Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 3/1 էջ 8–12
  • ‘Ծառա’, որը և՛ հավատարիմ է, և՛ իմաստուն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • ‘Ծառա’, որը և՛ հավատարիմ է, և՛ իմաստուն
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Անհա՞տ, թե՞ խումբ
  • «Ծառան» դուրս է արվում
  • «Ամեն մէկին իր գործը»
  • «Ծառան» 19 դար անց
  • «Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն ծառան»
    2013 Դիտարան
  • Նրանք «հետևում են Գառանը»
    2009 Դիտարան
  • Ո՞վ է «հավատարիմ և իմաստուն ծառան»
    Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր
  • Հավատարիմ տնտեսը և նրա Կառավարիչ մարմինը
    2009 Դիտարան
Ավելին
2004 Դիտարան
w04 3/1 էջ 8–12

‘Ծառա’, որը և՛ հավատարիմ է, և՛ իմաստուն

«Ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն ծառան, որի տէրը նորան իր ծառաների վերայ դրաւ» (ՄԱՏԹԷՈՍ 24։45)։

1, 2. Ինչո՞ւ է կարևոր, որ այսօր կանոնավորապես հոգևոր կերակուր ստանանք։

ԵՐԵՔՇԱԲԹԻ օրը՝ մ.թ. 33–ի հրեական նիսան ամսվա 11–ին, Հիսուսի աշակերտները մի հարց տվեցին նրան, որն այսօր մեզ համար շատ մեծ նշանակություն ունի։ Նրանք հարցրին. «Ի՞նչ կ’լինի քո գալստեան եւ աշխարհքիս վերջի նշանը»։ Ի պատասխան՝ Հիսուսը մի ուշագրավ մարգարեություն տվեց։ Նա խոսեց մի փոթորկուն ժամանակի մասին, երբ լինելու էին պատերազմներ, սով, երկրաշարժեր և հիվանդություններ։ Դա ընդամենը «ցաւերի սկիզբն» էր լինելու։ Ավելի վատ ժամանակներ էին գալու։ Ի՜նչ երկյուղալի ապագա (Մատթէոս 24։3, 7, 8, 15–22; Ղուկաս 21։10, 11)։

2 Սկսած 1914 թ.–ից՝ Հիսուսի մարգարեության գրեթե բոլոր երեսակներն արդեն կատարվել են։ ‘Ցավերն’ ամբողջ թափով դրսևորվում են այսօր։ Բայց ճշմարիտ քրիստոնյաները կարող են չվախենալ։ Հիսուսը խոստացավ, որ սննդարար հոգևոր կերակուր կտա նրանց։ Քանի որ նա այժմ երկնքում է, ապա ինչպե՞ս է հոգ տանում, որ մենք՝ երկրում գտնվողներս, հոգևոր կերակուր ունենանք։

3. Ի՞նչ միջոցներ է ձեռնարկել Հիսուսը, որպեսզի մենք ‘ժամանակին կերակուր’ ստանանք։

3 Հիսուսն ինքն է պատասխանել այս հարցին։ Իր տված մեծ մարգարեությունն ասելիս նա հարց տվեց. «Ուրեմն ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն ծառան, որի տէրը նորան իր ծառաների վերայ դրաւ, որ նորանց կերակուրը տայ ժամանակին»։ Հետո ավելացրեց. «Երանի այն ծառային, որ նորա տէրը, երբոր գայ, նորան այնպէս անելիս գտնէ։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նորան իր ամեն ունեցածների վերայ կ’դնէ» (Մատթէոս 24։45–47)։ Այո, լինելու էր մի ‘ծառա’, որը հանձնարարություն էր ունենալու հոգևոր սնունդ մատակարարել. ‘ծառա’, որը լինելու էր թե՛ հավատարիմ, թե՛ իմաստուն։ Այդ ծառան մե՞կ անձնավորություն էր, թե՞ իրար հաջորդող անձնավորություններ կամ մի ուրիշ բան։ Քանի որ հավատարիմ ծառան է այդքան անհրաժեշտ հոգևոր կերակուրը մեզ մատակարարում, մեզ շատ է հետաքրքրում գտնել այս հարցի պատասխանը։

