Եղեք զգոն և ջանասեր
«Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք ո՛չ օրը եւ ո՛չ էլ ժամը» (Մատթէոս 25։13)։
1. Ի՞նչ ակնկալիքներ ուներ ապագայից Հովհաննես առաքյալը։
ՀԻՍՈՒՍԻ և Հովհաննեսի միջև տեղի ունեցած վերջին երկխոսության ժամանակ, ինչպես տեղեկացնում է մեզ Աստվածաշունչը, Հիսուսը խոստացավ. «Գալիս եմ շուտով»։ Այս խոսքերին առաքյալը պատասխանեց. «Ամէն։ Ե՛կ, Տէ՛ր Յիսուս Քրիստոս»։ Նա ոչ մի կասկած չուներ, որ Հիսուսը կգա։ Հովհաննեսը մեկն էր այն առաքյալներից, որոնք հարցրել էին Հիսուսին. «Այդ ե՞րբ կը լինի, եւ կամ քո գալստեան [հունարեն՝ պարուսի՛ա, «ներկայություն», ՆԱ] ու այս աշխարհի վախճանի նշանն ի՞նչ կը լինի»։ Այո՛, Հովհաննեսը վստահությամբ սպասում էր Հիսուսի ապագա ներկայությանը (Յայտնութիւն 22։20; Մատթէոս 24։3)։
2. Հիսուսի ներկայության առումով ի՞նչ իրավիճակ է տիրում եկեղեցիներում։
2 Նման վստահությունը շատ հազվագյուտ է հանդիպում մեր օրերում։ Շատ եկեղեցիներ պաշտոնական վարդապետություն ունեն Հիսուսի «գալստեան» մասին, սակայն, իրականում, նրանց անդամներից քչերն են սպասում Տիրոջ վերադարձին և դրա համաձայն էլ ապրում են։ «Պարուսիան Նոր Կտակարանում» գրքում նշվում է. «Եկեղեցու կյանքում, մտածելակերպում և գործերում «պարուսիայի» հույսի դրական ներգործության միայն չնչին մասնիկն է զգացվում.... Այն եռանդուն հրատապությունը, որով եկեղեցին իր ձեռքը պետք է վերցներ ապաշխարության և ավետարանի քարոզչության գործը, բոլորովին թուլացել է, եթե ոչ՝ ընդհանրապես կորել» («The Parousia in the New Testament»)։ Բայց ոչ բոլորի համար։
3. ա) Ի՞նչ տեսակետ ունեն ճշմարիտ քրիստոնյաները «պարուսի՛այի» նկատմամբ։ բ) Ո՞ր թեմայի շուրջն ենք այժմ հանգամանորեն խոսելու։
3 Հիսուսի ճշմարիտ աշակերտներն անհամբեր սպասում են իրերի ներկա չար համակարգի վախճանին։ Իսկ մինչ վախճանի գալը, հարկավոր է ճիշտ տեսակետ ունենալ այն ամենի հանդեպ, ինչը իր հետ բերում է Հիսուսի ներկայությունը, և դրանց համապատասխան գործել։ Դա մեզ հնարավորություն կտա ‘մինչև վերջ համբերելու և փրկվելու’ (Մատթէոս 24։13)։ Մատթէոսի 24 և 25–րդ գլուխներում արձանագրված մարգարության մեջ Հիսուսը մի իմաստուն խորհուրդ տվեց, որը կարող ենք կիրառել կյանքում և հարատև օգուտներ ստանալ։ 25–րդ գլխի առակները հավանաբար ձեզ քաջածանոթ են, որոնցից են տասը կույսերի (իմաստուն և անխելք) և քանքարների մասին առակները (Մատթէոս 25։1—30)։ Ի՞նչ օգուտ կարելի է քաղել այս երկու օրինակներից։
Զգոն եղեք այն հինգ կույսերի պես
4. Ինչու՞մն է կայանում կույսերի առակի բուն իմաստը։
