Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 3/15 էջ 11–15
  • Հայացքդ պահիր մրցանակի վրա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հայացքդ պահիր մրցանակի վրա
  • 2009 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Հավիտենական կյանք՝ երկրի վրա
  • Նրանք իրենց հայացքը չպահեցին մրցանակի վրա
  • Յուրաքանչյուրս սովորելու բան ունի
  • Թող ոչինչ չզրկի ձեզ մրցանակից
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Շարունակիր նայել մրցանակին
    Գովերգենք Եհովային
  • Մրցանակն աչքիդ առաջ պահիր
    Ուրախությամբ գովերգենք Եհովային
  • «Այնպէս վազեցէք...»
    2001 Դիտարան
Ավելին
2009 Դիտարան
w09 3/15 էջ 11–15

Հայացքդ պահիր մրցանակի վրա

«Ես հետամուտ եմ լինում նպատակին՝ ....մրցանակին» (ՓԻԼԻՊ. 3։14)։

1. Ի՞նչ մրցանակ էր սպասում Պողոս առաքյալին։

ՊՈՂՈՍ առաքյալը, որին ճանաչում էին նաև տարսոնացի Սողոս անունով, հայտնի ընտանիքից էր։ Նրան կրթել էր Օրենքի հռչակավոր ուսուցիչ Գամաղիելը նահապետական կրոնի համաձայն (Գործ. 22։3)։ Պողոսին մեծ հաջողություններ էին սպասում, բայց նա հրաժարվեց իր կրոնից և դարձավ քրիստոնյա։ Նա բաղձանքով էր նայում հավիտենական կյանքի մրցանակին, որ դրված էր իր առջև, այն է՝ Աստծու երկնային Թագավորությունում լինել անմահ թագավոր և քահանա։ Այդ Թագավորությունը կառավարելու է դրախտ–երկիրը (Մատթ. 6։10; Հայտն. 7։4; 20։6)։

2, 3. Որքա՞ն թանկ էր Պողոսը գնահատում երկնքում ապրելու հեռանկարը։

2 Պողոս առաքյալը շատ բարձր էր գնահատում այդ մրցանակը։ Նա գրեց. «Այն բաները, որ շահ էին ինձ համար, ես կորուստ համարեցի հանուն Քրիստոսի։ Այդ պատճառով էլ ես իսկապես ամեն բան կորուստ եմ համարում հանուն իմ Տիրոջ՝ Քրիստոս Հիսուսի գիտության գերազանց արժեքի։ Հանուն նրա ես կորցրեցի ամեն ինչ և դրանք աղբ եմ համարում» (Փիլիպ. 3։7, 8)։ Իմանալով մարդկության առնչությամբ Եհովայի նպատակը՝ Պողոսը «աղբ» անվանեց այն, ինչ մարդկանց մեծամասնությունը կարևոր է համարում՝ դիրք, հարստություն, կարիերա և հեղինակություն։

3 Ճշմարտությունը իմանալուց հետո Պողոսի համար ամենակարևորը Եհովայի և Քրիստոսի մասին գիտելիքներն էին։ Այդ գիտելիքների մասին Հիսուսը իր աղոթքում նշել էր. «Սա՛ է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ [«գիտություն ստանան», ծնթ.]՝ միակ ճշմարիտ Աստծուն, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհ. 17։3)։ Պողոսը շատ էր ցանկանում հավիտենական կյանք ձեռք բերել։ Դա երևում է նրա հետևյալ խոսքերից. «Ես հետամուտ եմ լինում նպատակին՝ վերին կոչման մրցանակին, որ տալիս է Աստված Քրիստոս Հիսուսի միջոցով» (Փիլիպ. 3։14)։ Այո՛, առաքյալը իր աչքերը հառել էր մրցանակին. նա հույս ուներ լինելու Աստծու Թագավորության կառավարիչներից մեկը։

Հավիտենական կյանք՝ երկրի վրա

4, 5. Ի՞նչ մրցանակ է սպասում միլիոնավոր մարդկանց, ովքեր կատարում են Աստծու կամքը։

4 Աստծու կամքը կատարողների ճնշող մեծամասնության համար մրցանակը կլինի նոր աշխարհում հավիտյան ապրելը (Սաղ. 37։11, 29)։ Հիսուսի խոսքերից երևում է, որ սա իրական հույս է։ Նա ասաց. «Երջանիկ են նրանք, ովքեր հեզ են, որովհետև նրանք կժառանգեն երկիրը» (Մատթ. 5։5)։ Հիսուսն ինքը երկրի գլխավոր Ժառանգորդն է, ինչպես երևում է Սաղմոս 2։8–ից։ Երկնքում նա կունենա 144 000 իշխանակիցներ (Դան. 7։13, 14, 22, 27)։ Իսկ այն հեզ ու խոնարհ անհատները, ովքեր կապրեն երկրի վրա, «ժառանգելու» են Թագավորության երկրային տիրույթը, որը «աշխարհը հիմնվելուց ի վեր պատրաստված է նրանց համար» (Մատթ. 25։34, 46)։ Այս ամենը անպայման կիրականանա, որովհետև դրանք խոստացողը՝ Աստված, «չի կարող ստել» (Տիտոս 1։2)։ Մենք կարող ենք Հեսուի պես վստահ լինել, որ Եհովան կկատարի իր խոստումները։ Հեսուն իսրայելացիներին ասաց. «Ձեր Տէր Աստուածը ձեզ համար որչափ բարի խօսքեր որ ասել էր, նորանցից մի բան չ’պակասեց, ամենն էլ ձեզ վերայ կատարուեցաւ. նորանցից ոչ մէկ խօսք գետինը չ’ընկաւ» (Յեսու 23։14)։

5 Այսօր մարդիկ դժգոհ են իրենց կյանքից։ Սակայն նոր աշխարհում կյանքը բոլորովին այլ կլինի. չեն լինի պատերազմ, հանցագործություն, անարդարություն, հիվանդություն և մահ։ Մարդիկ կունենան կատարյալ առողջություն և կապրեն դրախտային երկրի վրա։ Այն ժամանակ կիրականանան նրանց ամենանվիրական երազանքները, և դեռ ավելին։ Այո՛, այն ժամանակ ամեն մի օրը ուրախություն կպարգևի։ Ի՜նչ հրաշալի մրցանակ։

6, 7. ա) Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, թե ինչ է տեղի ունենալու նոր աշխարհում։ բ) Ի՞նչ հեռանկար ունեն մահացածները։

6 Հիսուսը երկրի վրա բազմաթիվ հրաշալի գործեր արեց։ Այդ գործերը նա անում էր Աստծու սուրբ ոգու զորությամբ։ Այդպիսով նա ցույց էր տալիս, թե ինչ է տեղի ունենալու նոր աշխարհում։ Օրինակ՝ մի մարդ 38 տարի էր, ինչ հիվանդ էր։ Հիսուսը նրան ասաց. «Վե՛ր կաց.... ու քայլի՛ր»։ Աստվածաշնչում կարդում ենք, որ այդ մարդը այդպես էլ արեց (կարդա՛ Հովհաննես 5։5–9)։ Մեկ ուրիշ անգամ Հիսուսը հանդիպեց «մի մարդու, որն ի ծնե կույր էր», և բուժեց նրան։ Երբ այդ մարդուն հարցրին, թե ով է իրեն բուժել, նա պատասխանեց. «Հնուց ի վեր երբեք լսված բան չէ, որ ինչ–որ մեկը կույր ծնված մարդու աչքերը բաց անի։ Եթե այդ մարդը Աստծուց չլիներ, ոչինչ էլ չէր կարողանա անել» (Հովհ. 9։1, 6, 7, 32, 33)։ Հիսուսն այս ամենը կարող էր անել միայն Աստծու զորությամբ։ Ուր էլ որ գնար, նա «բուժում էր նրանց, ովքեր բուժման կարիք ունեին» (Ղուկ. 9։11)։

7 Հիսուսը, բացի հիվանդներին և խեղանդամներին բուժելուց, նաև կարող էր հարություն տալ մահացածներին։ Երբ մի 12–ամյա աղջիկ մահացավ, նրա ծնողները անչափ վշտացան։ Այդ ժամանակ Հիսուսն ասաց. «Աղջի՛կ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց»։ Եվ նա վեր կացավ։ Կարո՞ղ ես պատկերացնել, թե ինչ զգացին աղջկա ծնողներն ու հավաքված մարդիկ (կարդա՛ Մարկոս 5։38–42)։ Նոր աշխարհում «թե՛ արդարների և թե՛ անարդարների հարություն պիտի լինի», և երբ միլիարդավոր մարդիկ հարություն առնեն, մենք «մեծ ցնծություն» կապրենք (Գործ. 24։15; Հովհ. 5։28, 29)։ Հարություն առածների կյանքում նոր էջ կբացվի, և նրանք հավիտյան ապրելու հնարավորություն կստանան։