Անհա՞տ, թե՞ խումբ

4. Որտեղի՞ց գիտենք, որ «հաւատարիմ եւ իմաստուն ծառան» չի կարող լինել մեկ անձնավորություն։

4 «Հաւատարիմ եւ իմաստուն ծառան» չի կարող լինել մեկ անձնավորություն։ Ինչո՞ւ։ Քանի որ ծառան սկսեց հոգևոր կերակուր մատակարարել առաջին դարում, և համաձայն Հիսուսի՝ ծառան այդ գործով էր զբաղված լինելու նաև այն ժամանակ, երբ Տերը գար, այսինքն՝ 1914 թ.–ին։ Այլ խոսքով՝ մեկ անհատի համար դա կնշանակեր մոտ 1 900 տարվա հավատարիմ ծառայություն։ Նույնիսկ Մաթուսաղա՛ն այդքան երկար չապրեց (Ծննդոց 5։27)։

5. Բացատրեք, թե ինչու «հավատարիմ և իմաստուն ծառա» արտահայտությունը չի վերաբերում յուրաքանչյուր քրիստոնյայի անհատապես։

5 Այդ դեպքում, կարո՞ղ է «հավատարիմ և իմաստուն ծառա» արտահայտությունը լայն իմաստով վերաբերել յուրաքանչյուր քրիստոնյայի։ Ճիշտ է, բոլոր քրիստոնյաները պետք է հավատարիմ և իմաստուն լինեն, սակայն հստակ է, որ Հիսուսը այլ բան նկատի ուներ, երբ խոսեց «հավատարիմ և իմաստուն ծառայի» մասին։ Որտեղի՞ց գիտենք։ Նա ասաց, որ «տէրը, երբոր գայ», ծառային «իր ամեն ունեցածների վերայ կ’դնէ»։ Ինչպե՞ս կարող է յուրաքանչյուր քրիստոնյա ‘դրվել’՝ նշանակվել Տիրոջ «ամեն ունեցածների վերայ»։ Դա անհնա՛ր է։

6. Ինչպե՞ս Իսրայել ազգը պետք է լիներ որպես Աստծո ‘ծառա’։

6 Միակ տրամաբանական եզրակացությունն այն է, որ Հիսուսը «հավատարիմ և իմաստուն ծառա» ասելով նկատի ուներ քրիստոնյաների խումբ։ Կարո՞ղ է իսկապես լինել այդպիսի ծառա խումբ։ Այո՛։ Քրիստոսից յոթ հարյուր տարի առաջ Եհովան ողջ Իսրայել ազգին անվանեց՝ «իմ վկաները» և «իմ ծառան, որին ես ընտրել եմ» (Եսայիա 43։10)։ Իսրայել ազգին պատկանող յուրաքանչյուր մարդ այս ‘ծառայի’ մաս էր կազմում՝ սկսած մ.թ.ա. 1513 թ.–ից, երբ տրվեց Մովսիսական օրենքը, մինչև մ.թ. 33–ի Պենտեկոստեն։ Իսրայելացիների մեծամասնությունը ոչ մի ուղղակի առնչություն չուներ ազգի ղեկավարման ու նրա հոգևոր ծրագրերի հետ։ Եհովան այդ ամենը իրականացնում էր թագավորների, դատավորների, մարգարեների, քահանաների ու ղևտացիների միջոցով։ Սակայն Իսրայելը՝ որպես ազգ, պետք է ներկայացներ Եհովայի գերիշխանությունը ու մյուս ազգերի մեջ պատմեր նրա փառքը։ Յուրաքանչյուր իսրայելացի պետք է Եհովայի վկա լիներ (Բ Օրինաց 26։19; Եսայիա 43։21; Մաղաքիա 2։7; Հռովմայեցիս 3։1, 2)։