4 Ցանկալի է մեկ անգամ ևս ընթերցել Մատթէոս 25։1—13 համարներում արձանագրված առակը։ Առակի թեմայի համար հիմք է ծառայում հրեական հարսանիքի մի նկարագրություն, որի ժամանակ սովորաբար փեսացուն գնում է հարսնացուի հոր տուն՝ նրան իր տուն (կամ իր հոր տուն) բերելու։ Այս արարողությանը կարող են երաժիշտներ ու երգիչներ էլ մասնակցել, իսկ փեսացուի ժամանման պահը թերևս ոչ ոք ստույգ չիմանա։ Առակի տասը կույսերը մինչև կեսգիշեր սպասում են փեսայի գալուն։ Կույսերից հինգը՝ «յիմարները», լապտերների համար բավականաչափ ձեթ չէին վերցրել և ստիպված էին գնալ ու նորը գնել։ Մյուս հինգը՝ «իմաստունները», լրացուցիչ ձեթ էին վերցրել, որպեսզի անհրաժեշտության դեպքում լցնեին իրենց լապտերները։ Երբ փեսան ժամանում է, միայն այս հինգն էին պատրաստ՝ դիմավորելու նրան։ Ուստի և, միայն նրանց է թույլ տրվում հարսանեկան խնջույքին մասնակցել։ Իսկ մինչև վերադառնում են այն հինգ «յիմար» կույսերը, ներս մտնելու համար արդեն ուշ է լինում։
5. Գրությունների ո՞ր համարներն են լուսաբանում կույսերի առակի այլաբանական նշանակությունը։
5 Այս առակը շատ երեսակներ ունի, որոնք կարելի է այլաբանորեն հասկանալ։ Օրինակ՝ Գրությունները Հիսուսին կոչում են փեսա (Յովհաննէս 3։28—30)։ Հիսուսն իրեն համեմատում է թագավորի որդու հետ, որի համար հարսանեկան խնջույք էր պատրաստվել (Մատթէոս 22։1—14)։ Աստվածաշունչը Հիսուսին նաև համեմատում է ամուսնու հետ (Եփեսացիս 5։23)։ Հետաքրքրական է, որ, չնայած օծյալ քրիստոնյաները Գրությունների շատ այլ տեղերում նկարագրված են որպես Քրիստոսի «հարս», այս առակում հարսը չի հիշատակվում (Յովհաննէս 3։29; Յայտնութիւն 19։7; 21։2, 9)։ Սակայն առակը խոսում է տասը կույսերի մասին, իսկ օծյալներն Աստվածաշնչի այլ համարներում նմանեցվել են Քրիստոսին կնության խոստացված կույսի (Բ Կորնթացիս 11։2)։a
6. Ինչի՞ հորդորեց Հիսուսը կույսերի մասին առակն ավարտելուց հետո։
6 Նման մանրամասնություններից և մարգարեական նշանակություններից բացի՝ առակը հիանալի սկզբունքներ է մեզ համար պարունակում։ Օրինակ՝ նկատեցեք, թե ինչպես է Հիսուսն ավարտում իր խոսքը. «Արթո՛ւն կացէք,— ասում է նա,— որովհետեւ չգիտէք ո՛չ օրը եւ ո՛չ էլ ժամը»։ Այսպիսով՝ առակը մեզ ցույց է տալիս իրերի ներկա չար համակարգի մոտեցող վախճանի հանդեպ զգոն, արթուն մնալու անհրաժեշտությունը։ Այդ վախճանը անշո՛ւշտ մոտենում է, չնայած այն բանին, որ մենք ինքներս ի վիճակի չենք այդ ժամանակը կանխորոշելու։ Այդ առումով, եկեք քննարկենք, թե ի՞նչ վերաբերմունք ցուցաբերեց կույսերի այս երկու խմբերից յուրաքանչյուրը։
7. Ինչո՞ւ են առակի հինգ կույսերը կոչվել «յիմար»։
7 Հիսուսն ասաց. «Նրանցից հինգը յիմար էին»։ Արդյո՞ք «յիմար» էին այն պատճառով, որ չէին հավատում, թե փեսան գալու էր։ Կամ գուցե նրա համար, որ գնացել էին հաճույքների հետևի՞ց։ Թե՞ նրանց խաբել էին։ Ո՛չ, սրանցից ոչ մեկը պատճառ չէր հանդիսանում։ Հիսուսն ասաց, որ հինգն էլ ‘փեսային դիմավորելու ելան’. նրանք գիտեին, որ փեսան գալիս է, և ցանկանում էին իրենք էլ մասնակցել «հարսանիքին»։ Բայց արդյո՞ք բավարար չափով էին նախապատրաստված։ Նրանք սպասեցին մի որոշ ժամանակ՝ մինչև «կեսգիշեր», սակայն իրականում պատրաստ չէին փեսային դիմավորելու, երբ էլ որ նա գար՝ իրենց սպասած ժամանակից շուտ կամ ուշ։
