ԳԼՈՒԽ 13
«Ո՛վ ժողովուրդ, ազգերի մեջ սա՛ հռչակեք»
Ինչպե՞ս կարձագանքեիր, եթե լսեիր առյուծի մռնչոցը
1. Ինչո՞ւ Եհովայի խոսքը՝ ուղղված իր մարգարեին, կարելի է նմանեցնել առյուծի մռնչոցի։
ԵՐԲԵՎԷ լսե՞լ ես առյուծի ահ ներշնչող մռնչոցը։ Այն կարելի է լսել ավելի քան ութ կիլոմետր հեռավորությունից։ Ի՞նչ կանեիր, եթե գիշերվա լռության մեջ լսեիր այդ ձայնը։ Հավանաբար, անմիջապես կարձագանքեիր։ Ամոսը այն 12 մարգարեներից մեկն է, ով այսպիսի համեմատություն է արել. «Առյուծը մռնչացել է, ո՞վ չի վախենա։ Գերիշխան Տեր Եհովան խոսել է, ո՞վ չի մարգարեանա» (Ամոս 3։3–8)։ Եթե լսեիր, որ ինքը՝ Եհովան է խոսում, մի՞թե Ամոսի պես չէիր արձագանքի։ Վերջինս անմիջապես գործի անցավ ու մարգարեացավ Իսրայելի տասցեղ թագավորության դեմ։
2. ա) Քարոզելու հանձնարարությունն անելիս ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Ամոսին։ բ) Ի՞նչ ենք քննելու այս գլխում։
2 Գուցե ասես. «Բայց ես մարգարե չեմ»։ Թերևս զգում ես, որ պատրաստ չես մարգարե ծառայելու համար, քանի որ հատուկ կրթություն չես ստացել։ Բայց հիշիր Ամոսին։ Բախվելով Ամասիա քահանայի հակառակությանը, որը հորթի պաշտամունքի կողմնակից էր՝ նա ասաց. «Ես մարգարե չեմ եղել, ոչ էլ մարգարեի որդի, այլ հովիվ ու ժանտաթուզ ծակող եմ եղել» (Ամոս 7։14)։ Թեև Ամոսը համեստ ծագում ուներ, նա պատրաստ էր կատարելու իր հանձնարարությունը՝ ծառայելով որպես Եհովայի մարգարե։ Իսկ դո՞ւ։ Գիտակցո՞ւմ ես, որ քեզ հանձնարարված գործը ինչ-որ առումով նման է 12 մարգարեների գործին։ Դու պետք է հռչակես Աստծու խոսքը, ինչպես նաև սովորեցնես ու աշակերտներ պատրաստես։ Ինչպե՞ս ես վերաբերվում այդ լուրջ հանձնարարությանը։ Ո՞րն է այն լուրը, որ պետք է հռչակես ազգերի մեջ։ Ամբողջովի՞ն ես կատարում քո հանձնարարությունը։ Ինչի՞ց է կախված ծառայության մեջ ունեցած քո հաջողությունը։ Գտնենք այս հարցերի պատասխանները։
«ՄԵՐ ՇՈՒՐԹԵՐԻ ՄԱՏՂԱՇ ՑԼԵՐԸ»
3. Ինչպե՞ս կարող ես անել այն նույն գործը, որ մարգարեներն էին անում։
3 Արդյոք մեր կատարած աշխատանքը նմա՞ն է մարգարեների կատարած գործին։ Մենք չենք լսել, թե ինչպես է առյուծը մռնչում այն իմաստով, որ չենք ստացել ուղերձներ անմիջապես Եհովայից։ Այդուհանդերձ, Եհովայի մեծ օրվա մասին լսել ենք նրա Խոսքից՝ Աստվածաշնչից։ Ինչպես արդեն նշվեց այս գրքի առաջին գլխում, «մարգարե» և «մարգարեական» բառերը տարբեր իմաստներ ունեն։ Թեև դու մարգարե չես բառի ուղիղ իմաստով, ինչպես օրինակ՝ Ամոսը կամ ուրիշները, սակայն դու նույնպես քարոզում ես գալիք իրադարձությունների մասին։ Ինչպե՞ս. հռչակելով այն մարգարեական պատգամները, որոնք սովորել ես Սուրբ Գրքից՝ այդ թվում 12 մարգարեական գրքերից։ Հիմա այդ գործը առավել քան երբևէ կարևոր է։
20-րդ դարի սկզբից մինչև մեր օրերը Աստծու ժողովուրդը «մարգարեանում է»