«Ծառան» դուրս է արվում

7. Ինչո՞ւ հին Իսրայելը Աստծո կողմից մերժվեց որպես նրա ‘ծառա’։

7 Եթե Իսրայելը Աստծո «ծառան» էր եղել դարեր շարունակ, ապա նշանակո՞ւմ էր, որ նա հենց այն ծառան էր, որի մասին Հիսուսը խոսեց։ Ոչ՛, քանի որ հին Իսրայելը, ցավոք, այդպես էլ ո՛չ հավատարիմ, ո՛չ էլ իմաստուն գտնվեց։ Պողոսը ամփոփում է այդ իրավիճակը՝ մեջբերելով Եհովայի խոսքերը՝ ուղղված այդ ազգին. «Աստուծոյ անունը ձեր պատճառովը հայհոյվում է հեթանոսների մէջ» (Հռովմայեցիս 2։24)։ Իսկապես, Եհովայի դեմ իսրայելացիների՝ դարեր շարունակ տևած խռովությունը հասավ իր գագաթնակետին, երբ նրանք մերժեցին Հիսուսին։ Եհովան էլ իր հերթին նրանց մերժեց (Մատթէոս 21։42, 43)։

8. Ե՞րբ Իսրայելի փոխարեն այլ ‘ծառա’ նշանակվեց, և ի՞նչ հանգամանքներում։

8 ‘Ծառայի’՝ Իսրայելի անհավատարմությունը չէր նշանակում, թե հավատարիմ երկրպագուներն այլևս երբեք հոգևոր սնունդ չէին ստանալու։ Մ.թ. 33–ի Պենտեկոստեին՝ Հիսուսի հարությունից հիսուն օր անց, սուրբ ոգին թափվեց մոտ 120 աշակերտների վրա, որոնք հավաքվել էին Երուսաղեմի վերնատներից մեկում։ Այդ ժամանակ նոր ազգ ծնվեց։ Միանգամայն տեղին էր, որ նրա ծննդյան մասին իմացան Երուսաղեմի բնակիչները, երբ այդ ազգի անդամները սկսեցին համարձակորեն պատմել ‘Աստծո մեծամեծ բաների’ մասին (Գործք 2։11)։ Այսպիսով, այդ նոր՝ հոգևոր ազգը դարձավ այն «ծառան», որը հռչակելու էր Եհովայի փառքը ազգերի մեջ ու ճիշտ ժամանակին կերակուր էր մատակարարելու (Ա Պետրոս 2։9)։ Նոր ազգը համապատասխան կերպով կոչվեց ‘Աստծո Իսրայել’ (Գաղատացիս 6։16)։

9. ա) Ովքե՞ր են մտնում «հավատարիմ և իմաստուն ծառայի» կազմի մեջ։ բ) Ովքե՞ր են ‘ծառաները’։

9 ‘Աստծո Իսրայելի’ ամեն մի անդամ նվիրված, մկրտված ու սուրբ ոգով օծված քրիստոնյա է ու երկնային կյանքի հույս ունի։ Ուստի «հավատարիմ և իմաստուն ծառա» արտահայտությունը վերաբերում է այդ հոգևոր օծյալ ազգի մեջ մտնող բոլոր այն անհատներին, որոնք որպես խումբ ապրել են երկրի վրա ցանկացած ժամանակ՝ սկսած մ.թ. 33–ից մինչև մեր օրերը, ճիշտ ինչպես յուրաքանչյուր իսրայելացի, որ ապրել է մ.թ.ա. 1513 թ.–ից մինչև մ.թ. 33–ն ընկած ժամանակահատվածում, մաս էր կազմում նախաքրիստոնեական ծառա խմբին։ Իսկ ովքե՞ր են ‘ծառաները’, որոնք հոգևոր կերակուր են ստանում ծառայից։ Մ.թ. առաջին դարում յուրաքանչյուր քրիստոնյա երկնային կյանքի հույս էր փայփայում։ Հետևաբար ‘ծառաները’ նույնպես օծյալ քրիստոնյաներ էին, ընդ որում նրանք դիտվում էին ոչ թե որպես խումբ, այլ որպես առանձին անհատներ։ Բոլորը, այդ թվում նրանք, ովքեր պատասխանատու պաշտոններ էին զբաղեցնում ժողովում, ծառայի մատակարարած հոգևոր սննդի կարիքն ունեին (Ա Կորնթացիս 12։12, 19–27; Եբրայեցիս 5։11–13; Բ Պետրոս 3։15, 16)։

