Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w11 2/15 էջ 24–28
  • Սիրիր արդարությունը քո ամբողջ սրտով

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սիրիր արդարությունը քո ամբողջ սրտով
  • 2011 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Փնտրիր Աստծու արդարությունը
  • Ստուգիր հոգևոր սպառազինությունդ
  • Մաքուր խիղճ պահպանիր
  • Քաղցած ու ծարավ արդարության համար
  • Օգուտներ քաղիր արդարություն սիրելուց
  • Եհովայի ժողովուրդը արդարություն է սիրում
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ուրախություն գտեք Եհովայի արդարության մեջ
    2002 Դիտարան
  • Արդարություն փնտրելը կպաշտպանի մեզ
    2006 Դիտարան
  • Շարունակեք նախ «Աստծու արդարությունը» փնտրել
    2010 Դիտարան
Ավելին
2011 Դիտարան
w11 2/15 էջ 24–28

Սիրիր արդարությունը քո ամբողջ սրտով

«Դու սիրում ես արդարությունը» (ՍԱՂ. 45։7)։

1. Ի՞նչը կօգնի մեզ գնալու «արդարության շավիղներով»։

ԻՐ ԽՈՍՔԻ և սուրբ ոգու միջոցով Եհովան առաջնորդում է իր ժողովրդին «արդարության շավիղներով» (Սաղ. 23։3)։ Սակայն քանի որ անկատար ենք, հակված ենք շեղվելու այդ արահետից։ Իսկ որպեսզի հետ դառնանք և շարունակենք ճիշտն անել, պետք է վճռական ջանքեր գործադրենք։ Ի՞նչը կօգնի, որ հաջողության հասնենք։ Հիսուսի նման՝ մենք պետք է սիրենք անել այն, ինչ արդար է (կարդա՛ Սաղմոս 45։7)։

2. Որո՞նք են «արդարության շավիղները»։

2 Որո՞նք են «արդարության շավիղները»։ Շավիղը նեղ ճանապարհ է կամ արահետ։ Այդ «շավիղները» հիմնված են Եհովայի արդար չափանիշների վրա։ Եբրայերեն և հունարեն լեզուներում «արդարություն» բառը ունի բարոյական չափանիշներին ճշգրտորեն հետևելու իմաստ։ Քանի որ Եհովայի մեջ «արդարություն է բնակվում», իր երկրպագուները ցանկանում են, որ նա որոշի, թե որն է բարոյապես արդար արահետը, որով պետք է ընթանան (Երեմ. 50։7)։

3. Ինչպե՞ս կարող ենք ավելի շատ բան սովորել Աստծու արդարության մասին։

3 Միայն այն դեպքում լիովին կհաճեցնեք Աստծուն, եթե ամբողջ սրտով ձգտենք համապատասխանել նրա արդար չափանիշներին (2 Օրենք 32։4)։ Առաջին քայլը Եհովա Աստծու մասին հնարավորինս շատ բան սովորելն է իր Խոսքից՝ Աստվածաշնչից։ Որքան շատ սովորենք նրա մասին, ամեն օր մոտենալով նրան, այդքան ավելի շատ կսիրենք նրա արդարությունը (Հակ. 4։8)։ Մենք նաև պետք է ընդունենք Աստծու Խոսքի տված առաջնորդությունը կյանքում լուրջ որոշումներ կայացնելիս։

Փնտրիր Աստծու արդարությունը

4. Ի՞նչ է մտնում Աստծու արդարությունը փնտրելու մեջ։

4 Կարդա՛ Մատթեոս 6։33։ Աստծու արդարությունը փնտրելը միայն Թագավորության բարի լուրը քարոզելու համար ժամանակ տրամադրելը չէ։ Որպեսզի մեր սուրբ ծառայությունը ընդունելի լինի Եհովային, ամեն օր պետք է ապրենք նրա բարձր չափանիշների համաձայն։ Իսկ ի՞նչ պետք է անեն բոլոր նրանք, ովքեր փնտրում են Եհովայի արդարությունը։ Նրանք պետք է «հագնեն նոր անձնավորությունը, որը ստեղծվել է Աստծու կամքի համաձայն՝ ճշմարիտ արդարությամբ ու նվիրվածությամբ» (Եփես. 4։24)։

