Քրիստոսի ներկայությունը ի՞նչ է նշանակում քեզ համար
«Ո՞րն է լինելու քո ներկայության և իրերի համակարգի վախճանի նշանը» (ՄԱՏԹ. 24։3)։
1. Ի՞նչ հետաքրքիր հարց տվեցին Հիսուսի աշակերտները։
ԳՐԵԹԵ երկու հազար տարի առաջ Ձիթենյաց լեռան վրա Հիսուսի առաքյալներից չորսը, երբ նրա հետ առանձին զրուցում էին, հարցրին իրենց Տիրոջը. «Ե՞րբ են լինելու այս բաները, և ո՞րն է լինելու քո ներկայության և իրերի համակարգի վախճանի նշանը» (Մատթ. 24։3)։ Այս հարցի մեջ առաքյալները երկու անչափ հետաքրքիր արտահայտություն օգտագործեցին՝ «քո ներկայությունը» և «իրերի համակարգի վախճանը»։ Ի՞նչ են նշանակում այդ արտահայտությունները։
2. Ո՞րն է «վախճան» թարգմանված բառի իմաստը։
2 Սկզբում քննարկենք երկրորդ արտահայտության «վախճան» բառը, որը թարգմանված է հունարեն սինտե՛լիա բառից։ Հայերեն «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» մեջ այս բառը հիմնականում թարգմանվել է «վախճան», մինչդեռ դրա հետ կապված մեկ ուրիշ հունարեն բառ՝ տե՛լոս–ը, թարգմանվում է «վերջ»։ Այս երկու բառերի իմաստների տարբերությունը կարելի է ցույց տալ Թագավորության սրահում ներկայացվող ելույթի օրինակով։ Ելույթի վերջաբանը, այսպես ասած, «վախճանը», ելույթի վերջին մասն է։ Հռետորը կարճ ժամանակում ունկնդիրներին հիշեցնում է, թե ինչի մասին խոսվեց, նաև ցույց է տալիս, թե ասվածը ինչպես է վերաբերում նրանց։ Իսկ երբ հեռանում է բեմից, հասկանում ենք, որ ելույթն ավարտվել է։ Նմանապես, Աստվածաշնչում «իրերի համակարգի վախճան» արտահայտությունը վերաբերում է որոշակի ժամանակահատվածի՝ ժամանակի, որն ընթանում է դեպի իր վերջը, ընդ որում այդ ժամանակահատվածի մեջ մտնում է նաև այդ վերջը։
3. Որո՞նք են այն մի քանի բաները, որ տեղի են ունենում Հիսուսի ներկայության ընթացքում։
3 Իսկ ի՞նչ կարելի է ասել «ներկայություն» բառի մասին։ Այս բառը հունարեն պարուսի՛ա բառի թարգմանությունն էa։ Քրիստոսի պարուսի՛ա–ն, կամ՝ ներկայությունը, սկսվեց այն իրադարձությամբ, որ 1914 թ.–ին Հիսուսը երկնքում նշանակվեց Թագավոր։ Այն շարունակվելու է մինչև «մեծ նեղությունը» ներառյալ, որի ընթացքում նա գալու և վերացնելու է ամբարիշտներին (Մատթ. 24։21)։ Քրիստոսի ներկայության ընթացքում սկսվել են իրերի ամբարիշտ համակարգի «վերջին օրերը», տեղի է ունենում ընտրյալների հավաքը, նրանց հարությունը երկնային կյանքի և այլն (2 Տիմոթ. 3։1; 1 Կորնթ. 15։23; 1 Թեսաղ. 4։15–17; 2 Թեսաղ. 2։1)։ Կարելի է ասել, որ այն ժամանակահատվածը, որը կազմում է «իրերի համակարգի վախճանը» (սինտե՛լիա), համընկնում է այն ժամանակահատվածին, որը կոչվում է Քրիստոսի ներկայություն (պարուսի՛ա)։