8. Մնացած հինգ կույսերն ինչպե՞ս ապացուցեցին իրենց «իմաստուն» լինելը։
8 Մյուս հինգը, որոնց Հիսուսը «իմաստուն» անվանեց, նույնպես դուրս էին եկել վառած լապտերներով՝ փեսային դիմավորելու։ Նրանք ևս պետք է սպասեին, սակայն նրանք «իմաստուն» էին։ «Իմաստուն» թարգմանված հունարեն բառը կարող է նաև ունենալ «շրջահայաց, գիտակցող, գործնականում իմաստություն դրսևորող» նշանակությունները։ Այս հինգը իմաստություն դրսևորեցին այն հարցում, որ անոթների մեջ լրացուցիչ յուղ վերցրին իրենց հետ անհրաժեշտության դեպքում լապտերները լցնելու համար։ Բացի այդ, նրանք այն աստիճանի վճռականություն ցուցաբերեցին փեսային սպասելիս, որ նույնիսկ իրենց ունեցած յուղը չցանկացան կիսել մյուսների հետ։ Այսպիսի զգոնությունն իզուր չէր, քանի որ փեսայի ժամանման պահին ներկա էին և լիովին պատրաստ։ Նրանք, «ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակուեց»։
9, 10. Ինչո՞ւմն է կայանում կույսերի առակի բուն իմաստը, և ի՞նչ հարցեր պետք է ուղղենք ինքներս մեզ։
9 Հիսուսի խորհուրդը հարսանեկան խնջույքի ժամանակ ճիշտ պահելակերպի, ուրիշների հետ ունեցածը կիսելու կամ չկիսելու մասին չէր։ Նրա խորհրդի բուն իմաստը հետևյալն էր. «Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք ո՛չ օրը եւ ո՛չ էլ ժամը»։ Ինքներդ ձեզ հարցրեք. «Իսկապե՞ս զգոնություն եմ ցուցաբերում Հիսուսի ներկայության հանդեպ»։ Մենք հավատում ենք, որ Հիսուսն այժմ իշխում է երկնքում, սակայն որքանո՞վ է մեր ուշադրությունը կենտրոնացված այն իրողության վրա, որ ‘մարդու Որդին պիտի գա երկնքի ամպերի վրայով՝ զորությամբ և բազում փառքով’ (Մատթէոս 24։30)։ «Կեսգիշերին» փեսայի գալուստն ավելի մոտ էր, քան այն ժամանակ, երբ կույսերը դեռ նոր էին դուրս եկել նրան դիմավորելու։ Նմանապես այսօր, իրերի ներկա չար համակարգը կործանելու նպատակով մարդու Որդու գալուստն ավելի մոտ է, քան երբ մենք նոր էինք սկսել սպասել նրա գալուստին (Հռովմայեցիս 13։11—14)։ Արդյո՞ք պահպանել ենք մեր զգոնությունը, առավել զգոն լինելով այն ժամանակ, երբ օրը մոտենում է։
10 «Արթո՛ւն կացէք» հրահանգին հնազանդ լինելու համար մնայուն զգոնություն է պահանջվում։ Կույսերից հինգը վատնեցին իրենց ունեցած վառելիքը և գնացին նորը գնելու։ Այսօր էլ քրիստոնյաներից ոմանք կարող են այնքան շեղվել կողմնակի գործերով, որ պատրաստ չեն լինի Հիսուսի մոտալուտ գալստյանը։ Այդպես պատահեց առաջին դարի քրիստոնյաներից ոմանց հետ, նույնը կարող է և այսօր պատահել։ Ուստի, լավ կլինի ինքներս մեզ հարցնենք. «Նույնը չի՞ կատարվում արդյոք ինձ հետ» (Ա Թեսաղոնիկեցիս 5։6—8; Եբրայեցիս 2։1; 3։12; 12։3; Յայտնութիւն 16։15)։
Ջանասեր եղեք, մինչ վերջը մոտենում է
11. Ո՞րն է Հիսուսի պատմած հաջորդ առակը, և ինչի՞ մասին է այն մեզ հիշեցնում։