5. Ի՞նչը կօգնի մեզ հաղթահարելու հուսահատությունը։

5 Մինչ ձգտում ենք ապրել Աստծու արդար չափանիշներով, գուցե լինեն պահեր, որ մեր թերությունների պատճառով հուսահատվենք։ Իսկ ի՞նչը կարող է օգնել մեզ հաղթահարելու ուժասպառ անող հուսահատությունը, սովորելու սիրել արդարություն և դրսևորել այն (Առակ. 24։10)։ Մենք պետք է կանոնավորաբար աղոթենք Եհովային՝ «ճշմարիտ սրտով, լիակատար համոզվածությամբ լի հավատով» (Եբր. 10։19–22)։ Անկախ նրանից՝ օծյալ քրիստոնյաներ ենք, թե երկրային հույս ունեցողներ, մենք հավատ ենք ընծայում Հիսուս Քրիստոսի քավիչ զոհի և այն ամենի հանդեպ, ինչ նա անում է որպես մեր մեծ Քահանայապետ (Հռոմ. 5։8; Եբր. 4։14–16)։ Թե ինչ օգուտ է բերում Հիսուսի թափած արյունը, մի օրինակով նկարագրվում էր այս պարբերագրի առաջին թողարկման մեջ (1 Հովհ. 1։6, 7)։ Հոդվածում ասվում էր. «Փաստ է, որ [երբ] լույսի տակ ալ կարմիր կամ բոսորագույն առարկային նայում [են] կարմիր ապակու միջով, այդ առարկան սպիտակ է երևում, ուստի թեև մեր մեղքերը ալ կարմիր են կամ բոսորագույն, երբ Աստված նայում է դրանց Քրիստոսի արյան միջով, համարում է, որ այդ մեղքերը սպիտակ են» (հուլիս 1879, էջ 6, անգլ.)։ Որքա՜ն հրաշալի է, որ Եհովան փրկագին է վճարել մեզ համար իր սիրելի Որդու քավիչ զոհի միջոցով (Ես. 1։18)։

Ստուգիր հոգևոր սպառազինությունդ

6. Ինչո՞ւ է անչափ կարևոր ստուգել մեր հոգևոր սպառազինությունը։

6 Մենք միշտ պետք է կրենք «արդարության զրահը», քանի որ այն Աստծու կողմից տրված հոգևոր սպառազինության կարևոր մասն է (Եփես. 6։11, 14)։ Անկախ նրանից՝ վերջերս ենք նվիրվել Եհովային, թե սուրբ ծառայություն ենք մատուցում նրան տասնամյակներ շարունակ, անչափ կարևոր է, որ ամեն օր ստուգենք մեր հոգևոր սպառազինությունը։ Ինչո՞ւ։ Քանի որ Բանսարկուն և իր դևերը վայր են գցվել երկրի շրջակայքը (Հայտն. 12։7–12)։ Սատանան բարկացած է ու գիտի, որ իր ժամանակը սահմանափակ է, ուստի ուժգնացրել է իր հարձակումները Աստծու ժողովրդի վրա։ Արդյոք հասկանո՞ւմ ենք «արդարության զրահը» կրելու կարևորությունը։