4. Ի՞նչ իմաստով են Հովել 2։28–32 համարները կատարվում մեր օրերում։
4 Քննենք մեկ ուրիշ տեսանկյունից։ Եհովա Աստված Հովել մարգարեին ասաց, որ ժամանակ է գալու, երբ ամեն տեսակ մարդ ինչ-որ իմաստով մարգարեանալու է. «Դրանից հետո այսպես պիտի լինի. ես իմ ոգին կթափեմ ամեն տեսակ մարմնի վրա, և ձեր որդիներն ու աղջիկները կմարգարեանան։ Ձեր ծերերը երազներ կտեսնեն, իսկ ձեր երիտասարդները՝ տեսիլքներ» (Հովել 2։28–32)։ 33 թ. Պենտեկոստեին Պետրոս առաքյալը նշեց, որ այդ մարգարեությունը կատարվեց այն ժամանակ, երբ սուրբ ոգին թափվեց նրանց վրա, ովքեր հավաքվել էին Երուսաղեմի վերնասենյակում, ու նրանք սկսեցին քարոզել «Աստծու մեծամեծ բաների մասին» (Գործեր 1։12–14; 2։1–4, 11, 14–21)։ Հիմա ուշադրություն դարձնենք մեր ժամանակներին։ 20-րդ դարից սկսած՝ Հովելի մարգարեությունը կատարվում է ավելի մեծ մասշտաբով։ Ոգով օծված քրիստոնյաները՝ կին թե տղամարդ, երիտասարդ թե ծեր, սկսեցին «մարգարեանալ», այսինքն՝ հռչակել «Աստծու մեծամեծ բաները», այդ թվում բարի լուրը այն Թագավորության մասին, որն արդեն հաստատվել է երկնքում։
5. ա) Ի՞նչ առանձնաշնորհում ունենք բոլորս։ բ) Ի՞նչ է նշանակում «մեր շուրթերի մատղաշ ցլերը» զոհ բերել, և ի՞նչ է դա նշանակում անձամբ քեզ համար։
5 Թեև «մեծ բազմության» անդամները չեն ծնվել սուրբ ոգուց Աստծու որդիներ լինելու համար, բայց նրանք Քրիստոսի օծյալ հետևորդներին ասում են. «Մենք գալիս ենք ձեզ հետ, որովհետև լսել ենք, որ Աստված ձեզ հետ է» (Հայտնություն 7։9; Հովհաննես 10։16; Զաքարիա 8։23)։ Անկախ նրանից՝ մեր հույսը երկնային է, թե երկրային, մենք առանձնաշնորհում ունենք մատուցելու «մեր շուրթերի մատղաշ ցլերը» (Օսեե 14։2, ծնթ.)։ Ի՞նչ են նշանակում Օսեեի այս խոսքերը։ Աստվածաշնչագետ Կառլ Քիլը նշում է, որ մատղաշ ցուլը լավագույն կենդանին է եղել գովաբանության զոհ մատուցելու համար։ Նկատի ունենալով Օսեե 14։2-ում նշված խոսքերը՝ Պողոս առաքյալը գրում է. «Եկեք միշտ Աստծուն գովաբանության զոհ մատուցենք, այսինքն՝ շուրթերի պտուղը, որոնք հրապարակորեն հռչակում են նրա անունը» (Եբրայեցիներ 13։15)։ Փաստորեն, «մեր շուրթերի մատղաշ ցլեր» արտահայտությունը վերաբերում է այն լավագույն խոսքերին, որ դուրս են գալիս մեր շուրթերից՝ գովաբանության խոսքեր, որ ուղղում ենք Եհովային։
6. Ինչո՞ւ է հարկավոր ստուգել մեր գովաբանության զոհերի որակը։
6 Մենք Եհովային գովաբանության զոհեր ենք մատուցում, երբ սրտաբուխ աղոթքներ ենք անում, մեկնաբանություններ ենք տալիս ժողովի հանդիպումների ժամանակ և ոգևորությամբ քարոզում ենք։ Կարող ենք հարցնել ինքներս մեզ. «Ինչպիսի՞ն է իմ գովաբանության զոհերի որակը»։ Երբ ընթերցում էիր Մաղաքիայի օրերի քահանաների մասին, հավանաբար ապշեցիր՝ իմանալով, որ նրանք, առանց խղճի խայթի, արատ ունեցող կենդանիներ էին զոհում։ Այդ քահանաները չէին մտածում, որ այդպես վարվելով՝ արհամարհում են Եհովայի սեղանը։ Այդ պատճառով Եհովան Մաղաքիայի միջոցով նրանց ուշադրությունը հրավիրեց իրենց զոհերի ցածր որակի վրա (Մաղաքիա 1։8)։ Հետևաբար, լավ կլինի ուշադրություն դարձնել, թե ինչպիսին է մեր մատուցած զոհերի որակը, որպեսզի հավաստիանանք, որ դրանք լավագույնն են և որևէ արատ չունեն։