11 Իր հաջորդ առակում Հիսուսը, զգոն լինելուց բացի, իր հետևորդներին ավելին անելու հորդորեց։ «Իմաստուն» և «յիմար» կույսերի առակից հետո նա պատմեց քանքարների առակը (կարդացեք Մատթէոս 25։14—30)։ Այս առակը շատ բաներում նման է ավելի վաղ իր ներկայացրած մնասների առակին, որը նա պատմեց, քանի որ շատերը «կարծում էին, թէ Աստծու արքայութիւնը շուտով յայտնուելու է» (Ղուկաս 19։11—27)։
12. Ո՞րն է քանքարների առակի բուն իմաստը։
12 Քանքարների առակում Հիսուսը պատմեց մի մարդու մասին, որը նախքան ճանապարհորդության մեկնելը, կանչում է իր երեք ծառաներին. նրանցից մեկին հինգ քանքար է տալիս, մյուսին՝ երկու, իսկ երրորդին՝ միայն մեկ քանքար՝ «իւրաքանչիւրին ըստ իր կարողութեան»։ Քանքարը, հավանաբար, արծաթե դրամ էր՝ աշխատավորի տասնչորս տարվա վաստակի ընդունված չափը, ուստի, կարելի է ասել, որ նրանց վստահվածը բավականին մեծ գումար էր կազմում։ Վերադառնալով՝ նա իր ծառաներից հաշիվ է պահանջում, թե ինչով են զբաղվել իր բացակայության «շատ ժամանակվա» ընթացքում։ Առաջին երկու ծառաները կրկնապատկել էին իրենց ստացած գումարը։ Նա գովում է նրանց, ասելով՝ ապրե՛ք, և ավելի մեծ պատասխանատվություն է խոստանում նրանց՝ այսպես ավարտելով իր խոսքը. ‘Մտեք ձեր տիրոջ ուրախության մեջ’։ Իսկ վերջին՝ մեկ քանքար ունեցող ծառան, խոստովանելով, որ իր տերը խիստ պահանջկոտ մարդ է, դրամը ոչ մի շահավետ շրջանառության մեջ, նույնիսկ լումայափոխների մոտ չէր դրել։ Նա պահել էր քանքարը։ Տերը կոչեց նրան «չա՛ր եւ ծո՛յլ», որովհետև վերջինս իր տիրոջ շահերին հակառակ էր գործել։ Արդյունքում՝ քանքարը ետ վերցրին նրանից, իսկ նրան դուրս հանեցին այնտեղ, ուր «կը լինի լաց եւ ատամների կրճտում»։
13. Ինչպե՞ս է Հիսուսը համեմատվում առակում ներկայացված տիրոջ հետ։
13 Կրկին, այստեղ մանրամասնությունները պետք է հասկանալ փոխաբերական իմաստով։ Օրինակ՝ Հիսուսը, որը համեմատվում էր հեռու երկիր ճանապարհորդության մեկնող մարդու հետ, պետք է թողներ իր աշակերտներին և գնար երկինք, իսկ այնտեղ սպասեր այնքան ժամանակ, մինչև կստանար թագավորական իշխանությունըb(Սաղմոս 110։1—4; Գործք 2։34—36; Հռովմայեցիս 8։34; Եբրայեցիս 10։12, 13)։ Նորից մենք կարող ենք ավելի իմաստալից դաս քաղել առակից և ծանոթանալ այն սկզբունքների հետ, որոնք բոլորս էլ ի վիճակի ենք կիրառելու կյանքում։ Իսկ ի՞նչ սկզբունքներ են դրանք։
14. Կենսական կարևորություն ունեցող ո՞ր հատկությունն է շեշտում քանքարների առակը։
14 Անկախ այն բանից՝ երկնային անմահ կյանքի հույսն ենք տածում, թե՝ երկրային դրախտում հավիտյան ապրելու, Հիսուսի առակից մեզ համար մի բան է պարզվում՝ պետք է մեր ողջ ուժերը գործադրենք քրիստոնեական գործունեության համար։ Իսկ այս առակում շարադրվածը կարելի է ամփոփել միայն մեկ բառով՝ ջանասիրություն։ Առաքյալները ջանասիրության օրինակ թողեցին մ.թ. 33–ի Պենտեկոստեից ի վեր։ «Պետրոսը ուրիշ շատ խօսքերով վկայութիւն էր բերում, մխիթարում նրանց ու ասում. «Ազատեցէ՛ք ձեր անձերը այս խոտորեալ սերնդից»»,— կարդում ենք Գործք 2։40—42–ում։ Եվ ի՜նչ մեծ վարձատրություն բերեցին նրա գործադրած ջանքերը։ Ուրիշներն էլ, քրիստոնեական քարոզչական գործունեության մեջ առաքյալներին միանալով, նույնպես ջանասիրություն դրսևորեցին՝ բարի լուրը ‘աճեցնելով և պտղաբերելով ամբողջ աշխարհում’ (Կողոսացիս 1։3—6, 23; Ա Կորնթացիս 3։5—9)։