Երկարատև ժամանակահատված
4. Հիսուսի ներկայությունն ինչո՞վ է նման Նոյի օրերի դեպքերին։
4 Այն փաստը, որ պարուսի՛ա բառը վերաբերում է երկարատև ժամանակահատվածի, համապատասխանում է այն բանին, թե ինչ ասաց Հիսուսը իր ներկայության վերաբերյալ (կարդա՛ Մատթեոս 24։37–39)։ Նկատենք, որ Հիսուսը իր ներկայությունը չնմանեցրեց Նոյի օրերի Ջրհեղեղին, որը տեղի ունեցավ համեմատաբար կարճ ժամանակահատվածում։ Նա իր ներկայությունը համեմատեց մինչջրհեղեղյան ժամանակահատվածի հետ, որը շատ ավելի երկար էր։ Այդ ժամանակամիջոցում էր, որ Նոյը կառուցում էր տապանը և քարոզում էր, ու այդպես այնքան ժամանակ, մինչև որ Ջրհեղեղը սկսվեց։ Այդ ամենը կատարվեց տասնամյակների ընթացքում։ Նմանապես, Քրիստոսի ներկայությունը ներառում է դեպի մեծ նեղություն տանող դեպքերը, այդ թվում նաև հենց մեծ նեղությունը (2 Թեսաղ. 1։6–9)։
5. Հայտնություն 6–րդ գլխում գրված խոսքերը ինչպե՞ս են մատնանշում, որ Հիսուսի ներկայությունը վերաբերում է երկարատև ժամանակահատվածի։
5 Աստվածաշնչում կան մարգարեություններ, որոնք հստակ ցույց են տալիս, որ Քրիստոսի ներկայությունը վերաբերում է երկարատև ժամանակահատվածի. այն չի նշանակում պարզապես նրա գալուստը՝ ամբարիշտներին ոչնչացնելու նպատակով։ «Հայտնություն» գրքում Հիսուսը նկարագրվում է սպիտակ ձիու վրա նստած, և նրան մի պսակ է տրվում (կարդա՛ Հայտնություն 6։1–8)։ Հիսուսին այդ պսակը տրվում է 1914 թ.–ին, այսինքն՝ նա դառնում է Թագավոր և «դուրս է գալիս հաղթելով և իր հաղթանակը ավարտին հասցնելու համար»։ Այնուհետև ասվում է, որ նրանից հետո դուրս են գալիս տարբեր գույնի ձիերի վրա նստած ձիավորներ։ Այս ամենը խորհրդանշում է պատերազմ, սով և համաճարակ ու տեղի է ունենում մի երկարատև ժամանակահատվածում, որը կոչվում է «վերջին օրեր»։ Մեր կյանքի ընթացքում մենք տեսնում ենք այս մարգարեության կատարումը։
6. Հայտնություն 12–րդ գլխից ի՞նչ ենք հասկանում Քրիստոսի ներկայության մասին։
6 Հայտնություն 12–րդ գլուխը լրացուցիչ մանրամասնություններ է պարունակում Աստծու Թագավորության՝ երկնքում հաստատվելու մասին։ Այդ գլխում կարդում ենք մի ճակատամարտի մասին, որ տեղի է ունենում անտեսանելի ոլորտում։ Միքայելը՝ Հիսուս Քրիստոսը իր երկնային դիրքում, և նրա հրեշտակները կռվում են Բանսարկու Սատանայի և նրա դևերի դեմ։ Նրանք Բանսարկուին և նրա հրոսակներին նետում են երկիր։ Ինչպես հաղորդագրությունն է ասում, այդ ժամանակ Սատանան լցվում է մեծ բարկությամբ՝ «գիտենալով, որ քիչ ժամանակ ունի» (կարդա՛ Հայտնություն 12։7–12)։ Ուստի հստակ է, որ երկնքում Քրիստոսի Թագավորության հաստատմանը հաջորդում է մի ժամանակահատված, որը բնորոշվում է մեծ «վայերով» երկրի և նրա բնակիչների համար։
