Ուրախացեք՝ Եհովայի մասին գիտելիքներ ձեռք բերելով
«Երանի՜ է նրանց, որ լսում են Աստծու խօսքը եւ կը պահեն» (Ղուկաս 11։28)։
1. Ե՞րբ է Եհովան սկսել հաղորդակցվել մարդկանց հետ։
ԵՀՈՎԱՆ սիրում է մարդկանց և խորապես հետաքրքրվում է նրանց բարօրությամբ։ Ուստի, զարմանալի չէ, որ նա կապ է պահպանում նրանց հետ։ Առաջին անգամ Աստված հաղորդակցվեց մարդկանց հետ Եդեմի պարտեզում։ Համաձայն Ծննդոց 3։8–ի՝ մի անգամ՝ «օրուայ հով ժամանակին», Ադամն ու Եվան «Եհովայ Աստուծոյ ձայնը լսեցին»։ Ըստ ոմանց ենթադրության՝ դա նշանակում է, որ Եհովան սովորություն ուներ, հավանական է՝ ամեն օր Ադամի հետ խոսել այդ ժամին։ Ամեն դեպքում, Աստվածաշնչում հստակորեն ցույց է տրվում, որ Աստված ժամանակ էր տրամադրում՝ ոչ միայն առաջին մարդուն հրահանգներ տալու, այլև իմացնելու այն, ինչ որ վերջինիս անհրաժեշտ էր իր պատասխանատվությունները կատարելու համար (Ծննդոց 1։28–30)։
2. Ինչպե՞ս առաջին զույգը ինքն իրեն զրկեց Եհովայի առաջնորդությունից և ի՞նչ հետևանքով։
2 Եհովան Ադամին ու Եվային տվեց կյանք, ինչպես նաև՝ իշխանություն կենդանիների և ամբողջ երկրի նկատմամբ։ Միայն մեկ սահմանափակում կար. չպետք է ուտեին բարու և չարի գիտության ծառից։ Սակայն Սատանայի դրդմամբ նրանք չենթարկվեցին Աստծո այս պատվերին (Ծննդոց 2։16, 17; 3։1–6)։ Նրանք ցանկացան անկախ լինել՝ ինքնուրույն որոշելով իրենց համար, թե ինչ է բարին և ինչ է չարը։ Վարվելով այդպես՝ Ադամն ու Եվան անխելքաբար իրենք իրենց զրկեցին սիրառատ Արարչի առաջնորդությունից։ Հետևանքները աղետալի եղան թե՛ իրենց և թե՛ դեռ չծնված սերունդների համար։ Ադամն ու Եվան ծերացան և վերջիվերջո մեռան՝ առանց հարության որևէ հույսի։ Նրանց հետնորդները ժառանգեցին մեղքը և դրա հետևանքը՝ մահը (Հռովմայեցիս 5։12)։
3. Ինչո՞ւ Եհովան խոսեց Կայենի հետ, բայց վերջինս ինչպե՞ս պատասխանեց։
3 Չնայած Եդեմի ապստամբությանը՝ Եհովան շարունակեց կապ պահպանել իր կողմից արարված մարդու հետ։ Կայենը՝ Ադամի և Եվայի առաջնեկը, մեղք գործելու ճանապարհին էր։ Եհովան նախազգուշացրեց նրան այդ մասին և խորհուրդ տվեց բարին գործել։ Բայց նա մերժեց սիրով տրված այս խորհուրդը և սպանեց իր եղբորը (Ծննդոց 4։3–8)։ Այսպիսով՝ երկրի առաջին երեք բնակիչները արհամարհեցին իրենց կենսատուի հստակ առաջնորդությունը. այն Աստծո, որն օգտավետ ուսուցում է տալիս իր ժողովրդին (Եսայիա 48։17)։ Որքա՜ն էր ցավում Եհովան։
Եհովան ինքն իրեն ներկայացնում է նահապետներին
4. Ադամի ժառանգների հետ կապված ի՞նչ վստահություն ուներ Եհովան, և, նկատի ունենալով դա, ի՞նչ հուսադրող մարգարեություն տվեց։