15. Ինչպե՞ս կարելի է հատուկ կերպով կիրառել քանքարների առակի բուն իմաստը։
15 Այժմ հիշենք այս առակի համատեքստը՝ Հիսուսի ներկայության վերաբերյալ մարգարեությունը։ Մենք բավականաչափ ապացույցներ ունենք այն մասին, որ Հիսուսի «պարուսի՛ան» ընթացքի մեջ է և շուտով հասնելու է իր գագաթնակետին։ Հիշենք «վախճանի» և քրիստոնյաների կատարելիք գործի միջև Հիսուսի ցույց տված կապը. «Արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գայ վախճանը» (Մատթէոս 24։14)։ Մեր մտքում պահելով այս խոսքերը՝ ծառաներից ո՞ր մեկին ենք մեզ նմանեցնում։ Խորհեցեք. «Որևէ պատճառ կա՞ եզրակացնելու, որ ես նման եմ այն ծառային, որը թաքցրել էր իրեն վստահվածը, թերևս, անձնական շարժառիթներով, թե՞ միանգամայն պարզ է, որ նման եմ այն մյուս՝ բարի և հավատարիմ ծառաներին։ Արդյո՞ք վճռական դիրքում եմ, որպեսզի ցանկացած առիթի դեպքում Տիրոջ շահերին ծառայեմ»։
Զգոն և ջանասեր նրա ներկայության ժամանակ
16. Ի՞նչ լուր է մեզ հաղորդում Հիսուսը իր երկու առակների միջոցով։
16 Այո՛, փոխաբերական և մարգարեական իմաստներ կրելուց բացի, այս երկու առակները մեզ համար իսկական քաջալերանքի աղբյուր են, որը ստանում ենք հենց Հիսուսի շուրթերից։ Նրա հաղորդած լուրը կայանում է հետևյալում. եղեք զգո՛ն և ջանասե՛ր, հատկապես, երբ տեսանելի է Քրիստոսի «պարուսի՛այի» նշանը։ Այժմ իրոք այն տեսանելի է։ Իսկ մենք արդյո՞ք զգոն ենք ու ջանասեր։
17, 18. Ի՞նչ խորհուրդ տվեց Հակոբոսը Հիսուսի ներկայության վերաբերյալ։
17 Հիսուսի եղբայր Հակոբոսը Ձիթենյաց լեռան վրա չէր, և, բնականաբար, չէր լսել Հիսուսի մարգարեությունը, սակայն հետագայում տեղեկացել էր և, անշուշտ, ըմբռնել այդ մարգարեության նշանակությունը։ Նա գրում է. «Եղբայրնե՛ր իմ, համբերո՛ղ եղէք մինչեւ Տիրոջ գալուստը։ Մշակն ահա համբերութեամբ սպասում է երկրի պատուական պտղին, մինչեւ որ ստանայ առաջին եւ վերջին անձրեւը։ Համբերեցէ՛ք եւ դուք, ամրացրէ՛ք ձեր սրտերը, քանի որ Տիրոջ գալուստը մօտեցել է» (Յակոբոս 5։7, 8)։
18 Վստահ լինելով, որ Աստված դատելու է իրենց կարողությունները սխալ գործածողներին՝ Հակոբոսը հորդորեց քրիստոնյաներին, որ, Եհովայի ձեռնարկած քայլերին սպասելիս, անհամբերություն չդրսևորեն։ Անհամբեր քրիստոնյան կարող է բծախնդիր դառնալ, կարծես ինքն է պատասխանատու նման անհատների արած սխալներն ուղղելու հարցում։ Սակայն նման բան չպետք է պատահի, քանի որ դատաստանի օրը անկասկած գալու է։ Ինչպես դա ցույց տվեց Հակոբոսը, այդ մասին է խոսում մշակի օրինակը։
19. Ինչպիսի՞ համբերություն էր պետք հրեա գյուղացուն։
19 Հրեա գյուղացին սերմը ցանելիս նախ պետք է սպասեր, որ այն ծիլ տար, հետո՝ հասունանար, ապա պետք է սպասեր հունձին (Ղուկաս 8։5—8; Յովհաննէս 4։35)։ Այդ բոլոր ամիսների ընթացքում նա թերևս անհանգստանալու պատճառներ ուներ. ժամանակից շուտ կամ ուշ կարող էին հորդառատ անձրևներ տեղալ։ Միջատներն ու փոթորիկը կարող էին վնասել բույսերին (համեմատեք Յովէլ 1։4; 2։23—25)։ Այնուամենայնիվ, գյուղացին վստահություն ուներ դեպի Եհովան և հույս էր դնում նրա սահմանած բնական ցիկլերի վրա (Բ Օրինաց 11։14; Երեմիա 5։24)։ Նրա համբերությունը համազոր էր վստահ սպասումներին։ Նա ոչ մի տարակուսանք չուներ, որ իր ակնկալածը անպայման կգա։ Եվ այդպես էլ լինում էր։
20. Հակոբոսի տված խորհրդի համաձայն ինչպե՞ս կարող ենք համբերություն դրսևորել։
20 Մինչ գյուղացին որոշ տեղեկություններ ուներ հնձի ժամանակի մասին, առաջին դարի քրիստոնյաները Հիսուսի ներկայության ժամանակի վերաբերյալ չէին կարող հաշվարկներ անել։ Սակայն, միևնույն է, այն գալու էր։ Հակոբոսը գրեց. «Տիրոջ գալուստը [հունարեն՝ պարուսի՛ա] մօտեցել է»։ Այն ժամանակ, երբ Հակոբոսը գրի առավ այս խոսքերը, Քրիստոսի ներկայության լայնածավալ, համաշխարհային մասշտաբներ զբաղեցնող նշանը դեռ տեսանելի չէր։ Սակայն այսօր այլ է։ Ի՞նչ վերաբերմունք պետք է ունենանք։ Նշանն ակներև է... Մենք այն տեսնում ենք և կարող ենք վստահությամբ ասել. «Ես տեսնում եմ կատարվող նշանը»։ Ուրեմն վստահությամբ կարող ենք ասել. «Տիրոջ ներկայությունը վրա է հասած, և նրա ավարտը մոտ է»։
21. Ի՞նչ քայլերի ենք վճռականորեն տրամադրված։
21 Քանի որ Տերն այժմ ներկա է, մենք առավել լուրջ պատճառներ ունենք սրտանց ընդունելու և կյանքում կիրառելու Հիսուսի պատմած երկու առակներից մեր քաղած դասերը։ «Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք ո՛չ օրը եւ ո՛չ էլ ժամը»,— զգուշացրեց Հիսուսը (Մատթէոս 25։13)։ Անվիճելի է, որ հիմա է քրիստոնեական ծառայության մեջ ժրաջան լինելու ժամանակը։ Եկեք մեր առօրյա կյանքում ցույց տանք, որ հասկանում ենք Հիսուսի խոսքերը։ Եկեք զգո՛ն լինեք։ Եկեք լինենք ջանասե՛ր։
[ծանոթագրություններ]
a Առակի այլաբանական մանրամասնություններին ծանոթանալու համար տեսեք «Աստծո Հազարամյա թագավորությունը մոտեցել է» գրքի 169—211 էջերը (անգլ.)։ Հրատարակությունը՝ «Դիտարան» ընկերության։
b Տեսեք «Աստծո Հազարամյա թագավորությունը մոտեցել է» գրքի 212—256 էջերը (անգլ.)։
Հիշո՞ւմ եք
◻ Ի՞նչ կարևոր դաս եք քաղել «իմաստուն» և «յիմար» կույսերի առակից։
◻ Ի՞նչ սկզբունքային խորհուրդ է տալիս Հիսուսը քանքարների առակով։
◻ Հրեա գյուղացու համբերության հետ համեմատվող ձեր համբերությունը ի՞նչ իմաստով է կապված «պարուսի՛այի» հետ։
◻ Ինչո՞ւ են մեր ապրած ժամանակները հատկապես հետաքրքրաշարժ և զգոնություն պահանջող։
[նկարներ 31–րդ էջի վրա]
Ի՞նչ դաս եք քաղել կույսերի և քանքարների առակներից։