7. Երկրորդ սաղմոսում ինչի՞ մասին է խոսվում, նաև ի՞նչ հնարավորության մասին է մատնանշվում։
7 Երկրորդ սաղմոսում ևս մարգարեացվում է, որ Հիսուսը հաստատվում է որպես Թագավոր երկնային Սիոն լեռան վրա (կարդա՛ Սաղմոս 2։5–9; 110։1, 2)։ Սակայն այս սաղմոսը նաև մատնանշում է մի ժամանակահատված, երբ երկրի ղեկավարներին, ինչպես նաև նրանց հպատակներին հնարավորություն է տրվում հնազանդվելու Քրիստոսի իշխանությանը։ Նրանց հորդոր է տրվում «խոհեմանալ» և «խրատվել»։ Այո՛, այդ ժամանակահատվածում երջանիկ են բոլոր նրանք, ովքեր «Աստծուն են հուսացած» և ծառայում են նրան ու նրա նշանակած Թագավորին։ Այսպիսով՝ Հիսուսի՝ որպես Թագավորի ներկայության ժամանակ դեռևս հնարավորություն կա անհրաժեշտ փոփոխություններ կատարելու (Սաղ. 2։10–12)։
Նշանը ճանաչելը
8, 9. Ովքե՞ր էին ճանաչելու Քրիստոսի ներկայության նշանը և հասկանալու դրա իմաստը։
8 Երբ փարիսեցիները Հիսուսին հարցրին Թագավորության գալստյան ժամանակի մասին, վերջինս պատասխանեց, որ այն նրանց համար չի գա «տեսանելի կերպով» (Ղուկ. 17։20, 21)։ Անհավատները դա չէին հասկանալու, և ընդհանրապես, ինչպե՞ս կարող էին հասկանալ։ Նրանք անգամ չճանաչեցին Հիսուսին որպես իրենց ապագա Թագավորի։ Այդ դեպքում ովքե՞ր կարող էին և՛ ճանաչել Քրիստոսի ներկայության նշանը, և՛ հասկանալ դրա իմաստը։
9 Հիսուսը այնուհետև իր աշակերտներին ասաց, որ նրանք հստակ տեսնելու են նշանը այնպես, ինչպես որ «կայծակն է իր փայլատակումով երկնքի տակ լուսավորում նրա մի ծայրից մյուս ծայրը» (կարդա՛ Ղուկաս 17։20–29)։ Հետաքրքիր է, որ Մատթեոս 24։23–27-ը նույնպես ցույց է տալիս, որ Հիսուսը խոսում էր իր ներկայության նշանի մասին։
Սերունդը, որը տեսնում է նշանը
10, 11. ա) Նախկինում ի՞նչ բացատրություն է տրվել Մատթեոս 24։34–ում գրված «սերունդ» բառի վերաբերյալ։ բ) Առաքյալները, անկասկած, հասկացան, որ ովքե՞ր են պատկանում այդ «սերնդին»։
10 Նախկինում այս պարբերագիրը բացատրել է, որ Մատթեոս 24։34–ում նշված «այս սերունդը» առաջին դարում մատնանշում էր նույն ժամանակաշրջանում ապրող անհավատ հրեաների սերնդինb։ Այդ բացատրությունը տրամաբանական էր թվում, քանի որ Աստվածաշնչում գրված մյուս բոլոր դեպքերում Հիսուսը «սերունդ» բառն օգտագործել է բացասական միտք հաղորդելու համար, ընդ որում այդ բառի կողքին գրեթե միշտ օգտագործել է բացասական իմաստ ունեցող ածական, օրինակ՝ «չար» (Մատթ. 12։39; 17։17; Մարկ. 8։38)։ Ուստի թվում էր, որ Հիսուսի ասածը վերաբերում է մեր օրերի անհավատ մարդկանց այն չար «սերնդին», ովքեր տեսնելու են թե՛ «իրերի համակարգի վախճանը» (սինտե՛լիա) և թե՛ այդ համակարգի վերջը (տե՛լոս) բնորոշող առանձնահատկությունները։