8, 9. ա) Ի՞նչ է սպասում ադամական մեղքին Քրիստոսի Հազարամյա Իշխանության ընթացքում։ բ) Ինչի՞ հիման վրա են դատվելու մահացածները։

8 Նոր աշխարհում մարդիկ հարություն չեն առնի, որ դատապարտության արժանանան։ Նրանց դեմ մեղադրանք չի ներկայացվի մահանալուց առաջ կատարած մեղքերի համար (Հռոմ. 6։7)։ Քրիստոսի Հազարամյա Իշխանության ընթացքում քավիչ զոհաբերության օգուտները կկիրառվեն հնազանդ մարդկության նկատմամբ, և Թագավորության հպատակները աստիճանաբար կատարյալ կդառնան՝ վերջնականապես ազատվելով ադամական մեղքի բոլոր հետևանքներից (Հռոմ. 8։21)։ Աստված «պիտի կլանէ մահին յաւիտեան, եւ Եհովայ Տէրը պիտի ջնջէ արտասուքը ամեն երեսից» (Ես. 25։8)։ Աստծու Խոսքը նաև ասում է, որ «գրքեր կբացվեն», ինչը ցույց է տալիս, որ այդ ժամանակ երկրի բնակիչներին նոր տեղեկություններ կտրվեն (Հայտն. 20։12)։ Մեր մոլորակը վերածված կլինի դրախտի, և «աշխարհի բնակիչները արդարություն կսովորեն» (Ես. 26։9)։

9 Հարություն առածներին դատելու հիմք կծառայեն ոչ թե ադամական մեղքի հետևանքով նրանց կատարած գործերը, այլ այն, թե նրանք ինչ կնախընտրեն անել նոր աշխարհում։ Հայտնություն 20։12–ում ասվում է. «Մահացածները դատվեցին՝ ըստ իրենց կատարած գործերի՝ այդ գրքերում գրվածների համաձայն», այսինքն՝ հարություն առնելուց հետո կատարած գործերի հիման վրա։ Որքա՜ն արդար, ողորմած և սիրառատ է Եհովան։ Այս հին աշխարհի ցավալի բաները «պիտի չ’յիշուին եւ միտքը պիտի չ’գան» (Ես. 65։17)։ Կյանքի վերադարձածները կստանան նոր տեղեկություններ, կունենան բազմաթիվ օրհնություններ, և այս ամենը կօգնի նրանց մոռանալու անցյալի դառնությունները։ Նրանց հիշողությունից մեկընդմիշտ կջնջվեն վիշտն ու տառապանքը (Հայտն. 21։4)։ Նոր աշխարհի օրհնությունները կվայելեն նաև Արմագեդոնից վերապրած «մեծ բազմության» անդամները (Հայտն. 7։9, 10, 14)։

10. ա) Ինչպիսի՞ն կլինի կյանքը նոր աշխարհում։ բ) Ինչպե՞ս կարող ես աչքդ պահել մրցանակի վրա։

10 Աստծու նոր աշխարհում մարդիկ այլևս չեն հիվանդանա։ Մահն այլևս չի լինի։ «Այնտեղի բնակիչը չէ ասելու թէ ես տկար [«հիւանդ», ԱԱ] եմ» (Ես. 33։24)։ Նոր երկրի բնակիչները ամեն բացվող առավոտը կդիմավորեն առույգ և առողջ. ևս մեկ հրաշալի օր կբացվի նրանց առջև։ Նրանք կունենան բավականություն պատճառող աշխատանք և ուրախությամբ կշփվեն ուրիշների հետ, որովհետև բոլորը բարիք կցանկանան միմյանց։ Ի՜նչ հրաշալի կլինի կյանքը նոր աշխարհում։ Բացիր Եսայիա 33։24 և 35։5–7 համարները և կարդա։ Փորձիր մտնել այս պատկերի մեջ։ Դա կօգնի, որ հայացքդ պահես մրցանակի վրա։

Նրանք իրենց հայացքը չպահեցին մրցանակի վրա

11. Ինչպիսի՞ն էր Սողոմոնը իր իշխանության սկզբում։

11 Մեր առջև ունենալով մրցանակը՝ պետք է ջանք թափենք մեր հայացքը պահել նրա վրա, այլապես այն կկորչի մեր տեսադաշտից։ Երբ Սողոմոնը դարձավ Իսրայելի թագավոր, նա խոնարհաբար աղոթեց Աստծուն՝ խնդրելով նրանից հասկացողություն և խորաթափանցություն, որպեսզի նրա ժողովրդին ճիշտ դատի (կարդա՛ Գ Թագաւորաց 3։6–12)։ Աստվածաշնչում կարդում ենք. «Աստուած Սողոմոնին իմաստութիւն եւ խիստ շատ հանճար տուաւ»։ Այո՛, «Սողոմոնի իմաստութիւնը բոլոր արեւելցիների իմաստութիւնից եւ բոլոր Եգիպտոսի իմաստութիւնից շատ էր» (Գ Թագ. 4։29–32)։

12. Ի՞նչ պատվեր էր Եհովան տվել Իսրայելի ապագա թագավորներին։

12 Ավելի վաղ Եհովան ասել էր, որ ով թագավոր դառնա Իսրայելում, պետք է «շատ ձիեր չ’ունենայ» և «իր կանանցը չ’շատացնէ, որ սիրտը չ’խոտորուէ» (Բ Օրին. 17։14–17)։ Եթե թագավորը շատացներ ձիերի քանակը, դրանով ցույց կտար, որ ազգի պաշտպանության հարցում ապավինում է իր զորքին և ոչ թե իրենց Պաշտպանին՝ Եհովային։ Իսկ կանանց թիվն ավելացնելը վտանգավոր կլիներ նրանով, որ նրանցից ոմանք գուցե լինեին հարևան հեթանոս ազգերից և թագավորին շեղեին ճշմարիտ երկրպագությունից։

13. Ինչպե՞ս Սողոմոնը տեսադաշտից կորցրեց այն, ինչ տրվել էր իրեն։

13 Սողոմոնը ականջ չդրեց Աստծու խորհրդին. նա արեց հենց այն, ինչ Եհովան արգելել էր թագավորներին։ Սողոմոնը ձեռք բերեց հազարավոր ձիեր և ձիավորներ (Գ Թագ. 4։26)։ Նա առավ 700 կին և 300 հարճ՝ շատերը հարևան հեթանոս ազգերից։ Նրանք «դարձրին նորա սիրտը ուրիշ աստուածների ետեւից, եւ նորա սիրտը ուղիղ չէր իր Տէր Աստուծոյ հետ»։ Սողոմոնը իր այլազգի կանանց հետ մասնակցում էր կեղծ աստվածների գարշելի երկրպագությանը։ Այդ պատճառով Եհովան ասաց, որ «անշուշտ, թագավորությունը պիտի պատառի» նրանից (Գ Թագ. 11։1–6, 11)։

14. Սողոմոնի և Իսրայել ազգի անհնազանդությունը ի՞նչ հետևանքներ ունեցավ։

14 Սողոմոնին պատիվ էր տրվել ներկայացնելու ճշմարիտ Աստծուն, բայց նրա հայացքն այլևս ուղղված չէր այդ չքնաղ առանձնաշնորհման վրա։ Իսրայելի թագավորը թաթախվել էր կեղծ երկրպագության մեջ։ Ժամանակի ընթացքում ամբողջ ազգը դարձավ հավատուրաց, ինչի հետևանքով մ.թ.ա. 607–ին չարիք եկավ նրա վրա։ Ճիշտ է, ի վերջո հրեաները վերականգնեցին ճշմարիտ երկրպագությունը, բայց դարեր անց Հիսուսն ասաց՝ «Աստծու թագավորությունը ձեզանից կվերցվի և կտրվի մի ազգի, որը նրա պտուղները կբերի» և «ահա ձեր տունը լքված է թողնվում ձեզ» (Մատթ. 21։43; 23։37, 38)։ Այդպես էլ եղավ։ Անհավատարմության պատճառով Իսրայել ազգը կորցրեց ճշմարիտ Աստծուն ներկայացնելու մեծ առանձնաշնորհումը։ 70 թ.–ին հռոմեական բանակը կործանեց Երուսաղեմն ու տաճարը, իսկ կենդանի մնացած հրեաներից շատերը ստրկության տարվեցին։

15. Ովքե՞ր իրենց տեսադաշտից կորցրին այն, ինչ իսկապես կարևոր էր։

15 Հուդա Իսկարիովտացին Հիսուսի 12 առաքյալներից էր։ Հիսուսից նա հրաշալի բաներ էր լսել, տեսել էր սուրբ ոգու միջոցով նրա կատարած հրաշքները։ Այդուհանդերձ, Հուդան չպահպանեց իր սիրտը։ Նրան վստահված էր դրամների արկղը, որի մեջ պահվում էին Հիսուսին և առաքյալներին պատկանող դրամական միջոցները։ Բայց նա «գող էր և իր մոտ ունենալով դրամների արկղը՝ այնտեղ գցված դրամը հանում էր» (Հովհ. 12։6)։ Նրա ագահությունը այն աստիճանի էր հասել, որ կեղծավոր ավագ քահանաների հետ պայմանավորվեց 30 կտոր արծաթով մատնել Հիսուսին (Մատթ. 26։14–16)։ Պողոս առաքյալի ուղեկիցը՝ Դեմասը, նույնպես չպահպանեց իր սիրտը։ Պողոսը գրեց. «Դեմասը թողեց ինձ, որովհետև սիրեց իրերի ներկա համակարգը» (2 Տիմոթ. 4։10; կարդա՛ Առակաց 4։23a)։

Յուրաքանչյուրս սովորելու բան ունի

16, 17. ա) Որքա՞ն ուժգին է մեր դեմ ուղղված հակառակությունը։ բ) Ինչի՞ շնորհիվ կարող ենք դիմադրել Սատանային։

16 Աստծու բոլոր ծառաները պետք է լուրջ ուշադրություն դարձնեն աստվածաշնչյան օրինակներին։ 1 Կորնթացիներ 10։11–ում կարդում ենք. «Այս բաները նրանց հետ պատահեցին իբրև օրինակներ ու գրվեցին մեզ զգուշացում լինելու համար, որոնց վրա իրերի համակարգերի վախճանները հասել են»։ Այսօր մենք ապրում ենք այս չար համակարգի վերջին օրերում (2 Տիմոթ. 3։1, 13)։

17 Բանսարկու Սատանան՝ «այս համակարգի աստվածը», գիտի, որ իրեն «քիչ ժամանակ» է մնացել (2 Կորնթ. 4։4; Հայտն. 12։12)։ Եհովայի ծառաների անարատությունը կոտրելու համար նա պատրաստ է ամեն ինչի։ Նա է ղեկավարում այս աշխարհը, ներառյալ պրոպագանդայի միջոցները։ Բայց Եհովայի ժողովուրդը շատ ավելի զորեղ բան ունի՝ «սովորականին գերազանցող զորությունը» (2 Կորնթ. 4։7)։ Աստծու տված զորությամբ մենք կարող ենք դիմադրել Սատանային։ Աստվածաշունչը մեզ հորդորում է անդադար աղոթել և վստահ լինել, որ Եհովան «սուրբ ոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն» (Ղուկ. 11։13)։

18. Ինչպիսի՞ն պետք է լինի մեր վերաբերմունքը այս աշխարհի հանդեպ։

18 Մեզ քաջալերում է նաև այն միտքը, որ շուտով Սատանայի ամբողջ համակարգը կկործանվի, իսկ ճշմարիտ քրիստոնյաները կենդանի կմնան։ «Աշխարհն անցնում է, և նրա ցանկությունն էլ, բայց նա, ով կատարում է Աստծու կամքը, մնում է հավիտյան» (1 Հովհ. 2։17)։ Ուստի որքա՜ն անխոհեմ կլիներ, եթե Աստծու ծառան մտածեր, որ ներկա համակարգում կարող է ավելի արժեքավոր բան լինել, քան Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալը։ Սատանայի իշխանության տակ գտնվող այս աշխարհը նման է խորտակվող նավի։ Եհովան իր հավատարիմ ծառաներին տվել է «փրկարար մակույկ»՝ քրիստոնեական ժողովը։ Գտնվելով նոր աշխարհ տանող ճանապարհին՝ նրանք համոզված են, որ անպայման «չարերը կ’սատկեն, բայց Տիրոջն սպասողները երկիրը կ’ժառանգեն» (Սաղ. 37։9)։ Ուրեմն՝ հայացքդ պահիր այդ չքնաղ մրցանակի վրա։

Հիշո՞ւմ եք

• Ինչպե՞ս էր Պողոսը վերաբերվում իրեն սպասող մրցանակին։

• Ինչի՞ հիման վրա կդատվեն նրանք, ովքեր հավիտյան կապրեն երկրի վրա։

• Ո՞րն է քեզ համար խոհեմ ընթացքը։

[նկարներ 12–րդ և 13–րդ էջերի վրա]

Երբ կարդում ես Աստվածաշունչը, պատկերացնո՞ւմ ես քեզ մրցանակը ստանալիս

[ծանոթագրություն]

a Առակաց 4։23, էԹ. «Ամենայն զգուշութեամբ պահի՛ր եւ պահպանի՛ր քո սիրտը, որովհետեւ նրանից է բխում կեանքի աղբիւրը»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը