Հիսուսի խոսքերը նպաստում են երջանկությանը
«[Հիսուսը] բարձրացավ լեռը ու.... աշակերտները նրա մոտ եկան։ Եվ.... սկսեց սովորեցնել նրանց» (ՄԱՏԹ. 5։1, 2)։
1, 2. ա) Ի՞նչ հանգամանքներում Հիսուսը ներկայացրեց Լեռան քարոզը։ բ) Ինչպե՞ս նա սկսեց իր ելույթը։
ՄԵՐ թվարկության 31 թվականն է։ Երուսաղեմում Պասեքը նշելու համար Հիսուսը կարճ ժամանակով դադարեցնում է քարոզչական շրջագայությունը Գալիլեայում (Հովհ. 5։1)։ Նշելուց հետո նա վերադառնում է Գալիլեա։ Հիսուսը ամբողջ գիշեր աղոթում է Աստծուն, որ իրեն օգնի ընտրելու 12 առաքյալներին։ Հաջորդ օրը մի բազմություն է հավաքվում լեռան լանջին, որտեղ և Հիսուսը բուժում է հիվանդներին։ Այստեղ են նաև նրա աշակերտները։ Հիսուսը նստում է և սկսում սովորեցնել (Մատթ. 4։23–5։2; Ղուկ. 6։12–19)։
2 Հիսուսը իր խոսքի՝ Լեռան քարոզի սկզբում ցույց է տալիս, որ անհատը երջանիկ է, եթե լավ փոխհարաբերություններ ունի Աստծու հետ (կարդա՛ Մատթեոս 5։1–12)։ Երջանկությունը բավարարվածության և մեծ ուրախության զգացումն է։ Հիսուսը ինը անգամ օգտագործեց «երջանիկ» բառը։ Նրա խոսքերից երևում է, թե ինչու են քրիստոնյաները երջանիկ։ Այն, ինչ ասաց Հիսուսը մոտ 2 000 տարի առաջ, օգտակար է նաև այսօր։ Այժմ քննենք նրա խոսքերը առանձին–առանձին։
«Ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները»
3. Ի՞նչ է նշանակում գիտակցել հոգևոր կարիքները։
3 «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները, որովհետև նրանցն է երկնքի թագավորությունը» (Մատթ. 5։3)։ Այդպիսի մարդիկ հասկանում են, որ Աստծու առաջնորդության կարիքն ունեն, և գիտակցում են, որ պետք է ձգտեն արժանանալու նրա ողորմությանը։
4, 5. ա) Ինչո՞ւ են իրենց հոգևոր կարիքները գիտակցող մարդիկ երջանիկ։ բ) Ինչպե՞ս կարող ենք բավարարել հոգևորի կարիքը։
4 Իրենց հոգևոր կարիքները գիտակցող մարդիկ երջանիկ են, «որովհետև նրանցն է երկնքի թագավորությունը»։ Ընդունելով Հիսուսին որպես Մեսիայի՝ նրա առաջին աշակերտները հնարավորություն ստացան կառավարելու նրա հետ Աստծու երկնային Թագավորությունում (Ղուկ. 22։28–30)։ Անկախ նրանից՝ հույս ունենք լինելու Քրիստոսի ժառանգակիցներ երկնքում, թե հավիտյան ապրելու երկրային դրախտում Թագավորության ներքո՝ մենք երջանիկ կլինենք, եթե իսկապես գիտակցենք, որ հոգևորի կարիք ունենք և կախված ենք Աստծուց։
5 Ոչ բոլորն են գիտակցում, որ հոգևորի կարիք ունեն։ Շատերը չունեն հավատ և չեն գնահատում սուրբ բաները (2 Թեսաղ. 3։1, 2; Եբր. 12։16)։ Հոգևորի կարիքը մենք կարող ենք բավարարել, եթե ջանասիրաբար ուսումնասիրենք Աստվածաշունչը, եռանդորեն մասնակցենք աշակերտներ պատրաստելու գործին և կանոնավորաբար հաճախենք քրիստոնեական հանդիպումներին (Մատթ. 28։19, 20; Եբր. 10։23–25)։
Սգացողներ, ովքեր «երջանիկ են»
6. Ովքե՞ր են «սգացողները», և ինչո՞ւ են նրանք երջանիկ։