4 Թեև Եհովան բոլոր իրավունքներն ուներ վերջ դնելու հաղորդակցությանը մարդկանց հետ, այնուամենայնիվ, այդպես չվարվեց։ Նա վստահ էր, որ Ադամի ժառանգներից ոմանք խոհեմաբար կհետևեն իր առաջնորդությանը։ Ադամի ու Եվայի դատավճիռը կայացնելիս Եհովան, օրինակ, կանխագուշակեց «սերունդի» գալը, որը հակառակ էր կենալու Օձին՝ Բանսարկու Սատանային։ Ժամանակի ընթացքում Սատանայի գլուխը ջախջախվելու էր (Ծննդոց 3։15)։ Այս մարգարեությունը ուրախալի լուր էր, որը հույս էր ներշնչում ‘նրանց, որ լսում էին Աստծո խոսքը և պահում’ (Ղուկաս 11։28)։
5, 6. Ինչպե՞ս է Եհովան հաղորդակցվել իր ժողովրդի հետ նախքան մ.թ. առաջին դարը, և ի՞նչ օգուտ են ստացել դրանից նրանք։
5 Եհովան տեղյակ պահեց իր կամքի մասին անցյալի այնպիսի հավատարիմ նահապետներին, ինչպիսիք էին Նոյը, Աբրահամը, Իսահակը, Հակոբը և Հոբը (Ծննդոց 6։13; Ելից 33։1; Յոբ 38։1–3)։ Ավելի ուշ նա Մովսեսի միջոցով օրենքների ավարտուն ժողովածու փոխանցեց իսրայել ազգին։ Մովսիսական օրենքը նրանց շատ օգուտներ տվեց։ Պահելով այդ օրենքը՝ Իսրայելը՝ որպես Աստծո հատուկ ժողովուրդ, առանձնացել էր մյուս բոլոր ազգերից։ Աստված վստահեցրել էր իսրայելացիներին, որ եթե նրանք հնազանդվեին Օրենքին, ապա նա կօրհներ իրենց ոչ միայն նյութապես, այլև հոգևորապես՝ դարձնելով նրանց քահանաների թագավորություն, սուրբ ազգ։ Օրենքում նույնիսկ կային սննդակարգին և հիգիենային վերաբերող կետեր, որոնց հնազանդվելով՝ իսրայելացիները ֆիզիկապես առողջ էին լինելու։ Բայց Եհովան նաև նախապես զգուշացրել էր, թե անհնազանդության դեպքում ինչ ողբերգական հետևանքներ կլինեին (Ելից 19։5, 6; Բ Օրինաց 28։1–68)։
6 Ժամանակի ընթացքում Աստվածաշնչի կանոնին այլ ներշնչված գրքեր ավելացվեցին։ Դրանց մեջ կան պատմական գրքեր, որոնցում պատմվում է ժողովուրդների հետ Եհովայի ունեցած հարաբերությունների մասին։ Բանաստեղծական գրքերը գեղեցիկ կերպով նկարագրում են նրա հատկությունները։ Մարգարեական գրքերը կանխագուշակում են, թե ինչպես է իրականանալու Եհովայի կամքը ապագայում։ Հավատարիմ նահապետները մանրազնին քննել են այս ներշնչյալ գրվածքները և կիրառել դրանք կյանքում։ Նրանցից մեկը գրել է. «Քո խօսքը ճրագ է իմ ոտների համար, եւ լոյս իմ ճանապարհի համար» (Սաղմոս 119։105)։ Ովքեր պատրաստ էին լսել, նրանց էլ Եհովան կրթեց ու լուսավորեց։
Լույսն ավելի է պայծառանում
7. Թեև Հիսուսը հրաշքներ էր գործում, նա հիմնականում որպես ի՞նչ էր հայտնի և ինչո՞ւ։
7 Արդեն առաջին դարում հրեա կրոնական խմբերը մարդկային ավանդություններ էին ավելացրել Օրենքին։ Օրենքը սխալ կերպով էր կիրառվում, և, փոխանակ նրանց լուսավորելու, այդ ավանդությունների պատճառով ծանր բեռ էր դարձել մարդկանց համար (Մատթէոս 23։2–4)։ Բայց, մ.թ. 29–ին երևան եկավ Հիսուսը՝ որպես Մեսիա։ Նրա առաքելությունը ոչ միայն հանուն մարդկության իր կյանքը տալն էր, այլև «ճշմարտութեան համար վկայելը»։ Թեև հրաշքներ էր գործում, գլխավորապես նա հայտնի էր որպես «վարդապետ»։ Հիսուսի ուսուցումները նման էին լույսի՝ մարդկանց ուղեղները պարուրող հոգևոր խավարում։ Միանգամայն հիմնավոր կերպով Հիսուսն ասաց. «Ես եմ աշխարհի լոյսը» (Յովհաննէս 8։12; 11։28; 18։37)։
8. Ի՞նչ ներշնչված գրքեր են գրվել մ.թ. առաջին դարում, և ի՞նչ օգուտ են դրանք տվել վաղ քրիստոնյաներին։
8 Ավելի ուշ ավելացվեցին Ավետարանները՝ Հիսուսի կյանքը պատմող չորս հաղորդագրությունները, ինչպես նաև «Գործք Առաքելոց» գիրքը, որը նկարագրում է Հիսուսի մահից հետո քրիստոնեության տարածումը։ Հիսուսի աշակերտները գրեցին նաև ներշնչյալ նամակները և մարգարեական «Յայտնութիւն» գիրքը։ Այս գրվածքները, համակցվելով Եբրայերեն գրություների հետ, ամբողջացրին Աստվածաշնչի կանոնը։ Ներշնչված գրքերի ժողովածուի օգնությամբ քրիստոնյաները կարող էին «հասկանալ բոլոր սրբերի հետ, թէ ի՛նչ է [ճշմարտության] լայնութիւնը, երկարութիւնը, բարձրութիւնը եւ խորութիւնը» (Եփեսացիս 3։14–18)։ Նրանք կարող էին «Քրիստոսի միտքն» ունենալ (Ա Կորնթացիս 2։16, ԱԹ)։ Բայցևայնպես, վաղ քրիստոնյաները ամբողջությամբ չէին հասկանում Եհովայի նպատակների բոլոր նրբությունները։ Պողոս առաքյալը իր հավատակիցներին գրել էր. «Այժմ տեսնում ենք աղօտ, ինչպէս պատկերը [«մետաղյա», ՆԱ] հայելու մէջ» (Ա Կորնթացիս 13։12)։ Այդպիսի հայելին արտացոլում է պատկերը, բայց ոչ բոլոր մանրամասնություններով։ Աստծո Խոսքի ավելի խոր հասկացողության ժամանակը դեռ պիտի գար։
9. Ի՞նչ լուսավորում է տեղի ունեցել «վերջին օրերի» ընթացքում։
9 Այսօր մենք ապրում ենք «վերջին օրեր» կոչված դարաշրջանում. մի դարաշրջան, որը բնութագրվում է «դժուար ժամանակներով» (Բ Տիմոթէոս 3։1, ՆԿ–ի ՆԱԹ)։ Դանիել մարգարեն կանխագուշակել էր, որ այդ օրերին «գիտութիւնը պիտի շատանայ» (Դանիէլ 12։4)։ Ուստի, Եհովան, որը կապ պահպանելու մեջ մեծագույն օրինակ է հանդիսանում, օգնել է անկեղծ մարդկանց ըմբռնելու իր Խոսքը։ Այսօր բազմաթիվ մարդիկ գիտեն, որ Հիսուս Քրիստոսն անտեսանելի կերպով գահակալվել է երկնքում 1914 թ.–ին։ Նրանք նաև գիտեն, որ Հիսուսը շուտով վերջ կդնի ամբարշտությանը և երկիրը համաշխարհային դրախտ կդարձնի։ Թագավորության ավետիսի այս կարևոր երեսակը այժմ քարոզվում է ամբողջ աշխարհում (Մատթէոս 24։14)։
10. Դարերի ընթացքում ինչպե՞ս են մարդիկ արձագանքել Եհովայի խորհրդին։
10 Այո՛, ամբողջ պատմության ընթացքում Եհովան տեղյակ է պահել մարդկանց իր կամքի և նպատակների մասին։ Աստվածաշնչում նկարագրվում է շատերի մասին, ովքեր ականջ են դրել աստվածային իմաստությանը, այն կիրառել կյանքում և, արդյունքում, օրհնվել։ Պատմվում է նաև նրանց մասին, ովքեր մերժել են Աստծո սիրառատ խորհուրդը՝ հետևելով Ադամի ու Եվայի կործանարար ուղուն։ Հիսուսը լուսաբանեց այս իրավիճակը, երբ խոսում էր երկու խորհրդանշական ճանապարհների մասին։ Դրանցից մեկը տանում է դեպի կործանում։ Շատերը, ովքեր մերժում են Աստծո Խոսքը, գնում են այդ ընդարձակ ճանապարհով։ Մյուս ճանապարհը տանում է դեպի հավիտենական կյանք։ Այդ նեղ ճանապարհով գնում են այն քչերը, ովքեր Աստվածաշունչը որպես Աստծո Խոսք են համարում և ապրում են նրա սկզբունքների համաձայն (Մատթէոս 7։13, 14)։
Երախտագետ լինենք ունեցածի համար
11. Ինչի՞ մասին է վկայում այն, որ մենք հասկանում ենք Աստվածաշունչը և հավատում ենք նրա ուսուցումներին։
11 Գտնվո՞ւմ եք նրանց մեջ, ովքեր ընտրել են կյանքի ճանապարհը։ Եթե այո, ապա դուք, անկասկած, ցանկանում եք մնալ այդտեղ։ Ինչպե՞ս կարող եք դա անել։ Դուք աստվածաշնչյան ճշմարտություններ եք իմացել, և դա ձեզ օգուտներ է բերել. միշտ խորհեցե՛ք դրանց շուրջ և երախտագե՛տ եղեք։ Հենց այն, որ արձագանքել եք բարի լուրին, արդեն փաստում է Աստծո հավանության մասին։ Հիսուսը դա՛ ի նկատի ուներ իր Հորն աղոթելիս. «Գոհութիւն եմ յայտնում քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից եւ գիտուններից ու յայտնեցիր մանուկներին» (Մատթէոս 11։25)։ Ձկնորսներն ու հարկահավաքները հասկացան Հիսուսի ուսուցումների իմաստը, մինչդեռ բարձրագույն կրթություն ստացած կրոնական առաջնորդները՝ ոչ։ Հետագայում Հիսուսն ասաց. «Ոչ ոք չի կարող գալ դէպի ինձ, եթէ նրան չձգի Հայրը, որ ինձ ուղարկեց» (Յովհաննէս 6։44)։ Եթե դուք հասկացել եք Աստվածաշունչը և հավատում ու հետևում եք նրա ուսուցումներին, ապա դա վկայում է այն մասին, որ Եհովան ձեզ ձգել է իր կողմը։ Սա ուրախանալու պատճառ է։
12. Ինչպե՞ս է լուսավորում Աստվածաշունչը։
12 Աստծո Խոսքը պարփակում է իր մեջ ազատարար ճշմարտություններ և լուսավորում է մարդուն։ Աստվածաշնչի գիտության համաձայն ապրողները ազատ են նախապաշարմունքներից, կեղծ ուսուցումներից և այն տգիտությունից, որն իշխում է միլիոնավոր կյանքերի վրա։ Օրինակ՝ ճշմարտությունը հոգու մասին ազատում է վախի զգացումից. շատերը կարծում են, թե մահացած մարդիկ կարող են վնաս հասցնել իրենց կամ թե մահացած հարազատները տանջվում են։ Չար հրեշտակների մասին ճշմարտությունն իմանալը օգնում է խուսափել ոգեհարցության ծուղակներից։ Հարության մասին ուսմունքը մխիթարում է նրանց, ովքեր սիրելի մարդիկ են կորցրել (Յովհաննէս 11։25)։ Աստվածաշնչյան մարգարեությունները ցույց են տալիս, թե որ փուլում ենք գտնվում ժամանակի հոսանքում և վստահեցնում են մեզ ապագայի վերաբերյալ Աստծո խոստումների մեջ։ Դրանք նաև ամրապնդում են հավիտյան ապրելու մեր հույսը։
13. Ականջ դնելով Աստծո խոսքին՝ ի՞նչ օգուտներ ենք ստացել։
13 Աստծո սկզբունքների համաձայն ապրելով՝ մենք օգուտներ ենք ստանում։ Օրինակ՝ սովորում ենք խուսափել մարմինը պղծող այնպիսի սովորություններից, ինչպիսիք են ծխելը և թմրանյութերի, ինչպես նաև ոգելից խմիչքների չարաշահումը (Բ Կորնթացիս 7։1)։ Աստծո բարոյական օրենքներին ականջ դնելը պաշտպանում է մեզ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից (Ա Կորնթացիս 6։18)։ Իսկ հետևելով Աստծո՝ «չլինել փողասեր» խորհրդին՝ մենք չենք խաթարում մեր հոգեկան անդորրը, ինչպես շատերը, որ հարստության են տենչում (Ա Տիմոթէոս 6։10)։ Անձամբ դուք ի՞նչ օգուտներ եք ստացել՝ Աստծո Խոսքը կիրառելով ձեր կյանքում։
14. Ի՞նչ ազդեցություն է թողնում սուրբ ոգին մեր կյանքում։
14 Եթե ապրում ենք Աստծո Խոսքի համաձայն, ապա ստանում ենք Եհովայի սուրբ ոգին։ Մեր մեջ մշակում ենք քրիստոսանման անձնավորություն, որին հատուկ են այնպիսի գրավիչ հատկություններ, ինչպիսիք են գութն ու կարեկցանքը (Եփեսացիս 4։24, 32)։ Աստծո ոգին նաև մեր մեջ առաջ է բերում այնպիսի պտուղներ, ինչպիսիք են՝ սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն և ժուժկալություն (Գաղատացիս 5։22, 23, ԱԹ)։ Այս հատկությունները նպաստում են ուրիշների, ինչպես նաև ընտանիքի անդամների հետ լավ և օգտակար փոխհարաբերություններ ունենալուն։ Մեր մեջ ներքին ուժ է առաջանում, որն օգնում է արիաբար ընդունել դժվարությունները։ Նկատո՞ւմ եք, թե ինչպես է սուրբ ոգին ձեր կյանքը բարելավել։
15. Ի՞նչ օգուտներ ենք ստանում՝ Աստծո կամքի հետ մեր կյանքը ներդաշնակեցնելով։
15 Ներդաշնակեցնելով մեր կյանքը Աստծո կամքին՝ մենք կամրապնդենք մեր հարաբերությունները նրա հետ։ Մենք ավելի ու ավելի ենք համոզվում, որ նա հասկանում և սիրում է մեզ։ Կյանքի փորձով տեսնում ենք, որ Եհովան նեցուկ է լինում մեզ դժվարությունների ժամանակ (Սաղմոս 18։18)։ Զգում ենք, որ նա իսկապես լսում է մեր աղոթքները (Սաղմոս 65։2)։ Մենք ապավինում ենք նրա առաջնորդությանը՝ վստահ լինելով, որ այն հօգուտ մեզ է։ Եվ ունենք նաև սքանչելի հույս, որ համապատասխան ժամանակին Աստված իր հավատարիմներին կատարելության կհասցնի և հավիտենական կյանք կշնորհի (Հռովմայեցիս 6։23)։ «Մօտեցէ՛ք Աստծուն, եւ նա կը մերձենայ ձեզ»,— գրել է Հակոբոս աշակերտը (Յակոբոս 4։8)։ Զգացե՞լ եք, որ ձեր հարաբերությունները Եհովայի հետ ավելի են ամրապնդվում, երբ մոտենում եք նրան։
Անգնահատելի գանձ
16. Ի՞նչ փոփոխություններ են կատարել առաջին դարի որոշ քրիստոնյաներ։
16 Պողոսը հիշեցնում է առաջին դարի՝ ոգով օծված քրիստոնյաներին, որ նրանցից ոմանք մի ժամանակ եղել էին պոռնիկներ, շնացողներ, համասեռամոլներ, գողեր, ագահներ, հարբեցողներ, նախատողներ և հափշտակողներ (Ա Կորնթացիս 6։9–11, ԱԹ)։ Աստվածաշնչյան ճշմարտությունը մղեց նրանց մեծ փոփոխություններ կատարել կյանքում. նրանք «լուացուեցան»։ Փորձեք պատկերացնել, թե ինչպիսին կլիներ ձեր կյանքն առանց այն ազատարար ճշմարտությունների, որոնք սովորել եք Աստվածաշնչից։ Անտարակույս, ճշմարտությունն անգնահատելի գանձ է։ Որքա՜ն երջանիկ ենք, որ Եհովան կապ է պահպանում մեզ հետ։
17. Ինչպե՞ս են Եհովայի վկաները հոգևորապես սնվել քրիստոնեական հանդիպումների ժամանակ։
17 Նաև երևակայեցեք, թե ի՜նչ օրհնություն է բազմազգ եղբայրություն ունենալը։ «Հաւատարիմ եւ իմաստուն ծառան» ժամանակին հոգևոր կերակուր է մատակարարում, որոնց մեջ մտնում են բազմաթիվ լեզուներով լույս տեսնող Աստվածաշնչեր, պարբերագրեր և այլ հրատարակություններ (Մատթէոս 24։45–47)։ 2000 թվականի ընթացքում հայալեզու ժողովներում Եհովայի վկաները հանդիպումների ժամանակ քննարկել են Եբրայերեն գրությունների ութ գրքերից ուշագրավ կետեր, ունկնդրել են «Աստվածապետական ծառայության դպրոցի ուղեցույց» գրքից (ռուս.) տրվող խորհուրդներ, բավականաչափ թեմաներ են քննարկել «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գրքից, ավարտել են «Ընտանեկան Ուրախութեան Գաղտնիքը» գրքի ուսումնասիրությունը, նաև ուսումնասիրել են «Ահա, ամէն բաները նոր կ’ընեմ» գրքույկը և գրեթե ամբողջությամբ՝ «Ուշադրութիւն ընծայեցէ՛ք Դանիէլի մարգարեութեան» գիրքը։ «Դիտարան» պարբերագրից քննարկել են 52 ուսումնասիրության, ինչպես նաև վեց լրացուցիչ հոդվածներ։ Զրույցներ են անցկացրել «Աստուածաշունչի Խօսակցութեան Բնաբաններ» գրքույկից վերցված թեմաների հիման վրա։ Նաև Եհովայի ժողովուրդը հոգևոր կերակուր է ստացել «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 12 լույս ընծայումների և ամեն շաբաթ տեղի ունեցող զանազան աստվածաշնչյան թեմաների վրա հիմնված հանրային ելույթների տեսքով։ Հոգևոր գիտելիքների ինչպիսի՜ առատություն։
18. Ի՞նչ աջակցություն ենք ստանում քրիստոնեական ժողովում։
18 Ամբողջ աշխարհում գոյություն ունեցող ավելի քան 91 000 ժողովներ հավաքույթների և փոխադարձ շփման միջոցով աջակցության և քաջալերության աղբյուր են հանդիսանում։ Մեզ նաև զորացնում են հասուն քրիստոնյաները, որոնք պատրաստ են հոգևորապես օգնել (Եփեսացիս 4։11–13)։ Այո՛, ճշմարտության գիտությունը մեծ օգուտներ է բերում մեզ։ Եհովա Աստծուն ճանաչելն ու ծառայելը ուրախություն է։ Որքա՜ն ճշմարիտ են սաղմոսերգուի խոսքերը. ‘Երանի այն ժողովրդին, որի Աստվածը Եհովան է’ (Սաղմոս 144։15)։
Հիշո՞ւմ եք
• Ո՞ւմ հետ է Եհովան կապ պահպանել նախաքրիստոնեական ժամանակներում։
• Ինչպե՞ս է հոգևոր լույսը ավելի պայծառացել առաջին դարում և մեր ժամանակներում։
• Ի՞նչ օգուտներ է բերում Եհովայի գիտության համաձայն ապրելը։
• Ինչո՞ւ ենք ուրախանում Աստծո մասին գիտելիքներ ձեռք բերելով։
[նկարներ 8–րդ և 9–րդ էջերի վրա]
Եհովան իր կամքը հաղորդեց Նոյին, Աբրահամին և Մովսեսին
[նկար 9–րդ էջի վրա]
Մեր օրերում Եհովան լույս է սփռել իր Խոսքի վրա
[նկարներ 10–րդ էջի վրա]
Երևակայեցեք, թե ի՛նչ օրհնություն է բազմազգ եղբայրություն ունենալը