7. Ինչպե՞ս կվարվենք, եթե հասկանանք «արդարության զրահը» կրելու անհրաժեշտությունը։

7 Զրահը պաշտպանում է ֆիզիկական սիրտը։ Անկատարության պատճառով մեր փոխաբերական սիրտը նենգավոր է և անհուսալի (Երեմ. 17։9)։ Քանի որ սիրտը հակված է դեպի չարը, անչափ կարևոր է մարզել ու դաստիարակել այն (Ծննդ. 8։21)։ Եթե հասկանանք «արդարության զրահը» կրելու անհրաժեշտությունը, անգամ ժամանակավորապես չենք հանի այն՝ ընտրելով զվարճության այնպիսի ձև, որն Աստված ատում է, ոչ էլ թույլ կտանք, որ ընկնենք երևակայության գիրկը՝ պատկերացնելով մեզ մեղք գործելիս։ Նաև մեր թանկ ժամանակը չենք վատնի՝ հեռուստացույցի առաջ ժամեր անցկացնելով։ Փոխարենը՝ ամեն ջանք կթափենք, որ անենք այն, ինչ հաճելի է Եհովային։ Սակայն նույնիսկ եթե մի պահ սայթաքենք ու տրվենք մարմնավոր սխալ մտածելակերպին, կրկին վեր կկենանք Եհովայի օգնությամբ (կարդա՛ Առակներ 24։16)։

8. Ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ «հավատի մեծ վահանը»։

8 Մեր հոգևոր սպառազինության մեջ մտնում է «հավատի մեծ վահանը», որն օգնում է մեզ «հանգցնելու Չարի կրակոտ նետերը» (Եփես. 6։16)։ Հավատը ու Եհովայի հանդեպ անկեղծ սերը նաև օգնում են մեզ արդարություն դրսևորելու և մնալու հավիտենական կյանքի ճանապարհին։ Որքան շատ սիրենք Եհովային, այնքան ավելի շատ կգնահատենք նրա արդարությունը։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր խղճի մասին։ Ինչպե՞ս է այն օգնում մեզ, երբ ջանում ենք սիրել արդարությունը։

Մաքուր խիղճ պահպանիր

9. Ի՞նչ օգուտներ ենք ստանում՝ մաքուր խիղճ պահպանելով։

9 Մկրտության ժամանակ մենք խնդրում ենք Եհովային, որ «մաքուր խիղճ» տա մեզ (1 Պետ. 3։21)։ Քանի որ հավատ ենք ընծայում փրկանքին, Հիսուսի արյունը ծածկում է մեր մեղքերը, և այդպիսով բարի անուն ենք ձեռք բերում Աստծու մոտ։ Բայց որպեսզի չկորցնենք փրկության հույսը, պետք է պահպանենք մեր մաքուր խիղճը։ Եթե մեր խիղճը երբեմն մեղադրում կամ նախազգուշացնում է մեզ, պետք է ուրախ լինենք, որ այն ճիշտ է արձագանքում։ Խղճի այդ խայթոցները ցույց են տալիս, որ այն չի բթացել և ճիշտ ձևով է արձագանքում Եհովայի արդար ճանապարհներին (1 Տիմոթ. 4։2)։ Խիղճը կարող է նաև մեկ այլ ձևով օգնել նրանց, ովքեր ցանկանում են սիրել արդարությունը։

10, 11. ա) Պատմիր մի դեպք, որը ցույց է տալիս, թե ինչու պետք է լսենք Աստվածաշնչով մարզված մեր խղճի ձայնին։ բ) Ինչո՞ւ է արդարության հանդեպ սերը մեծ հաճույք պատճառում մեզ։