«Ամեն մէկին իր գործը»

10, 11. Որտեղի՞ց գիտենք, որ ոչ բոլոր օծյալներն ունեն նույն հանձնարարությունը։

10 Չնայած ‘Աստծո Իսրայելը’՝ որպես հավատարիմ և իմաստուն ծառա, որոշակի հանձնարարություն ունի կատարելու, այնուամենայնիվ նրա յուրաքանչյուր անդամ նաև իր անձնական պատասխանատվություններն ունի։ Հիսուսի խոսքերը՝ գրված Մարկոս 13։34–ում, դա են փաստում։ Նա ասաց. «Ինչպէս մի մարդ, որ հեռու աշխարհք գնալիս իր տունը թողէ, եւ իր ծառաներին իշխանութիւն տայ, եւ ամեն մէկին իր գործը, եւ դռնապանին հրաման տայ, որ արթուն կենայ»։ Ուստի ծառա դասակարգի յուրաքանչյուր անդամ հանձնարարություն է ստացել՝ ավելացնել Քրիստոսի ունեցվածքը երկրի վրա։ Նա իր պարտականությունները կատարում է իր կարողությունների ու հնարավորությունների չափով (Մատթէոս 25։14, 15)։

11 Բացի այդ, Պետրոս առաքյալը իր օրերի օծյալ քրիստոնյաներին ասաց. «Ամեն մէկդ ինչպէս որ շնորհք է ընդունել՝ այն իրար մատակարարեցէք. ինչպէս Աստուծոյ կերպ կերպ շնորհաց լաւ տնտեսներ» (Ա Պետրոս 4։10)։ Հետևաբար օծյալները պատասխանատվություն ունեն իրար մատակարարել, այսինքն՝ ծառայել՝ օգտագործելով իրենց ‘շնորհները’՝ պարգևները, որ տրվել են Աստծուց։ Նաև, Պետրոսի խոսքերից երևում է, որ բոլոր քրիստոնյաները չէ, որ կունենային նույն կարողություններն ու պատասխանատվությունները։ Սակայն ծառա դասակարգի յուրաքանչյուր անդամ կարող էր իր լուման ներդնել հոգևոր ազգի բարգավաճման մեջ։ Ինչպե՞ս։

12. Ծառա դասակարգի յուրաքանչյուր անդամ՝ տղամարդ թե կին, ինչպե՞ս էր իր լուման ներդնում հոգևոր ազգի բարգավաճման գործում։

12 Այսպես, յուրաքանչյուր օծյալից պահանջվում էր լինել Եհովայի վկա՝ քարոզելով Թագավորության բարի լուրը (Եսայիա 43։10–12; Մատթէոս 24։14)։ Երկինք համբարձվելուց անմիջապես առաջ Հիսուսը իր բոլոր հավատարիմ աշակերտներին՝ թե՛ տղամարդ և թե՛ կին, պատվիրեց ուսուցիչներ լինել։ Նա ասաց. «Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը. նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն. եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը» (Մատթէոս 28։19, 20)։

