-
Տասը կույսերի առակըՀիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
-
-
Հիսուսը շարունակում է խոսել իր ներկայության և վերջին օրերի հետ կապված նշանի մասին։ Այժմ նա առաքյալներին հորդոր է տալիս մի առակի միջոցով։ Այս առակի կատարումը կտեսնեն նրանք, ովքեր կապրեն նրա ներկայության ժամանակ։
Հիսուսն ասում է. «Երկնքի թագավորությունը նման է տասը կույսերի, որոնք վերցրին իրենց ճրագները և դուրս եկան փեսային դիմավորելու։ Նրանցից հինգը հիմար էին, իսկ հինգը՝ խոհեմ» (Մատթեոս 25։1, 2)։
Հիսուսը նկատի չունի, որ առաքյալների մի մասը, ովքեր ժառանգելու են երկնքի Թագավորությունը, լինելու է հիմար, իսկ մյուս մասը՝ խոհեմ։ Նա ուզում է ասել, որ աշակերտներից յուրաքանչյուրը անձամբ է որոշում պահե՞լ զգոնությունը, թե՞ թուլացնել։ Հիսուսը վստահ է, որ իր յուրաքանչյուր ծառան կարող է հավատարիմ լինել և ստանալ իր Հոր տված օրհնությունները։
Առակում բոլոր տասը կույսերը դուրս են գալիս դիմավորելու փեսային և միանալու հարսանքավորներին։ Երբ փեսան գա՝ հարսին բերելով այն տունը, որը պատրաստված է նրա համար, նրանք իրենց ճրագներով պետք է լուսավորեն ճանապարհը և այդպիսով պատիվ տան փեսային։
-
-
Տասը կույսերի առակըՀիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
-
-
Առաքյալները հասկանում են, որ փեսան հենց ինքը՝ Հիսուսն է։ Ավելի վաղ նա իրեն նմանեցրել էր փեսայի (Ղուկաս 5։34, 35)։ Իսկ ովքե՞ր են խոհեմ կույսերը։ Երբ Հիսուսը խոսել էր «փոքր հոտի» մասին, որոնց տրվելու է Թագավորությունը, նա այսպիսի խոսքեր էր ասել. «Թող ձեր մեջքերը գոտևորված լինեն, և ձեր ճրագները՝ վառված» (Ղուկաս 12։32, 35)։ Ուստի կույսերի մասին այս առակից առաքյալները հասկանում են, որ Հիսուսը նկատի ունի իր հավատարիմ աշակերտներին։ Իսկ ի՞նչ է ուզում Հիսուսը սովորեցնել այս առակի միջոցով։
-