10 Երբ սխալ գործենք, մեր խիղճը կարող է դատապարտել կամ տանջել մեզ։ Օրինակ՝ մի պատանի շեղվեց «արդարության շավիղներից»։ Նա պոռնկագրություն դիտելու սովորություն ձեռք բերեց, որից չէր կարողանում ձերբազատվել, և սկսեց մարիխուանա ծխել։ Պատանին իրեն մեղավոր էր զգում, երբ գնում էր ժողովի հանդիպումներին, իսկ ծառայությանը մասնակցելիս մտածում էր, որ կեղծավոր է, ուստի դադարեց քրիստոնեական գործունեությամբ զբաղվելուց։ «Բայց,— ասում է նա,— ես չէի պատկերացնում, որ խիղճս պատասխանատվության կկանչի ինձ արարքներիս համար»։ Հետո ավելացնում է. «Իմ հիմար ապրելակերպը տևեց չորս տարի»։ Այնուհետև նա սկսեց մտածել այն մասին, որ վերադառնա դեպի Եհովան։ Թեև կարծում էր, որ Աստված չի լսի իր աղոթքները, այնուհանդերձ, աղոթեց ու ներում խնդրեց։ Տասը րոպե չանցած՝ մայրը այցելեց նրան և քաջալերեց հաճախել հանդիպումներին։ Նա գնաց Թագավորության սրահ ու խնդրեց մի երեցի ուսումնասիրել իր հետ։ Ժամանակի ընթացքում մկրտվեց և այժմ երախտապարտ է Եհովային իր կյանքը փրկելու համար։

11 Անկասկած, համոզվել ենք, որ ճիշտն անելուց ենք մեծ հաճույք ստանում։ Սովորելով սիրել արդարությունը և հնարավորինս շատ դրսևորելով այն՝ ավելի մեծ ուրախություն կստանանք մեր երկնային Հորը հաճելի գործեր անելուց։ Միայն մտածիր. մոտենում է այն օրը, երբ բոլոր մարդկանց խիղճը միայն հաճելի զգացողություններ կպարգևի իրենց, քանի որ նրանք կատարելապես կարտացոլեն Աստծու պատկերը։ Ուստի եկեք այժմ արդարության հանդեպ սերը խորապես արմատավորենք մեր սրտի մեջ և ուրախացնենք Եհովային (Առակ. 23։15, 16)։

12, 13. Ինչպե՞ս կարող ենք մարզել մեր խիղճը։

12 Ինչպե՞ս կարող ենք մարզել մեր խիղճը։ Երբ ուսումնասիրում ենք Սուրբ Գիրքը և դրա վրա հիմնված մեր հրատարակությունները, կարևոր է, որ հիշենք՝ «արդարի սիրտը մտածում է, թե ինչ պատասխանի» (Առակ. 15։28)։ Ուշադրություն դարձրու, թե ինչպես դա մեզ կօգնի, երբ բախվենք աշխատանքի հետ կապված հարցերի։ Երբ մի աշխատանք ակնհայտորեն հակասում է աստվածաշնչյան պահանջներին, մեզանից շատերը անմիջապես արձագանքում են ծառա դասակարգի տված առաջնորդությանը։ Բայց երբ պարզ չէ՝ կարող ենք կատարել այս կամ այն աշխատանքը, թե ոչ, պետք է գտնենք համապատասխան աստվածաշնչյան սկզբունքներ, խորհենք դրանց շուրջ և աղոթենք Եհովային, որ օգնի մեզ ճիշտ կերպով կիրառելու դրանքa։ Դա վերաբերում է այն սկզբունքներին, երբ, օրինակ, պետք է խուսափենք ուրիշներին գայթակղեցնելուց (1 Կորնթ. 10։31–33)։ Հատկապես պետք է հետաքրքրված լինենք այն սկզբունքներով, որոնք առնչվում են Աստծու հետ ունեցած մեր փոխհարաբերություններին։ Եթե Եհովան իրական է մեզ համար, առաջին հերթին կհարցնենք ինքներս մեզ. «Կվիրավորե՞մ Եհովային, ցավ կպատճառե՞մ նրան, եթե անեմ այս գործը» (Սաղ. 78։40, 41)։

13 Երբ պատրաստվում ենք «Դիտարանի» ուսումնասիրությանը կամ Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպմանը, պետք է հիշենք, որ հարկավոր է խորհրդածել ներկայացված ինֆորմացիայի շուրջ։ Սովորություն ունե՞նք արագորեն ընդգծելու հարցի պատասխանը և անցնելու հաջորդ պարբերությանը։ Այսպիսի ուսումնասիրությունները հազիվ թե խորացնեն արդարության հանդեպ մեր սերը կամ օգնեն, որ մարզենք մեր խիղճը։ Եթե ուզում ենք սիրել արդարությունը պետք է ջանադրաբար ուսումնասիրենք ու խորհրդածենք այն բանի շուրջ, ինչ կարդում ենք Աստծու Խոսքում։ Արդարությունը ամբողջ սրտով սիրել սովորելու համար կարճ ճանապարհ չկա։

Քաղցած ու ծարավ արդարության համար

14. Եհովա Աստված ու Հիսուս Քրիստոսը ի՞նչ զգացումներ են ուզում, որ ունենանք մեր սուրբ ծառայության հանդեպ։

14 Եհովա Աստված և Հիսուս Քրիստոսը ցանկանում են, որ մենք երջանիկ լինենք սուրբ ծառայություն կատարելիս։ Ի՞նչը կնպաստի մեր երջանկությանը։ Դե իհարկե, արդարություն սիրելը։ Լեռան քարոզում Հիսուսն ասաց. «Երջանիկ են նրանք, ովքեր քաղցած ու ծարավ են արդարության, որովհետև նրանք կկշտանան» (Մատթ. 5։6)։ Ի՞նչ նշանակություն ունեն այս խոսքերը նրանց համար, ովքեր ցանկանում են սիրել արդարությունը։

15, 16. Ինչպե՞ս կարող են մարդիկ հագեցնել հոգևոր քաղցն ու ծարավը։

15 Այս աշխարհի վրա իշխում է Չարը (1 Հովհ. 5։19)։ Որ երկրում էլ որ ապրենք, թերթերում կարող ենք կարդալ դաժանության ու բռնության մասին, որոնք տեղի են ունենում աննախադեպ մասշտաբով։ Արդար մարդու համար անընդունելի է, որ մարդը դաժանորեն է վերաբերվում ուրիշին (Ժող. 8։9)։ Որպես Եհովային սիրողներ՝ մենք գիտենք, որ միայն նա կարող է բավարարել արդարություն սովորել ցանկացողների հոգևոր քաղցն ու ծարավը։ Անաստված մարդիկ շուտով կվերանան, իսկ արդարություն սիրողներն այլևս չեն ենթարկվի այն ճնշումներին, որոնց պատճառը օրենքն արհամարհող մարդիկ են ու նրանց անօրեն գործերը (2 Պետ. 2։7, 8)։ Ի՜նչ թեթևացում կլինի։

16 Որպես Եհովայի ծառաներ և Հիսուս Քրիստոսի հետևորդներ՝ մենք գիտակցում ենք, որ բոլոր նրանք, ովքեր քաղցած ու ծարավ են արդարության, «կկշտանան»։ Աստծու ստեղծած նոր երկինքն ու նոր երկիրը, որոնցում «արդարություն է բնակվելու», լիովին կբավարարեն նրանց կարիքները (2 Պետ. 3։13)։ Ուստի եկեք չվհատվենք և չզարմանանք, երբ տեսնենք, թե ինչպես է այս սատանայական աշխարհում հարստահարության ու դաժանության պատճառով վերանում արդարությունը (Ժող. 5։8)։ Եհովան՝ Բարձրյալը, գիտի, թե ինչ է տեղի ունենում և շուտով կազատի արդարություն սիրողներին։

Օգուտներ քաղիր արդարություն սիրելուց

17. Որո՞նք են այն մի քանի օգուտները, որ բերում է արդարություն սիրելը։

17 Սաղմոս 146։8-ն ընդգծում է արդարության արահետին հետևելու հիասքանչ օգուտներից մեկը։ Սաղմոսերգուն երգեց. «Եհովան սիրում է արդարներին»։ Պատկերացրու. Տիեզերքի Գերիշխանը սիրում է մեզ, որովհետև մենք սիրում ենք արդարությունը։ Քանի որ Եհովան սիրում է մեզ, վստահ ենք, որ նա կտա անհրաժեշտ ամեն բան, եթե Թագավորության շահերը մեր կյանքում առաջին տեղում դնենք (կարդա՛ Սաղմոս 37։25; Առակներ 10։3)։ Ի վերջո, այս ողջ մոլորակի վրա կյանքը կվայելեն միայն նրանք, ովքեր արդարություն են սիրում (Առակ. 13։22)։ Աստծու ժողովրդի մեծամասնության համար արդարություն գործելու վարձատրությունը կլինի անսահման ուրախությունն ու անվերջ կյանքը գեղեցիկ երկրային դրախտում։ Նույնիսկ հիմա Աստծու արդարությունը սիրողները վարձատրվում են ներքին խաղաղությամբ, որի շնորհիվ նրանց ընտանիքներում և ժողովներում համերաշխություն է տիրում (Փիլիպ. 4։6, 7)։

18. Ի՞նչ պետք է անենք, մինչ սպասում ենք Եհովայի օրվան։

18 Մինչ սպասում ենք Եհովայի մեծ օրվան, պետք է շարունակենք փնտրել նրա արդարությունը (Սոփ. 2։2, 3)։ Ուրեմն եկեք անկեղծ սեր դրսևորենք Եհովա Աստծու արդար ճանապարհների հանդեպ։ Դա նշանակում է, որ երբեք չպետք է հանենք «արդարության զրահը», որպեսզի այն պաշտպանի մեր փոխաբերական սիրտը։ Նաև պետք է մեր խիղճը մաքուր պահենք, ինչը հաճույք կպատճառի մեզ և կուրախացնի Աստծու սիրտը (Առակ. 27։11)։

19. Ի՞նչ պետք է վճռենք անել, և ի՞նչ է քննարկվելու հաջորդ հոդվածում։

19 «Եհովայի աչքերը դիտում են ողջ երկիրը, որպեսզի նա իր զորությունը ցույց տա հօգուտ նրանց, ում սիրտը ամբողջությամբ իր հետ է» (2 Տար. 16։9)։ Որքա՜ն են մխիթարում մեզ այս խոսքերը, մինչ շարունակում ենք ճիշտն անել՝ հակառակ այս անհանգիստ աշխարհում մեծացող անկայունությանը, դաժանությանը և ամբարշտությանը։ Ճիշտ է, մեր արդար ճանապարհները գուցե տարակուսանքի մեջ գցեն Աստծուց օտարացած մարդկանց, սակայն մենք մեծ օգուտներ կքաղենք՝ կառչած մնալով Եհովայի արդարությունից (Ես. 48։17; 1 Պետ. 4։4)։ Ուստի եկեք վճռենք շարունակել ամբողջ սրտով սիրել ու դրսևորել արդարությունը, ինչը հաճույք կպատճառի մեզ։ Այնուհանդերձ, որպեսզի մեր սիրտը ամբողջությամբ Աստծու հետ լինի, պետք է նաև ատենք անօրենությունը։ Հաջորդ հոդվածը կբացատրի, թե ինչ է դա նշանակում։

[ծանոթագրություն]

a Աշխատանքին առնչվող աստվածաշնչյան սկզբունքները քննարկելու համար տե՛ս «Դիտարանի» 1999​թ. ապրիլի 15-ի համարը, էջ 28–30 (ռուս.)։

Ինչպե՞ս կպատասխանեք

• Արդարությունը սիրելու համար ինչո՞ւ է անհրաժեշտ գնահատել փրկանքը։

• Ինչո՞ւ է անչափ կարևոր կրել «արդարության զրահը»։

• Ինչպե՞ս կարող ենք մարզել մեր խիղճը։

[նկար 26-րդ էջի վրա]

Մարզված խիղճը օգնում է մեզ լուծելու աշխատանքի հետ կապված հարցերը

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը