարմարեցնում մարդկանց հանգամանքներին։
• Գործունեության ի՞նչ «մեծ դուռ» է բացվել մեր առջև։
• Քարոզչական գործի շնորհիվ ի՞նչ է իրականացվում նույնիսկ այն տարածքներում, որտեղ քչերն են արձագանքում բարի լուրին։
• Ինչո՞ւ ոչ մի հակառակորդ չի կարող կանգնեցնել Թագավորության բարի լուրի քարոզչությունը։
[շրջանակակ 22–րդ էջի վրա]
Խորը բավականություն
«Նրանք ուրախությամբ միասնաբար ծառայում են Եհովային»։ Այսպես կարելի է նկարագրել մի ընտանիքի, որը Իսպանիայից տեղափոխվել է Բոլիվիա։ Սկզբում այդ երկիր մեկնեց նրանց որդիներից մեկը, որը սկսեց աջակցել հեռավոր վայրում գործող մի խմբի։ Նրա ուրախությունը այնպես էր տպավորել ծնողներին, որ շուտով ամբողջ ընտանիքը, այդ թվում 14–25 տարեկան չորս որդիները նույնպես տեղափոխվեցին Բոլիվիա ու սկսեցին այնտեղ ծառայել։ Այժմ տղաներից երեքը ռահվիրա են, իսկ այն որդին, որն առաջինն էր գնացել Բոլիվիա, վերջերս մասնակցեց Ծառայության կատարելագործման դպրոցին։
Անժելիկան՝ երեսնամյա մի կանադացի քույր, որը ծառայում է Արևելյան Եվրոպայում, ասում է. «Դժվարությունները շատ են, բայց ես բավականություն եմ ստանում ծառայության մեջ մարդկանց օգնելուց։ Նաև զգացված եմ, որ տեղի Վկաները հաճախ իրենց երախտագիտությունն են արտահայտում այն բանի համար, որ եկել եմ իրենց օգնելու»։
Ահա թե ինչ են ասում մոտ 30 տարեկան երկու հարազատ քույրեր, որ Միացյալ Նահանգներից տեղափոխվել են Դոմինիկյան Հանրապետություն. «Այստեղ բազմաթիվ սովորույթներ կան, որոնց պետք է հարմարվեինք։ Սակայն մենք չթողեցինք մեր ծառայությունը, և այժմ մեր օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրող անհատներից յոթը հաճախում են քրիստոնեական հանդիպումներին»։ Այս երկու քույրերի աջակցությամբ Թագավորության քարոզիչների խումբ կազմավորվեց մի քաղաքում, որտեղ ոչ մի ժողով չկար։
Լորան՝ մոտ 30–ամյա մի քույր, որն ավելի քան չորս տարի ծառայում է օտար երկրում, ասում է. «Ես գիտակցաբար պարզ կյանք եմ վարում։ Դրա շնորհիվ տեղի քարոզիչները տեսնում են, որ համեստ ապրելակերպը կարող է պայմանավորված լինել ոչ միայն աղքատությամբ, այլև մարդու ընտրությամբ ու ողջամտությամբ։ Մարդկանց, հատկապես երիտասարդներին օգնելը ուրախության աղբյուր է ինձ համար։ Եվ դա փոխհատուցում է այն բոլոր դժվարությունները, որոնց բախվում եմ օտար երկրում ծառայելիս։ Իմ այս կյանքը չեմ փոխի ոչ մի ուրիշ բանի հետ։ Ես կշարունակեմ այս ծառայությունը այնքան ժամանակ, որքան կթույլատրի Եհովան»։
[շրջանակ/նկար 26–րդ էջի վրա]
«Բարի լուր բոլոր ազգերի մարդկանց համար» գրքույկի առանձնահատկությունները
«Բարի լուր բոլոր ազգերի մարդկանց համար» (անգլ., ռուս.) գրքույկը մեկ էջանոց տեղեկություն է պարունակում 92 լեզուներով։ Այն գրված է առաջին դեմքով։ Ուստի երբ անհատը կարդում է այդ լուրը, այնպիսի տպավորություն է ստանում, թե անձամբ դու ես զրուցում նրա հետ։
Կազմի ներսի կողմում պատկերված է աշխարհի քարտեզը։ Օգտվիր դրանից՝ անհատի հետ կապ հաստատելու համար։ Օրինակ՝ կարող ես մատնանշել այն երկիրը, որտեղ ապրում ես, և դրանով ցույց տալ, որ կցանկանայիր իմանալ, թե որտեղից է նա եկել։ Այդպես դու կկարողանաս ներգրավել նրան զրույցի մեջ և ստեղծել հանգիստ ու բարեկամական մթնոլորտ։
Գրքույկի նախաբանում նշվում է, թե ինչ քայլեր պետք է կատարենք, որպեսզի արդյունավետ կերպով օգնենք այն անհատներին, որոնց լեզուն չենք հասկանում։ Խնդրում ենք, հանգամանորեն ծանոթացիր այդ քայլերին և բարեխղճորեն կիրառիր դրանք։
Բովանդակության մեջ նշվում են ոչ միայն լեզուները, այլև դրանց նշանները։ Այդ նշանների շնորհիվ կկարողանաս հեշտությամբ հասկանալ, թե որ լեզվով է տպագրված այս կամ այն թերթիկը կամ հրատարակությունը։
[նկար]
Ծառայության մեջ օգտվո՞ւմ ես այս գրքույկից
[նկարներ 23–րդ էջի վրա]
Աստվածաշնչյան մեր հրատարակությունները մատչելի են ավելի քան 400 լեզուներով
ԳԱՆԱ
ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
ԼԱՊԼԱՆԴԻԱ (ՇՎԵԴԻԱ)
[նկարներ 24–րդ և 25–րդ էջերի վրա]
Կարո՞ղ ես ծառայել այնտեղ, որտեղ Թագավորության քարոզիչների կարիքը մեծ է
ԷԿՎԱԴՈՐ
ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