13. Ի՞նչ առանձնաշնորհում ունեին բոլոր օծյալները։

13 Նոր աշակերտներին հարկավոր էր ամենայն մանրամասնությամբ սովորեցնել, թե ինչպես պահեն այն ամենը, ինչ որ Քրիստոսը պատվիրեց իր աշակերտներին։ Ժամանակի ընթացքում ճշմարտությունն ընդունած մարդիկ, հմտանալով, ի վիճակի եղան, որ իրե՛նք սովորեցնեին ուրիշներին։ Ծառա դասակարգի ապագա անդամները, որ տարբեր ազգերից էին ծագում, ապահովվեցին սննդարար հոգևոր կերակրով։ Բոլոր օծյալ քրիստոնյաները՝ թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, բաժին ունեին աշակերտներ պատրաստելու գործում (Գործք 2։17, 18)։ Այդ գործը, որ սկսվեց այն ժամանակ, երբ ծառան սկսեց կատարել իր պարտականությունները, շարունակվելու էր մինչև իրերի այս համակարգի վախճանը։

14. Ժողովում սովորեցնելու առանձնաշնորհումը ովքե՞ր չէին կարող ունենալ, և ինչպե՞ս էին հավատարիմ օծյալ կանայք վերաբերվում դրան։

14 Նոր մկրտված օծյալները մաս կազմեցին ծառա դասակարգին, և անկախ այն բանից, թե ով էր սկզբնապես ուսուցանել իրենց, նրանք շարունակեցին կրթություն ստանալ նաև ժողովի այն անդամների կողմից, ովքեր համապատասխանում էին որպես երեց ծառայելու սուրբգրային չափանիշներին (Ա Տիմոթէոս 3։1–7; Տիտոս 1։6–9)։ Այդպիսով այդ տղամարդիկ պատիվ ունեին առանձնահատուկ ձևով բաժին ունենալ հոգևոր ազգի բարգավաճման մեջ։ Հավատարիմ օծյալ կին քրիստոնյաները չէին բողոքում, որ ուսուցողական գործը ժողովում հանձնարարված էր միայն քրիստոնյա տղամարդկանց (Ա Կորնթացիս 14։34, 35)։ Հակառակը, նրանք երջանիկ էին օգուտներ քաղել ժողովի տղամարդ անդամների ծանր աշխատանքից և երախտապարտ էին իրենց ընձեռված առանձնաշնորհումների, այդ թվում բարի լուրը ուրիշներին հասցնելու առանձնաշնորհման համար։ Այսօր եռանդուն օծյալ քույրերը նույն խոնարհությունն են դրսևորում՝ անկախ այն բանից, երեցները օծյալ են, թե՝ ոչ։

15. Առաջին դարում հոգևոր կերակրի հիմնական աղբյուրներից մեկը ո՞րն էր, և ովքեր՞ էին առաջնորդություն վերցնում այդ կերակուրը մատակարարելու մեջ։

15 Առաջին դարում հոգևոր կերակուրը հիմնականում ստացվում էր անմիջապես առաքյալների ու առաջնորդություն վերցրած մյուս աշակերտների կողմից գրված նամակների ձևով։ Այդ նամակները, հատկապես նրանք, որ ընդգրկվել են 27 ներշնչյալ գրքերում, որոնք կազմում են Քրիստոնեական Հունարեն Գրությունները, փոխանցվում էին ժողովից ժողով, և տեղի երեցները, անկասկած, դրանց հիման վրա էին սովորեցնում մարդկանց։ Այս ձևով ծառայի ներկայացուցիչները հավատարմորեն բաշխում էին հոգևորապես սննդարար կերակուրը անկեղծ քրիստոնյաներին։ Առաջին դարում ծառան հավատարիմ եղավ իր հանձնարարությունը կատարելու մեջ։

«Ծառան» 19 դար անց

16, 17. Ինչպե՞ս է ծառան ապացուցել իր հավատարմությունը իր հանձնարարությունը կատարելու մեջ ընդհուպ մինչև 1914 թվականը։

