Վկայություն բոլոր ազգերին
«Իմ վկաները կ’լինիք.... մինչեւ երկրի ծայրերը» (ԳՈՐԾՔ 1։8)։
1. Ե՞րբ և որտե՞ղ աշակերտներն առաջին անգամ լսեցին Մատթէոս 24։14–ում գրված մարգարեությունը։
ՀԻՍՈՒՍԻ խոսքերը, որ գրված են Մատթէոս 24։14–ում, այնքան ծանոթ են, որ մեզանից շատերը անգիր գիտեն։ Այդ խոսքերն իրենցից ներկայացնում են մի ուշագրավ մարգարեություն։ Պատկերացրու աշակերտների զգացումները, երբ նրանք առաջին անգամ լսեցին դրանք։ Մ. թ. 33 թվականն է։ Աշակերտները, որ Հիսուսի հետ են եղել արդեն երեք տարի, այժմ նրա հետ եկել են Երուսաղեմ։ Նրանք տեսել են Հիսուսի հրաշքները և լսել նրա ուսուցումները։ Աշակերտները շատ մեծ ուրախությամբ են ընդունել Հիսուսի սովորեցրած անգին ճշմարտությունները, բայցև գիտեն, որ ոչ բոլորն են ուրախություն գտնում դրանց մեջ. Հիսուսն ունի հզոր ու ազդեցիկ թշնամիներ։
2. Ի՞նչ վտանգներ և դժվարություններ էին բաժին ընկնելու աշակերտներին։
2 Ձիթենյաց լեռան վրա չորս աշակերտները, Հիսուսի կողքին նստած, համակ ուշադրությամբ լսում են նրան։ Հիսուսը պատմում է գալիք վտանգների և դժվարությունների մասին, որ պիտի բաժին ընկնեն նրանց։ Ավելի վաղ նա ասել է աշակերտներին, որ իրեն կսպանեն (Մատթէոս 16։21)։ Իսկ այժմ Հիսուսը հստակ ասում է, որ աշակերտները նույնպես դաժան հալածանքներ են կրելու. «Ձեզ նեղութեան կ’մատնեն. եւ ձեզ կ’սպանեն, եւ իմ անունի համար ամեն ազգերից ատուած կ’լինիք»։ Բայց սա դեռ բոլորը չէ։ Շատերը մոլորվելու են սուտ մարգարեների կողմից։ Ուրիշները գայթակղվելու են, իրար են մատնելու և միմյանց հանդեպ ատելությամբ են լցվելու։ Ոմանք էլ, փաստորեն՝ ‘շատերը’, թույլ են տալու, որ իրենց սերն Աստծու և նրա Խոսքի հանդեպ սառչի (Մատթէոս 24։9–12)։
3. Ինչո՞ւ կարելի է ասել, որ Հիսուսի խոսքերը՝ գրված Մատթէոս 24։14–ում, ապշեցուցիչ էին։
3 Ահա այսպիսի բացասական հանգամանքներ նշելուց հետո էր, որ Հիսուսն ասաց մի բան, որը, ամենայն հավանականությամբ, մեծապես զարմացրեց աշակերտներին. «Արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կ’քարոզուի ամեն հեթանոսներին [«բոլոր ազգերուն», ԱԱ] վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կ’գայ վերջը» (Մատթէոս 24։14)։ Այո, Իսրայելում Հիսուսի սկսած գործը՝ ‘ճշմարտությունը վկայելը’, շարունակվելու էր և համաշխարհային մասշտաբներ էր ընդգրկելու (Յովհաննէս 18։37)։ Ի՜նչ ապշեցուցիչ մարգարեություն։ ‘Բոլոր ազգերին վկայելը’ հեշտ գործ չէր լինելու։ Քանի որ աշակերտները ‘ամեն ազգերից ատվելու’ էին, այդ գործն անելը պարզապես հրաշք էր լինելու։ Կատարելով այդ վիթխարի հանձնարարությունը՝ նրանք ակներև էին դարձնելու Եհովայի ոչ միայն գերիշխանությունն ու զորությունը, այլև սերը, գթառատությունը և համբերատարությունը։ Նաև, բոլոր ազգերին վկայելու գործը Եհովայի ծառաներին հնարավորություն էր տալու դրսևորել իրենց հավատն ու նվիրվածությունը։
4. Հիսուսն ո՞ւմ պատվիրեց կատարել վկայության գործը, և նա ի՞նչ մխիթարական խոսքեր ասաց։
4 Հիսուսն իր աշակերտների մեջ ոչ մի կասկած չթողեց, որ նրանց վիթխարի աշխատանք է սպասում։ Նախքան երկինք բարձրանալը Հիսուսը հայտնվեց նրանց ու ասաց. «Դուք զօրութիւն կ’առնէք՝ երբոր Հոգին ձեր վերայ կ’գայ, եւ իմ վկաները կ’լինիք Երուսաղէմումը եւ բոլոր Հրէաստանի եւ Սամարիայի մէջ մինչեւ երկրի ծայրերը» (Գործք 1։8)։ Իհարկե, ոմանք շուտով միանալու էին նրանց, բայց տվյալ պահին աշակերտների թիվը դեռևս փոքր էր։ Ըստ ամենայնի, նրանք իրենց անչափ մխիթարված զգացին՝ իմանալով, որ Աստծու զորավոր սուրբ ոգին օգնելու էր իրենց այդ աստվածատուր գործը լիովին կատարելու համար։
5. Ի՞նչ չգիտեին աշակերտները վկայության գործի վերաբերյալ։
5 Աշակերտներին պարզ էր ստացած առաջադրանքը. քարոզել բարի լուրը և աշակերտներ պատրաստել բոլոր ազգերի մարդկանցից (Մատթէոս 28։19, 20)։ Սակայն նրանք չգիտեին, թե որքան ծավալուն է լինելու քարոզչությունը, և թե վերջը երբ է գալու։ Մենք նույնպես չգիտենք։ Սրանք այնպիսի հարցեր են, որոնք միայն Եհովան է որոշում (Մատթէոս 24։36)։ Երբ Եհովան համարի, որ քարոզչական գործը բավականաչափ է արված, նա վերջ կդնի իրերի այս ամբարիշտ համակարգին։ Միայն այդ ժամանակ քրիստոնյաները կհասկանան, որ քարոզչությունը կատարվել է Եհովայի նախատեսած չափով։ Հիսուսի վաղ աշակերտները դժվար թե կարողանային պատկերացնել, թե այս վերջին օրերում վկայության գործն ինչ չափերի էր հասնելու։
Վկայությունը առաջին դարում
6. Ի՞նչ տեղի ունեցավ մ. թ. 33–ի Պենտեկոստեին և դրանից կարճ ժամանակ անց։
6 Առաջին դարում Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործը ապշեցուցիչ արդյունքներ տվեց։ Մ. թ. 33–ի Պենտեկոստեին Երուսաղեմի վերնատներից մեկում հավաքվել էր մոտ 120 աշակերտ։ Աստծու սուրբ ոգին թափվեց նրանց վրա, Պետրոս առաքյալը իր տպավորիչ ելույթով բացատրեց դրա իմաստը, և մոտ 3 000 հոգի դարձավ հավատացյալ ու մկրտվեց։ Բայց դա միայն սկիզբն էր։ Չնայած կրոնական առաջնորդները վճռական քայլեր ձեռնարկեցին բարի լուրի քարոզչության դեմ, Եհովան «ամեն օր փրկուածներին աւելացնում էր [աշակերտների] հետ»։ Շուտով «մարդկանց համարը հինգ հազարի չափ եղաւ»։ Այնուհետև «առաւել եւս շատանում էին Տիրոջ հաւատացեալները, եւ եղաւ մի բազմութիւն մարդկանց եւ կանանց» (Գործք 2։1–4, 8, 14, 41, 47; 4։4; 5։14)։
7. Ինչո՞ւ էր Կոռնելիոսի դարձը ուշագրավ իրադարձություն։
7 Մ. թ. 36–ին տեղի ունեցավ մեկ այլ նշանակալից իրադարձություն. ոչ հրեա Կոռնելիոսը դարձի եկավ և մկրտվեց։ Պետրոս առաքյալին ուղղելով այդ աստվածավախ մարդու մոտ՝ Եհովան ակնհայտ դարձրեց, որ Հիսուսի պատվերը՝ աշակերտներ պատրաստել բոլոր ազգերի մարդկանցից, չի վերաբերում միայն տարբեր երկրներում ապրող հրեաներին (Գործք 10։44, 45)։ Ինչպիսի՞ն էր Հրեաստանում գտնվող առաքյալների ու երեցների արձագանքը։ Երբ նրանք հասկացան, որ բարի լուրը պետք է քարոզվի նաև մյուս ազգերին՝ ոչ հրեաներին, փառաբանեցին Աստծուն (Գործք 11։1, 18)։ Իսկ այդ ընթացքում քարոզչական գործը շարունակում էր պտուղներ բերել հրեաների շրջանում։ Տարիներ անց՝ հավանաբար մ. թ. 58–ին, ոչ հրեա հավատացյալների հետ միասին Աստծուն փառաբանում էին «բիւրաւոր հաւատացեալ Հրէաներ» (Գործք 21։20)։
8. Ինչպե՞ս է բարի լուրը ներգործում մարդկանց վրա։
8 Թեպետ մեզ տպավորում է առաջին դարի քրիստոնյաների թվային աճը, մենք երբեք չպետք է մոռանանք, որ այդ թվերի ետևում անհատներ էին կանգնած։ Աստվածաշնչի պատգամը զորավոր էր (Եբրայեցիս 4։12)։ Այն մեծ փոփոխություններ էր առաջ բերել բարի լուրն ընդունողների կյանքում։ Մարդիկ բարոյապես մաքուր կյանքով էին սկսել ապրել, հագել էին նոր անձնավորություն և հաշտվել էին Աստծու հետ (Եփեսացիս 4։22, 23)։ Նույնը տեղի է ունենում այսօր, և բարի լուրն ընդունողները հավիտյան ապրելու չքնաղ հեռանկար են ձեռք բերում (Յովհաննէս 3։16)։
Աստծու գործակիցները
9. Վաղ քրիստոնյաները գիտակցում էին, որ իրենք ի՞նչ պատիվ ու պատասխանատվություն ունեն։
9 Առաջին դարի քրիստոնյաները սեփական հաջողությունները չէին վերագրում իրենց։ Նրանք գիտակցում էին, որ ծառայությունը կատարվում է «Սուրբ Հոգու զօրութիւնովը» (Հռովմայեցիս 15։13, 19)։ Եհովան էր հոգևոր աճ տվողը։ Միևնույն ժամանակ այդ քրիստոնյաները գիտեին, որ իրենք պատիվ ու պատասխանատվություն ունեն լինելու ‘Աստծու գործակիցները’ (Ա Կորնթացիս 3։6–9)։ Ուստի, գործելով Հիսուսի հորդորին համապատասխան՝ նրանք ջանք չէին խնայում իրենց հանձնարարված գործն անելու համար (Ղուկաս 13։24)։
10. Վաղ քրիստոնյաներից ոմանք ի՞նչ ջանքեր գործադրեցին բոլոր ազգերին վկայություն տալու համար։
10 Լինելով «հեթանոսների առաքեալ»՝ Պողոսը հազարավոր կիլոմետրեր անցավ ցամաքով ու ծովով՝ բազմաթիվ ժողովներ կազմավորելով հռոմեական Ասիա պրովինցիայում, ինչպես նաև Հունաստանում (Հռովմայեցիս 11։13)։ Նա եղավ նաև Հռոմում և հավանաբար նույնիսկ Իսպանիայում։ Իսկ այդ ժամանակ Պետրոս առաքյալը, որին վստահվել էր բարի լուրի քարոզչությունը ‘թլփատվածներին’, գնաց ուրիշ ուղղությամբ՝ Բաբելոն, որը հուդայականության կարևոր կենտրոն էր այն օրերում (Գաղատացիս 2։7–9; Ա Պետրոս 5։13)։ Տիրոջ գործում շատ «աշխատաւորներ» կային, որոնց թվում էին այնպիսի կանայք, ինչպիսիք էին Տրիփանոսն ու Տրիփոսը, ինչպես նաև Պերսիդեն, որը «շատ աշխատեց Տէրումը» (Հռովմայեցիս 16։12)։
11. Ինչպե՞ս Եհովան օրհնեց աշակերտների ջանքերը։
11 Եհովան առատորեն օրհնեց այդ և ուրիշ եռանդուն քարոզիչների ջանքերը։ 30 տարի էլ չէր անցել այն ժամանակից, ինչ Հիսուսը մարգարեացել էր բոլոր ազգերին տրվելիք վկայության մասին, երբ Պողոսը գրեց, որ բարի լուրը «երկնքի տակ լինող բոլոր արարածներին քարոզուեցաւ» (Կողոսացիս 1։23)։ Եկա՞վ վերջը այն ժամանակ։ Որոշ իմաստով՝ այո։ Մ. թ. 70–ին վերջ գտավ հրեական իրերի համակարգը. այդ տարի հռոմեական զորքերը ավերեցին տաճարն ու Երուսաղեմը։ Բայց Եհովան որոշել է, որ շատ ավելի մեծ վկայություն պիտի տրվի, նախքան ինքը կոչնչացնի Սատանայի ողջ ամբարիշտ համակարգը։
Վկայությունն այսօր
12. Աստվածաշունչ ուսումնասիրողներն ինչպե՞ս էին հասկանում քարոզելու պատվերը։
12 19–րդ դարի վերջում ճշմարիտ երկրպագությունը կրոնական հավատուրացության երկարատև գերիշխանությունից հետո վերականգնվեց։ Աստվածաշունչ ուսումնասիրողները, ինչպես այն ժամանակ կոչվում էին Եհովայի վկաները, շատ լավ հասկանում էին, թե ինչ է Հիսուսը պատվիրել՝ աշակերտներ պատրաստել ամբողջ աշխարհում (Մատթէոս 28։19, 20)։ 1914 թ.–ին մոտ 5 100 հոգի ակտիվորեն մասնակցում էր քարոզչական գործին։ Բարի լուրը տարածվել էր արդեն 68 երկրում։ Այնուամենայնիվ, Աստվածաշունչ ուսումնասիրողները լիովին չէին ըմբռնում Մատթէոս 24։14–ի իմաստը։ Քանի որ 19–րդ դարի վերջում Աստվածաշունչը, որը պարունակում է բարի լուրը, կամ՝ ավետարանը, աստվածաշնչային ընկերությունների միջոցով թարգմանվել էր բազմաթիվ լեզուներով, տպագրվել էր ու տարածվել ամբողջ աշխարհով մեկ, Աստվածաշունչ ուսումնասիրողները մի քանի տասնամյակ շարունակ կարծում էին, թե ազգերին արդեն վկայություն է տրվել։
13, 14. Աստծու կամքի և նպատակի վերաբերյալ ի՞նչ ավելի հստակ հասկացողություն ներկայացվեց «Դիտարանում» 1928 թ.–ին։
13 Եհովան իր ժողովրդին աստիճանաբար ավելի ճիշտ հասկացողություն տվեց իր կամքի և նպատակի վերաբերյալ (Առակաց 4։18)։ «Դիտարանի» 1928 թ. դեկտեմբերի 1–ի համարում գրվեց. «Կարո՞ղ ենք ասել, որ Աստվածաշնչի տարածումով իրականանում է թագավորության ավետարանի քարոզչության մասին մարգարեությունը։ Միանշանակ՝ ո՛չ։ Չնայած Աստվածաշունչը մեծ տարածում է գտել, դեռևս անհրաժեշտ է, որ Աստծու երկրային վկաների փոքր խումբը Աստծու [կամքը] բացատրող գրականություն տպագրի և այցելի մարդկանց տները, որտեղ գտնվում են այդ Աստվածաշնչերը։ Այլապես մարդիկ չեն իմանա, որ Մեսիական կառավարությունը մեր օրերում հաստատվել է»։
14 Այդ «Դիտարանում» այնուհետև ասվում էր. «1920 թ.–ին.... Աստվածաշունչ ուսումնասիրողները մեր Տիրոջ՝ Մատթէոս 24։14–ում գրված մարգարեության վերաբերյալ ճիշտ հասկացողության եկան։ Նրանք ըմբռնեցին, որ «այդ ավետարանը», որը պետք է քարոզվի ամբողջ աշխարհում հեթանոսներին, կամ՝ բոլոր ազգերին, վկայություն լինելու համար, չի վերաբերում մի թագավորության, որը դեռ պիտի գա, այլ վերաբերում է Մեսիական Թագավորին, որն արդեն սկսել է իշխել երկրի վրա»։
15. Ինչպե՞ս է վկայության գործն ընդարձակվել՝ սկսած 1920 թ.–ից։
15 1920–ականների «վկաների այդ փոքր խումբը» այդպես փոքր չմնաց։ Եկող տասնամյակներում պարզ դարձավ, թե ինչ է իրենից ներկայացնում «ուրիշ ոչխարների» «մեծ բազմությունը», և այն սկսվեց հավաքվել (Յայտնութիւն 7։9; Յովհաննէս 10։16)։ Այսօր աշխարհի 235 երկրում կա բարի լուրի 6 613 829 քարոզիչ։ Մարգարեության ինչպիսի՜ կատարում։ Մինչև օրս Թագավորության բարի լուրը դեռ այսպիսի մասշտաբներով չէր քարոզվել։ Երկրագնդի վրա դեռ երբեք Եհովայի այսքան շատ հավատարիմ ծառաներ չեն եղել։
16. Ի՞նչ արդյունքներ են ձեռք բերվել անցած ծառայողական տարում (տե՛ս աղյուսակը, էջ 27–30)։
16 2005 ծառայողական տարում Վկաների այս մեծ բազմությունը միահամուռ ուժերով մեծ աշխատանք է կատարել։ Ավելի քան մեկ միլիարդ ժամ է հատկացվել 235 երկրում բարի լուրի քարոզչությանը։ Կատարվել են միլիոնավոր վերայցելություններ և անցկացվել Աստվածաշնչի միլիոնավոր ուսումնասիրություններ։ Այդ աշխատանքը իրականացրել են Եհովայի վկաները, որոնք «ձրի» տրամադրել են իրենց ժամանակն ու միջոցները, որպեսզի Աստծու Խոսքը պատմեն մարդկանց (Մատթէոս 10։8)։ Իր հուժկու սուրբ ոգու միջոցով Եհովան շարունակում է զորացնել իր ծառաներին, որ նրանք կատարեն իր կամքը (Զաքարիա 4։6)։
Եռանդորեն վկայություն տանք
17. Ինչպե՞ս է Եհովայի ժողովուրդը արձագանքում բարի լուրի քարոզչության մասին Հիսուսի ասած խոսքերին։
17 Թեև գրեթե 2 000 տարի է անցել այն օրվանից, երբ Հիսուսն ասաց, որ բարի լուրը կքարոզվի, Աստծու ժողովրդի եռանդը չի թուլացել։ Մենք գիտենք, որ բարիք գործելու մեջ տոկունություն դրսևորելով՝ արտացոլում ենք Եհովայի սերը, գթառատությունը և համբերատարությունը։ Մենք էլ, ինչպես նա, չենք ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, այլ ուզում ենք, որ մարդիկ զղջան ու հաշտվեն Եհովայի հետ (Բ Կորնթացիս 5։18–20; Բ Պետրոս 3։9)։ Աստծու ոգով ‘ջերմեռանդ լինելով’՝ Եհովայի վկաները փութաջանորեն շարունակում են հռչակել բարի լուրը մինչև աշխարհի ծայրերը (Հռովմայեցիս 12։11)։ Դա իր պտուղներն է բերում. մարդիկ ամենուրեք ընդունում են ճշմարտությունը և հնազանդվում Եհովայի՝ սիրով լի առաջնորդությանը։ Ահա երկու օրինակ։
18, 19. Ի՞նչ դեպքեր կարող ես պատմել այն մարդկանց մասին, որոնք դրականորեն են արձագանքել բարի լուրին։
18 Չարլզը ֆերմեր էր արևմտյան Քենիայում։ 1998 թ.–ին նա ավելի քան 8 000 կիլոգրամ ծխախոտ վաճառեց և «լավագույն ծխախոտագործի» վկայական ստացավ։ Հենց այդ ժամանակ նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Շուտով Չարլզը հասկացավ, որ ծխախոտի արտադրությամբ զբաղվող անհատը չի կատարում Հիսուսի՝ մերձավորին սիրելու պատվերը (Մատթէոս 22։39)։ Եզրակացնելով, որ «լավագույն ծխախոտագործ»՝ իրականում նշանակում է «լավագույն մարդասպան»՝ Չարլզը իր ծխախոտի դաշտերը ցողեց թույնով։ Նա հոգևորապես առաջադիմեց, նվիրվեց Եհովային ու մկրտվեց, իսկ այժմ ծառայում է որպես ընդհանուր ռահվիրա և ծառայող օգնական։
19 Կասկած չկա, որ Եհովան ազգերը շարժում է համաշխարհային մասշտաբի հասնող քարոզչության միջոցով, և «ցանկալիքը»՝ մարդիկ, ‘գալիս’ են (Անգէ 2։7)։ Պեդրուն, որ ապրում է Պորտուգալիայում, 13 տարեկանում ընդունվեց հոգևոր սեմինարիա։ Նա ցանկանում էր միսիոներ դառնալ և մարդկանց Աստվածաշունչ սովորեցնել։ Բայց շուտով նա հեռացավ սեմինարիայից, քանի որ դասերի ժամանակ Աստվածաշնչին շատ քիչ ուշադրություն էր դարձվում։ Վեց տարի անց Պեդրուն Լիսաբոնի համալսարանում արդեն հոգեբանություն էր ուսումնասիրում։ Նա ապրում էր իր մորաքրոջ հետ, որը Եհովայի վկա էր։ Մորաքույրը Պեդրուին քաջալերեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Այդ ժամանակ արդեն Պեդրուն վստահ չէր, որ Աստված կա, և բացի այդ, նա չէր կողմնորոշվում՝ ուսումնասիրե՞լ Աստվածաշունչ, թե՞ ոչ։ Նա դիմեց հոգեբանության դասախոսին։ Վերջինս ասաց, որ հոգեբանության առարկան սովորեցնում է, որ այն մարդիկ, ովքեր չեն կարողանում որոշումներ կայացնել, վնասում են իրենց։ Այդժամ Պեդրուն որոշեց ուսումնասիրել Աստվածաշունչը։ Վերջերս նա մկրտվեց, իսկ այսօր ինքն է Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնում։
20. Ինչո՞ւ ենք ուրախ, որ ազգերին մեծ մասշտաբներով վկայություն է տրվում։
20 Մենք չգիտենք, թե ազգերին ինչ չափով վկայություն պետք է տրվի։ Չգիտենք նաև օրն ու ժամը, թե երբ կգա վերջը։ Միայն գիտենք, որ այն շուտով կգա։ Մենք ուրախ ենք, որ բարի լուրի քարոզչությունն ընթանում է մեծ մասշտաբներով։ Սա ընդամենը մեկն է այն նշաններից, որ եկել է ժամանակը, որ Աստծու Թագավորությունը փոխարինի մարդկային կառավարություններին (Դանիէլ 2։44)։ Ամեն տարի միլիոնավոր մարդիկ հնարավորություն են ստանում դրականորեն արձագանքելու բարի լուրին, և դա փառաբանում է մեր Աստծուն՝ Եհովային։ Թող որ վճռենք հավատարիմ մնալ նրան և մեր համաշխարհային եղբայրության հետ ձեռք ձեռքի տված կատարենք բոլոր ազգերին վկայություն տալու գործը։ Դա անելով՝ կփրկենք թե՛ մեզ և թե՛ մեզ լսողներին (Ա Տիմոթէոս 4։16)։
Հիշո՞ւմ եք
• Ինչո՞վ է Մատթէոս 24։14–ը այդքան ուշագրավ մարգարեություն։
• Վաղ քրիստոնյաներն ի՞նչ ջանքեր գործադրեցին քարոզչության գործում, և ի՞նչ արդյունքով։
• Աստվածաշունչ ուսումնասիրողներն ինչպե՞ս հասկացան, որ հարկավոր է վկայություն տալ բոլոր ազգերին։
• Ի՞նչն է տպավորում քեզ, երբ քննում ես Եհովայի ժողովրդի՝ անցած ծառայողական տարվա գործունեությունը։
[աղյուսակ 27–30-րդ էջերի վրա]
ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ 2005–Ի ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
(տե՛ս պարբերագրում)
[քարտեզ/նկարներ 25-րդ էջի վրա]
Պողոսը հազարավոր կիլոմետրեր անցավ ծովով ու ցամաքով, որպեսզի քարոզի բարի լուրը
[նկար 24-րդ էջի վրա]
Եհովան առաջնորդեց Պետրոսին՝ վկայություն տալու Կոռնելիոսին և նրա ընտանիքին