ԼՈՒՐ, ՈՐԸ ՊԵՏՔ Է ՀՌՉԱԿԵԼ
7. Ինչո՞ւ քաջության կարիք ունենք մեզ հանձնարարված լուրը հռչակելու համար։
7 Ինչ խոսք, քաջություն է պահանջվում, որ ծառայության ժամանակ «մեր շուրթերի մատղաշ ցլերը» զոհաբերենք։ Ինչո՞ւ։ Մեր հաղորդած լուրը նաև նախազգուշական է, ինչը այդքան էլ հաճելի չէ լսել։ Հովել մարգարեն Աստծու ժողովրդին ասաց. «Ո՛վ ժողովուրդ, ազգերի մեջ սա՛ հռչակեք. «Պատերա՛զմ հայտարարեք։ Արթնացրե՛ք զորավոր մարդկանց։ Թող նրանք մոտենան։ Թող դուրս գան բոլոր ռազմիկները»» (Հովել 3։9)։ Այս խոսքերը, որոնք վերաբերում են նաև մեր ժամանակներին, մարտահրավեր են՝ ուղղված ազգերին։ Իրականում, Եհովայի արդար պատերազմի մասին այս հայտարարությունը ուղղված է աստվածամերժ մարդկանց։ Եհովան իր ծառաներին պատվիրում է «իրենց սրերից խոփեր կոփել և իրենց նիզակներից՝ էտոցներ», սակայն թշնամի ազգերին ասում է. «Ձեր խոփերից սրեր կոփեք և ձեր էտոցներից՝ նիզակներ» (Միքիա 4։3; Հովել 3։10)։ Այո՛, Աստծու թշնամիները պետք է պատրաստվեն պատերազմելու տիեզերքի Արարչի հետ։ Ահա այսպիսի ոչ մխիթարական լուր պետք է հռչակենք։
8. Ինչո՞ւ է «Հակոբի մնացորդը» համեմատվում առյուծի հետ։
8 Միքիա մարգարեի գրքում իրենց «շուրթերի մատղաշ ցլերը» մատուցող մարդիկ համեմատվում են առյուծի հետ։ Միքիան գրում է. «Հակոբի մնացորդը ազգերի.... մեջ կլինի այնպես, ինչպես առյուծը անտառի գազանների մեջ, ինչպես հզոր առյուծը ոչխարների հոտերի մեջ, որը դրանց միջով անցնելիս կոխկռտում ու պատառոտում է, և չկա մեկը, որ ազատի» (Միքիա 5։8)։ Ինչո՞ւ է այս համեմատությունը տեղին։ Մեր օրերում Աստծու ժողովուրդը, որն առաջնորդվում է օծյալ մնացորդի կողմից, պետք է առյուծի պես քաջ լինի նախազգուշական լուրը ազգերին հայտնելու համարa։
Համարձակորեն քարոզո՞ւմ ես Եհովայի օրվա մասին
9. ա) Ե՞րբ է հարկավոր առյուծանման քաջություն դրսևորել։ բ) Ինչպե՞ս կարող ես քաջ լինել հակառակության և անտարբերության բախվելիս։
9 Իսկ դու առյուծի նման քաջություն դրսևորո՞ւմ ես նախազգուշական լուրը քարոզելիս։ Քաջություն հարկավոր է ոչ միայն այն ժամանակ, երբ կանգնած ես իշխանություն ունեցող մարդկանց առաջ, այլև երբ խոսում ես համադասարանցիներիդ, գործընկերներիդ կամ ոչ Վկա հարազատներիդ հետ (Միքիա 7։5–7; Մատթեոս 10։17–21)։ Ի՞նչը կօգնի քեզ քաջ լինելու հակառակության կամ անտարբերության բախվելիս։ Տեսնենք, թե ինչպես Միքիային հաջողվեց դժվար հանձնարարություն կատարել՝ նախազգուշացնել մարդկանց Սամարիայի, ինչպես նաև Երուսաղեմի կործանման մասին. «Ես Եհովայի ոգու շնորհիվ լցված եմ զորությամբ, արդարությամբ ու քաջությամբ, որպեսզի Հակոբին պատմեմ իր ապստամբության և Իսրայելին՝ իր մեղքի մասին» (Միքիա 1։1, 6; 3։8)։ Դու էլ կարող ես «լցվել զորությամբ», քանի որ դու նույնպես կարող ես Աստծու ոգին առատությամբ ստանալ (Զաքարիա 4։6)։ Ապավինելով Աստծուն ու աղոթելով նրան՝ կկարողանաս հռչակել այն խոսքերը, որոնք լսելով մարդկանց «ականջները կզնգան» (2 Թագավորներ 21։10–15)։
10. «Եհովայի օրվա» մասին հռչակելիս ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Սոփոնիային։
10 Նախազգուշական լուրը քարոզելիս պետք է լինել նաև նրբանկատ։ Մենք պետք է «բոլորի հանդեպ հեզահոգի [կամ՝ նրբանկատ] լինենք», նույնիսկ երբ խոսում ենք «Եհովայի օրվա» մասին (2 Տիմոթեոս 2։24; Հովել 2։1, 11; Սոփոնիա 1։14)։ Այս հարցում նույնպես կարող ենք ընդօրինակել 12 մարգարեներին։ Թեև նրանք քաջաբար հայտարարում էին Եհովայի դատաստանական լուրը, բայց միևնույն ժամանակ նրբանկատ էին իրենց լսողների հանդեպ։ Օրինակ՝ Սոփոնիան անվախորեն քողազերծում էր համառ իշխաններին, բայց այդ քննադատական խոսքերն ուղղված չէին հավատարիմ Հովսիա թագավորին (Սոփոնիա 1։8)։ Նախազգուշական լուրը հայտնելիս մենք կօգնենք մարդկանց, եթե նրանց հանդեպ չունենանք կանխակալ կարծիք և դիտենք նրանց որպես ապագա հավատակիցների (Մատթեոս 25։32–34)։
11. ա) Ինչո՞ւ է մեր հայտնած լուրը մխիթարական և հուսադրող։ բ) Եհովայի օրվա մասին հռչակելիս ինչպե՞ս կարող ես ընդօրինակել 12 մարգարեներին։
11 Մեր հայտնած լուրը նաև մխիթարական է։ Այդ մասին գրված է Միքիա 5-րդ գլխում։ «Շատ ժողովուրդների մեջ Հակոբի մնացորդը Եհովայից եկած ցողի պես կլինի, բույսերի վրա տեղացող հորդառատ անձրևի պես, որոնք հույս չեն դնում մարդու վրա և չեն սպասում մարդկանց որդիներին» (Միքիա 4։1; 5։7)։ Հոգևոր Հակոբի, կամ՝ Իսրայելի մնացորդը և նրա ընկերակիցները նմանեցվում են «Եհովայից եկած ցողի» և «բույսերի վրա տեղացող հորդառատ անձրևի», քանի որ բարի լուր են քարոզում «շատ ժողովուրդների»։ Եբրայերեն Գրությունների վերջին 12 գրքերից շատ բան կարելի է սովորել մեր հայտնած լավ լուրի մասին։ Այդ մարգարեները ոչ միայն կործանում էին կանխագուշակում, այլև վերականգնում։ Ծառայության ժամանակ Եհովայի օրվա մասին հռչակելիս մարդկանց ուշադրությունը հրավիրո՞ւմ ես մեր հայտնած լուրի հուսադրող կողմի վրա։
ԻՆՉՊԵ՞Ս ԵՍ ՔԱՐՈԶՈՒՄ ԱՅԴ ԼՈՒՐԸ
12, 13. ա) Ինչո՞ւ է Աստծու ժողովուրդը համեմատվում միջատների հետ։ բ) Ի՞նչ զգացմունքներ են առաջացնում քո մեջ Հովել 2։7, 8 համարները։
12 Ինչպե՞ս ես քարոզում այդ հուսադրող, բայց միևնույն ժամանակ նախազգուշական լուրը։ Հովել մարգարեն Աստծու ժողովրդի կատարած գործը նմանեցնում է միջատների, այդ թվում նաև մորեխների աղետաբեր պատուհասներին (Հովել 1։4)։ Բայց ինչո՞ւ ենք ասում, որ Եհովայի ժողովուրդը նման է միջատների։ Հովել 2։11-ում ասվում է, որ Եհովան այդ միջատներին դիմում է որպես «իր զորքի» (Հայտնություն գրքում Աստծու ժողովուրդը նույնպես նմանեցվում է մորեխների։ Տե՛ս Հայտնություն 9։3, 4)։ Հովելի նկարագրած միջատների հարձակումը նման է լափող կրակի, իսկ «Եդեմի պարտեզի պես» երկիրը նրանց հետևից դառնում է «անմարդաբնակ անապատ» (Հովել 2։2, 3)։ Ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ կարևորում ես Հովելի մարգարեությունը։
13 Մի պահ պատկերացրու, թե որքան մանրակրկիտ ձևով են իրենց աշխատանքը կատարում այս փոքրիկ արարածները։ Հովելը այդ միջատներին համեմատում է ռազմիկների հետ՝ ասելով. «Զորավոր մարդկանց պես են նրանք վազում։ Ռազմիկների պես են պարիսպ բարձրանում։ Յուրաքանչյուրը գնում է իր ճանապարհով, և նրանք չեն շեղվում իրենց շավիղներից։ Նրանք չեն հրում իրար, այլ գնում են այնպես, ինչպես ուժեղ տղամարդն է գնում իր ընթացքով։ Եվ եթե ոմանք էլ ընկնում են նետից, մյուսները չեն դադարեցնում իրենց ընթացքը» (Հովել 2։7, 8)։ Ոչ մի «պարիսպ», այսինքն՝ հակառակություն չի կարող կանգնեցնել այս բանակին և չի կարող ազատել աղետից, որ բերում է այն իր հետ։ Նույնիսկ «եթե ոմանք էլ ընկնում են նետից», ինչպես այն նվիրված քրիստոնյաները, որոնք մահվան դատապարտվեցին Աստծու ժողովրդի դաժան թշնամիների կողմից, միևնույնն է, նրանց գործը շարունակում են մյուսները՝ կատարելով Եհովայից ստացած իրենց հանձնարարությունը։ Վճռականությամբ լցվա՞ծ ես կատարելու քեզ հանձնարարված գործը՝ ազդարարել Եհովայի օրվա մասին այնքան ժամանակ, քանի դեռ Աստված չի ասել՝ բավական է։ Այդպես վարվելով՝ դու գուցե փոխարինես այն նվիրված քրիստոնյային, ով կորցրել է իր կյանքը։
Դու կարող ես հաջողության հասնել ծառայության մեջ՝ անկախ մարդկանց արձագանքից
14. Ինչպե՞ս կարող ես նպաստել, որ քարոզչական գործը հիմնովին կատարվի։
14 Քարոզչական գործը հարկավոր է մանրակրկիտ ձևով կատարել։ Իսկ ինչպե՞ս կարող ես անձամբ նպաստել, որ այդ գործը հիմնովին կատարվի, ինչպես որ նկարագրված է Հովելի մարգարեության մեջ։ Անհրաժեշտ է քարոզել տնետուն և վերայցելել հետաքրքրություն ցույց տված մարդկանց, ինչպես նաև կրկին գնալ այն տները, որտեղ մարդ չի եղել։ Այդպես դու ցույց կտաս, որ հասկանում ես Հովելի մարգարեության նշանակությունը։ Իսկ փողոցում վկայություն տալով՝ քեզ գուցե հաջողվի զրուցել նրանց հետ, ում այլ կերպ հնարավոր չէր լինի հանդիպել։ Ավելին, կարող ես օգնել քո հարևանությամբ ապրող այն մարդկանց, ովքեր եկել են այլ երկրներիցb։ Ձգտելով օգտագործել այս բոլոր հնարավորությունները՝ դու կնպաստես, որ քարոզչական գործը հիմնովին կատարվի։
ԻՆՉԻ՞Ց Է ԿԱԽՎԱԾ ՔՈ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ
15. Ինչպե՞ս են մարդիկ արձագանքել 12 մարգարեների խոսքերին։
15 Ինչպե՞ս են մարդիկ արձագանքում Եհովայի ահազդու օրվա մասին լուրին։ Երբ հակառակության կամ անտարբերության ենք բախվում, չպետք է զարմանանք։ Նման իրավիճակում եղել են Աստծու մարգարեներից շատերը, ովքեր նախազգուշական լուր են հաղորդել (Երեմիա 1։17–19; 7։27; 29։19)։ Այդուհանդերձ, եղել են մարգարեներ, որոնք տեսել են, թե ինչ դրական արդյունքներ են բերել իրենց ջանքերը։ Նրանցից առնվազն հինգին՝ Հովնանին, Միքիային, Սոփոնիային, Անգեին և Զաքարիային հաջողվել է շարժել մարդկանց սրտերը ու մղել նրանց զղջալու անցյալում գործած մեղքերի համար և փոխվելու։
16. Միքիայի ջանքերը ի՞նչ արդյունք բերեցին։
16 Հավանաբար, Սոփոնիա մարգարեի ծառայությունը մղեց Հովսիա թագավորին վերականգնելու մաքուր երկրպագությունը։ Միքիա մարգարեն համարձակորեն հայտարարում էր Հուդայի իշխանների դեմ ուղղված դատավճիռը, և նրա խոսքերը ազդեցին Եզեկիա թագավորի վրա (Միքիա 3։1–3)։ Հետաքրքիր է, որ Երեմիայի օրերում որոշ երեցներ Եզեկիային օրինակ բերեցին՝ ասելով, որ թագավորը «վախեցավ Եհովայից ու Եհովայի հավանությունը փնտրեց» (Երեմիա 26։18, 19; 2 Թագավորներ 18։1–4)։ Եզեկիայի առաջնորդությամբ Հուդայի ժողովուրդը և հյուսիսային թագավորությունից եկածները միացան ու տոնեցին Պասեքը և Անթթխմոր հացերի տոնը։ Տոնակատարությունը նույնիսկ մեկ շաբաթ ավել շարունակվեց։ Իսկ ի՞նչ եղավ, երբ նրանք վերականգնեցին մաքուր երկրպագությունը։ «Երուսաղեմում մեծ ուրախություն տիրեց» (2 Տարեգրություն 30։23–26)։ Միքիան հռչակում էր Աստծու դատաստանի մասին լուրը հավատուրաց ժողովրդին, որին Աքազ թագավորն էր առաջնորդում։ Այդուհանդերձ, մարգարեն տեսավ, որ իր խոսքերը դրական ազդեցություն ունեցան Աքազի որդի Եզեկիայի սրտի վրա։
17. Անգեին ու Զաքարիային ի՞նչ հաջողվեց անել։
17 Նկատի առնենք Անգե և Զաքարիա մարգարեներին։ Նրանք ծառայում էին գերությունից վերադարձած հրեաներին, որոնք ժամանակի ընթացքում դարձել էին եսակենտրոն ու անտարբեր հոգևորի հանդեպ (Անգե 1։1, 2; Զաքարիա 1։1–3)։ Երբ մարգարեները սկսեցին իրենց ծառայությունը, արդեն 16 տարի էր անցել այն բանից, երբ գցվել էր տաճարի հիմքը։ Ժողովրդի մեջ «յուրաքանչյուրն իր տան համար էր վազվզում», մինչդեռ Եհովայի տունը «ավերակների» մեջ էր։ Անգեն կոչ արեց հրեաներին. «Զորացի՛ր, երկրի ամբո՛ղջ ժողովուրդ,— ասում է Եհովան,— և գործի՛ անցիր»։ Եվ ի՞նչ եղավ։ Եհովան արթնացրեց Զորաբաբել կառավարչի և Հեսու քահանայապետի ոգին, ինչպես նաև «ժողովրդից մնացած բոլոր մարդկանց ոգին», ու տաճարի շինարարությունը իր ավարտին հասավ (Անգե 1։9, 12, 14; 2։4)։
18, 19. ա) Որոշ երկրներում ինչպե՞ս են մարդիկ արձագանքում Եհովայի օրվա ազդարարությանը։ բ) Ինչպե՞ս կարձագանքես, երբ անհրաժեշտ լինի նախազգուշական լուրը հռչակել ուրիշ ազգերի մարդկանց։
18 12 մարգարեներից շատերը պատգամները հաղորդում էին Աստծուն նվիրված ազգին։ Իսկ մենք քարոզում ենք նրանց, ովքեր չեն ճանաչում ճշմարիտ Աստծուն։ Սակայն լավ կլինի, որ հիշենք, թե ինչ եղավ մարգարեների ծառայության արդյունքում։ Այսօր նույնպես շատ տարածքներում մարդիկ դրական են արձագանքում Եհովայի օրվա մասին հրատապ լուրին։ Մենք տեսնում ենք մեր արած գործի պտուղը, քանի որ մեր աչքի առաջ կատարվում են Զաքարիայի խոսքերը. «Այդ օրը շատ ազգեր կմիանան Եհովային և իմ ժողովուրդը կդառնան, ու ես քեզ մոտ կբնակվեմ» (Զաքարիա 2։11)։ Ներկայումս Աստծու ծառաները դրական արձագանք են տեսնում բառացի «շատ ազգերի» մեջ (Հայտնություն 7։9)։ Զաքարիան կանխագուշակել էր. «Շատ ժողովուրդներ ու հզոր ազգեր պիտի գան Երուսաղեմ, որպեսզի Զորքերի Տեր Եհովային փնտրեն ու Եհովայի բարեհաճությունը աղերսեն»։ Այդ ժողովուրդները նկարագրվում են որպես «բոլոր ազգերից տարբեր լեզուներով խոսող տասը մարդ»։ Նրանք բռնելու էին հոգևոր հրեա մարդու քղանցքը՝ ասելով. «Մենք գալիս ենք ձեզ հետ, որովհետև լսել ենք, որ Աստված ձեզ հետ է» (Զաքարիա 8։20–23)։
19 Հետաքրքիր է, որ համարում խոսվում է «բոլոր ազգերից տարբեր լեզուներով» խոսող մարդկանց մասին։ Աստվածաշունչը և աստվածաշնչյան գրականությունն այսօր թարգմանվում է բազմաթիվ լեզուներով։ Եհովայի կազմակերպությունը մարզում է շատ քարոզիչների, որպեսզի նրանք ուսուցանեն «բոլոր ազգերից տարբեր լեզուներով» խոսող մարդկանց (Մատթեոս 28։19, 20; Գործեր 1։8)։ Հնարավոր է՝ օտար լեզու ես սովորել, որ օգնես քո հարևանությամբ ապրող մարդկանց։ Շատ քարոզիչներ պատրաստակամորեն սովորել են մեկ կամ երկու լեզու և տեղափոխվել այնպիսի երկիր, որտեղ շատերն են արձագանքում բարի լուրին։ Ունե՞ս հնարավորություն տեղափոխվելու այդպիսի «պտղատու» տարածք և Թագավորության լուրը քարոզելու ազգերի մեջ։ Մտածիր այդ մասին ու աղոթիր։ Իսկ եթե երեխաներ ունես, կարող ես ժամանակ առ ժամանակ քննարկել, թե արդյոք հնարավոր է այլ երկիր տեղափոխվել։ Նրանք թերևս մտածեն այդ մասին, մինչ մեծանում են։
20. Ի՞նչ վերաբերմունք դրսևորեց Եհովան Նինվեի բնակիչների հանդեպ։
20 Մեկ ուրիշ մարգարե, որի հայտնած լուրին դրական արձագանքեցին, ընդ որում բոլորովին անսպասելի, Հովնանն է։ Նինվեի բնակիչները, անգամ նրանց թագավորը ականջ դրին Հովնանի խոսքերին ու հավատ ընծայեցին Եհովային։ Եվ դա Աստծուն մղեց հարցնելու. «Չպե՞տք էր արդյոք ես էլ խղճայի Նինվե մեծ քաղաքին, որում հարյուր քսան հազարից ավել մարդ կա, ովքեր իրենց աջ ու ձախ ձեռքը չեն տարբերում իրարից» (Հովնան 4։11)։ Հաշվի առնելով այս խոսքերը՝ մտածիր, թե ինչն է մղում քեզ մարդկանց հայտնելու Եհովայի ահազդու օրվա մասին։ Գիտակցո՞ւմ ես, որ պարտական ես Եհովային։ Չէ՞ որ նա քեզ փրկվելու հնարավորություն է տվել փրկանքի միջոցով։ Որպես Եհովային նվիրված ծառա՝ քարոզելու պատասխանատվություն զգո՞ւմ ես (1 Կորնթացիներ 9։16, 17)։ Կհամաձայնվես, որ կան հիմնավոր պատճառներ Եհովայի օրվա մասին ազդարարելու համար։ Իսկ կարեկցո՞ւմ ես մարդկանց, որոնց հայտնում ես Եհովայի օրվա մասին։ Ընդօրինակելով Աստծուն և ողորմածություն դրսևորելով մարդկանց հանդեպ՝ դու անսահման ուրախություն կզգաս։
21. Ի՞նչ կարող ես սովորել այն բանից, թե ինչպես վարվեց Ամոսը՝ չնայած Ամասիայի սպառնալիքներին։
21 Մենք չգիտենք, թե ինչպես արձագանքեցին մարդիկ Հովելի, Աբդիայի, Նաումի, Ամբակումի և Մաղաքիայի պատգամներին, սակայն գիտենք, թե Ամոսի խոսքերին ինչպես արձագանքեց Ամասիան։ Նա խիստ հակառակություն ցույց տվեց մարգարեին՝ մեղադրելով նրան թագավորի դեմ դավադրություն կազմակերպելու մեջ, ու փորձեց արգելել նրան քարոզել Բեթելում (Ամոս 7։10–13)։ Ամոսը քաջություն դրսևորեց այդ հակառակության ժամանակ։ Այսօր նույնպես հոգևորականները փորձում են որոշ քաղաքական ղեկավարների վրա ազդեցություն բանեցնել, որպեսզի վերջիններս հալածեն Եհովայի ժողովրդին կամ նույնիսկ արգելքի տակ դնեն քարոզչական գործունեությունը։ Չնայած հակառակությանը՝ կընդօրինակե՞ս Ամոսին՝ անվախորեն քարոզելով բարի լուրը։
22. Ինչո՞ւ կարող ես ասել, որ քո տարածքում ծառայությունը հաջողությամբ է կատարվում։
22 Չնայած այն բանին, որ մարդիկ տարբեր կերպ արձագանքեցին մարգարեական խոսքերին, բոլոր 12 մարգարեները կատարեցին իրենց հանձնարարված գործը։ Ամենակարևորը ոչ թե մարդկանց արձագանքն է մեր քարոզած լուրին, այլ այն, որ մենք Եհովային տալիս ենք «մեր շուրթերի մատղաշ ցլերը», այսինքն՝ ամենալավ «գովաբանության զոհը» (Օսեե 14։2; Եբրայեցիներ 13։15)։ Մնացածը Աստծու գործն է։ Նա կձգի իր մոտ բոլոր գառնանման մարդկանց (Հովհաննես 6։44)։ Ուստի քո ծառայության՝ Աստծու բարի լուրը հռչակելու քո գործի հաջողությունը կախված չէ մարդկանց արձագանքից։ Կասկած չկա, որ նրա «ոտքերը, ով բարի լուր է բերում», գեղեցիկ են նրանց աչքերում, ովքեր երախտագիտությամբ ընդունում են այն։ Իսկ որ ամենակարևորն է, դրանք գեղեցիկ են Եհովայի աչքում (Նաում 1։15; Եսայիա 52։7)։ Մինչ մոտենում է Եհովայի մեծ օրը, շարունակիր վճռականորեն մասնակցել այն գործին, որի մասին մարգարեացել էր Հովելը. «Ո՛վ ժողովուրդ, ազգերի մեջ սա՛ հռչակեք. «Պատերա՛զմ հայտարարեք։ Արթնացրե՛ք զորավոր մարդկանց։ Թող նրանք մոտենան։ Թող դուրս գան բոլոր ռազմիկները»» (Հովել 3։9)։
a Այս մարգարեությունը հավանաբար իր առաջին կատարումն է ունեցել Մակաբայեցիների օրերում, երբ հրեաները վերջիններիս առաջնորդությամբ մաքրեցին Հուդան թշնամիներից և տաճարը նորից նվիրեցին Եհովային։ Դա հնարավորություն տվեց հրեաների մնացորդին դիմավորելու Մեսիային (Դանիել 9։25; Ղուկաս 3։15–22)։
b «Բարի լուր բոլոր ազգերի մարդկանց համար» գրքույկը, որը հրատարակվել է Եհովայի վկաների կողմից, օգտակար է նրանց համար, ովքեր չեն խոսում տվյալ երկրի լեզվով։