11 Ինչ խոսք, իր օրերի չար մարդկանց հետ խոսելիս կամ նրանց մասին արտահայտվելիս Հիսուսը «սերունդ» բառն օգտագործել է բացասական իմաստով։ Բայց արդյո՞ք անպայման հենց այդ իմաստով պետք է հասկանանք Մատթեոս 24։34–ում գրված «սերունդ» բառը։ Հիշենք, որ Հիսուսի աշակերտներից չորսը «առանձի՛ն» մոտեցան նրան (Մատթ. 24։3)։ Քանի որ Հիսուսը բացասական ածականներ չօգտագործեց «այս սերունդ» արտահայտության կողքին, առաքյալները, անկասկած, հասկացան, որ իրենք և մյուս աշակերտներն են պատկանում այն «սերնդին», որը չի անցնելու, «մինչև որ այս բոլոր բաները չկատարվեն»։
12. Ի՞նչ է համատեքստը բացահայտում այն մասին, թե ում նկատի ուներ Հիսուսը «սերունդ» ասելով։
12 Ինչպե՞ս կարող ենք այդ եզրակացությանը գալ։ Ուշադրությամբ քննելով համատեքստը։ Մատթեոս 24։32, 33–ում կարդում ենք Հիսուսի հետևյալ խոսքերը. «Թզենու օրինակից սա սովորեք. հենց որ նրա մատղաշ ճյուղը փափկում է և տերևներ է արձակում, իմանում եք, որ ամառը մոտ է։ Նույնպես էլ դուք. երբ որ այս ամեն բաները տեսնեք, իմացեք, որ նա մոտ է՝ դռան շեմին է» (համեմատի՛ր Մարկոս 13։28–30; Ղուկաս 21։30–32)։ Այնուհետև Մատթեոս 24։34–ում կարդում ենք. «Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ այս սերունդը չի անցնի, մինչև որ այս բոլոր բաները չկատարվեն»։
13, 14. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ «սերունդը», որի մասին խոսեց Հիսուսը, ակներևաբար նրա աշակերտներն էին։
13 Հիսուսն ասաց, որ իր աշակերտները, ովքեր շուտով օծվելու էին սուրբ ոգով, կարողանալու են որոշ եզրակացություններ անել՝ տեսնելով «ամեն բաները» կատարվելիս։ Ուստի նա ակներևաբար իր աշակերտների՛ն նկատի ուներ, երբ ասաց՝ «այս սերունդը չի անցնի, մինչև որ այս բոլոր բաները չկատարվեն»։
14 Ի տարբերություն անհավատների՝ Հիսուսի աշակերտները ոչ միայն տեսնելու էին նշանը, այլև հասկանալու էին դրա իմաստը։ Նրանք ինչ–որ բան էին «սովորելու» այդ նշանի առանձնահատկություններից և «իմանալու» էին դրանց ճիշտ իմաստը։ Աշակերտները լիովին հասկանալու էին, որ «նա մոտ է՝ դռան շեմին է»։ Ճիշտ է, և՛ անհավատ հրեաները, և՛ հավատարիմ օծյալ քրիստոնյաները տեսան Հիսուսի խոսքերի փոքր մասշտաբով կատարումը առաջին դարում, սակայն միայն օծյալ հետևորդները այդ իրադարձություններից բան սովորեցին. նրանք հասկացան իրենց տեսածի ճիշտ իմաստը։
15. ա) Մեր օրերում ո՞վ է այն «սերունդը», որի մասին խոսեց Հիսուսը։ բ) Ինչո՞ւ չենք կարող ճշգրտորեն հաշվել, թե որքան ժամանակ է գոյություն ունենալու «այս սերունդը» (տե՛ս շրջանակը, էջ 25)։
15 Այսօր, ովքեր չունեն հոգևոր հասկացողություն, ասում են, որ Հիսուսի ներկայության նշանը «տեսանելի» չէ։ Ըստ նրանց՝ ամեն ինչ շարունակում է մնալ այնպես, ինչպես որ եղել է նախկինում (2 Պետ. 3։4)։ Սակայն Քրիստոսի հավատարիմ օծյալ եղբայրները՝ ներկայիս Հովհաննես դասակարգը, ճանաչում են այդ նշանը այնքան հստակ, որքան որ կայծակի փայլատակումը, և հասկանում են դրա ճիշտ իմաստը։ Մեր օրերի օծյալները խմբովին կազմում են ժամանակակիցների այն «սերունդը», որը չի անցնի, «մինչև որ այս բոլոր բաները չկատարվեն»c։ Այստեղից կարող ենք եզրակացնել, որ Քրիստոսի օծյալ եղբայրներից ոմանք դեռևս կենդանի կլինեն երկրի վրա, երբ կանխագուշակված մեծ նեղությունը սկսվի։
«Արթո՛ւն մնացեք»
16. Ի՞նչ պետք է անեն Քրիստոսի բոլոր աշակերտները։
16 Սակայն ավելին է անհրաժեշտ, քան պարզապես նշանը ճանաչելը։ Հիսուսն ասաց. «Ինչ որ ձեզ եմ ասում, բոլորին եմ ասում՝ արթո՛ւն մնացեք» (Մարկ. 13։37)։ Սա անչափ կարևոր է բոլորիս համար՝ թե՛ օծյալների և թե՛ մեծ բազմության անդամների։ Արդեն ավելի քան 90 տարի է, ինչ Հիսուսը Թագավոր է հաստատվել երկնքում։ Որքան էլ որ դժվար լինի, մենք պետք է միշտ պատրաստ լինենք և արթուն մնանք։ Այս հարցում մեզ կօգնի այն բանի գիտակցումը, որ Քրիստոսը անտեսանելի կերպով ներկա է որպես Թագավոր։ Իսկ դա նշանակում է, որ նա շուտով գալու է ոչնչացնելու իր թշնամիներին «այն ժամին, որ մենք գուցե չենք կարծում» (Ղուկ. 12։40)։
17. Քրիստոսի ներկայության իմաստը հասկանալը ի՞նչ զգացումով է լցնում մեզ, և ի՞նչ անելու վճռական պետք է լինենք։
17 Հասկանալով Քրիստոսի ներկայության իմաստը՝ մենք է՛լ ավելի ենք լցվում հրատապության զգացումով։ Գիտենք, որ Հիսուսն արդեն ներկա է և 1914 թ.–ից անտեսանելի կերպով իշխում է երկնքում։ Շուտով նա կգա և կոչնչացնի ամբարիշտներին և մեծ փոփոխություններ կանի ամբողջ երկրագնդի վրա։ Ուստի պետք է, ավելի քան երբևէ, վճռական լինենք ակտիվորեն մասնակցելու այն գործին, որի մասին կանխագուշակել էր Հիսուսը. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ բնակեցված երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը [տե՛լոս]» (Մատթ. 24։14)։
[ծանոթագրություններ]
a Պարուսի՛ա բառի իմաստը երևում է այն հակադրությունից, որն արվում է Պողոս առաքյալի «ներկայության» և «բացակայության» միջև 2 Կորնթացիներ 10։10, 11 և Փիլիպպեցիներ 2։12 համարներում։ Մանրամասն քննարկման համար տե՛ս «Գրությունների ըմբռնում», հատոր 2, էջ 676–679, անգլ.։
b Տե՛ս «Դիտարան», 1995, նոյեմբերի 1, էջ 11–15, 19, 30, 31, ռուս., անգլ.։
c Այն ժամանակահատվածը, որում ապրում է սերունդը, ըստ ամենայնի, համապատասխանում է այն ժամանակամիջոցին, որի ընթացքում կատարվում է «Հայտնություն» գրքի առաջին տեսիլքը (Հայտն. 1։10–3։22)։ Այդ տեսիլքի կատարման ժամանակամիջոցը սկսվել է 1914 թ.–ից (երբ սկսվեց Տիրոջ օրը) և տևելու է այնքան, մինչև որ հավատարիմ օծյալներից վերջինը մահանա ու հարություն առնի (տե՛ս «Հայտնություն. փառահեղ գագաթնակետը մոտ է», էջ 24, պարբերություն 4, արևմտ., ռուս.)։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Որտեղի՞ց գիտենք, որ Հիսուսի ներկայությունը վերաբերում է երկարատև ժամանակահատվածի։
• Ովքե՞ր են ճանաչում Հիսուսի ներկայության նշանը և հասկանում դրա իմաստը։
• Ո՞վ է Մատթեոս 24։34–ում նշված սերունդը մեր ժամանակներում։
• Ինչո՞ւ չենք կարող ճշգրտորեն հաշվել «այս սերնդի» գոյության ժամանակահատվածը։
[Շրջանակ 25–րդ էջի վրա]
Կարո՞ղ ենք հաշվել «այս սերնդի» գոյության ժամանակահատվածը
«Սերունդ» բառը սովորաբար վերաբերում է տարբեր տարիքի մարդկանց ամբողջությանը, որոնք ապրում են որոշակի ժամանակահատվածում կամ կատարվող դեպքերի ընթացքում։ Օրինակ՝ Ելից 1։6–ում կարդում ենք. «Եւ մեռաւ Յովսէփը եւ նորա բոլոր եղբայրները եւ բոլոր այն ազգը [«ամբողջ սերունդը», էԹ]»։ Ճիշտ է, Հովսեփը և իր եղբայրները տարբեր տարիքի էին, այդուհանդերձ նրանք ապրել և գործել են միևնույն ժամանակամիջոցում։ Այդ «սերնդի» մեջ էին մտնում Հովսեփի եղբայրներից մի քանիսը, ովքեր ծնվել էին նրանից առաջ։ Եղբայրներից ոմանք շարունակել են ապրել Հովսեփի մահից հետո (Ծննդ. 50։24)։ Այդ «սերնդի» այլ անդամներ, օրինակ՝ Բենիամինը, ծնվել են Հովսեփի ծնվելուց հետո և, հավանաբար, շարունակել են ապրել նրա մահից հետո։
Այսպիսով՝ երբ «սերունդ» բառը օգտագործվում է որոշակի ժամանակամիջոցում ապրող մարդկանց առնչությամբ, ապա այդ ժամանակահատվածի ճշգրիտ տևողությունը հնարավոր չէ որոշել, բայց այն ունի՛ վերջ և չափազանց երկար չի տևում։ Ուստի երբ Մատթեոս 24։34–ում Հիսուսն ասաց՝ «այս սերունդը», նա դրանով իր աշակերտներին չտվեց ինչ–որ բանաձև, որի միջոցով նրանք կկարողանային հաշվել, թե երբ են ավարտվելու «վերջին օրերը»։ Ընդհակառակը՝ Հիսուսը նշեց, որ նրանք չեն իմանա «այդ օրվա և ժամի մասին» (2 Տիմոթ. 3։1; Մատթ. 24։36)։
[նկար 22–րդ, 23–րդ էջերի վրա]
1914 թ.–ին Թագավոր դառնալուց հետո Հիսուսը նկարագրվում է որպես «հաղթող»
[նկար 24–րդ էջի վրա]
«Այս սերունդը չի անցնի, մինչև որ այս բոլոր բաները չկատարվեն»