6 «Երջանիկ են նրանք, ովքեր սգում են, որովհետև նրանք կմխիթարվեն» (Մատթ. 5։4)։ «Սգացողները» այն նույն մարդիկ են, «ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները»։ Նրանք չեն սգում այն իմաստով, որ դժգոհում են իրենց կյանքից։ Նրանք սգում են իրենց մեղավոր վիճակի և այն պայմանների համար, որոնք առաջ են եկել մարդու անկատարության հետևանքով։ Իսկ ինչո՞ւ են նրանք երջանիկ։ Որովհետև հավատում են Աստծուն և Քրիստոսին։ Եհովայի հետ լավ փոխհարաբերություն ունենալը մխիթարում է նրանց (Հովհ. 3։36)։
7. Ինչպե՞ս պետք է արձագանքենք այն ամենին, ինչ առաջարկում է Սատանայի աշխարհը։
7 Անձամբ մենք սգո՞ւմ ենք այն անարդարությունների համար, որոնց մեջ թաթախված է Սատանայի աշխարհը։ Ինչպե՞ս ենք իրականում արձագանքում այն ամենին, ինչ առաջարկում է այս աշխարհը։ Հովհաննես առաքյալը գրեց. «Ամեն բան, որ աշխարհի մեջ է՝ մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը և ապրուստի միջոցները ցուցադրաբար ներկայացնելը, Հորից չէ» (1 Հովհ. 2։16)։ Իսկ ի՞նչ պետք է անենք, եթե նկատում ենք, որ մեր հոգևոր առողջությունը քայքայվում է «աշխարհի ոգու» պատճառով, ոգի, որը, լինելով հզոր ուժ, իշխում է Աստծուց օտարացած մարդկանց վրա։ Անհրաժեշտ է ջերմեռանդորեն աղոթել, ուսումնասիրել Աստծու Խոսքը և դիմել երեցների օգնությանը։ Երբ մոտենում ենք Եհովային, «մխիթարվում ենք»՝ անկախ այն բանից, թե ինչն է վշտացնում մեզ (1 Կորնթ. 2։12; Սաղ. 119։52; Հակ. 5։14, 15)։
Երջանիկ են «նրանք, ովքեր հեզ են»
8, 9. Ի՞նչ է նշանակում լինել մեղմ, և ինչո՞ւ են մեղմ մարդիկ երջանիկ։
8 «Երջանիկ են նրանք, ովքեր հեզ [«մեղմ», ծնթ.] են, որովհետև նրանք կժառանգեն երկիրը» (Մատթ. 5։5)։ Հեզությունը, կամ՝ մեղմությունը, թուլության նշան չէ։ Այն նաև ձևական փափկություն չէ (1 Տիմոթ. 6։11)։ Եթե հեզ ու մեղմ ենք, ապա կկատարենք Եհովայի կամքը և կընդունենք նրա առաջնորդությունը։ Մեր մեղմությունը կերևա նաև այն բանից, թե ինչպես ենք վարվում հավատակիցների և մյուսների հետ։ Հեզ անհատը վարվում է Պողոս առաքյալի խորհրդի համաձայն (կարդա՛ Հռոմեացիներ 12։17–19)։
9 Ինչո՞ւ են մեղմ մարդիկ երջանիկ։ Քանի որ «նրանք կժառանգեն երկիրը»։ Այս խոսքերն ասաց Հիսուսը, որը մեղմ անձնավորություն էր։ Նա երկրի գլխավոր Ժառանգորդն է (Սաղ. 2։8; Մատթ. 11։29; Եբր. 2։8, 9)։ Այդուհանդերձ, Քրիստոսի հետ երկիրը ժառանգելու են նաև նրա մեղմ «ժառանգակիցները» (Հռոմ. 8։16, 17)։ Հիսուսի Թագավորության երկրային տիրույթներում հավիտյան կբնակվեն բազմաթիվ հեզ մարդիկ (Սաղ. 37։10, 11)։
10. Ի՞նչ կապ կա մեղմության և առանձնաշնորհում ունենալու միջև։ Մեղմության պակասը ինչպե՞ս կարող է անդրադառնալ մյուսների վրա։
10 Մենք պետք է Հիսուսի պես մեղմ լինենք։ Բայց ի՞նչ կպատահի, եթե հակված ենք լինելու անբարեհամբույր, ագրեսիվ, կռվարար։ Այդ դեպքում մարդիկ գուցե հեռու մնան մեզնից։ Եթե եղբայրը ձգտում է առանձնաշնորհումների, բայց կռվարար է, նա որակազրկում է իրեն (1 Տիմոթ. 3։1, 3)։ Պողոսը Տիտոսին ասաց, որ շարունակի կրետացի քրիստոնյաներին հիշեցնել՝ «չլինել կռվարար, այլ լինել խոհեմ, ամենայն մեղմությամբ վերաբերվել բոլոր մարդկանց» (Տիտոս 3։1, 2)։ Ի՜նչ օրհնություն է մեղմ անհատը։
Նրանք ծարավ են «արդարության»
11–13. ա) Ի՞նչ է նշանակում քաղցած և ծարավ լինել արդարության։ բ) Ինչպե՞ս են «կշտանում» նրանք, ովքեր քաղցած և ծարավ են արդարության։
11 «Երջանիկ են նրանք, ովքեր քաղցած ու ծարավ են արդարության, որովհետև նրանք կկշտանան» (Մատթ. 5։6)։ Հիսուսը ի մտի ուներ այն «արդարությունը», որն անհատը դրսևորում է, երբ անում է ճիշտը՝ հնազանդվելով Աստծու կամքին և պատվիրաններին։ Սաղմոսերգուն ասաց, որ ինքը «մաշվել է՝ ցանկանալով» տեսնել Աստծու արդար դատավճիռները (Սաղ. 119։20)։ Արդյո՞ք այնքան բարձր կգնահատենք արդարությունը, որ քաղցած և ծարավ լինենք դրան։
12 Հիսուսն ասաց, որ ովքեր քաղցած և ծարավ են արդարության, երջանիկ են, քանի որ «կկշտանան»։ Դա հնարավոր դարձավ մ.թ. 33–ի Պենտեկոստեից հետո. այդ ժամանակ Եհովայի սուրբ ոգին սկսեց «աշխարհին համոզիչ ապացույցներ բերել արդարության մասին» (Հովհ. 16։8)։ Աստված սուրբ ոգու միջոցով ներշնչեց մարդկանց գրելու Քրիստոնեական Հունարեն Գրությունները, որը շատ օգտակար է «արդարության մեջ խրատելու համար» (2 Տիմոթ. 3։16)։ Նաև, Աստծու ոգին հնարավորություն է տալիս մեզ «հագնելու նոր անձնավորությունը, որը ստեղծվել է Նրա կամքի համաձայն՝ ճշմարիտ արդարությամբ» (Եփես. 4։24)։ Մի՞թե մխիթարական չէ իմանալ, որ ովքեր զղջում են իրենց մեղքերի համար և ներում խնդրում Աստծուց Հիսուսի քավիչ զոհի հիման վրա, կարող են արդար մարդու անուն ձեռք բերել Աստծու մոտ (կարդա՛ Հռոմեացիներ 3։23, 24)։
13 Երկրային հույս ունեցող քրիստոնյաները լիովին կհագեցնեն արդարության հանդեպ իր քաղցն ու ծարավը միայն արդար նոր աշխարհում, որտեղ նրանք կապրեն հավիտյան։ Ուստի եկեք շարունակենք ապրել Եհովայի չափանիշներով։ Հիսուսն ասաց. «Շարունակեք նախ թագավորությունը և [Աստծու] արդարությունը փնտրել» (Մատթ. 6։33)։ Այդ դեպքում «միշտ շատ բան կունենանք անելու Տիրոջ գործում» և իսկապես երջանիկ կլինենք (1 Կորնթ. 15։58)։
Ինչո՞ւ են «ողորմած» մարդիկ երջանիկ
14, 15. Ինչպե՞ս կարող ենք ողորմություն ցույց տալ, և ինչո՞ւ են երջանիկ «նրանք, ովքեր ողորմած են»։
14 «Երջանիկ են նրանք, ովքեր ողորմած են, որովհետև նրանց հանդեպ ողորմածություն ցույց կտրվի» (Մատթ. 5։7)։ Կարեկցանքը և խղճահարության զգացումը «ողորմած» մարդկանց մղում են գործելու հօգուտ ուրիշների։ Հիսուսը խղճում էր մարդկանց, ուստի հրաշքով շատերին ազատեց տառապանքից (Մատթ. 14։14)։ Մարդիկ ողորմած են, երբ ներում են իրենց դեմ սխալ գործողներին։ Այդպես նրանք վարվում են Եհովայի պես, ով ներում է զղջացողներին (Ելից 34։6, 7; Սաղ. 103։10)։ Մենք ողորմած կլինենք, եթե մեր բարի խոսքերով ու գործերով թեթևացում բերենք վատ վիճակում գտնվող մարդկանց։ Ողորմություն դրսևորելու լավագույն կերպերից մեկը Աստվածաշնչի ճշմարտությունները պատմելն է։ Խղճալով բազմությանը՝ Հիսուսը «սկսեց նրանց շատ բաներ սովորեցնել» (Մարկ. 6։34)։
15 Մենք բոլոր հիմքերն ունենք համաձայնվելու Հիսուսի՝ Մատթեոս 5։7–ում ասած խոսքերին։ Եթե մարդկանց հետ ողորմածաբար վարվենք, նրանք էլ գուցե նույն ձևով վարվեն մեզ հետ։ Մեզ դատելիս Աստված թերևս մեր հանդեպ խիստ չլինի, եթե մենք ողորմածաբար ենք վարվել ուրիշների հետ։ Այդպիսով «ողորմությունը հաղթանակած ցնծում է դատաստանի վրա» (Հակ. 2։13)։ Մեղքերի ներում և հավիտենական կյանք կստանան միայն նրանք, ովքեր ողորմած են (Մատթ. 6։15)։
Ինչո՞ւ են երջանիկ նրանք, ովքեր «սրտով մաքուր են»
16. Ի՞նչ է նշանակում «սրտով մաքուր» լինել, և ինչպե՞ս են այդպիսի մարդիկ «տեսնում Աստծուն»։
16 «Երջանիկ են նրանք, ովքեր սրտով մաքուր են, որովհետև նրանք կտեսնեն Աստծուն» (Մատթ. 5։8)։ Մեր՝ «սրտով մաքուր» լինելը կերևա այն բանից, թե ում կամ ինչ ենք սիրում, ինչ ենք ցանկանում և ինչ մղումներ ունենք։ Մենք սեր կդրսևորենք «անարատ սրտից» (1 Տիմոթ. 1։5)։ Եթե սրտով մաքուր լինենք, «կտեսնենք Աստծուն»։ Սա չի նշանակում, թե բառացիորեն կտեսնենք Եհովային, որովհետև «մարդ չէ կարող [Աստծուն] տեսնել եւ ապրել» (Ելից 33։20)։ Այդուհանդերձ, Հիսուսը, որ կատարելապես արտացոլեց Աստծու հատկությունները, ասաց. «Ով որ ինձ տեսավ, Հորը տեսավ» (Հովհ. 14։7–9)։ Լինելով Եհովայի ծառաներ, ովքեր ապրում են երկրի վրա՝ կարող ենք «տեսնել Աստծուն»՝ նկատելով մեր օգտին արած նրա գործերը (Յոբ 42։5)։ Իսկ օծյալ քրիստոնյաները, երբ հարություն առնեն ոգեղեն կյանքի, նաև բառացիորեն «կտեսնեն Աստծուն»՝ իրենց երկնային Հորը (1 Հովհ. 3։2)։
17. Ինչի՞ց կերևա, որ մաքուր սիրտ ունենք։
17 Քանի որ մաքուր սիրտը բարոյապես և հոգևորապես անարատ է, այն իր մեջ տեղ չի տալիս Եհովայի աչքում անմաքուր եղող բաներին (Ա Մնաց. 28։9; Ես. 52։11)։ Եթե մեր սիրտը մաքուր է, ապա մեր խոսքերն ու գործերն էլ մաքուր կլինեն, նաև Եհովային մատուցվող մեր ծառայությունը զերծ կլինի կեղծավորությունից։
«Խաղաղարար» մարդիկ Աստծու որդիներ կդառնան
18, 19. Ինչպե՞ս են վարվում «խաղաղարար» մարդիկ։
18 «Երջանիկ են նրանք, ովքեր խաղաղարար են, որովհետև նրանք կկոչվեն «Աստծու որդիներ»» (Մատթ. 5։9)։ Մարդու՝ «խաղաղարար» լինելը երևում է նրանից, թե նա ինչ կանի և ինչ չի անի։ Հիսուսի նշած մարդիկ «ոչ մեկին չարի դիմաց չարությամբ չեն հատուցում»։ Փոխարենը՝ «միշտ ձգտում են բարին գործել բոլորի հանդեպ» (1 Թեսաղ. 5։15)։
19 Որպեսզի լինենք «խաղաղարար», պետք է ակտիվորեն նպաստենք խաղաղությանը։ Խաղաղարար մարդիկ «մտերիմներին չեն բաժանում» (Առակ. 16։28)։ Քանի որ խաղաղասեր ենք, «ձգտում ենք խաղաղության մեջ լինել բոլոր մարդկանց հետ» (Եբր. 12։14)։
20. Ովքե՞ր են այժմ «Աստծու որդիները», և ուրիշ ովքե՞ր հետագայում կդառնան նրա զավակները։
20 «Խաղաղարար» մարդիկ երջանիկ են, որովհետև «կկոչվեն «Աստծու որդիներ»»։ Հավատարիմ օծյալ քրիստոնյաները որդեգրվել են Եհովայի կողմից ու «Աստծու որդիներ» են։ Նրանք՝ որպես Եհովայի զավակներ, արդեն մտերիմ փոխհարաբերություններ ունեն Նրա հետ, քանի որ հավատում են Քրիստոսին ու ամբողջ սրտով երկրպագում են «սիրո ու խաղաղության Աստծուն» (2 Կորնթ. 13։11; Հովհ. 1։12)։ Ի՞նչ կարող ենք ասել Հիսուսի խաղաղարար «ուրիշ ոչխարների» մասին։ Հազարամյա Իշխանության ընթացքում Հիսուսը կլինի նրանց «Հավիտենական Հայրը»։ Հազարամյակի վերջում նա իրեն կհպատակեցնի Եհովային, իսկ մարդիկ բառի լիակատար իմաստով կդառնան Աստծու զավակներ (Հովհ. 10։16; Ես. 9։6, ՆԱ; Հռոմ. 8։21; 1 Կորնթ. 15։27, 28)։
21. Ինչպե՞ս կվարվենք, եթե «ոգով ենք ապրում»։
21 Եթե «ոգով ենք ապրում», ապա մարդիկ անմիջապես կնկատեն, որ մենք խաղաղարար ենք։ Մենք «իրար մրցակցության չենք հրահրի», չենք «գրգռի» (ԱԹ) (Գաղ. 5։22–26)։ Փոխարենը՝ կջանանք «խաղաղություն ունենալ բոլոր մարդկանց հետ» (Հռոմ. 12։18)։
Երջանիկ՝ չնայած հալածանքին
22–24. ա) Արդարության համար հալածվողներն ինչո՞ւ են երջանիկ։ բ) Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ երկու հոդվածներում։
22 «Երջանիկ են նրանք, ովքեր հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի թագավորությունը» (Մատթ. 5։10)։ Իր խոսքը մանրամասնելով՝ Հիսուսն ավելացնում է. «Երջանիկ եք դուք, երբ մարդիկ ձեզ նախատում և հալածում են և ստությամբ ամեն տեսակ չար բաներ են ձեր դեմ խոսում իմ պատճառով։ Ուրախացե՛ք և ցնծացե՛ք, որովհետև ձեր վարձատրությունը մեծ է երկնքում, քանի որ ձեզանից առաջ այդպես հալածեցին մարգարեներին» (Մատթ. 5։11, 12)։
23 Մենք՝ քրիստոնյաներս, գիտենք, որ Աստծու վաղեմի մարգարեների պես նախատվելու և հալածվելու ենք, որ մեր մասին սուտ բաներ են ասելու, և այս ամենը՝ «արդարության համար»։ Հավատարմորեն տոկալով նման փորձությունների ներքո՝ մենք մեծ գոհունակություն ենք ապրում այն բանի գիտակցումից, որ հաճեցնում և պատվում ենք Եհովային (1 Պետ. 2։19–21)։ Մեր կրած չարչարանքները ո՛չ այսօր և ո՛չ էլ ապագայում չեն կարող նվազեցնել այն ուրախությունը, որ պարգևում է Եհովային ծառայելը։ Դրանք չեն կարող նվազեցնել այն ուրախությունը, որ տալիս է երկնային Թագավորությունում Քրիստոսի հետ կառավարելու հեռանկարը, ինչպես նաև այն ուրախությունը, որ բերում է այդ Թագավորության երկրային հպատակը լինելու և հավիտենական կյանքը վայելելու հույսը։ Այս օրհնությունները վկայում են Աստծու հավանության, բարեհաճության և առատաձեռնության մասին։
24 Ուրիշ շատ բաներ էլ կարող ենք սովորել Լեռան քարոզից։ Հաջորդ երկու հոդվածներում կխոսենք դրանցից մի քանիսի մասին։ Կտեսնենք, թե ինչպես կարող ենք մեր կյանքում կիրառել Հիսուս Քրիստոսի խոսքերը։
Ինչպե՞ս կպատասխանեք
• «Իրենց հոգևոր կարիքները» գիտակցող մարդիկ ինչո՞ւ են երջանիկ։
• Ինչո՞ւ են մեղմ մարդիկ երջանիկ։
• Ինչո՞ւ են քրիստոնյաները երջանիկ, նույնիսկ երբ հալածվում են։
• Երջանկություն բերող ինը բաներից ո՞րն է քեզ հատկապես տպավորում։
[նկար 7–րդ էջի վրա]
Այն, ինչ ասաց Հիսուսը երջանիկ լինելու մասին մոտ 2 000 տարի առաջ, օգտակար է նաև այսօր
[նկար 8–րդ էջի վրա]
Ողորմած լինելու լավագույն կերպերից մեկը Աստվածաշնչի ճշմարտությունները պատմելն է