16 Իսկ այսօ՞ր։ Գտա՞վ Հիսուսը օծյալ քրիստոնյաների խումբ, որը հավատարմորեն կերակուր էր տալիս ճիշտ ժամանակին, երբ 1914 թ.–ից սկսվեց իր ներկայությունը։ Անշուշտ գտավ։ Այդ խմբին հստակորեն կարելի էր ճանաչել իր բերած գեղեցիկ պտուղներից (Մատթէոս 7։20)։ Այդ ժամանակվանից սկսած՝ պատմությունը փաստել է, որ նա իրոք գեղեցիկ պտուղներ է բերում։

17 Այն պահին, երբ Հիսուսը եկավ, մոտ 5 000 ‘ծառաներ’ էին տարածում աստվածաշնչյան ճշմարտությունը։ Մշակները քիչ էին, բայց հավատարիմ և իմաստուն ծառան մի շարք յուրօրինակ մեթոդներ կիրառեց բարի լուրը տարածելու նպատակով (Մատթէոս 9։38)։ Օրինակ՝ միջոցներ ձեռնարկվեցին՝ աստվածաշնչյան թեմաներով քարոզներ տպագրելու գրեթե 2 000 լրագրերում։ Այս ձևով Աստծո Խոսքի ճշմարտությունը միանգամից տասնյակ հազարավոր մարդկանց հասավ։ Բացի այդ, նախապատրաստվեց ութժամյա ծրագիր, որն ընդգրկում էր գունավոր սլայդների ու կինոկադրերի ցուցադրում։ Այս նորարարական մեթոդների կիրառության շնորհիվ Աստվածաշնչի պատգամը՝ սկսած արարչությունից, վերջացրած Քրիստոսի Հազարամյա Թագավորությամբ, հասավ ավելի քան ինը միլիոն մարդու երեք մայրցամաքներում։ Բարի լուրը տարածելու մեկ այլ միջոց էր տպագիր գրականությունը։ Օրինակ՝ 1914 թ.–ին «Դիտարանի» յուրաքանչյուր համար լույս էր տեսնում մոտ 50 000 տպաքանակով։

18. Ե՞րբ Հիսուսը հավատարիմ ծառային նշանակեց իր բոլոր ունեցվածքի վրա և ինչո՞ւ։

18 Այո, երբ Տերը եկավ, նա տեսավ, որ հավատարիմ ծառան բարեխղճորեն կերակրում է ‘ծառաներին’, ինչպես նաև բարի լուրը քարոզում է։ Ուստի ծառային ավելի մեծ պատասխանատվություններ էին այժմ սպասում։ Հիսուսն ասաց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նորան իր ամեն ունեցածների վերայ կ’դնէ» (Մատթէոս 24։47)։ Հիսուսը դա արեց 1919 թ.–ին այն բանից հետո, երբ ծառան անցավ փորձության միջով։ Բայց ինչո՞ւ «հավատարիմ և իմաստուն ծառան» ավելի մեծ պատասխանատվություններ ստացավ։ Որովհետև Տիրոջ ունեցվածքն ավելի էր շատացել. Հիսուսին 1914 թ.–ին թագավորական իշխանություն էր տրվել։

19. Բացատրեք, թե ‘մեծ բազմության’ հոգևոր կարիքները ինչպե՞ս են բավարարվում։

19 Ի՞նչ էր իրենից ներկայացնում այն ունեցվածքը, որի վրա նոր գահակալած Տերը նշանակեց իր հավատարիմ ծառային։ Դա երկրի վրա եղող այն բոլոր հոգևոր բաներն են, որ պատկանում են Տիրոջը։ Օրինակ՝ 1914 թ.–ից՝ Քրիստոսի գահակալությունից, երկու տասնամյակ անց ‘ուրիշ ոչխարների’ ‘մեծ բազմությունն’ ի հայտ եկավ (Յայտնութիւն 7։9, ԱԱ; Յովհաննէս 10։16)։ Նրանք ‘Աստծո Իսրայելի’ օծյալ անդամներ չէին. նրանք երկրային կյանքի հույս ունեցող անկեղծ մարդիկ էին, որոնք սիրում էին Եհովային ու ցանկանում էին ծառայել նրան այնպես, ինչպես օծյալները։ Ըստ էության, նրանք «հավատարիմ և իմաստուն ծառային» ասացին. «Գնանք ձեզ հետ, որովհետեւ լսել ենք որ Աստուած ձեզ հետ է» (Զաքարիա 8։23)։ Այս նոր մկրտված քրիստոնյաները սնվեցին նույն հոգևոր սննդարար կերակրով, ինչպես որ օծյալ ծառաները, և մինչև օրս այս երկու խմբերը նույն հոգևոր սեղանից են օգտվում։ Ինչպիսի՜ օրհնություն ‘մեծ բազմության’ անդամների համար։

20. Ի՞նչ դեր է խաղացել ‘մեծ բազմությունը’ Տիրոջ ունեցվածքը բազմապատկելու գործում։

20 ‘Մեծ բազմության’ անդամները ուրախությամբ սկսեցին համագործակցել օծյալ ծառա դասակարգի հետ՝ որպես բարի լուրի քարոզիչներ։ Քարոզելով՝ նրանք բազմապատկեցին Տիրոջ ունեցվածքը, ինչը իր հերթին ավելացրեց «հավատարիմ և իմաստուն ծառայի» պարտականությունները։ Ճշմարտությունը փնտրող անհատների թիվը գնալով մեծացավ, հետևաբար աստվածաշնչային գրականության պահանջը բավարարելու համար տպագրական ավելի մեծ հնարավորություններ էին անհրաժեշտ։ Աշխարհի ամենատարբեր երկրներում Եհովայի վկաների մասնաճյուղեր հիմնվեցին։ Միսիոներներ ուղարկվեցին «մինչեւ երկրի ծայրերը» (Գործք 1։8)։ Աստծուն փառաբանողների թիվը, որ 1914 թ.–ին կազմում էր մոտ հինգ հազար օծյալ, ներկայումս հասել է ավելի քան վեց միլիոնի, ընդ որում մեծամասնությունը կազմում են ‘մեծ բազմության’ անդամները։ Այո՛, 1914 թ.–ից սկսած, երբ Թագավորը գահ բարձրացավ, նրա ունեցվածքը բազմապատիկ ավելացել է։

21. Ո՞ր առակները կքննարկենք հաջորդ հոդվածում։

21 Այս բոլորը վկայում է, որ ծառան եղել է և՛ «հաւատարիմ», և՛ «իմաստուն»։ Հիսուսը «հավատարիմ և իմաստուն ծառայի» մասին խոսելուց անմիջապես հետո պատմեց երկու առակ, որոնք ընդգծում էին այդ հատկությունները. նա պատմեց իմաստուն և հիմար կույսերի առակը և քանքարների առակը (Մատթէոս 25։1–30)։ Շա՜տ հետաքրքրիր է։ Ի՞նչ նշանակություն ունեն այդ առակները մեզ համար այսօր։ Այս հարցը կքննարկենք հաջորդ հոդվածում։

Ի՞նչ եք կարծում

• Ովքե՞ր են մտնում «հավատարիմ և իմաստուն ծառայի» կազմի մեջ։

• Ովքեր են ‘ծառաները’։

• Ե՞րբ հավատարիմ ծառան նշանակվեց Տիրոջ ամբողջ ունեցվածքի վրա և ինչո՞ւ հենց այդ ժամանակ։

• Վերջին տասնամյակներում ովքե՞ր են իրենց ներդրումն ունենում Տիրոջ ունեցվածքն ավելացնելու գործում և ինչպե՞ս։

[նկարներ 10–րդ էջի վրա]

Առաջին դարի ծառա դասակարգը հավատարմորեն կատարեց իր հանձնարարությունը

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը